Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/19
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.1999-11.08.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.05.07/6(28)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
18.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2003

3100.0001.18.03.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

18 մարտի 1999 թ.

N 01/19
քաղ. Երևան 

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ֆիզիկական անձանց շենքերի և շինությունների գույքահարկը հաշվարկելու և վճարելու հարցերը կարգավորելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «Ֆիզիկական անձանց շենքերի և շինությունների գույքահարկը հաշվարկելու և վճարելու կարգի մասին» հրահանգը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ`

Ս. Այվազյան

 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար Է. Սանդոյան
____ __________1999 թ.

Հաստատված է 
ՀՀ հարկային տեսչության պետ
________ Ս. Այվազյան
հրաման թիվ 01/19
18. 03. 1999 թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգը մշակվել է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի հիման վրա և կարգավորում է ֆիզիկական անձանց շենքերի և շինությունների (այսուհետև` շինությունների) գույքահարկը հաշվարկելու և վճարելու հետ կապված ընդհանուր հարցերը:

 

I. Հարկատուները

 

1. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով ֆիզիկական անձ են համարվում ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետև` հարկատուներ):

Գյուղացիական տնտեսությունների վրա տարածվում է ֆիզիկական անձանց համար սահմանված հարկման կարգը:

 

II. Հարկվող օբյեկտը եվ հարկման բազան

 

2. Գույքահարկով հարկվող օբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով հարկատուներին պատկանող`

ա) բնակելի շենքերը և շինությունները (բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանը, ավտոտնակը, այգետնակը, բնակելի տունը և նրան կից տնտեսական շինությունները` անասնաշենք, հացատուն, ամառային խոհանոց, մարագ և այլն)

բ) հասարակական նշանակության (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված) շենքերը և շինությունները

գ) արտադրական նշանակության (արդյունաբերական, գյուղատնտեսական և տնտեսության մյուս ճյուղերի արտադրությունների ու գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող) շենքերը և շինությունները:

 

Շինությունների նշանակությունը ըստ նշված դասակարգման (բնակելի, արտադրական, հասարակական) որոշվում է ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի մարմնի կողմից և արտացոլվում է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում:

Հարկվող օբյեկտների բաղադրիչների և որոշ հասկացությունների բնութագրումը և պարզաբանումները տրված են ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կողմից հաստատված, ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված (պետական գրանցման թիվ` 980173, 19.08.98թ.) «Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ նպատակային նշանակության շենքերի և շինությունների դասակարգումը» գերատեսչական նորմատիվ ակտով: Շինությունների հարկման բազան դրանց արժեքն է, որի չափման միավորը դրամն է:

 

3. Հարկման բազան որոշելու նպատակով շինության գնահատումը (վերագնահատումը) կատարվում է երեք տարին մեկ անգամ` անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով` «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի հավելվածով սահմանված կարգով: Այդ արժեքը հանդիսանում է շինության հարկման բազան` գնահատման (վերագնահատման) տարվան հաջորդող երեք տարիների համար, եթե այդ տարիների համար օրենքով չի սահմանվել հարկման բազայի ինդեքսավորման գործակից (գործակիցներ):

Բնակելի շինությունների առաջին գնահատումը կատարվում է 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ:

Գնահատման (վերագնահատման) տարիների միջև ընկած ժամանակահատվածում կառուցված կամ մասնավորեցված (սեփականաշնորհված) շինությունների հարկման բազան (որը նույնպես որոշվում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով) հիմք է ընդունվում մինչև շինությունների հաջորդ վերագնահատումը (եթե այդ տարիների համար օրենքով չի սահմանվել հարկման բազայի ինդեքսավորման գործակից (գործակիցներ)):

 

Օրինակ 1ա. Քաղաքացուն 2001 թվականին սեփականաշնորհվել է բնակարան: Բնակարանի արժեքը (որը որոշվում է 1998 թվականի գնահատման կարգով) կազմում է 8 մլն դրամ: Այս արժեքը հարկման բազա է հանդիսանում միայն 2001թ-ի համար (եթե 2001թ-ի համար օրենքով հարկման բազայի ինդեքսավորման գործակից չի սահմանվել):

 

Օրինակ 1բ. Քաղաքացին 2000 թ.ին կառուցել է բնակելի շինություն (այգետնակ), որի արժեքը «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կազմում է 25 մլն դրամ:

25 մլն. դրամը հանդիսանում է հարկման բազա 2000 և 2001 թվականների համար: (2001 թվականին շինությունների վերագնահատությամբ որոշված արժեքը հարկման բազա է հանդիսանում 2002, 2003, 2004 թվականների համար):

Եթե օրենքով 2001 թ-ի համար սահմանվել է հարկման բազայի ինդեքսավորման գործակից (օր. Գ=1.2), ապա 2001 թ-ի համար հարկման բազա կհանդիսանա շինության արժեքի և ինդեքսավորման գործակցի արտադրյալը (25x1.2 = 30 մլն դրամ):

 

III. Գույքահարկի դրույքաչափերը

 

4. Շինությունների համար սահմանված են գույքահարկի հետևյալ տարեկան դրույքաչափերը.

ա) հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար` 0.6 %: Բացառություն է կազմում ֆիզիկական անձանց պատկանող հասարակական նշանակության շինությունների 1999 թվականի գույքահարկը, որը կազմում է`

- մետաղական շինությունների համար` 3000 դրամ

- այլ հասարակական շինությունների համար` 10000 դրամ

բ) այգետնակների և առանձին կանգնած ավտոտնակների համար` 0.2 %

գ) այլ բնակելի շինությունների համար`

 


Հարկման բազան

Հարկի դրույքաչափը


 

մինչև 3 մլն դրամ
3 մլն դրամից մինչև 10 մլն դրամ

հարկման բազայի 0 տոկոսը
100 դրամ գումարած հարկման բազայի 3 մլն դրամը գերազանցող գումարի 0.1 տոկոսը
   

  10 մլն դրամից մինչև 20 մլն դրամ

 7.100 դրամ գումարած հարկման բազայի 10 մլն դրամը գերազանցող գումարի 0.2 տոկոսը

   

20 մլն դրամից մինչև 30 մլն դրամ

27.100 դրամ գումարած հարկման բազայի 20 մլն դրամը գերազանցող գումարի 0.4 տոկոսը
   

 30 մլն դրամից մինչև 40 մլն դրամ

67.100 դրամ գումարած հարկման բազայի 30 մլն դրամը գերազանցող գումարի 0.6 տոկոսը  
   

40 մլն դրամ և ավելի

127.100 դրամ գումարած հարկման բազայի 40 մլն դրամը գերազանցող գումարի 0.8 տոկոսը

 

IV. Գույքահարկի արտոնությունները

 

5. Գույքահարկից ազատված հարկվող օբյեկտներն են.

- գծային ինժեներատրանսպորտային շինությունները, եթե դրանցից օգտվելու համար վճար չի գանձվում

- ջրամբարները

- ժամանակավոր տնակները:

Նշված օբյեկտների արտոնությունների հետ կապված հարցերը պարզաբանված են «Գույքահարկի արտոնությունների մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակով` հաստատված ՀՀ հարկային տեսչության 15.09.98 թ. հ. 01/46 հրամանով և գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից (պետական գրանցման թիվ` 43980189, 05.10.98 թ.):

- օրենսդրությամբ սահմանված կարգով պատմամշակութային ճանաչված հարկվող օբյեկտ համարվող գույքը` ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկին համապատասխան:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածում նշված պայմաններում գույքահարկից ազատվում են ՀՀ զինված ուժերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում ժամկետային ծառայության մեջ գտնվող անձինք, եթե հարկվող օբյեկտ հանդիսացող գույքն այդ ընթացքում չի տրվել վարձակալության: Նրանց արտոնությունների հետ կապված հարցերը նույնպես պարզաբանված են վերը նշված «Գույքահարկի արտոնությունների մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակով:

Շարունակում են գործել նաև «Գույքահարկի մասին» ՀՀ նախկին օրենքով (ուժի մեջ է մտել 01.07.95 թ.) սահմանված ժամկետային արտոնությունները` մինչև դրանց ժամկետի ավարտը: Այս արտոնությունների հետ կապված հարցերը պարզաբանված են «Գույքահարկի ժամկետային արտոնությունների կիրարկման վերաբերյալ» հրահանգչական նամակով` հաստատված ՀՀ հարկային տեսչության 19.01.99 թ. հ. 01/2 հրամանով և գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից (պետական գրանցման թիվ` 43990022, 05.02.99 թ.):

Օրենքով առանձին հարկատուների համար արտոնության սահմանման իրավունք է տրված համայնքների ավագանիներին: Համայնքի ավագանու կողմից գույքահարկի արտոնությունների տրամադրման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի հ. 300 որոշմամբ:

Գույքահարկի գծով այլ հարկային արտոնություններ կարող են սահմանվել օրենքով:

 

V. Գույքահարկը հաշվարկելու եվ վճարելու կարգը

 

6. Ֆիզիկական անձի գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը առաջանում է շինության կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսից (սեփականության իրավունքի ծագման ամիս է համարվում սեփականության իրավունքի պետական գրանցման ամիսը):

 

Օրինակ 2. Քաղաքացի Կ. Բալյանը 1999 թվականի ապրիլի 8-ին օտարել է սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունը (կամ դրա մի մասը) քաղաքացի Լ. Գալստյանին: Կ. Բալյանի 1999 թվականի գույքահարկը օտարված շինության (կամ դրա մի մասի) համար պետք է հաշվարկվի մինչև 1999 թվականի մայիսի 1-ը, իսկ Լ. Գալստյանի գույքահարկը` մայիսի 1-ից սկսած:

Այն դեպքերում, երբ շինությունները քանդվում կամ վերացվում են հարկը հաշվարկվում է ներառյալ այն ամիսը, երբ քանդվել կամ վերացվել է շինությունը: Դրա համար հիմք են հանդիսանում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կողմից ՀՀ հարկային տեսչությանը ներկայացվող տեղեկությունները կամ անշարժ գույքի կադաստրը վարող մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը:

7. Անկախ սույն հրահանգի 6-րդ կետի դրույթներից, 1999 թվականի հունվարի 1-ից հետո հարկվող օբյեկտի օտարման դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օտարման պահի դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար նախկին սեփականատիրոջ (սեփականատերերի) չմարված հարկային պարտավորությունները:

 

Օրինակ 3. Քաղաքացի Ա. Մուրադյանը 2000 թ. հուլիսի 26-ին օտարում է իրեն պատկանող ավտոտնակը քաղաքացի Հ. Բաղդասարյանին: Քաղաքացի Մուրադյանը տվյալ ավտոտնակի մասով ունի հարկային պարտավորություն: 2000 թ-ի օգոստոսի 1-ից տվյալ ավտոտնակի գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորության հետ մեկտեղ քաղաքացի Հ. Բաղդասարյանին է անցնում նաև քաղաքացի Մուրադյանի գույքահարկի գծով չմարված հարկային պարտավորությունը:

 

8. Անկախ սույն հրահանգի 7-րդ կետի դրույթից, եթե հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է դատավճռի, վճռի կամ իրավական ակտի հիման վրա, ապա հարկատուն գույքահարկը հաշվարկում և վճարում է այն ժամանակահատվածի համար, երբ հարկվող օբյեկտը հանձնվել է նրա տիրապետմանը:

 

9. Եթե հարկատուներին սեփականության իրավունքով պատկանող շինությունը (կամ դրա մի մասը) տարվա ընթացքում ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի մարմնի կողմից գրանցվում է որպես այլ նշանակության շինություն (բնակելին` հասարակական նշանակության, արտադրական նշանակությանը` բնակելի և այլն), ապա տվյալ շինության (դրա մի մասի) գույքահարկը մինչև շինության գրանցման ամիսը ներառյալ հաշվարկվում է այդ շինության գույքահարկի հաշվարկման կարգով, իսկ գրանցման ամսվան հաջորդող ամսից` նոր (վերագրանցված) շինության գույքահարկի հաշվարկման կարգով:

 

Օրինակ 4. Քաղաքացու հասարակական նշանակության շինությունը 2000 թ-ի ապրիլի 22-ին ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի մարմնի կողմից գրանցվում է որպես բնակելի շինություն: Այս դեպքում գույքահարկը մինչև ապրիլ ամիսը ներառյալ հաշվարկվում է հասարակական նշանակության շինությունների գույքահարկի հաշվարկման կարգով, իսկ մայիս ամսից` բնակելի շինությունների գույքահարկի հաշվարկման կարգով:

 

Ֆիզիկական անձանց շինությունների գույքահարկը հաշվարկելու օրինակներ

 

Օրինակ 5. Քաղաքացի Ս. Սիմոնյանը 2001 թվականի օգոստոսի 18-ին օտարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող այգետնակը քաղաքացի Ա. Մկրտչյանին: Այգետնակի հարկման բազան 4.8 մլն դրամ է (անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այգետնակի (ինչպես նաև բնակելի տան) հարկման բազան հիմնական շինության (այգետնակի (բնակելի տան)) և նրան կից տնտեսական շինությունների արժեքների հանրագումարն է): Օտարման պահի դրությամբ այգետնակի գծով հարկային պարտավորություններ չկան: Ենթադրենք 2001 թ-ի համար օրենքով սահմանվել է հարկման բազայի ինդեքսավորման 1.1 գործակից:

 

Քաղաքացի Ս. Սիմոնյանի 2001թ-ի գույքահարկը նշված այգետնակի համար կկազմի`

 

4.8 մլնx1.1x0.2%x8 / 12 = 7040 դրամ

 

Քաղաքացի Ա. Մկրտչյանի 2001թ-ի գույքահարկը նույն շինության համար կկազմի`

 

4.8 մլնx1.1x0.2%x4 / 12 = 3520 դրամ

 

Նույն պայմաններում, եթե քաղաքացի Սիմոնյանը օտարման պահի դրությամբ չի վճարել այգետնակի 2000 թ-ի և 2001 թ-ի (7040 դրամ) գույքահարկը, ապա քաղաքացի Մկրտչյանին է անցնում նրա հարկային պարտավորությունը, որը կկազմի.

 

  2000 թ-ի գույքահարկը` 4.8 մլնx0.2% = 9600 դրամ  (հաշվարկված է ամբողջ տարվա համար և ենթադրվում է, որ 2000 թ. հարկման բազայի ինդեքսավորման գործակից չի սահմանված)

 

Ժամանակին չվճարված հարկի գումարի նկատմամբ տույժեր` հաշվարկված մինչև օտարման պահը` 9600x0.2%x261օր = 5011 դրամ:

 

Հետևաբար քաղաքացի Մկրտչյանին է անցնում 9600 դրամ հարկի գումարի և նրա նկատմամբ կիրառված 5011 դրամ տույժի հարկային պարտավորություն, ինչպես նաև 7040 դրամ հարկային պարտավորություն` 2001 թ-ի գույքահարկի գումարից (որի նկատմամբ տույժ չի հաշվարկվում մինչև 2001 թ-ի դեկտեմբերի 1-ը):

9600 դրամի նկատմամբ օրական տույժերը շարունակում են հաշվարկվել` մինչև 2001 թ-ի դեկտեմբերի 1-ը (365 օր):

Այսպիսով, եթե քաղաքացի Մկրտչյանը մինչև 2001 թ-ի դեկտեմբերի 1-ը չի կատարում տվյալ այգետնակի գծով իր հարկային պարտավորությունների որևէ մասը, ապա 2001 թ-ի նոյեմբերի 30-ին նրա հարկային պարտավորությունները հաշվարկվում են 2000 թ-ի հարկի (9600 դրամ), նրա նկատմամբ հաշվարկված տույժերի (7008 դրամ) և 2001 թ-ի հարկի (10560 դրամ) հանրագումարով:

 

Օրինակ 6. Քաղաքացի Ա. Երիցյանի հասարակական նշանակության շինության (քարե շինություն) հարկման բազան (շինության արժեքը) 12 մլն դրամ է:

1999 թվականի գույքահարկը տվյալ շինության համար կազմում է 10000 դրամ: 2000 թվականի գույքահարկը տվյալ շինության համար կկազմի`

12մլնx0.6% = 72 հազ. դրամ (եթե 2000 թ-ի համար հարկման բազայի ինդեքսավորման գործակից սահմանված չէ):

 

Օրինակ 7. Քաղաքացի Մ. Վանեսյանի բնակելի շինության գույքահարկը 2001 թվականի համար կազմում է 6000 դրամ: Վանեսյանը 2001 թ-ի հունիսի 8-ին շինության 1/3 մասը օտարում է քաղաքացի Ա. Դավթյանին: Վանեսյանը ունի գույքահարկի 5000 դրամի պարտավորություն նաև 2000 թ-ի համար, ինչպես նաև տույժեր` 2001 թ-ի հունիսի 8-ի դրությամբ` 1900 դրամ (5000դր.x190օրx0.2%):

Այս դեպքում քաղաքացի Դավթյանին է անցնում 1667 դրամ (5000x1/3) հարկի գումարի և 633 դրամ (1900 1/3) տույժի հարկային պարտավորություն:

2001 թվականի համար քաղաքացի Վանեսյանի հարկային պարտավորությունը կկազմի`

6000 x 6/12 + 6000 x 6/12 x 2/3 = 5000 դրամ

իսկ Դավթյանինը` 6000 x 6/12 x 1/3 = 1000 դրամ:

 

Օրինակ 8. Քաղաքացի Ա. Մարությանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան հարկման բազան 1999 թվականի համար կազմում է 32 մլն. դրամ: 1999 թ-ի սեպտեմբերի 20-ին բնակելի տան մի մասը ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի մարմնի կողմից գրանցվում է որպես հասարակական նշանակության շինություն: Դրանից հետո բնակելի մասի արժեքը կազմում է 12 մլն. դրամ:

1999 թվականի գույքահարկը տվյալ շինության գծով հաշվարկվում է հետևյալ կերպ.

(67100 + (32 - 30)x0.6%)x9 /12 = 59325 դրամ (առաջին 9 ամիսների համար` բնակելի շինության մասով)
(7100 + (12 - 10)x0.2%)x3 /12 = 2775 դրամ (վերջին 3 ամիսների համար` բնակելի շինության մասով)
10000x3 /12 = 2500 դրամ (վերջին 3 ամիսների համար` հասարակական նշանակության շինության մասով)
Տվյալ շինության գծով քաղաքացի Մարությանի գույքահարկը 1999 թվականի համար կկազմի.

 

59325 + 2775 + 2500 = 64600 դրամ:

 

10. Բնակելի տան գույքահարկի հաշվարկման համար գույքահարկի դրույքաչափի ճիշտ կիրառման նպատակով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ բնակելի տան (ինչպես նաև այգետնակի) հարկման բազան հիմնական շինության (բնակելի տան (այգետնակի)) և նրան կից տնտեսական շինությունների արժեքների հանրագումարն է:

 

Օրինակ 9. Քաղաքացի Մ. Ոսկանյանի բնակելի տունը ունի նաև անասնաշենք և հացատուն, շրջափակված է պարսպով: «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված գնահատման կարգով նշված տան արժեքը կազմել է 16 մլն դրամ, անասնաշենքի արժեքը` 2.4 մլն դրամ, հացատան արժեքը` 2 մլն. դրամ, պարսպինը` 3.6 մլն դրամ:

Քաղաքացի Ոսկանյանի բնակելի տան հարկման բազան կազմում է (16մլն+2.4 մլն + 2 մլն + 3.6 մլն) 24 մլն դրամ:

Համաձայն գույքահարկի դրույքաչափերի սանդղակի` տվյալ բնակելի շինության գույքահարկը կազմում է.

 

27100 դր. + (24մլն-20մլն)x0.4% = 27100 + 16000 = 43100 դրամ:

 

11. Ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության դեպքում գույքահարկը հաշվարկվում է համաձայն սույն հրահանգի 7-րդ կետի` շինության ամբողջ արժեքից: Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում հարկի գումարը բաշխվում է համամասնորեն` յուրաքանչյուր բաժնետիրոջ բաժնեմասին համապատասխան:

 

Օրինակ 10. Արտադրական նշանակության շինության արժեքը 10 մլն դրամ է: Գույքահարկի գումարը կազմել է 60 հազ. դրամ: Շինությունը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Ս. Կարապետյանին և Լ. Պողոսյանին: Քաղաքացի Կարապետյանի բաժնեմասը կազմում է 70 տոկոս, իսկ Պողոսյանինը` 30 տոկոս:

Համապատասխանաբար, Ս. Կարապետյանի գույքահարկը կկազմի.

 

(60 հազ.x70%) 42հազ. դրամ, իսկ Լ. Պողոսյանինը` 18 հազ. դրամ:

 

Ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գույքահարկի և դրանից բխող այլ պարտավորությունների համար համասեփականատերերը կրում են համապարտ պատասխանատվություն և վճարը կատարում է որևէ մեկը, անկախ այն հանգամանքից, թե հարկվող օբյեկտի սեփականության իրավունքի վկայականը ում անունով է տրված:

Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում գույքահարկի և դրանից բխող այլ պարտավորությունների համար բաժնետերերը պատասխանատվություն են կրում` յուրաքանչյուրն իր բաժնի չափով:

12. Հարկատուները գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն և կարող են գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացնել շինության գտնվելու վայրը սպասարկող հարկային տեսչության մարմին` մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ:

13. Հարկային տեսչության համապատասխան մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստրը վարող պետական մարմնի կողմից հարկման բազայի գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ ներկայացված տեղեկությունները, մինչև հարկման բազայի գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը հաշվարկում և հարկատուներին են ներկայացնում հետագա երեք տարիներին վճարման ենթակա գույքահարկի ծանուցագրերը, որոնցում պարտադիր նշվում է հարկվող օբյեկտը, հարկման բազան և գույքահարկի հաշվարկը:

14. Հարկային տեսչության մարմինների կողմից հարկատուին ներկայացված ծանուցագրերում կատարված հաշվարկների հետ համաձայն չլինելու, ինչպես նաև գույքահարկի արտոնություն ունենալու դեպքերում հարկատուն հարկվող օբյեկտի գտնվելու վայրի հարկային տեսչության մարմին է ներկայացնում գույքահարկի իր կատարած հաշվարկը` մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը: Այս դեպքում հարկային մարմինը ստուգում է հարկատուի կողմից ներկայացված գույքահարկի հաշվարկի ճշտությունը, փաստաթղթերի ամբողջականությունը և, անհրաժեշտության դեպքում, վճարման ծանուցագրում և հարկատուի անձնական հաշվի քարտում կատարում հաշվարկված հարկի գումարի ճշտում:

15. Ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գույքահարկի հաշվարկը ներկայացնող համասեփականատիրոջ կողմից լրացուցիչ նշվում է համասեփականատերերի անուն ազգանունը, հաշվառման (գրանցման) վայրի հասցեն, իսկ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` նաև յուրաքանչյուր բաժնետիրոջ բաժնեմասի չափը:

16. Հարկատուները գույքահարկի տարեկան գումարը վճարում են մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը: Եթե ֆիզիկական անձը նոր կառուցված կամ սեփականաշնորհված (մասնավորեցված) շինության համար հարկատու է դառնում գույքահարկի վճարման ժամկետից հետո (հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է նոյեմբեր ամսվա ընթացքում), ապա տվյալ շինության գույքահարկի գծով հաշվետու տարվա հարկային պարտավորությունները ներառվում են հաջորդ տարվա հարկային պարտավորությունների մեջ և վճարման վերջին ժամկետ է հանդիսանում հաջորդ տարվա նոյեմբերի 30-ը:

17. Հարկատուները գույքահարկի հաշվարկման նպատակով հարկման բազայի վերաբերյալ տեղեկություններ կարող են ստանալ ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի մարմնից:

 

VI. Եզրափակիչ դրույթներ

 

18. Հարկային տեսչության մարմինների կողմից հարկատուներին ծանուցագրերի սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը հարկատուին չի ազատում գույքահարկը ամբողջությամբ և սահմանված ժամկետում բյուջե վճարելու պարտավորությունից:

19. Գույքահարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկատուից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չմուծված հարկի գումարի 0.2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ժամկետին հաջորդող 365 օրվա համար:

20. Հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունները կարող են 30 օրվա ընթացքում գանգատարկվել ՀՏ այն մարմին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք:

Գանգատները քննության են առնվում և դրանց մասին որոշումներ են կայացվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից 30 օրվա ընթացքում: Այդ որոշումները կարող են գանգատարկվել հարկային տեսչության վերադաս մարմին գանգատարկողի կողմից որոշման կրկնօրինակը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում կամ դատարան:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
12 ապրիլի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 43990053