Գլխավոր տեղեկություն
Համար
N 213-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.04.25/10(128) Հոդ.182
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.04.2003
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 ապրիլի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 11003134

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 ապրիլի 2003 թ.
ք. Երևան

  N 213-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ 2003 Թ. ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2003 թ. ընդունելության քննությունները կազմակերպելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2003 թ. առկա ուսուցման ընդունելության կանոնները:

2. Մասնագիտական կրթության վարչությանը (Ռ. Գասպարյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (Ս. Առաքելյան). սահմանված կարգով սույն կանոնները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Նախարար՝

Լ. Մկրտչյան

 

 

Հաստատված է՝
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2003 թ. ապրիլի 4-ի N 213-Ն հրամանով
________________ Լ. Մկրտչյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2003 թ. ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Սույն Կանոնները հաստատված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև՝ Նախարարություն) կողմից, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 9-րդ կետի, 15-րդ հոդվածի, 28-րդ հոդվածի 9-րդ կետի, 49-րդ հոդվածի 9-րդ կետի:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները (այսուհետև՝ բուհեր) 2003 թվականին ընդունելությունը կատարում են ըստ ՀՀ կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկի:

2. Պետական բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական (ութերորդ դասարանի հիմքով) կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:

3. Սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդները ՀՀ բուհեր կարող են ընդունվել համաձայն սույն Կանոնների (ընդհանուր հիմունքներով), կամ «ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման մասին կարգի» (ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստացած ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 40-Մ, 17.03.1997 թ. հրաման, կոդ N 110-0040-170497):

4. Սույն Կանոնների համաձայն, ընդունելությունը բուհերում կատարվում է՝

անվճար ուսուցմամբ՝ ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի չափաքանակների (ընդունվածները օգտվում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնությունից),

վճարովի ուսուցմամբ՝ ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության սահմանած, տեղերի չափաքանակների (ընդունվածները օգտվում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնությունից),

վճարովի ուսուցմամբ՝ ըստ մասնագիտությունների բուհերի ներկայացրած հայտերի հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հատկացված տեղերի (ընդունվածները չեն օգտվում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնությունից):

5. Քննությունների կազմակերպման և վերահսկման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետև՝ Նախարար) հրամանով ստեղծվում է Հանրապետական ընդունող հանձնաժողով:

6. Հանրապետական ընդունող հանձնաժողովի, բուհերի ընդունող հանձնաժողովների, առարկայական քննական հանձնաժողովների և ընդունելությանն առնչվող մյուս ծառայությունների գործառույթներն ու փոխհարաբերությունները սահմանվում են ՀՀ պետական բուհերի 2003 թ. ընդունելության կանոնակարգով:

 

II. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

7. Հանրակրթական առարկաներից քննություններն անցկացնում են Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված առարկայական հանձնաժողովները՝ Նախարարի կողմից հաստատված և ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստացած առարկայական ծրագրերով և գիտելիքների գնահատման չափանիշներով:

8. Ելնելով բուհերի և մասնագիտությունների առանձնահատկություններից՝ «մաթեմատիկա», «ֆիզիկա», «քիմիա» առարկաների գրավոր քննություններն անցկացվում են տարբերակված (1-ին և 2-րդ տարբերակով): Երկու տարբերակները համարվում են առանձին քննություններ: Մրցույթի ժամանակ օգտագործվում է առավել բարձր գնահատականը, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտադիր է առաջին տարբերակը: Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի և Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի (առանց մասնաճյուղերի) մասնագիտությունները հայտագրած դիմորդները «մաթեմատիկա», «ֆիզիկա» և «քիմիա» առարկաների քննությունները հանձնում են 1-ին տարբերակով:

9. Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննություններն ու մրցույթը կազմակերպվում են համապատասխան բուհերում: Քննություններն անցկացվում են տվյալ բուհի մշակած և Նախարարի հաստատած մասնագիտական ծրագրերով և գնահատման չափանիշներով:

10. Ընդունելության քննություններին մասնակցելու համար, դիմորդները լրացնելով մեկ միասնական դիմում-հայտ, իրենց ընտրությամբ կարող են հայտագրել և մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ կամ մի քանի բուհերի, մինչև չորս անվճար և մինչև չորս վճարովի (ինչպես նաև մինչև չորս ժամկետային զինվորական ծառայությունից առանց տարկետման իրավունքի) ուսուցման մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները:

Դիմորդի կողմից մեկից ավելի միասնական դիմում-հայտ ներկայացնել չի թույլատրվում: Հաշվիչ կենտրոնի բազայում նույն դիմորդի մեկից ավելի հայտերի առկայության դեպքում տվյալ դիմորդը զրկվում է ընդունելության քննություններին մասնակցելու իրավունքից:

11. Դիմորդները ընտրած մասնագիտությունների կրկնվող առարկաների քննությունները հանձնում են միայն մեկ անգամ:

12. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

13. Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չներկայացած դիմորդներին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի քննությանը: Հարգելի պատճառով (փաստաթղթով հաստատված) քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում 5-օրյա ժամկետում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունը չի ավարտվել:

 

III. ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

 

14. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և բարձր միավորները:

15. Բանավոր քննության գնահատականը դիմորդին հայտնում են քննության օրը՝ քննասենյակում, իսկ գրավոր քննության գնահատականը՝ քննության հաջորդ օրը, ոչ ուշ, քան ժամը 1600-ն:

16. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկելու առարկայական քննական հանձնաժողովի նախագահին՝ առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության գնահատականը՝ այն հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

17. Բոլոր մասնագիտությունների համար դիմորդները (հանրակրթական ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով) քննություն են հանձնում հայոց լեզվից (գրավոր).

և´ անվճար, և´ վճարովի ուսուցման մրցույթներին մասնակցելու համար, դիմորդը կարող է հայոց լեզվի (գրավոր) ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցել միջնակարգ կրթության ատեստատից (սույն կարգի 27-րդ կետը),

միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական (8-րդ դասարանի հիմքով) ուսումնական հաստատություններ ավարտած դիմորդները հայոց լեզվի քննությունը հանձնում են կենտրոնացված կարգով,

ռուսական կրթությամբ շրջանավարտները ընդունելության քննությունները կարող են հանձնել ռուսերեն լեզվով (բացառությամբ հայերեն և օտար լեզուների քննությունների):

18. Միջնակարգ կրթության ատեստատում հայոց լեզվից և գրականությունից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի (գրավոր) քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), իսկ ռուսաց լեզվից և գրականությունից գնահատական չունեցողները՝ որևէ օտար լեզվից՝ գրավոր (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն).

«0212-Միջազգային հարաբերություններ» (ԵՊՀ), «0214-Լրագրություն» (ԵՊՀ, ՀՄՀ), «0230-Հայոց լեզու և գրականություն» (ԵՊՀ, ՀՄՀ), «0309-Նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն» (ՀՄՀ), «0310-Մանկավարժություն և հոգեբանություն» (ՀՄՀ), «0312-Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա (ռուսական դպրոցների համար)» (ՀՄՀ), «0312-Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա (հայկական դպրոցների համար)» (ՀՄՀ), «0316, 0318-Սուրդոմանկավարժություն, լոգոպեդիա» (ՀՄՀ), «0317, 0318-Օլիգոֆրենոմանկավարժություն, լոգոպեդիա» (ՀՄՀ), «0533-Թարգմանչական գործ» (ԵՊՀ, ԵրԼՀ) մասնագիտությունների դեպքում հայոց լեզվի գրավոր քննությունը պարտադիր է,

«0217, 0330-Բանասիրություն (ռուսաց լեզու և գրականություն)», ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությունների (ԵՊՀ-ում, ԳՄԻ-ում, ՎՄԻ-ում, ԳՊՀ-ում), համար սահմանված հայոց լեզվի (գրավոր) փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել օտար լեզվից (գրավոր),

«0217, 0233-Բանասիրություն (ռուսաց լեզու և երկրորդ օտար լեզու)» մասնագիտության (ԵրԼՀ-ում) համար սահմանված հայոց լեզվի (գրավոր) փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել օտար լեզվից (բանավոր),

«0233, 0330-Անգլերեն լեզու, ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությունների (ԳՄԻ-ում) համար սահմանված հայոց լեզվի (գրավոր) փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել անգլերեն լեզվից (բանավոր):

19. Միջնակարգ կրթության ատեստատում անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներից գնահատական չունեցող դիմորդներն այդ լեզուների գրավոր քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), ընդ որում՝

«0212-Միջազգային հարաբերություններ» (ԵՊՀ), «0233-Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն)» (ԵՊՀ, ԵրԼՀ), «0234-Արևելագիտություն (արաբագիտություն, պարսկագիտություն, թուրքագիտություն)» (ԵՊՀ), «0533-Թարգմանչական գործ» (ԵՊՀ, ԵրԼՀ), «0601-Տեսական տնտեսագիտություն», «0606-Համաշխարհային տնտեսագիտություն», «0611-Կառավարում», «0618-Մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն տնտեսագիտության մեջ» (ԵՊՀ, ԵրՊՏԻ), «0608-Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» (ԵրՊՏԻ, ՀԳԱ), «0610-Պետական և մունիցիպալ կառավարում», «0604-Ֆինանսներ և վարկ», «0607-Ազգային տնտեսագիտություն», «0614-Առևտուր (կոմերցիա)», «0619-Մաքսային գործ», «0624-Ապահովագրական գործ», «0625-Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում», «0626-Բիզնեսի կազմակերպում», «0719-Տեղեկատվական համակարգեր», «0720-Ստանդարտացում (համօրինակում) և սերտիֆիկացում (հավաստագրում)» (ԵրՊՏԻ), «3119-Ագրոպարենային համակարգի ֆինանսներ և վարկ» (ՀԳԱ) մասնագիտությունների համար օտար լեզվի գրավոր քննությունը պարտադիր է:

20. Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնել նշված երեք՝ «ֆիզիկա», «քիմիա», «կենսաբանություն» մրցութային քննություններից երկուսը:

21. Մրցութային քննություններից ստացած դրական միավորների գումարով դիմորդը մասնակցում է անվճար և վճարովի ուսուցմամբ հայտագրված համապատասխան մասնագիտությունների մրցույթներին:

22. ՀՀ պետական բուհերում մրցույթն անցկացվում է մասնագիտությունների համապատասխան ուղղվածությամբ՝ ըստ մասնագիտությունների, մասնագիտությունների խմբերի, ֆակուլտետների (դեպարտամենտների): Անվճար և վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անցկացվում են մեկ փուլով:

23. Անվճար ուսուցման մրցույթին մասնակցում են այն դիմորդները, ովքեր կենտրոնացված համակարգով հանձնել են տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր մրցութային քննությունները և ստացել դրական միավորներ,

անվճար ուսուցմամբ մրցույթն անցկացվում է դիմորդի դիմում-հայտում նշված առաջին հայտի գերակայությամբ,

դիմում-հայտում նշված առաջին հայտով ընդունված դիմորդն այլևս չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:

Հայտագրած մյուս մասնագիտություններում թափուր տեղերի առկայության դեպքում.

դիմում-հայտում նշված առաջին հայտով չընդունվելու դեպքում դիմորդը մասնակցում է հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին՝ ըստ մրցութային քննություններից հավաքած միավորների գումարի:

24. Վճարովի ուսուցման մրցույթն անցկացվում է ըստ մրցութային քննություններից դիմորդի հավաքած միավորների գումարի, դիմում-հայտում լրացված հայտերին համապատասխան: Վճարովի ուսուցման մրցույթին մասնակցելու համար, դիմորդները մասնագիտությունների և քննությունների ցանկում աստղանիշերով նշված առարկաների համար, որպես մրցութային գնահատական, կարող են հայտագրել միջնակարգ կրթության ատեստատում համապատասխան առարկաների դպրոցական ավարտական պետական քննությունների կամ տարեկան գնահատականը (սույն կարգի 27-րդ կետը),

դիմորդին իրավունք է վերապահվում հաշվի չառնելով միջնակարգ կրթության ատեստատի տարեկան կամ պետական ավարտական քննության փոխանցված գնահատականը, միաժամանակ տվյալ առարկայից քննություն հանձնել կենտրոնացված կարգով: Այն դեպքում, երբ դիմորդն ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում կենտրոնացված կարգով հանձնած քննության արդյունքը: Ցածր միավոր ստանալու դեպքում հաշվի է առնվում միջնակարգ կրթության ատեստատի տարեկան կամ պետական ավարտական քննության փոխանցված գնահատականը,

25. Այն դիմորդները, ովքեր «մաթեմատիկա», «ֆիզիկա» և «քիմիա» առարկաների քննությունները հանձնել են 2-րդ տարբերակով, չեն կարող մասնակցել այն մասնագիտությունների մրցույթին, որոնց համար մրցութային քննությունները անցկացվել են 1-ին տարբերակով:

26. «0207, 0327-Պատմություն», «0214-Լրագրություն», «0230-Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունների (ԵՊՀ, ՀՄՀ), «0233-Օտար լեզուներ» (այդ թվում` անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու, գերմաներեն լեզու) և «0533-Թարգմանչական գործ» (բացի «Ռուսերեն, անգլերեն լեզուներ և հայերեն լեզու» մասնագիտության) մասնագիտությունների (ԵՊՀ, ՀՄՀ, ԵրԼՀ) մրցույթները կազմակերպվում են միասնական (առանց առաջին հայտի գերակայության), անցողիկ միավորների դեպքում նկատի ունենալով դիմում-հայտում դիմորդի նշած բուհերի հերթականությունը:

27. Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2002-2003 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտ-դիմորդները.

անվճար ուսուցմամբ ընդունվում են բուհ` ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)՝ հանձնելով մեկ` առաջին հայտագրած մասնագիտության համար բուհի կողմից նշված առաջին մրցութային գրավոր քննությունը 19-20 միավորով, եթե այն չի կրկնում դպրոցական ավարտական պետական կենտրոնացված քննությունները` հայոց լեզուն և մաթեմատիկան: Կրկնության դեպքում դիմորդը հանձնում է բուհի նշած հաջորդ մրցութային գրավոր քննությունը` քննությունների ցանկում նշած հերթականությամբ (բացառությամբ «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության, որտեղ դիմորդները հանձնում են բուհի կողմից նշված առաջին գրավոր քննությունը): 2003 թ. մեդալակիր դիմորդների ընդունելությունը կատարվում է ըստ մասնագիտությունների ՀՀ ԿԳ նախարարի կողմից նրանց համար հաստատված տեղերի (անվճար ուսուցման համակարգի 10%-չափով) հաշվին: Տեղերը չլրացվելու դեպքում դրանք վերաբաշխվում են ՀԸՀ որոշմամբ:

18 և ցածր միավոր ստանալու դեպքում 2003 թ. մեդալակիր դիմորդները հանձնում են տվյալ մասնագիտության համար նախատեսված մյուս քննությունները` անվճար և վճարովի ուսուցման մրցույթներին մասնակցելով ընդհանուր հիմունքներով,

կամընտրական քննությունների դեպքում մեդալակիր դիմորդը իր ցանկությամբ հայտագրում է նշված երկու քննություններից մեկը,

եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղեր հատկացված մասնագիտություններ, բուհ են ընդունվում մրցույթից դուրս՝ ուսումնառության վարձը պարտադիր վճարելու պայմանով:

28. Ֆիզիկամաթեմատիկական ու բնագիտական (քիմիա, կենսաբանություն) հոսքային ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների և բուհերի հենակետային վարժարանների շրջանավարտները մրցույթով կարող են ընդունվել բուհ՝ տվյալ բուհում կազմակերպված հարցազրույցի արդյունքներով: Հարցազրույց կազմակերպող բուհերի, դրանցում ընդունելության մասնագիտությունների և հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկերը, անվճար և վճարովի ուսուցման հատկացվող տեղերի չափաքանակները սահմանվում են Նախարարի հրամանով: Հարցազրույցներն անցկացվում են բուհի ներկայացրած և Նախարարության հաստատած հանձնաժողովների կողմից՝ տվյալ մասնագիտության քննական առարկաների շրջանակներում:

29. Մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում՝

ա) բոլոր տարիների մեդալակիր-դիմորդներին,

բ) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,

գ) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,

դ) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին:

30. Պետական բուհերի այն մասնագիտությունների գծով, որոնց քննությունների անվանացանկում առարկաները նշված են մեկ (նաև անվճար ուսուցման մրցույթին մասնակցելու համար) և երկու աստղանիշով, վճարովի ուսուցման մրցույթին մասնակցելու համար.

ա) 1999-2000, 2000-2001, 2001-2002 և 2002-2003 ուսումնական տարիների շրջանավարտ-դիմորդների համար մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատում պետական ավարտական քննական գնահատականները,

բ) 1998-1999 ուստարվա շրջանավարտների համար՝ միջնակարգ կրթության ատեստատում ավարտական պետական քննական գնահատականները, իսկ քիմիայից և կենսաբանությունից՝ տարեկան գնահատականները (նաև նախորդ տարիների շրջանավարտների համար),

գ) հայոց լեզվից և մաթեմատիկայից՝ 1996 թվականին և դրանից հետո հանձնված քննությունների գնահատականները,

դ) մինչև 1997-1998 (ներառյալ) ուսումնական տարվա շրջանավարտ-դիմորդների միջնակարգ կրթության ատեստատի քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի (20 միավորային համակարգով չգնահատված) տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին՝

«3»-ը համարժեք է 13 միավորի,

«4»-ը համարժեք է 17 միավորի,

«5»-ը համարժեք է 20 միավորի,

ե) 1999-2000, 2000-2001, 2001-2002 և 2002-2003 ուստարիների այն շրջանավարտները, ովքեր դպրոցում բնագիտական առարկաներից չեն ընտրել հայտագրած մասնագիտությանը համապատասխանող առարկան (ֆիզիկա, կենսաբանություն և քիմիա), այն հանձնում են կենտրոնացված կարգով,

զ) 1998-1999 ուստարվա այն շրջանավարտները, որոնք դպրոցում չեն ընտրել ֆիզիկայի ավարտական քննությունը, համապատասխան մասնագիտությունների գծով այն հանձնում են կենտրոնացված կարգով:

31. Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հաստատում է Հանրապետական ընդունող հանձնաժողովը: Մրցույթով անցած դիմորդների պաշտոնական ցուցակները հանձնվում են բուհերին՝ հրամանագրման:

32. Անվճար և վճարովի ուսուցման մրցույթներն բացի արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների անցկացվում են կենտրոնացված կարգով: Դրանց արդյունքները հրապարակվում են մինչև ս/թ օգոստոսի 26-ը:

 

IV. ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

33. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում.

անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)՝ ըստ մասնագիտությունների Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի,

անվճար ուսուցման մրցույթից դուրս մնացած դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով,

եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղեր հատկացված մասնագիտություններ, բուհ են ընդունվում մրցույթից դուրս՝ ուսումնառության վարձը պարտադիր վճարելու պայմանով:

34. Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին, մրցույթից դուրս ընդունվում են`

ա) 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար, բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնախմբի եզրակացության համաձայն, տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ,

բ) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների,

գ) սույն կետի ա), բ) և 35 կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները, եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղեր հատկացված մասնագիտություններ, բուհ են ընդունվում մրցույթից դուրս՝ ուսումնառության վարձը պարտադիր վճարելու պայմանով:

35. Առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաներն ընդհանուր մրցույթով պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվում են վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:

36. Հանրապետական ընդունող հանձնաժողովը կարող է որոշում ընդունել միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով աշխարհի առաջնության և ոչ հեռակա միջազգային մրցումների (օլիմպիադաներ, փառատոներ) հաղթողներին և դափնեկիրներին համապատասխան մասնագիտությունների գծով, առանց ընդունելության քննությունների, բուհ ընդունելու մասին:

 

V. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

37. Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից՝ վճարած գումարը չի վերադարձվում.

սույն կանոնների 33-րդ կետով և 34-րդ կետի «ա», «բ» ենթակետերով և 35-րդ կետով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից,

հանրապետական ընդունող հանձնաժողովն առանձին քաղաքացիների կարող է ազատել քննությունների վճարից:

38. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2003 թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը: Քննություններն անցկացվում են 2003 թ. հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 16-ը: Դիմորդի քննությունների ժամանակացույցը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:

Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների գծով մասնագիտական քննություններն անցկացվում են համապատասխան բուհերում` 2003 թ. հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 16-ը:

39. Դիմորդները քննություններին և ըստ մասնագիտությունների մրցույթին մասնակցելու դիմում-հայտերը և փաստաթղթերը հանձնում են դիմում-հայտում նշված առաջին հայտի բուհում: Քննությունների համար սահմանված վճարը դիմորդները մուծում են առաջին հայտի բուհում:

40. Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների համար դիմորդները փաստաթղթերը հանձնում են համապատասխան բուհ:

41. Դիմում-հայտի հետ ներկայացվում են`

ա) միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),

բ) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),

գ) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից՝ ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

դ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական (ՀՀ ոստիկանության կողմից տրվող, անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթի հետ միասին), փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),

ե) զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,

զ) սույն կանոնների 33-րդ կետով և 34-րդ կետի «ա», «բ» ենթակետերով և 35-րդ կետով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու, ծնողական խնամքից զրկվելու մասին),

է) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները:

42. Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելն արգելվում է:

43. Քննություններին և մրցույթին մասնակցելու դիմում-հայտը փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան