Գլխավոր տեղեկություն
Համար
N 439
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.1996
Ստորագրման ամսաթիվ
10.10.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

10 հոկտեմբերի 1996 թ. N 433

 

Հաստատել 1996 թ. հոկտեմբերի 2-ի N 17-5/62 «Ձեռնարկությունների և կազմակերպությունների գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների ձևավորման, օգտագործման և հաշվառման մեջ արտացոլման կարգը»:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ֆԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.17-5/62

 

Կ Ա Ր Գ

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԼԻՔ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ

 

Սույն կարգը սահմանվում է ի կատարումն ՀՀ կառավարության 1996 թ. մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին Կանոնադրությունը հաստատելու մասին» N 147 որոշմամբ հաստատված կանոնադրության 62-րդ կետի և գործում է 1997 թ. հունվարի 1-ից:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություններ) գալիք ժամանակաշրջանում կատարվելիք ծախսերի և վճարումների պահուստների ձևավորման, օգտագործման և հաշվառման մեջ արտացոլման կարգը:

1.2. Գալիք ժամանակաշրջանում կատարվող ծախսերը հաշվետու ժամանակաշրջանի արտադրության կամ շրջանառության ծախսերի մեջ հավասարաչափ ներառելու նպատակով կազմակերպությունը կարող է ստեղծել գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստներ: Գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստներ ստեղծվում են.

- աշխատողների արձակուրդների գալիք վճարման համար,

- հիմնական միջոցների վերանորոգման ծախսերի համար,

- արտադրության սեզոնային բնույթի հետ կապված նախապատրաստական աշխատանքների գծով արտադրական ծախսերի համար,

- վարձով տրվող առարկաների վերոնորոգման գալիք ծախսերի համար:

Կազմակերպությունը պահուստների ձևավորման մասին նախապես հայտարարում է իր հաշվառման քաղաքականության մեջ:

 

2. ԳԱԼԻՔ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

2.1. Աշխատողների արձակուրդների գալիք վճարման պահուստը ձևավորվում է ամենամսյա հատկացումներ կատարելու միջոցով` դրանք արտադրության կամ շրջանառության ծախսերի մեջ ներառելով:

2.1.1. Ամսական հատկացման գումարը որոշվում է արտադրական անձնակազմի աշխատողների աշխատանքի վարձատրմանն ուղղվող միջոցների, այդ թվում պարգևատրումների և ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարների նկատմամբ կիրառելով 12.5 տոկոս նորմատիվը:

2.1.2. Տարեվերջին` դեկտեմբերի 31-ի դրությամբ, կատարվում է աշխատողների արձակուրդների գալիք վճարման պահուստի հաջորդ տարի տեղափոխվող մնացորդի հաշվարկ հետևյալ բանաձևի միջոցով.

 

Ներմուծեք նկարագրությունը_14502

որտեղ`

Պտմ - աշխատողների արձակուրդների գալիք վճարման պահուստի հաջորդ տարի տեղափոխվող մնացորդն է

Ամա - մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձն է, որը որոշվում է տվյալ տարում արտադրական անձնակազմի աշխատողների աշխատանքի վարձատրմանն ուղղված միջոցները, այդ թվում սպառման հիմնադրամների հաշվին տրված պարգևատրումները և ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները, հարաբերելով 12 ամիսների և աշխատողների միջին ամսական թվաքանակի վրա:

Ամտ - արձակուրդի միջին տևողությունն է, որը կազմում է 21, 3 օր:

Աչա - բոլոր աշխատողների չօգտագործած արձակուրդային օրերի քանակն է:

Կօա - կանխապես օգտագործված արձակուրդային օրերի քանակն է:

Դկս - կենսաթոշակային ու զբաղվածության և սոցիալական ապահովագրության ֆոնդերին կատարվող հատկացումների դրույքաչափերի գումարն է:

2.1.3. Հաշվարկված պահուստի մնացորդի (Պտմ) և առկա մնացորդի տարբերության գումարի չափով պակասեցվում կամ ավելացվում է արձակուրդների գալիք վճարման պահուստի առկա մնացորդը` թղթակցելով արտադրության կամ շրջանառության ծախսերի հաշվառման հաշվապահական հաշիվների հետ: (Պահուստի ճշգրտման հաշվարկի օրինակը` կից հավելվածում):

2.1.4. Տարեվերջին արտադրության (շրջանառության) ծախսերը պակասեցվում են ելնելով վարձատրմանն ուղղված միջոցների ընդհանուր գումարում արտադրական անձնակազմի աշխատողներին սպառման հիմնադրամների հաշվին տրված պարգևատրումների տեսակարար կշռից, հետևյալ բանաձևի օգնությամբ.

 

Ծպ.գ. = Պգ. x ՍՊտ.կ.

 

որտեղ` Ծպ.գ. - ծախսերի պակասեցման գումարն է,

Պգ - տարվա ընթացքում պահուստավորված գումարն է

ՍՊտ.կ.- սպառման հիմնադրամներից արտադրական անձնակազմի աշխատողներին տրված պարգևատրումների տեսակարար կշիռն է նրանց վարձատրմանն ուղղված միջոցների ընդհանուր գումարում:

Ծպ.գ.-ի չափով սպառման համապատասխան հիմնադրամի հաշվին պակասեցվում են արտադրության (շրջանառության) ծախսերը:

2.2. Հիմնական միջոցների վերանորոգման ծախսերի, արտադրության սեզոնային բնույթի հետ կապված նախապատրաստական աշխատանքների կատարման համար արտադրական ծախսերի, վարձույթով տրվող առարկաների վերանորոգման գալիք ծախսերի պահուստները ձևավորվում են ամենամսյա հատկացումների միջոցով: Ամենամսյա հատկացումների գումարները հաշվարկվում են նախորդ տարում փաստացի կատարված համանման ծախսերը հարաբերելով 12-ի: Նոր կազմավորված կազմակերպությունները մինչև գրանցման տարվա վերջ պահուստներ չեն ձևավորում: Գրանցմանը հաջորդող տարում պահուստներին ամենամսյա հատկացումների գումարները հաշվարկվում են համանման ծախսերը հարաբերելով գրանցման պահից մինչև տարեվերջ ամիսների թվի վրա:

2.2.1. Հիշյալ պահուստների ամենամսյա կատարվող հատկացումները ներառվում են արտադրության (շրջանառության) ծախսերի մեջ:

2.2.2. Հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ կատարվում են պահուստների մնացորդների ճշգրտում` ելնելով ընթացիկ տարում փաստացի կատարված ծախսերից: Պահուստների չօգտագործված մնացորդները տարեվերջին տեղափոխվում են հաջորդ տարի, բայց ոչ ավելի քան հաշվետու տարում կատարված փաստացի ծախսերի մեկ տասներկուերորդ մասից: Պահուստի առկա մնացորդի և տեղափոխվող մնացորդի տարբերության գումարով պակասեցվում են արտադրության (շրջանառության) ծախսերը:

2.2.3. Ճյուղային առանձնահատկությունների հետ կապված գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների ձևավորման և օգտագործման առանձին կարգ սահմանելու անհրաժեշտության դեպքում համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները այն պետք է համաձայնեցնեն ՀՀ ֆինանսների նախարարության հետ:

2.3. Հաշվետու տարվա ընթացքում, կատարված ծախսի գումարի չափով պակասեցվում է այդ նույն նպատակի համար ձևավորված պահուստը:

2.3.1. Եթե հաշվետու տարվա ընթացքում փաստացի կատարված ծախսը գերազանցում է այդ նպատակի համար ձևավորված պահուստը, ապա գերազանցող գումարը վերագրվում է 31 «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» հաշվապահական հաշվին, որը տարեվերջին դուրս է գրվում արտադրության (շրջանառության) ծախսերով: Ընդ որում, ամեն ամիս ճշգրտվում է (ավելանում կամ պակասում է) 31 «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» հաշվապահական հաշվի համապատասխան ենթահաշվում արտացոլված գումարը` ելնելով պահուստի և փաստացի ծախսի տարբերությունից:

 

3. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3.1. Այն կազմակերպությունները, որոնք մինչև 1996 թ. հուլիսի 1-ը գոյացրել են պահուստներ գալիք ժամանակաշրջանում կատարվելիք ծախսերի և վճարումների համար, մինչև 1997 թ. հունվարի 1-ը կարող են շարունակել պահուստի ձևավորումը նույն կարգով:

3.2. 1996 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա պահուստի մնացորդը նույնությամբ տեղափոխվում է հաջորդ տարի, բացի աշխատողների արձակուրդների գալիք վճարման պահուստից, որը տեղափոխվում է սույն կարգի 2.1.2. կետի համաձայն ճշգրտվելուց հետո:

Սույն կարգի 2.2. կետի համաձայն 1997 թվից պահուստին հատկացում պետք է կատարվի սկսած այն ամսից, երբ առկա մնացորդը դառնում է ավելի փոքր, քան տարեսկզբից մինչև տվյալ ամիս 2.2. կետի համաձայն կհատկացվեր:

 

4. ԳԱԼԻՔ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ

 

Գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների ձևավորումը և օգտագործումը հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում է հետևյալ ձևակերպումների միջոցով.

 

 

Գործառնության բովանդակությունը

ԴԵԲԵՏ

ԿՐԵԴԻՏ

1. Հատկացում է կատարվել գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստներին 20, 23, 25, 26, 43, 44 89
2. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարվել է այնպիսի ծախս, որի համար ձևավորվել է պահուստ 89 70, 69, 10, 12, 13, 23, 30, 76 և այլն
3. Տարեվերջին ճշգրտվում է պահուստը` ավելացվում է պակասեցվում է (կարմիր ստորնոյով) 20, 23, 25, 26, 43, 44
20, 23, 25, 26, 43, 44
89
89
4. Ճշգրտվում են արտադրության ծախսերը և սպառման հիմնադրամները 88 20, 23, 25, 26, 43, 44
5. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ծախսը գերազանցել է պահուստին 31 89
6. Պահուստը գերազանցած գումարը տարեվերջին դուրս է գրվում արտադրության (շրջանառության) ծախսերի հաշվին 20, 23, 25, 26, 43, 44 31
7. Տվյալ ամսում պահուստի մնացորդի հաշվին կատարվում է նախորդ ժամանակաշրջանում պահուստը գերազանցած գումարի ճշգրտում 89 31

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1` կից 1996 թ. հոկտեմբերի 2-ի N 17-5/62 կարգի

Հավելվածում բերված օրինակները պայմանական են և նպատակ ունեն բացատրելու կարգի գործողությունը` առանց նրա անքակտելի մասը հանդիսանալու:

 

Օ ր ի ն ա կ 1

Ենթադրենք ձեռնարկության արտադրական անձնակազմի աշխատողների միջին ամսական թվաքանակը կազմում է 800 մարդ:

Արտադրական անձնակազմի աշխատողների վարձատրմանն ուղղված միջոցները, ներառյալ սպառման հիմնադրամների հաշվին տրված պարգևատրումները և ժամանակավոր անաշխատունակության նպաստները, կազմում են 96 000 000 դրամ: Մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը (Ամա) կլինի 10000 դրամ:

Ամա = 96000000 : 12 x 800.

Ամա-ի և Ամտ-ի հարաբերությամբ որոշվում է արձակուրդի մեկ օրվա միջին վճարը, որը մեր օրինակում կկազմի 469,5 դրամ (10000:21,3):

Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատողների կողմից չօգտագործված արձակուրդային օրերի քանակը հավասար է 6000 մարդ-օրերի, իսկ կանխապես օգտագործված արձակուրդային օրերինը` 1000 մարդ-օր:

Մեկ աշխատողի չօգտագործած արձակուրդային օրերի թիվը որոշվում է հետևյալ կերպ. նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին աշխատանքի ընդունված աշխատողը տվյալ տարվա օգոստոսին օգտվել է իրեն հասանելիք 24 օր արձակուրդից: Այդ արձակուրդը վերաբերվում էր նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածի համար: Տվյալ տարվա սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար հասնում է ևս 8 օր, որը անցնում է հաջորդ տարի, և, որի վճարման համար ստեղծվում է պահուստ: Մեկ այլ աշխատող, որը օգտվել է տվյալ տարվա մարտից մինչև հաջորդ տարվա մարտը ընկած ժամանակահատվածի համար հասանելիք արձակուրդից, դեկտեմբերի 31-ի դրությամբ նա կանխապես օգտագործել է 6 օր: Հետևաբար հաշվարկի ժամանակ այս 6 օրը հանվում է:

Վերը բերված տվյալների հիման վրա և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դկս-ն տվյալ տարում կազմում է 37 տոկոս, կատարվում է արձակուրդների գալիք վճարման պահուստի հաջորդ տարի տեղափոխվող մնացորդի հաշվարկը:

Պտմ = 469.5 x(6000 - 1000)+469.5x(6000 - 1000)x 37 : 100 = 3216075 դրամ

ճշգրտման արդյունքը համեմատելով առկա մնացորդի հետ տրվում է հետևյալ ձևակերպումը. եթե`

1) պահուստի առկա մնացորդը մեծ է ճշգրտման հաշվարկի արդյունքից (ենթադրենք առկա մնացորդը 3366075 դրամ է) 150000 դրամ գումարի չափով ճշտացվում է (կարմիր ստորնոյի եղանակով)

 

ԴՏ 20, 23, 25, 26, 43, 44 ԿՏ 89 150000 (3366075 - 3216075)

 

2) պահուստի առկա մնացորդը փոքր է ճշգրտման արդյունքից (ենթադրենք առկա մնացորդը 3016075 դրամ է) 200000 դրամ գումարի չափով ձևակերպվում է.

 

ԴՏ 20, 23, 25, 26, 43, 44 ԿՏ 89 200000 (3216075 - 3016075)

 

Միևնույն ժամանակ Ծպ.գ. = Պգ. x ՍՊտ.կ. բանաձևով ճշգրտվում են նաև սպառման հիմնադրամը և արտադրության (շրջանառության) ծախսերը:

Ենթադրենք, 96 000 000 դրամ վարձատրմանն ուղղված միջոցների մեջ ներառված է 6 000 000 դրամ սպառման հիմնադրամի հաշվին տրված պարգևատրումների գումարը:

Սպառման հիմնադրամներից արտադրական անձնակազմի աշխատողներին տրված պարգևատրումների տեսակարար կշիռը նրանց վարձատրմանն ուղղված միջոցների ընդհանուր գումարում հավասար է 0.0625-ի, իսկ տարվա ընթացքում պահուստավորված գումարը 12 000 000 դրամ է:

 

Ծպ.գ. = 12 000 000 x 0,0625 = 750 000 դրամ

 

750 000 դրամ գումարի չափով տրվում է հետևյալ ձևակերպումը.

ԴՏ 88 ԿՏ 20, 23, 26, 43, 44

 

Օ ր ի ն ա կ`

Ենթադրենք ձեռնարկությունը, որը նախորդ տարում հիմնական միջոցների վերանորոգման համար ծախսել էր 60 000 000 դրամ, հաշվետու տարում հիմնական միջոցների վերանորոգման պահուստին ամսական հատկացնում է 5 000 000 դրամ ( 60 000 000 : 12 )` ձևակերպելով`

 

ԴՏ 20, 23, 25, 26, 43, 44 ԿՏ 89

 

Հաշվետու տարվա հունվարից մինչև ապրիլ ամիս ձեռնարկությունը կատարել է 18 000 000 դրամի վերանորոգման աշխատանքներ, իսկ մայիս ամսին` ևս 10 000 000 դրամի` ձևակերպելով

 

ԴՏ 89 ԿՏ 69, 70, 10, 12, 13, 23, 76, 89 և այլն:

 

Արդյունքում` մայիս ամսին վերանորոգման փաստացի ծախսերը գերազանցել են պահուստին 3 000 000 դրամ գումարով (( 18 000 000 + 10 000 000) - 5 x x 5 000 000): Այդ նույն գումարի չափով ձևակերպվում է.

 

ԴՏ 31 ԿՏ 89 3 000 000 դրամ

 

Ենթադրենք հունիս ամսին փաստացի վերանորոգման ծախսը կազմել է 4 000 000 դրամ: Այսինքն պահուստավորված գումարը 1 000 000 դրամով գերազանցել է փաստացի կատարված ծախսը: Քանի որ 31 «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» հոդվածում առկա է 3 000 000 դրամ մնացորդ, ապա կատարվում է ճշգրտում` ձևակերպելով.

 

ԴՏ 89 ԿՏ 31 1 000 000 դրամ:

 

Այսպիսով, հաշվետու տարվա վերջում ճշգրտվում է հիմնական միջոցների վերանորոգման պահուստի մնացորդը` ելնելով տարվա ընթացքում կատարված փաստացի ծախսերից: Ենթադրենք մեր օրինակում այն կազմել է 66 000 000 դրամ: Պահուստի տարեվերջի տեղափոխվող մնացորդը պետք է չգերազանցի 5 500 000 դրամ: Համեմատելով առկա մնացորդի հետ` տարբերության գումարի չափով, կարմիր ստորնոյի եղանակով, ձևակերպվում է.

 

ԴՏ 20, 23, 25, 26, 43, 44 ԿՏ 89

 

Օ ր ի ն ա կ 3

 

Ենթադրենք ձեռնարկությունում, որը նախորդ տարում հիմնական. միջոցների վերանորոգման համար ծախսել էր 60 000 000 դրամ, 1996 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա է հիմնական միջոցների վերանորոգման ծախսերի պահուստի մնացորդ 80 000 000 դրամ գումարի չափով:

Սույն կարգի 3.2. կետի համաձայն 80 000 000 դրամի չափով պահուստի մնացորդը տեղափոխվում է հաջորդ տարի:

Ըստ կարգի 2.2. կետի պահուստի ամենամյա հատկացման չափը կկազմեր 5000000 դրամ:

Ենթադրենք մինչև հունիս ամիսը ներառյալ կատարվել է հիմնական միջոցների վերանորոգում 50 000 000 դրամ գումարի: Պահուստի մնացորդը հունիսի վերջին օրվա դրությամբ կկազմի 30 000 000 դրամ ( 80 000 000-50 000 000): Ըստ կարգի 2.2. կետի վեց ամսվա ընթացքում հատկացման ենթակա գումարը կկազմեր 30 000 000 դրամ ( 6 x 5000000): Ուստի կազմակերպությունը հուլիս ամսից սկսած, յուրաքանչյուր ամիս պետք է պահուստին հատկացնի 5 000 000 դրամ գումար:

Տարեվերջին հիմնական միջոցների վերանորոգման ծախսերի պահուստը ճշգրտվում է կարգի 2.2.2. կետի համաձայն:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

25.10.1996 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ N 20960063

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան