Գլխավոր տեղեկություն
Համար
N 237-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2005-25.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.09.01/21(198) Հոդ.297
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
28.07.2005
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 օգոստոսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 11605317

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

28 հուլիսի 2005 թ.
ք. Երևան

N 237-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան.

Հաստատել՝

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության փոստային կապի բնագավառի լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`

Ա. Մանուկյան

 

  

Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2005 թվականի հուլիսի 28-ի
թիվ 237-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության փոստային կապի բնագավառի լիցենզավորող հանձնաժողովը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամանով:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրն է, նպաստել՝ Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում լիցենզավորման գործընթացի իրականացմանը:

4. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդրին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն է տալիս լիցենզավորող մարմնի ղեկավարին.

բ) առաջարկություններ է ներկայացնում լիցենզավորող մարմնին լիցենզավորման բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետև` հրավիրված անձ):

8. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:

Հանձնաժողովն իր հերթական նիստի, տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում մամուլում՝ նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:

9. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:

10. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամանակ: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառներով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:

11. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:

12. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերվում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:

Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար և այլ անձինք:

13. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում՝ դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

14. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:

15. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:

16. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է՝

ա) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և տեղը.

բ) հանձնաժողովի տեսակը և կազմը.

գ) քննարկվող հարցի բովանդակությունը.

դ) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.

ե) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.

զ) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները.

է) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.

ը) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:

Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:

17. Հանձնաժողովի նախագահը՝

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման համար.

գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

դ) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

18. Հանձնաժողովի քարտուղարը՝

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

գ) կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.

դ) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում հեռահաղորդակցության բնագավառին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.

ե) կազմում է հանձնաժողովի որոշումներ և կազմակերպում դրանց տարածումը.

զ) վերլուծում է հանձնաժողովի գործունեության բնագավառին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:

19. Հանձնաժողովի անդամները՝

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.

բ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: