Գլխավոր տեղեկություն
Համար
N 24
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.04.11/5(11)
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
12.03.1998
Ստորագրող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ՀՀ ՎԻՃՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ)

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

12.03.1998 թ.

N 24

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի առանձին եկամտատեսակների կատարումն ապահովելու առաջնահերթ միջոցառումների մասին» 04.03.1998 թ. N 133 որոշման 2 կետի «ա» ենթակետի, ելնելով Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում սկզբնական և ընթացիկ պետական գրանցումների համար պետական տուրքի գանձման, հաշվառման և տեղեկությունների տրամադրման աշխատանքները կանոնակարգելու անհրաժեշտությունից`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման համար պետական տուրքի գանձման և հաշվառման կանոնակարգը (կցվում է):

2. Հանձնարարել պետական ռեգիստրի վարչության պետ Հ. Յորդանյանին սույն կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Վարչության պետ-նախարար`

Է. Աղաջանով

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության, պետական ռեգիստրի
և վերլուծության վարչության պետ-նախարարի
12.03.1998 թ. N 24 հրամանով

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման համար պետական տուրքի գանձման ԵՎ հաշվառման

 

1. Պետական տուրքը ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռներեցների ու համատիրությունների սկզբնական և ընթացիկ պետական գրանցման համար պետական բյուջե մուծվող օրենքով սահմանված գանձույթ է:

2. Պետական տուրքը հաշվարկում, գանձում և հաշվառում են Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի (այսուհետև պետական ռեգիստր) տարածքային բաժինները:

3. Պետական տուրք գանձելն արգելվում է, եթե չի ստուգվել սկզբնական կամ ընթացիկ պետական գրանցման համար ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:

4. Պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթուղթը պահանջվում է ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրելուց և պետական գրանցման վերաբերյալ որոշում ընդունելուց հետո:

5. Սկզբնական կամ ընթացիկ պետական գրանցման քարտերը լրացվում են պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթի առկայության դեպքում:

6. Պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթի վրա պետք է նշվի գրանցվող սուբյեկտի անվանումը (անհատ ձեռներեցի ազգանունը և անունը, ձեռնարկության գրանցված ֆիրմային անվանումը) և «պետական ռեգիստրում գրանցման համար» բառերը:

7. Պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը սոսնձով փակցվում են սկզբնական և ընթացիկ պետական գրանցման վերաբերյալ դիմումների վրա:

8. Պետական ռեգիստրի տարածքային բաժինները`

ա) վարում են հաշվառում պետական բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` ըստ ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների ու համատիրությունների սկզբնական և ընթացիկ պետական գրանցումների` նշելով տուրքը վճարելու օրը, ամիսը, տարին.

բ) վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ (ըստ սահմանված ձևերի) տեղեկություններ են ներկայացնում`

- պետական ռեգիստրի վարչությանը` յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 10-ը,

- հարկային տեսչության տարածքային մարմիններին` յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:

9. Վճարված պետական տուրքի գումարների հաշվառումը կազմակերպելու և ժամանակին տեղեկություններ տրամադրելու համար պատասխանատվությունը դրվում է պետական ռեգիստրի տարածքային բաժինների պետերի վրա:

10. Պետական տուրքը ճիշտ հաշվարկելու և ժամանակին գանձելու համար պատասխանատվությունը դրվում է պետական ռեգիստրի տարածքային բաժինների համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա:

11. Պետական տուրքի գանձումն ուշացնելու համար պետական ռեգիստրի տարածքային բաժինների պետերը և այլ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
18 մարտի 1998 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 22980091