Գլխավոր տեղեկություն
Համար
N 391-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2006-07.01.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.02.15/5(214) Հոդ.61
Ընդունող մարմին
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
17.11.2005
Ստորագրող մարմին
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32206025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

17 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան

 N 391-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  8-րդ, 13-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի «Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վերապահելու մասին» N 1028 որոշման պահանջներով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Թեմատիկ քարտեզագրական աշխատանքների  իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնի պետ Ա. Հարությունյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։ 

Կոմիտեի նախագահ՝

 Մ. Վարդանյան

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական
կոմիտեի նախագահի
2005 թ. նոյեմբերի 17-ի
N 391-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության թեմատիկ քարտեզագրական աշխատանքների իրականացման կարգը, որն իրենից ներկայացնում է տեխնիկական կանոնակարգ: Սույն կարգով սահմանված Հայաստանի Հանրապետության թեմատիկ քարտեզագրական աշխատանքների իրականացման թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) աշխատակազմի Գեոդեզիայի  և գեոդեզիական պետական տեսչության վարչության կողմից։

2. Աշխատանքների նպատակն է՝

ա/ քարտեզագրական նյութերի համապատասխանեցումը քարտեզագրական ոլորտում գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, նորմատիվ-իրավական ակտերի պահանջներին,

բ/ հեղինակային իրավունքի պաշտպանումը,

գ/ անորակ և անճշտություններ պարունակող քարտեզագրական արտադրանքի բացառում:

3. Թեմատիկ են համարվում՝

ա/ Հայաստանի Հանրապետության տարածքում հրատարակվող բոլոր տեսակի թեմատիկ քարտեզներն ու ատլասները,

բ/ այլ երկրներում հայերեն լեզվով հրատարակված և Հայաստանի Հանրապետությունում իրացվող Հայաստանի Հանրապետության կամ պատմական Հայաստանի վերաբերյալ բոլոր տեսակի թեմատիկ քարտեզներն ու ատլասները:

4. Հետազոտվում է աշխարհագրական հիմքը (Հայաստանի Հանրապետության պետական սահմանագծի և վարչատարածքային միավորների սահմանները, բնակավայրերը, լեռնագրությունը, ջրագրական ցանցը), ավտոճանապարհները, երկաթգծերը աշխարհագրական անվանումները, աշխարհագրական հիմքի տարրերին վերաբերող տեղեկատվության ճշգրտությունը և քարտեզագրական այլ տվյալներ:

II. ԹԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ԱՏԼԱՍՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

5. Թեմատիկ քարտեզների և ատլասների կազմման նպատակով անհրաժեշտ քարտեզագրական նյութերը (հիմնականում աշխարհագրական հիմքեր) սահմանված կարգով տրամադրվում է աշխատանքների իրականացման համապատասխան թույլտվության առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2004թ. մայիսի 3-ի «Տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, տիեզերաաերոֆոտոհանութագրական, ճարտարագիտահետախուզական աշխատանքների իրականացման վերաբերյալ թույլտվության ձևը հաստատելու մասին» N 87-Ն հրամանի պահանջի համաձայն։

6. «Գաղտնի» դրոշմագրով բոլոր տեսակի թեմատիկ քարտեզների և ատլասների կազմման ու նախապատրաստման նպատակով ելակետային նյութերի տրամադրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. սեպտեմբերի 19-ի «Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշման պահանջների համաձայն։

7. Բաց հրատարակման համար նախատեսված քարտեզների ու ատլասների թեմատիկ բովանդակությամբ (սոցիալ-տնտեսական, պատմական, երկրաբանական, բնական պայմանների ու ռեսուրսների) բնօրինակները ստեղծվում են հեղինակ-մասնագետների կողմից մշակված նյութերի և տեղագրական քարտեզների, օդալուսանկարների ու տիեզերալուսանկարների բաց օգտագործման նյութերի հիման վրա։ Դրանց բացակայության դեպքում օգտագործվում են նախկինում ստեղծված կամ տարբեր պետությունների կողմից ազատ վաճառքի համար հրատարակված քարտեզները և ատլասները, հղում կատարելով սկզբնաղբյուրի վրա:

8. Թեմատիկ քարտեզների բնօրինակների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում կոմիտե ներկայացվում է բովանդակությանը և նպատակային ուղղվածությանը համապատասխան մասնագիտական գրախոսական:

9. Աշխատանքների ղեկավարի, սրբագրիչի, խմբագրի, ինչպես նաև պատվիրատուի ներկայացուցչի կողմից ստորագրված բնօրինակները, քարտեզների (ատլասների)  տեքստերը և այլ նյութեր փոխանցվում է հրատարակման, հրատարակչական օրինակներ (դիապոզիտիվներ) և գունավոր փորձանմուշ պատրաստելու համար։

III. ԹԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ԱՏԼԱՍՆԵՐԻ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

11. Թեմատիկ քարտեզագրական տարրերի և տեղեկատու տվյալների ճշգրտությունը ստուգելու և գաղտնի տեղեկատվության հրապարակումը կանխելու նպատակով,  քարտեզների /այդ թվում նաև ատլասների մեջ ընդգրկված քարտեզների/ գունավոր փորձանմուշները՝ 2 օրինակից, հեղինակային բնօրինակների /եթե այդպիսին առկա է/ և այլ անհրաժեշտ նյութերի հետ միասին, քարտեզագիր-խմբագրի և տվյալ կազմակերպության ղեկավարի կողմից համաձայնեցված, ներկայացվում է Կոմիտեի աշխատակազմի Գեոդեզիայի և գեոդեզիական պետական տեսչության վարչություն՝ համաձայնեցման, առանց որի նյութը հրատարակման ենթակա չէ:

12. Բազմաթիվ (փոքրածավալ քարտեզների համար` 3, մեծածավալ քարտեզների համար` 7-ից ավելի) թերությունների, անճշտությունների և կոպիտ սխալների առկայության դեպքում քարտեզի փորձանմուշը վերադարձվում է լրամշակման, որից հետո նորից ներկայացվում է հաստատման:

13. Կոմիտեի կողմից հաստատված փորձանմուշի մեկ օրինակը վերադարձվում է ներկայացնող կազմակերպությանը հրատարակման ներկայացնելու համար: Փորձանմուշի երկրորդ օրինակը մնում է Կոմիտեում, արված առարկությունների և առաջարկությունների հետագա վերահսկման համար։

IV. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

14. Թեմատիկ քարտեզների և ատլասների ստեղծման աշխատանքներն իրականացնող նախարարությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք՝ սույն կարգով  և «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

15. Թեմատիկ քարտեզների և ատլասների ստեղծման աշխատանքները իրականացնող նախարարությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից գաղտնիության ռեժիմի խախտողները պատասխանատվություն են կրում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն: