Գլխավոր տեղեկություն
Համար
N 418
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2002-25.04.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.06.10/7(13) Հոդ.47
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2001
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2009

118.0418.26.11.01

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մարտի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11802043

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

26 նոյեմբերի 2001 թ.
ք. Երևան

N 418

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով`

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

Նախարար՝

Վ. Խաչատրյան

 

 

Հավելված

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2001 թ.
նոյեմբերի 26-ի N 418 հրամանով

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2001 թվականի նոյեմբերի 16-ի N 394 հրամանով:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները

 

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման գործընթացին նպաստելն է:

4. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա)աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա (այսուհետև` լիցենզիա) տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն է տալիս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին.

բ) առաջարկություններ է ներկայացնում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման գծով օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:

 

III. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը

 

5. Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետև` հրավիրված անձ):

8. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:

Հանձնաժողովն իր հերթական նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում մամուլում` նիստի օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ:

9. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:

10. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով, և եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:

11. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:

12. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:

Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար և այլ անձինք:

13. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում՝ դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

14. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:

15. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին:

16. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է՝

ա) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և տեղը.

բ) հանձնաժողովի տեսակը և կազմը.

գ) քննարկվող հարցի բովանդակությունը.

դ) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.

ե) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.

զ) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները.

է) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.

ը) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:

Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:

17.Հանձնաժողովի նախագահը՝

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ.

գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և հանձնաժողովի գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

դ) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

18. Հանձնաժողովի քարտուղարը՝

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

գ) կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.

դ) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորմանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.

ե) կազմում է հանձնաժողովի որոշումները և կազմակերպում դրանց տարածումը.

զ) վերլուծում է աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորմանը վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:

19. Հանձնաժողովի անդամները՝

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.

բ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

 

IV. Հանձնաժողովի գործունեության դադարումը

 

20. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.03.2009, N 265-Ն 25.04.2009, N 418
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան