ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
19. 05. 1997 թ. |
թիվ 71/116-0005 |
«ՀՀ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՀՆՊՁ-Ի «ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ «ՀՀ երկաթուղի» ՀՆՊՁ-ի «Երկաթուղու աշխատողների կարգապահության մասին» կանոնադրությունը բխում է ՀՀ տրանսպորտի նախարարության և ձեռնարկության կանոնադրություններից և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 143 հոդվածի դրույթներից
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «ՀՀ երկաթուղի» ՀՆՊՁ «Երկաթուղու աշխատողների կարգապահության մասին» կանոնադրությունը:
2. Կանոնադրությունը հրամանի հետ ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
|
Հ. Քոչինյան |
|
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երկաթուղային տրանսպորտը ՀՀ միասնական տրանսպորտային համակարգի կարևորագույն մասերից մեկն է: Նրա անխափան և կարգավորված աշխատանքից է կախված բնակչության, տնտեսության փոխադրումների պահանջի առավել լրիվ ապահովումը:
Երկաթուղային տրանսպորտի անխափան և հատուկ աշխատանքի անհրաժեշտությունը, աշխատողների և բեռների ժամանակին տեղ հասցնելը, ինչպես նաև գնացքների երթևեկության անվտանգության ապահովումը պահանջում են աշխատողների բարձր կազմակերպվածություն, երկաթուղային տրանսպորտի ձեռնարկությունների և ծառայությունների միջև փոխգործակցության օպերատիվություն և կարգավորվածություն:
Կարգապահության խախտումը երկաթուղային տրանսպորտում սպառնալիք է ստեղծում գնացքների երթևեկության և տեղաշարժային աշխատանքների անվտանգության, մարդկանց կյանքի և առողջության, պայմանագրային պարտականությունների կատարման սեփականության ապահովման ՀՀ պաշտպանունակության համար:
2. Սույն կանոնադրությունը բխում է ՀՀ տրանսպորտի նախարարության ու ՀՀ երկաթուղի ՀՆՊՁ-ն կանոնադրություններից. տարածվում է երկաթուղային տրանսպորտի տեխնոլոգիական համակարգի ձեռնարկությունների բոլոր աշխատողների վրա,
Բացառությամբ`
_______ կենցաղային, սպասարկման աշխատողների:
3. Կարգապահությունը երկաթուղային տրանսպորտում սահմանված կարգի և կանոնների խստորեն կատարումն է բոլոր աշխատողների կողմից:
4. Կարգապահությունը ապահովում է բարոյահոգեբանական սկզբունքներով և աշխատողների գործնական որակներով:
5. Երկաթուղային տրանսպորտի աշխատողը պարտավոր է`
ա) տիրապետել իր մասնագիտությանը և իրեն հանձնարարված գործը, իր վրա դրված պարտականությունները կատարել ժամանակին, մշտապես կատարելագործել մասնագիտական և գործնական ունակությունները.
բ) ապահովել գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքների անվտանգությունը.
գ) անշեղ իրագործել գնացքների չվացուցակը, ժամանակին տեղ հասցնել բեռներն ու ուղևորներին, կրճատել շարժակազմի պարապուրդը.
դ) հոգատարություն ցուցաբերել ուղևորների նկատմամբ, ապահովել սպասարկման բարձր կուլտուրա.
ե) պահպանել երկաթուղային տրանսպորտի տեխնիկական միջոցները, սարքավորումները, նյութերը և սեփականության այլ օբյեկտները, ապահովել փոխադրվող բեռների և ուղեբեռների պահպանությունը, միջոցներ ձեռնարկել կանխելու և խափանելու գողության դեպքերը.
զ) պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը.
է) անշեղորեն կիրառել երկաթուղային տրանսպորտի ոլորտում գործող օրենսդրության պահանջները:
6. Ղեկավարը պարտավոր է`
ա) ճիշտ կազմակերպել ենթակաների աշխատանքը, տալ հստակ հրամաններ և հրահանգներ և ստուգել դրանց ժամանակին և ճիշտ կատարումը` հատուկ ուշադրություն դարձնելով գնացքների երթևեկության անվտանգության կազմակերպման հարցերին.
բ) բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու որակը.
գ) խստորեն կատարել տրանսպորտի օրենսդրության պահանջների կատարումը.
դ) ապահովել առողջ աշխատանքային փոխհարաբերությունների մթնոլորտ, խրախուսել աշխատողների նախաձեռնական ակտիվությունը.
ե) ապահովել ենթակաների կողմից սեփականության պահպանումը, նյութական միջոցների արդյունավետ օգտագործումը, պահպանել փոխադրվող բեռներն ու ուղեբեռները.
զ) ամենօրյա ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահությանը.
է) ցույց տալ ծառայական վարքի պարտաճանաչ կատարման օրինակ:
Ղեկավարը պետք է բացահայտի կարգապահության խախտման պատճառներն ու պայմանները, կանխելու համար աշխատակիցների զանցանքները:
7. Աշխատակիցը աշխատանքային հանձնարարությունը որպես կանոն, ստանում է իր անմիջական ղեկավարից: Վերադաս ղեկավարից ստացած ցուցումը աշխատողը պարտավոր է կատարել` այդ մասին տեղյակ պահելով անմիջական ղեկավարին:
8. Երկաթուղային կայարանի պետը իրավունք ունի կայարանի աշխատանքի կազմակերպման հարցերով հրահանգներ և կարգադրություններ տալ կայարանի տարածքում գործող այլ ծառայությունների աշխատողներին:
9. Գնացքների երթևեկության, ուղևորների սպասարկման և բեռների փոխադրումների հետ առնչություն ունեցող աշխատողները և ղեկավարները ծառայական պարտականությունների կատարման ժամանակ պետք է լինեն պաշտոնական հագուստով, եթե նրանց համար չի նախատեսված հատուկ արտադրական հագուստ:
10. Այն աշխատողները, որոնց վրա տարածվում է սույն Կանոնադրությունը, պարտավոր են իմանալ և հստակորեն կատարել նրա պահանջները:
II. ԽՐԱԽՈՒՍՈՒՄ
11. Երթուղային տրանսպորտի աշխատողները, խրախուսվում են աշխատանքային պարտականությունների օրինակելի կատարման, աշխատանքի արտադրողականության և արտադրության արդյունավետության բարձրացման, աշխատանքի որակի բարելավման, նախաձեռնողականության ցուցաբերման, երկարատև անբասիր աշխատանքի, արտակարգ իրավիճակներում արիության դրսևորման համար:
12. Աշխատանքի նկատմամբ կիրառվում են հետևյալ խրախուսման միջոցները`
ա) շնորհակալություն հայտնել,
բ) պարգևավճարի հանձնում,
գ) պարգևատրում արժեքավոր նվերով,
դ) պարգևատրում պատվոգրով
ե) գրանցում Պատվոգրքում կամ Պատվո տախտակին,
զ) տվյալ մասնագիտությամբ լավագույն աշխատողի կոչումի շնորհում,
է) «Պատվավոր երկաթուղային» կրծքանշանով պարգևատրում:
13. Աշխատանքային մեծագույն նվաճումների, անձնազոհության և արիության դրսևորման համար աշխատողները կարող են ներկայացվել ՀՀ պետական պարգևների:
14. Խրախուսանքները գործադրվում են հետևյալ կարգով.
ա) շնորհակալության հայտնելու իրավունք ունեն բոլոր ղեկավարները.
բ) պարգևներ տալու և արժեքավոր նվերով պարգևատրման իրավունք ունի այն ղեկավարը, ով իրավունք ունի աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու.
գ) Պատվոգրով պարգևատրելու և Պատվոգրքի մեջ գրանցելու իրավունք ունի այն ղեկավարը, ով օժտված է ընդունելու և աշխատանքից ազատելու իրավունքով.
դ) տվյալ մասնագիտությամբ լավագույն աշխատողի կոչում և այլ կոչումները շնորհվում են սահմանված կարգով.
ե) «Պատվավոր երկաթուղային» կրծքանշանով պարգևատրում է տրանսպորտի նախարարը:
Խրախուսանքը, բացի շնորհակալություն հայտնելուց, հրապարակվում է հրամանով և աշխատանքային գրքույկում կատարվում է նշում:
15. Համապատասխան ղեկավարների բացակայության դեպքում խրախուսելու իրավունք ունի նրան փոխարինող պաշտոնատար անձը:
16. Վերադաս ղեկավարը կարող է գործադրել խրախուսելու իրավունք, որը պատկանում է ստորադաս ղեկավարին:
17. Եթե աշխատողին անհրաժեշտ է խրախուսել, որը դուրս է ղեկավարի իրավասությունից, ապա նա այդ մասին միջնորդում է վերադաս ղեկավարին:
III. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ
18. Երկաթուղային տրանսպորտի աշխատողների կողմից աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ կարգապահության, ինչպես նաև ծառայության վայրում և երկաթուղային տրանսպորտի ձեռնարկության տարածքում, այդ թվում նաև ուղևորատար գնացքներում վարքի սահմանված կանոնների խախտումը համարվում է կարգապահական զանցանք, եթե այդ խախտումները այլ (քրեական կամ վարչական) պատասխանատվություն չեն ենթադրում:
19. Կարգապահական զանցանք թույլ տալու դեպքում աշխատողների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժեր.
ա) դիտողություն.
բ) նկատողություն.
գ) խիստ նկատողություն.
դ) նախազգուշացում` ծառայական անհամապատասխանության մասին.
ե) փոխադրում ցածր որակի և ցածր վարձատրվող աշխատանքի` մինչև երեք ամիս ժամանակով, կամ պաշտոնի իջեցում` նույն ժամանակով: Աշխատանքային կարգապահության սիստեմատիկաբար խախտումների, հարբած վիճակում աշխատանքի ներկայանալու պատճառով աշխատողի նկատմամբ կարող են կիրառվել «ե» կետի պահանջները.
զ) մեքենավարին` լոկոմոտիվ վարելու իրավունքից զրկում` փոխադրելով մեքենավարի օգնականի, փականագործի, հնոցապանի աշխատանքի` մեկ տարի ժամանակով, ինչպես նաև չհանվող տիպի շարժիչառելսային տեսակի տրանսպորտ վարելու իրավունքից և մեքենավարի օգնականի վկայականից զրկում և փոխադրում գնացքների երթևեկության հետ չկապված աշխատանքի` մեկ տարի ժամանակով.
է) փոխադրում այլ աշխատանքի, որը կապված չէ գնացքների երթևեկության, էսկալատորների աշխատանքի, ուղևորների սպասարկման կամ բեռների և ուղեբեռների փոխադրման անվտանգության հետ` մեկ տարի ժամանակով` հաշվի առնելով մասնագիտությունը.
ը) զբաղեցրած պաշտոնից ազատում և այլ աշխատանքի փոխադրում, որը կապված չէ երկաթուղու, երկաթուղային տրանսպորտի ձեռնարկությունների աշխատանքի կամ երթևեկության անվտանգության հետ կապված այլ աշխատանքների և բեռների փոխադրման անվտանգության հետ` հաշվի առնելով մասնագիտությունը.
թ) աշխատանքային պայմանագրի դադարեցում:
Ամեն մի կարգապահական զանցանքի համար կարող է կիրառվել միայն մեկ կարգապահական տույժ:
20. Ղեկավարը պարտավոր է չանտեսել ոչ մի կարգապահական զանցանք: Կարգապահական տույժի կիրառման աննպատակահարմարության դեպքում ղեկավարը պետք է զգուշացնի աշխատողին կարգապահությունը խստորեն պահպանելու մասին:
21. Աշխատողին ցածր վարձատրվող աշխատանքի փոխադրելը երեք ամիս ժամանակով կամ ցածր պաշտոնի փոխադրելը նույն ժամանակով կատարվում է` հաշվի առնելով մասնագիտությունը, իսկ հաճախակի գործալքման, հարբած վիճակում աշխատանքի ներկայանալու դեպքում` առանց հաշվի առնելու մասնագիտությունը:
Չի թույլատրվում աշխատողին որպես կարգապահական տույժ փոխադրել այնպիսի աշխատանքի, որը հակացուցված է նրա առողջական վիճակին` համաձայն բժշկական եզրակացության:
22. Լոկոմոտիվ վարելու իրավունքից, չհանվող տիպի շարժիչառելսային տրանսպորտը վարելու իրավունքը հաստատող վկայականից, մեքենավարի օգնականի վկայականից զրկում է կատարվում վթարների, խախտումների, արգելող ազդանշանով ուղանցումի, ինչպես նաև հարբած վիճակում աշխատանքի ներկայանալու դեպքում:
23. Կարգապահական տույժերը, որոնք նախատեսված են 19 կետի «է» և «ը» ենթակետերում, կարող են կիրառվել համապատասխան աշխատողների նկատմամբ եզակի կոպիտ խախտման դեպքում, եթե դրանով վտանգ է սպառնացել երթևեկության անվտանգությանը, մարդկանց առողջությանը և կյանքին, հարբած վիճակում աշխատանքի ներկայանալու, փոխադրումների և ուղևորների համար սահմանված բեռների և օբյեկտների պահպանության կանոնների կոպիտ խախտումների դեպքում:
24. Աշխատանքային պայմանագրի դադարեցումը որպես կարգապահական տույժ կարող է կիրառվել աշխատողների նկատմամբ.
_____ իրենց պարտականությունները առանց հարգելի պատճառի սիստեմատիկաբար չկատարելու դեպքում, եթե նրանց նկատմամբ նախկինում կիրառվել են կարգապահական և հասարակական ներգործության միջոցներ.
_____ առանց հարգելի պատճառի գործալքության դեպքում (այդ թվում` աշխատանքային օրվա ընթացքում 3 ժամից ավելի բացակայություն).
_____ հարբած վիճակում աշխատանքի ներկայանալու դեպքում:
Գնացքների երթևեկության, էսկալատորների աշխատանքի, ուղևորների սպասարկման և բեռների ու օբյեկտների պահպանության ապահովման հետ անմիջականորեն կապված աշխատողների նկատմամբ, որպես կարգապահական տույժ, աշխատանքային պայմանագրի դադարեցումը կարող է կիրառվել նաև կարգապահությունը մեկ անգամ կոպիտ խախտելու դեպքում, որը վտանգ էր սպառնում երթևեկության անվտանգությանը, մարդկանց կյանքին և առողջությանը, և այն կանոնների կոպիտ խախտման դեպքում, որոնք սահմանված են փոխադրումների, ուղևորների սպասարկման և բեռների ու օբյեկտների պահպանությունը ապահովելու համար:
Աշխատողի ազատումը կատարվում է արհկոմի հետ համաձայնեցնելով, բացառությամբ այն դեպքերը, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև կարգապահության կոպիտ խախտման դեպքում, որը վտանգ է սպառնում երթևեկության անվտանգությանը, մարդկանց կյանքին և առողջությանը: Երթևեկության անվտանգությանը, մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող կարգապահության կոպիտ խախտումների ցանկը և այն աշխատողների խմբերի կազմը, որոնք կարող են ազատվել առանց արհկոմի հետ համաձայնության, հաստատվում են տրանսպորտի նախարարության կողմից` համաձայնեցնելով արհմիության հանրապետական կոմիտեի հետ:
25. Աշխատողը չի կարող կարգապահական տույժի ենթարկվել ծառայողական անհամապատասխանության մասին նախազգուշացման ձևով, եթե հայտնաբերված անհամապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին պատճառաբանվում է առողջական անբավարար վիճակով, որը խանգարում է նրան` կատարելու տվյալ աշխատանքը:
26. Կարգապահական տույժերը, զգուշացման, նկատողության, խիստ նկատողության, ցածր վարձատրվող աշխատանքի փոխադրման 3 ամիս ժամանակով, առանց հարգելի պատճառի պարտականությունները հաճախակի չկատարելու, ինչպես նաև առանց հարգելի պատճառի գործալքության, հարբած վիճակում աշխատանքի ներկայանալու և այն կանոնները մեկ անգամ կոպիտ խախտելու, որոնք սահմանված են ուղևորների փոխադրման և սպասարկման, բեռների և օբյեկտների պահպանության ապահովման համար, ազատման ձևով կարող է դնել այն ղեկավարը, որը տվյալ աշխատողին ընդունել է աշխատանքի: Կարգապահական տույժերը, որոնք նախատեսված են 19 կետի «է», «ը», և «թ» ենթակետերում, կարող են դնել երկաթուղու, մետրոպոլիտենի տնօրենները: Երկաթուղու, մետրոպոլիտենի տնօրենի տեղակալները կարող են կարգապահական տույժեր դնել զգուշացման, նկատողության, խիստ նկատողության ձևով:
Ենթակային բանավոր զգուշացում կարող է անել յուրաքանչյուր ղեկավար:
Պաշտոնատար անձանց թվացանկը, որոնք իրավունք ունեն կարգապահական տույժի ենթարկել պահպանության անձնակազմին, սահմանվում է տրանսպորտի նախարարության կողմից:
27. Յուրաքանչյուր վերադաս ղեկավար կարող է իրականացնել այն կարգապահական իրավունքները, որոնք իրականացնելու իրավասություն ունի ստորադաս ղեկավարը:
28. Տրանսպորտի նախարարն իրականացնում է այն կարգապահական իրավունքները, որոնք նախատեսված են գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
29. Համապատասխան ղեկավարների բացակայության դեպքում կարգապահական տույժի է ենթարկում նրան փոխարինող պաշտոնատար անձը:
30. Այն աշխատողներին, որոնց գործած զանցանքը, որը սպառնում է գնացքների երթևեկության անվտանգությանը, մարդկանց կյանքին և առողջությանը, կարող է անհրաժեշտության դեպքում աշխատանքից հեռացնել այն պաշտոնատար անձը, որը իրականացնում է այդ տեղամասում տնօրինման կամ հսկողական-հրահանգչական ֆունկցիա` անմիջապես այդ մասին հայտնելով համապատասխան ղեկավարին: Հաղորդման մեջ պետք է մանրամասնորեն շարադրվեն այն պատճառներն ու պայմանները, որոնք հանդիսացել են աշխատանքից հեռացնելու աշխատողին: Առանց բավարար հիմքերի աշխատանքից հեռացնելը ենթադրում է մեղավոր պաշտոնատար անձի պատասխանատվություն:
31. Ղեկավարը պարտավոր է անձամբ, կարգապահական տույժի ենթարկելուց առաջ բազմակողմանի և անաչառորեն պարզել թույլ տրված խախտումների պատճառներն ու շարժառիթները` նախապես գրավոր բացատրություն պահանջելով խախտում թույլ տված աշխատողից:
Կարգապահական այնպիսի տույժերի ենթարկելու անհրաժեշտության դեպքում, որոնք նախատեսված են 19 կետի «ե», «զ», «է», «ը», «թ» ենթակետերում, բացատրությունը ներկայացվում է գրավոր ձևով: Բացատրություն տալուց հրաժարվելը մեղավոր աշխատողին չի ազատում կարգապահական պատասխանատվությունից:
32. Կարգապահական տույժը պետք է համապատասխանի աշխատողի մեղքի աստիճանին և կատարված զանցանքի ծանրությանը:
Կարգապահական տույժի տեսակը որոշելու համար ղեկավարը պետք է հաշվի առնի տվյալ զանցանքի բնույթը, նրա հասցրած վնասը, կատարման պայմանները, ինչպես նաև զանցանք կատարող աշխատողի նախորդ ծառայությունը:
33. Կարգապահական տույժի ենթարկելու ժամանակ ղեկավարը պարտավոր է պահպանել ծառայողական վարվեցողության կանոնները և թույլ չտալ ենթակայի անձնական արժանապատվության նվաստացում:
34. Կարգապահական տույժի կիրառումը չի ազատում աշխատողին նյութական և վարչական պատասխանատվությունից, որը նախատեսված է գործող օրենսդրությամբ:
35. Եթե տվյալ ղեկավարը իրավասու չէ կիրառելու համապատասխան կարգապահական տույժեր, ապա նա այդ մասին միջնորդում է վերադաս ղեկավարին: Այն դեպքում, երբ գործած իրավախախտման համար օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվություն, ղեկավարը պարտավոր է նյութերն ուղարկել նախաքննության կամ հետաքննության մարմիններին:
36. Վերադաս ղեկավարն իրավունք ունի փոխել, թեթևացնել կամ խստացնել կարգապահական տույժեր, եթե բավարար հիմքեր հայտնաբերի դրա համար, թույլ չի տրվում խստացնել կարգապահական տույժեր, եթե հարցը քննարկվում է մեղավորի գանգատի հիման վրա:
37. Աշխատողը կարող է կարգապահական տույժի ենթարկվել զանցանքը հայտնաբերելու օրից ոչ ուշ` մեկ ամսվա ընթացքում, չհաշված այն ժամանակը, երբ աշխատողը հիվանդ է, գտնվում է արձակուրդում, կամ գործուղման մեջ:
Նյութերը նախաքննության կամ հետաքննության մարմիններին փոխանցելու դեպքում աշխատողը կարգապահական տույժի կարող է ենթարկվել ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացում` քրեական գործի հարուցում մերժելու կամ կարճման օրից սկսած:
Կարգապահական տույժ չի կարող տրվել վեց ամսից ուշ, իսկ ֆինանսատնտեսական ստուգման արդյունքով` երկու տարուց ուշ` զանցանքը կատարելու օրից սկսած: Այդ ժամկետի մեջ չի մտնում քրեական կարգով գործի վարույթի ժամանակը:
38. Կարգապահական տույժը, բացի դիտողությունից, հայտարարվում է հրամանում, որը անհրաժեշտության դեպքում կարդացվում է աշխատողին ժողովներում, կախվում է հայտարարությունների տախտակին, հրապարակվում է:
39. Բոլոր կարգապահական տույժերը հայտարարվում են աշխատողին ստորագրությամբ: Աշխատողը կարող է կարգապահական տույժի ենթարկվելու մասին հրամանին ծանոթանալուց հետո երեք ամսվա ընթացքում գանգատարկել տույժը:
Գանգատարկումը չի կասեցնում կարգապահական տույժի ենթարկվելու մասին հրամանի կատարումը:
40. Եթե աշխատողը կարգապահական տույժի ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, համարվում է կարգապահական տույժի չենթարկված, սակայն դա չի ենթադրում, որ պաշտոնում պետք է վերականգնվեն այն աշխատողները, որոնք ազատվել են 19 կետի «ը» և «թ» ենթակետի համաձայն:
Եթե աշխատողը աշխատանքի նկատմամբ պարտաճանաչություն է ցուցաբերել և թույլ չի տվել աշխատանքային կարգապահության նոր խախտում, ապա նրա վրա դրված կարգապահական տույժը կարող է հանվել ժամանակից շուտ:
Գնացքների երթևեկության հետ կապված աշխատողներին աշխատանքի վերականգնելուց առաջ պետք է սահմանեն փորձաշրջան: Այն դեպքում, երբ աշխատողը չի կարողանում հանձնել փորձաշրջանը, իր համաձայնությամբ փոխադրվում է այլ աշխատանքի` հաշվի առնելով իր որակավորումը, իսկ հրաժարվելու դեպքում կարող է ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
41. Աշխատողի անօրինական կամ ոչ ճիշտ տույժի ենթարկվելու դեմ գանգատը քննարկում է վերադաս ղեկավարը:
42. Վերադաս ղեկավարը պարտավոր է քննարկել գանգատը և որոշում կայացնել անհապաղ, բայց ոչ ուշ, քան 15 օրում, իսկ լրացուցիչ ստուգման անհրաժեշտության դեպքում` ոչ ուշ քան մեկ ամսում, բողոքը ստանալու օրից սկսած: Գանգատի արդյունքների մասին վերադաս ղեկավարը պետք է հայտնի շահագրգիռ աշխատողին և ղեկավարին:
43. Մշտական հսկողությունը կարգապահության վիճակի և սույն Կանոնադրության պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է յուրաքանչյուր վերադաս ղեկավար:
44. Այն ղեկավարը, որը չի կիրառել իրեն վերաբերող կարգապահական իրավունքը կամ վերազանցել է այն, պատասխանատվություն է կրում սահմանված կարգով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ նԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
24 սեպտեմբերի 1997 թ.
պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 18970051
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|