Գլխավոր տեղեկություն
Համար
N 420-Մ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-16.02.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2000
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

22 դեկտեմբերի 2000 թվականի N 420-Մ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թ. հոկտեմբերի 12-ի N 634 «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին» որոշման`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված հաստատության գործադիր տնօրենի ընտրության և նշանակման» կարգը:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարության 1999 թ. մարտի 22-ի «Համայնքի կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատության գործադիր տնօրենի ընտրության և նշանակման կարգը հաստատելու մասին» N 93-Մ հրամանը:

3. Նախարարության իրավաբանական բաժնի պետ` (Վ. Սարգսյան)` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:

 

Նախարար

Է. Ղազարյան

 

Հաստատում եմ
ՀՀ կրթության և գիտության նախարար
Է. Ղազարյան 22.12.2000 թ.

Կոդ

 

 Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ

 

Սույն կարգը սահմանվում է ՀՀ կառավարության 1997 թ. հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. մայիսի 15-ի N 150 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 263, 1998 թ. հոկտեմբերի 28-ի «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման մասին» N 661, 1999 թ. հունիսի 1 «ՀՀ հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 377 և 2000 թ. հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների հետագա ընթացքի մասին» N 634 որոշումներով սահմանված պետական հանրակրթական հաստատության (այսուհետև` հաստատություն) գործադիր տնօրենի (այսուհետև` տնօրեն) ընտրության կատարումն ապահովելու նպատակով:

1. Հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է հաստատության կառավարման բարձրագույն մարմինը` հաստատության խորհուրդը (այսուհետև` խորհուրդ):

2. Տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին խորհրդի նախագահը տեղյակ է պահում վերադասին (ըստ ենթակայության` համայնքի ղեկավարին, մարզպետին, Երևանի քաղաքապետին, ԿԳ նախարարին):

3. Տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին խորհրդի որոշումը և մրցույթի պայմանները խորհուրդը տասնօրյա ժամկետում առնվազն մեկ անգամ հայտարարում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ):

4. Տնօրենի պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին խորհրդի հայտարարության տեքստում պարտադիր է նշել.

● մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման ժամկետը, որը չի կարող պակաս լինել մրցույթ անցկացնելու մասին առաջին հայտարարության հրապարակման պահից` հաշված մեկ ամիս,

● մրցույթի անցկացման վայրը, օրը, ժամը,

● մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և նյութերը.

● հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները):

5. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

● քաղվածք աշխատանքային գրքույկից,

● ինքնակենսագրություն (ձեռագիր),

● բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

● կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

● տեղեկանք մշտական բնակության վայրից,

● հրատարակված հոդվածների ցանկ (դրանց առկայության դեպքում),

● հաստատության գործունեության մասին հայեցակարգ (ծրագիր),

● բնութագիր վերջին աշխատավայրից:

6. Հավակնորդին ներկայացվող պահանջներն (չափանիշներն) են`

պարտադիր չափանիշներ

● բարձրագույն մանկավարժական կրթություն*,

● առնվազն երեք տարվա մանկավարժական աշխատանքի փորձ,

 ● գրական հայերենի տիրապետում,

● կրթության համակարգի օրենսդրության և այլ իրավական ակտերի, աշխատանքային օրենսգրքի և նորմացույց փաստաթղթերի (այդ թվում` ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ) պահանջների իմացություն,

● հաստատության բարեփոխման և զարգացման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն,

ցանկալի չափանիշներ

● կրթության հաստատության կառավարման և ղեկավարման հիմունքների իմացություն,

● ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

● ներդպրոցական կառավարման և վերահսկողության վերաբերյալ փաստաթղթեր կազմելու ունակություն,

● աշխատանքային կոլեկտիվի ղեկավարման հմտություններ,

● ուսուցչի որակավորման բարձր տարակարգ,

● վարչական աշխատանքի փորձ,

● օտար լեզվի իմացություն,

● համակարգչով աշխատելու հմտություն:

7. Մրցույթը անցկացնում է խորհուրդը ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի (փորձագետի) մասնակցությամբ (խորհրդակցական ձայնի իրավունքով): Մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ փորձագետը ներկայացնում է գրավոր եզրակացություն, որը կցվում է արձանագրությանը: Մրցույթի անցկացման խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցել է խորհրդի անդամներից առնվազն 4-ը խորհրդի 5 անդամների դեպքում, առնվազն 5-ը` 7-ի դեպքում, առնվազն 6-ը` 9-ի դեպքում: Ընտրված է համարվում այն թեկնածուն, որին փակ քվեարկությամբ կողմ են քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Խորհրդի (մրցութային) նիստերն արձանագրվում են (հավակնորդներին տրված հարցերը, պատասխանները, խորհրդի անդամների կարծիքները):

8. Քվեարկության արդյունքները հրապարակում է խորհրդի նախագահը, որի հիման վրա խորհուրդը կայացնում է համապատասխան որոշում:

9. Խորհրդի որոշման հիման վրա ընտրված տնօրենի հետ վերադասը երեք տարի ժամկետով կնքում է աշխատանքային պայմանագիր: Պայմանագրի կնքումը կատարվում է մրցույթի անցկացման պահից տասնօրյա ժամկետում` յոթ օրից ոչ շուտ:

10. Մրցույթի արդյունքները ենթակա են վերանայման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Մրցույթը չեղյալ է համարվում այն դեպքում, երբ մրցույթի մասնակիցները, կազմակերպիչները թույլ են տվել սույն կարգի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ խախտումներ:

12. Մրցույթը չեղյալ կարող է համարել ՀՀ ԿԳՆ նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը: Հանձնաժողովի որոշման հիման վրա խորհուրդը չեղյալ է համարում մրցույթի արդյունքները:

13. Եթե մրցույթում ոչ մի հավակնորդ չի անցնում, նույն օրվա ընթացքում կազմակերպվում է կրկնակի քվեարկություն: Կրկնական քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում հայտարարվում է լրացուցիչ մրցույթ` նույն կարգով: Այդ դեպքում վերադասի կողմից նշանակվում է տնօրենի պաշտոնակատար (տնօրենի հավակնորդներից պաշտոնակատար չի նշանակվում): Տնօրենի պաշտոնակատարը շարունակում է աշխատանքը մինչև տնօրենի ընտրվելը:

14. Խորհրդի արձակումը կամ լիազորությունների ավարտումը չի կարող հիմք հանդիսանալ տնօրենի հետ վաղօրոք կնքված աշխատանքային պայմանագրի լուծման կամ փոփոխման համար:

 

_________________

* մինչև փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետը սույն պահանջին բավարարող հավակնորդ չլինելու դեպքում հայտարարվում է լրացուցիչ մրցույթ, որի պահանջներում «բարձրագույն մանկավարժական կրթությունը» փոխարինվում է «բարձրագույն կրթությամբ»:

 

Գրանցված է
 Հայաստանի ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
11 հունվարի 2001 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11001016

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.12.2006, N 980-Ն 16.02.2007, N 420-Մ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան