Գլխավոր տեղեկություն
Համար
N 106-Հ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.09.1999-01.11.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.09.10/14(36)
Ընդունող մարմին
Սեփականաշնորհման նախարարություն
Ընդունման ամսաթիվ
27.07.1999
Ստորագրող մարմին
Սեփականաշնորհման նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.07.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.2008

114.0106.27.07.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

27 հուլիսի 1999 թ.
ք. Երևան

N 106-Հ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության որոշումներով լուծարված ընկերությունների գույքի պահպանման և օգտագործման գործընթացը կանոնակարգելու նպատակով.

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «ՀՀ կառավարության որոշումներով լուծարված ընկերությունների գույքի պահպանման և օգտագործման գործընթացը կանոնակարգելու մասին» որոշումը (կցվում է):

 

 

Պ. Ղալթախչյան

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող ընկերությունների գույքի պահպանման եվ օգտագործման

 

Սույն կարգը ընդունված է ելնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թ. հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 76 որոշմամբ հաստատված կանոնադրության 7-րդ կետի ե) ենթակետից:

 

1. ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող ընկերությունների ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրում լուծարման վերաբերյալ գրառում կատարելուց հետո 20-օրյա ժամկետում ՀՀ սեփականաշնորհման նախարարի հրամանով` «Շահագործման տնտեսություն» ՊՓԲԸ-ի տնօրենի կողմից ստեղծված հանձնաժողովը կատարում է ընկերության լուծարումից հետո մնացած գույքի ընդունում ՀՀ սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը և տվյալները ներկայացնում է ՀՀ սեփականաշնորհման նախարարության հաշվապահություն` համապատասխան ձևակերպումներ կատարելու համար:

2. ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը լուծարված ընկերությունների գույքի պահպանումը իրականացնում է «Շահագործման տնտեսություն» ՊՓԲԸ-ի միջոցով` կնքելով նրա հետ հանձնարարության պայմանագիր: Հանձնարարության պայմանագրով «Շահագործման տնտեսություն» ՊՓԲԸ-ի կողմից գույքը պահպանելու համար ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից նախատեսված վճարները պետք է բովանդակեն սահմանված կարգով պահպանության ծախսերը` ներկայացված «Շահագործման տնտեսություն» ՊՓԲԸ-ի կողմից և 10 % շահույթ:

3. «Շահագործման տնտեսություն» ՊՓԲԸ-ի ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի պահպանումը իրականացնում է լուծարված ընկերությունների կողմից նախօրոք փոխանցված դրամական միջոցների հաշվին, և ամենամսյա հաշվետվություն է ներկայացնում նախարարություն` դրամական միջոցների նպատակային ծախսման վերաբերյալ:

4. ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը կարող է լուծարված ընկերությունների աշխատանքների անընդհատությունն ապահովելու նպատակով լուծարված ընկերության գույքի առանձին տարրերը տրամադրել վարձակալության` որոշակի ժամկետով` մինչև ՀՀ կառավարության որոշմամբ այդ գույքի մասնավորեցումը կամ վարձակալության հանձնումը, միաժամանակ այդ ընկերությունների լուծարումից հետո մնացած երկարաժամկետ պահպանության համար ոչ պիտանի շրջանառու միջոցները վաճառել վարձակալին` շուկայական գներով:

5. Լուծարված ընկերությունների գույքը ՀՀ կառավարության որոշումներով մասնավորեցվելուց կամ վարձակալության հանձնելուց հետո, այդ գույքի պահպանման համար նախատեսված և տնտեսված գումարները կարող են օգտագործվել լուծարված այլ ընկերությունների գույքի պահպանման համար:

Գույքի պահպանման համար նախատեսված և չծախսված գումարները ենթակա են փոխանցման պետական բյուջեի համապատասխան հաշվին:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
16 օգոստոսի 1999 թ.
Պետական գրանցման թիվ  11499135