«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
12 հուլիսի 2005 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11205254
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
28 հունիսի 2005 թ. |
N 6-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼԻՍ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԻՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների` տրանսպորտից օգտվելու կարգը հաստատելու մասին» թիվ 886-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամներին արձակուրդի վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս տրանսպորտային ծախսերի փոխհատուցման վճարման կարգը»` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ոստիկանության |
Հ. Հարությունյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼԻՍ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԻՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայողների, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամների արձակուրդի վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը և պայմանները:
2. Ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների տրանսպորտային սպասարկման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` ոստիկանությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին, իսկ պայմանագրային հիմունքներով ծառայություններ իրականացնող ստորաբաժանումները` սեփական միջոցների հաշվին:
3. ՀՀ ոստիկանության ծառայողներին արձակուրդի վայր մեկնելիս և վերադառնալիս, Հայաստանի Հանրապետության տարածքում տարեկան մեկ անգամ (լրացուցիչ արձակուրդի դեպքում նաև մեկից ավելի) տրվում է տրանսպորտից օգտվելու ծախսերի փոխհատուցում, ՀՀ կառավարության 2004 թ. մայիսի 6-ի թիվ 886-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով սահմանված չափերով:
4. Ոստիկանության ծառայողին փոխհատուցումը տրվում է կանխավճարով կամ վերջնահաշվարկի ձևով, համաձայն ՀՀ կառավարության 2003 թ. հոկտեմբերի 8-ի թիվ 1408-Ն որոշմամբ սահմանված դրամարկղային գործառնությունների իրականացման կարգի:
5. Ոստիկանության ծառայողի կողմից մեկից ավելի արձակուրդի անցկացման վայր ընտրելու դեպքում փոխհատուցումը վճարվում է մեկ վայրի համար ծառայողի ցանկությամբ:
6. Ոստիկանության ծառայողի արձակուրդի մեկնման զեկուցագրում և արձակուրդի վկայականում նշվում է արձակուրդի անցկացման վայրը, ուղեկցող ընտանիքի անդամների թիվը և նրանց ծննդյան տարեթվերը:
7. Արձակուրդի վայր ժամանելուց ոստիկանության ծառայողի արձակուրդի վկայականում, համապատասխան ստորաբաժանումում կատարվում է ժամանման և մեկնման նշումներ:
8. Արձակուրդից վերադառնալիս ոստիկանության ծառայողը եռօրյա ժամկետում ֆինանսական ծառայությանը վճարման է ներկայացնում արձակուրդի վկայականը արձակուրդի վայրի նշումներով, ստորաբաժանման պետի «վճարել» մակագրության առկայությամբ:
Եթե արձակուրդից վերադառնալուց հետո ոստիկանության ծառայողը չի ներկայացնում արձակուրդի վկայականը, ապա փոխհատուցման վճարը պահվում է ոստիկանության ծառայողի վարձատրությունից: