Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.02.03/3(121) Հոդ.32
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.01.2003
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11003023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 հունվարի 2003 թ. 
ք. Երևան

N 22-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՏՈՂԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեզվագործածության ասպարեզում ճշգրտումներ և լրացումներ հաստատելու նպատակով, ղեկավարվելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 5-րդ հոդվածներով և հիմք ընդունելով ՀՀ ԿԳՆ կանոնադրության 10-րդ կետի «ի» ենթակետի 2-րդ պարբերությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Տողադարձի մասին» կանոնները (հավելված).

2. Ապահովել վերոնշյալ կանոնների պետական գրանցումը։

 

Նախարար՝

Լ. Մկրտչյան

 

Հավելված

 

 

Հաստատված է 
ՀՀ կրթության և գիտության նախարարի
հմ. __ հրամանով __  _____ 2002 թ.

 

Տ Ո Ղ Ա Դ Ա Ր Ձ Ի  Մ Ա Ս Ի Ն

 

Տողադարձի գործող կանոնների առանձին անորոշություններն ու անճշտությունները վերացնելու և դրանցում ճշգրտումներ ու լրացումներ կատարելու նպատակով ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը սահմանում է տողադարձի հետևյալ կանոնները.

1. Տողադարձը հիմնականում կատարվում է՝ բառը վանկերի բաժանելով (վանկատմամբ), ըստ որում`

ա) երկու ձայնավորի միջև եղած մեկ բաղաձայնը անցնում է հաջորդ տողը. օրինակ` ա-շա-կերտ, գա-րուն, բա-նա-կա-յին, դա-սա-րան, լե-գե-ոն, կա-տու, հե-քի-աթ.

բ) երկու ձայնավորի միջև եղող երկու և ավելի բաղաձայններից հաջորդ տողն է անցնում միայն վերջին բաղաձայնը. օրինակ` ար-ձան, բուր-ժու-ա-կան, բեր-րի, Աստ-ղիկ, Արծ-վիկ, թարգ-ման, բարձ-րա-նալ, երկ-դի-մի, ա-ռանցք-ներ:

Քանի որ հայերենի յա, յո, յու երկբարբառակերպ վանկերի յ բաղադրիչի և նրան նախորդող բաղաձայնի միջև ը չի արտասանվում, ուստի յ-ին նախորդող բաղաձայնը կամ բաղաձայններից վերջինը կարող է նաև նրան միացած անցնել հաջորդ տողը` առաջացնելով տողադարձի երկակիություն. օրինակ` անկ-յուն//ան-կյուն, արդ-յոք//ար-դյոք, գոչ-յուն//գո-չյուն, գիտութ-յուն//գիտու-թյուն, կոն-յակ//կո-նյակ, Հակոբ-յան//Հակո-բյան, հոբել-յար//հոբե-լյար, մատ-յան//մա-տյան, սեն-յակ//սե-նյակ, ուխտ-յալ//ուխ-տյալ և այլն: Տողադարձի այս երկակիությունը չի պահպանվում երկարա-կյաց, կնքա-զգյաց (կնքազգեստ), բյուրա-բյուր, ամենա-հյուրասեր, ան-հյուրընկալ, լեռնա-գյուղ, ոսկե-հյուս, սառցա-ձյուն, քարա-սյուն, խեղա-թյուրել ու նման բաղադրություններում, որոնց սույն վանկային կամ արտասանական և բառակազմական տողադարձումները նույնական են:

Բառամիջի ձայնավորից առաջ ընկած և-ը տողադարձի ժամանակ գրվում է եվ, և վ-ն անցնում է հաջորդ տողը. օրինակ` Երե-վան, բարե-վել, սե-վաթույր, տերե-վաթափ:

 

2. Գաղտնավանկ, այսինքն` արտասանվող, բայց չգրվող ը ունեցող բառերի տողադարձի ժամանակ ը-ն գրվում է միայն տողավերջի և հաջորդ տողի սկզբի վանկերում. օրինակ` շըղ-թա, կը-տըրտել, կտըր-տել, Մը-կըրտիչ, Մկըր-տիչ, երբե-մըն, գըլ-խավոր:

Այսպես նաև՝ փոխաառյալ օտար բառերում՝ էլեկ-տըրական, էլեկտը-րական, մաես-տըրո, մաեստը-րո (//մաեստ-րո), ֆոքս-տըրոտ, ֆոքստը-րոտ (//ֆոքստ-րոտ):

Անշեշտ և թույլ արտասանվող ը ձայնավորը գրական արտասանությամբ առավելապես սղվում, իսկ ժողովրդական արտասանությամբ և բանաստեղծական խոսքում հաճախ պահպանվում է` առաջացնելով արտասանության և տողադարձի երկակիություն՝

ա) բառասկզբի ը գաղտնավանկին հաջորդած վերջնավանկի ի կամ ու ձայնավորը շեշտային հնչյունափոխության ենթարկված հետևյալ կրկնաբաղաձայն բայերում` զը-նը-նել//զըն-նել, խը-ծը-ծել//խըծ-ծել, խը-տը-տել//խըտ-տել, կը-ծը-ծել//կըծ-ծել, պը-տը-տել//պըտ-տել, փը-թը-թել//փըթ-թել, քը-թը-թել//քըթ-թել, քը-նը-նել//քըն-նել, այսպես նաև` մը-րը-րիկ//մըր-րիկ, խըր-տը-նել//խըրտ-նել և այլն.

բ) վերջնավանկի ի-ն մե՜կ սղած, մե՜կ ը ի հնչյունափոխած բազմավանկ այլ բառերում` աղջը-կա//աղջ-կա, արճը-ճի//արճ-ճի, խըն-դը-րել//խընդ-րել, կարմը-րել//կարմ-րել, մարմը-նի//մարմ-նի, քըր-տը-նել//քըրտ-նել և այլն.

գ) պատճառական ցն (ցր) և երկու բաղաձայնից հետո վ ածանց ունեցող կրավորական բայերում` թռցը-նել//թըռց-նել, խաղացը-նել//խաղաց-նել, մերկացը-նել//մերկաց-նել, մոտեցը-նել//մոտեց-նել, վազեցը-րել//վազեց-րել, փախցը-րել//փախց-րել, զըս-պը-վել//զըսպ-վել, թըր-ջը-վել//թըրջ-վել, կազմը-վել//կազմ-վել, տանջը-վել//տանջ-վել և այլն:

Զբ, զգ, շտ, սպ, ստ և նման հնչյունակապակցություններով սկսվող հատուկ անունների տողադարձի ժամանակ այդ հնչյունակապակցությունները հաջորդ ձայնավորից չեն անջատվում, որպեսզի հատուկ անվան գրությունը, ի տարբերություն հասարակ անունների, ը-ով չսկսվի. հմմտ. ըզ-բաղվել, ըզ-գույշ, ըշ-տապել, ըս-պասել, ըս-տանալ, բայց՝ Ստե-փան, Սպար-տակ, Ստրաս-բուրգ և ոչ թե` Ըս-տեփան, Ըս-պարտակ, Ըստ-րասբուրգ:

3. Բարդ և նախածանցավոր բառերը կարելի է տողադարձել նաև առանց վանկատման` հաջորդ տողը փոխադրելով արմատը կամ ամբողջական բառը, այսինքն` կարդալիս պահելով բառի վանկային ճիշտ արտասանությունը՝ ոչ միայն կարելի է գրել` արա-գընթաց, գեր-խըն-դիր, ա-նօգուտ, ա-նորոշ, հա-կազդել, ծո-վեզր, գե-տափ, ինք-նիշխան, համազ-գեստ, համ-րընթաց, վայ-րէջք, մե-կընդմեջ, երեսու-ներկու և այլն, այլ նաև՝ ըստ բառակազմության՝ արագ-ընթաց, գեր-խնդիր, ան-օգուտ, ան-որոշ, հակ-ազդել, ծով-եզր, գետ-ափ, ինքն-իշխան, համա-զգեստ, համր-ընթաց, վայր-էջք, մեկ-ընդմեջ, երեսուն-երկու:

Բառակազմությամբ կամ բաղադրիչներով տողադարձված բառերի՝ նախորդ տողի վերջնավանկի և հաջորդ տողն անցնող արմատի սկզբնավանկի գաղտնավանկ ը-ն չի գրվում. օրինակ` ան-վնաս, ապա-շնորհ, արև-մտյան, բացա-տրական, գրա-քննիչ, դարա-գլուխ, դիմա-դրել, երկնա-սլաց, լեռնա-բնակ, կարգա-դրում, հակա-կղերական, համա-կրանք, հաշվե-տվություն, հեծ-կլտոց, հեղա-շրջում, ճըռ-ճռան, նախա-դրյալ, շարա-դրել, չարա-ճճի, վազ-վզել, վառ-վռուն, փայլ-փլել, փոխ-գնդապետ, քաշ-քշել, ապա նաև` ակն-կալել, ակն-դետ, հոտն-կայս, ձեռն-տու, ունկն-դրել և այլն: Այսպես նաև՝ փոխառյալ օտար բառերում՝ ցինկո-գրաֆիա, դիա-գրամ, պոլի-գրաֆիա, մելո-դրամա, բջջա-պլազմա և այլն:

Որոշ բացառություններում հաջորդ տողն անցնող արմատի սկզբնավանկի ը-ն սղվում է, ուստի բառը տողադարձվում է միայն ըստ վանկատման. օրինակ՝ գայթակ-ղել, գերբ-նական, համալ-սարան, մասնակ-ցություն և այլն:

Եթե բարդ բառի` նախորդ տողում մնացող հնչյունափոխված բաղադրիչը գաղտնավանկ ը-ից բացի այլ ձայնավոր չունի, ապա տողավերջում այդ գաղտնավանկի ը-ն գրվում է. օրինակ` դռըն-բաց, ձկըն-կուլ, մթըն-կա, մկըն-դեղ, այսպես և` գըռ-գռալ, ճըռ-ճռոց, թըր-թիռ, մըր-մուռ և այլն:

4. Տառային և վանկատառային հապավումները չեն տողադարձվում: