«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 ապրիլի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11001082
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20 ապրիլի 2001 թ. |
N 128-Մ |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին» հմ. 634 որոշման`
Հրամայում եմ
1. Հաստատել «Հանրակրթական դպրոցների վերակազմակերպման դեպքում ուսուցիչների և այլ աշխատողների ընտրության» կարգը:
2. Նախարարության իրավաբանական վարչության պետ Վ. Սարգսյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:
Նախարար |
Է. Ղազարյան |
Հաստատում եմ |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգը ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին» հմ. 634 որոշման համաձայն և սահմանում է դպրոցների վերակազմակերպման (միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման), ինչպես նաև դասարանների վերակոմպլեկտավորման հետևանքով ուսուցիչների և այլ աշխատողների ընտրության և աշխատանքի տեղավորման` ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ամրագրված իրավունքները:
2. Դպրոցների վերակազմակերպման դեպքերում, ինչպես նաև դասարանների վերակոմպլեկտավորման հետևանքով աշխատողների հնարավոր կրճատումների մասին դպրոցների բոլոր աշխատողները առնվազն երկու ամիս առաջ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցվում են (տեղեկացվում են):
3. Դպրոցների միաձուլման, միացման դեպքերում մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչությունը (բաժինը) ՀՀ պետական հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրությամբ սահմանված նորմատիվների համաձայն մինչ նոր ուսումնական տարվա սկիզբը կազմում է հենքային համարվող դպրոցների դասարանների վերակոմպլեկտավորման նախնական պլան, ըստ որի որոշվում է տվյալ դպրոցի ուսուցիչների և այլ աշխատողների թվաքանակը:
4. Դպրոցների միաձուլման, միացման և դասարանների վերակոմպլեկտավորման հետևանքով ստեղծված դպրոցի աշխատողների ընտրությունը կատարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն: