Գլխավոր տեղեկություն
Համար
N 02/605
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.08.01/18(104) Հոդ.97
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ընդունման ամսաթիվ
10.05.2001
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

10 մայիսի 2001 թ.
ք. Երևան

N 02/605

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1999 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի ԹԻՎ 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1998 թ. դեկտեմբերի 30-ի և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2000 թ. դեկտեմբերի 29-ի Հայաստանի Հանրապետության օրենքներն ու ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածով`

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության Հարկային տեսչության պետի 1999 թ. մարտի 4-ի թիվ 01/13 հրամանով հաստատված «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները (կցվում է):

 

ՀՀ պետական
եկամուտների նախարար`

Ա. Մանուկյան

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության պետական
եկամուտների նախարարության
2001 թ. մայիսի 10-ի
թիվ 02/605 հրամանով

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարության հետ
2001 թ. մայիսի 18

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1998 թ. դեկտեմբերի 30-ի և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2000 թ. դեկտեմբերի 29-ի ՀՀ օրենքներն ու ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածով Հայաստանի Հանրապետության Հարկային տեսչության կողմից 1999 թ. մարտի 4-ի թիվ 01/13 հրամանով հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Հրահանգի 1.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.2. Շահութահարկ վճարող են հանդիսանում օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները (այսուհետ` ոչ ռեզիդենտ)»:

2. Հրահանգի 1 բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով`

«1.6. Հարկվող շահույթը որոշելիս ակտիվները և պարտականությունները հաշվի են առնվում սկզբնական (ձեռքբերման) արժեքով, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների:

1.7. Հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում միայն սույն օրենքով սահմանված պահուստների (պահուստաֆոնդերի) ստեղծման հետևանքով առաջացող եկամուտները ու նվազեցումները»:

3. Հրահանգի 2.2.5 կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր «դ» ենթակետով`

«դ) Հայաստանի Հանրապետության տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված կամ մշակված (վերամշակված) ապրանքներից (արտադրանքից) ստացված եկամուտը»:

4. Հրահանգի 2.3.4 կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր հինգերորդ պարբերությամբ`

«Անկախ սույն և 2.3.2 կետերի դրույթներից միջազգային ֆինանսական վարձակալությունից (միջազգային լիզինգ) ստացված եկամուտ է ճանաչվում միայն լիզինգային պայմանագրում նշված տոկոսները»:

5. Հրահանգի 4.1. կետից հանել 4-րդ պարբերության երկրորդ նախադասությունը:

6. Հրահանգի 4.1.4 կետի`

ա) «ա» ենթակետում «առողջարանների» բառից հետո լրացնել «կրթական և ուսումնական հաստատությունների» բառերով.

բ) «ա» ենթակետում «Աղետի գոտում գտնվող սույն ենթակետի առաջին և երկրորդ խմբերում թվարկված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Մինչև 50 հազար դրամ արժողությամբ, ինչպես նաև աղետի գոտում գտնվող «ա» և «բ» ենթակետերում նշված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի».

գ) «դ» ենթակետում «Փոքրարժեք և արագամաշ առարկաների արժեքը մարվում է.» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Փոքրարժեք և արագամաշ առարկաների գծով ծախսերը կազմակերպությունում ընդունված հաշվապահական հաշվառման քաղաքականությանը համապատասխան: Եթե կազմակերպությունը չի ներկայացրել փոքրարժեք և արագամաշ առարկաների գծով հաշվապահական հաշվառման քաղաքականություն, ապա փոքրարժեք և արագամաշ առարկաների արժեքը մարվում է.»:

7. Հրահանգի 4.1.5 կետը լրացնել «, ինչպես նաև ապահովադիր հանդես եկող հարկատուի կողմից իր աշխատողների համար մուծված ապահովագրավճարների գումարները, եթե այդ վճարումների կատարումը պարտադրված է օրենքով» բառերով:

8. Հրահանգի 4.2.1 կետի երրորդ պարբերությունում «ամբողջովին նվազեցվում է» բառերը փոխարինել «չի նվազեցվում» բառերով:

9. Հրահանգի 4.7.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4.7.5. Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններում հաշվառման կանգնած ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 0,25 տոկոսի չափով:»:

10. Հրահանգի 5 բաժնում`

ա) 5.1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5.1. Շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:».

բ) 5.2 կետն ուժը կորցրած ճանաչել:

գ) 5.4 կետի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

11. Հրահանգի 6.1.1 կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

12. Հրահանգի 6.1.2 կետն ուժը կորցրած ճանաչել:

13. Հրահանգը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 6.2.3 կետով`

«6.2.3. Շահութահարկի վճարման ընդհանուր կարգով և շահութահարկի վճարման ժամկետի հետաձգմամբ միաժամանակ աշխատող հարկատուների նկատմամբ կիրառվում են 5.4 կետի դրույթները:»:

14. Հրահանգի 8.2.3 կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր նախադասությամբ`

«Ընդ որում, նշված տեսակարար կշիռները կիրառվում են ոչ ռեզիդենտի համընդհանուր ստացված հարկվող շահույթի նկատմամբ»:

15. Հրահանգի 9.2. կետում`

ա) աղյուսակը «շահաբաժիններ» բառից հետո լրացնել «տոկոսներ*» բառով և աղյուսակից հանել վերջին տողը.

բ) աղյուսակում «15» թիվը փոխարինել «10» թվով.

գ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ պարբերությամբ`

«Սույն կետի առաջին մասով սահմանված դրույքաչափով հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած շահաբաժինները հարկվում են զրո տոկոս դրույքաչափով, եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները`

ա) շահաբաժինները ստացող ոչ ռեզիդենտն այդ եկամուտների մասով ենթակա չէ շահութահարկով հարկման այն երկրում, որի ռեզիդենտն է հանդիսանում.

բ) մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը), որի դիմաց ստացվում են շահաբաժինները, ոչ ռեզիդենտին է պատկանել ոչ պակաս, քան երկու օրացուցային տարվա ընթացքում.

գ) շահաբաժիններ բաշխող ռեզիդենտի կանոնադրական կապիտալում շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտի մասնակցությունը շահաբաժինների բաշխմանն անմիջապես նախորդող երկու օրացուցային տարիների ընթացքում կազմել է ոչ պակաս, քան կանոնադրական կապիտալի 25 տոկոսը.

դ) շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտը հանդիսանում է դրանց փաստացի սեփականատերը.

ե) շահաբաժինները բաշխող կազմակերպությանն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համապատասխան տարածքային հարկային մարմնի տեղեկանքն այն մասին, որ այդ եկամուտները ստացող ոչ ռեզիդենտը բավարարում է սույն պարբերության «ա» և «դ» ենթակետերով սահմանված պայմանները:»:

16. Հրահանգի 11.2 կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր երկրորդ պարբերությամբ`

«Հայաստանի Հանրապետության տարածքում ստորաբաժանման միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմին է ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված ձևերով հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ:»:

____________

* Մինչև 2001 թ. հուլիսի 1-ը տոկոսներից շահութահարկը հաշվարկվում է 0 տոկոս դրույքաչափով, 2001 թ. հուլիսի 1-ից մինչև 2002 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացվող տոկոսներից շահութահարկը հաշվարկվում և վճարվում է 5 տոկոս դրույքաչափով, 2002 թ. հուլիսի 1-ից ստացվող տոկոսներից շահութահարկը հաշվարկվում և վճարվում է 10 տոկոս դրույքաչափով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

20 հունիսի 2001 Թ.

պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12401110