Գլխավոր տեղեկություն
Համար
N 226
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.1998-22.08.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.04.20/10(187)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
15.07.1998
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.08.1999

118.0226.24.02.98

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

 

15 հուլիսի 1998 թ.

քաղ. Երևան

N 226

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 124 որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հետ կապված հարցերի օրենսդրական կարգավորումն ապահովելու և այդ բնագավառի աշխատանքները բարելավելու նպատակով`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել`

ա) «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման կարգը»` համաձայն հավելված 1-ի.

բ) «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի անհատական կազմը»` համաձայն հավելված 2-ի.

գ) «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի կանոնակարգը»` համաձայն հավելված 3-ի:

2. Սահմանել, որ աուդիտորների որակավորման հանձնաժողովը իր կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն է ներկայացնում ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը` համաձայն հավելված 4-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1997 թ. սեպտեմբերի 8-ի N 326 հրամանը.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր աուդիտորական գործունեության հանձնաժողովի 1997 թ. հունվարի 17-ի թիվ 1 որոշումը:
 

 Նախարար

Է. Սանդոյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
1998 թ. հուլիսի 15-ի N 226 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման

 

1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հետ կապված հարցերը, բացառությամբ բանկերի աուդիտ իրականացնողների, որոնց որակավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:

2. Որակավորման քննությունը աուդիտորի որակավորում ստանալու համար հայտ ներկայացրած անձանց (այսուհետև` հայտատուների) գիտելիքների ստուգման ընթացակարգ է:

3. Հայտատուների որակավորման քննությունների կազմակերպումը և անցկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով):

4. Որակավորման քննությունների ծրագիրը մշակվում և հաստատվում է Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

Որակավորման քննությունների ծրագիրը պարբերաբար վերանայվում է` Հայաստանի Հանրապետության օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխություններին և լրացումներին համապատասխան:

5. Աուդիտորների որակավորման քննություններին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնք ունեն`

ա) բարձրագույն տնտեսագիտական կամ աուդիտորի մասնագիտացումով միջնակարգ կրթություն և աուդիտորի որակավորման վկայական ստանալու համար հայտ ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարիների ընթացքում ոչ պակաս, քան երեք տարվա մասնագիտական (տնտեսագետի, ֆինանսիստի, հաշվապահի, աուդիտորի կամ աուդիտորական ձեռնարկությունում որպես մասնագետի, ձեռնարկության ղեկավարի (տնօրեն, նախագահ կամ դրանց տեղակալ), վերստուգիչի, հարկային տեսուչի, տնտեսագիտական մասնագիտությամբ գիտական աշխատողի կամ դասախոսի) աշխատանքի փորձ, կամ`

բ) բարձրագույն կրթության և աուդիտորի որակավորման վկայական ստանալու համար հայտ ներկայացնելու օրվան նախորդող վերջին յոթ տարիների ընթացքում ոչ պակաս, քան հինգ տարվա մասնագիտական (տնտեսագետի, ֆինանսիստի, հաշվապահի, աուդիտորի կամ աուդիտորական ձեռնարկությունում որպես մասնագետի, ձեռնարկության ղեկավարի (տնօրեն, նախագահ կամ դրանց տեղակալ), վերստուգիչի, հարկային տեսուչի, տնտեսագիտական մասնագիտությամբ գիտական աշխատողի կամ դասախոսի) աշխատանքի փորձ:

6. Աուդիտորների որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման ոլորտներում որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից դատավճռով զրկված անձանց:

7. Աուդիտորների որակավորման քննություններին մասնակցելու համար հայտատուի կողմից ներկայացվում է հայտ, որին կցվում են`

ա) բարձրագույն (միջնակարգ-մասնագիտական) կրթության դիպլոմի պատճենը.

բ) աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենը և պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը.

գ) երկու լուսանկար` 3 x 4 չափսի.

դ) դատավճռի պատճենը (դատավճռով դատապարտված անձինք):

Հաշվապահների միջազգային դաշնությանը (IFAC) անդամակցող կազմակերպության կողմից որակավորված (հավաստագրված) հայտատուն սույն կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է նաև որակավորման վկայականի (հավաստագրի) նոտարական կարգով հաստատված պատճենը և իրեն վերջին աշխատավայրի ղեկավարի կողմից տրված համապատասխան երաշխավորագիրը, որում նշվում է նաև հայտատուի կողմից կատարված աշխատանքների հիմնական ոլորտը և աուդիտի տեսակը:

8. Հայտերն ընդունվում են աուդիտորի մասնագիտացման հետևյալ սահմանված ուղղություններով`

ա) ձեռնարկությունների աուդիտ.

բ) համայնքների բյուջեների աուդիտ:

Մասնագիտացման յուրաքանչյուր ուղղության համար քննություններն անց են կացվում առանձին:

9. Հայտերը քննարկվում են հանձնաժողովի կողմից սահմանված կարգով` անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու դեպքում, փաստաթղթերը վերադարձվում են հայտատուին` համապատասխան հիմնավորումներով, այդ մասին տեղյակ պահելով հանձնաժողովին:

10. Աուդիտորների որակավորման քննություններն անց են կացվում պարբերաբար` հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ: Որակավորման քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին հայտատուին տեղեկացվում է որակավորման քննությունից 15 օր առաջ:

Հայտատուն պարտավոր է մինչև քննությանը ներկայանալը վճարել պետական տուրքը և պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը, որն իր հերթին, մինչև քննության սկսելը հանձնաժողովին է ներկայացնում վերջինիս կողմից սահմանված ձևի տեղեկանք` պետական տուրքի վճարումների մասին: Պետական տուրքը չվճարած հայտատուին արգելվում է մասնակցել քննությանը:

11. Հայտատուին թույլատրվում է մասնակցել քննությանը միայն անձնագրի կամ նրա անձը հաստատող այլ փաստաթղթի առկայության դեպքում: Իր անձը հաստատող որևէ փաստաթուղթ չունեցող, ինչպես նաև քննության ուշացումով ներկայացած հայտատուն համարվում է չներկայացած և նա կարող է մասնակցել հաջորդ քննությանը` սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելուց (կրկին) հետո:

12. Որակավորման քննություններն անց են կացվում հայերեն լեզվով` գրավոր տեստերի և խնդիրների, իսկ սույն կարգի 14-րդ կետով սահմանված դեպքում` նաև բանավոր քննությունների միջոցով: Տեստերին պատասխանելու և խնդիրները լուծելու համար տրվում է երկու ժամ: Տեստերում ներառված հարցերի և խնդիրների ցանկը կազմվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հաստատված ծրագրի հիման վրա և հաստատվում հանձնաժողովի որոշմամբ, իսկ այդ հարցերից բաղկացած առանձին տեստերը և խնդիրները կազմվում են յուրաքանչյուր քննությունից մեկ օր առաջ և պահվում հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի մոտ` փակ, հանձնաժողովի նախագահի և պատասխանատու քարտուղարի ստորագրություններով վավերացված ծրարում: Վերջինս բացվում է քննության ժամանակ` հանձնաժողովի անդամների և հայտատուների ներկայությամբ: Յուրաքանչյուր քննության համար կազմվում են առանձին տեստեր և խնդիրներ (գրավոր քննության հարցաթերթիկներ), ինչպես նաև` բանավոր քննության հարցաթերթիկներ:

13. Քննության ընթացքում հայտատուին չի թույլատրվում օգտվել օրենքներից, այլ նորմատիվ իրավական ակտերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել մյուս հայտատուների հետ: Տեստերին պատասխանելու համար հատկացված ժամանակը լրանալուն պես, հայտատուն պարտավոր է տեստը և իր գրած պատասխանները հանձնել հանձնաժողովին: Նշված պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում հայտատուն հեռացվում է քննությունից: Երկրորդ անգամ որակավորման քննություններին նա կարող է մասնակցել ընդհանուր հիմունքներով:

Կողմնակի անձանց արգելվում է ներկա գտնվել որակավորման քննությանը:

14. Որակավորման քննություններն անց են կացվում երկու փուլով` գրավոր և բանավոր, որոնց ընդհանուր արդյունքները գնահատվում են 23 միավորի սահմաններում: Գրավոր քննությունների հարցաթերթիկներում ընդգրկվում են 30-ական հարցերից բաղկացած տեստեր և 5-ական խնդիրներ: Տեստի յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է 0,5 միավոր, իսկ յուրաքանչյուր խնդրի պատասխանը կարող է գնահատվել 0, 0.5 կամ 1 միավոր: Գրավոր քննության պատասխաններն ամփոփվում են հանձնաժողովի որոշմամբ հաստատված ձևով, որը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և բոլոր անդամները (ներկա գտնվող), որից հետո` նույն օրը, անց է կացվում բանավոր քննություն: Բանավոր քննությանը թույլատրվում է մասնակցել գրավոր քննության արդյունքում 14.5 միավոր հավաքած հայտատուներին, իսկ 17.5 և ավելի միավոր հավաքած հայտատուները համարվում են որակավորված` անկախ բանավոր քննության արդյունքներից:

15. Բանավոր քննության արդյունքները գնահատվում են 3 միավորի սահմաններում: Քննության հարցաթերթիկները կազմվում են 2-ական հարցերից և որպես 1 հարց հաշվի է առնվում օտար լեզուներին և համակարգչային տեխնիկային տիրապետելը: Յուրաքանչյուր հարցի պատասխանը հանձնաժողովի առանձին անդամների կողմից գնահատվում է 0, 0.5 կամ 1 միավոր, որի մասին կատարվում են գրառումներ` հանձնաժողովի կողմից հաստատված ձևերում:

Բանավոր քննությունների արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն` հանձնաժողովի նախագահի և անդամների ստորագրությամբ:

16. Հանձնաժողովը հայտատուի հավաքած միավորների հանրագումարի հիման վրա որոշում է ընդունում նրան աուդիտորի որակավորում շնորհելու վերաբերյալ, հաշվի առնելով սույն կարգի 14 և 15-րդ կետերի պահանջները:

17. Հանձնաժողովի որոշման հիման վրա աուդիտորին տրվում է աուդիտորի որակավորման վկայական, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

18. Աուդիտորի որակավորման վկայականը լրացվում և տրվում է հանձնաժողովի կողմից որոշման ընդունման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: Աուդիտորի կողմից որակավորման վկայականը չստանալու դեպքում, այն հանձնաժողովի կողմից պահպանվում է մինչև վկայականի գործողության ժամկետի լրանալը:

19. Աուդիտորի որակավորման վկայականը ուժի մեջ է երկու տարի վեց ամիս:

Հանձնաժողովը կարող է հաշվի առնել աուդիտորների հաշվետվությունների քննարկման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից ներկայացված առաջարկությունները և որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով:

20. Հաշվապահների միջազգային դաշնությանը (IFAC) անդամակցող կազմակերպության կողմից որակավորված (հավաստագրված) հայտատուն, որն ունի առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կարող է քննություն հանձնել հանձնաժողովի կողմից հաստատված կարգով հարցազրույց անցնելու միջոցով:

Սույն կետով սահմանված կարգը յուրաքանչյուր հայտատուի համար կիրառելի է մեկ անգամ, իսկ դրա համաձայն տրված որակավորման վկայականի գործողության ժամկետը երկու տարի է, որը կարող է երկարաձգվել սահմանված ընդհանուր կարգով:

21. Հայտատուի կողմից հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացված լինելու դեպքում, հայտատուին չի թույլատրվում մասնակցել քննությանը, իսկ եթե այդպիսի փաստերը հայտնաբերվում են որակավորման վկայականը տալուց հետո, ապա այն ուժը կորցրած է ճանաչվում:

22. Քննության արդյունքներով որակավորում չստացած, ինչպես նաև քննության հրավիրված, սակայն երկրորդ անգամ չներկայացած հայտատուն որակավորման քննություններին կրկին կարող է մասնակցել ընդհանուր հիմունքներով` այն տարբերությամբ, որ նա կարող է հայտին կից չներկայացնել սույն կարգի 7-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը, եթե դրանց ներկայացման օրվանից չի անցել մեկ տարի:

23. Հայտատուի կողմից որակավորման քննության արդյունքները կարող են գանգատարկվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` քննության արդյունքները հայտնելու (հրապարակելու) օրվանից 15 օրվա ընթացքում, ինչպես նաև` դատական կարգով:

24. Որակավորման վկայականը կորցնելու դեպքում աուդիտորը պարտավոր է 10-օրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնել հանձնաժողովին: Կորցրած վկայականը հանձնաժողովի որոշմամբ համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն սահմանված կարգով տրվում է նոր վկայական` «Կրկնօրինակ» նշագրումով:

25. Հանձնաժողովը վարում է հայտերի և տրված որակավորման վկայականների գրանցամատյաններ: Հայտերի գրանցամատյանում լրացվում են հայտատուի անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և նշում է կատարվում որակավորվելու կամ չորակավորվելու մասին: Տրված որակավորման վկայականների գրանցամատյանում լրացվում են աուդիտորի անունը, ազգանունը, հայտի գրանցման համարը, հանձնաժողովի համապատասխան որոշման ամսաթիվը և համարը, որակավորման վկայականի տրման ամսաթիվը և համարը:

26. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի տնտեսական ծախսերի ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի հաշվին:

27. Հանձնաժողովը, իր նիստերի նախապատրաստումը և որոշումների կատարումը, հայտատուների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ:

28. Որակավորման քննություններ հանձնած հայտատուների գրավոր աշխատանքները հանձնաժողովի կողմից պահպանվում են երեք տարի:

 

 

Հավելված 2

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
1998 թ. հուլիսի 15-ի N 226 հրամանով

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի

 

1. Միքայելյան Մերուժան ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
2. Պետրոսյան Հովհաննես ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության գլխավոր վարչության պետ
3. Մկրտչայան Աբգար ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աուդիտի մեթոդաբանության և կարգավորման վարչության պետ
4. Սարգսյան Աղասի ԵրԺՏԻ պրոռեկտոր, տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
5. Քառյան Արա ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ապահովագրական տեսչության պետ
6. Կարապետյան Տիգրան ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արժեթղթերի և բորսաների վարչության պետ
7. խաչատրյան Տիգրան ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության պետ
8. Մալխասյան Գևորգ ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ
9. Անանյան Գագիկ ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի տեղակալ
10. Մելիքյան Ռազմիկ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աուդիտի մեթոդաբանության և կարգավորման վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)
11. Դավթյան Հայկ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության իրավաբանական վարչության պետ
12. Մարգարյան Արշալույս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներքին պարտքի վարչության պետ
13. Վարդապետյան Հայկ «Հանրապետական աուդիտորական պալատ» ասոցիացիայի գործադիր տնօրեն
14. Գրիգորյան Վարդիթեր ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների մեթոդաբանության վարչության պետի պաշտոնակատար
15. Ադամյան Սուրեն ՀՀ հարկային տեսչության բաժնի պետ
16. Իգիթյան Թադևոս ՀՀ հարկային տեսչության բաժնի պետ
17. Բադանյան Վարուժան ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ՖՎԳՎ համակարգի գործունեության վերահսկողության վարչության պետ

 

 

Հավելված 3

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
1998 թ. հուլիսի 15-ի N 226 հրամանով

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի

 

Սույն կանոնակարգը համակարգում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողովի) հիմնական խնդիրները, պարտականությունները, իրավունքները, անհատական կազմի ձևավորման հիմնադրույթները և աշխատակարգը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին առընթեր որակավորման հանձնաժողովի, որը կազմակերպում և անցկացնում է որակավորման քննություններ` բանկերի աուդիտի մասով:

 

I. Հանձնաժողովի հիմնական խնդիրները

 

1. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման կարգի» (այսուհետև` որակավորման կարգի) պահանջներին համապատասխան, հայտատուների որակավորման քննությունների կազմակերպումը և անցկացումը.

բ) հանձնաժողովի գործունեության և հայտատուների որակավորման քննությունների (այսուհետև` քննությունների) կազմակերպման միջազգային փորձի հիման վրա որակավորման կարգի և սույն կանոնակարգի կատարելագործման և հստակեցման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

գ) աուդիտորի որակավորման վկայականը ուժը կորցրած ճանաչելու կամ վկայականի գործողությունը կասեցնելու մասին հարցերի քննարկումը և որոշումների ընդունումը:

 

II. Հանձնաժողովի պարտականությունները ԵՎ իրավունքները

 

2. Հանձնաժողովի պարտականությունները և իրավունքներն են`

ա) ղեկավարվել Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնակարգով.

բ) քննարկել Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանության հարցը և ընդունել որոշում` նրան քննություններին հրավիրելու, նրա հայտը մերժելու կամ լրացուցիչ տեղեկություններ պահանջելու անհրաժեշտության վերաբերյալ.

գ) հաշվի առնել աուդիտորների հաշվետվությունների քննարկման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից ներկայացված առաջարկությունները և որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով.

դ) քննությունների արդյունքների հիման վրա հայտատուի որակավորման վերաբերյալ համապատասխան որոշում ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացնել և աուդիտորներին հանձնել սահմանված ձևի որակավորման վկայականները.

ե) քննարկել նիստերին երեք անգամ անընդմեջ չմասնակցած հանձնաժողովի անդամի հեռացման հարցը և համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին.

զ) վարել հայտերի և տրված որակավորման վկայականների գրանցամատյաններ.

է) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով ներկայացնել տարեկան հաշվետվություն` հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին.

ը) ձեռնարկել միջոցներ որակավորման կարգի 12-րդ կետի համաձայն քննություններից մեկ օր առաջ կազմված տեստերի գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ.

թ) մինչև քննությունների սկսելը ստանալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման տեղեկանքը` պետական տուրքի վճարումների մասին.

ժ) մերժել հայտատուի հայտը, եթե նրա ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության որևէ օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտի, նույն թվում` որակավորման կարգի պահանջներին.

ի) հայտատուին համարել չորակավորված, եթե նա քննության արդյունքում չի հավաքել որակավորման կարգով սահմանված համապատասխան միավորը.

լ) որակավորման կարգի 11 և 13-րդ կետերով սահմանված դեպքերում, ընդունել համապատասխան որոշում` հայտատուին չներկայացած համարելու կամ քննությունից հեռացնելու մասին.

խ) սահմանված դեպքերում կասեցնել աուդիտորի որակավորման վկայականի գործողությունը կամ այն ճանաչել ուժը կորցրած.

ծ) պետական տուրքը չվճարած հայտատուին արգելել մասնակցելու քննություններին.

կ) քննարկել և ներկայացնել առաջարկություններ` հանձնաժողովի անհատական կազմում փոփոխություններ կատարելու մասին:

3. Հանձնաժողովի պարտականությունների բաշխումը անդամների միջև կատարվում է հանձնաժողովի որոշմամբ:

 

III. Հանձնաժողովի կազմը եվ աշխատակարգը

 

4. Հանձնաժողովի անհատական կազմը յուրաքանչյուր տարի հաստատվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով` նախորդ տարվա կազմի նկատմամբ այն փոփոխելով ոչ պակաս, քան 30 տոկոսով:

5. Հանձնաժողովում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների մասնագետները, ինչպես նաև` աուդիտորական միությունների անդամները` միությունների ներկայացմամբ:

6. Ի պաշտոնե հանձնաժողովի նախագահ է նշանակվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համապատասխան տեղակալը:

7. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ` հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետներում: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նախագահը կարող է հրավիրել լրացուցիչ նիստ:

8. Հանձնաժողովի նիստը համարվում է կայացած, եթե նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա կողմից լիազորված հանձնաժողովի անդամը:

9. Հանձնաժողովում որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում վճռորոշ է հանդիսանում նախագահի ձայնը:

10. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներն արձանագրվում են, որի մեկ օրինակը տրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:

 

Հավելված 4

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
1998 թ. հուլիսի 15-ի N 226 հրամանով

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի 199 թ. աշխատանքների վերաբերյալ

 

Հ/Հ Կազմված արձանագրության,
համառոտ բովանդակությունը
 Կայացրած որոշման
բովանդակությունը
Ծանոթություն
(որոշման N,
ամսաթիվը
և այլն)
       
       
       
       

 

Հանձնաժողովի նախագահ`

 

Հանձնաժողովի քարտուղար`

 

Ծանոթություն : Հաշվետվությանը կից ներկայացվում է`

ա) տեղեկանք հաշվետվության վերաբերյալ (հանձնաժողովի կանոնակարգի պահանջների ապահովման, հանձնաժողովի կողմից իրականացրած աշխատանքներում տեղ գտած թերությունների, օրենսդրական կարգավորում պահանջող հարցերի մասին և այլն).

բ) առաջարկություններ` տեղ գտած թերությունների վերացման, հանձնաժողովի աշխատանքների բարելավման և կատարելագործման, հանձնաժողովի անհատական կազմում փոփոխություններ կատարելու ուղղությամբ:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
28 հուլիսի1998 թ.
պետական գրանցման թիվ 209800161