Գլխավոր տեղեկություն
Համար
N 560-Մ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.30/32(118) Հոդ.355
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.11.2002
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 նոյեմբերի 2002թ.

Պետական գրանցման թիվ 10602349

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 նոյեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 560-Մ 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2002 թվականի հեռակա ընդունելությունը կազմակերպելու և իրականացնելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2002 թվականի հեռակա ուսուցման ընդունելության կանոնները` համաձայն հավելվածի:

2. Նախարարության մասնագիտական կրթության վարչությանը` իրավաբանական բաժնի միջոցով սույն կանոնները սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման՝ ՀՀ արդարադատության նախարարություն:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2002 թ. հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2002 թվականի հեռակա ուսուցման ընդունելության կանոնները հաստատելու մասին» N 500-Մ հրամանը:

 

Նախարար  

Լ. Մկրտչյան
 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2002 թ. հոկտեմբերի 10-ի N 560-Մ հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

1.  Սույն Կանոնները հաստատված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի 9-րդ կետի համաձայն, Նախարարության կանոնադրության 1-ին և 2-րդ կետերի և 5-րդ կետի «լ» ենթակետի պահանջներին համապատասխան:

2.  Հայաստանի Հանրապետության միջին և բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ Հաստատություն) միջին մասնագիտական կրթական ծրագրերով, մրցութային հիմունքով ընդունելություն են կատարում ըստ հեռակա ուսուցմամբ մասնագիտությունների հատկացված տեղերի՝ վճարովի հիմունքով, Նախարարության՝ ըստ մասնագիտությունների ընդունելության քննությունների հաստատած ցանկի և պայմանների:

3.  Հաստատություն կարող են դիմել միջնակարգ (լրիվ) ընդհանուր, մասնագիտական տեխնիկական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող անձինք: «0312 դասավանդում տարրական դասարաններում» մասնագիտության գծով կարող են դիմել միայն հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններում, իսկ «0313 Նախադպրոցական կրթություն» մասնագիտության գծով նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություններում աշխատող անձինք:

4.  Հաստատությունում ընդունելությունը կատարվում է ընդունելության քննությունների արդյունքների կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի) որպես մրցութային սահմանված առարկաների գնահատականների հիման վրա՝ սույն Կանոններով սահմանված մրցույթի պայմանների համաձայն: Քննական և առանց քննության ընդունելության մրցութային առարկաների ցանկն ըստ մասնագիտությունների հաստատում է Նախարարությունը:

5.  Օտարերկրյա պետությունների քաղաքացիների ընդունելությունը Հաստատություններ կարգավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 1997 թվականի մարտի 17-ի N 40-Մ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման մասին կարգով»:

6.   Դիմորդի փաստաթղթերն ընդունվում են Հաստատությունում՝ 2002 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 22-ը ներառյալ:

7.   Դիմորդը Հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ ներկայացնում է`

ա) դիմում,

բ) կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը,

գ) չորս լուսանկար (3x4 չափսի),

դ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի բաժինների կողմից տրված 9-րդ ձև),

ե) փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

զ) ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ,

Է) նպատակային ընդունելության իրավունքը հաստատող փաստաթուղթ,

ը) տեղեկանք աշխատանքի վայրից՝ «0312 դասավանդում տարրական դասարաններում» և «0313 Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունների գծով դիմելու դեպքում:

8.  Հաստատության ընդունող հանձնաժողովը պարտավոր է դիմորդին և նրա ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել Հաստատության կանոնադրությանը և կրթության գործընթացը կարգավորող մյուս փաստաթղթերին:

9. Ընդունելության քննությունները կազմակերպվում են 2002 թվականի նոյեմբերի 25-ից նոյեմբերի 30-ը` ըստ Հաստատության հաստատած ժամանակացույցի:

10. Ընդունելության քննություններն անցկացվում են Հաստատություններում՝ առարկայական քննող հանձնաժողովների կողմից, գիտելիքների գնահատման միասնական չափանիշների հիման վրա:

Հաստատության մասնաճյուղում քննություններն անց կացվում են Հաստատության առարկայական քննող հանձնաժողովները:

11. ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով 2002 թվականին հանձնած որևէ առարկայի ընդունելության քննության գնահատականը, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով` անձնական գործերի հետ մեկտեղ, դիմորդի ցանկությամբ համարվում է Հաստատությունում տվյալ առարկայի ընդունելության քննության գնահատական, եթե նա չի ցանկանում տվյալ առարկայից հանձնել ընդունելության քննություն:

12. Ոչ հայկական դպրոցի շրջանավարտները «Հայոց լեզու և գրականություն» (բանավոր) առարկայի քննությունը հանձնում են այդ դպրոցների համար հաստատված ծրագրով:

Կրթության մասին փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկայի գնահատականի փոխարեն հաշվի է առնվում «Ռուսաց լեզու» առարկայի գնահատականը:

13. Գրավոր քննության գնահատականը դիմորդը կարող է բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին, այն հայտնելուց հետո մինչև հաջորդ օրվա ժամը 12-ը, իսկ բանավոր քննության գնահատականը՝ քննող հանձնաժողովի նախագահին՝ առանց քննասենյակից դուրս գալու:

14. Ընդունելության քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

15. Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները Հաստատությունում չեն ավարտվել:

16. Ընդունելության մրցույթն անցկացվում է ըստ մասնագիտությունների՝ տվյալ Հաստատությունում:

17. Հատկացված տեղերի համար մրցույթին մասնակցում է տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր քննություններից դրական միավորներ ստացած դիմորդը: Առաջին հերթին ընդունվում է մրցութային քննություններից ստացած գնահատականների առավելագույն գումար ունեցող դիմորդը:

Նշված գումարների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է՝

ա) ըստ ընդունելության քննությունների ցանկով սահմանված հաջորդականության՝ քննական առարկաներից առավել բարձր միավորներ ստացած (ունեցած) դիմորդին, ապա՝ ոչ մրցութային առարկաներից առավել բարձր միավորներ ստացած (ունեցած) դիմորդին, ապա՝ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի) գնահատականների առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին,

բ) մանկավարժական մասնագիտությունների համար՝ համապատասխան կազմակերպություններում մասնագիտական աշխատանքի առավել տևական ստաժ ունեցող դիմորդին:

Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության դեպքում մրցութային և ոչ մրցութային առարկաների միավորների հավասարության պայմաններում նախապատվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով 2002 թվականին ընդունելության քննություն հանձնած դիմորդին:

18. Դիմորդի ընդունելության արտոնությունները հաշվի են առնվում համաձայն ՀՀ կառավարության 27.08.1999 թ. «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» հմ. 545 որոշման պահանջների:

19. Ընդունելության մրցույթի արդյունքների հրապարակումը և մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2002 թվականի դեկտեմբերի 3-ը:

20. Հրամանագրված դիմորդի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

21. Թափուր տեղերի առկայության դեպքում Հաստատություն մրցութային հիմունքով կարող է ընդունվել ընթացիկ տարում տվյալ Հաստատության այլ մասնագիտության, ինչպես նաև այլ միջին կամ բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատության մրցույթով չանցած այն դիմորդը, որը մինչև 2002 թվականի դեկտեմբերի 5-ը ներառյալ ներկայացնում է համընկնող քննական առարկաներից ստացած միավորների մասին սահմանված ձևի տեղեկանք:

22. Ընդունելության հետ առնչվող կամ քննությունների ընթացքում ծագած հարցերը, որոնք չեն կանոնակարգվում սույն Կանոններով, կարգավորվում են համապատասխան նորմատիվ փաստաթղթերով, Նախարարության կամ տվյալ Հաստատությունը կառավարող պետական լիազորված մարմնի որոշումներով՝ համաձայնեցնելով Նախարարության հետ:

23. Սույն կանոնների իրականացումը վերահսկում է Նախարարությունը: