Գլխավոր տեղեկություն
Համար
N 310
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.1998-25.03.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.11.16/14(20)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
09.09.1998
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.1998

118.0310.09.09.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

09.09.1998 թ.

ք. Երևան

N 310

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 3 որոշման 3-րդ կետի հանձնարարականի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Բորսայական գործունեության օրինակելի կանոնակարգը» (կցվում է):

2. Սահմանել, որ

ա) ապրանքաֆոնդային բորսայի ֆոնդային բաժնի գործունեությունը կարգավորվում է սույն կանոնակարգով,

բ) բորսայական գործունեություն իրականացնող անձանց սեփական կապիտալը չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10000- ապատիկի չափից:

 

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար

Է. Սանդոյան

 

«Հաստատված է»
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության ___ ______
1998 թ. թիվ _____ հրամանով

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է ______________________________________________

ձեռնարկության (այդ թվում բաժնետիրական ընկերության) անվանումը


(այսուհետև` բորսա) ՀՀ արժեթղթերի շուկայում բորսայական գործունեության կարգը և հիմնադրույթները:

2. Բորսան գործում է ՀՀ օրենսդրությամբ, բորսայի կանոնադրությամբ և բորսայի ներքին կանոններին համապատասխան:

3. Բորսայի ներքին կանոնները չեն կարող հակասել ՀՀ օրենսդրությանը և սույն կանոնակարգի դրույթներին:

4. ՀՀ օրենսդրությունը և սույն կանոնակարգի դրույթները չպահպանելու դեպքում, բորսան պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Բորսայի կողմից սահմանվող սույն կանոնակարգի II. բաժնում նշված կարգերը համարվում են սույն կանոնակարգի անբաժանելի մասը և վերջինիս հետ ներկայացվում են լիազորված մարմնին:

 

II. ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Բորսայական գործունեությունը ծավալելու ընթացքում բորսան իրականացնում է հետևյալ գործառնությունները.

ա) սահմանում և հանրամատչելի է դարձնում (այդ թվում` հրապարակում) արժեթղթերի շուկայի մասնակցին (այսուհետև առևտրի մասնակից) սակարկություններին թույլատրելու կարգը,

բ) սահմանում և հանրամատչելի է դարձնում (այդ թվում` հրապարակում) բորսայում գործարքների կնքման, ստուգման, գրանցման և կատարման կարգերը,

գ) սահմանում է գների մանիպուլյացիայի սահմանափակման կարգը,

դ) սահմանում և հրապարակում է բորսայի կողմից մատուցվող ծառայությունների, սակարկություններին թույլատրված արժեթղթերի ցուցակը,

ե) սահմանում է բորսայի ներքին կանոններում` սույն կանոնակարգին համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու արարողակարգը:

7. Առևտրի մասնակիցներին սակարկությունների թույլատրելու կարգում ներառվում են`

ա) առևտրի մասնակիցներին ներկայացվող պահանջները, որոնք նախատեսում են առևտրին մասնակցելու թույլատրման պայմանները,

բ) բորսայի ներքին կանոններին և սույն կանոնակարգին համապատասխան առևտրի այն մասնակցի (մարքեթ-մեյքեր) կանոնները (բորսայի կողմից մարքեթ-մեյքերին ներկայացվող պահանջները), որը լրացուցիչ պարտավորություններ է ստանձնում ապահովել սակարկվող արժեթղթերի իրական արժեքի բացահայտումը և արժեթղթերի իրացվելիությունը,

գ) առևտրի մասնակիցների կողմից արժեթղթերով գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը,

դ) առևտրի մասնակիցների միջև ծագող տարաձայնությունների և վիճաբանությունների կարգավորման և դիտարկման ընթացակարգը,

ե) առևտրի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները` նրանց կողմից արժեթղթերով կատարվող գործարքների կնքման և կատարման վերաբերյալ տեղեկատվության պահպանման, վերամշակման և բացահայտման նպատակով ստեղծված տեխնիկական և ծրագրային միջոցների համակարգում մուտքագրելու ընթացքում,

զ) առևտրի մասնակցի կողմից բորսայի ներքին կանոնների խախտման դեպքում` պատասխանատվության սահմանման և կիրառման կարգը,

է) բորսայում կամ բորսայի և արժեթղթերի շուկայի այլ մասնակցի միջոցով պահառության և փոխադարձ հաշվարկների (հաշվանցումների) իրականացման կանոնները,

ը) բորսայի կողմից սահմանված այլ կանոններ, որոնք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը:

8. Գործարքների կնքման, ստուգման, գրանցման և կատարման կարգը ներառում է.

ա) բորսային առևտրի առարկա հանդիսացող ապրանքների ցանկը և ներկայացվող պահանջները,

բ) բորսային առևտրի իրականացման ընթացակարգը,

գ) արժեթղթերի գնման և վաճառքի հայտերի (հայտը պետք է ներառի ապագա գործարքի բոլոր էական պայմանները) ներկայացման կարգը և ժամկետները,

դ) արժեթղթերի գնման և վաճառքի հայտերի գրանցամատյանում (թղթային կամ էլեկտրոնային) առևտրի մասնակիցների կողմից ներկայացված գնման և վաճառքի հայտերի գրանցման կանոնները,

ե) բորսային գործարքները, նրանց տեսակները,

զ) բորսային գործարքների ստուգման և գրանցման կարգը:

9. Գների մանիպուլյացիայի սահմանափակ կարգը ներառում է`

ա) գների գոյացման մեխանիզմի բնութագրումը,

բ) բորսայի աշխատակիցների և առևտրի մասնակիցների կողմից արժեթղթերի գների և ծավալների վերաբերյալ տեղեկատվության օգտագործման, փոխանցման կանոնները և վերահսկման համակարգի բնութագրությունը,

գ) այն միջոցները (ներքին օպերացիոն գործընթացներ), որոնք կձեռնարկվեն մասնակիցների նկատմամբ արտակարգ իրավիճակների դեպքում, որոնք խաթարում են առևտրի ընթացքը:

10. Բորսայի պաշտոնատար անձանց առևտրի ընթացքին միջամտելու կանոններն ու կարգը, այն պայմանների ցանկը, որոնց դեպքում նախատեսվում է առևտրի դադարեցում, առևտրի դադարեցման և վերսկսման կարգը, պաշտոնատար անձանց ցանկը, որոնք իրավասու են ընդունելու առևտրի դադարեցման և վերսկսման վերաբերյալ որոշումներ:

11. Արժեթղթերը սակարկություններին թույլտվության պայմանները`

ա) բորսայի պարտականությունները` կապված արժեթղթերի և թողարկողների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման (հրապարակման) հետ,

բ) արժեթղթերը բորսայական առևտրին թույլատրելու (լիստինգ) և բորսային առևտրից հանելու (դելիստինգ) պայմանները (ներառյալ` արժեթղթեր թողարկողներին ներկայացվող պահանջները, թողարկողների կողմից ներկայացրած հայտերի քննարկման ժամկետները, ինչպես նաև թողարկողներին, վերջինիս կողմից թողարկած արժեթղթերը բորսայական առևտրից հանելու զգուշացման պայմանները և ժամկետները):

12. Բորսայում ստեղծվում է արբիտրաժային հանձնաժողով, որի հիմնական խնդիրներն են`

ա) աջակցել բորսայական առևտրի մասնակիցների օրինական շահերի և գույքային իրավունքների պաշտպանությանը,

բ) բորսային վեճերի լուծման ժամանակ ակտիվ ազդեցություն ցուցաբերել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում գործարքների մասնակիցների կողմից օրինականության պահպանման գործընթացում,

գ) բորսային առևտրի կանոնների կատարելագործման նպատակով ուսումնասիրել և ամփոփել բորսային արբիտրաժային գործընթացը,

դ) ապահովել բորսայական վեճերի ճիշտ և ժամանակին լուծում և այդ վեճերի քննարկման ժամանակ բորսայական գործարքների մասնակիցների նկատմամբ կիրառել գույքային պատասխանատվություն (բորսայի ներքին կանոններով սահմանված դեպքերում և կարգով),

ե) վեճերի քննարկման ժամանակ բրոքերային գրասենյակների գործունեության մեջ խախտումների հայտնաբերման դեպքում մեղավոր կողմից գանձել տուգանք (բորսայի ներքին կանոններով սահմանված դեպքերում և կարգով):

13. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ֆոնդային բորսային առընթեր կարող է ստեղծվել միջնորդ դատարան:

14. Ֆոնդային բորսան առաջնորդվում է ՀՀ օրենսդրության, սույն կանոնակարգի, ֆոնդային բորսայի կողմից սահմանված ներքին կանոնների և ֆոնդային բորսայի ու արժեթղթեր թողարկողի միջև կնքված` արժեթղթերը բորսայական առևտրի թույլատրման պայմանագրի համաձայն:

 

III. ԲՈՐՍԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ*

 

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15. Բորսան իրականացնում է ներքին գործառութային գործընթացներ, որոնք ապահովում են բորսայի ներքին կանոնների իրականացումը:

16. Բորսան ապահովում է ներքին մշտական վերահսկում` ներքին գործառութային գործընթացների գծով որակավորված բաժանմունքի միջոցով:

17. Ներքին գործառութային գործընթացների կանոնները լիազորված մարմին են ներկայացվում սույն կանոնակարգի հետ միասին:

18. Բորսան ինքնուրույն կամ էլ այլ որակավորված հաշվարկային, քլիրինգային և պահառու կազմակերպությունների միջոցով, արժեթղթերի շուկայում գործունեություն ծավալելու համար, մշակում է առևտրի մասնակիցների միջև արժեթղթերի առուծախի պայմանագրերի հաշվարկային համակարգ:

19. Բորսայում կնքվող բոլոր գործարքները գրանցվում են բորսայում` ՀՀ օրենսդրությամբ և բորսայի ներքին կանոնների համաձայն:

20. Բորսայում շրջանառվող արժեթղթերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է գրանցված լինեն լիազորված մարմնում:

21. Բորսայում շրջանառվում են միայն այն արժեթղթերը, որոնց թողարկողների հետ բորսան ունի կնքված II. բաժնի 13-րդ կետում նշված պայմանագիրը:

22. Բորսան չի կարող իր գործունեությունը համատեղել առևտրաարտադրական և սպասարկման ոլորտի որևէ տեսակի, ինչպես նաև արժեթղթերի շուկայում լիցենզավորվող գործունեության որևէ տեսակի հետ:

23. Բորսան լիազորված մարմին և ներկայացնում հաշվետվություններ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

24. Բորսայում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

25. Սույն կանոնակարգում և բորսայի ներքին կանոններում կատարվող փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

____________

* Ծանոթություն. Նշվում է բորսայի ներքին կառուցվածքը, ներառյալ արբիտրաժային հանձնաժողովի, պահառու և հաշվարկային կենտրոնների տեղն այդ կառուցվածքում և նրանց գործառույթները:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
13 հոկտեմբերի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20980193