Գլխավոր տեղեկություն
Համար
N 03/11-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.06.02/14(132) Հոդ.242
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2003
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մայիսի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 12403171

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

14 մայիսի 2003 թ.
ք. Երևան

  N 03/11-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 02/577 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2002 թվականի մայիսի 2-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 02/577 հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ պետ`

Ե. Զախարյան

 

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի հետ
___ _______ 2003 թ.

  Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր հարկային պետական ծառայության պետի
14.05.2003 թ.
թիվ 03/11-Ն հրամանի

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/577 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

1. Հրամանով հաստատված` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի 5-րդ բաժինը լրացնել նոր 5.9-րդ և 5.10-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.

«5.9. Ֆինանսական գործառնությունների և ծառայությունների համար հարկվող շրջանառությունը որոշվում է հետևյալ ձևով.

Ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդների ընդունման, բանկային և ինվեստիցիոն հաշիվների բացման, վարման և սպասարկման, ինչպես նաև վճարահաշվարկային ծառայությունների համար հարկվող շրջանառություն է համարվում այդ ծառայությունների մատուցման համար գանձվող վճարը` առանց ԱԱՀ-ի (սպասարկման վճար և այլն):

Վարկերի (փոխառությունների) տրամադրման դեպքում հարկվող շրջանառություն է համարվում դրանց դիմաց վճարվող տոկոսային եկամուտը` դրամական արտահայտությամբ:

Ֆակտորինգային գործառնությունների դեպքում հարկվող շրջանառություն է համարվում ֆակտորինգային զեղչը` առանց ԱԱՀ-ի:

Երաշխավորությունների, բանկային երաշխիքների տրամադրման, ակրեդիտիվների բացման գործառնությունների գծով հարկվող շրջանառություն է համարվում այդ գործառնությունների դիմաց գանձվող վճարը` առանց ԱԱՀ-ի:

Արժեթղթերի օտարման գործարքների գծով հարկվող շրջանառություն է համարվում արժեթղթերի օտարման գինը առանց ԱԱՀ-ի:

Արժեթղթերի ի պահ ընդունման կամ հաշվառման դեպքում հարկվող շրջանառություն է համարվում այդ գործառնությունների դիմաց գանձվող վճարը` առանց ԱԱՀ-ի:

Մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի թողարկման, օտարման գործառնությունների գծով հարկվող շրջանառություն է համարվում դրանց օտարման գինը` առանց ԱԱՀ-ի:

Մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի զեղչման, փոխանցման, զիջման կամ սպասարկման գործարքների գծով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխան վճարը, զեղչը` առանց ԱԱՀ-ի:

Վճարային քարտերի և այլ գործիքների թողարկման, զեղչման, փոխանցման, զիջման կամ սպասարկման գործարքների գծով հարկվող շրջանառություն է համարվում վճարային քարտերի և այլ գործիքների տրամադրման վճարը` առանց ԱԱՀ-ի:

Կանխիկի տրամադրման ծառայությունների գծով հարկվող շրջանառություն է համարվում այդ ծառայությունների համար գանձվող կանխիկացման վճարը` առանց ԱԱՀ-ի:

Ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայությունների մատուցման համար հարկվող շրջանառություն է համարվում այդ ծառայության համար գանձվող վճարը` առանց ԱԱՀ-ի (գործակալական վարձատրություն):

Արժեթղթերի հավատարմագրային կառավարման դեպքում հարկվող շրջանառություն է համարվում հավատարմագրային կառավարչի կողմից մատուցված հավատարմագրային կառավարման ծառայությունների դիմաց գանձվող վճարը (վարձատրությունը)` առանց ԱԱՀ-ի:

Թանկարժեք մետաղների ստանդարտացված (բանկային) ձուլակտորների վաճառքի դեպքում հարկվող շրջանառություն է համարվում այդ ձուլակտորների արժեքը` առանց ԱԱՀ-ի:

Թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված հաշիվների բացման և վարման, դրանցով այլ գործառնությունների կատարման գործարքների գծով հարկվող շրջանառություն է համարվում սպասարկման վճարը` առանց ԱԱՀ-ի:

Բրոքերային և միջնորդական այլ ծառայությունների գծով հարկվող շրջանառություն է համարվում միջնորդավճարը` առանց ԱԱՀ-ի:

Օրենքով սահմանված կարգով բանկի սեփականությունը դարձած` անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մինչ այդ պատկանող գրավի առարկայի իրացման դեպքում հարկվող շրջանառություն է համարվում իրացվող գրավի առարկայի օտարման արժեքը` առանց ԱԱՀ-ի:

Գումարների (հասույթների, պարտադիր կոմունալ և այլ վճարների) ընդունման, ինչպես նաև աշխատավարձի, թոշակների, նպաստների, ապահովագրական և այլ վճարների կատարման ծառայությունների դեպքում հարկվող շրջանառություն է համարվում այդ ծառայությունների համար գանձվող վճարը` առանց ԱԱՀ-ի:

Սույն կետին համապատասխան հարկվող շրջանառությունը որոշելիս հաշվի են առնվում սույն հրահանգի 5.6-րդ կետի դրույթները:

5.10. Անվճարունակությունը կարգավորող օրենսդրությանը համաձայն պարտապանի ակտիվների և պարտավորությունների միասնական` մեկ գնորդին վաճառքի դեպքում հարկվող շրջանառություն է համարվում ակտիվների ամբողջ արժեքը»:

2. Հրահանգի 8.1-րդ կետում

ա) «ֆինանսական հետևյալ գործառնությունները և ծառայությունները» բառերը փոխարինել «բանկերի և ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող (բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի) ֆինանսական հետևյալ գործառնությունները և ծառայությունները» բառերով,

բ) «արժեթղթերի թողարկումը, տեղաբաշխումը, գնումը, վաճառումը, այդ թվում` վերավաճառելու նպատակով կամ պայմանով գնումը, ի պահ ընդունումը և հաշվառումը» բառերը փոխարինել «բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից արժեթղթերի օտարումը, ի պահ ընդունումը և հաշվառումը» բառերով,

գ) 13-րդ ենթակետի 5-րդ մասից հանել «գնումը» բառը, իսկ «սպասարկումը» բառից հետո լրացնել «ինչպես նաև այլ անձանց կողմից մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի օտարումը» բառերը,

դ) «լիազորագրային կառավարման կամ այլ ձևով այլ անձանց ներդրումների (ինվեստիցիաների) կառավարումը» բառերը փոխարինել «արժեթղթերի հավատարմագրային կառավարումը» բառերով,

ե) 13-րդ ենթակետի 10-րդ մասից հանել «գնումը» բառը, իսկ «կատարումը» բառից հետո լրացնել «ինչպես նաև բանկային և վարկային կազմակերպություններին բանկային ձուլակտորների իրացումը» բառերը»:

3. Հրահանգի 11-րդ բաժնի 11.1-րդ կետում «սույն հրահանգի 11.1.1 և 11.1.2 կետերում» բառերը փոխարինել «սույն հրահանգի 11.1.1, 11.1.2 և 11.4 կետերում» բառերով:

4. Հրահանգի 11-րդ բաժինը լրացնել նոր 11.4 կետով` հետևյալ բովանդակությամբ:

«11.4. Ավելացված արժեքի հարկից ազատված կամ նաև` միաժամանակ ավելացված արժեքի հարկով հարկվող գործունեություն իրականացնող անձանց կողմից նախորդ հաշվետու ժամանակաշրջանում արտադրական և այլ առևտրային նպատակներով ձեռք բերված հիմնական միջոցների համար մատակարարներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հաշվանցվում են` հիմնական միջոցի իրացման հաշվետու ժամանակաշրջանում, եթե դրանք կամ դրանց մի մասը ծախսագրված է եղել տվյալ հիմնական միջոցի ձեռքբերման հաշվետու ժամանակաշրջանում:

Եթե հիմնական միջոցները ավելացված արժեքի հարկ վճարողի կողմից ձեռք են բերված եղել հետագայում օտարման նպատակով, ապա այդ ձեռքբերումները կարող են դիտարկվել որպես հետագայում տվյալ հիմնական միջոցի օտարման գործարքին ուղղակիորեն վերաբերող ձեռքբերում և այդ մասով կարող է վարվել առանձնացված հաշվառում: Մասնավորապես, այդպիսին կարող են լինել բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի դիմաց գրավով ապահովման դեպքում գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի` օրենքով սահմանված կարգով փոխանցումը բանկին կամ վարկային կազմակերպությանը: Եթե գրավի առարկան բանկի կամ վարկային կազմակերպության կողմից պետք է օտարվի, ապա դրա նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման առնչությամբ վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հաշվանցվում են հիմնական միջոցի ձեռքբերման հաշվետու ժամանակաշրջանում:

Եթե հիմնական միջոցի ձեռքբերումը վերաբերում է ավելացված արժեքի հարկից ազատված գործունեությանը, ապա դրանց մասով առանձնացված հաշվառում չի վարվում և դրանց համար հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը հիմնական միջոցի ձեռքբերման հաշվետու ժամանակաշրջանում միացվում են հիմնական միջոցի ձեռքբերման արժեքին կամ վերագրվում է արտադրության և շրջանառության ծախքերին: Մասնավորապես, այդպիսին կարող է լինել բանկի կողմից բանկային գործունեության իրականացման նպատակով շենքերի կամ շինությունների ձեռքբերումը: Եթե տվյալ հիմնական միջոցը հետագայում օտարվում է, ապա կատարվում է ծախսագրված ավելացված արժեքի հարկի գումարից հաշվանցման ենթակա մասի վերահաշվարկ: Հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի չափի որոշումը կատարվում է` հաշվի առնելով տվյալ հիմնական միջոցի համար հարկային օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամորտիզացման ժամկետը, ինչպես նաև հիմնական միջոցի փաստացի շահագործման ժամկետը: Հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի վերահաշվարկը կատարվում է հետևյալ կերպ.

Հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը = [Հիմնական միջոցի ձեռքբերման համար վճարված ավելացված արժեքի հարկի գումար x (Հիմնական միջոցի համար հարկային օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամորտիզացման ժամկետ - Հիմնական միջոցի փաստացի շահագործման ժամկետ) / Հիմնական միջոցի համար հարկային օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամորտիզացման ժամկետ:

Օրինակ.

ԱԱՀ վճարող կազմակերպությունն իրականացնում է բանկային գործունեություն: 2002 թվականի հունվար ամսում բանկը ձեռք է բերել 200 մլն դրամ արժեքով շինություն` մասնաճյուղի գործունեության կազմակերպման նպատակով: Նշված գործարքի մասով օրենքով սահմանված կարգով բանկին տրված հարկային հաշվում ավելացված արժեքի հարկի գումարը կազմում է 40 մլն դրամ, որը ծախսագրվել է հիմնական միջոցի ձեռքբերման հաշվետու ժամանակաշրջանում: Բանկը 2004 թվականի հունվարին օտարել է նշված շենքը` 190 մլն դրամով, որի նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը կազմում է 38 մլն դրամ:

Հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը որոշելու նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել, որ շինությունների համար հարկային օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամորտիզացման ժամկետը սահմանված է 20 տարի, ինչը 240 ամիս է:

Հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը կկազմի`

40 մլն ԱԱՀ x [240 (շենքերի համար օրենքով սահմանված նվազագույն ամորտիզացման ժամկետ) - 24 (փաստացի շահագ. ժամկետ)] / 240 (շենքերի համար օրենքով սահմանված նվազագույն ամորտիզացման ժամկետ) = 36 մլն դրամ:

Հետևաբար, տվյալ շինության օտարման հաշվետու ժամանակաշրջանում վերահաշվարկի արդյունքում նախկինում ծախսագրված 40 մլն դրամից ծախսագրված կմնա 4 մլն դրամը, իսկ 36 մլն դրամը կհաշվանցվի շենքի օտարման համար հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարից, եթե ապահովված են օրենքով հաշվանցման համար սահմանված անհրաժեշտ մյուս պայմանները»:

5. Հրահանգի 14-րդ բաժնում 14.5-րդ կետի առաջին մասից հետո լրացնել նոր մաս` հետևյալ բովանդակությամբ`

«Անվճարունակության վարույթում գտնվող անձից` ակտիվների և պարտավորությունների միասնական` մեկ գնորդի կողմից ձեռքբերման (ստանձնման) դեպքում, այդ ակտիվների ձեռքբերումը համարվում է արտադրական կամ այլ առևտրային նպատակներով ձեռքբերում: Այդ ակտիվների գծով ԱԱՀ-ի գումարները ընդհանուր սահմանված կարգով կարող են հաշվանցվել դրանց ձեռքբերման հաշվետու ժամանակաշրջանում: Նշված ակտիվները հետագայում ոչ արտադրական կամ ոչ այլ առևտրային նպատակներով օգտագործելու դեպքում, դրանց գծով մատակարարի հարկային հաշվում առանձնացված և սահմանված կարգով հաշվանցված ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման (միացման ակտիվների ձեռքբերման գնին կամ արտադրության և շրջանառության ծախքերին)` սույն հրահանգի 14.5 կետին համապատասխան»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան