Գլխավոր տեղեկություն
Համար
N 39
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2001-11.04.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.04.02/8(71) Հոդ.31
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2001
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.02.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2001

118.0039.09.02.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

9 փետրվարի 2001 թ.
ք. Երևան

N 39

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ (ԵԼՔԵՐԻ) ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5զ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 531 որոշմամբ հաստատված` գնումների ֆինանսավորման կարգի 4-րդ կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունը,

 

Հրամայում եմ`

 

հաստատել հիմնարկների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) նախահաշիվների կազմման, հաստատման և ներկայացման կարգը (կցվում է):

Առդիր` 4 թերթ:

 

Նախարար`

Վ. Խաչատրյան


Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2001 թվականի փետրվարի 9-ի
թիվ 39 հրամանով


Կ Ա Ր Գ

 

ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ (ԵԼՔԵՐԻ) ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է ՀՀ պետական բյուջեով և ՀՀ համայնքների բյուջեներով նախատեսված հատկացումների հաշվին հիմնարկների կողմից իրականացվող ծախսերի (ելքերի) նախահաշիվները (այսուհետև` նախահաշիվները) կազմելու, հաստատելու և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու գործընթացը:

2. Նախահաշիվը հանդիսանում է այն հիմնական փաստաթուղթը, որով սահմանվում է պետական հիմնարկների կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման նպատակով համապատասխան բյուջեներից հատկացվող գումարների ծավալը, նպատակային նշանակությունը և եռամսյակային բաշխումը: Համապատասխան բյուջեներից հատկացումների հաշվին հիմնարկների կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը իրականացվում է նշված հիմնարկների` սույն կարգի համաձայն հաստատված համապատասխան նախահաշիվներով:

3. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները հաստատելուց հետո, 10 օրյա ժամկետում (եթե ՀՀ օրենսդրությամբ չի սահմանվել այլ ժամկետ), ՀՀ պետական կառավարման և պետական կառավարման տարածքային մարմինները (այսուհետև` վերադաս մարմիններ), հիմք ընդունելով նշված համամասնությունները, կազմակերպում են տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրենց և իրենց ենթակայության ներքո գտնվող պետական հիմնարկների (այսուհետև` ենթակա հիմնարկների) կողմից իրականացվող ծրագրերի նախահաշիվների կազմումը (ըստ առանձին հիմնարկների և ծրագրերի) և ստացումը:

4. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, համայնքների ղեկավարները (այսուհետև` վերադաս մարմիններ), իրենց կողմից տվյալ տարվա համայնքների բյուջեների կատարման եռամսյակային համամասնությունները հաստատելուց հետո, 10 օրյա ժամկետում, հիմք ընդունելով նշված համամասնությունները, կազմակերպում են տվյալ տարվա համայնքների բյուջեներով նախատեսված հատկացումների հաշվին իրենց աշխատակազմերի և համայնքային ենթակայության ներքո գտնվող հիմնարկների (այսուհետև` ենթակա հիմնարկների) կողմից իրականացվող ծրագրերի նախահաշիվների կազմումը (ըստ առանձին հիմնարկների և ծրագրերի) և ստացումը:

5. Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի (ծրագրերի) նախահաշիվները կազմվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի ապրիլի 11-ի «Բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 49, իսկ այլ բնույթի ծրագրերի համար` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի փետրվարի 7-ի «Հիմնարկների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների նախահաշվի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 34 հրամաններով հաստատված նախահաշիվների` համապատասխանաբար N 1 և N 3 օրինակելի ձևերին և դրանց լրացման մեթոդաբանությանը համապատասխան: Նշված նախահաշիվները կազմվում են վերադաս մարմնի և/կամ ենթակա հիմնարկի (այսուհետև` կազմակերպությունների) կողմից անմիջականորեն իրականացվող յուրաքանչյուր ծրագրի համար առանձին և արտացոլում են` տվյալ կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերից յուրաքանչյուրի գծով համապատասխան բյուջեով նախատեսված հատկացումների եռամսյակային բաշխումը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

6. Համապատասխան բյուջեներով նախատեսված յուրաքանչյուր ծրագրի նախահաշիվը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է տվյալ ծրագիրը անմիջական իրագործող կազմակերպությունը: Նախահաշիվների կազմման աշխատանքների կատարումը ներկայացվող պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով վերադաս մարմինները.

ա) համապատասխան բյուջեների կատարման եռամսյակային համամասնությունները հաստատելուց հետո եռօրյա ժամկետում (եթե ՀՀ օրենսդրությամբ այլ ժամկետ չի սահմանվել) սահմանում են իրենց և ենթակա հիմնարկների կողմից նախահաշիվների կազմման և ներկայացման ժամանակացույց, ինչպես նաև ենթակա հիմնարկներին տալիս են անհրաժեշտ ցուցումներ այդ նախահաշիվները կազմելու և ներկայացնելու կարգի վերաբերյալ.

բ) նախահաշիվների կազմման, նշված աշխատանքներում գործող օրենսդրության կիրառման, դրամական և նյութական ռեսուրսների տնտեսական ռեժիմի անվերապահորեն ապահովման, նախահաշիվների ձևերի լրացման հարցերում հրահանգավորման նպատակով, անհրաժեշտության դեպքում, անցկացնում են խորհրդակցություններ ենթակա հիմնարկների և այդ հիմնարկներում նախահաշիվների կազմման աշխատանքներում ներգրավված աշխատակիցների հետ.

գ) ապահովում են անմիջապես վերադաս մարմնի կողմից կենտրոնացված կարգով իրականացվող ծրագրերի (միջոցառումների) նախահաշիվների կազմման աշխատանքների կատարումը:

7. Հաստատմանը (վերահաստատմանը) ներկայացվող ենթակա հիմնարկի նախահաշիվը ստորագրվում է տվյալ հիմնարկի ղեկավարի և ֆինանսական ծառայության պետի (գլխավոր հաշվապահի) կողմից և կնքվում հիմնարկի կնիքով: Ենթակա հիմնարկի նախահաշիվը (նախահաշվում փոփոխությունները) հաստատում (վերահաստատում) է տվյալ հիմնարկի վերադաս մարմնի ղեկավարը` սահմանված կարգով ստորագրելով և այդ մարմնի կնիքով կնքելով նախահաշիվը:

8. Հաստատմանը (վերահաստատմանը) ներկայացվող վերադաս մարմնի նախահաշիվը ստորագրվում է տվյալ վերադաս մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալի և ֆինանսական ծառայության պետի (գլխավոր հաշվապահի) կողմից: Վերադաս մարմնի նախահաշիվը (նախահաշվում փոփոխությունները) հաստատում (վերահաստատում) է այդ մարմնի ղեկավարը` սահմանված կարգով ստորագրելով և տվյալ մարմնի կնիքով կնքելով այդ նախահաշիվը:

9. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերի պահանջներին համաձայն ստացված նախահաշիվները վերադաս մարմինների կողմից պետք է քննարկվեն և հաստատվեն համապատասխան բյուջեների կատարման եռամսյակային համամասնությունները հաստատելուց հետո 20 օրյա ժամկետում (եթե ՀՀ օրենսդրությամբ այլ ժամկետ չի սահմանվել):

10. Տվյալ տարվա բյուջեով նախատեսված յուրաքանչյուր ծրագիրը անմիջական իրականացնող բոլոր կազմակերպությունների հաստատված նախահաշիվների համանուն հոդվածներով նախատեսված հատկացումների հանրագումարները պետք է հավասար լինեն տվյալ տարվա բյուջեով նույն ծրագրի ամփոփ նախահաշվի համապատասխան համանուն հոդվածներով նախատեսված գումարներին` ինչպես տարեկան, այնպես էլ եռամսյակային կտրվածքով (բացառությամբ այն դեպքերի, երբ արդեն իսկ նախահաշիվների կազմման և հաստատման սկզբնական փուլում վերադաս մարմինը իրացնում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կամ 33-րդ հոդվածի 3-րդ կետերով իրեն վերապահված իրավասությունը):

11. Հաստատված նախահաշվում փոփոխություններ (նախահաշվի վերահաստատումներ) կարող են կատարվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

12. Եթե հաստատված նախահաշիվներում փոփոխությունները պայմանավորված են տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում կամ համայնքի բյուջեի մասին համայնքի ավագանու որոշման մեջ, ինչպես նաև ՀՀ կառավարության կամ համայնքի ղեկավարի կողմից համապատասխան բյուջեների կատարման եռամսյակային համամասնությունների փոփոխություններով, ապա նոր նախահաշիվների կազմումը, ստացումը և հաստատումը իրականացվում է վերը բերված ընթացակարգով:

13. Կազմակերպությունների` համապատասխան ծրագրի գծով հաստատված նախահաշիվներում վերադաս մարմնի նախաձեռնությամբ (սույն կարգի 12-րդ կետում չնշված հանգամանքների բերումով) փոփոխություններ կատարելու դեպքում.

ա) դրանց արդյունքում չպետք է խախտվեն սույն կարգի 10-րդ կետով սահմանված պահանջները` եթե նշված փոփոխությունները չեն բխում վերադաս մարմնին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կամ 33-րդ հոդվածի 3-րդ կետերով վերապահված իրավասությունից.

բ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ և 33-րդ հոդվածի 3-րդ կետերով վերադաս մարմնին վերապահված իրավասության սահմաններում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված գումարների փոփոխությունները (վերաբաշխումները) չպետք է գերազանցեն ՀՀ պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով (ծրագիրը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորելու դեպքում) կամ համայնքի բյուջեի մասին համայնքի ավագանու որոշմամբ (ծրագիրը համայնքի բյուջեից ֆինանսավորելու դեպքում) տվյալ բյուջետային տարվա համար նման փոփոխությունների համար սահմանված չափաքանակները: Ընդ որում` սույն ենթակետում նշված բնույթի փոփոխությունները ՀՀ պետական կառավարման և պետական կառավարման տարածքային մարմինները նախապես համաձայնեցնում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

14. Վերադաս մարմինները` սույն կարգի համապատասխան իրենց կողմից հաստատված (վերահաստատված) նախահաշիվները` դրանք հաստատելուց (վերահաստատելուց) հետո 3-օրյա ժամկետում, ներկայացնում են.

ա) այդ նախահաշիվները հաստատմանը ներկայացրած համապատասխան ենթակա հիմնարկներին` 2 օրինակից.

բ) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` 1 օրինակից (նշվածը չի տարածվում համայնքների բյուջեներից ֆինանսավորվող ծրագրերի նախահաշիվների վրա):

Հաստատված նախահաշվի ևս 1 օրինակը վերադաս մարմինները թողնում են իրենց մոտ:

15. Յուրաքանչյուր կազմակերպություն իր նախահաշիվը` 2 օրինակից, սահմանված կարգով հաստատվելուց (վերահաստատվելուց) հետո` 5-օրյա ժամկետում ներկայացնում է իրեն սպասարկող ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք (այսուհետև` ՏԳԲ): ՏԳԲ-ն, կազմակերպությունից ստանալով սույն կարգով սահմանած ընթացակարգով հաստատված նախահաշիվները, իր կնիքով կնքում է դրանք, նշելով նախահաշիվների ստացման ամսաթիվը: Իր կողմից կնքված նախահաշվի մեկ օրինակը ՏԳԲ-ն վերադարձնում է կազմակերպությանը, իսկ մյուսը պահում է ՏԳԲ-ում` որպես հիմք համապատասխան բյուջեից վճարումներ իրականացնելու համար:

16. Կազմակերպությանը համապատասխան բյուջեից հատկացումներ կարող են տրամադրվել, եթե դրանք նախատեսված են այդ կազմակերպության` սույն կարգի համաձայն ՏԳԲ-ի կնիքով կնքված նախահաշիվներում: Սույն կարգով սահմանած ընթացակարգերի խախտումով կազմակերպության կողմից ՏԳԲ ներկայացված նախահաշիվը կատարման ենթակա չէ և վերադարձվում է կազմակերպությանը առանց կնքման:

17. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, պարբերաբար ուսումնասիրում և ստուգում է վերադաս մարմինների կողմից հաստատված` կազմակերպությունների նախահաշիվների կազմման ճշտությունը և դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ ամրագրված կարգով սահմանված` ՀՀ պետական բյուջեի և համայնքների բյուջեների կատարման եռամսյակային համամասնություններին:

18. Եթե մինչև բյուջետային տարվա սկիզբը` այդ տարվա հաստատված համապատասխան բյուջեի առկայությամբ, վերջինիս կատարման եռամսյակային համամասնությունները տվյալ տարվա հունվարի 10-ի դրությամբ չեն սահմանվել, ապա վերադաս մարմինները հիմք ընդունելով տվյալ տարվա հաստատված բյուջեի համապատասխան տարեկան ցուցանիշները, սույն կարգով սահմանված ընթացակարգով մինչև տվյալ տարվա փետրվարի 1-ը, հաստատում են իրենց և ենթակա հիմնարկների տարեկան նախահաշիվները և դրանք սույն կարգի 14-րդ կետի համապատասխան, տրամադրում ենթակա հիմնարկներին: Յուրաքանչյուր կազմակերպություն իր հաստատված նախահաշիվը` սույն կարգի 15-րդ կետով սահմանված ընթացակարգով, մինչև տվյալ տարվա փետրվարի 5-ը տրամադրում է իրեն սպասարկող ՏԳԲ-ին: ՀՀ կառավարության կամ համայնքի ղեկավարի կողմից համապատասխան բյուջեների կատարման եռամսյակային համամասնությունները սահմանելուց հետո կազմակերպությունների տարեկան` եռամսյակային բաշխմամբ նախահաշիվների կազմումն ու հաստատումն իրականացվում է սույն կարգի 3-ից 17-րդ կետերին համապատասխան:
 

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

7 մարտի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11801052

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.03.2008, N 170-Ն 11.04.2008, N 39
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան