Գլխավոր տեղեկություն
Համար
N 110
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2000-12.04.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.01.28/1(43)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
12.06.2000
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

12 հունիսի 2000 թ.

ք. Երևան

N 110

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հուլիսի 24-ի «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի մասին» թիվ 457 որոշման պահանջներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական միավորման առաջարկությունները, Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման հետ կապված հարցերի օրենսդրական կարգավորումն ապահովելու և այդ բնագավառի աշխատանքները բարելավելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

ա) «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը»` համաձայն հավելված 1-ի,

բ) «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման հանձնաժողովի կանոնակարգը»` համաձայն հավելված 2-ի:

2. Ընդունել, որ`

ա) սույն հրամանով սահմանված կարգով որակավորված հաշվապահները, ինչպես նաև ընդհանուր աուդիտի գծով աուդիտորի որակավորում ունեցող աուդիտորներն իրավունք ունեն ստորագրելու հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները` որպես գլխավոր հաշվապահ,

բ) հաշվապահների որակավորման հանձնաժողովը իր կատարած աշխատանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տարեկան հաշվետվություն` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը:

 

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար

Լ. Բարխուդարյան

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2000 թ. հունիսի 12-ի
N 110 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման հետ կապված հարցերը:

2. Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով, որը հաշվապահի որակավորում ստանալու համար դիմում ներկայացրած անձանց (այսուհետև` դիմորդ) գիտելիքների ստուգման ընթացակարգ է:

3. Դիմորդների որակավորման քննությունների (այսուհետև` քննություն) անցկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) կողմից:

4. Քննության ծրագիրը մշակվում և հաստատվում է Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

5. Քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնք ունեն.

ա) հաշվապահի կամ աուդիտորի մասնագիտացմամբ բարձրագույն կրթություն (ներառյալ լիցենզավորված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած կրթությունը) և որակավորման վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքի փորձ,

բ) հաշվապահի կամ աուդիտորի մասնագիտացմամբ միջնակարգ մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և որակավորման վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ,

գ) բարձրագույն կրթություն (ներառյալ լիցենզավորված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած կրթությունը) և որակավորման վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձ,

դ) միջնակարգ կրթություն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և որակավորման վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին տասը տարվա ընթացքում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:

Սույն կարգի կիրառման նպատակով մասնագիտական աշխատանք է համարվում` հաշվապահի, ֆինանսական տնօրենի, վերստուգիչի, հարկային տեսուչի, ներքին աուդիտորի, աուդիտորական կամ հաշվապահական խորհրդատվական կազմակերպությունում` որպես մասնագետի, նշված մասնագիտությունների գծով մեթոդաբանի, գիտական աշխատողի կամ դասախոսի աշխատանքը:

6. Քննությանը մասնակցել չի թույլատրվում ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից դատավճռով զրկված անձանց:

7. Քննությանը մասնակցելու համար դիմորդի կողմից ներկայացվում է դիմում, որին կցվում են`

ա) կրթության մասին դիպլոմի պատճենը.

բ) աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենը և պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը.

գ) երկու լուսանկար` 3x4 չափսի:

8. Դիմումները ուսումնասիրվում են Հանձնաժողովի կողմից` անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու դեպքում, փաստաթղթերը վերադարձվում են դիմորդին` համապատասխան հիմնավորումներով:

9. Քննություններն անցկացվում են պարբերաբար` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ամսական մեկ անգամ` եթե ստացվել է առնվազն 10 դիմում: Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմորդին տեղեկացվում է ոչ ուշ, քան քննությունից 7 օր առաջ:

10. Դիմորդին թույլատրվում է մասնակցել քննությանը` միայն անձնագրի կամ նրա անձը հաստատող այլ փաստաթղթի առկայության դեպքում: Իր անձը հաստատող որևէ փաստաթուղթ չունեցող, ինչպես նաև քննությանն ուշացումով ներկայացած դիմորդը համարվում է չներկայացած և նրան արգելվում է մասնակցել տվյալ օրվա քննությանը:

11. Քննությունն անց է կացվում մեկ փուլով` հայերեն լեզվով, գրավոր:

Քննության հարցաթերթիկները կազմվում են հետևյալ 3 բաժիններից`

I բաժին - տեսական հարցեր,

II բաժին - տեստեր,

III բաժին - խնդիրներ:

Հարցաթերթիկի I բաժնում ներառվում են համապատասխանաբար` հաշվապահական հաշվառմանը և հարկային օրենսդրությանը վերաբերող 1-ական հարցեր (ընդամենը 2 հարց), II բաժնում` հաշվապահական հաշվառմանը, հարկային օրենսդրությանը, աուդիտորական գործունեությանը և տնտեսական իրավունքին վերաբերող 23 հարցեր (տեստեր), իսկ III բաժնում` հարկային օրենսդրության, ֆինանսական վերլուծության և (կամ) հաշվապահական հաշվառման վերաբերյալ ընդհանուր թվով 3 խնդիրներ` հանձնաժողովի սահմանած համամասնությամբ:

12. Հարցաթերթիկում ներառված հարցերի (այդ թվում` խնդիրների) ցանկը կազմվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հաստատված ծրագրի հիման վրա և հաստատվում հանձնաժողովի որոշմամբ:

13. Հարցաթերթիկները կազմվում են յուրաքանչյուր քննությունից մեկ օր առաջ և պահվում Հանձնաժողովի քարտուղարի մոտ` փակ, Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով վավերացված ծրարում: Վերջինս բացվում է քննության ժամանակ` Հանձնաժողովի անդամների և դիմորդների ներկայությամբ: Յուրաքանչյուր քննության համար կազմվում են առանձին հարցաթերթիկներ:

Հարցաթերթիկները կազմվում են դրանցում ներառվող հարցերը չկրկնվելու սկզբունքով:

14. Հարցաթերթիկի հարցերին պատասխանելու համար դիմորդին տրվում է երեք ժամ: Քննության ընթացքում դիմորդին չի թույլատրվում` օգտվել օրենքներից, այլ նորմատիվ իրավական ակտերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել մյուս դիմորդների հետ: Հարցաթերթիկի հարցերին պատասխանելու համար հատկացված ժամանակը լրանալուն պես, դիմորդը պարտավոր է հարցաթերթիկը և իր գրած պատասխանները հանձնել Հանձնաժողովին: Նշված պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում դիմորդը հեռացվում է քննությունից: Երկրորդ անգամ քննությանը նա կարող է մասնակցել ընդհանուր հիմունքներով:

Կողմնակի անձանց արգելվում է ներկա գտնվել քննությանը:

Որակավորման քննություններն անց են կացվում մեկ փուլով` գրավոր, որի ընդհանուր արդյունքները գնահատվում են 42 միավորի սահմաններում: Ընդ որում, տեսական հարցերի բաժնում ներառված 2 հարցերի պատասխանները գնահատվում են առավելագույնը` 10 միավոր (յուրաքանչյուրը` 0-5 միավորի սահմաններում), 23 տեստերինը` 23 միավոր (յուրաքանչյուրը` 0 կամ 1 միավոր), իսկ 3 խնդիրներինը` 9 միավոր (յուրաքանչյուրը` 0-3 միավոր):

15. Քննության պատասխաններն ամփոփվում են Հանձնաժողովի որոշմամբ հաստատված ձևով, որը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և բոլոր անդամները (ներկա գտնվող):

Քննության արդյունքում որակավորված են համարվում 21 միավոր (անցողիկ միավոր) հավաքած այն դիմորդները, որոնք ապահովում են նաև հարցաթերթիկի առանձին երեք բաժինների գծով սույն կարգի 14-րդ կետին համապատասխան սահմանված առավելագույն միավորների առնվազն 30 տոկոսը:

Հանձնաժողովը պարտավոր է վերանայել քննության արդյունքում անցողիկ միավորը մինչև 2 միավորով (ներառյալ) չբավարարող, ինչպես նաև անցողիկ միավորը բավարարող, սակայն հարցաթերթիկի առանձին երեք բաժիններից որևէ մեկի գծով սույն կետով սահմանված չափանիշը (30 տոկոսը) մինչև 2 միավորով (ներառյալ) չբավարարող աշխատանքները:

16. Հանձնաժողովը, դիմորդի հավաքած միավորների հանրագումարի հիման վրա, քննության օրը կամ առնվազն այդ օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում նրան հաշվապահի որակավորում շնորհելու վերաբերյալ, հաշվի առնելով սույն կարգի 15-րդ կետի պահանջները:

17. Հանձնաժողովի որոշման հիման վրա որակավորված դիմորդին տրվում է հաշվապահի որակավորման վկայական, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

Հաշվապահի որակավորման վկայականը լրացվում և տրվում է Հանձնաժողովի կողմից` քննությունը հանձնելու օրվանից 10-օրյա ժամկետում: Հաշվապահի կողմից չստացված որակավորման վկայականը Հանձնաժողովի կողմից պահպանվում է վեց ամիս ժամկետով, որից հետո այն ճանաչվում է անվավեր:

18. Հաշվապահի որակավորման վկայականը տրվում է հետևյալ ժամկետներով`

- մինչև 2000 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ քննություն հանձնելու դեպքում` մինչև 2002 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամկետով,

- 2000 թ. դեկտեմբերի 31-ից հետո քննություն հանձնելու դեպքում` երկու տարի վեց ամիս:

19. Դիմորդի կողմից Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում, դիմորդին չի թույլատրվում մասնակցել քննությանը, իսկ եթե այդպիսի փաստերը հայտնաբերվում են որակավորման վկայականը տալուց հետո, ապա այն ուժը կորցրած է ճանաչվում:

20. Քննության արդյունքներով որակավորում չստացած, ինչպես նաև քննության հրավիրված, սակայն չներկայացած դիմորդը քննությանը կրկին կարող է մասնակցել ընդհանուր հիմունքներով` այն տարբերությամբ, որ նա կարող է դիմումին կից չներկայացնել սույն կարգի 7-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը, եթե դրանց ներկայացման օրվանից չի անցել մեկ տարի:

21. Դիմորդի կողմից քննության արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` քննության արդյունքները հայտնելու (հրապարակելու) օրվանից 15 օրվա ընթացքում, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը կամ` դատական կարգով:

22. Որակավորման վկայականը կորցնելու դեպքում, հաշվապահը պարտավոր է 10-օրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնել Հանձնաժողովին: Կորցրած վկայականը Հանձնաժողովի որոշմամբ համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն սահմանված կարգով տրվում է նոր վկայական` «Կրկնօրինակ» նշագրումով:

23. Հանձնաժողովը վարում է դիմումների և տրված որակավորման վկայականների գրանցամատյաններ: Դիմումների գրանցամատյանում լրացվում են դիմորդի անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և նշում է կատարվում որակավորվելու կամ չորակավորվելու մասին: Տրված որակավորման վկայականների գրանցամատյանում լրացվում են հաշվապահի անունը, ազգանունը, դիմումի գրանցման համարը, Հանձնաժողովի համապատասխան որոշման ամսաթիվը և համարը, որակավորման վկայականի տրման ամսաթիվը և համարը:

24. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի տնտեսական ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի հաշվին:

25. Հանձնաժողովը, իր նիստերի նախապատրաստումը և որոշումների կատարումը, դիմորդի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ:

26. Հանձնաժողովի որոշումները պահպանվում են երեք տարի:

 

Հավելված 2

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2000 թ. հունիսի 12-ի
N 110 հրամանով

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Սույն կանոնակարգը համակարգում է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) հիմնական խնդիրները, պարտականությունները, իրավունքները, անհատական կազմի ձևավորման հիմնադրույթները և աշխատակարգը:

 

I. Հանձնաժողովի հիմնական խնդիրները

 

1. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի (այսուհետև` որակավորման կարգ) պահանջներին համապատասխան դիմորդների որակավորման քննությունների (այսուհետև` քննություն) կազմակերպումը և անցկացումը,

բ) Հանձնաժողովի գործունեության և քննության կազմակերպման, միջազգային փորձի հիման վրա որակավորման կարգի և սույն կանոնակարգի կատարելագործման և հստակեցման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը:

 

II. Հանձնաժողովի պարտականությունները ԵՎ իրավունքները

 

2. Հանձնաժողովի պարտականությունները և իրավունքներն են`

ա) ղեկավարվել Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնակարգով,

բ) քննարկել Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին դիմորդի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանության հարցը և ընդունել որոշում` նրան քննության հրավիրելու, նրա դիմումը մերժելու կամ լրացուցիչ տեղեկություններ պահանջելու անհրաժեշտության վերաբերյալ,

գ) սահմանված ձևի որակավորման վկայականի լրացնելը և քննությունը հանձնելու օրվանից 10-օրյա ժամկետում հաշվապահին հանձնելը,

դ) քննարկել նիստերին երեք անգամ անընդմեջ չմասնակցած Հանձնաժողովի անդամին Հանձնաժողովի կազմում թողնելու հարցը և համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին,

ե) վարել դիմումների և տրված որակավորման վկայականների գրանցամատյաններ,

զ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տարեկան հաշվետվություն` Հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին,

է) ձեռնարկել միջոցներ որակավորման կարգի 12-րդ կետի համաձայն քննությունից մեկ օր առաջ կազմված հարցաթերթիկների գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ,

ը) մերժել դիմումը, եթե դիմորդի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության որևէ օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտի, նույն թվում` որակավորման կարգի պահանջներին,

թ) դիմորդին համարել չորակավորված, եթե նա քննության արդյունքում չի հավաքել որակավորման կարգով սահմանված համապատասխան միավորը,

ժ) որակավորման կարգով սահմանված դեպքերում ընդունել համապատասխան որոշում` դիմորդին չներկայացած համարելու կամ քննությունից հեռացնելու, ինչպես նաև` որակավորման վկայականը ուժը կորցրած ճանաչելու մասին,

ի) հաշվապահի կողմից չստացված որակավորման վկայականի պահպանման վեցամսյա ժամկետը լրանալուց հետո այն ճանաչել անվավեր,

լ) քննարկել և ներկայացնել առաջարկություններ` Հանձնաժողովի անհատական կազմում փոփոխություններ կատարելու մասին,

խ) իրականացնել որակավորման կարգով նախատեսված այլ պարտականություններ և իրավունքներ:

3. Հանձնաժողովի պարտականությունների բաշխումը անդամների միջև կատարվում է Հանձնաժողովի որոշմամբ:

 

III. Հանձնաժողովի կազմը ԵՎ աշխատակարգը

 

4. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հրամանով:

5. Հանձնաժողովը կազմվում է 13 անդամից, որից 6-ը` ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, 6-ը` «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և 1-ը` Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը` վերջիններիս ներկայացմամբ:

6. Ի պաշտոնե հանձնաժողովի նախագահ է նշանակվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համապատասխան տեղակալը:

7. Հանձնաժողովի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երկրորդը: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա կողմից լիազորված Հանձնաժողովի անդամը:

8. Հանձնաժողովում որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում, վճռորոշ է հանդիսանում նախագահի ձայնը:

9. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներն արձանագրվում են սահմանված ընդհանուր կարգով:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
27 հուլիսի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 11800067

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.02.2008, N 146-Ն 11.04.2008, N 110
13.04.2001, N 120 24.06.2001, N 110
14.02.2001, N 47 12.04.2001, N 110
10.01.2001, N 6 12.04.2001, N 110
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան