Գլխավոր տեղեկություն
Համար
N 161-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.02.01/3(180) Հոդ.32
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
28.12.2004
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11505013

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

28 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 161-Ն

                             

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի և ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. հունիսի 25-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» թիվ 975-Ն որոշման 2-րդ կետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը» (համաձայն հավելվածի)։

2. Կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգ»-ի կատարումը։

3. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգ»-ի կատարման հսկողությունը դնել նախարարության աշխատակազմի ղեկավար Ձ. Մարգարյանի վրա։


       
  Ա. Վարդանյան


 

Հավելված 
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2004 թ. դեկտեմբերի 28-ի
թիվ 161-Ն հրամանի


Կ Ա Ր Գ

 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ նախարարություն) աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը (այսուհետ կարգ):

2. Կարգով սահմանված կանոնները պարտադիր են նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների (այսուհետ` ստորաբաժանում) աշխատողների համար: Նախարարությունում գրանցված և առանձնացված ստորաբաժանումներ ուղարկված դիմումների ու բողոքների վերաբերյալ վարչական վարույթի գործերի վարման դեպքում կարգով սահմանված կանոնները պարտադիր են նաև առանձնացված ստորաբաժանումների աշխատողների համար:

3. Նախարարության աշխատակազմում սույն կարգով սահմանված վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

4. Նախարարության աշխատակազմում կարգի կազմակերպման և վարման համար պատասխանատու է համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

5. Սույն կարգը չի տարածվում այն դիմումների վրա, որոնք համապատասխան ոլորտներում կարգավորվում են առանձին (հատուկ) օրենքներով կամ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:

6. Սույն կարգով վարչական վարույթի գործեր են հարուցվում այն դիմումների նկատմամբ, որոնցում արծարծված են հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորմանն ուղղված հարցեր (տուն-ինտերնատներում և մանկատներում քաղաքացիների տեղավորում, ընտանեկան նպաստի համակարգում քաղաքացիների ընդգրկում, առանձնացված ստորաբաժանումների կողմից ընդունված վարչական ակտերի բողոքարկում): Վարչական վարույթի գործեր են հարուցվում նաև նմանատիպ այլ դիմումների նկատմամբ:

7. Վարչական վարույթին առնչվող` սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ օրենք):

II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

8. Նախարարության աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ` գործեր) կազմվում և վարվում են նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից` անձանց դիմումի հիման վրա կամ նախարարության նախաձեռնությամբ, օրենքի 30-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթ հարուցվելու պահից:

9. Եթե նախարարությունը օրենքի 33-րդ հոդվածի համաձայն դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումի և նրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին` նախարարության աշխատակազմի քարտուղարությունում սահմանված կարգով:

Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ հիմքով (սխալ վերահասցեագրման կամ վերադարձման, կամ այլ պատճառով) ենթակա է նախարարության կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու պահից ևս կազմվում է գործ` սույն կարգին համապատասխան:

10. Նախարարությունը գործերը կազմում և վարում է առանձին-առանձին` հետևյալ խմբերով`

ա) անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.

բ) նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր:

Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումներ, միջնորդություններ և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով վարչական մարմին կամ նրա վերադաս վարչական մարմին բերված բողոքը, դատարան ներկայացված հայցը և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում` նաև դրան առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը:

Եթե վարչական վարույթի գործով բողոք է բերվել նախարարություն, ապա բողոքի վերաբերյալ նախարարության ընդունած վարչական ակտի, իսկ դրա դեմ դատարան հայց ներկայացնելու, այնուհետև դատարան բողոք բերելու դեպքերում համապատասխան դատական ակտի (ակտերի) պատճենները, որոնք առկա են նախարարությունում, վերջինս պատշաճ ձևով ուղարկում է այն վարչական մարմին, որի հարուցած վարույթով ընդունվել կամ կայացվել են հետագա վարչական կամ դատական ակտերը:

Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դրանց պատճենները: Իրեղեն ապացույցները գործին են կցվում որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակով` կնքված նախարարության աշխատակազմի կնիքով:

11. Վարչական վարույթի վերաբերյալ գործի համարը իր մեջ ներառում է` դիմումի մուտքագրման համարը, կատարող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման պայմանանիշը, վարչական վարույթի հաշվառման համարը, վարչական ակտի համարը (օրինակ` 5462/12-16/57):

12. Ակտերը կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Եթե ակտը բողոքարկվել է վարչական կարգով նախարարություն կամ որևէ վերադաս մարմին, ապա նախարարության աշխատակազմի քարտուղարությունում հանվում են նախորդ ակտին առնչվող բոլոր փաստաթղթերի պատճենները բողոքարկվող դիմումի հետ միասին, դրանց վերին աջ անկյունում նշվում է «Բողոքարկվել է», և հանձնվում է համապատասխան ստորաբաժանում: Բողոքարկման վարույթի ավարտից հետո հիմնական գործը և դրա կրկնօրինակն ամբողջությամբ հետ է վերադարձվում քարտուղարություն` ի պահ:

13. Եթե դիմումում արծարծված են տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, ապա վարչական վարույթը հարուցվում է համապատասխան ստորաբաժանումներում միաժամանակ, սակայն վարչական ակտն ընդունում է առաջին հասցեատերը` հիմնվելով մյուս ստորաբաժանումների կողմից ներկայացված տեղեկանքների վրա:

14. Ավարտված գործերը կարվում են և կնքվում նախարարության աշխատակազմի քարտուղարության կնիքով:

Կարված մասում պետք է լինի գործերի վարման համար պատասխանատու անձի ստորագրությունը, և պետք է նշվեն տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

15. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի ավարտից հետո գործերը հանձնվում են նախարարության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժին:

16. Գործերը պահպանվում են առանձին` ըստ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների:

17. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

18. Նախարարության աշխատակազմում կազմվում և վարվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան:

Նախարարության աշխատակազմը վարում է առանձին գրանցամատյաններ` ըստ վարույթներն իրականացնող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների:

19. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանը (գրանցամատյանները) կազմվում և լրացվում է յուրաքանչյուր տարվա համար` առանձին:

20. Գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում է նախարարության լրիվ անվանումը, համապատասխան գրանցամատյամը կազմող և լրացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լրիվ անվանումը, տարեթիվը, խմբի պայմանանիշը, որի ընթացքում հարուցված գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում, գործերի ընդհանուր թիվը:

Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «րանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»:

21. Գրանցամատյանը կազմվում և դրա մեջ տեղեկությունները գրանցվում են համաձայն N 1 ձևի:

Դիմումի հիման վրա և նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործերը հաշվառվում են առանձին` հետևյալ կարգով`

գործերի հաշվառման համար սահմանել 3 աղյուսակ` հետևյալ սխեմայով`

ա) N 1 աղյուսակում նշել նախարարությունում ստացված դիմումի հիման վրա կամ նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները.

բ) N 2 աղյուսակում նշել տվյալ գործով բերված բողոքը նախարարությունում կամ նրա վերադաս վարչական մարմնում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.

գ) N 3 աղյուսակում նշել տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված բողոքի քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները:

22. N 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները`

ա) հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է ընդգրկի տվյալ գործի շապիկի (կազմի) վրա նշված համարում.

բ) նախարարությունում անձի դիմումն ստանալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և մուտքի համարը:

Եթե վարչական վարույթը հարուցվել է նախարարության նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը.

գ) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):

Եթե վարչական վարույթը հարուցվել է նախարարության նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ նախարարությունը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.

դ) դիմումի հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե նախարարության նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել, ապա` դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.

ե) դիմումի քննարկման կամ նախարարության նախաձեռնության արդյունքում ընդունված վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ) վարչական ակտի մասին դիմողին (դրա հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

23. N 2 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել, և այն, օրենքին համապատասխան, քննարկվել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել:

24. N 2 աղյուսակում պետք է լինի N 1 աղյուսակի շարունակությունը և բովանդակի հետևյալ տեղեկությունները`

ա) բողոք բերելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, բողոքի մուտքի համարը.

բ) բողոք բերողի անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը).

գ) բողոքի համառոտ շարադրանքը.

դ) բողոքը քննարկած և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունած վարչական մարմնի անվանումը.

ե) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի համարը, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

Եթե բողոքը քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը, ապա NN 1 և 2 աղյուսակները պետք է լրացնեն այդ վարչական մարմինները:

25. N 3 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով հայց, իսկ հետագայում նաև բողոք է ներկայացվել դատարան: Այն պետք է կազմի N 2 աղյուսակի շարունակությունը, իսկ եթե բողոքը վարչական կարգով չի բերվել, ապա` N 1 աղյուսակի շարունակությունը: Ընդ որում, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում: Այդ պատճառով նպատակահարմար է N 3 աղյուսակը բաժանել երեք հավասար մասի` յուրաքանչյուրում նշելով`

ա) տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.

բ) հայցը ներկայացնողի կամ բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը.

գ) հայցի կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ ակտի համառոտ շարադրանքը:

Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման դատական վարույթ է հարուցվում, ապա N 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով, և կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում` դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները:

26. Հաշվառվող յուրաքանչյուր գործի մասին ամբողջական ու ամփոփ տեղեկատվություն ունենալու և դրանցից օգտվելը հեշտացնելու նպատակով` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների յուրաքանչյուր էջ պարունակում է NN 1, 2 և 3 աղյուսակները, այդ էջերից ամեն մեկում գրանցվում են գործի վերաբերյալ տեղեկությունները` N 1 աղյուսակը` պարտադիր, բողոքի դեպքում` նաև N 2 աղյուսակը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքում` նաև N 3 աղյուսակը լրացնելով:

Գանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջացվում:

Եթե դատարան ներկայացված հայցը կամ դատարան բերված բողոքին վերաբերող գործը մինչև այդ վարչական կարգով բողոքարկված է եղել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել վարչական ակտն ընդունած մարմնի վերադաս վարչական մարմնի կողմից, ապա NN 1, 2, 3 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու վարչական մարմինները:

27. Գրծերի հաշվառման գրանցամատյանները տեղեկություններ են պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին, որի վերջին էջի վրա ստորաբաժանման պատասխանատու պաշտոնատար անձը նշում է «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

Գանցամատյանը կարվում է և կնքվում նախարարության աշխատակազմի կնիքով:

28. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:

IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

29. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները և դրանց տարածքային մարմինները վարում են վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի առանձին հաշվառման գրանցամատյաններ (այսուհետ ակտերի հաշվառման գրանցամատյան) ակտերի հաշվառման գրանցամատյանների կազմման օրինակելի սխեման ներկայացվում է N 2 ձևում):

30. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում է նախարարության լրիվ անվանումը, վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող ստորաբաժանման անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում, և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը:

Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»:

31. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են նախարարության կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում` եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը:

Հաշվառման ենթակա են նախարարության ընդունած հետևյալ վարչական ակտերը`

ա) անձի դիմումի հիման վրա կամ նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը, այդ թվում օրենքի 50-րդ հոդվածի համաձայն վարույթը կարճելու մասին ակտը, ինչպես նաև օրենքի 13-րդ գլխի դրույթներին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ նախարարության ընդունած ակտը.

բ) վարչական ակտի բողոքարկման հիման վրա` օրենքի 73-րդ հոդվածի համաձայն դրա վերաբերյալ նախարարության ընդունած վարչական ակտը, եթե օրենքի համաձայն տվյալ բողոքի հիման վրա վարույթն այդ մարմինն է իրականացրել` ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.

գ) օրենքի 76-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքերում` վերադաս վարչական մարմնի հանձնարարության հիման վրա, իսկ օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում` դատական ակտի հիման վրա նախարարության ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն վերադաս վարչական մարմնի կամ դատարանի կողմից վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա նախարարության ընդունած նոր վարչական ակտերը.

դ) վարչական ակտի կատարման ապահովման նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը.

ե) օրենքի 85-րդ հորդվածի համաձայն նախարարության իրավասության սահմաններում հարկադրանքի միջոց նշանակելու մասին ակտը:

Նախարարությունը հաշվառում է նաև վարչական վարույթին առնչվող մյուս փաստաթղթերը (օրինակ, վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն):

32. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը (բողոքը) կամ նախարարության նախաձեռնությունը.

բ) հաշվառվող ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրություն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.

գ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):

Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի (օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն), ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.

դ) վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) շարադրանքը.

ե) վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

զ) վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ վարչական ակտն ընդունվել է օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ` այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

է) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թվի մասին:

33. Ելնելով անհրաժեշտությունից` նախարարությունը կարող է ակտերի հաշվառման գրանցամատյանում ներառել այդ ակտերին վերաբերող նաև այլ տեղեկություններ:

34. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է:

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

35. Նախարարության աշխատակազմի քարտուղարությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` ուսումնասիրում է վաչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը:

36. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսը հանձնվում և պահպանվում են քարտուղարությունում` ՀՀ արդարադատության նախարարության կողմից 11.10.04 թվականին թիվ 11504266 պետական գրանցում ստացած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 30.09.04 թվականի թիվ 117-Ն/1 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործավարության կարգ»-ին և «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքին համապատասխան:


 

Ձև 1

 

Էջ 1,  2


 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

Ձև 2

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի   Ս Խ Ե Մ Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ