ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
19 հունվարի 1998 թ. N 32
քաղ. Երևան
«ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՇԵՆՔԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ» ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թ. ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը հաստատելու մասին» թիվ 98 որոշման 7-րդ կետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Աղետի գոտում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին կառուցվող շենքերից բնակարան ստացող քաղաքացիների կողմից բնակարանի շինարարության արժեքի վերադարձման» կարգը:
Նախարար |
Ա. Դարբինյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՇԵՆՔԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. ապրիլի 23-ի թիվ 98 որոշման 7-րդ կետի համաձայն սահմանվում է աղետի գոտում ՀՀ պետական բյուջեի հաշվին կառուցվող շենքերից բնակարան ստացող քաղաքացիների կողմից բնակարանի շինարարության արժեքի վերադարձման հետևյալ կարգը.
1. Աղետի գոտու բնակավայրերում պետական բյուջեի հաշվին կառուցվող շենքերից սահմանված կարգով հերթագրված բնակարան ստացող բնակիչները, հիմք ընդունելով տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի (քաղաքապետարանի, գյուղապետարանի)` բնակարան հատկացնելու մասին որոշումը, իրենց համաձայնությամբ, բնակարանի շինարարության արժեքի 25 տոկոսի վերադարձման նպատակով մարզպետարանի հետ կնքում են կառուցվող բնակարանի վարձակալության պայմանագիր` բնակարանի հետգնման պայմանով (ձևը կցվում է):
2. Բնակարանի հետ գնման գինը կազմում է բնակարանի շինարարության (վերակառուցման) արժեքի 25 տոկոսը, որի նկատմամբ կիրառվում են տարածագնահատման գոտիների գործակիցներ:
3. Բնակարանի հետգնման գնի 10 տոկոսը բնակարան ստացող քաղաքացին մինչև շինարարական աշխատանքների սկսվելը միանվագ մուծում է պետական բյուջե: Նշված գումարի մուծումը հանդիսանում է բնակարան ստացող քաղաքացու հետ կնքված վարձակալության պայմանագիրը ուժի մեջ մտնելու պայման:
4. Բնակարան ստացող քաղաքացին, այն ստանալուց հետո, բնակարանի հետգնման գնի մնացած 90 տոկոսը 25 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի հավասար չափով վճարում է պետական բյուջե: Հետգնման գնի նշված մասը քաղաքացին կարող է վճարել նաև վերոհիշյալ ժամկետից շուտ:
Բնակարանի հետգնման գինը ամբողջությամբ վճարելուց հետո քաղաքացին (նրա ժառանգը) ձեռք է բերում բնակարանի սեփականության իրավունք:
5. Կառուցվող բնակարանի հետգնման գնի 4-րդ կետում նախատեսված մասի լրիվ վճարումը երաշխավորվում է տվյալ համայնքի կողմից, որի համար համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինը (քաղաքապետարան, գյուղապետարան) մարզպետարան է ներկայացնում երաշխիքային նամակ կամ սահմանված ձևի պարտավորագիր: Քաղաքացու հետ բնակարանի վարձակալության պայմանագիրը կնքվում է երաշխիքային նամակը կամ պայմանագիրը ներկայացնելուց հետո:
6. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մարզպետարանից տվյալ շենքի բնակիչների կողմից բնակարանի հետգնման գնի միանվագ մուծումների մասին փաստաթուղթը, վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև հետգնման գնի համապատասխան մասի վճարման ապահովման վերաբերյալ համայնքի երաշխավորությունը (երաշխիքային նամակ, պարտավորագիր) ստանալուց հետո սահմանված կարգով օբյեկտը նախատեսում է ֆինանսավորման ծրագրում:
7. Բնակարան ստացած քաղաքացին բնակարանի հետգնման գնի 90 տոկոսը կազմող մուծումները վարձակալության պայմանագրով նախատեսված ժամկետներում չմուծելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի կողմից զգուշացվում է 15 օրվա ընթացքում մարելու պարտքը:
Զգուշացումից հետո ունեցած պարտքը չմարելու դեպքում համապատասխան գումարը սահմանված կարգով գանձվում է համայնքի բյուջեից:
8. Երաշխավորությունը տված համայնքի և քաղաքացու հարաբերությունները կարգավորվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի և քաղաքացու միջև կնքված պայմանագրով: Նշված պայմանագրի լուծման դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդության հիման վրա մարզպետարանը իրավունք ունի պահանջել վարձակալության պայմանագրի լուծում և սահմանված կարգով կնքել բնակարանի վարձակալության պայմանագիր մեկ այլ քաղաքացու հետ:
9. Սույն կարգով սահմանված բնակարանի հետգնման գնի վճարման նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ք. ______________ | ___ ___________ 199 թ. |
ՀՀ կառավարության ______________________ թիվ _____________ որոշման համաձայն,
ՀՀ _________________________________ մարզպետի կողմից լիազորված, մարզպետարանի
քաղաքաշինության և ճարտարապետության բաժինը (այսուհետև` վարձատու) մի կողմից և
ՀՀ ________________________ մարզի բնակիչ ____________________________
________________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն, անձնագրի տվյալները)
(այսուհետև` վարձակալ) մյուս կողմից, հիմք ընդունելով քաղաքապետի
(գյուղապետի) ________________________________________________________
(հատկացումը հաստատող փաստաթուղթ)
199 թ. ______________ - ին կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Սույն պայմանագրով վարձատուն պարտավորվում է կառուցել
_________________________________________________
(բնակարանի տվյալները)
(վերակառուցել)_____________ բնակարանը և այն մինչև բնակարանի հետգնման գնի լրիվ վճարումը օգտագործման հանձնել վարձակալին, իսկ վարձակալը պարտավորվում է բնակարանը օգտագործման ընդունել և կատարել սույն պայմանագրով նախատեսված վճարումները (վարձավճար և հետգնման գին):
1.2. Վարձակալը հետգնման գնի լրիվ վճարման դեպքում ձեռք է բերում սեփականության իրավունք բնակարանի նկատմամբ:
1.3. Վարձավճարի չափը` _____________________________
(դրամ)
1.4. Բնակարանի հետգնման գինը կազմում է` __________________________ ԱՄՆ
դոլարին համարժեք դրամ` հաշվարկված վճարման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Վարձատուն հաստատում է, որ բնակարանի կառուցման (վերակառուցման) նպատակով ծախսվող գումարի 25 տոկոսը (տարածագնահատման գոտիների գործակցի կիրառմամբ) կազմում է _______________ ԱՄՆ դոլարի համարժեք դրամ:
2.2. Վարձատուն պարտավոր է.
ա) կառուցված (վերակառուցված) բնակարանը վարձակալին հանձնել գործող շինարարական նորմերին համապատասխանող վիճակում.
բ) վարձակալի պահանջով նրան տեղեկանք տալ կատարված վճարումների վերաբերյալ:
2.3. Վարձատուն իրավունք ունի.
ա) լուծելու սույն պայմանագիրը, եթե բնակարանը ստանալուց հետո վարձակալը երկամսյա ժամկետում այն չի շահագործում.
բ) վարձակալի կողմից սույն պայմանագրի 2.4. կետի ա) ենթակետով նախատեսված գումարը ժամանակին չվճարելու, ինչպես նաև նույն կետի բ) ենթակետով նախատեսված մուծումները ժամանակին չկատարելու դեպքում քաղաքապետարանի (գյուղապետարանի) միջնորդության հիման վրա լուծելու սույն պայմանագիրը և կնքելու բնակարանի վարձակալության պայմանագիր մեկ այլ քաղաքացու հետ.
գ) լուծելու սույն պայմանագիրը, եթե վարձակալը չի մուծել վարձավճարը վճարման ժամկետը լրանալու օրվանից երեք ամսվա ընթացքում:
2.4. Վարձակալը պարտավոր է.
ա) սույն պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում պետական բյուջե միանվագ մուծելու ____________ ԱՄՆ դոլարի համարժեք դրամ, որը կազմում է բնակարանի հետգնման գնի 10 տոկոսը.
բ) բնակարանը ստանալուց հետո 25 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի պետական բյուջե վճարել _____________ ԱՄՆ դոլարի համարժեք դրամ, որը սույն կետի ա) ենթակետում նշված գումարի հետ կազմում է բնակարանի հետգնման ամբողջ գինը.
գ) բնակարանը ստանալուց հետո, մինչև բնակարանի հետգնման գնի լրիվ վճարումը, ամեն ամիս, բայց ոչ ուշ քան ապրած ամսվան հաջորդող ամսի տասը, մուծել բնակարանավարձ.
դ) պահպանել բնակարանը այնպիսի վիճակում, որ նրա արժեքը չնվազի հաշվեկշռային գնից, իսկ եթե բնակարանը դարձել է անօգտագործելի, ապա վերականգնել նրա նախնական տեսքը երեք ամսվա ընթացքում կամ վճարել հասցված վնասին համարժեք գումար.
ե) չփոխել բնակարանի նախագծային տեսքը և նշանակությունը.
զ) ժամանակին մուծել կոմունալ սպասարկման վճարները.
է) պայմանագրի լուծման դեպքում բնակարանը վերադարձնել համայնքին:
2.5. Վարձակալն իրավունք ունի.
ա) կամովին հրաժարվել կառուցված բնակարանից` նախօրոք գրավոր հայտարարություն տալով այդ մասին.
բ) սույն պայմանագրի 2.4. կետի բ) ենթակետով նախատեսված ժամկետից շուտ վճարել բնակարանի հետգնման գնի համապատասխան մասը և դառնալ բնակարանի սեփականատեր:
3. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
3.1. Վարձակալի կողմից սույն պայմանագրի 2.4 կետի բ) ենթակետով նախատեսված հետգնման գնի համապատասխան մասի վճարումը երաշխավորվում է _____________________ համայնքի կողմից:
3.2. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում վարձակալի կողմից սույն պայմանագրի 2.4 կետի ա) ենթակետով նախատեսված միանվագ մուծումը կատարելու պահից:
3.3. Սույն պայմանագրի կնքման և կատարման հետ կապված վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.4. Սույն պայմանագիրը կնքվում է երեք օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ:
ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎԱՐՁԱՏՈՒ` | ՎԱՐՁԱԿԱԼ |
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ______________ | _________________ |
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ ______________ | _________________ |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
24 փետրվարի 1998 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20980083
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|