Գլխավոր տեղեկություն
Համար
N 225-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.05.02/11(129) Հոդ.189
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.04.2003
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11003138

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

10 ապրիլի 2003 թ.
ք. Երևան

N 225-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. հուլիսի 20-ի թիվ 662 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգ»-ի 8-րդ կետի պահանջներին համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ասպիրանտուրայի ընդունելության նպատակային տեղերի հատկացման և տեղադրման կարգ»-ը համաձայն հավելվածի (կցվում է):

2. Նախարարության գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչությանը (պետ` Ա. Քոսյան)` սույն կարգը 3-օրյա ժամկետում գրանցման ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ պարոն Ա. Ավետիսյանին:

 

Նախարար՝

Լ. Մկրտչյան

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
ՀՀ կրթության և գիտության նախարար
________________ Լ. ՄԿՐՏՉՅԱՆ
2003 թ. ________  ______  - ին

Հավելված


 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետությունում գիտական կազմակերպություններում ԵՎ բարձրագույն ուսումնական հաստատություններում ասպիրանտուրայի ընդունելության նպատակային տեղերի հատկացման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. հուլիսի 20-ի թիվ 662 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգ»-ի 8-րդ կետին համապատասխան:

2. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև՝ Նախարարություն) կողմից ասպիրանտուրայի ընդունելության նպատակային տեղերի հատկացման կարգը:

 

II. Նպատակային տեղերի հատկացումը

 

3. Նպատակային տեղերի հատկացման հայտերը կարող են ներկայացնել շահագրգիռ նախարարությունները, ինչպես նաև գիտական հետազոտություններ և (կամ) տեխնոլոգիական մշակումներ իրականացնող կազմակերպությունները:

4. Նպատակային տեղերի հատկացման հայտը ներառում է հայտ ներկայացնող կազմակերպության անվանումը, մասնագիտությունը, ինչպես նաև գիտական կազմակերպության և (կամ) բարձրագույն ուսումնական հաստատության (այսուհետև՝ բուհ) անվանումը, որտեղ առաջարկվում է տեղադրել նպատակային տեղը:

5. Հայտում նշված մասնագիտությունը և դրա դասիչը պետք է համապատասխանի Նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովի համապատասխան մասնագիտությունների Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկին:

6. Տվյալ գիտական կազմակերպությունում և (կամ) բուհում նպատակային տեղի տրամադրումը Նախարարությունը համաձայնեցնում է այդ գիտական կազմակերպության և (կամ) բուհի հետ:

7. Նպատակային տեղերը հատկացնում է Նախարարությունը տվյալ տարում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված առկա և հեռակա ասպիրանտական տեղերի թվաքանակից՝ վճարովի կամ անվճար ուսուցմամբ: Վճարովի սկզբունքով ասպիրանտի ուսանելու դեպքում ուսման վարձավճարը մուծում է պատվիրատու կազմակերպությունը:

8. Առկա ուսուցմամբ նպատակային տեղերը հատկացվում և տրամադրվում են ըստ մասնագիտության, առանց նշելու երաշխավորվող դիմորդի անունը: Այս դեպքում նպատակային տեղի վրա ընդունելությունը անց է կացվում բաց մրցույթով:

9. Ասպիրանտուրայի ընդունելության նպատակային անվանական տեղերը նախարարություններին և կազմակերպություններին հատկացվում են միայն ուսուցման հեռակա ձևով՝ նշելով երաշխավորվող դիմորդի անունը, ազգանունը և մասնագիտությունը:

10. Ասպիրանտուրայի ընդունելության նպատակային ոչ անվանական տեղերը կազմակերպություններին հատկացվում են ուսուցման առկա և հեռակա ձևերով: Բաց մրցույթով նպատակային ոչ անվանական տեղի վրա ընդունված ասպիրանտի հետ տվյալ կազմակերպությունը կնքում է պայմանագիր, որով ամրագրվում են կողմերի պարտականությունները:

11. Ասպիրանտուրայի ընդունելության նպատակային անվանական և ոչ անվանական տեղերի հատկացման մասին առաջարկությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին:

12. Ասպիրանտուրայի ընդունելության նպատակային անվանական և ոչ անվանական տեղերի հատկացումը հրամանագրում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը, որի մասին տեղեկացվում են համապատասխան նախարարությունները և կազմակերպությունները: