ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
30 հոկտեմբերի 2000 թ. |
N 61 |
«ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Արտոնագրերի մասին» ՀՀ նոր օրենքը ուժի մեջ մտնելու կապակցությամբ հաստատել
«Գյուտի արտոնագիր ստանալու հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները»:
2. Ուժը կորցրած ճանաչել 1992թ. դեկտեմբերի 22-ի Հայարտոնագրի պետի կողմից հաստատված «Գյուտի արտոնագիր ստանալու հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները»:
3. Գյուտերի և օգտակար մոդելների փորձաքննության բաժնին` առանձնացնել և մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը հաստատման նախապատրաստել «Օգտակար մոդելի արտոնագիր ստանալու համար հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները»:
Վարչության պետ |
Ս. Ղանթարջյան |
Հաստատված է |
ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Սույն Կանոնները սահմանված են ՀՀ օրենքի 19 հոդվածի 4-րդ, 23 հոդվածի 1-ին, 25 հոդվածի 3-րդ և 31 հոդվածի 2-րդ կետերի, ինչպես նաև ՀՀ վարչապետի 1998թ. մարտի 12-ի N 148 որոշմամբ հաստատված Հայարտոնագրի կանոնադրության 3-րդ կետի համաձայն` գյուտի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:
Սույն Կանոններում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները.
ՀՀ - Հայաստանի Հանրապետություն
Օրենք - «Արտոնագրերի մասին» ՀՀ Օրենք, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1999 թ. հոկտեմբերի 26-ին և ուժի մեջ մտել 1999թ. դեկտեմբերի 16-ից
Հայարտոնագիր - ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն
Հայտ - գյուտի արտոնագիր ստանալու հայտ
Կոնվենցիայով հայտ - հայտ, որը ներկայացված է արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի համաձայն
Միջազգային հայտ - հայտ, որը ներկայացված է Արտոնագրային համագործակցության մասին (PCT) պայմանագրի համաձայն
ՄՍՀԿ - Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն
ՄԱԴ - Միջազգային արտոնագրային դասակարգում
Հայտատու - այն անձը, ում անունով խնդրարկվում է արտոնագիրը
Թվական - օր, ամիս, տարի
Բ ո վ ա ն դ ա կ ու թ յ ու ն
Մ Ա Ս 1
Հայտի ձԵՎակերպումը ԵՎ ներկայացումը
I. Հայտի ներկայացումը
Հայտ ներկայացնելու իրավունք ունեցող անձինք
Հայտ ներկայացնելու ընթացակարգը
Հայտը արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացնելը
II. Հայտը
Գյուտի արտոնագրաունակության պայմանները
Գյուտի առարկան
Սարքը որպես գյուտի առարկա
Եղանակը որպես գյուտի առարկա
Նյութը որպես գյուտի առարկա
Մանրէի և բույսերի ու կենդանիների բջիջների կուլտուրայի շտամը որպես գյուտի առարկա
Հայտնի սարքի, եղանակի, նյութի, շտամի նոր նշանակությամբ կիրառումը որպես գյուտի առարկա
Առաջարկություններ, որոնք չեն ճանաչվում արտոնագրաունակ գյուտ
Գյուտի միասնության պահանջը
Հայտի կազմը
Հայտին կցվող փաստաթղթերը
Հայտի լեզուն
Օրինակների քանակը
III. Հայտի փաստաթղթերի բովանդակությունը
Դիմում արտոնագիր ստանալու մասին
IV. Գյուտի նկարագրությունը
Նկարագրության նշանակությունը
Նկարագրության կառուցվածքը
Գյուտի անվանումը
Նկարագրության բաժինների բովանդակությունը
Տեխնիկայի մակարդակը
Գյուտի էությունը
Սարքը բնութագրող հատկանիշները
Եղանակը բնութագրող հատկանիշները
Անհատական միացությունը բնութագրող հատկանիշները
Բաղադրանյութը բնութագրող հատկանիշները
Միջուկային կերպափոխությամբ ստացված նյութը բնութագրող հատկանիշները
Մանրէների, բույսերի ու կենդանիների բջիջների կուլտուրաների անհատական շտամները բնութագրող հատկանիշները
Հայտնի սարքի, եղանակի, նյութի, շտամի նոր նշանակությամբ կիրառումը որպես գյուտի առարկա բնութագրող հատկանիշները
Գծագրեր և այլ նյութեր
Գյուտի իրագործելիությունը հաստատող տեղեկություններ
Սարքին վերաբերող գյուտի իրագործելիությունը հաստատող տեղեկություններ
Եղանակին վերաբերող գյուտի իրագործելիությունը ապահովող տեղեկություններ
Նյութերին վերաբերող գյուտի իրագործելիությունը ապահովող տեղեկություններ
Մանրէների, բույսերի և կենդանիների բջիջների կուլտուրայի շտամին վերաբերող գյուտի իրագործելիությունը հաստատող տեղեկություններ
Նոր նշանակմամբ կիրառմանը վերաբերող գյուտի իրագործելիությունը հաստատող տեղեկություններ
V. Գյուտի հավակնության սահմանումը
Հավակնության սահմանման նշանակությունը և դրան ներկայացվող պահանջները
Հավակնության սահմանման կառուցվածքը
Միօղակ հավակնության սահմանումը
Բազմօղակ հավակնության սահմանումը
Հավակնության սահմանման կետը
Հավակնության սահմանման անկախ կետը
Հավակնության սահմանման կախյալ կետը
Սարքին վերաբերող հավակնության սահմանման առանձնահատկությունները
Եղանակին վերաբերող հավակնության սահմանման առանձնահատկությունները
Նյութին վերաբերող հավակնության սահմանման առանձնահատկությունները
Մանրէների, բույսերի և կենդանիների բջիջների կուլտուրայի շտամին վերաբերող հավակնության սահմանումը
Հայտնի սարքի, եղանակի, նյութի, շտամի նոր նշանակությամբ կիրառմանը վերաբերող հավակնության սահմանման առանձնահատկությունները
VI. Գյուտի էությունը պարզաբանող նյութեր
Ռեֆերատ
VII. Արտահայտություններ և տարրեր, որոնք չեն կարող օգտագործվել
VII. Տերմիններ և նշաններ
IX. Փաստաթղթերի ձևակերպումը
Պիտանիությունը վերարտադրման համար
Օգտագործվող նյութը
Առանձին թերթեր, թերթերի չափերը, դաշտերը
Թերթերի համարակալումը
Տեքստի ձևակերպումը
Քիմիական բանաձևերը
Նուկլեոտիդների և ամինաթթուների հաջորդականությունների ցանկի պատճենի ձևակերպումը
Մաթեմատիկական բանաձևեր և սիմվոլներ
Աղյուսակներ
Գրաֆիկական պատկերներ
Մ Ա Ս 2
Գործերի վարումը Հայարտոնագրի հետ
X. Ներկայացուցչի նշանակումը
XI. Նամակագրությունը Հայարտոնագրի հետ
XII. Հայտի փաստաթղթերում ուղղումներ և ճշգրտումներ կատարելը
XIII. Արտոնագիր ստանալու իրավունքի զիջումը
XIV. Հայտի նյութերին ծանոթանալը
XV. Հայտի քննարկման ընթացքում փորձաքննության կողմից նշված փաստաթղթերին ծանոթանալը
XVI. Հայտի քննարկումը հայտատուի մասնակցությամբ
XVII. Հարցմամբ պահանջվող նյութերի ներկայացման ժամկետի երկարաձգումը
XVIII. Բաց թողնված ժամկետների վերականգնումը
XIX. Հայտի հետ կանչումը
Մ Ա Ս 3
Հայտի քննարկումը Հայարտոնագրում
XX. Հայտի ներկայացումը Հայարտոնագիր և փաստաթղթերի հետ վարվելու կարգը
Գյուտի հայտի ստացված նյութերի գրանցումը
Հայտը ներկայացնելու համար վճարված տուրքի ստուգումը
Հայտի գաղտնիությունը
XXI. Հայտի նախնական փորձաքննությունը
Հայտի նախնական փորձաքննության բովանդակությունը
Հայտի պակաս կամ ուղղված նյութերի ներկայացման մասին հարցումը
Հայտի առարկայի դասակարգումը
Հայտի ներկայացման, միջազգային հայտը ազգային փուլ փոխադրման և առաջնության թվականների սահմանումը
Կոնվենցիայով առաջնության սահմանումը
Առաջնությունը լրացուցիչ նյութերի ստացման թվականով սահմանումը
Առաջնությունը նույն հայտատուի` ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման թվականով սահմանումը
Զատված հայտով ներկայացված գյուտի առաջնության սահմանումը
Մի քանի առաջնություն սահմանելու պայմանները
Գյուտի առաջնության թվականի սահմանման լրացուցիչ պայմանների ստուգումը
Գյուտի հավակնության սահմանման ստուգումը
Լրացուցիչ նյութերի ստուգումը
Հայտի փոխակերպումը
Արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը
Հայտի պաշտոնական հրապարակման մասին որոշումը
XXII. Հայտի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը
Հայտեր, որոնց վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են
Հայտի վերաբերյալ հրապարակվող տեղեկությունների ցանկը
Պաշտոնապես հրապարակված հայտի նյութերին ծանոթանալը
Գյուտի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ հեղինակին չհիշատակելը
XXIII. Համընդհանուր ծանոթացման դրված հայտերով արտոնագիր տալու դեմ առարկության ձևակերպումը, ներկայացումը և քննարկումը
Առարկության ձևակերպումը
Առարկության ներկայացումը
Առարկության քննարկումը
XXIV. Նախնական արտոնագիր տալու մասին որոշումը
Մ ա ս 1
Հայտի ձեվակերպումը ԵՎ ներկայացումը
I. Հայտի ներկայացումը
Հայտ ներկայացնելու իրավունք ունեցող անձինք
1. Օրենքի 18 հոդվածի 1-ին կետի և 9 հոդվածի 1-ին կետի համաձայն` հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունք ունեն գյուտի հեղինակը (համահեղինակները), գործատուն կամ նրանց իրավահաջորդը (հայտատու):
2. Հայտատուի կողմից արտոնագիր ստանալու իրավունքի զիջումը, որի մասին նշված է հայտում կամ կարող է նշվել Հայարտոնագիր ուղղված դիմումում` մինչև գյուտի գրանցումը, համարվում է նաև հայտատուի իրավունքների զիջում, եթե արտոնագիր ստանալու իրավունքի զիջման պայմանագրով այլ բան չի նախատեսված:
3. Գյուտի հեղինակը (այն ֆիզիկական անձը, ում ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է գյուտը) իրավունք ունի հայտ ներկայացնել հետևյալ դեպքերում.
3.1. եթե գյուտը ծառայողական չէ, այսինքն դա կապված չէ հեղինակի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման հետ,
3.2. եթե գյուտը ծառայողական է, բայց աշխատողի (հեղինակի) և գործատուի միջև այդ մասին պայմանագիր չկա, կամ կնքված պայմանագրով նախատեսված է, որ աշխատողի կողմից ստեղծված գյուտի արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է հեղինակին, կամ եթե գյուտի ստեղծման մասին գործատուին հայտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում վերջինս կամ նրա իրավահաջորդը հայտ չի ներկայացնում Հայարտոնագիր կամ հայտ ներկայացնելու իրավունքը չի զիջում այլ անձի:
Հայտ ներկայացնելիս դրա իրավունքը հաստատող որևէ փաստաթուղթ չի պահանջվում:
Հայտ ներկայացնելու ընթացակարգը
4. Հայտը կարող է ներկայացվել Հայարտոնագիր անմիջականորեն կամ փոստային առաքմամբ:
Հայտը արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացնելը
5. Հայտը կարող է ներկայացնել հայտատուն ինքը կամ նրա կողմից լիազորված, Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարը:
6. Օրենքի 18 հոդվածի 5-րդ կետի համաձայն` ՀՀ-ից դուրս բնակվող ֆիզիկական անձինք կամ օտարերկրյա իրավաբանական անձինք հայտի ներկայացման և արտոնագիր ստանալու հետ կապված գործերը վարում են միայն Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով, եթե ՀՀ միջազգային պայմանագրով այլ կարգ սահմանված չէ:
7. Եթե նշված անձանց հետ որպես հայտատու հանդես է գալիս ՀՀ-ում մշտական բնակավայր ունեցող ֆիզիկական անձ կամ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ կամ հիմնարկ, հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու հետ կապված գործերը կարելի է վարել առանց արտոնագրային հավատարմատարի, պայմանով, որ նամակագրության համար նշված է ՀՀ-ում որևէ հասցե:
II. Հայտը
Գյուտի արտոնագրաունակության պայմանները
8. Օրենքի 5 հոդվածի 1-ին կետի համաձայն` գյուտը պահպանվում է Օրենքով սահմանված կարգով, եթե այն նոր է, ունի գյուտարարական մակարդակ և արդյունաբերորեն կիրառելի է:
9. Գյուտը համարվում է նոր, եթե այն տեխնիկայի մակարդակի առանձին մաս չէ:
9.1. Նախորդող տեխնիկայի մակարդակը ներառում է մինչև տվյալ գյուտի` Հայարտոնագիր հայտ ներկայացնելու կամ առաջնության թվականը (եթե խնդրարկվում է ավելի վաղ առաջնություն) աշխարհում հանրամատչելի դարձած տեխնիկայի բնագավառի լուծումների (առանձին մասերի) վերաբերյալ ցանկացած տեղեկություն:
9.2. Հանրամատչելի են համարվում տեղեկատվության աղբյուրի մեջ բերված տեղեկությունները, որոնց ցանկացած անձ կարող է ծանոթանալ անմիջականորեն, կամ դրանց բովանդակության մասին ծանուցվել օրինական ճանապարհով:
9.3. Տեխնիկայի մակարդակում տեղեկատվության աղբյուրի ընգրկվելը որոշող թվական է համարվում`
9.3.1. արտոնագրված օտարերկրյա գյուտերի նկարագրությունների համար` դրանցում նշված հրապարակման թվականը.
9.3.2. ՀՀ-ում արտոնագրված գյուտերի նկարագրությունների համար` դրանցում նշված հրապարակման թվականը.
9.3.3. ՀՀ-ում հրապարակված հայտերի համար` դրանցում նշված հրապարակման թվականը.
9.3.4. ՄՍՀԿ-ի կողմից հրապարակված PCT-ի հայտերի համար ` դրանցում նշված հրապարակման թվականը.
9.3.5. տպագրական հրատարակությունների համար` դրանց լույս տեսնելու թվականը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ամսվա վերջին օրը կամ հրատարակության մեջ նշված տարվա դեկտեմբերի 31-ը, եթե լույս տեսնելու թվականը համապատասխանաբար որոշվում է միայն ամսով կամ տարեթվով.
9.3.6. ավանդադրված ձեռագրերի, հոդվածների, տեսությունների, մենագրությունների և այլ նյութերի համար` դրանց ավանդադրման թվականը.
9.3.7. ձեռագրի իրավունքով հրատարակված ատենախոսությունների նյութերի և դրանց սեղմագրերի համար` գրադարան առաքման թվականը.
9.3.8. մրցույթի ընդունված աշխատանքների համար` մրցույթի անցկացմանը վերաբերող փաստաթղթերով հաստատված ծանոթացման ներկայացնելու թվականը.
9.3.9. տեսողությամբ ընկալվող տեղեկատվության աղբյուրների (պլակատներ, մոդելներ, արտադրատեսակներ և այլն) համար` փաստաթղթերով հիմնավորված թվականը, որից սկսած հնարավոր է դրանց դիտումը.
9.3.10. ցուցահանդես ներկայացված ցուցանմուշների համար` փաստաթղթերով հիմնավորված թվականը, որից սկսվել է ցուցադրումը.
9.3.11. բանավոր զեկուցումների, դասախոսությունների, ելույթների համար` զեկուցման, դասախոսության, ելույթի թվականը, եթե դրանք արձանագրված են ձայնագրող սարքերով կամ սղագրված են նշված թվականին գործող` համապատասխան միջոցառումների անցկացման կանոններով սահմանված կարգով.
9.3.12. ռադիոյով, հեռուստատեսությամբ, կինոյով հաղորդագրությունների համար` դրանց հեռարձակման թվականը, եթե այն արձանագրված է համապատասխան տեղեկատվության կրիչի վրա նշված թվականին գործող սահմանված կարգով.
9.3.13. օգտագործման արդյունքում հայտնի դարձած տեխնիկական միջոցի մասին տեղեկությունների համար` փաստաթղթերով հիմնավորված թվականը, որից սկսած այդ տվյալները դարձել են հանրամատչելի:
9.4. Տեխնիկայի մակարդակը ներառում է նաև Հայարտոնագիր ներկայացված հայտերով բացահայտված ավելի վաղ առաջնությամբ գյուտերի և օգտակար մոդելների էությունը, պայմանով, որ տվյալ հայտերը կամ դրանց հիման վրա տրված արտոնագրերը Հայարտոնագիրը կհրապարակի հետագայում:
9.5. Եթե նախորդող հայտը մինչև դրա հրապարակումը հետ է կանչվել և այդ պատճառով չի դրվել համընդհանուր ծանոթացման, սակայն այդ գյուտի էությանը վերաբերող համառոտ շարադրանքը (ռեֆերատը) հրապարակվել է, այդ հրապարակումը համարվում է անվավեր, ինչի մասին Հայարտոնագիրը տեղեկատվություն է հրապարակում:
10. Գյուտն ունի գյուտարարական մակարդակ, եթե մասնագետի համար այն ակնհայտորեն չի բխում նախորդող տեխնիկայի մակարդակից:
11. Գյուտն արդյունաբերորեն կիրառելի է, եթե հնարավոր է այն պատրաստել կամ օգտագործել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում:
11.1. Հայտի փաստաթղթերում պետք է լինի նշում` գյուտի առարկայի նշանակության մասին (նոր քիմիական միացությունների համար` դրանց հնարավոր օգտագործումը), այսինքն նրա` որոշակի հասարակական պահանջ բնութագրող ֆունկցիա (ներ) կատարելու հնարավորության մասին:
11.2. Հայտի փաստաթղթերում պետք է նկարագրված լինեն այն միջոցները (նյութական միջոցներ, գործողություններ), որոնք հնարավորություն են տալիս գյուտն իրականացնել հայտում նշված նշանակությամբ: Այդ միջոցների մասին տեղեկատվությունը կարող է ամբողջությամբ լինել հայտում, կամ այդ միջոցները կարող են չբացահայտվել գյուտի նկարագրությունում, բայց պետք է լինի նշում` գյուտը բնութագրող այլ միջոցների հետ փոխներգործությամբ դրանց օգտագործման մասին, և այս դեպքում պետք է նշվի գյուտի առաջնության թվականին հանրամատչելի դարձած այն տեղեկատվության աղբյուրը, որում մասնագետի կողմից վերարտադրման համար այդ միջոցները նկարագրված են բավարար չափով: Ընդ որում, փորձաքննության համար գյուտի իրականացման հնարավորությունը չպետք է կասկած հարուցի:
11.3. Գյուտի թվարկված մեկ կամ մի քանի արդյունք ստանալու անհնարինությունը չի զրկում գյուտն արտոնագրաունակության պայմաններին համապատասխանելու հնարավորությունից, եթե նկարագրությունում նշված մնացած արդյունքները կարող են իրականացվել:
11.4. Եթե հայտում չի նկարագրված նյութի ստացման եղանակը, և այն հնարավոր չէ պատկերացնել նյութի մասին տեղեկատվության հիման վրա, գյուտը չի կարելի համարել իրագործելի և հետևաբար` արդյունաբերորեն կիրառելի:
Գյուտի առարկան
12. Օրենքի 5 հոդվածի 7-րդ կետի համաձայն` գյուտի առարկա կարող են լինել սարքը, եղանակը, նյութը, մանրէների, բույսերի և կենդանիների բջիջների կուլտուրայի շտամները, ինչպես նաև հայտնի սարքի, եղանակի, նյութի, շտամի նոր նշանակությամբ կիրառումը:
Սարքը որպես գյուտի առարկա
13. Սարքը, որպես գյուտի առարկա, պատրաստվածք է, որը կառուցվածքային տարր կամ գործառական կառուցվածքային միասնություն ունեցող կառուցվածքային տարրերի ամբողջություն է:
14. Սարքերի թվին են դասվում` մեքենաները, ապարատները, սարքավորումները, գործիքները, տարաները, տրանսպորտային միջոցները, ամրակման իրերը, մեքենայի մասերը, կահույքը, ամանեղենը, կապի միջոցները, շինարարական կառուցվածքները, շինությունները, շենքերը, շենքի մասերը և այլն, որոնք դասակարգված են ՄԱԴ-ի համապատասխան բաժինների համաձայն:
Եղանակը որպես գյուտի առարկա
15. Որպես գյուտի առարկա, եղանակ է համարվում նյութական առարկաների միջոցով նյութական առարկայի հետ կատարվող գործողությունները:
Նյութը որպես գյուտի առարկա
16. Նյութը, որպես գյուտի առարկա, համարվում է`
16.1. պարզված կառուցվածքով անհատական միացությունները (ցածրամոլեկուլային և բարձրամոլեկուլային).
16.2. չպարզված կառուցվածքով անհատական միացությունները (հակաբիոտիկներ, ֆերմենտներ, սպիտակուցներ և այլն).
16.3. բարդ նյութերը` բաղադրանյութերը (խառնուրդներ, լուծույթներ, համահալվածքներ, ապակի, դեղագործական բաղադրանյութեր և այլն), որոնք լինում են չպարզված և պարզված կառուցվածքով բաղադրանյութեր.
16.4. միջուկային կերպափոխությամբ ստացված նյութերը:
Մանրէի եվ բույսերի ու կենդանիների բջիջների կուլտուրայի շտամը որպես գյուտի առարկա
17. Մանրէի և բույսերի ու կենդանիների բջիջների կուլտուրայի շտամը, որպես գյուտի առարկա, համարվում է` մանրէների, բույսերի ու կենդանիների բջիջների կուլտուրայի անհատական շտամները և մանրէների, բույսերի ու կենդանիների բջիջների կուլտուրայի կոնսորցիումները:
18. Անհատական շտամներ են համարվում`
18.1. ավանդական մանրէների շտամները (միկոպլազմները, ռիկետսիաները, ցիանաբակտերիաները, արխաբակտերիաները, բակտերիաները, ճառագայթասնկերը, մանրաչափ սնկերը, խմորասնկերը).
18.2. «մանրէների» սահմանմանը համապատասխանող օրգանիզմների շտամները (պարզագույնները, մանրաչափ ջրիմուռները, մանրաչափ քարաքոսերը, մանրաչափ անողնաշարավոր կենդանիները).
18.3. մարդու կողմից ստացված մանրէների շտամները (միկրոջրիմուռների կուլտիվացվող սոմատիկ բջիջները, մակրոսկոպային սնկերի սոմատիկ կառուցվածքները և այլն).
18.4. հիբրիդային մանրէների շտամները.
18.5. ռեկոմբինանտային ԴՆԹ (ՌՆԹ) կրող ռեկոմբինանտային շտամները.
18.6. բույսերի կուլտիվացվող սոմատիկ բջիջները (ինչպես շտամները, այնպես էլ բջիջների գծերը).
18.7. անողնաշարավոր և ողնաշարավոր կենդանիների կուլտիվացվող սոմատիկ բջիջները (ինչպես շտամները, այնպես էլ գծերը).
18.8. բույսերի կամ կենդանիների հիբրիդային կուլտիվացվող սոմատիկ բջիջները.
18.9. տրանսգենային բույսերը.
18.10. տրանսգենային կենդանիները:
19. Մանրէների և բջիջների կուլտուրաների կոնսորցիումներ են համարվում`
19.1. մանրէների խառը շտամները.
19.2. մանրէների զուգորդումները.
19.3. բույսերի և/կամ կենդանիների բջիջների խառը կուլտուրաները.
19.4. բույսերի և/կամ կենդանիների բջիջների կուլտուրաների զուգորդումները:
Հայտնի սարքի, եղանակի, նյութի, շտամի նոր նշանակությամբ կիրառումը որպես գյուտի առարկա
20. Հայտնի սարքի նոր նշանակությամբ կիրառումը որպես գյուտի առարկա, համարվում է նրա օգտագործումը մեկ այլ նպատակով:
21. Հայտնի սարքի նոր նշանակությամբ կիրառումը չպետք է վերաբերի միայն օբյեկտի օգտագործմանը, օրինակ, տեխնիկայի այլ բնագավառում, այլ անկախ տեխնիկայի բնագավառից, պետք է կապված լինի նրա նոր գործառույթների և հասանելի արդյունքի հետ, որոնք ակնհայտորեն չեն բխում նրա հայտնի հատկություններից և բնութագրերից:
22. Հայտնի եղանակի նոր նշանակությամբ կիրառմանը որպես գյուտի առարկայի վերաբերում է նրա օգտագործումը մեկ այլ նպատակով:
23. Հայտնի նյութի, շտամի նոր նշանակությամբ կիրառմանը որպես գյուտի առարկայի վերաբերում է նրա օգտագործումը մեկ այլ նպատակով: Նոր նշանակությամբ կիրառում է համարվում նաև հայտնի նյութերի (բնական և արհեստական) առաջին օգտագործումը հասարակական պահանջի բավարարման նպատակով:
24. Հայտնի նյութի և շտամի նոր նշանակությամբ կիրառումը բնութագրելու նպատակով օգտագործվում է կիրառվող առարկայի նույնականացման համար բավարար համառոտ բնութագիրը, և նշվում այդ նոր նշանակությամբ կիրառումը:
25. Հայտնի նյութի և շտամի նոր նշանակությամբ կիրառում է համարվում նաև հայտնի դեղագործական բաղադրանյութերի (բնական և արհեստական) երկրորդ բժշկական օգտագործումը հասարակական պահանջի բավարարման նպատակով:
Առաջարկություններ, որոնք չեն ճանաչվում արտոնագրաունակ գյուտ
26. Օրենքի 5 հոդվածի 8-րդ կետի համաձայն` արտոնագրաունակ գյուտեր չեն`
գիտական տեսությունները և մաթեմատիկական մեթոդները.
տնտեսության կազմակերպման և ղեկավարման եղանակները.
պայմանական նշանները, կարգացուցակները և կանոնները. մտավոր գործողությունների կատարման եղանակները և կանոնները.
հաշվիչ մեքենաների ալգորիթմները.
կառույցների, շենքերի ու տարածքների հատակագծերի սխեմաները և նախագծերը.
իրի արտաքին տեսքին վերաբերող այն առաջարկությունները, որոնք ունեն միայն գեղագիտական նշանակություն.
բույսերի տեսակները և կենդանիների ցեղատեսակները:
27. Օրենքի 4 հոդվածի 6-րդ կետի համաձայն` որպես գյուտ իրավական պահպանություն չեն ստանում նաև հասարակական շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին հակասող լուծումները:
Գյուտի միասնության պահանջը
28. Օրենքի 19 հոդվածի 1-ին կետի համաձայն` գյուտի հայտը պետք է վերաբերի մեկ գյուտի կամ միասնական գյուտարարական մտահղացում կազմող մի խումբ գյուտերի:
29. Գյուտի միասնության պահանջը համարվում է պահպանված, եթե`
29.1. մեկ անկախ կետ ունեցող գյուտի հավակնության սահմանման մեջ բնութագրված է մեկ գյուտ.
29.2. գյուտի հավակնության սահմանման մի քանի անկախ կետերում բնութագրված է գյուտերի խումբ`
29.2.1 որոնցից մեկը նախատեսված է մյուսի ստացման (պատրաստման) համար (օրինակ` նյութը և նյութի (ամբողջությամբ կամ դրա մասերի) ստացման եղանակը).
29.2.2. որոնցից մեկը նախատեսված է մյուսի իրագործման համար (օրինակ` եղանակ և այն ամբողջությամբ կամ դրա գործողություններից որևէ մեկը իրականացնելու սարք).
29.2.3. որոնցից մեկը նախատեսված է մյուսի (կամ մյուսում) կիրառման համար (օրինակ` եղանակ և նյութ, որը նախատեսված է եղանակում օգտագործելու համար, եղանակ և սարք կամ դրա մասը, սարքի կամ նյութի նոր նշանակությամբ կիրառումը և այդ կիրառմանը համապատասխան` դրանց օգտագործմամբ եղանակ, սարքի կամ նյութի նոր նշանակությամբ կիրառումը և նրանց բաղադրիչ մաս հանդիսացող սարք կամ միացություն.
29.2.4. որոնք վերաբերում են նույն տեսակի, նույն նշանակությամբ, միևնույն տեխնիկական արդյունք ապահովող առարկաներին (տարբերակներ):
Հայտի կազմը
Օրենքի 19 հոդվածի 2-րդ կետի համաձայն` գյուտի հայտը պետք է պարունակի`
30. դիմում` արտոնագիր ստանալու մասին, որտեղ նշվում են գյուտի անվանումը, հայտատուն (հայտատուները), հեղինակը (համահեղինակները) և նրանց բնակության կամ գտնվելու վայրը.
31. գյուտի նկարագրությունը, որը բացահայտում է գյուտը` այն իրականացնելու համար բավարար լրիվությամբ.
32. գյուտի հավակնության սահմանումը, որն արտահայտում է դրա էությունը և ամբողջապես հիմնված է նկարագրության վրա.
33. գծագրեր և այլ նյութեր, եթե դրանք անհրաժեշտ են գյուտի էությունը հասկանալու համար.
34. գյուտի համառոտ շարադրանքը (ռեֆերատ):
Հայտին կցվող փաստաթղթերը
35. Օրենքի 19 հոդվածի 3-րդ կետի համաձայն` գյուտի հայտին կցվում են սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը: Ընդ որում, ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները (բանկային փոխանցման հանձնարարագրի մեկ օրինակը` բանկի դրոշմակնիքով, կանխիկ վճարման անդորրագիրը և այլն):
36. Եթե տուրքը վճարվել է զեղչով, ապա տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև զեղչով վճարման հիմքերը հաստատող փաստաթուղթ` տեղեկանք իրավաբանական անձի (հայտատուի) աշխատողների թվաքանակի մասին, որը ստորագրում և կնքում է հայտատուն:
37. Եթե գյուտը վերաբերում է մանրէաբանական առարկաներին (մանրէների անհատական շտամներին, մանրէների կոնսորցիումներին, բույսերի բջիջների կուլտուրաներին, մարդու և կենդանիների բջիջների կուլտուրաներին (ներառելով հիբրիդոմային գծերը)), պետք է հայտին կցվի տեղեկանք` տվյալ առարկայի ավանդադրման մասին: Ընդ որում, ավանդադրման թվականը պետք է նախորդի հայտի ներկայացման թվականին:
38. Եթե գյուտը վերաբերում է գենային կառուցվածքաբանության առարկաներին (գեն, ռեկոմբինանտային սպիտակուց, վեկտոր, ռեկոմբինանտային վեկտոր և այլն), ապա հայտին պետք է կցվի նուկլեոտիդների և ամինաթթուների հաջորդականությունների ցանկը: Նուկլեոտիդների և ամինաթթուների հաջորդականությունների ցանկը կարող է կցվել համակարգչային տեղեկակիրներով:
39. Օրենքի 18 հոդվածի 6-րդ կետի համաձայն` արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացված հայտին կցվում է հայտատուի կողմից տրված հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթ (լիազորագիր): Այն դեպքում, երբ նույն հայտատուի կողմից ներկայացվում է մեկից ավելի հայտ, դրանց կարելի է կցել լիազորագրի պատճենները, եթե բոլոր հայտերով գործավարությունը հանձնարարվում է նույն հավատարմատարին:
40. Եթե հայտատուն խնդրարկում է կոնվենցիայով առաջնություն` հայտին պետք է կցվի առաջին հայտի վավերացված պատճենը, կամ այն ներկայացվի հայտը Հայարտոնագիր ներկայացնելու օրվանից 3 ամսվա ընթացքում: Եթե առաջին գյուտերը մի քանիսն են, կցվում են այդ բոլոր հայտերի վավերացված պատճենները:
Հայտի լեզուն
41. Օրենքի 18 հոդվածի 2-րդ կետի համաձայն` հայտի դիմումը ներկայացվում է հայոց լեզվով:
42. Օրենքի 18 հոդվածի 3-րդ կետի համաձայն` հայտի մյուս փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում դրանց հայերեն թարգմանությունը ՀՀ հայտատուները պարտավոր են կցել հայտին, իսկ օտարերկրյա հայտատուները պարտավոր են դրանք Հայարտոնագիր ներկայացնել հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Օրինակների քանակը
43. Սույն Կանոնների 30-34 կետերում նշված հայտի փաստաթղթերը, որոնք կազմված են հայոց լեզվով, ներկայացվում են 3 օրինակով: Նույն փաստաթղթերը, եթե կազմված են այլ լեզվով, ներկայացվում են 1 օրինակով, իսկ դրանց հայերեն թարգմանությունը` 3 օրինակով:
III. Հայտի փաստաթղթերի բովանդակությունը
Դ ի մ ու մ
արտոնագիր ստանալու մասին
44. Արտոնագիր ստանալու դիմումը ներկայացվում է սույն Կանոնների հավելվածում տրված ձևով:
45. Եթե որևէ տեղեկություն ամբողջությամբ չի տեղավորվում դիմումի համապատասխան բաժնում, ապա այդ տեղեկությունը նույն ձևով բերվում է լրացուցիչ թերթի վրա` դիմումի համապատասխան բաժնում նշելով` «տես լրացուցիչ թերթի վրա» կամ «տեղեկությունները բերված են լրացուցիչ թերթի վրա»:
(71) կոդով «Հայտատու (ներ)» բաժնում բերվում են տվյալներ հայտատուի (հայտատուների) մասին:
46. Եթե հայտատուն ֆիզիկական անձ է, ապա նրա մասին տեղեկությունները ներառում են նրա անունը, հայրանունը (եթե նշված է), ազգանունը, ընդ որում, անունը գրվում է ազգանունից առաջ, բնակության վայրի լրիվ փոստային հասցեն, երկրի կոդը` ըստ ՄՍՀԿ-ի ST.3 ստանդարտի: Եթե ֆիզիկական անձը (անձինք) միաժամանակ նաև հեղինակ է, ապա նրա փոստային հասցեն (71) կոդով «Հայտատու (ներ)» բաժնում չի նշվում, այլ նշվում է միայն (97) կոդով «Հասցեն» բաժնում:
47. Եթե հայտատուն իրավաբանական անձ է, ապա նրա մասին տեղեկությունները ներառում են` իրավաբանական անձի պաշտոնական անվանումը (հիմնադիր փաստաթղթի համաձայն), գտնվելու վայրի լրիվ փոստային հասցեն, երկրի կոդը` ըստ ՄՍՀԿ-ի ST.3 ստանդարտի:
(86) կոդով «PCT հայտի N և ներկայացման թվականը» բաժնում բերվում են PCT հայտի այն համարը և ներկայացման այն թվականը, որոնք տրվել են միջազգային հայտը ստացող գերատեսչության կողմից:
48. (54) կոդով «Գյուտի անվանումը» բաժնում բերվում է հայտարկվող գյուտի (գյուտերի խմբի) անվանումը, որը պետք է համընկնի գյուտի նկարագրությունում և հայտի նյութերի այլ փաստաթղթերում բերված անվանմանը:
49. (72) և (97) կոդերով «Հեղինակ (ներ)» և «Հասցեն» բաժիններում բերվում են տեղեկություններ գյուտի հեղինակի (ների) մասին` անունը, հայրանունը (եթե նշված է), ազգանունը, ընդ որում, անունը գրվում է ազգանունից առաջ, բնակավայրի լրիվ փոստային հասցեն և երկրի կոդը ըստ ՄՍՀԿ-ի ST.3 ստանդարտի:
50. (72) և (97) կոդերով «Հեղինակ (ներ)» և «Հասցեն» բաժիններին հաջորդող բաժինը լրացվում է միայն այն դեպքում, երբ հեղինակը (ները) խնդրում է (են) հայտի կամ արտոնագիր տալու մասին հրապարակվող տեղեկատվության մեջ չհիշատակվել որպես հեղինակ (ներ): Այս բաժնում նշվում են հրապարակվող նյութերում չհիշատակվել ցանկացող յուրաքանչյուր հեղինակի անունը, հայրանունը (եթե նշված է), ազգանունը և ստորագրությունը:
51. Հաջորդ բաժինը լրացվում է միայն այն դեպքում, երբ հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքը հայտատուին փոխանցվել է հեղինակի իրավահաջորդի կողմից: Այստեղ նշվում են տեղեկություններ իրավահաջորդի մասին` անունը, հայրանունը (եթե նշված է), ազգանունը և ֆիզիկական անձի բնակավայրի հասցեն կամ իրավաբանական անձի պաշտոնական անվանումը և գտնվելու վայրի հասցեն, որոնք ամրագրվում են ստորագրությամբ ու կնիքով, և դրվում ամսաթիվ (այն դեպքում, երբ հեղինակի իրավահաջորդը իրավաբանական անձ է, դրվում է ղեկավարի ստորագրությունը):
52. (21) և (22) կոդերով «Հայտի N» և «Հայտի ներկայացման թվականը» բաժինները լրացվում են Հայարտոնագրի կողմից:
53. Այն բաժինը, որը նախատեսված է առաջնություն խնդրարկելու մասին նշում կատարելու համար, լրացվում է միայն այն դեպքում, երբ խնդրարկվում է ավելի վաղ առաջնություն, քան Հայարտոնագիր հայտի ներկայացման թվականը: Այս դեպքում համապատասխան վանդակում դնելով «X» նշանը, բերվում են առաջնության խնդրարկման հիմքերը և նշվում են առաջնային, այսինքն առաջին կամ սկզբնական, ավելի վաղ ներկայացված հայտի համարը, որի հիման վրա խնդրարկվում է առաջնությունը, խնդրարկված առաջնության թվականը (ավելի վաղ հայտի ներկայացման կամ լրացուցիչ նյութերի ստացման թվականը):
54. Եթե առաջնությունը խնդրարկվում է մի քանի հայտերի հիման վրա, ապա նշվում են բոլոր հայտերի համարները և խնդրարկվող առաջնության համապատասխան թվականները:
55. Կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում նշվում է առաջին հայտի ստացման երկրի կոդը ըստ ՄՍՀԿ-ի ST.3 ստանդարտի (կոդ 33):
56. Հաջորդ տողերում «X» նշանը համապատասխան վանդակներում դրվում է այն դեպքում, երբ հայտատուն խնդրում է գաղտնագրել գյուտը կամ հայտնում է գյուտն օտարերկրյա պետություններում արտոնագրելու մտադրության մասին:
57. «Կցվող փաստաթղթերի ցանկ» բաժնի համապատասխան վանդակները լրացվում են «X» նշանով, նշվում է նաև ներկայացվող փաստաթղթերի օրինակների ու յուրաքանչյուր օրինակի թերթերի քանակը: Նկարագրությունում «Նուկլեոտիդների և ամինաթթուների հաջորդականությունների ցանկ» բաժնի առկայության դեպքում «Գյուտի նկարագրությունը» տողում լրացուցիչ նշվում է` «Հաջորդականությունների ցանկով», ընդ որում համապատասխան բաժիններում նշվում է թերթերի ընդհանուր քանակը: Կից ներկայացվող այն փաստաթղթերի համար, որոնք չեն նախատեսված դիմումի ձևում («Այլ փաստաթղթեր»), նշվում է դրանց կոնկրետ նշանակությունը: Եթե հայտում առկա են համակարգչային տեղեկակիրներ, որոնցում գրված է նուկլեոտիդների և ամինաթթուների հաջորդականությունների ցանկը, ապա «Այլ փաստաթղթեր» բաժնում նշվում է` «համակարգչային տեղեկակրով»:
58. «Արտոնագիր ստանալու իրավունքի հիմքը» բաժնում «X» նշանով նշվում է արտոնագիր ստանալու համապատասխան հիմքը: Նշված սյունակը լրացվում է այն դեպքում, երբ (71) կոդով նշված հայտատուն և (72) կոդով նշված հեղինակը չեն համընկնում, կամ երբ հայտատուների կազմը չի համընկնում հեղինակների կազմին: Ընդ որում, նշված հիմքը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում:
59. (74) կոդով բաժինը լրացվում է միայն այն դեպքում, երբ հայտը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով: Բաժնում բերվում են արտոնագրային հավատարմատարի մասին տեղեկություններ` անուն, ազգանուն, Հայարտոնագրում գրանցման համարը, ՀՀ գտնվելու վայրի հասցեն, հեռախոսի, հեռատիպի, ֆաքսի համարը:
60. (98) կոդով բաժնում նշվում են` հասցեն նամակագրության համար, անունը կամ հասցեատիրոջ անվանումը, որոնք պետք է բավարարեն փոստային արագ առաքման սովորական պահանջներին, նրա հեռախոսի, հեռատիպի, ֆաքսի (եթե դրանք կան) համարը: Որպես նամակագրության հասցեատեր կարող են նշվել ՀՀ-ում բնակվող կամ գտնվելու վայր ունեցող հայտատուի (հայտատուներից մեկի) հասցեն, կամ Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի գտնվելու վայրի կամ ՀՀ-ի որևէ այլ հասցե:
61. Դիմումի վերջին տողի լրացումը` թվականի նշումով բոլոր դեպքերում պարտադիր է: Դիմումը ստորագրում է հայտատուն: Եթե հայտատուն իրավաբանական անձ է, ապա դիմումը ստորագրում է դրա ղեկավարը կամ իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթով լիազորված այլ անձ, նշելով պաշտոնը, որի ստորագրությունը վավերացվում է իրավաբանական անձի կնիքով: Արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացված հայտի դիմումը ստորագրում է արտոնագրային հավատարմատարը:
62. Դիմումի բաժիններում ստորագրությունները վերծանվում են` ստորագրող անձանց ազգանունների և անունների սկզբնատառերի նշումով:
63. Եթե ստորագրություններով պահանջող այս կամ այլ տեղեկությունները բերվում են լրացուցիչ թերթի վրա, այն ստորագրում են նույն կարգով: Հայտատուի կամ արտոնագրային հավատարմատարի ստորագրությունը պարտադիր է հայտի յուրաքանչյուր լրացուցիչ թերթի վրա:
IV. Գյուտի նկարագրությունը
Նկարագրության նշանակությունը
64. Նկարագրությունը պետք է սպառիչ կերպով բացահայտի գյուտը` դրա իրականացման համար բավարար չափով:
Նկարագրության կառուցվածքը
65. Նկարագրությունը սկսվում է գյուտի անվանումով և ունի հետևյալ բաժինները`
տեխնիկայի բնագավառը, որին վերաբերում է գյուտը. տեխնիկայի մակարդակը.
գյուտի էությունը.
գծագրերի, նկարների և այլ նյութերի (եթե դրանք կցված են) ցանկը.
տեղեկություններ, որոնք հաստատում են գյուտի իրականացման հնարավորությունը.
նուկլեոտիդների և ամինաթթուների հաջորդականությունների ցանկը (եթե այդպիսի հաջորդականությունները օգտագործված են գյուտի բնութագրման համար):
66. Չի թույլատրվում նկարագրության բաժինը փոխարինել համապատասխան տեղեկատվության աղբյուրին հղում կատարելով:
67. Եթե հայտատուն որոշել է ՄԱԴ-ի գործող խմբագրության ցուցիչը, որին վերաբերում է հայտարկվող գյուտը, այն գրվում է գյուտի նկարագրության անվանումից առաջ` էջի աջ անկյունում:
Գյուտի անվանումը
68. Գյուտի անվանումը, որպես կանոն, արտահայտում է գյուտի սեռային պատկանելիությունը, բնութագրում է դրա նշանակությունը և շարադրվում եզակի թվով:
69. Բացառություն է կազմում ընդհանուր կառուցվածքային բանաձևով քիմիական միացություններին վերաբերող գյուտի անվանումը:
Օրինակ` «Ացետիլպիրիմիդինային միացություններ»:
70. Անհատական քիմիական միացությանը վերաբերող գյուտի անվանման մեջ ներառվում է դրա անվանումն ըստ քիմիայում ընդունված որևէ անվանացուցակի, կարող է բերվել նաև դրա որոշակի նշանակությունը, իսկ կենսաբանորեն ակտիվ միացությունների համար ` կենսաբանական ակտիվության տեսակը:
Օրինակ` «Ացետիասպարտազի արգելակիչներ»:
71. Չպարզված կառուցվածքով բարձրամոլեկուլային միացությունների ստացման եղանակին վերաբերող գյուտի անվանման մեջ ներառվում են բարձրամոլեկուլային միացության անվանումը և նշանակությունը:
Օրինակ` «Հակաուռուցքային ակտիվություն ունեցող հակաբիոտիկ A-10000»:
72. Չպարզված բաղադրությամբ խառնուրդ հանդիսացող նյութի ստացման եղանակին վերաբերող գյուտի անվանման մեջ բերվում են նրա նշանակությունը կամ այդ նյութի կենսաբանական ակտիվության հատկությունները:
Օրինակ` «Բջիջների աճի խթանման ակտիվություն ունեցող սպիտակուցային գործոնի Z-100 ստացման եղանակ»:
73. Մանրէի կամ բույսերի և կենդանիների բջիջների կուլտուրայի շտամին վերաբերող գյուտի անվանման մեջ ներառվում են ցեղային և տեսակային (միջազգային անվանացուցակի պահանջներին համապատասխան) կենսաբանական օբյեկտի լատինական գիտական անվանումը տեսակի հեղինակի (հեղինակների) ազգանունը (ազգանունները) և շտամի նշանակությունը:
Օրինակ` «L-հիստիդին արտադրող Serratia marcescens մանրէների շտամ (ՀՀ ավանդադրման կենտրոնի հավաքածուի N 00001)»:
74. Հայտնի սարքի, եղանակի, նյութի, շտամի նոր նշանակությամբ կիրառմանը վերաբերող գյուտի անվանումը կազմվում է համապատասխան առարկաների համար սույն Կանոնների համաձայն և բնորոշում հայտնի առարկայի նոր նշանակությունը:
Օրինակ` «Տրոֆոբլաստների բետա-1-գլիկոպրոտեինի կիրառումը ինքնաիմունային հիվանդությունների բուժման համար»:
75. Մեկը մյուսից ստացման (պատրաստման), իրագործման կամ օգտագործման համար նախատեսված գյուտերի խմբի անվանումը պետք է ներառի մեկ գյուտի լրիվ և մյուսի` կրճատ անվանումը:
Օրինակ` «Հեղուկ և գազակերպ միջավայրերի միջև զանգվածափոխանակման եղանակ և դրա իրագործման սարք»:
76. Մեկը մյուսում կիրառելու համար նախատեսված գյուտերի խմբի անվանումը պետք է ներառի խմբի մեջ մտնող գյուտերի լրիվ անվանումները:
Օրինակ` «Տրանսպորտային փոխադրամիջոցի նավարկության եղանակ և նավարկության համակարգ»:
77. Տարբերակներին վերաբերող գյուտերի խմբի անվանումը պետք է ներառի մեկ գյուտի անվանումը և լրացվի «տարբերակներ» բառով` փակագծերում:
Օրինակ` «Մարմնի խոռոչում տեղադրվող ստենտ (տարբերակներ)»:
78. Գյուտերի վերնագրերում չպետք է օգտագործվեն անձնական անուններ, հապավումներ, ապրանքային և սպասարկման նշաններ, գովազդային, ֆիրմային և այլ հատուկ անվանումներ, ապրանքների ծագման տեղանուններ: Թույլ է տրվում գյուտի անվանման մեջ նշել գյուտի հեղինակին` գյուտի պատկանելությունը նշելու համար: Այդ դեպքում գյուտի անվանումը կարող է ներառել «...Պողոսյանի համակարգ», «...ըստ Պողոսյանի», «...Պողոսյանի սխեմայով» բառերը:
Նկարագրության բաժինների բովանդակությունը
79. «Տեխնիկայի բնագավառը, որին վերաբերում է գյուտը» բաժնում նշվում է գյուտի կիրառման բնագավառը: Եթե այդ բնագավառները մի քանիսն են, նշվում է դրանցից առավել գերադասելին:
Տեխնիկայի մակարդակը
80. «Տեխնիկայի մակարդակը» բաժնում բերվում են տեղեկություններ հայտատուին հայտնի նմանակների մասին` առանձնացնելով գյուտի հատկանիշների ամբողջությամբ ամենամոտ նմանակը:
81. Գյուտի նմանակը մինչև գյուտի առաջնության թվականը հանրամատչելի դարձած տեղեկություններից հայտնի և գյուտի էական հատկանիշների ամբողջությանը նման հատկանիշների համախմբությամբ բնորոշվող նույնանշանակ միջոցն է:
82. Նմանակներից յուրաքանչյուրը նկարագրելիս բերվում են այն բացահայտող տեղեկատվության աղբյուրի մատենագիտական տվյալները, նմանակի հատկանիշները, որոնցից հատուկ նշվում են հայտարկվող գյուտի էական հատկանիշներին համընկնող հատկանիշները, ինչպես նաև պահանջվող տեխնիկական արդյունքի ստացմանը խոչընդոտող պատճառները:
83. Եթե գյուտը վերաբերում է կոնկրետ նշանակություն կամ կենսաբանորեն ակտիվ հատկություններ ունեցող չպարզված կառուցվածքով խառնուրդի ստացման եղանակին, որպես ամենամոտ նմանակ նշվում է նույն նշանակությունը կամ նույն կենսաբանորեն ակտիվ հատկություններն ունեցող խառնուրդի ստացման եղանակը:
84. Եթե գյուտը վերաբերում է նոր անհատական քիմիական միացության, այդ թվում` բարձրամոլեկուլային, կամ գենային կառուցվածքաբանության առարկայի ստացման եղանակին, բերվում են տեղեկություններ դրա կառուցվածքային նմանակի ստացման եղանակի մասին:
85. Մանրէի, բույսերի և կենդանիների բջիջների կուլտուրայի շտամին` որպես նյութ արտադրողի, վերաբերող գյուտի ամենամոտ նմանակը նկարագրելիս բերվում են տեղեկություններ հայտնի արտադրող շտամների և արտադրվող նյութերի մասին:
86. Եթե գյուտը վերաբերում է հայտնի սարքի, եղանակի, նյութի, շտամի նոր նշանակությամբ կիրառմանը, ապա որպես նմանակ ծառայում են նույն նշանակությունն ունեցող հայտնի սարքերը, եղանակները, նյութերը, շտամները:
87. Գյուտերի խումբ նկարագրելիս նմանակների մասին տեղեկությունները բերվում են յուրաքանչյուր գյուտի համար առանձին:
Գյուտի էությունը
88. «Գյուտի էությունը բացահայտող տեղեկություններ» բաժնում մանրամասն բացահայտվում է այն խնդիրը, որի լուծմանը նպատակաուղղված է գյուտը և այն տեխնիկական արդյունքը, որը կարելի է ստանալ գյուտի կիրառմամբ:
89. Գյուտի էությունը արտահայտվում է գյուտի շնորհիվ ստացվող տեխնիկական արդյունքին հասնելու համար բավարար էական հատկանիշների ամբողջությամբ:
90. Տեխնիկական արդյունք է համարվում` գյուտի կիրառման արդյունքում ստացված առարկայի նոր հատկությունը կամ հայտնի հատկությունների բարելավումը:
91. Տեխնիկական արդյունք կարող է լինել, օրինակ` դեղի ազդեցության առաջացումը, շփման գործակցի նվազեցումը, չափիչ սարքի զգայունությունը, թրթռման նվազեցումը, ազդանշանի ձևի աղավաղման նվազեցումը և այլն:
92. Եթե գյուտը ապահովում է մի քանի տեխնիկական արդյունքների ստացում (այդ թվում նաև դրա կատարման որոշակի ձևերում կամ օգտագործման հատուկ պայմաններում), առաջարկվում է նշել դրանք:
93. Հատկանիշները էական են, եթե դրանք կարող են ազդեցություն ունենալ ստացվող տեխնիկական արդյունքի վրա, այսինքն գտնվում են նշված արդյունքի հետ պատճառահետևանքային կապի մեջ:
94. Բերվում են բոլոր էական հատկանիշները, որոնք բնութագրում են գյուտը, առանձնացնելով այն հատկանիշները, որոնք ամենամոտ նմանակը տարբերում են գյուտից, ընդ որում, նշում են տեխնիկական արդյունքն ապահովող հատկանիշների ամբողջությունը:
95. Եթե հատկանիշը բնութագրելիս բերվում է նուկլեոտիդների կամ ամինաթթուների հաջորդականությունը` նշվում է նրա համարը հաջորդականությունների ցանկում «SEC ID NO...» տեսքով, բերվում է համապատասխան տեքստ, եթե հաջորդականության բնութագիրը հաջորդականությունների ցանկում տրված է այդպիսի տեքստով:
96. Գյուտերի խմբի համար նշված տեղեկությունները, այդ թվում նաև տեխնիկական արդյունքին վերաբերող, բերվում են ամեն մի գյուտի համար առանձին:
97. Մանրէի, բույսերի և կենդանիների բջիջների կուլտուրայի շտամը նկարագրելիս լրացուցիչ նշվում են այն հատկանիշները, որոնցով այն տարբերվում է սկզբնական կամ մերձազգակցական շտամներից:
98. Հայտնի սարքի, եղանակի, նյութի, շտամի նոր նշանակությամբ կիրառմանը վերաբերող գյուտը նկարագրելիս բերվում են այդ հայտնի առարկայի բնութագիրը և տեղեկատվության աղբյուրի մատենագիտական տվյալները, նշվում են նրա հայտնի և նոր նշանակությունները:
99. Չի թույլատրվում հատկանիշի բնութագիրը փոխարինել տեղեկատվության աղբյուրով, որտեղ այդ հատկանիշը բացահայտված
Սարքը բնութագրող հատկանիշները
100. Սարքը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները`
կառուցվածքային տարրի (տարրերի) առկայությունը.
տարրերի միջև կապի առկայությունը.
տարրերի փոխդասավորվածությունը.
տարրի (տարրերի) կամ ամբողջական սարքի իրագործման ձևը, մասնավորապես` երկրաչափական ձևը.
տարրերի կապի իրագործման ձևը. տարրի (տարրերի) հարաչափերը և այլ հատկանիշները, դրանց փոխկապակցությունը.
նյութը, որից պատրաստված է տարրը (տարրերը) կամ սարքը ամբողջությամբ.
տարրի դեր կատարող միջավայրը
Եղանակը բնութագրող հատկանիշները
101. Եղանակը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները`
գործողության կամ գործողությունների համախմբության առկայությունը.
գործողությունների իրագործման հաջորդականությունը (հաջորդաբար, միաժամանակ, տարբեր զուգակցությամբ և այլն).
գործողությունների իրագործման պայմանները, ռեժիմը, նյութերի (սկզբնական նյութի, ազդանյութերի, կատալիզորդների և այլն), սարքերի (հարմարանքների, գործիքների, սարքավորումների և այլ), մանրէների, բույսերի և կենդանիների բջիջների կուլտուրաների շտամների օգտագործումը:
Անհատական միացությունը բնութագրող հատկանիշները
102. Անհատական միացությունը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները`
102.1. ցածրամոլեկուլային միացությունների համար` որակական կազմը (որոշակի տարրերի ատոմները), քանակական կազմը (յուրաքանչյուր տարրի ատոմների քանակը), քիմիական կառուցվածքային բանաձևով արտահայտված ատոմների միջև կապը և նրանց փոխդասավորվածությունը մոլեկուլում.
102.2. բարձրամոլեկուլային միացությունների համար` մակրոմոլեկուլի մեկ շղթայի քիմիական բաղադրությունը և կառուցվածքը, մակրոմոլեկուլի կառուցվածքը ամբողջությամբ (գծային, ճյուղավորված), շղթաների պարբերականությունը, մոլեկուլային զանգվածը, մոլեկուլազանգվածային բաշխումը, մակրոմոլեկուլի երկրաչափությունը և տարածաչափությունը, նրա ծայրային և կողմնային խմբերը.
102.3. չպարզված կառուցվածքով անհատական միացությունների համար` դրանք նույնականացնելու հնարավորություն ընձեռող ֆիզիկաքիմիական և այլ բնութագրերը (այդ թվում նաև եղանակի հատկանիշները), որոնք անհրաժեշտ են տվյալ միացությունը մյուսներից տարբերելու համար.
102.4. գենային կառուցվածքաբանության արգասիքներ հանդիսացող անհատական միացությունների համար` նուկլեոտիդային հաջորդականությունը (նուկլեաթթուների հատվածները) կամ ֆիզիկական քարտեզը (ռեկոմբինանտային նուկլեինաթթուների և վեկտորների դեպքում) և այլ ֆիզիկաքիմիական բնութագրեր, որոնք անհրաժեշտ են տվյալ միացությունը մյուսներից տարբերելու համար
Բաղադրանյութը բնութագրող հատկանիշները
103. Բաղադրանյութը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները`
որակական կազմը (բաղադրամասերը).
քանակական կազմը (բաղադրամասերի պարունակությունը).
բաղադրամասերի կառուցվածքը.
բաղադրանյութերի կառուցվածքը:
104. Չպարզված կառուցվածք ունեցող բաղադրանյութերը կարող են բնութագրել դրանց ֆիզիկաքիմիական, ֆիզիկական և կիրառական ցուցանիշները, ինչպես նաև ստացման եղանակի հատկանիշները:
Միջուկային կերպափոխությամբ ստացված նյութը բնութագրող հատկանիշները
105. Միջուկային կերպափոխությամբ ստացված նյութը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները`
որակական կազմը (տարրի իզոտոպը (ները)).
քանակական կազմը (պրոտոնների և նեյտրոնների քանակը).
հիմնական միջուկային բնութագրերը` կիսատրոհման պարբերությունը, ճառագայթման տեսակը և էներգիան (ճառագայթաակտիվ իզոտոպների համար):
Մանրէների, բույսերի ու կենդանիների բջիջների կուլտուրաների անհատական շտամները բնութագրող հատկանիշները
106. Մանրէի անհատական շտամը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները`
ծագումը (արտազտման աղբյուրը, տոհմականությունը).
տաքսոնոմիկ բնութագիրը.
տեսականշման բնութագրերը, աճեցման ստանդարտ պայմանները, անվանումը և շտամով արտադրվող նյութի պիտանի հատկությունները, ակտիվության (արգասավորության) մակարդակը.
վարակունակություն, հակագենային կառուցվածք (բժշկական և անասնաբուժական նպատակով օգտագործվող մանրէների շտամների դեպքում).
հիբրիդացման սկզբունքը (հիբրիդային մանրէների շտամների դեպքում).
այլ բնութագրեր, որոնք անհրաժեշտ են տվյալ մանրէի շտամը մյուսներից տարբերելու համար
107. Բույսերի ու կենդանիների բջիջների կուլտուրաների անհատական շտամները բնութագրում են լրացուցիչ, մասնավորապես, հետևյալ հատկանիշները`
աճման (կինետիկական) բնութագրերը.
կենդանու օրգանիզմում կուլտիվացման բնութագիրը (հիբրիդների դեպքում).
մորֆոգենեզի նկատմամբ ունակությունը (բույսերի բջիջների համար).
այլ բնութագրեր, որոնք թույլ են տալիս տվյալ բջջի կուլտուրան տարբերելու մյուսներից:
108. Մանրէների, բույսերի և կենդանիների բջիջների կուլտուրաների կոնսորցիումները բնութագրող հատկանիշները
Մանրէների կոնսորցիումները բնութագրելիս անհատական շտամների համար թվարկված հատկանիշներից բացի (տեÿս սույն կետի (է) ենթակետը), լրացուցիչ օգտագործվում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները` հարմարվողականության և ընտրողականության գործոնը ու պայմանները, տաքսոնոմիկ կազմը, բաղադրամասերի թիվը և գերկշռող բաղադրամասերը, փոխարինելիությունը, կոնսորցիումի տեսակը և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները ամբողջությամբ, ինչպես և այլ բնութագրեր, որոնք թույլ են տալիս տվյալ կոնսորցիումը տարբերել մյուսներից:
Հայտնի սարքի, եղանակի, նյութի, շտամի նոր նշանակությամբ կիրառումը որպես գյուտի առարկա բնութագրող հատկանիշները
109. Հայտնի սարքի, եղանակի, նյութի, շտամի նոր նշանակությամբ կիրառումը բնութագրելու համար օգտագործվում է կիրառվող առարկայի նույնականացման համար բավարար համառոտ բնութագիրը, և նշվում այդ կիրառումը նոր նշանակությամբ
Գծագրեր եվ այլ նյութեր
110. Նկարագրության այս բաժնում բերվում է նկարների ցանկը և նրանցից յուրաքանչյուրի հակիրճ բացատրությունը: Եթե ներկայացված են գյուտի էությունը պարզաբանող այլ նյութեր, բերվում է դրանց հակիրճ պարզաբանումը:
Գյուտի իրագործելիությունը հաստատող տեղեկություններ
111. Այս բաժնում ցույց է տրվում «Գյուտի էությունը» նկարագրության բաժնում նշված տեխնիկական արդյունքին հասնելու հնարավորությունը:
112. Եթե ինչ-որ հատկանիշներ հավակնության սահմանումում տրված են ընդհանրացված հասկացություններով, բերվում են տեղեկություններ` գյուտի մեջ օգտագործվող կոնկրետ միջոցների մասին: Այդ միջոցները նկարագրվում են կամ նկարագրության այս բաժնում, կամ նշվում է գյուտի առաջնության թվականից ավելի վաղ հայտնի տեղեկատվության աղբյուրը:
113. Եթե որպես գյուտի բնութագիր օգտագործվում են քանակական հատկանիշները, որոնք արտահայտվում են որպես նշանակությունների միջակայք, տրվում է այդ միջակայքում տեխնիկական արդյունքին հասնելու հնարավորությունը:
Սարքին վերաբերող գյուտի իրագործելիությունը հաստատող տեղեկություններ
114. Սարքին վերաբերող գյուտի համար բերվում է նրա կառուցվածքի նկարագրությունը (ստատիկ վիճակում)` գծագրերի, նկարների վկայակոչումով: Կառուցվածքային տարրերի թվային նշանակումները նկարագրության մեջ ու գծագրի վրա պետք է համընկնեն և տրվեն ըստ հիշատակման հաջորդականության, աճման կարգով: Այնուհետև նկարագրվում է սարքի գործողությունը (աշխատանքը) կամ օգտագործման եղանակը` վկայակոչելով գծագրերի նկարները, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ պարզաբանող նյութեր (էպյուրներ, ժամանակային դիագրամներ և այլն): Ընդ որում, մանրամասն նկարագրվում է սարքի աշխատանքը այն ռեժիմում, որը ապահովում է հայտարկվող տեխնիկական արդյունքը: Սարքում նոր նյութեր օգտագործելու դեպքում, բացահայտվում է նաև նրա ստացման եղանակը:
115. Եթե սարքը պարունակում է ֆունկցիոնալ մակարդակով բնութագրված տարր և ենթադրում ծրագրավորված բազմաֆունկցիոնալ միջոցի օգտագործում, ապա ներկայացվում են այդ միջոցով տվյալ սարքի կազմում նախատեսված որոշակի գործառույթի կատարման հնարավորությունը հաստատող տեղեկություններ: Այն դեպքում, երբ այսպիսի տեղեկությունների թվում բերվում է ալգորիթմ, մասնավորապես` հաշվողական, ապա նախընտրելի է այն ներկայացնել բլոկ-սխեմայի կամ, եթե դա հնարավոր է, համապատասխան մաթեմատիկական արտահայտության տեսքով:
Եղանակին վերաբերող գյուտի իրագործելիությունը ապահովող տեղեկություններ
116. Եղանակին վերաբերող գյուտի համար նշվում են նույնական առարկայի նկատմամբ իրականացվող գործողությունների (գործելաձևերի, գործառույթների) հաջորդականությունը, ինչպես նաև` գործողությունների անցկացման պայմանները, կոնկրետ ռեժիմները (ջերմաստիճանը, ճնշումը և այլն), անհրաժեշտության դեպքում` օգտագործվելիք սարքերը, նյութերը և շտամները: Եթե եղանակը բնութագրվում է մինչև առաջնության թվականը հայտնի միջոցների (սարքերի, նյութերի և շտամների) օգտագործումով, բավական է նշել այդ միջոցները: Հայտնիների դասին չպատկանող միջոցների օգտագործման դեպքում բերվում է դրանց բնութագիրը կամ, անհրաժեշտության դեպքում, կցվում է գրաֆիկական պատկերը:
117. Եղանակում նոր նյութեր օգտագործելիս բացահայտվում է դրանց ստացման եղանակը:
118. Ընդհանուր կառուցվածքային բանաձև ունեցող նոր քիմիական միացությունների խմբի ստացման եղանակին վերաբերող գյուտի համար բերվում է խմբին պատկանող միացության տվյալ եղանակով ստանալու օրինակ, իսկ եթե խումբը ներառում է տարբեր քիմիական բնույթի ռադիկալներով միացություններ, բերվում են այդպիսի միացություններ ստանալու հնարավորությունը հաստատող բավարար քանակի օրինակներ: Խմբին պատկանող միացությունների ստացման համար բերվում են հայտնի եղանակներով ապացուցված կառուցվածքային բանաձևեր և ֆիզիկաքիմիական բնութագրեր: Նկարագրության մեջ նշվում են նաև տեղեկություններ նոր միացությունների նշանակության կամ կենսաբանորեն ակտիվ հատկությունների մասին:
119. Չպարզված կառուցվածքով անհատական քիմիական միացությունների կամ չպարզված բաղադրակազմով և/կամ կառուցվածքով բաղադրանյութերի ստացման եղանակներին վերաբերող գյուտերի համար նշվում են այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են տվյալ միացությունները տարբերելու մյուսներից: Միացությունների կամ բաղադրանյութերի ստացման համար բերվում են տեղեկություններ սկզբնական ազդանյութերի, ինչպես նաև` հայտատուի կողմից նշված միացության նշանակության իրականացման հնարավորությունը հաստատող, մասնավորապես, այդպիսի նշանակությունը պայմանավորող հատկությունների մասին:
120. Մարդկանց կամ կենդանիների հիվանդության բուժման, ախտորոշման կամ կանխարգելման եղանակին վերաբերող գյուտի համար բերվում են տեղեկություններ բացահայտված գործոնների մասին, որոնք ազդում են ախտածնության պատճառների (էտիոպաթոգենեզի) վրա, կամ պայմանավորում են կապի առկայությունը ախտածնության պատճառների և կիրառվող ախտորոշման ցուցանիշների միջև, իսկ այդպիսի տեղեկությունների բացակայության դեպքում` ստույգ տվյալներ, որոնք ապացուցում են նշված հիվանդության բուժման, ախտորոշման կամ կանխարգելման եղանակի պիտանիությունը:
Նյութերին վերաբերող գյուտի իրագործելիությունը ապահովող տեղեկություններ
121. Պարզված կառուցվածքով նոր անհատական քիմիական միացությանը վերաբերող գյուտի համար բերվում են հայտնի եղանակներով ապացուցված կառուցվածքային բանաձևը և ֆիզիկաքիմիական հաստատունները:
122. Գենային կառուցվածքաբանության առարկա հանդիսացող անհատական միացությանը վերաբերող գյուտի համար բերվում են նուկլեոտիդային հաջորդականությունը (նուկլեաթթուների հատվածների դեպքում) կամ ֆիզիկական քարտեզը (ռեկոմբինանտային նուկլեաթթուների և վեկտորների դեպքում), և այլ բնութագրեր, որոնք թույլ են տալիս տվյալ միացությունները տարբերել մյուսներից: Նկարագրվում է այն եղանակը, որով առաջին անգամ ստացվել է նոր միացությունը և ցույց տրվում այդ միացության օգտագործման հնարավորությունը: Նուկլեոտիդների կամ ամինաթթուների հաջորդականությունը ներկայացնելիս նշվում է նրա համարը հաջորդականությունների ցանկում «SEC ID NO..» տեսքով, բերվում է համապատասխան տեքստ, եթե հաջորդականության բնութագիրը հաջորդականությունների ցանկում տրված է այդպիսի տեքստով:
123. Կենսաբանորեն ակտիվ միացությանը վերաբերող գյուտի համար բերվում են ակտիվության և թունայնության քանակական բնութագրերի ցուցանիշները, իսկ անհրաժեշտության դեպքում` ներգործության ընտրաունակությունը և այլ ցուցանիշներ:
124. Մարդկանց կամ կենդանիների որոշակի հիվանդության բուժման, ախտորոշման կամ կանխարգելման դեղամիջոցին վերաբերող գյուտերի համար բերվում են բացահայտված գործոնների մասին տեղեկություններ, որոնք պարզաբանում են դրա կիրառման ազդեցությունը ախտածնության պատճառների (էտիոպաթոգենեզի) վրա, իսկ այդպիսի տեղեկությունների բացակայության դեպքում` ստույգ տվյալներ, որոնք ապացուցում են նշված հիվանդության բուժման, ախտորոշման կամ կանխարգելման համար դեղամիջոցի պիտանելիությունը:
125. Մանրէների և բույսերի ու կենդանիների բջիջների կուլտուրայի շտամի օգտագործմամբ ստացված նոր անհատական քիմիական միացությանը վերաբերող գյուտի համար բերվում են տեղեկություններ սույն շտամի մասնակցությամբ կենսասինթեզի եղանակի մասին, տվյալներ շտամի մասին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա ավանդադրման մասին:
126. Ընդհանուր կառուցվածքային բանաձև ունեցող պարզված կառուցվածքով նոր անհատական քիմիական միացությունների խմբին վերաբերող գյուտի համար հաստատվում է ստացման եղանակի ընդհանուր սխեմայի միջոցով խմբի բոլոր միացությունների ստացման հնարավորությունը, ինչպես նաև` խմբի կոնկրետ միացության ստացման օրինակ, իսկ եթե խումբը (շարքը) ներառում է տարբեր քիմիական ռադիկալներով միացություններ, ապա բերվում են այդպիսի ռադիկալներով միացությունների ստացման հնարավորությունը հաստատող բավարար քանակով օրինակներ:
127. Ստացված միացությունների համար բերվում են նաև հայտնի եղանակներով ապացուցված դրանց կառուցվածքային բանաձևերը, ֆիզիկաքիմիական հաստատունները, նշված նշանակության իրագործման հնարավորության ապացույցները` հաստատելով այդպիսի հնարավորություն տարբեր քիմիական բնույթի ռադիկալներով որոշ միացությունների համար:
128. Եթե նոր միացությունները կենսաբանորեն ակտիվ են, բերվում են այդ միացությունների ակտիվության և թունայնության ցուցանիշները, իսկ անհրաժեշտության դեպքում` ներգործության ընտրունակությունը և այլ ցուցանիշներ:
129. Եթե գյուտը վերաբերում է միջանկյալ միացությանը, նշվում է նաև նրա վերամշակման հնարավորությունը հայտնի վերջնական արգասիքի կամ այդ միացությունից կոնկրետ նշանակությամբ կամ կենսաբանորեն ակտիվ հատկություններով նոր վերջնական արգասիքի ստացման հնարավորությունը:
130. Եթե գյուտը վերաբերում է բաղադրանյութի (խառնուրդի, լուծույթի, համահալվածքի, ապակու և այլն), բերվող օրինակներում նշվում են բաղադրամասերը, դրանց բնութագիրը և քանակական հարաբերակցությունը: Նկարագրվում է բաղադրանյութի ստացման եղանակը, իսկ եթե որպես բաղադրամաս այն պարունակում է նոր նյութ, ապա նկարագրվում է նաև նրա ստացման եղանակը:
131. Բերվող օրինակներում յուրաքանչյուր բաղադրամասի պարունակությունը նշվում է այնպիսի եզակի արժեքով, որը գտնվում է գյուտի հավակնության սահմանման մեջ նշված արժեքների միջակայքում (հավակնության սահմանման մեջ բաղադրամասերի քանակական հարաբերակցությունը տոկոսներով (զանգվածով կամ ծավալով) արտահայտելու դեպքում օրինակում նշված բոլոր բաղադրամասերի գումարային պարունակությունը պետք է հավասար լինի 100 տոկոսի):
Մանրէների, բույսերի եվ կենդանիների բջիջների կուլտուրայի շտամին վերաբերող գյուտի իրագործելիությունը հաստատող տեղեկություններ
132. Շտամին վերաբերող գյուտի համար նշվում են` շտամի անվանացուցակային տվյալները և ծագումը, տվյալներ սնուցիչ միջավայրերի (ցանքային և ֆերմենտումային) քանակական և որակական կազմերի, կուլտիվացման պայմանների (ջերմաստիճանը, pH-ը, Օ2 տեսակարար զանգվածատեղափոխությունը, լուսավորվածությունը և այլն), ֆերմենտումի ժամանակի, կենսասինթեզի բնութագրի, օգտակար (նպատակային) արգասիքների, արգասիքի ելքի, շտամի ակտիվության (արդյունավետության) մակարդակի և այլն որոշելու (տեստավորման) եղանակի մասին: Բացահայտվում է նպատակային արգասիքների (նոր նպատակային արգասիքներ, օրինակ, հակաբիոտիկների, ֆերմենտների, միակլոնային հակամարմինների և այլնի արտադրողների համար) արտազատման և մաքրման եղանակը:
133. Մանրէների, բույսերի և կենդանիների բջիջների կուլտուրաների կոնսորցումների համար նշվում են հետևյալ տվյալները` բաղադրամասերի առկայության ստուգման եղանակը, արտազատման (սելեկցիայի) եղանակը և այն հատկանիշները, որոնցով կատարվել է սելեկցիան, երկարատև կուլտիվացման դեպքում կոնսորցիումի կայունությունը, կողմնակի մանրէներով վարակման նկատմամբ կայունությունը:
134. Մանրէների, բույսերի ու կենդանիների բջիջների շտամին կամ դրա օգտագործման եղանակին վերաբերող գյուտի իրագործելիության հնարավորությունը հաստատվում է շտամի ստացման եղանակի նկարագրությունով կամ, եթե այդ նկարագրությունը բավարար չէ շտամի ստացման համար, ապա բերվում են շտամի ավանդադրման տվյալները (ավանդադրման կենտրոնի անվանումը և գրանցման համարը), ընդ որում, ավանդադրման թվականը պետք է նախորդի գյուտի առաջնության թվականին:
135. Արտոնագրման նպատակներով ավանդադրումը համարվում է կայացած, եթե շտամը տեղակայված է միջազգային ստատուս ունեցող կամ ՀՀ հավաքածուում, որը երաշխավորում է շտամի պահպանումը, առնվազն, արտոնագրի գործողության ընթացքում:
Նոր նշանակությամբ կիրառմանը վերաբերող գյուտի իրագործելիությունը հաստատող տեղեկություններ
136. Սարքի, եղանակի, նյութի, շտամի նոր նշանակությամբ կիրառմանը վերաբերող գյուտի համար բերվում են տեղեկություններ, որոնք հաստատում են այդ նոր նշանակությամբ դրանց իրագործման հնարավորությունը:
V. Գյուտի հավակնության սահմանումը
Հավակնության սահմանման նշանակությունը եվ դրան ներկայացվող պահանջները
137. Հավակնության սահմանումը որոշում է բոլոր էական հատկանիշների արտոնագրով ընձեռվող իրավական պահպանության ծավալը:
138. Հավակնության սահմանումը արտահայտում է գյուտի էությունը և պետք է ամբողջությամբ հիմնված լինի նկարագրության վրա, այսինքն` բնութագրվի նկարագրության մեջ օգտագործվող հասկացություններով:
139. Հավակնության սահմանումը համարվում է գյուտի էությունը արտահայտող, եթե այն ներառում է էական հատկանիշների համախմբություն, որը բավարար է հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքին հասնելու համար:
140. Գյուտի հատկանիշները արտահայտվում են գյուտի հավակնության սահմանման մեջ այնպես, որ ապահովվի դրանց նույնականացման հնարավորությունը, այսինքն` դրանց իմաստային բովանդակությունը մասնագետի կողմից միանշանակ հասկանալու հնարավորությունը` հիմնվելով տեխնիկայի հայտնի մակարդակի վրա:
141. Հավակնության սահմանման հատկանիշի բնութագրումը չի կարելի փոխարինել` հղում կատարելով տեղեկատվության աղբյուրին: Հատկանիշի բնութագրման փոխարինումը նկարագրության կամ գծագրերի հղումով թույլատրվում է միայն այն դեպքում, երբ առանց այդ հղումի հնարավոր չէ բնութագրել հատկանիշը` չխախտելով սույն Կանոնների 140-րդ կետի պահանջը: Մասնավորապես, հավակնության սահմանումը չպետք է պարունակի այնպիսի հղումներ, ինչպիսիք են` «ինչպես նկարագրված է նկարագրության ...բաժնում», կամ` «ինչպես ցուցադրված է գծագրի ... տարրում»:
142. Նպատակահարմար է գյուտի հատկանիշը նկարագրել ընդհանուր հասկացությամբ (որն արտահայտում է ֆունկցիան, հատկությունները ... և այլն), որն ընդգրկում է դրա իրագործման տարբեր մասնավոր ձևերը, հատկապես, եթե այդ հասկացության բնութագրերը ապահովում են այլ հատկանիշների համախմբությամբ հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքին հասնելը:
143. Հատկանիշը կարելի է արտահայտել այլընտրանքի տեսքով, պայմանով, որ այդ հատկանիշը (նշված այլընտրանքի ցանկացած տեսքով) գյուտի այլ հատկանիշների համախմբությամբ ապահովում է նույն տեխնիկական արդյունքի ստացումը:
144. Եթե հավակնության սահմանման հատկանիշը բնութագրվում է նուկլեոտիդների կամ ամինաթթուների հաջորդականությամբ, ապա կարելի է նշել միայն հաջորդականության համարը հաջորդականությունների ցանկում, օրինակ` «SEC ID NO...»:
Հավակնության սահմանման կառուցվածքը
145. Հավակնության սահմանումը կարող է լինել միօղակ կամ բազմօղակ և ներառել համապատասխանաբար մեկ կամ մի քանի կետ:
Միօղակ հավակնության սահմանումը
146. Միօղակ հավակնության սահմանումը կիրառվում է էական հատկանիշների համախմբությամբ այն գյուտը բնութագրելու համար, որն իր կատարման կամ օգտագործման մասնավոր դեպքերում չունի այդ համախմբության զարգացում կամ ճշգրտում:
Բազմօղակ հավակնության սահմանումը
147. Բազմօղակ հավակնության սահմանումը կիրառվում է գյուտերի խումբը էական հատկանիշների համախմբությամբ բնութագրելու կամ այն գյուտը բնութագրելու համար, որն իր կատարման կամ օգտագործման մասնավոր դեպքերում ունի այդ համախմբության զարգացում կամ ճշգրտում:
148. Մեկ գյուտ բնութագրող բազմօղակ հավակնության սահմանումն ունի մեկ անկախ կետ և դրան հաջորդող կախյալ կետ (կետեր): 149. Գյուտերի խումբ բնութագրող բազմօղակ հավակնության սահմանումն ունի մի քանի անկախ կետեր, որոնցից յուրաքանչյուրը բնութագրում է խմբի գյուտերից մեկը: Ընդ որում, խմբի յուրաքանչյուր գյուտ կարող է լրացուցիչ բնութագրվել համապատասխան անկախ կետի կախյալ կետերի օգնությամբ:
150. Գյուտերի խումբը բնութագրող հավակնության սահմանումը շարադրելիս պահպանվում են հետևյալ կանոնները`
150.1. առանձին գյուտեր բնութագրող անկախ կետերը, որպես կանոն, չեն պարունակում այլ կետերի վկայակոչումներ (այդպիսի վկայակոչում թույլատրվում է միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է անկախ կետի բովանդակությունն ամբողջությամբ բերել այլ կետի մեջ, առանց անկախ կետի շարադրությունը կրկնելու).
150.2. անկախ կետին հաջորդում են դրա կախյալ կետերը, եթե այդպիսիք կան.
150.3. եթե գյուտերի խումբ ներկայացնելու դեպքում դրանց միջև կապը պայմանավորված է գյուտերից մեկի նախասահմանմամբ` գյուտի առարկայի ստացման, կատարման կամ դրա (դրանում) օգտագործման համար, ապա առաջինը բերվում է այն գյուտը բնութագրող անկախ կետը, որի համար նախասահմանված է մյուս գյուտը:
Հավակնության սահմանման կետը
151. Գյուտի առարկան, որին ընձեռվում է պահպանություն, որոշվում է գյուտի տեխնիկական հատկանիշների տերմիններով:
152. Հավակնության սահմանման կետը, որպես կանոն, կազմված է սահմանափակիչ մասից, որը ներառում է գյուտի ամենամոտ նմանակի հատկանիշներին համընկնող էական հատկանիշները, այդ թվում` գյուտի նշանակությունը արտահայտող սեռային հասկացությունը (գյուտի անվանումը), և տարբերիչ մասից, որը սկսվում է «տարբերվում է նրանով» կապակցությամբ և ներառում է գյուտի` ամենամոտ նմանակից տարբերող էական հատկանիշները:
153. Հավակնության սահմանումը կազմվում է առանց սահմանափակիչ և տարբերիչ մասերի բաժանման, եթե այն բնութագրում է`
անհատական քիմիական միացություն.
մանրէի, բույսերի և կենդանիների բջիջների կուլտուրայի շտամ.
հայտնի սարքի, եղանակի, նյութի, շտամի կիրառումը նոր նշանակությամբ,
նմանակներ չունեցող գյուտ:
154. Հավակնության սահմանման կետը կարող է կազմվել առանց սահմանափակիչ և տարբերիչ մասերի բաժանման, եթե այն Փարիզյան կոնվենցիայով հայտ է, կամ միջազգային հայտ` ազգային փուլ փոխադրման ժամանակ: Այս դեպքում հավակնության սահմանման կետի կառուցվածքը կարող է համընկնել առաջնային հայտի հավակնության սահմանման կետի կառուցվածքին:
155. Հավակնության սահմանումը (կամ բազմօղակ սահմանման յուրաքանչյուր կետը) շարադրվում է մեկ նախադասությամբ:
Հավակնության սահմանման անկախ կետը
156. Հավակնության սահմանման անկախ կետը վերաբերում է միայն մեկ գյուտի և հանդիսանում է գյուտի բոլոր էական հատկանիշների համախմբությամբ արտահայտված նրա տրամաբանական բնութագիրը, որը ծառայում է արտոնագրով ընձեռվող իրավական պահպանության ծավալի որոշմանը:
157. Հավակնության սահմանման անկախ կետը չի վերաբերում մեկ գյուտի, եթե դրա էական հատկանիշների համախմբությունն արտահայտում է`
157.1. տարբեր տեսակի առարկա հանդիսացող գյուտերի կամ միջոցների համախմբության (որոնցից յուրաքանչյուրն ունի սեփական նշանակություն և համախմբության կազմում չի ծառայում ընդհանուր նշանակության իրագործմանը) բնութագիր.
157.2. այլընտրանքի ձևով արտահայտված հատկանիշներ, որոնք չեն ապահովում միևնույն տեխնիկական արդյունքի ստացում, կամ այլընտրանքի ձևով արտահայտված հատկանիշների խմբեր, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է մի քանի ֆունկցիոնալ ինքնուրույն հատկանիշներ (սարքի հանգույցը կամ տարրը, եղանակի փուլը, եղանակում օգտագործվող նյութը, արգասիքը, հարմարանքը, բաղադրանյութի բաղադրիչը), այդ թվում, եթե այդ հատկանիշներից որևէ մեկի համար այլընտրանքային որևէ ձևի ընտրությունը կախված է մեկ (մի քանի) այլ հատկանիշի (հատկանիշների) ընտրությունից:
158. Հայտի ներկայացման թվականից հետո հայտատուն չի կարող առաջարկել հավակնության սահմանման նոր անկախ կետ (այն թույլատրվում է ներկայացնել միայն զատված հայտի տեսքով, եթե դրանով բնորոշվող գյուտի էությունը բացահայտված էր գյուտի նկարագրության մեջ):
Հավակնության սահմանման կախյալ կետը
159. Հավակնության սահմանման կախյալ կետը ներառում է գյուտի անկախ կետում բերված էական հատկանիշների համախմբության զարգացումը և/կամ ճշգրտումը այն հատկանիշներով, որոնք բնութագրում են գյուտը միայն նրա կատարման կամ օգտագործման մասնավոր դեպքերում:
160. Հավակնության սահմանման կախյալ կետի սահմանափակիչ մասը կազմված է գյուտի նշանակությունը արտահայտող սեռային հասկացությունից և այն անկախ և/կամ կախյալ կետի (կետերի) վկայակոչումից, որին (որոնց) վերաբերում է տվյալ կախյալ կետը:
161. Յուրաքանչյուր կախյալ կետում հավակնության սահմանման մի քանի կետեր կարող են վկայակոչվել միայն այլընտրանքի ձևով:
162. Եթե գյուտի կատարման կամ օգտագործման մասնավոր դեպքերում այն բնութագրելու համար կախյալ կետի հատկանիշների հետ մեկտեղ անհրաժեշտ են միայն անկախ կետի հատկանիշները, ապա կախյալ կետը վերագրվում է անկախ կետին, իսկ եթե նշված բնութագրման համար անհրաժեշտ են նաև հավակնության սահմանման մեկ այլ կամ մի քանի կախյալ կետերի հատկանիշներ, ապա տվյալ կախյալ կետը վերագրվում է անկախ կետին` համապատասխան կախյալ կետերի միջոցով:
163. Հավակնության սահմանման կախյալ կետը չի կարող շարադրվել այնպես, որ փոխարինվեն կամ բացառվեն գյուտի` անկախ կետը բնութագրող հատկանիշները կամ ներառել հատկանիշների այնպիսի համախմբություն, որը նշված է սույն Կանոնների 156-158 կետերում:
164. Եթե գյուտի հավակնության սահմանման կախյալ կետը շարադրված է այնպես, որ բացառված կամ փոխարինված են անկախ կետի հատկանիշները, ապա չի կարող ընդունվել, որ տվյալ կախյալ կետը անկախ կետի հետ միասին բնութագրում են մեկ գյուտ:
Սարքին վերաբերող հավակնության սահմանման առանձնահատկությունները
165. Սարքի հատկանիշները հավակնության սահմանման մեջ շարադրվում են այնպես, որ սարքը բնութագրվի ստատիկ վիճակում: Սարքի կառուցվածքային տարրի կատարումը բնութագրելիս կարող է նշվել դրա շարժունակության, որոշակի գործառույթի իրականացման հնարավորությունը:
166. Կարող են օգտագործվել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` «A տարրը տեղակայված է պտտման (սևեռակման, ուղղահայաց դիրքի փոփոխության և այլն) հնարավորությամբ»: Կարող են օգտագործվել նաև այնպիսի արտահայտություններ, որոնք պարզաբանում են նշանակությունը, կամ գործառույթը, այս կամ այն հանգույցի կամ մեխանիզմի գործողության սկզբունքը, հատկապես երբ այն օժանդակում է գյուտը առավել ամբողջական հասկանալուն (օրինակ` «...օգտագործված է X տարրը, որը ապահովում է...»):
167. Պարտադիր չէ, որ սարքի հատկանիշները ներկայացվեն, որպես կոնկրետ նյութական միջոցներ: Այդ հատկանիշները կարող է ներկայացվել դրանց ֆունկցիոնալ հատկությունների միջոցով, պայմանով, որ մասնագետի մոտ կասկած չի հարուցում հայտնի նյութական միջոցներով այդ գործառույթները իրագործելու հնարավորությունը: Օրինակ` «Սարքն ունի X հանգույցի սառեցման օդափոխիչ»-ի փոխարեն կարելի է նշել. «Սարքն ունի X հանգույցի սառեցման միջոց», հատկապես, եթե դա չի փոխում գյուտի էությունը:
168. Եթե հայտնի սարքում կատարելագործվում է որևէ հանգույց, ապա գյուտի հավակնության սահմանման սահմանափակիչ մասում, ոչ պարտադիր, թվարկվում են դրա բոլոր էական հատկանիշները, որոնք այդ առարկայի անբաժանելի մասն են կազմում: Օրինակ` եթե նկարագրվում է հեծանիվը, պարտադիր չէ նշել, որ դաունի անիվներ:
169. Եթե հավակնության սահմանման մեջ գյուտը բնութագրվում է այլընտրանքային միջոցների կիրառմամբ, որոնց սեռային պատկանելության որոշումը դժվար է, ապա այդ հասկացությունները ներկայացվում են` թվարկելով դրանք «կամ» շաղկապի միջոցով:
170. Եթե գյուտի էությունը գյուտի հավակնության սահմանումից պարզ չէ, ապա հավակնության սահմանման մեջ կարող են ներառվել գծագրի տարրերի համարները, որոնք պետք է նշվեն տերմինից հետո` փակագծերում:
Եղանակին վերաբերող հավակնության սահմանման առանձնահատկությունները
171. Եղանակին վերաբերող հավակնության սահմանումը ներառում է տեղեկատվություն, որը վերաբերում է գործողության կամ գործողությունների համախմբության առկայությանը, գործողությունների իրագործման հաջորդականությանը (հաջորդաբար, միաժամանակ, տարբեր զուգակցությամբ և այլն) և գործողությունների իրագործման պայմանների, ռեժիմների, նյութերի (սկզբնական հումքի, գործիքների, ազդանյութերի, կատալիզորդների և այլն), սարքերի (հարմարանքների, գործիքների, սարքավորումների և այլն), մանրէների, բույսերի և կենդանիների բջիջների կուլտուրաների շտամների օգտագործմանը:
172. Գործողությունը (գործադրաձևը, գործույթը) որպես եղանակի հատկանիշ բնութագրելիս` բայերը օգտագործվում են ներգործական սեռով, սահմանական եղանակով, երրորդ դեմքով, հոգնակի թվով (օրինակ` տաքացնում են, խոնավացնում են, սառեցնում են և այլն):
173. Եթե հավակնության սահմանման մեջ գյուտը բնութագրվում է այլընտրանքային հասկացությունների օգտագործմամբ, որոնց սեռային պատկանելության որոշումը դժվար է, ապա այդ հասկացությունները կարող են ներկայացվել, թվարկելով դրանք «կամ» շաղկապի միջոցով: Օրինակ` քիմիական հայտերում, գյուտի հավակնության սահմանման անկախ կետում այդ հասկացությունները կարող են ներկայացվել հետևյալ ձևով, «...օգտագործված է A նյութը կամ B նյութը...» և այլն, կամ` «նյութը ընտրված է ....խմբից»: Ավելի մանրամասն տե'ս սույն Կանոնների 174-186 կետերում:
Նյութին վերաբերող հավակնության սահմանման առանձնահատկությունները
174. Ցանկացած ծագում ունեցող անհատական քիմիական միացությունը բնութագրող հավակնության սահմանումը ներառում է միացության անվանումը կամ դրա նշանակությունը:
175. Գենային կառուցվածքաբանության առարկաներ բնութագրող հավակնության սահմանումը ներառում է նուկլեոտիդային հաջորդականությունների ցանկում կոնկրետ հաջորդականության համարի նշումը (նուքլեինաթթուների հատվածների դեպքում) և ֆիզիկական քարտեզի բառային նկարագրությունը (ռեկոմբինանտային նուքլեինաթթուների և վեկտորների հատվածների դեպքում), ամինաթթվային հաջորդականությունների ցանկում կոնկրետ հաջորդականության համարի նշումը, ինչպես նաև ֆիզիկաքիմիական և այլ հատկությունները, որոնք անհրաժեշտ են տվյալ միացության նույնականացման համար: Եթե հայտը պարունակում է նուկլեոտիդների և/կամ ամինաթթուների հաջորդականությունների բացահայտում, նկարագրությունը և հավակնության սահմանումը պետք է պարունակեն համակարգչի համար մատչելի տեսքով տեղեկատվություն (PCT-ի Վարչական հրահանգի համաձայն) և/կամ ՄՍՀԿ ST.6 ստանդարտի համաձայն (տե'ս սույն Կանոնների 250-252-րդ կետերը):
176. Պարզված կառուցվածքով քիմիական միացություն բնութագրող հավակնության սահմանումը ներառում է դրա կառուցվածքային բանաձևը:
177. Չպարզված կառուցվածքով քիմիական միացություն բնութագրող հավակնության սահմանումը ներառում է դրա ֆիզիկաքիմիական և այլ հատկությունները (մասնավորապես` դրա ստացման եղանակի հատկանիշները), որոնք անհրաժեշտ են տվյալ միացության նույնականացման համար:
178. Բաղադրանյութ բնութագրող հավակնության սահմանումը ներառում է հատկանիշներ, որոնք վերաբերում են որակական կազմին (բաղադրամասերին) և, անհրաժեշտության դեպքում` քանակական կազմին:
179. Եթե բաղադրանյութը բնութագրող հավակնության սահմանումը ներառում է բաղադրամասերի քանակական պարունակությանը վերաբերող հատկանիշներ, ապա դրանք արտահայտվում են ցանկացած միարժեք միավորներով, որպես կանոն, պարունակության նվազագույն և առավելագույն սահմանները (ստորին և վերին) բնութագրող երկու նշանակություններով: Ընդ որում, քանակական պարունակությունը գերադասելի է արտահայտել զանգվածային տոկոսներով (զանգվ.(%):
180. Բաղադրանյութի բաղադրամասերից մեկի պարունակությունը կարող է նշվել մեկ արժեքով, իսկ մնացած բաղադրամասերինը` որպես այդ միավոր արժեքի նկատմամբ արժեքների միջակայք (օրինակ, բաղադրամասերի պարունակությունը նշվում է հիմնական բաղադրամասերի 100 զանգվածային մասերի կամ լուծույթի 1 լիտրի նկատմամբ): Այդ դեպքում բաղադրամասերի պարունակության միջակայքը նշվում է զանգվածային տոկոսներով, փակագծերում:
181. Բաղադրանյութի կազմում հակաբիոտիկների, անատոքսինների և այլնի քանակական պարունակությունը կարող է նշվել այլ միավորներով, քան բաղադրանյութի մնացած բաղադրամասերինը (օրինակ, հազար միավորներով բաղադրանյութի մնացած բաղադրամասերի զանգվածային քանակության նկատմամբ):
182. Եթե բաղադրանյութին վերաբերող գյուտը բնութագրվում է լրացուցիչ բաղադրամասի ներմուծմամբ, ապա հավակնության սահմանման մեջ համապատասխան տարբերիչ հատկանիշից առաջ դրվում է «լրացուցիչ պարունակում է» բառակապակցությունը:
183. Այն բաղադրանյութերի համար, որոնց նշանակությունը որոշվում է միայն նոր ակտիվ տարրով, իսկ այլ բաղադրամասերը չեզոք կրողներ են տվյալ նշանակության բաղադրանյութերի մեջ ավանդային օգտագործվողների շարքից, հավակնության սահմանման մեջ կարող են նշվել միայն այդ ակտիվ տարրի և բաղադրանյութի կազմում դրա քանակական պարունակությունը, այդ թվում` «արդյունավետ քանակ» ձևով:
184. Այդպիսի բաղադրանյութ բնութագրելու մեկ այլ տարբերակ է, երբ, բացի ակտիվ տարրից, նշվում են նաև այլ բաղադրամասերը (կայունարարներ, կոնսերվանտներ, լցանյութեր, չեզոք կրողներ և այլն)` «նպատակային հավելույթ» ընդհանրացված հասկացության ձևով: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում, կարող է նշվել ակտիվ տարրի և նպատակային հավելույթի քանակական հարաբերակցությունը:
185. Եթե որպես գյուտի հատկանիշ նշված է հայտնի բարդ բաղադրանյութ, ապա կարող է օգտագործվել դրա հատուկ անվանումը` բերելով նաև նյութի և դրա հիմնակմախքի ֆունկցիան կամ հատկությունները: Այս դեպքում գյուտի նկարագրության մեջ պետք է բերվի տվյալ նյութի լրիվ կազմը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` այդ նյութի ստացման եղանակը:
Մանրէների, բույսերի եվ կենդանիների բջիջների կուլտուրայի շտամին վերաբերող հավակնության սահմանումը
186. Մանրէների, բույսերի և կենդանիների բջիջների կուլտուրայի շտամը բնութագրող հավակնության սահմանումը ներառում է` մանրէի, բույսի կամ կենդանու, որին վերաբերում է շտամը, սեռի և տեսակային մակդիրի լատինական անվանումը, շտամի նշանակությունը, պաշտոնական հավաքածուի` ավանդադրման կենտրոնի հապավումը, ավանդադրված առարկային ըստ հավաքածուի շնորհված գրանցման համարը:
187. Գենը բնութագրող հավակնության սահմանումը ներառում է` ԴՆԹ-ի նուկլեոտիդների հաջորդականությունը և/կամ այդ գենով կոդավորվող սպիտակուցի ամինաթթուների հաջորդականությունը:
188. Վեկտորը (պլազմիդը) բնութագրող հավակնության սահմանումը ներառում է` ԴՆԹ-ի նուկլեոտիդների հաջորդականությունը, ռեստրիկցիայի քարտեզը, մոլեկուլային կշիռը, հիմքերի զույգերի քանակը, ստացման աղբյուրը, վեկտորի (պլազմիդի) տարբերակման համար էական կառուցվածքային տարրերի ստացման եղանակը և ֆունկցիոնալ ակտիվությունը: Լրացուցիչ կարող է նշվել տվյալ վեկտորը (պլազմիդը) պարունակող ավանդադրված շտամը:
189. Տրանսֆորմանտը (կերպափոխված մանրէ) բնութագրող հավակնության սահմանումը ներառում է` դրա հատկությունները և/կամ վեկտորի (պլազմիդի) հատկությունները: Օրինակ, « E.coli կերպափոխված մանրէ, որը պարունակում է ռեկոմբինանտային MS2 վեկտոր, որը ներառում է գեն, որը կոդավորում է A սպիտակուցը հետևյալ ամինաթթվային հաջորդականությամբ` Met-...Lys»:
190. Հիբրիդոմը (միաձուլման եղանակով ստացված բջիջ) բնութագրող հավակնության սահմանումը ներառում է հիբրիդոմի ծնողական բջիջները, հիբրիդոմի ֆունկցիաներն ու հատկությունները, ինչպես նաև դրա ստացման եղանակը:
191. Հիբրիդոմի ստացման եղանակը ներառում է ծնողական բջիջների նախնական մշակման փուլը, միաձուլման պայմանները, միաձուլված բջիջների ընտրության եղանակը, դրանց տարբերակման միջոցները և այլն:
192. Ռեկոմբինանտային սպիտակուց բնութագրող հավակնության սահմանումը ներառում է` ամինաթթվային հաջորդականություն և այն կոդավորող կառուցվածքային գենի նուկլեոտիդային հաջորդականություն:
Ռեկոմբինանտային սպիտակուցի ստացման եղանակը կարող է բացահայտվել` նշելով դրա կոդավորող գենը, էքսպրեսիայի (արտահայտման) վեկտորը, տեր-բջիջները, տիրոջ բջջին գենի ներմուծման եղանակը, ռեկոմբինանտային սպիտակուցի ընտրության և զտման եղանակը, ստացված սպիտակուցի տարբերակման եղանակը:
193. Միակլոնալ հակամարմին բնութագրող հավակնության սահմանումը ներառում է` հակամարմնի համար ճանաչելի հակագենը, նշված հակամարմին արտադրող հիբրիդոմը և հակամարմնի նույնականացման այլ հատկությունները:
Միակլոնալ հակամարմնի ստացման եղանակը ներառում է` իմունագենի բնույթի որոշումը, իմունացման եղանակը, հակամարմին արտադրող բջիջների ընտրության եղանակը, միակլոնալ հակամարմնի տարբերակման եղանակը և այլն:
194. Հակաբիոտիկներ բնութագրող հավակնության սահմանումը ներառում է` արտազատման աղբյուրը (մանրէի կամ բջիջների կուլտուրայի շտամը), տարրերի կազմը, մոլեկուլային զանգվածը, նյութի օպտիկական ակտիվությունը, սպեկտրային վերլուծության տվյալները, նյութի գույնը և ֆիզիկական վիճակը, լուծելիությունը և գունային ռեակցիաները:
195. Մանրէների, բույսերի ու կենդանիների բջիջների կուլտուրաների կոնսորցիումներ բնութագրող հավակնության սահմանումը ներառում է`
195.1 (մանրէների և բույսերի և/կամ կենդանիների բջիջների խառը կուլտուրաներ հանդիսացող կոնսորցիումների համար, որոնցում յուրաքանչյուր մանրէի շտամը ավանդադրված է ինքնուրույն) յուրաքանչյուր շտամի սեռի և տեսակային մակդիրի լատինական անվանումը, շտամի նշանակությունը, պաշտոնական հավաքածուի` ավանդադրման կենտրոնի հապավումը, ավանդադրված առարկային ըստ հավաքածուի շնորհված գրանցման համարը. Օրինակ` «Streptococcus lactis (ՀՀ հավաքածուի N 0001), S.cremotis (ՀՀ հավաքածուի N 0002), S.diacetolactis (ՀՀ հավաքածուի N 0003), Lactobacterium plantarum (ՀՀ հավաքածուի N 0004) մանրէների շտամների կոնսորցիում պանիրների ստացման համար»:
195.2. (մանրէների և բույսերի և/կամ կենդանիների բջիջների զուգորդումներ (ասոցիացիաներ) հանդիսացող կոնսորցիումների համար, որոնք ավանդադրվում են որպես միասնական ամբողջություն) կոնսորցիումի լատինական անվանումը, կոնսորցիումի նշանակությունը, պաշտոնական հավաքածուի` ավանդադրման կենտրոնի հապավումը, ավանդադրված առարկային ըստ հավաքածուի շնորհված գրանցման համարը: Օրինակ` «Անասնապահության օրգանական թափոնների Մանրէների կոնսորցիում (Safcina maxima, Sarcina venticuli, Mathanowarcina mazei, Methanobacterium thermoautotrophicum)»:
Հայտնի սարքի, եղանակի, նյութի, շտամի նոր նշանակությամբ կիրառմանը վերաբերող հավակնության սահմանման առանձնահատկությունները
196. Այն դեպքում, երբ գյուտի առարկա է հանդիսանում հայտնի սարքի, եղանակի, նյութի, շտամի նոր նշանակությամբ կիրառումը, օգտագործվում է հետևյալ կառուցվածքն ունեցող հավակնության սահմանումը` «(բերվում է հայտնի սարքի, եղանակի, նյութի կամ շտամի անվանումը կամ բնութագիրը) կիրառումը որպես (բերվում է նշված սարքի, եղանակի, նյութի կամ շտամի նոր նշանակությունը)...»:
197. Այն դեպքում, երբ գյուտի առարկա է հանդիսանում բուժական դեղամիջոցի կամ դեղագործական բաղադրանյութի կիրառումը նոր նշանակությամբ, տարբերակում են առաջին բժշկական կիրառումը և երկրորդ բժշկական կիրառումը:
198. Առաջին բժշկական կիրառման դեպքում օգտագործվում է հետևյալ կառուցվածքով հավակնության սահմանումը` հայտնի միացությունը առաջին բժշկական կիրառման համար: Օրինակներ`
1. X նյութը որպես դեղամիջոց կիրառման համար:
2. X նյութը որպես հակամանրէային դեղամիջոց կիրառման համար:
3. X նյութը, որը կիրառվում է Y հիվանդության բուժման համար:
4. Դեղագործական բաղադրանյութ, որը պարունակում է X նյութը որպես դեղամիջոց կիրառման համար:
5. Դեղագործական բաղադրանյութ, որը պարունակում է X նյութը որպես հակամանրէային դեղամիջոց կիրառման համար:
6. Դեղագործական բաղադրանյութ, որը պարունակում է X նյութը Y հիվանդության բուժման համար:
7. Դեղագործական բաղադրանյութ, որը պարունակում է X նյութը և E1, E2, E3..., լցանյութերը, որպես հակամանրէային դեղամիջոց կիրառման համար:
8. Դեղագործական բաղադրանյութ, որը պարունակում է X նյութը և E1, E2, E3..., լցանյութերը Y հիվանդության բուժման համար և այլն:
199. Երկրորդ բժշկական կիրառման դեպքում օգտագործվում է հետևյալ կառուցվածքով հավակնության սահմանում` հայտնի միացության կիրառումը նոր բժշկական կիրառման դեղորայքի արտադրության համար:
Օրինակներ`
1. X նյութի կիրառումը Y հիվանդության բուժման դեղորայքի արտադրության համար:
2. X նյութի կիրառումը Y հիվանդության բուժման դեղագործական բաղադրանյութի արտադրության համար:
3. X ակտիվ նյութի և Z ակտիվ նյութի կիրառումը Y հիվանդության բուժման դեղագործական բաղադրանյութի արտադրության համար: (X+Z համակցությունը հայտնի է W հիվանդության բուժման համար, որը տարբերվում է Y հիվանդությունից)
4.Թրոմբոքսանի կիրառումը թրոմբոզների բուժման հեպարինի հետ համակցված դեղորայքի արտադրության համար և այլն:
VI. Գյուտի էությունը պարզաբանող նյութեր
200. Գյուտի էությունը պարզաբանող նյութերը կարող են ձևակերպվել գրաֆիկական պատկերների (գծագրերի, սխեմաների, նկարների, գրաֆիկների, էպյուրների, տատանագրերի և այլն), լուսանկարների և աղյուսակների տեսքով:
201. Նկարները ներկայացվում են այն դեպքում, երբ հնարավոր չէ լուսաբանել գյուտը գծագրերով կամ սխեմաներով:
202. Լուսանկարները ներկայացվում են որպես գրաֆիկական պատկերների լրացում:
203. Գծագրերը, սխեմաները և նկարները ներկայացվում են առանձին թերթով (թերթերով):
Ռեֆերատ
204. Ռեֆերատը գյուտի բովանդակության համառոտ շարադրանքն է և ծառայում է տեղեկատվության նպատակներին:
205. Ռեֆերատը կազմվում է այնպես, որ առանց գյուտի նկարագրության ամբողջական տեքստին անմիջականորեն դիմելու այն որոշակի բնագավառում ծառայի որպես որոնման արդյունավետ միջոց:
206. Ռեֆերատը ներառում է`
գյուտի անվանումը.
տեխնիկայի այն բնագավառը, որին վերաբերում է գյուտը, և/կամ օգտագործման բնագավառը, եթե դա պարզ չէ գյուտի անվանումից.
գյուտի էության բնութագիրը` ստացվող տեխնիկական արդյունքի նշումով (նշվում են այն էական հատկանիշները, որոնք անհրաժեշտ են գյուտի` հայտարկված նշանակությամբ իրագործման համար և դրա առավելությունները):
207. Եթե գյուտի առարկան սարք է, ապա գերադասելի է դրա կառուցվածքը նկարագրել դինամիկայում, այսինքն աշխատանքի մեջ: Սարքը նկարագրող ռեֆերատում տարրերի առկայությունը բնութագրելիս առաջարկվում է օգտագործել «ունի» բայը, քանի որ տեքստի սկզբում «ունի» բայի օգտագործումը ոճաբանորեն և տրամաբանորեն չի պահանջում մեկ նախադասությունում թվարկել սարքի կառուցվածքի բոլոր հատկանիշները: Անհրաժեշտ է խուսափել «կազմված է ...ից» արտահայտությունից, որը տրամաբանորեն պահանջում է թվարկել բոլոր հատկանիշները:
Առաջարկվում է սարքի բաղկացուցիչ մասերը թվարկել ընդհանուրից դեպի մասնավորը, օրինակ` սարքավորում (մեքենա, համակարգ և այլն)-սարք-հարմարանք-մեխանիզմ-հանգույց-մանրամաս և այլն:
208. Եթե գյուտի առարկան եղանակ է, ռեֆերատում պետք է շարադրվեն տվյալ եղանակը կազմող գործողությունները (գործողություն, պրոցես), դրանց իրականացման կոնկրետ պայմանները, գործողությունների հաջորդականությունը, պրոցեսների անցկացման ռեժիմները և այլն: Եղանակին վերաբերող ռեֆերատը կազմելիս անհրաժեշտ է օգտագործել ներգործական սեռի, սահմանական եղանակի երրորդ դեմքով և անպայման հոգնակի թվով բայեր (վերցնում են, տաքացնում են, միացնում են և այլն): Հարկ է խուսափել օգտակար տեղեկատվություն չպարունակող արտահայտություններից, ինչպես` «եղանակը կազմված է մի քանի գործողություններից», կամ «եղանակը պարունակում է հետևյալ գործողությունները» և այլն: Անհրաժեշտ է նկարագրել գյուտի բուն տեխնիկական էությունը:
209. Քիմիական նյութերի սինթեզին վերաբերող գյուտերի ռեֆերատներում անհրաժեշտ է նշել ստացվող նյութերի առավել կարևոր հատկությունները, պրոցեսների անցկացման ռեժիմները, կիրառման հնարավոր բնագավառները:
210. Եթե գյուտի առարկան նյութ է, անհրաժեշտ է նշել նյութը բնութագրող էական կիրառական հատկանիշները, ինչպես նաև դրա օգտագործման հնարավորությունը: Հասարակ մեխանիկական խառնուրդների համար հատկությունների նշման հետ մեկտեղ անհրաժեշտ է թվարկել բաղադրամասերը և դրանց քանակական պարունակությունը:
Քիմիական միացությունների համար անհրաժեշտ է նշել միացությունների դասը, որին դրանք պատկանում են (օրինակ, նյութը պատկանում է ալկիլբենզոլային սուլֆոնիլային միզանյութերի դասին, որոնք օգտագործվում են որպես հակաշաքարախտային դեղամիջոցներ), ինչպես նաև դրանց քիմիական կառուցվածքը և ֆիզիկաքիմիական հատկությունները: Անհրաժեշտության դեպքում ռեֆերատում բերվում է քիմիական բանաձև, որը մյուս քիմիական բանաձևերի համեմատ գյուտը բնութագրում է լավագույն ձևով: Քիմիական բանաձևերը հարկ է բերել գծային տեսքի: Կառուցվածքային բանաձևերը, որտեղ հնարավոր է, հարկ է բերել այնպիսի տեսքի, որ հնարավոր լինի տպագրել մեկ տողով:
212. Եթե գյուտի առարկան շտամ է, բոլոր դեպքերում անհրաժեշտ է հաշվի առնել մանրէների համակարգության և անվանացուցակի ժամանակակից մակարդակը: Բոլոր էական հատկանիշները անհրաժեշտ է նշել ամբողջությամբ:
Մանրէների անվանումների կրկնական հիշեցման դեպքում սեռի անվանումը կարող է նշվել կրճատ` առաջին տառով (մեծատառ) այն դեպքում, երբ կա տեսակային մակդիր: Ռեֆերատի տեքստում անհրաժեշտ է նշել ստացման եղանակը, կենսատեխնոլոգիական հատկությունները, աճեցման միջավայրի կազմը, կենսաբանական ակտիվությունը պարբերական և անընդհատ կուլտիվացման պայմաններում, աճի խթանիչները, սուբստրատի նպատակային արգասիքի թողարկման տոկոսը, նպատակային արգասիքի քանակը: 212. Եթե գյուտի առարկա է հանդիսանում հայտնի սարքի, եղանակի և այլնի նոր նշանակությամբ կիրառումը` առանց դրա էության փոփոխման, ապա հարկ է նշել նույն նշանակությունն ունեցող հայտնի միջոցները և հասանելի տեխնիկական արդյունքը:
213. Եթե հայտը ընդգրկում է գյուտերի խումբ (օրինակ` եղանակ և դրա իրականացման սարք, կամ նյութ և դրա ստացման եղանակ), ապա այդ գյուտերի էությունը շարադրվում է այնպես, որ պարզ լինի, թե ինչու են դրանք կազմում միասնական գյուտարարական մտահղացում:
214. Մաթեմատիկական բանաձևերը ներառվում են ռեֆերատում, եթե առանց դրանց ռեֆերատի տեքստը կազմելը անհնար է: Ռեֆերատի տեքստում մաթեմատիկական բանաձևերը պետք է բերվեն գծային տեսքի: Տառային նշանակումները և նշանները բանաձևերում պետք է տրվեն նկարագրությանը խիստ համապատասխան: Հունական տառերով նշանակումները պետք է տալ հայերեն տառերով, օրինակ, «b» նշանակումը պետք է գրվի` «բետա»: Տողատակի ցուցիչները առաջարկվում է տալ հայերեն տառերով, փակագծերում, օրինակ` «բետա (մաքս.)», «բետա մաքս.»-ի փոխարեն:
Կոտորակային միավորները գրելու համար անհրաժեշտ է օգտագործել թեք գիծ, օրինակ` կալ/մոլ:
Եթե ռեֆերատում էական հատկանիշ է մաթեմատիկական արտահայտությունը, ապա անհրաժեշտ է այն սկզբում նկարագրել ընդհանուր բառերով, օրինակ` «ճնշումը, ջերմաստիճանը և հոսքի արագությունը որոշվում է մաթեմատիկական արտահայտությամբ»: Դրանից հետո հարկ է գրել արտահայտությունը ամբողջությամբ:
215. Ռեֆերատը պետք է պարունակի ոչ ավելի քան 150 բառ: Բացառություն կարող են կազմել այն գյուտերը, որոնք ունեն բազմաթիվ էական հատկանիշներ, որոնց բացակայությունը ռեֆերատի տեքստում կհանգեցնի գյուտի էության աղավաղմանը, օրինակ, օրգանական քիմիային, ավտոմատիկային, կենսատեխնոլոգիային, հաշվողական տեխնիկային, գյուտերի խմբին վերաբերող ռեֆերատների դեպքում:
216. Ռեֆերատի լեզուն պետք է լինի հակիրճ և ստույգ: Ռեֆերատի տեքստը հարկ է կազմել առանձին կարճ նախադասություններով, չօգտագործել բարդ նախադասություններ և հավակնության սահմանումներին հատուկ քերականական դարձվածքներ:
Խորհուրդ չի տրվում մեկ նախադասության մեջ նկարագրել սարքի մի քանի հանգույց կամ բլոկ, մի քանի տարբեր օրգանական նյութեր, եղանակի մի քանի միատիպ գործողություն, որոնք բնութագրվում են միայն անցկացման տարբեր պայմաններով:
217. Բոլոր քանակական ցուցանիշները անհրաժեշտ է տեղադրել անմիջականորեն այն տերմինից հետո, որին բնորոշում են դրանք, օրինակ` «ծավալային զանգվածը` 500 կգ/մ3», իսկ բարդ նյութերը պարունակող բաղադրիչների քանակական հարաբերակցությունը բերել հաջորդաբար, այլ ոչ թե սյունակով:
218. Եթե հավակնության սահմանման մեջ որևէ հատկանիշ բնութագրված է ընդհանուր ձևով, իսկ նկարագրությունում կամ անկախ կետերում այն կոնկրետացված է, ապա ռեֆերատի տեքստում հարկ է օգտագործել ավելի կոնկրետ տերմինը: Օրինակ, հավակնության սահմանման մեջ նշված «սառեցման միջոց» հատկանիշի փոխարեն հարկ է նշել նկարագրությունում նշված «սառնարան»-ը:
219. Ռեֆերատում չպետք է լինեն շարադրվող հարցերը ճիշտ հասկանալուն կամ դրանց ոչ համարժեք պարզաբանմանը խանգարող անորոշ ձևակերպումներ կամ նշանակումներ, չպետք է օգտագործել ժխտական դարձվածքներ: Իմաստավոր տերմինները պետք չէ փոխարինել դերանուններով, ածականներով և այլն: Ռեֆերատում պետք է կիրառվեն ստանդարտ տերմիններ, իսկ դրանք չլինելու դեպքում` առավել օգտագործվող, գիտատեխնիկական գրականության մեջ ընդունված տերմիններ: Ընդ որում, պետք է պահպանվի տերմինային միասնությունը:
220. Ռեֆերատներում չպետք է օգտագործել հապավումներ և կրճատումներ:
221. Ռեֆերատի առաջին տողը պետք է սկսվի (57) կոդով (ըստ գյուտերին վերաբերող մատենագիտական տվյալների նույնականացման ՄՍՀԿ ՏT.9 ստանդարտի):
222. Ռեֆերատը ներառում է լրացուցիչ տեղեկություններ` հավակնության սահմանման անկախ կետերի (եթե դրանք մեկից ավելի են) և գրաֆիկական պատկերների քանակի մասին: Օրինակ` հավակնության սահմանման երեք անկախ կետերի և գծագրի չորս նկարների դեպքում նշվում է «հավակնության սահմանման 3 անկախ կետ և 4 նկար»:
VII. Արտահայտություններ եվ տարրեր, որոնք չեն կարող օգտագործվել
223. Հայտը չպետք է պարունակի բարոյականությանը և հասարակական կարգին հակասող արտահայտություններ, գծագրեր, նկարներ, լուսանկարներ և այլ նյութեր, այլ անձանց հայտերի կամ արտոնագրերի, տեխնոլոգիական պրոցեսների և արտադրանքի նկատմամբ արհամարհական արտահայտություններ:
224. Նկարագրության «գյուտի մակարդակը» բաժնում բերված հայտնի գյուտերի թերությունների նշումը անթույլատրելի չի համարվում:
VIII. Տերմիններ եվ նշաններ
225. Գյուտի հավակնության սահմանման, նկարագրության և պարզաբանող նյութերի մեջ, ինչպես նաև ռեֆերատում օգտագործվում են ստանդարտ կրճատումներ և տերմիններ, իսկ դրանք չլինելու դեպքում` գիտական և տեխնիկական գրականության մեջ ընդունվածները:
226. Գրականության մեջ լայն տարածում չգտած տերմիններ և նշաններ գործածելիս դրանց նշանակությունը պարզաբանվում է տեքստում առաջին անգամ օգտագործելիս:
227. Բոլոր պայմանական նշանները վերծանվում են:
228. Նկարագրության, հավակնության սահմանման մեջ և ռեֆերատում պահպանվում է տերմինների միասնությունը, այսինքն` միևնույն հատկանիշներն անվանվում են միատեսակ: Տերմինների միասնության պահանջը վերաբերում է նաև ֆիզիկական միավորների չափայնություններին և գործածվող պայմանական նշաններին:
229. Ֆիզիկական մեծություններն արտահայտվում են միավորների միջազգային համակարգի (SI) գործող միավորներով:
230. Գյուտի անվանումը անհրաժեշտության դեպքում կարող է պարունակել լատինական այբուբենի նիշեր և արաբական թվանշաններ: Գյուտի անվանման մեջ այլ այբուբենի նիշեր և հատուկ նշաններ չպետք է օգտագործել:
231. Օտարալեզու տերմինների օգտագործումը թույլատրվում է հայերեն տառադարձութամբ, եթե հայերենում չկա դրանց համապատասխան համարժեքը:
232. Գյուտի անվանման մեջ և ռեֆերատում հունական այբուբենի տառերը պետք է գրվեն հայերեն տառադարձությամբ, օրինակ` « («-ն պետք է գրվի` «բետա»:
IX. Փաստաթղթերի ձեվակերպումը
Պիտանիությունը վերարտադրման համար
233. Հայտի բոլոր փաստաթղթերը (դիմումը, գյուտի նկարագրությունը, հավակնության սահմանումը, գծագիրը և ռեֆերատը) ներկայացվում են այնպիսի տեսքով, որ հնարավոր լինի դրանց պատճենները վերարտադրել անսահմանափակ քանակով` տեսածրման, էլեկտրատպագրության և լուսաօֆսեթային տպագրության եղանակով:
234. Թերթերը չպետք է լինեն ճմրթված կամ պատռված և չպետք է ունենան ծալատեղեր:
235. Յուրաքանչյուր թերթ օգտագործվում է միայն մեկ կողմից:
Օգտագործվող նյութը
236. Հայտի փաստաթղթերը պատրաստվում են էլաստիկ, ամուր, սպիտակ, հարթ, ոչ փայլուն թղթի վրա, ոչ պակաս քան 60 գ/մ2 տեսակարար կշռով:
Առանձին թերթեր, թերթերի չափերը, դաշտերը
237. Հայտի յուրաքանչյուր փաստաթուղթ ներկայացվում է առանձին թերթի վրա:
238. Հայտի փաստաթղթերի ձևաչափերը` 210 և 297 մմ է (A4):
239. Նկարագրության, հավակնության սահմանման և ռեֆերատի թերթերի ազատ դաշտերը (լուսանցքները) պետք է լինեն ոչ պակաս, քան`
ձախը` |
25 մմ, աջը, |
վերինը և ստորինը` |
20 մմ: |
Գծագրեր պարունակող թերթերի ազատ դաշտերը պետք լինեն ոչ պակաս, քան`
ձախը և վերինը` |
25 մմ, |
աջը` |
15 մմ, |
ստորինը` |
10 մմ: |
Այդ թերթերի նշված դաշտերով շրջափակված օգտագործելի մակերևույթը չպետք է ներառվի շրջանակի մեջ:
240. Լուսանկարների ներկայացման դեպքում դրանց չափերը չպետք է գերազանցեն հայտի փաստաթղթերի թերթերի սահմանված չափերին: Փոքր չափերի լուսանկարները ներկայացվում են թղթի թերթի վրա սոսնձված` պահպանելով թերթի ձևաչափի և որակի նկատմամբ սահմանված պահանջները:
Թերթերի համարակալումը
241. Գյուտի նկարագրության, հավակնության սահմանման և ռեֆերատի երկրորդ և հաջորդ թերթերը համարակալվում են արաբական թվանշաններով` 2,1 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ: Թվանշանները դրվում են թերթի ստորին մասի կենտրոնում: Դրանք չպետք է դրվեն դաշտերում:
242. Գծագրեր պարունակող թերթերը չեն համարակալվում:
Տեքստի ձեվակերպումը
243. Դիմումը, գյուտի նկարագրությունը, հավակնության սահմանումը և ռեֆերատը տպագրվում են տողերի 1,5 միջակայքով, ընդ որում, տպագրման տարատեսակի մեծատառերի բարձրությունը պետք է լինի 2,1 մմ-ից ոչ պակաս, իսկ տպագրման գույնը` սև:
244. Փաստաթղթերը չեն կարող ներկայացվել համակարգչի` սևագիր տպագրության ռեժիմով պատրաստված ձևով:
245. Գրաֆիկական նիշերը և նշանները, մաթեմատիկական և քիմիական բանաձևերը և նշանակումները կարող են գրվել ձեռագիր` սև գույնի թանաքով, մածուկով կամ տուշով: Բանաձևերը չեն կարող գրվել խառը` մեքենագիր և ձեռագիր:
246. Տպագրված նյութերը պետք է զերծ լինեն ջնջումներից, ուղղումներից, ընդմիջարկություններից, սոսնձված պիտակներից և ձեռագրով արված մակագրություններից, որոնք կարող են բովանդակային որևէ կասկած հարուցել: Մեքենագրված տեքստի մեկ էջը կարող է ունենալ երեքից ոչ ավելի ուղղված վրիպումներ, եթե չեն խախտվում որակյալ վերարտադրման պահանջները:
Քիմիական բանաձեվերը
247. Գյուտի նկարագրության, հավակնության սահմանման և ռեֆերատի մեջ կարող են օգտագործվել քիմիական բանաձևեր:
248. Քիմիական միացությունների կառուցվածքային բանաձևերը տրվում են շարադրման ընթացքում, օգտագործելով տառային նշումներ: Բանաձևի տառային նշումների մեկնաբանությունները գրվում են իրար տակ, բաժանված:
249. Կառուցվածքային քիմիական բանաձևեր գրելիս օգտագործվում են տարրերի ընդհանուր գործածական խորհրդանիշները և հստակորեն նշվում են տարրերի և ռադիկալների միջև կապերը:
Անհրաժեշտության դեպքում, քիմիական բանաձևերը կարելի է զետեղել թերթի երկար կողմին զուգահեռ: Այս դեպքում թերթերն անհրաժեշտ է ներկայացնել այնպես, որ բանաձևերի վերին մասը գտնվի թերթի ձախ կողմում:
Նուկլեոտիդների եվ ամինաթթուների հաջորդականությունների ցանկի պատճենի ձեվակերպումը
250. Համակարգչային տեղեկակիրների վրա ներկայացված նուկլեոտիդների և ամինաթթուների հաջորդականությունների ցանկի պատճենը պետք է նույնական լինի թղթի վրա ներկայացվածին:
251. Հաջորդականությունների ցանկի պատճենը համակարգչային տեղեկակիրների վրա ներկայացվում է մեկ ֆայլում, ցանկալի է մեկ պնակիտի վրա: Պնակիտի տվյալները պատրաստվում են WIindows-ի համար` օգտագործելով 01251կոդային էջերը, և MS DOS-ի համար` 866 (գերադասելիորեն` Word 6 տեքստային խմբագիրը Windows-ի համար):
252. Պնակիտը պետք է ունենա մշտապես ամրացված պիտակ, որի վրա տպատառ նշվում են հայտատուի անվանումը, գյուտի անվանումը, գրառման թվականը, տեքստային խմբագրի և գործառույթային համակարգի անվանումները:
Մաթեմատիկական բանաձեվեր եվ սիմվոլներ
253. Գյուտի նկարագրության հավակնության սահմանման մեջ, ինչպես նաև ռեֆերատում կարող են օգտագործվել մաթեմատիկական արտահայտություններ (բանաձևեր) և նիշեր:
254. Բանաձևերը կարող են բնութագրել, օրինակ` չափերի հարաբերակցությունը, որևէ պրոցեսի պարամետրերը, կամ պարունակել որոնելի մեծության ստացման եղանակին վերաբերող տեղեկատվություն, եթե խոսքը, օրինակ` վերլուծության, որոշման կամ վերահսկման եղանակի մասին է: Մաթեմատիկական արտահայտության ներկայացման ձևը չի կարգավորվում:
255. Մաթեմատիկական արտահայտությունների բոլոր տառային նշանակումները վերծանվում են: Տառային նշանակումների վերծանումը տրվում է բանաձևում բերված հերթականությամբ` սյունակով, անջատելով ստորակետներով:
256. <, >, = և մաթեմատիկական այլ նշանակումները օգտագործվում են միայն մաթեմատիկական բանաձևերում, իսկ տեքստում հարկ է գրել բառերով` «մեծ է», «փոքր է», «հավասար է» և այլն:
257. Մեծությունների արժեքների միջակայքերը կարող են բերվել (-) նշանով կամ «...ից մինչև...» արտահայտությամբ, իսկ մեծությունների միջակայքերի հարաբերակցությունները բերվում են (:) նշանով:
258. Մեծությունների տոկոսային արտահայտման դեպքում (%) տոկոսի նշանը դրվում է թվից հետո: Եթե մեծությունները մի քանիսն են, տոկոսի նշանը դրվում է դրանց թվարկումից առաջ և դրանցից անջատվում կետով, օրինակ, զանգվ.%
երկաթ` |
15-20 |
պղինձ` |
12-17 և այլն: |
259. Մաթեմատիկական բանաձևերը կարող են տեղադրվել ինչպես նկարագրության մեջ, այնպես էլ նկարագրության հավելվածի տեսքով: Այդ դեպքում մաթեմատիկական բանաձևերը կարող են տեղադրվել երկար կողմին զուգահեռ: Այս դեպքում թերթերը ներկայացվում են այնպես, որ բանաձևերի վերին մասը գտնվի թերթի ձախ կողմում:
Մաթեմատիկական բանաձևերում տողադարձը թույլատրվում է միայն ըստ գործողության նշանի:
Աղյուսակներ
260. Գյուտի նկարագրությունը և ռեֆերատը կարող են ունենալ աղյուսակներ: Հավակնության սահմանումը կարող է ունենալ աղյուսակներ միայն այն դեպքում, երբ դրանց կիրառման անհրաժեշտությունը բխում է դրա էությունից:
261. Աղյուսակները կարող են տեղադրվել ինչպես նկարագրության մեջ, այնպես էլ նկարագրության հավելվածի տեսքով: Այդ դեպքում աղյուսակները կարող են տեղադրվել թերթի երկար կողմին զուգահեռ: Այս դեպքում թերթերը ներկայացվում են այնպես, որ աղյուսակների վերին մասը գտնվի թերթի ձախ կողմում:
Գրաֆիկական պատկերներ
262. Գրաֆիկական պատկերները կատարվում են դիմացկուն, սպիտակ, հարթ թղթի վրա` սև չջնջվող, պարզ գծերով և ստվերագծերով, առանց գունազարդման:
263. Պատկերի մասշտաբը և հստակությունը ընտրվում են այնպես, որ չափերի` մինչև 2/3 գծային փոքրացմամբ վերարտադրման դեպքում հնարավոր լինի տարբերել բոլոր մանրամասերը:
264. Հարկավոր չէ թվանշանները և տառերը տեղադրել փակագծերի, շրջանակների և այլնի մեջ: Թվանշանների և տառերի բարձրությունը պետք է լինի 3,2 մմ-ից ոչ պակաս: Թվանշանները և տառերը պետք է լինեն հստակ, դրանց գծերի հաստությունը պետք է համապատասխանի պատկերների գծերի հաստությանը:
265. Յուրաքանչյուր գրաֆիկական պատկեր համարակալվում է արաբական թվանշանով (նկ. 1, նկ. 2 և այլն), անկախ տվյալ պատկերի տեսակից (գծագիր, սխեմա, գրաֆիկ և այլն) և թերթերի համարակալումից, նկարագրության տեքստի «գրաֆիկական պատկերների թվարկում» բաժնում հիշատակման հերթականությանը համապատասխան: Եթե նկարագրությունը պարզաբանվում է մեկ պատկերով, այն չի համարակալվում:
266. Գծագրի մեկ էջում կարող են զետեղվել մի քանի պատկերներ, ընդ որում, դրանք պետք է պարզորեն սահմանազատվեն մեկը մյուսից: Եթե երկու և ավելի թերթերում զետեղված պատկերները միասնական պատկերի մասեր են, ապա դրանք զետեղվում են այնպես, որ այդ պատկերը հնարավոր լինի ամբողջակազմել տարբեր թերթերում զետեղված պատկերներից` առանց որևէ մեկը բաց թողնելու: Առանձին պատկերները թերթում կամ թերթերում զետեղվում են այնպես, որ թերթերն առավելագույն չափով հագեցված լինեն, և գծագիրը հնարավոր լինի կարդալ թերթի երկար կողմը ուղղաձիգ տեղադրելիս: Եթե պատկերները զետեղվում են թերթի երկար կողմին զուգահեռ, ապա դրանց վերին մասը պետք է գտնվի թերթի ձախ կողմում:
267. Գծագրերը պատրաստվում են տեխնիկական գծագրերի պատրաստման կանոնների համաձայն:
268. Գերադասելի է գծագրերում օգտագործել ուղղանկյուն (օրթոգոնալ) պրոյեկցիաներ (տարբեր տեսքերով, կտրվածքներով և հատվածներով), կարող է օգտագործվել նաև աքսոնոմետրական պրոյեկցիան:
269. Կտրվածքները թեք ստվերագծով պետք է ցույց տալ այնպես, որ չխոչընդոտի հիմնական գծերի և հղումային նշանակումների պարզ ընթերցմանը:
270. Գծագրում յուրաքանչյուր տարր կատարվում է մյուսներին համամասն, բացառությամբ այն դեպքերի, երբ տարրը ավելի պարզ պատկերելու համար անհրաժեշտ է շեղվել համամասնությունից:
271. Գծագրերը կատարվում են առանց որևէ մակագրության, բացառությամբ կտրվածքների նշանակումներից («կտրվածք Ա-Ա» և այլն):
272. Գծագրի վրա չափերը չեն նշվում: Անհրաժեշտության դեպքում դրանք բերվում են նկարագրության մեջ:
273. Գծագրի վրա պատկերված տարրերը նշանակվում են արաբական թվանշաններով, գյուտի նկարագրությանը համապատասխան: Մի քանի նկարների վրա պատկերված միևնույն տարրը նշվում է միևնույն թվանշանով: Մի քանի նկարների վրա պատկերված տարբեր տարրերը չեն կարող նշվել միևնույն թվանշանով: Նկարագրության մեջ չհիշատակված նշանները գծագրերում չեն գրվում: Հանգույցները և մանրամասերը նշող թվանշանները կամ կտրվածքները և հատվածքները նշող տառանշանները, որպես կանոն, զետեղվում են պատկերված հանգույցի կամ մանրամասի սահմաններից դուրս և գծով միացվում են համապատասխան մասերին: Դուրսբերման գիծը տարվում է այնպես, որ հեշտությամբ տարբերվի նկարի տարրերի եզրագծերից: Եթե թվով նշված հանգույցը (տարրը և այլն) ամբողջությամբ պատկերված է առանձին նկարում, ապա այդ դեպքում տվյալ հանգույցի նշման գիծը չի տարվում: Գծագրերում տառանշանները գրվում են հայերենով, իսկ որտեղ դա ընդունված է` լատինական կամ հունական տառերով:
274. Գրաֆիկական պատկերը սխեմայի տեսքով ներկայացնելու դեպքում օգտագործվում են ստանդարտ պայմանական գրաֆիկական նշաններ: Կարող են մի տեսակի սխեմայում պատկերվել մեկ այլ տեսակի սխեմայի տարրեր, օրինակ, էլեկտրական սխեմայում` կինեմատիկական կամ հիդրավլիկական սխեմայի տարրեր: Սխեմայի տարրերը ուղղանկյունաձև գրաֆիկական նշաններով ներկայացնելու դեպքում, տարրի նշման թվանշանը կարող է գրվել անմիջապես ուղղանկյան մեջ: Որոշ դեպքերում տարրի նշման թվանշանը կարող է գրվել պատկերված սարքի եզրագծի ներսում` եզրագծի ներսում դատարկ տեղի առկայությունից, կամ մի քանի տարրեր կամ ստվերագծված դաշտը գծով չհատելու անհրաժեշտությունից ելնելով:
275. Նկարագրության և հավակնության սահմանման մեջ գծագրեր, սխեմաներ և նկարներ չեն բերվում:
276. Լուսանկարները ներկայացվում են միայն որպես գրաֆիկական պատկերման այլ ձևերի լրացում: Բացառիկ դեպքերում լուսանկարը կարող է ներկայացվել որպես գրաֆիկական պատկերման հիմնական ձև, օրինակ, եթե անհրաժեշտ է ցույց տալ վիրահատության փուլերը և այլն:
Մ ա ս 2
Գործերի վարումը Հայարտոնագրի հետ
X. Ներկայացուցչի նշանակումը
277. Տվյալ հայտով նամակագրություն վարելու և հայտի քննարկման ժամանակ իր շահերը պաշտպանելու համար հայտատուն կարող է նշանակել ներկայացուցիչ` տալով նրան լիազորագիր:
278. Հայտատուի` ՀՀ-ում մշտական բնակություն կամ գտնվելու վայր չունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի ներկայացուցիչ կարող է լինել միայն Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարը, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
279. հայտատուների համար որպես ներկայացուցիչ կարող է նշվել, մասնավորապես, հայտատուներից մեկը, եթե նրանք մի քանիսն են` գյուտի հեղինակը, արտոնագրային հավատարմատարը կամ այլ անձ:
280. Լիազորագիրը տրվում է հայտը ներկայացնելիս կամ գործավարության ընթացքում և կցվում է հայտին:
281. Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են անօրինական և հաշվի չեն առնվում:
282. Ներկայացուցչի իրավասությունները գործում են մինչև լիազորագրում նշված իրավասությունների ավարտը, դրանց գործողության ժամկետի ավարտը, կամ մինչև այն ժամանակ, երբ Հայարտոնագիրը կծանուցի այդ իրավասությունների դադարեցման մասին:
283. Ներկայացուցչի նշանակումը հայտատուի կամ նրա իրավահաջորդի կողմից կարող է չեղյալ հայտարարվել գրավոր դիմումի ներկայացման միջոցով:
XI. Նամակագրությունը Հայարտոնագրի հետ
284. Նամակագրությունը վարում է հայտատուն կամ նրա կողմից, յուրաքանչյուր հայտի համար լիազորված ներկայացուցիչը: Հայտ ներկայացնելուց հետո դրան վերաբերող նյութերը ներկայացվում են հայտի համարի նշմամբ և հայտատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությամբ: Եթե հայտատուն իրավաբանական անձ է, նրա անունից փաստաթղթերը ստորագրվում են սույն Կանոնների 63 կետով սահմանված կարգով: Հայտի համար չունեցող նյութերը վերադարձվում են առանց քննարկման, եթե հայտի համարը հնարավոր չէ որոշել անուղղակի ճանապարհով:
285. Օրենքով սահմանված ժամկետները հաշվարկվում են հետևյալ կերպ:
285.1. Եթե ժամկետը արտահայտված է «...ժամանակամիջոցում..», «..(ոչ ուշ)... », «... (մինչև լրանալը)... », «...թվականից...» ձևով, ապա դրա հաշվարկն սկսվում է նշված թվականին հաջորդող օրվանից:
285.2. Եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային է, ապա ժամկետի ավարտը համարվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
285.3. Եթե ժամկետն ավարտվում է այնպիսի ամսում, որը չունի համապատասխան ամսաթիվը, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:
286. Եթե նամակագրությունն իրականացնում է հայտատուի ներկայացուցիչը, Հայարտոնագրի հետ գրագրության նպատակով, ներկայացման ժամկետը ապա հաշվարկվում է նրա կողմից այդ գրագրության ստացման թվականից:
287. Գործավարությունը Հայարտոնագրում վարում են հայերենով: Այլ լեզվով ներկայացված նյութերին պետք է կցվի դրանց հայերեն թարգմանությունը:
Այլ լեզվով ներկայացված նյութը համարվում է չներկայացված, եթե այն ներկայացվել է առանց թարգմանության:
288. Հայարտոնագիր ներկայացրած նյութերը, որոնք ունեն ձևակերպման հետ կապված թերություններ և դժվար ընթեռնելի են, չեն քննարկվում:
Այդպիսի նյութեր ներկայացրած անձին ուղարկվում է համապատասխան ծանուցում:
XII. Հայտի փաստաթղթերում ուղղումներ եվ ճշգրտումներ կատարելը
289. Հայտի փաստաթղթերում ուղղումներ և ճշգրտումներ կատարվում են փոխարինող էջեր ներկայացնելու միջոցով:
290. Փոխարինող էջերը ներկայացվում են համապատասխան փաստաթղթի յուրաքանչյուր օրինակի համար առանձին, հայերեն լեզվով կամ փաստաթղթի հայերեն թարգմանությամբ և պետք է բավարարեն սույն Կանոնների 41-42-րդ կետերի պահանջներին:
291. Եթե ուղղումները վերաբերում են տպագրական սխալներին, մատենագիտական տվյալներում թույլ տրված անճշտություններին և այլն, և այդ ուղղումները չեն խանգարում տեքստի վերարտադրմանը, ապա հայտատուն կարող է ճշգրտումներ կատարելու անհրաժեշտության մասին գրել նամակում, առանց փոխարինող թերթեր ներկայացնելու:
XIII. Արտոնագիր ստանալու իրավունքի զիջումը
292. Եթե հայտ ներկայացնելուց հետո հայտատուն զիջում է այլ անձի հայտով արտոնագիր ստանալու իր իրավունքը, ապա Հայարտոնագիր ներկայացվում է դիմում, որի մեջ նշվում է այդ իրավունքն այլ անձի զիջելու մասին խնդրանքը, այդ անձի համաձայնությունը և նրա մասին սույն Կանոնների 46-47-րդ կետերում նախատեսված տեղեկությունները:
293. Դիմումն ստորագրում է արտոնագիր ստանալու իրավունքը զիջող հայտատուն և այդ իրավունքը ձեռք բերող անձը` սույն Կանոնների 44-63-րդ կետերով նախատեսված կարգով:
XIV. Հայտի նյութերին ծանոթանալը
294. Հայտատուն (կամ նրա ներկայացուցիչը) կարող է ծանոթանալ իր ներկայացրած հայտին և դրան վերաբերող փաստաթղթերին ինչպես Հայարտոնագրում` նախապես համաձայնեցնելով ծանոթացման ժամկետը, այնպես էլ պահանջելով հայտի պատճենը, հայտին վերաբերվող փաստաթղթերը կամ դրանց մի մասը, սահմանված չափով տուրքի վճարման դեպքում:
XV. Հայտի քննարկման ընթացքում փորձաքննության կողմից նշված փաստաթղթերին ծանոթանալը
295. Հայտատուն կարող է Հայարտոնագրից պահանջել փորձաքննության հարցման կամ որոշման մեջ նշված նյութերի պատճենները: Նշված նյութերն ուղարկվում են հայտատուի դիմումի ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում:
296. Եթե այդ նյութերը վերաբերում են չհրապարակված հայտին, ապա հայտատուն կարող է դրանց ծանոթանալ Հայարտոնագրում: Այդ նյութերի պատճենները հայտատուին չեն ուղարկվում:
XVI. Հայտի քննարկումը հայտատուի մասնակցությամբ
297. Հայտի հետ կապված հարցերի քննարկումը հայտատուի մասնակցությամբ անց է կացվում Հայարտոնագրի առաջարկությամբ կամ հայտատուի խնդրանքով, երկու կողմերն այդ հարցերին ծանոթանալուց հետո:
298. Փորձաքննության հարցերը կարող են շարադրվել այն հարցման մեջ, որում լրացուցիչ հայտնվում է հանդիպման նպատակահարմարության մասին, իսկ հայտատուի հարցերը` այդպիսի հանդիպման մասին դիմումի մեջ:
299. Հարցման դեպքում նրա պատասխանը հայտատուի կողմից ներկայացվում է Օրենքով սահմանված ժամկետում, անկախ նրանից, թե հայտատուն մտադրություն ունի մասնակցելու հայտի քննարկմանը, թե ոչ:
300. Քննարկման թվականը և ժամը նախապես համաձայնեցվում են:
301. Հանգամանքների փոփոխման դեպքում այն կողմը, որը նշանակված ժամկետին հնարավորություն չունի մասնակցելու հայտի քննարկմանը, այդ մասին տեղեկացնում է մյուս կողմին:
302. Եթե Հայարտոնագիրը կամ հայտատուն հայտի համատեղ քննարկումը համարում են անժամանակ կամ ոչ նպատակահարմար, Հայարտոնագրի առաջարկությունը կամ հայտատուի խնդրանքը կարող են մերժվել` բերելով համապատասխան փաստարկներ:
303. Առանց նախնական համաձայնության հայտատուի Հայարտոնագիր ներկայանալու դեպքում, հայտի համատեղ քննարկման մասին նրա խնդրանքը կարող է մերժվել:
304. Հայտի քննարկմանը կարող է մասնակցել հայտատուի կողմից լիազորված ներկայացուցիչը, սույն Կանոնների 277-283-րդ կետերի պահանջների պահպանման պայմանով:
305. Անձը, որը միակ հայտատուն չէ, մյուս հայտատուների բացակայության դեպքում կարող է մասնակցել հայտի քննարկմանը միայն մյուսների կողմից տրված լիազորագրի առկայության դեպքում:
306. Հայտի քննարկումը հայտատուի մասնակցությամբ իրականացվում է բանակցությունների միջոցով կամ փորձաքննական խորհրդակցությունում:
307. Բանակցություններն անց են կացվում այն դեպքում, երբ հարցերը կարող են վճռվել անմիջականորեն փորձագետի և հայտատուի կողմից:
308. Փորձաքննական խորհրդակցություն է անցկացվում, եթե հարցի լուծման համար անհրաժեշտ է փորձաքննությանը նաև մի շարք փորձագետների մասնակցությունը:
309. Բանակցությունների կամ փորձաքննական խորհրդակցության արդյունքում, սահմանված ձևով կազմվում է արձանագրություն, որի մեջ նշվում են մասնակիցների մասին տեղեկություններ, կողմերի ներկայացրած փաստարկները և առաջարկությունները, ինչպես նաև հետագա գործավարության մասին եզրակացությունները (երկու օրինակից):
310. Արձանագրության մեջ կարող են բերվել հայտատուի (նրա ներկայացուցչի) կողմից առաջարկված գյուտի հավակնության սահմանման նոր խմբագրությունը, հայտը հետ կանչելու մասին դիմումը, գրավոր բացատրություն պահանջող փորձաքննության հարցերը և այլն:
311. Արձանագրությունը ստորագրվում է փորձաքննական խորհրդակցության բոլոր մասնակիցների կողմից, որի մեկ օրինակը կցվում է հայտի նյութերին, մյուսը հանձնվում է հայտատուին:
312. Քննարկվող հարցերի վերաբերյալ անհամաձայնության դեպքում արձանագրության մեջ կարող է տեղ գտնել խորհրդակցության մասնակիցների հատուկ կարծիքը: Արձանագրության օրինակը, որը ընդգրկում է համապատասխան եզրակացություններ, կարող է փոխարինել փորձաքննության հարցմանը, ինչը ձևակերպվում է համապատասխան գրառմամբ:
313. Արձանագրությունը կարող է փոխարինել փորձաքննության հարցմանը տրված հայտատուի պատասխանին (եթե չեն խախտվում պատասխանի ներկայացման սահմանված ժամկետները): Այդ դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան գրառում:
XVII. Հարցմամբ պահանջվող նյութերի ներկայացման ժամկետի երկարաձգումը
314. Հայարտոնագրի հարցմամբ պահանջվող նյութերի ներկայացման երկամսյա ժամկետը համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում կարող է 6 ամսով երկարաձգվել:
315. Դիմումին կցվում է ժամկետի երկարաձգման համար սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
316. Եթե այդպիսի փաստաթուղթ չի ներկայացված, դիմումը համարվում է չտրված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
317. Ժամկետի երկարաձգման մասին դիմումը կարող է ներկայացվել հայտատուի կողմից հարցում ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում:
318. Պահանջվող նյութերի ներկայացման ժամկետը երկարաձգելու մասին հայտատուն ծանուցվում է:
319. Դիմումի ներկայացման ժամկետը խախտելու դեպքում, հայտատուի խնդրանքը չի բավարարվում, ինչի մասին նա ծանուցվում է:
XVIII. Բաց թողնված ժամկետների վերականգնումը
320. Օրենքի 37 հոդվածի համաձայն, Օրենքի 23, 26 և 27 հոդվածներով նախատեսված գյուտի հայտի նախնական փորձաքննության, համընդհանուր ծանոթացման ընթացքում ստացված առարկության քննարկման և գյուտի ըստ էության փորձաքննության փուլերում, հայտատուի բաց թողնված ժամկետները կարող են վերականգնվել:
321. Բաց թողնված ժամկետները վերականգնելու մասին դիմումը, որը կարող է ներկայացվել սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում, հայտատուի կողմից ներկայացվում է այն փաստաթղթի հետ մեկտեղ, որի ներկայացման ժամկետը բաց է թողնվել:
322. Դիմումին կցվում է սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
323. Եթե որոշվի, որ տվյալ կետում նշված պահանջները չեն պահպանված, դիմումը չի բավարարվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
XIX. Հայտի հետ կանչումը
324. Օրենքի 33 հոդվածի 1-ին կետի համաձայն հայտի քննարկման ցանկացած փուլում հայտատուն կարող է հետ կանչել հայտը:
325. Հայտի հետ կանչման մասին դիմումը կարող է ներկայացվել մինչև հայտի մասին տեղեկությունների հրապարակումը կամ մինչև գյուտի գրանցման թվականը:
326. Հետ կանչված հայտը իրավական հետևանքներ չունի, այսինքն դրա հետ կապված ոչ մի իրավական նշանակության գործողություն չի կարող կատարվել (այդպիսի հայտով փորձաքննություն չի կատարվում, պահպանական փաստաթուղթ չի տրվում, հայտը չի կարող փոխակերպվել օգտակար մոդելի հայտի և այլն) և հայտատուի իրավունքները չեն կարող հետագայում հիմնվել այդ հայտի վրա (մասնավորապես հետագայում հայտ ներկայացնելիս չի կարելի հետ կանչված հայտի ներկայացման թվականով կամ լրացուցիչ նյութերի ներկայացման թվականով խնդրարկել առաջնություն), հետ կանչված հայտը ենթակա չէ հրապարակման և չի ներառվում տեխնիկայի մակարդակի մեջ, երբ այլ հայտերի փորձաքննության ժամանակ ստուգվում է դրանց համապատասխանությունը նորության պահանջին, տեÿս սույն Կանոնների 8-11-րդ կետերը:
327. ՀԵտ կանչման մասին ստացված դիմումի հիման վրա Հայարտոնագիրը որոշում է կայացնում հայտը հետ կանչված համարելու մասին, որի մեկ օրինակը ուղարկվում է հայտատուին:
328. Հայտի հետ կանչման մասին իր դիմումը չեղյալ համարելու վերաբերյալ հայտատուի դիմումը չի կարող հիմք հանդիսանալ սույն կանոնների 325-րդ կետում նշված հայտի հետ կանչման հետևանքները վերացնելու համար:
329. Սույն կանոնների 325-րդ կետում դրույթները գործում են նաև հետ կանչված կամ հետ կանչված համարված հայտերի նկատմամբ:
Մ ա ս 3
Հայտի քննարկումը Հայարտոնագրում
XX. Հայտի ներկայացումը Հայարտոնագիր ԵՎ փաստաթղթերի հետ վարվելու կարգը
Գյուտի հայտի ստացված նյութերի գրանցումը
330. Հայարտոնագիր ներկայացվող հայտի նյութերը գրանցվում են` նշելով դրանց ստացման թվականը, եթե այդ նյութերը պարունակում են առնվազն հայտատուի անունը (անվանումը), դիմումը` արտոնագիր ստանալու մասին, գյուտի հավակնության սահմանումը և նկարագրություն համարվող նյութերը, գծագրերը, եթե նկարագրության մեջ կա դրանց վկայակոչումը, և հայտ ներկայացնելու համար տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
331. Հայտին տրվում է Հայարտոնագրի իննանիշ գրանցման համար (առաջին տառը որոշում է հայտի պատկանելիությունը գյուտի կամ օգտակար մոդելի (P) կամ (Ս), հաջորդ` ավագ կարգերի չորս թվանշանները նշում են հայտի ներկայացման տարեթիվը, մնացած չորսը` հայտի տվյալ տարվա հերթական համարը, սկսելով 0001-ից):
332. Ստացված նյութերում արտոնագիր ստանալու մասին դիմումի մեջ հայտատուի կողմից նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում հայտատուն ծանուցվում է այդ մասին:
333. Ներկայացված հայտի նյութերի յուրաքանչյուր թերթի հակառակ երեսին Հայարտոնագիրը նշում է ստացման թվականը: Այդ ձևով թվագրվում է նաև այդ հայտով հետագա ողջ նամակագրությունը:
334. Հայտի գրանցված նյութերը հետ չեն վերադարձվում:
335. Հայտի նյութերին հայտատուն կարող է կցել իր երաշխավորագիրն այն մասին, որ ուղղումներ և լրացումներ իր կողմից չեն ներկայացվի: Այս դեպքում նախնական փորձաքննությունն ավարտելուց անմիջապես հետո Հայարտոնագիրը կայացնում է հայտի պաշտոնական հրապարակման մասին որոշում, նույնիսկ եթե Օրենքի 23 հոդվածի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը դեռ չի ավարտվել:
Հայտը ներկայացնելու համար վճարված տուրքի ստուգումը
336. Հայտի գրանցված նյութերում ստուգվում է հայտը ներկայացնելու համար սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի առկայությունը: Այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հայտատուն ծանուցվում է բացակայող փաստաթուղթը երկամսյա ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:
337. Եթե հայտը ներկայացնելու համար տուրքը չի համապատասխանում սահմանված չափին կամ վճարված է հավակնության սահմանման անկախ կետերի քանակի համար սահմանվածից պակաս չափով, ապա հայտատուն ծանուցվում է տուրքի լրավճարման կամ հավակնության սահմանման ճշգրտման և/կամ տուրքի լրավճարման ճանապարհով վճարված տուրքի չափը հավակնության սահմանման անկախ կետերի քանակին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:
338. Օրենքի 23 հոդվածի 1-ին կետով սահմանված գյուտի հայտի նախնական փորձաքննության անցկացման երկամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է սույն կետի համաձայն հարցման պատասխաններն ստանալու օրվանից:
Հայտի գաղտնիությունը
339. Հայտի մասին տեղեկությունները Հայարտոնագիր ներկայացնելու պահից մինչև դրանց պաշտոնական հրապարակումը համարվում են գաղտնի և ենթակա չեն ապօրինի հրապարակման:
XXI. Հայտի նախնական փորձաքննությունը
Հայտի նախնական փորձաքննության անցկացման ժամկետները
340. Գյուտի հայտի նախնական փորձաքննությունը Հայարտոնագիրն անցկացնում է հայտի ներկայացման օրվանից երկամսյա ժամկետում:
Հայտի նախնական փորձաքննության բովանդակությունը
341. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է`
հայտի անհրաժեշտ, այդ թվում` դրան կցվող փաստաթղթերի առկայությունը.
վճարված տուրքի չափի համապատասխանությունը սահմանված չափին, այդ թվում`
հավակնության սահմանման անկախ կետերի և խնդրարկվող կոնվենցիայով առաջնությունների քանակներին.
հայտի անհրաժեշտ, այդ թվում` դրան կցվող փաստաթղթերի համապատասխանությունը Հայարտոնագրի պահանջներին` առանց գյուտի էության վերլուծության.
արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացված հայտի դեպքում` հայտի ներկայացման կարգի համապատասխանությունը Հայարտոնագրի պահանջներին.
վերաբերու՞մ է արդյոք գյուտը այն առարկաներին, որոնց տրվում է իրավական պահպանություն.
գյուտի համապատասխանությունը միասնության պահանջին.
արդյո՞ք ներկայացված լրացուցիչ նյութերը չեն փոխում հայտարկված գյուտի էությունը և դրանց ներկայացման սահմանված կարգը.
միջազգային հայտը ազգային փուլ փոխադրելու ժամկետների պահպանումը.
հայտատուի կողմից գյուտի դասակարգման ճշտությունն ըստ ՄԱԴ-ի:
342. Նախնական փորձաքննության ընթացքում սահմանվում է`
հայտի ներկայացման թվականը.
միջազգային հայտը ազգային փուլ փոխադրման թվականը.
գյուտի առաջնության թվականը.
գյուտի ճիշտ դասակարգումն ըստ ՄԱԴ-ի գործող խմբագրության:
Հայտի պակաս կամ ուղղված նյութերի ներկայացման մասին հարցումը
343. Եթե նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտը ձևակերպված է թերություններով, հայտատուին ուղարկվում է հարցում` հայտնաբերված թերությունների իրավական բնույթի փաստարկների նշումով, առաջարկելով հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնել պակաս կամ ուղղված փաստաթղթերը:
344. Հարցման հիմք է հանդիսանում`
344.1. հայտի փաստաթղթերից առնվազն մեկի պակասը.
344.2. եթե հայտը ներկայացված է արտոնագրային հավատարմատարի միջոցով` հայտատուի կողմից տրված հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթղթի (լիազորագրի) պակասը, և/կամ եթե խախտված են այդպիսի հայտի ձևակերպման պահանջները.
344.3. հայտի փաստաթղթերի օրինակների քանակի սահմանվածից պակասը.
344.4. ՀՀ-ից դուրս մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական կամ օտարերկրյա իրավաբանական անձի կողմից հայտը անմիջականորեն Հայարտոնագիր ներկայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա սահմանված է ՀՀ միջազգային պայմանագրով.
344.5. արտոնագիր տալու մասին դիմումում սույն Կանոններով նախատեսված տվյալների բացակայումը` ստորագրությունները, կնիքը (եթե անհրաժեշտ է).
344.6. տուրքերի վճարման հետ կապված հարցեր պարզելու անհրաժեշտությունը.
344.7. փաստաթղթերի ձևակերպման մեջ թերությունների բացահայտումը, որոնք խոչընդոտում են դրանց անմիջական վերարտադրմանը, հրապարակմանը, պահպանմանը, և/կամ անհնարին դարձնում դրանց` շահագրգիռ անձանց ծանոթանալը (թերթերի ձևաչափերի, ազատ դաշտերի չափերի նկատմամբ պահանջների խախտումը, տպագրության որակը և այլն, որոնք դժվարացնում են հայտի նյութերի ընթերցումը).
344.8. գյուտի նկարագրությունում` սույն Կանոններով նախատեսված կառուցվածքային բաժինների բացակայությունը (եթե տեղեկությունները, որոնք պետք է լինեին համապատասխան բաժնում, բերված են այլ բաժնում` հարցում չի ուղղվում), նաև` նկարագրության կամ գյուտի հավակնության սահմանման մեջ հատկանիշի բնութագրի փոխարինումը այն տեղեկատվության աղբյուրի նշումով, որտեղ այդ հատկանիշը բացահայտված է.
344.9. հայտում ոչ հանրամատչելի կամ գաղտնի ճանաչված տեղեկատվական աղբյուրների նշումը.
344.10. գյուտի հավակնության սահմանման կետը մեկ նախադասությամբ շարադրելու` սույն Կանոնների 137-199-րդ կետերի պահանջների խախտումը.
344.11. հավակնության սահմանման մեջ այն գյուտի առարկայի նշման բացակայությունը, որի համար խնդրարկվում է իրավական պահպանություն.
344.12. հավակնության սահմանման մեջ գյուտի համապատասխան առարկայի հատկանիշների փոխարեն միայն դրա շահագործման և սպառման հատկությունների, իրագործման կամ օգտագործման դեպքում տեղի ունեցող էֆեկտների կամ երևույթների մասին տվյալների առկայությունը.
344.13. բազմօղակ հավակնության սահմանման կախյալ կետերում այնպիսի հատկանիշների առկայությունը, որոնց իրագործումը հանգեցնում է հակասությունների կամ հակասում է հասարակական շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին.
344.14. Կանոնների 156-158-րդ կետերի պահանջների (համաձայն որի հավակնության սահմանման անկախ կետը պետք է վերաբերի միայն մեկ գյուտի) խախտումը.
344.15. հավակնության սահմանման մեջ այնպիսի կախյալ կետի առկայությունը, որը հանգեցնում է համապատասխան անկախ կետի հատկանիշի բացառման կամ փոխարինման.
344.16. հայտի փաստաթղթերի անհամապատասխանությունը (դիմումում բերված գյուտի անվանումը չի համապատասխանում նկարագրությունում բերված վերնագրին, նկարագրության մեջ բացակայում են հավակնության սահմանման մեջ բերված հատկանիշները, գծագրերը չեն համապատասխանում նկարագրությանը և այլն).
344.17. ռեֆերատ կազմելուն վերաբերող` սույն Կանոնների 204-222-րդ կետերի պահանջների խախտումը.
344.18. սույն Կանոնների պահանջների այլ խախտումները, որոնք կարող են բացահայտվել առանց հայտարկված գյուտի (գյուտերի խմբի) էությունը վերլուծելու.
345. Եթե հայտ ներկայացնելու համար տուրքը վճարված է ավելի պակաս, քան անհրաժեշտ է հավակնության սահմանման անկախ կետերին համապատասխան, ապա հայտատուին առաջարկվում է համապատասխանեցնել դրանք ճշգրտելով կետերի քանակը և/կամ լրավճարելով տուրքը:
346. Հայտատուին հարցում կարող է ուղարկվել այնքան անգամ, ինչքան անհրաժեշտ է հայտի փաստաթղթերում թերությունները վերացնելու համար:
347. Սույն կանոնների 344-րդ կետի համաձայն են ձևակերպվում ինչպես հայտատուի նախաձեռնությամբ, այնպես էլ հարցման հիման վրա ներկայացված փաստաթղթերը:
348. Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի ներկայացնում պահանջվող նյութերը կամ այդ ժամկետի երկարաձգման մասին դիմումը, ապա հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է: Այս դեպքում հայտով գործավարությունը դադարեցվում է, նյութերը փոխանցվում են Հայարտոնագրի արխիվ:
349. Գործավարությունը կարող է շարունակվել սույն Կանոնների 320-323-րդ կետերի համաձայն` բաց թողնված ժամկետի վերականգնումից հետո:
Հայտի առարկայի դասակարգումը
350. Գյուտի առարկան այս կամ այն տեխնիկայի բնագավառին վերաբերելու նպատակով, հայտի նախնական փորձաքննության կամ հայտով տեղեկատվական որոնման և/կամ գյուտի ըստ էության փորձաքննության ընթացքում Հայարտոնագիրը հայտարկված գյուտը դասակարգում է ՄԱԴ-ի գործող խմբագրությանը համապատասխան:
351. Դասակարգման ցուցիչ ընտրելիս հիմք է ընդունվում հայտարկվող գյուտի հավակնության սահմանումը: Գյուտի էությունը ավելի խոր հասկանալու համար հաշվի են առնվում նաև դրա նկարագրությունը և գծագրերը: Եթե հայտը վերաբերում է մի քանի առարկայի, որոնք պատկանում են ՄԱԴ-ի տարբեր բաժիններին, ապա սահմանվում են բոլոր համապատասխան ցուցիչները: Ընդ որում, առաջին ցուցիչը որոշվում է գյուտի անվանումով:
352. Դասակարգման ցուցիչները որոշվում են նախնական փորձաքննության ընթացքում և կարող են փոփոխվել ըստ էության փորձաքննության ընթացքում:
Հայտի ներկայացման, միջազգային հայտը ազգային փուլ փոխադրման եվ առաջնության թվականների սահմանումը
353. Օրենքի 22 հոդվածի 1-ին կետի համաձայն, հայտի ներկայացման թվականը Հայարտոնագիրը սահմանում է հայտն ստանալու թվականով, եթե գյուտի հայտը ներառում է առնվազն հայտատուի անունը (անվանումը), դիմում` արտոնագիր ստանալու մասին, գյուտի հավակնության սահմանումը և նկարագրություն համարվող նյութերը:
354. Միջազգային հայտը, որում Հայաստանը նշված կամ ընտրված պետություն է, ազգային փուլ փոխադրելու թվական է համարվում միջազգային հայտի ստացման թվականը Հայարտոնագրում:
355. Գյուտի առաջնությունը որոշվում է հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականով:
356. Գյուտի առաջնությունը որոշվում է ավելի վաղ թվականով, եթե այն բավարարում է Օրենքի 22 հոդվածի 2-7-րդ կետերում նշված պայմաններին: Կոնվենցիայով առաջնության սահմանումը
357. Օրենքի 22 հոդվածի 2-րդ կետի համաձայն, գյուտի առաջնությունը կարող է որոշվել առաջին հայտն արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիային մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով, եթե գյուտի հայտը Հայարտոնագիր է ներկայացվել նշված թվականից 12 ամսվա ընթացքում: Կոնվենցիայով առաջնության իրավունքից օգտվելու ցանկության մասին հայտատուն պարտավոր է նշել հայտը ներկայացնելիս կամ Հայարտոնագրի կողմից այն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում` կցելով առաջին հայտի պատճենը, կամ ներկայացնել դա` հայտը Հայարտոնագիր ներկայացնելու օրվանից 3 ամսվա ընթացքում:
358. Կոնվենցիայով առաջնության խնդրարկման դեպքում ստուգվում է`
Փարիզյան կոնվենցիային մասնակից որևէ պետություն ներկայացված առաջին հայտի վավերացված պատճենի առկայությունը: Եթե նշված պատճենը ներկայացված է հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականից հետո, ստուգվում է հայտատուի կողմից նշված թվականից 3 ամսվա ժամկետի պահպանումը:
Եթե առաջին հայտերը մի քանիսն են, ապա ստուգումը կատարվում է դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ առանձին.
հայտատուի կողմից առաջին հայտի ներկայացման թվականից 12-ամսյա ժամկետի պահպանումը.
կոնվենցիայով առաջնություն սահմանելու խնդրանքով դիմումը Հայարտոնագիր հայտի ներկայացնելու թվականից երկամսյա ժամկետում ներկայացնելու պահանջի պահպանումը.
հայտարկված գյուտի էության բացահայտումն առաջին հայտում:
Առաջնությունը լրացուցիչ նյութերի ստացման թվականով սահմանումը
359. Օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի համաձայն ` առաջնությունը կարող է որոշվել լրացուցիչ նյութերն ստանալու թվականով, եթե դրանցով ձևակերպված նոր հայտը ներկայացվել է 3 ամսվա ընթացքում` սկսած Հայարտոնագրի այն ծանուցագրի ներկայացման օրվանից, որով հայտատուն տեղեկացվել է, որ սկզբնական հայտի նյութերում նկարագրված լուծման էությունը փոփոխելու պատճառով լրացուցիչ նյութերը հաշվի չեն առնվելու:
360. Լրացուցիչ նյութերի ստացման թվականով առաջնություն խնդրարկելու դեպքում ստուգվում է`
360.1 հայտը 3 ամսվա ընթացքում` սկսած այն ծանուցագրի ներկայացման օրվանից, որով հայտատուն տեղեկացվել է, որ սկզբնական հայտի նյութերում նկարագրված լուծման էությունը փոփոխելու պատճառով լրացուցիչ նյութերը հաշվի չեն առնվելու, ներկայացնելու ժամկետի պահպանումը.
360.2. հայտարկված գյուտի էության բացահայտումը լինի լրացուցիչ նյութերում, որոնց ներկայացման թվականով խնդրարկվում է առաջնությունը (հաշվի առնելով նաև այն սկզբնական հայտի բովանդակությունը, որով ներկայացվել են լրացուցիչ նյութերը):
Առաջնությունը նույն հայտատուի` ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման թվականով սահմանումը
361. Օրենքի 22 հոդվածի 4-րդ կետի համաձայն` առաջնությունը կարող է որոշվել նույն հայտատուի ավելի վաղ ներկայացրած նույն գյուտի էությունը բացահայտող հայտի ներկայացման թվականով, եթե հայտը, որով պահանջվում է այդպիսի առաջնություն, Հայարտոնագիրն ստացել է ավելի վաղ ներկայացված հայտի գրանցման օրվանից 12 ամսվա ընթացքում:
362. Նույն հայտատուի` ավելի վաղ ներկայացված նույն գյուտի էությունը բացահայտող հայտի ներկայացման թվականով առաջնություն խնդրարկելու դեպքում ստուգվում է`
գյուտի հայտը Հայարտոնագիր ավելի վաղ ներկայացված հայտի գրանցման օրվանից 12 ամսվա ընթացքում ներկայացնելու ժամկետի պահպանումը.
հայտի ներկայացնելը նույն հայտատուի կողմից.
ավելի վաղ ներկայացված գյուտի հայտում հայտարկվող գյուտի բացահայտած լինելը:
363. Օրենքի 22 հոդվածի 5-րդ կետի համաձայն, գյուտի առաջնությունը կարող է որոշվել ավելի վաղ ներկայացված մի քանի հայտի հիման վրա, որոնցից յուրաքանչյուրի նկատմամբ պետք է պահպանվեն վերը նշված բոլոր պահանջները:
364. Օրենքի 22 հոդվածի 6-րդ կետի համաձայն, հայտի առաջնությունը չի կարող որոշվել այն հայտի ներկայացման թվականով, որով արդեն պահանջվել է ավելի վաղ առաջնություն:
365. Ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման թվականով առաջնություն խնդրարկելու դեպքում ավելի վաղ ներկայացված հայտը (կամ հայտերը) համարվում է (են) հետ կանչված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
Զատված հայտով ներկայացված գյուտի առաջնության սահմանումը
366. Օրենքի 22 հոդվածի 7-րդ կետի համաձայն, զատված (սկզբնական հայտից առանձնացված) հայտով ներկայացված գյուտի առաջնությունը որոշվում է սկզբնական հայտի ստացման թվականով` հայտատուի կողմից հետևյալ պայմանների պահպանման դեպքում`
366.1. զատված հայտը պետք է ներկայացվի Հայարտոնագիր` մինչև սկզբնական հայտով արտոնագիր չտալու մասին որոշման ընդունումը, որի վիճարկման հնարավորություններն ամբողջովին սպառված են, կամ մինչև գյուտի պետական գրանցումը, եթե արտոնագիր տալու մասին որոշում է ընդունվել.
366.2. զատված հայտով հայտարկված գյուտը պետք է բացահայտված լինի սկզբնական հայտում կամ առաջին հայտում, եթե այն զատված է կոնվենցիայով հայտից և առաջնությունը խնդրարկվում է այդ հայտի առաջնության թվականով:
366.3. Այն դեպքում, երբ հայտը զատված է կոնվենցիայով հայտից, գյուտի առաջնությունը որոշվում է կոնվենցիայով հայտի առաջնության, այլ ոչ թե Հայարտոնագիր ներկայացնելու թվականով: Ընդ որում, զատված հայտի ներկայացման թվական է համարվում կոնվենցիայով հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականը:
Մի քանի առաջնություն սահմանելու պայմանները
367. Եթե հայտատուն Հայարտոնագիր ներկայացված մեկ հայտով խնդրարկում է մի քանի առաջնություն, ապա այդպիսի առաջնություններից յուրաքանչյուրի համար ստուգվում է սույն Կանոնների 340-366-րդ կետերում նշված համապատասխան պահանջների պահպանումը:
368. Մեկից ավելի առաջնություն սահմանվում է և այն դեպքում, երբ հայտարկված է գյուտերի խումբ, որի մեջ մտնող գյուտերը նկարագրված են ներկայացված հայտին նախորդող մի քանի հայտերում:
369. Բազմակի առաջնություն սահմանվում է նաև այն դեպքում, երբ գյուտը բնութագրված է այլընտրանքի տեսքի հատկանիշով (ներով) (օրինակ, Մարկուշի բանաձևը), ինչպես նաև որևէ մեծության արժեքների միջակայքի տեսքով:
370. Գյուտերի խմբի յուրաքանչյուր գյուտին կամ այն գյուտին, որը բնութագրված է ներկայացված այլընտրանքներից որևէ մեկով կամ ներկայացված միջակայքի որևէ արժեքով (կամ արժեքների տիրույթով), կարող է սահմանվել առաջնություն` դրան նախորդող հայտի ներկայացման թվականով, որում դա նկարագրված է:
371. Մասնակի առաջնություն կարող է սահմանվել այն դեպքում, երբ գյուտերից մի քանիսը նկարագրված են նախորդող հայտում (երում), իսկ մնացածը` առաջին անգամ նոր հայտում: Այս դեպքում ավելի վաղ առաջնություն սահմանվում է միայն այն գյուտերի համար, որոնք նկարագրված են նախորդող հայտում (երում):
372. Եթե հավակնության սահմանման անկախ և կախյալ կետերում բնութագրված գյուտերի համար ներկայացման տարբեր թվականներ ունեցող երկու առաջին հայտերի հիման վրա խնդրարկվում են տարբեր կոնվենցիայով առաջնություններ, ստուգվում է երկու առաջին հայտերի վավերացված պատճենների առկայությունը և այդ հայտերի ներկայացման թվականի նկատմամբ 12-ամսյա ժամկետի պահպանումը:
373. Անկախ և կախյալ կետերում բնութագրված յուրաքանչյուր գյուտի բացահայտումը ստուգվում է այն առաջին գյուտի նկատմամբ, որի ներկայացման թվականով խնդրարկվում է նոր հայտով ներկայացված գյուտի առաջնությունը:
Գյուտի առաջնության թվականի սահմանման լրացուցիչ պայմանների ստուգումը
374. Սույն Կանոնների 357-373-րդ կետերին համապատասխան` առաջնության որոշման պայմանների պահպանումը ստուգելիս պետք է համոզվել, որ Հայարտոնագիր ներկայացված հայտը, որի հիման վրա խնդրարկվում է առաջնություն, կամ որի համար ներկայացված են այդպիսի խնդրագրի հիմք հանդիսացող լրացուցիչ նյութեր, հետ կանչված չէ կամ չի համարվում այդպիսին:
Խնդրարկվող առաջնության սահմանման պայման հանդիսացող ժամկետների` հայտատուի կողմից պահպանումը ստուգելու ընթացքում պետք է ղեկավարվել սույն Կանոնների 285-րդ կետով:
375. Խնդրարկվող առաջնության հիմք հանդիսացող ավելի վաղ ներկայացված նյութերում (հայտում, լրացուցիչ նյութերում) հայտարկված գյուտի բացահայտման պահանջի պահպանումը հաստատելու համար ստուգվում է` նշվա՞ծ են, արդյոք, այդ նյութերում հայտարկված գյուտի հավակնության սահմանման բոլոր հատկանիշները, և արդյո՞ք դրանք միայն գովազդային բնույթ չեն կրում.
արդյո՞ք գյուտը այդ նյութերում բացահայտված է իրագործման համար բավարար լրիվությամբ: Կոնվենցիայով առաջնության խնդրարկման դեպքում տվյալ պայմանը ստուգելիս հայտատուին կարող է առաջարկվել ներկայացնել առաջին հայտի թարգմանությունը:
376. Եթե առաջնության ստուգման ընթացքում ի հայտ եկած հարցերը չեն խոչընդոտում հայտի նախնական փորձաքննության անցկացմանը, ապա դրանք պարզվում են հայտի քննարկմանը կապված այլ հարցերի հետ մեկտեղ:
377. Եթե հայտատուն պահպանել է սույն Կանոնների 357-373-րդ կետերում նշված բոլոր պահանջները, ապա հայտարկված գյուտի համար սահմանվում է խնդրարկված առաջնությունը:
378. Այն դեպքում, երբ գյուտի առաջնությունը խնդրարկվում է կոնվենցիայով հայտից զատված հայտով ըստ սույն Կանոնների 366-րդ կետի պահանջների, գյուտի առաջնությունը սահմանվում է կոնվենցիայով հայտի առաջնության, այլ ոչ թե Հայարտոնագիր ներկայացնելու թվականով: Ընդ որում, այս զատված հայտի ներկայացման թվական է համարվում կոնվենցիայով հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականը:
379. Եթե հայտատուի կողմից չի պահպանված 357-373-րդ կետերում նշված պահանջներից առնվազն մեկը, ապա սույն Կանոնների 355-րդ կետին համապատասխան գյուտի առաջնությունը սահմանվում է հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականով, ինչի մասին հայտատուն նախապես ծանուցվում է: Եթե նշված պահանջները չեն պահպանված որևէ գյուտի նկատմամբ, որը, օրինակ, բնութագրված է բազմօղակ հավակնության սահմանման կետերից որևէ մեկում, ապա միայն այս գյուտի համար է առաջնությունը սահմանվում հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականով:
380. Այն դեպքում, երբ առաջնության թվականը սահմանելուց հետո հայտատուն ներկայացնում է փոփոխված հավակնության սահմանում, կատարվում է խնդրարկված առաջնության սահմանման հիմքերի կրկնակի ստուգում:
381. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ նույնական գյուտերն ունեն առաջնության միևնույն թվականը, ապա արտոնագիրը կարող է տրվել այն հայտով, որն ունի Հայարտոնագիր ուղղված ավելի վաղ առաքման թվականի ապացույց: Այդ թվականները համընկնելու դեպքում, հայտատուների համաձայնությամբ, նրանց տրվում է մեկ արտոնագիր: Համաձայնության չգալու դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:
Գյուտի հավակնության սահմանման ստուգումը
382. Ստուգումն անցկացվում է գյուտի սկզբնական կամ առաջին հայտի հավակնության սահմանման նկատմամբ, ընդ որում, եթե այն փոփոխվել է հայտատուի կողմից Օրենքի 23 հոդվածի 7-րդ կետին համապատասխան, ապա ստուգվում է փոփոխված հավակնության սահմանման` սույն Կանոնների 406-420-րդ կետերի պահանջների պահպանումը:
383. Եթե գյուտի հայտի նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ այն ներկայացված է միասնության պահանջի խախտմամբ, հայտատուն ծանուցվում է այդ մասին և նրան առաջարկվում է հայտնել երկամսյա ժամկետում, թե ներկայացված հայտի շրջանակներում ոևր գյուտն է ենթակա քննարկման, ապա հայտատուի պատասխանի հիման վրա ստուգումն անցկացվում է այդ գյուտի նկատմամբ:
384. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցումը նշված ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնելու դեպքում քննարկվում է այն գյուտը, որը հավակնության սահմանման մեջ բերված է առաջինը:
385. Ստուգման արդյունքների մասին հարցումով հայտատուին առաջարկվում է երկամսյա ժամկետում ներկայացնել գյուտի ճշգրտված նկարագրությունը, հավակնության սահմանումը և գծագրերը (եթե անհրաժեշտ է): Նշված հարցումն անպատասխան թողնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված:
386. Ստուգումն անցկացվում է հայտարկված գյուտի հավակնության սահմանման մեջ առկա էական հատկանիշների նկատմամբ, որոնց համախմբությունը բավարար է նշված տեխնիկական արդյունքն ստանալու համար: Ընդ որում, տեխնիկական արդյունքը կարող է չբխել արդի հասարակական պահանջից:
387. Եթե որոշվում է, որ հավակնության սահմանման անկախ կետը չի պարունակում գյուտի նկարագրությունում կամ կախյալ կետում բացահայտված էական հատկանիշը (ները), որի բացակայության դեպքում հասանելի չէ տեխնիկական արդյունքը, ապա հայտատուին առաջարկվում է դա (դրանք) մտցնել հավակնության սահմանման անկախ կետի մեջ: Ընդ որում, բերվում են փաստարկներ, որոնք ապացուցում են տեխնիկական արդյունքի ստացման համար դրա անհրաժեշտությունը:
388. Եթե հավակնության սահմանումը բացի էական հատկանիշներից պարունակում է ոչ էական հատկանիշներ կամ հատկանիշներ, որոնք բնութագրում են հայտարկված գյուտի օգտագործման կամ իրագործման մասնավոր ձևերը, ապա կարելի է պահանջել հայտատուի կարծիքը հավակնության սահմանման այդպիսի խմբագրության պահպանման նպատակահարմարության վերաբերյալ:
389. Գյուտի հավակնության սահմանման ստուգումը ներառում է նաև սույն Կանոնների 140-րդ կետի համաձայն հավակնության սահմանման հատկանիշների նույնականացման հնարավորության որոշումը:
390. Եթե պարզվում է, որ հատկանիշի նույնականացման համար անհրաժեշտ է գյուտի նկարագրության հիման վրա ճշգրտել դրա բնութագրումը, ապա հայտատուին առաջարկվում է ճշգրտել այն:
391. Եթե հատկանիշի նույնականացման հնարավորության պայմանը պահպանված է, բայց դրա բնութագրման համար օգտագործված են տերմիններ, որոնք հնացած են կամ տեխնիկայի կոնկրետ բնագավառում ընդունված չեն, հայտատուին կարելի է առաջարկել համապատասխան ճշգրտում մտցնել գյուտի հավակնության սահմանման մեջ:
392. Եթե պարզվում է, որ հատկանիշը բնութագրված է այնպիսի հասկացություններով, որոնք չեն ապահովում դրա նույնականացման հնարավորությունը և հայտատուն հրաժարվում է ճշգրտել գյուտի հավակնության սահմանումը, ապա հայտի հետագա քննարկման ընթացքում այդպիսի հասկացությունները հաշվի չեն առնվում:
393. Գյուտի հավակնության սահմանման ստուգումը ներառում է նաև դրա համապատասխանեցումը սույն Կանոնների 137-144-րդ կետերի պահանջներին` արդյո՞ք գյուտի նկարագրությունը պարունակում է գյուտը բնութագրող հասկացություններ:
394. Եթե բացահայտվում են այնպիսի հասկացություններ, որոնք հայտատուն օգտագործում է հավակնության սահմանման հատկանիշների բնութագրման համար, բայց դրանք բացակայում են գյուտի նկարագրության մեջ, ապա հայտատուն ծանուցվում է, որ ներկայացված հավակնության սահմանումը հիմնված չէ նկարագրության վրա, և առաջարկվում է ներգրավել այդ հասկացությունները նկարագրության մեջ (եթե հայտատուն կարևորում է դրանց պահպանումը հավակնության սահմանման մեջ), կամ` այդ հասկացությունները հանել վերջինից:
395. Եթե հայտում բերված է միօղակ կամ մեկ անկախ կետով բազմօղակ հավակնության սահմանում, ապա ստուգվում է` արդյո՞ք բնութագրված է այդպիսի հավակնության սահմանման մեջ մեկ գյուտ:
396. Ստուգումը կատարվում է սույն Կանոնների 157-րդ և 159-րդ կետերի պահանջների համաձայն: Եթե պարզվում է, որ խախտված են նշված պահանջները, ապա հայտատուին ուղարկվում է հարցում այդ խախտումները վերացնելու և հավակնության սահմանումը ճշգրտելու առաջարկությամբ: Ընդ որում, հայտատուն ծանուցվում է նաև ճշգրտված հավակնության սահմանման մեջ միասնության պահանջը չխախտելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև հավակնության սահմանման ճշգրտումից հրաժարվելու դեպքում` քննարկման ենթակա գյուտը նշելու անհրաժեշտության մասին:
397. Հետևաբար, եթե հատկանիշը բնութագրելու համար հայտատուն չի պահպանում այլընտրանքային հասկացությունների կիրառման պայմանները, ապա նա ծանուցվում է կատարված խախտման բնույթի մասին, նշելով կոնկրետ այլընտրանքային բնութագրեր (բոլորը, կամ հայտատուի կողմից բերվածներից մի քանիսը), որոնց նկատմամբ բացահայտված է այդ խախտումը:
398. Եթե քիմիական միացություններին վերաբերող գյուտերում օգտագործված է Մարկուշի բանաձևը (տեÿս սույն Կանոնների 165-170-րդ կետերը), ապա պետք է հաշվի առնել` արդյո՞ք գյուտի հավակնության սահմանման մեջ թվարկված միացությունները ունեն ընդհանուր հատկություններ, կամ արդյո՞ք այդ միացություններն ունեն ընդհանուր էական կառուցվածքային տարր, որը տեխնիկայի նախորդ մակարդակի նկատմամբ կազմում է դրանց տարբերիչ բնութագիրը:
399. Եթե հայտատուի կողմից առաջարկված է մի քանի անկախ կետ ունեցող բազմօղակ հավակնության սահմանում, ապա փորձաքննությունը վերլուծում է յուրաքանչյուր անկախ կետ (և դրա կախյալ կետերը) և որոշում` արդյո՞ք հավակնության սահմանման մեջ ընդգրկված գյուտերը ներկայացնում են միասնական գյուտարարական մտահաղացում կազմող գյուտերի խումբ, անկախ այդ գյուտերն առանձին կետերում կամ մեկ կետում այլընտրանքի ձևով ներկայացված լինելու հանգամանքից: Գյուտի միասնությունը առկա է միայն այն դեպքում, երբ հայտարկված գյուտերի միջև կա տեխնիկական փոխադարձ կապ, որը ներառում է մեկ կամ մի քանի միանման կամ համապատասխան «հատուկ տեխնիկական հատկանիշներ», այսինքն` այնպիսի հատկանիշներ, որոնք որոշում են տեխնիկայի մակարդակի մեջ գյուտերից յուրաքանչյուրի ներդրումը:
400. Եթե ստուգվում է անկախ կետերում բնութագրած գյուտերի տարբերակներին վերաբերելու ճշտությունը, անհրաժեշտ է համոզվել, որ տարբերակների` հայտատուի կողմից նշված նշանակությունները և տեխնիկական արդյունքները համընկնում են:
401. Տեխնիկական արդյունքների համընկնելու պայմանը խախտված չի համարվում, եթե խմբի գյուտերից յուրաքանչյուրի համար նշված է մի քանի տեխնիկական արդյունք, որոնցից համընկնող է միայն մի մասը:
402. Տեխնիկական արդյունքների համընկնելու պայմանը խախտված չի համարվում նաև այն դեպքում, երբ բոլոր գյուտերի տեխնիկական ընդհանուր արդյունքի բնութագրումից բացի, որևէ մեկի ձևակերպումը լրացուցիչ ներառում է ինչ որ հատուկ առանձնահատկություն: Օրինակ` «շփման նվազեցում», «շփման նվազեցում բարձր խոնավության պայմաններում»:
403. Եթե պարզվում է, որ հայտատուի կողմից ներկայացված հավակնության սահմանումը կազմված է սույն Կանոնների խախտմամբ, սակայն այդ խախտումները արգելք չեն հանդիսանում հայտարկվող գյուտի արտոնագրաունակության ստուգմանը, ապա դրանք պարզվում են հայտի քննարկման հետ կապված այլ հարցերին զուգընթաց:
404. Եթե հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա փոփոխում է գյուտի հավակնության սահմանումը, ապա ստուգումը կատարվում է սույն Կանոնների 386-403-րդ կետերի համաձայն: Գյուտի արտոնագրաունակությունը ստուգելու համար հաշվի են առնվում հավակնության սահմանման` հայտատուի կողմից ներկայացված փոփոխությունները:
405. Գյուտի հավակնության սահմանման ստուգման ընթացքում պետք է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքներին`
405.1. արդյո՞ք գյուտի անվանումը համապատասխանում է գյուտը բնութագրող հատկանիշներին: Օրինակ` եթե հայտարկված է «Եղանակ», ապա ստուգվում է եղանակը բնութագրող հատկանիշների համախմբության առկայությունը հավակնության սահմանման մեջ.
405.2. արդյո՞ք լրացուցիչ կետերի բովանդակությունը համապատասխանում է դրանց ներկայացվող պահանջներին, այսինքն` արդյո՞ք այդ կետերում ներկայացված տեղեկատվությունը հանդիսանում է անկախ կետում բերված հատկանիշների համախմբության ճշգրտում կամ զարգացում, թե այդ հատկանիշները բնութագրում են գյուտի այլ առարկա.
405.3. արդյո՞ք գյուտի հավակնության սահմանման անկախ կետը չի պարունակում տարբեր տեսակի գյուտերի նկարագրություն, հաշվի առնելով որ դրանք պետք է շարադրվեն տարբեր անկախ կետերում.
405.4. արդյո՞ք այս կամ այն հատկանիշի իրագործման տարբեր ձևերի ներառումը գյուտի հավակնության սահմանման միևնույն կետում հիմնավորված է.
405.5. արդյո՞ք ֆունկցիոնալ կախում ունեցող հատկանիշների տարբեր խմբերը հանդիսանում են այլընտրանքներ, այսինքն` խմբեր, որոնք նկարագրում են օբյեկտի կոնկրետ բնութագիրը և իրականացնում միանման ֆունկցիա, օրինակ` եթե նկարագրվում է եղանակ, որը նախատեսում է միանման ֆունկցիայի իրականացումը A և B փոխկապակցված պարամետրերի զույգերով, որոնք կարող են ընդունել A1, B1, A2, B2 և այլ նշանակություններ: Այդ զույգերը կարող են հանդիսանալ որպես այլընտրանքներ: Հակառակ դեպքում` հայտատուն կարող է ծանուցվել այն մասին, որ տվյալ առաջարկությունը կարող է ներկայացվել հավակնության սահմանման մի քանի անկախ կետերում բնութագրված գյուտերի խմբով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է այդ պարամետրերի համակցություններից մեկը.
405.6. Նամակագրության ընթացքում հայտատուի կողմից ներկայացված հավակնության սահմանման ստուգմամբ պարզվում է` արդյո՞ք այդ հավակնության սահմանումը չի պարունակում նոր անկախ կետ, որը չի վերաբերում հայտարկված գյուտին: Օրինակ` եթե հայտի սկզբնական նյութերում գյուտի առարկա է «Սարքը», լրացուցիչ նյութերը չպետք է պարունակեն «Եղանակ» անկախ կետով գյուտի հավակնության սահմանում, եթե անգամ չի խախտվել միասնության պահանջը:
Լրացուցիչ նյութերի ստուգումը
406. Հայտի փաստաթղթերի մեջ ուղղումներ կան ճշգրտումներ կատարող լրացուցիչ նյութեր (հայտատուի նախաձեռնությամբ կամ Հայարտոնագրի հարցման հիման վրա) ստանալու դեպքում ստուգվում է դրանց ներկայացման սահմանված ժամկետների պահպանումը հայտատուի կողմից:
407. Հայտատուն պետք է նշված նյութերը ներկայացնի համապատասխան հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:
408. Հայտատուի կողմից սահմանված ժամկետների պահպանման ստուգումը կատարվում է սույն Կանոնների 285-րդ կետի համաձայն:
409. Հայտատուի նախաձեռնությամբ կամ Հայարտոնագրի հարցման հիման վրա լրացուցիչ նյութեր ստանալու դեպքում ստուգվում է` արդյո՞ք դրանք չեն փոփոխում հայտարկված գյուտի էությունը:
410. Լրացուցիչ նյութերը ճանաչվում են հայտարկված գյուտի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ ներառվելու հատկանիշներ, որոնք բացակայում էին հայտի սկզբնական նյութերում:
411. Լրացուցիչ նյութերում բերված և հավակնության սահմանման մեջ ներառվելու ենթակա հատկանիշները ճանաչվում են հայտի սկզբնական նյութերում բացակայող, եթե հայտը Հայարտոնագրի կողմից ստանալու թվականի դրությամբ, դրանք բացահայտված չեն հավակնության սահմանման կամ նկարագրության մեջ:
412. Եթե հայտի սկզբնական նյութերում գյուտի հատկանիշն արտահայտված է ընդհանուր հասկացությամբ առանց դրա իրագործման մասնավոր ձևերի բացահայտման, ապա լրացուցիչ նյութերում իրագործման այդպիսի ձևի ներկայացումը վերագրվում է հավակնության սահմանման մեջ ներառվելու ենթակա հատկանիշի և հիմք է հանդիսանում համարելու, որ այդ լրացուցիչ նյութերը փոփոխում են հայտարկված գյուտի էությունը:
413. Այն հատկանիշները, որոնք բնութագրում են միայն նախորդող տեխնիկայի մակարդակի լուծումները (այդ թվում և ամենամոտ նմանակը), չեն վերաբերում հայտի սկզբնական նյութերում հայտարկված գյուտի հատկանիշներին:
414. Այն դեպքում, երբ հայտը վերաբերում է տարբերակներ-գյուտերի խմբին, հայտի սկզբնական նյութերում պարունակվող խմբի որևէ գյուտի հատկանիշներ են համարվում նկարագրության մեջ հենց այդ գյուտի վերաբերյալ հիշատակված հատկանիշները:
415. Եթե հայտարկված գյուտը վերաբերում է հայտնի սարքի, եղանակի, նյութի կամ շտամի նոր նշանակությամբ կիրառմանը, ապա գյուտի էությունը փոփոխող են ճանաչվում այն լրացուցիչ նյութերը, որոնցում նշված են հայտի սկզբնական նյութերում բացակայող այլ նոր նշանակության կամ հայտնի օբյեկտը բնութագրող այլ հատկանիշներ:
416. Լրացուցիչ նյութերը չեն համարվում գյուտի էությունը փոփոխող, եթե դրանք հայտարկված գյուտի մասին պարունակում են հայտի սկզբնական նյութերում բացակայող տեղեկություններ, որոնք հավակնության սահմանման մեջ ներառվելու ենթակա հատկանիշներ չեն: Այդպիսի տեղեկություններ կարող են համարվել, մասնավորապես, գյուտի իրագործմանը վերաբերող նոր (լրացուցիչ) տվյալները, գյուտի իրագործման օրինակները, լրացուցիչ տեխնիկական արդյունքի ստացման հնարավորության նշումը, ճշգրտված գրաֆիկական նյութերը և այլն:
417. Եթե փորձաքննությունը գտնում է, որ լրացուցիչ նյութերը փոփոխում են հայտարկված գյուտի էությունը, ապա հայտատուն ծանուցվում է այն մասին, թե ներկայացված լրացուցիչ նյութերից որոևնք են փոփոխել գյուտի էությունը:
418. Հայտատուի կողմից ճշգրտված և լրացուցիչ նյութերում ներկայացված հավակնության սահմանման ստուգման ընթացքում որոշվում է կատարված փոփոխությունները հայտարկված գյուտին վերաբերելու հարցը:
419. Եթե լրացուցիչ նյութերը ամբողջությամբ կամ մասամբ փոփոխում են հայտարկված գյուտի էությունը և/կամ ներկայացված են` չպահպանելով գյուտի միասնության պահանջի պայմանները, ապա հայտատուն ծանուցվում է այն մասին, որ դրանք չեն կարող հաշվի առնվել փորձաքննության կողմից ամբողջությամբ կամ համապատասխան մասով:
420. Եթե պարզվել է, որ գյուտի հայտում ուղղումներ կամ ճշգրտումներ կատարող լրացուցիչ նյութերը ներկայացվել են սույն Կանոնների 289-291-րդ կետերի պահանջների խախտումով, ապա հայտատուն ծանուցվում է դրա մասին և սույն Կանոնների 291-րդ կետի պահանջների չպահպանման հետևանքների մասին:
Հայտի փոխակերպումը
421. Օրենքի 31 հոդվածի համաձայն, գյուտի հայտը կարող է փոխակերպվել օգտակար մոդելի հայտի:
422. Այդ փոխակերպման վերաբերյալ հայտատուի ներկայացրած դիմումն ստանալուց հետո ստուգվում է դրա ձևակերպման համապատասխանությունը սույն Կանոնների 284-288-րդ կետերի պահանջներին և պարզվում է դիմում ներկայացնելու համար վճարված և սահմանված տուրքերի չափերի համապատասխանությունը:
423. Եթե դիմումը ձևակերպված չէ սահմանված պահանջներին համապատասխան, հայտատուն ծանուցվում է դրա մասին:
424. Եթե դիմումը ներկայացված է Օրենքի 31 հոդվածով սահմանված պայմանների և ժամկետի խախտմամբ, ապա հայտատուն ծանուցվում է հայտի փոխակերպման անհնարինության մասին:
425. Եթե դիմումի հետ մեկտեղ չի ներկայացվում տուրքի վճարման անդորրագիրը, ապա դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
426. Հայտը, որի փոխակերպումը չի կայացել, մնում է գյուտի հայտ, և նրա վերաբերյալ կիրառվում են սույն Կանոնները:
427. Եթե պարզվում է, որ դիմումը ձևակերպված է սահմանված պահանջներին համապատասխան, ներկայացված է սահմանված ժամկետում, և միաժամանակ ներկայացված է սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը, ապա հայտը փոխակերպվում է, ինչի մասին ծանուցվում է հայտատուն, տեղեկանալով, որ հայտի հետագա քննարկումը կիրականացվի օգտակար մոդելի արտոնագիր ստանալու մասին հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման Կանոնների համաձայն:
428. Եթե հայտատուի կողմից հայտի փոխակերպման մասին ներկայացված դիմումի ստացման թվականի դրությամբ ներկայացվել են գյուտի հայտով ճշգրտումներ կամ ուղղումներ մտցնող լրացուցիչ նյութեր կամ գյուտի ճշգրտված հավակնության սահմանումը, ապա այդ նյութերի ստուգումը կատարվում է սույն Կանոնների համաձայն, որի արդյունքների մասին ծանուցվում է հայտատուն:
429. Եթե գյուտի հայտը հետ կանչված է, կամ համարվում է հետ կանչված, ապա հայտի փոխակերպումը չի կատարվում:
430. Եթե հայտի փոխակերպման մասին դիմումը վերաբերում է հետ կանչված համարվող հայտին, և դիմումի հետ մեկտեղ ստացվել է բաց թողնված ժամկետների վերականգնման խնդրագիր, ապա վերջինս քննարկվում է սույն Կանոնների 320-323-րդ կետերի համաձայն: Եթե հնարավոր է վերականգնել ժամկետը, ապա հայտատուն ծանուցվում է այդ մասին, ինչպես նաև հայտը փոխակերպելու մասին, եթե բավարարված են սույն կետով սահմանված պահանջները:
431. Եթե մինչև հայտը փոխակերպելու մասին հայտատուին ծանուցագիր ուղարկելը, հայտատուից ստացվել է խնդրագիր հայտի փոխակերպման մասին իր դիմումը հետ կանչելու մասին, ապա հայտը համարվում է չփոխակերպված, իսկ վճարված տուրքը վերադարձման ենթակա:
432. Եթե հայտը փոխակերպելու մասին հայտատուին ծանուցագիր ուղարկելուց հետո, հայտատուից ստացվել է խնդրագիր հայտի փոխակերպման մասին իր դիմումը հետ կանչելու մասին, ապա դա չի կարող հիմք հանդիսանալ հայտի հակառակ փոխակերպման և վճարված տուրքի վերադարձման համար:
Արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը
433. Եթե հայտի նախնական փորձաքննության արդյունքում պարզվում է, որ այն վերաբերում է ոչ արտոնագրաունակ գյուտի, ապա հայտատուին ուղարկվում է արտոնագիր տալը մերժելու մասին որոշում, որում լրացուցիչ ծանուցվում է այն մասին, որ բերված փաստարկներին չհամաձայնելու դեպքում, որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության անցկացման դիմում ներկայացնել:
434. Եթե հայտատուն չի համաձայնում կրկնակի փորձաքննության որոշմանը, նա իրավունք ունի խնդրագիր ներկայացնելու Հայարտոնագրի բողոքարկման խորհուրդ` որոշումը ստանալու օրվանից երկամսյա ժամկետում (տե'ս Օրենքի 26 հոդվածի 3-7 կետերը):
435. Եթե պարզվում է, որ հայտարկված գյուտի հավակնության սահմանումն ունի մեկ անկախ կետ և կախյալ կետեր, և անկախ կետը չի համապատասխանում արտոնագրաունակության պայմաններից որևէ մեկին, իսկ հայտատուն հրաժարվում է ճշգրտել այդ կետը, կայացվում է արտոնագիր տալը մերժելու մասին որոշում:
436. Եթե պարզվում է, որ հայտարկված գյուտի, որը բնութագրվել է մեկ անկախ կետ և կախյալ կետեր ունեցող բազմօղակ հավակնության սահմանումով, անկախ կետը համապատասխանում է արտոնագրաունակության պայմաններին, իսկ կախյալ կետերում պարունակվող գյուտի բնութագրումը խոչընդոտում է հայտատուի կողմից նշված գյուտի նշանակության իրականացմանը, կամ էլ հակասում է հասարակական շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին, իսկ հայտատուն հրաժարվում է ճշգրտել կամ հանել այդ կախյալ կետերը, կայացվում է արտոնագիր տալը մերժելու մասին որոշում:
437. Այն դեպքում, երբ հայտատուի կողմից առաջարկված հավակնության սահմանումը ունի մեկ անկախ կետ և այն չի ներառում նկարագրության մեջ առկա գյուտի էական հատկանիշը, ինչի արդյունքում գյուտը չի համապատասխանում արտոնագրաունակության որևէ պայմանին, և հայտատուն հրաժարվում է մտցնել այդ հատկանիշը հավակնության սահմանման մեջ, կայացվում է արտոնագիր տալը մերժելու մասին որոշում:
438. Եթե պարզվում է, որ հավակնության սահմանման մեջ բնութագրված հայտարկված գյուտերի խմբից որևէ մեկը արտոնագրաունակ չէ, և հայտատուն հրաժարվում է ճշգրտել կամ հանել հավակնության սահմանումից այդ գյուտի բնութագրումը, կայացվում է արտոնագիր տալը մերժելու մասին որոշում: Ընդ որում, որոշման մեջ հաստատվում է խմբի մյուս գյուտի (գյուտերի) արտոնագրաունակությունը:
Հայտի պաշտոնական հրապարակման մասին որոշումը
439. Եթե նախնական փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտը պարունակում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, պահպանված են սույն Կանոններով սահմանված պահանջները, և առաջարկությունը վերաբերում է արտոնագրաունակ գյուտերին, ապա որոշում է կայացվում գյուտի հայտի պաշտոնական հրապարակման մասին, որի մի օրինակը ուղարկվում է հայտատուին:
440. Եթե հայտով չի խնդրարկվել ավելի վաղ առաջնություն, քան հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականն է, ապա այդ որոշումով հայտատուն ծանուցվում է նաև գյուտի առաջնության թվականի մասին:
441. Գյուտի առաջնությունը որոշվում է հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականով: Հայարտոնագիրը հայտի ներկայացման թվականը սահմանում է հայտն ստանալու թվականով, եթե այն առնվազն պարունակում է հայտատուի անունը (անվանումը), դիմում արտոնագիր տալու մասին, հավակնության սահմանում և նկարագրություն համարվող նյութերը:
442. Եթե հայտը չի պարունակում նշված նյութերից մեկը կամ մի քանիսը, ապա հայտի ներկայացման թվականը Հայարտոնագիրը սահմանում է բացակայող փաստաթղթի կամ դրանցից վերջինի ստացման թվականով:
443. Եթե հայտի ներկայացման համար տուրքը վճարված է ոչ լրիվ (հավակնության սահմանման ոչ բոլոր անկախ կետերի համար) և հայտատուն հետագայում համապատասխանեցնում է վճարված տուրքը և հավակնության սահմանման կետերի քանակը, որի արդյունքում հավակնության սահմանման որոշ կետեր հանվում են, ապա հայտատուն ծանուցվում է, որ հայտը քննարկման է ընդունվել միայն հավակնության սահմանման փոփոխված ծավալով անկախ կետերի նկատմամբ, և հայտի հետագա քննարկման ժամանակ հայտատուն չի կարող փոփոխել հավակնության սահմանումն այնպես, որ առաջանան նոր անկախ կետեր:
XXII. Հայտի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը
Հայտեր, որոնց վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են
444. Օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի համաձայն հայտի պաշտոնական հրապարակման մասին որոշման հիման վրա Հայարտոնագիրը իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում հայտի վերաբերյալ:
445. Եթե հայտի նախնական փորձաքննության ընթացքում հայտարկված գյուտը ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ճանաչվում է գաղտնի, ապա հայտատուն ծանուցվում է, որ գյուտի հայտը գաղտնագրված է և պաշտոնական հրապարակման և համընդհանուր ծանոթացման չի դրվում:
446. Հայտատուի առևտրային շահերից ելնելով` հայտի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունների հրապարակումը և հայտի համընդհանուր ծանոթացման դնելը չի կարող հետաձգվել:
Հայտի վերաբերյալ հրապարակվող տեղեկությունների ցանկը
447. Օրենքի 24 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` Հայարտոնագիրը իր պաշտոնական տեղեկագրի «գյուտերի հայտեր» բաժնում գյուտի հայտի վերաբերյալ հրապարակում է հետևյալ տեղեկությունները`
հայտի համարը.
հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականը.
հայտատուի (հայտատուների) անունը և (կամ) անվանումը և նրա գտնվելու կամ բնակվելու վայրը.
հայտատուի երկրի կոդը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի.
հեղինակի (հեղինակների) անունը, եթե նա (նրանք) գրավոր չի հրաժարվել գյուտի մասին հրապարակվող տեղեկության մեջ հիշատակվել որպես հեղինակ.
հեղինակի (հեղինակները) երկրի կոդը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի.
այն հայտի համարը, ներկայացման թվականը և երկրի կոդը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի, որի (որոնց) հիման վրա խնդրարկվում է ավելի վաղ առաջնություն.
ՄԱԴ-ի ցուցիչը (ցուցիչները), ինչպես դա (դրանք) որոշված է հայտի նախնական փորձաքննության ընթացքում.
գյուտի անվանումը.
ռեֆերատը, որը կազմված է սույն Կանոնների 204-222-րդ կետերի պահանջներին համապատասխան:
Պաշտոնապես հրապարակված հայտի նյութերին ծանոթանալը
448. Հայտի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուց հետո Օրենքի 24 հոդվածի 3-րդ կետի համաձայն Հայարտոնագիրը հայտի նյութերը դնում է համընդհանուր ծանոթացման:
449. Հայարտոնագիրը համընդհանուր ծանոթացման է դնում հայտի դիմումի, գյուտի նկարագրության, հավակնության սահմանման, գծագրերի (եթե դրանք կցված են հայտին), ինչպես նաև հայտի նշված նյութերը ճշգրտող, ուղղող լրացուցիչ նյութերի պատճենները, եթե այդ նյութերը սահմանված կարգով ներկայացված են հայտի ստացման թվականից երկամսյա ժամկետում և հայտ ներկայացնելու համար տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
450. Դիմումի պատճենը համընդհանուր ծանոթացման չի դրվում, եթե առկա է գյուտի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ որպես հեղինակ (հեղինակներ) չհիշատակվելու մասին դիմում: Այդ դեպքում մնացած նյութերը համընդհանուր ծանոթացման են դրվում առանց հեղինակի (հեղինակների) հիշատակման:
451. Համընդհանուր ծանոթացման դրված նյութերի պատճենները կարող են տրվել յուրաքանչյուր անձի` համապատասխան տուրքի վճարման դեպքում:
452. Ազգային փուլ անցած միջազգային հայտերը (PCT), ինչպես նաև կոնվենցիայով առաջնության խնդրարկմամբ ստացված հայտերը Հայարտոնագիրը համընդհանուր ծանոթացման է դնում նույն կարգով, ինչպես ազգային ընթացակարգով ստացված հայտերն են դրվում` համընդհանուր ծանոթացման փաստից բխող բոլոր հետևանքներով:
Գյուտի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ հեղինակին չհիշատակելը
453. Եթե արտոնագիր ստանալու դիմումի մեջ հեղինակը չի հայտնել գյուտի հրապարակվող տեղեկատվության մեջ որպես հեղինակ չհիշատակվելու մասին իր խնդրանքը, ապա նա այդ մասին կարող է հայտնել առանձին դիմումով` մինչև հրապարակման տեխնիկական նախապատրաստման ավարտը:
Հեղինակը կարող է նշված դիմումը հետ կանչել նույն ժամկետում:
XXIII. Համընդհանուր ծանոթացման դրված հայտերով արտոնագիր տալու դեմ առարկության ձեվակերպումը, ներկայացումը եվ քննարկումը
454. Օրենքի 25 հոդվածի համաձայն` գյուտի հայտի համընդհանուր ծանոթացման ընթացքում յուրաքանչյուր անձ, այդ թվում` Հայարտոնագրի փորձագետը, կարող է ներկայացնել արտոնագիր տալու դեմ հիմնավորված առարկություն:
Առարկության ձեվակերպումը
455. Առարկությունը ձևակերպվում է, եթե`
խախտված են Օրենքի 19 հոդվածով սահմանված պահանջները (գյուտի միասնության պահանջը).
Օրենքի 5 հոդվածի համաձայն` հրապարակված գյուտի հայտի առարկան չի համապատասխանում արտոնագրաունակության պայմաններին.
հայտարկվող գյուտը` ամբողջությամբ կամ մասամբ, իրենից ներկայացնում է գյուտի արտոնագրի կամ քննարկման մեջ գտնվող ավելի վաղ ներկայացված գյուտի հայտի առարկա.
հրապարակված հայտը ոչ բավարար լրիվությամբ է բացահայտում գյուտի էությունը, որպեսզի մասնագետը կարողանա իրականացնել այն.
456. Օրենքի 9 հոդվածի համաձայն` հայտատուն իրավունք չունի արտոնագիր ստանալու, եթե`
հրապարակված հայտում գյուտի էությունը վերցված է մեկ այլ անձի նկարագրությունից և գծագրերից` առանց նրա համաձայնության:
457. Առարկությունը պետք է կազմված լինի այնպես, որ դրանից ակնհայտորեն հետևի, թե ինչի հիման վրա է ներկայացված առարկությունը:
458. Առարկությունը, բացի վիճարկվող գյուտը արտոնագրաունակության պայմաններին չհամապատասխանելու մասին պնդումից, պետք է պարունակի նաև դրա ապացույցները:
459. Փորձագետի առարկությունը կարող է վերաբերել Օրենքի 5 և 19 հոդվածներով սահմանված պահանջների խախտմանը, իսկ երրորդ անձանց առարկությունը` Օրենքի 5,9 և 19 հոդվածներին:
460. Եթե փորձագետը կասկածում է առաջարկված միջոցներով տեխնիկական արդյունքը ստանալու հնարավորության վրա, ապա նա կարող է հայտն ուղարկել այլ ոչ շահագրգիռ մասնագիտացված կազմակերպություն կամ մասնագետի` եզրակացություն ստանալու համար:
Առարկության ներկայացումը
461. Արտոնագիր տալու դեմ առարկությունը կարող է Հայարտոնագիր ներկայացվել համընդհանուր ծանոթացման չորսամսյա ժամկետի ավարտից ոչ ուշ:
462. Առարկությունը ներկայացվում է գրավոր դիմումի ձևով, որը բավարարում է սույն կետով սահմանված պահանջներին:
463. Առարկությունը ներկայացվում է հայոց լեզվով, երկու օրինակից:
464. Առարկության մեջ նշվում են գյուտի հայտի գրանցման համարը, առարկություն ներկայացնողի անունը, ազգանունը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը, նամակագրության հասցեն: Առարկությունն ստորագրում է առարկություն ներկայացնող անձը, իսկ եթե նա իրավաբանական անձ է` նրա ղեկավարը, որի ստորագրությունը վավերացվում է կնիքով:
Առարկության քննարկումը
465. Եթե առարկությունը բավարարում է սույն կետով սահմանված պահանջներին, ապա առարկությունն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում Հայարտոնագիրը հայտատուին է ուղարկում առարկության մեկ օրինակը` առաջարկելով իր նկատառումները Հայարտոնագիր ներկայացնել մեկամսյա ժամկետում:
466. Պատասխանի ներկայացման մեկամսյա ժամկետը հաշվարկվում է հայտատուի կողմից առարկության պատճենն ստանալու օրվանից, հաշվի առնելով, որ առարկության պատճենը համարվում է հայտատուի կողմից ստացված, եթե այն հանձնված է հայտատուին, կամ հայտում նշված նրա ներկայացուցչին (հավատարմարտարին):
467. Նույն հայտով մեկից ավելի հայտատուների դեպքում առարկության պատճենները ուղարկվում են նրանցից յուրաքանչյուրին:
468. Նույն հայտով մի քանի առարկությունների ստացման դեպքում նրանցից յուրաքանչյուրով կատարվում է առանձին գործավարություն:
469. Հայարտոնագիրը ստացված առարկությունները քննարկում է համընդհանուր ծանոթացման ժամկետի ավարտից հետո, կամ եթե հայտատուի նկատառումները ստացված են ավելի ուշ, դրանց ստացման օրվանից մեկամսյա ժամկետում:
470. Հաշվի առնելով հայտով ստացված բոլոր առարկությունների քննարկման արդյունքները, հայտատուի փաստարկները և նկատառումները ըստ առարկությունների էության, ինչպես նաև փորձագետի տրամադրության տակ գտնվող այլ տեղեկատվությունը, Հայարտոնագիրը որոշում է կայացնում նախնական արտոնագիր տալու կամ մերժելու մասին որոշում:
471. Որոշման մեջ բերվում է ստացված բոլոր առարկությունների վերլուծությունը և եզրակացություն է արվում հայտի քննարկման արդյունքների մասին:
472. Որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի դիմել կրկնական փորձաքննության խնդրանքով: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է խնդրագիրն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Կրկնական փորձաքննության արդյունքում Հայարտոնագիրը որոշում է կայացնում նախնական արտոնագիր տալու կամ մերժելու մասին:
473. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել Հայարտոնագրի բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:
474. Կրկնական փորձաքննության և բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:
475. Հայտատուն և առարկություն ներկայացնող անձը ընդունված որոշման մասին ծանուցվում են 10-օրյա ժամկետում:
XXIV. Նախնական արտոնագիր տալու մասին որոշումը
476. Համընդհանուր ծանոթացման դրված հայտով առարկությունների բացակայության դեպքում, համընդհանուր ծանոթացման ժամկետի ավարտից հետո 10 օրվա ընթացքում, Հայարտոնագիրը որոշում է կայացնում նախնական արտոնագիր տալու մասին:
477. Առարկությունների առկայության դեպքում նախնական արտոնագիր տալու մասին որոշումը կայացվում է Օրենքի 26 հոդվածի 1-ին կետին և սույն Կանոնների 20-րդ կետին համապատասխան առարկությունների քննարկումից հետո: Նախնական արտոնագիրը տրվում է հայտատուի պատասխանատվությամբ` առանց իսկության երաշխիքի:
478. Եթե նախնական արտոնագիր տալու մասին որոշումն ստանալու օրվանից` 3-ամսյա ժամկետում հայտատուն չվճարի արտոնագիր տալու համար սահմանված չափով պետական տուրքը, սակայն ներկայացնի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին խնդրագիր` դրան կցելով համապատասխան տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, ապա Հայարտոնագիրը դադարեցնում է նախնական արտոնագիր տալու գործընթացը և Օրենքի 27 հոդվածի համաձայն անցկացնում է ըստ էության փորձաքննություն:
479. Եթե համընդհանուր ծանոթացման ընթացքում ստացվում է ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին երրորդ անձի կողմից ներկայացված խնդրագիր, ապա նախնական արտոնագիր տալու գործընթացը դադարեցնելու կամ չդադարեցնելու հարցը որոշվում է հայտատուի համապատասխան դիմումի հիման վրա:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
9 հունվարի 2001 թ.
պետական գրանցման թիվ 30101009