Գլխավոր տեղեկություն
Համար
N 112-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2004-25.09.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.06.01/13(161) Հոդ.172
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.05.2004
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.09.2016

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10504112


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 մայիսի 2004 թ. 
ք. Երևան

N 112-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳԵՏԱՈՂՈՂԱՏԱՅԻՆ ՏԻՊԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՎԱԶԻ ԵՎ ԱՎԱԶԱԿՈՊՃԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Ընդերքի մասին» օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով և գետաողողատային տիպի հանքավայրերի հետախուզման աշխատանքները մեթոդական հենքով ապահովելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդների) վերականգնվող պաշարների գնահատման մեթոդական ցուցումները» համաձայն հավելվածի:

 

Նախարար

Վ. Այվազյան

 

 

Հավելված

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարարի
2004 թվականի մայիսի 3
N 112-Ն հրամանով

 

ԳԵՏԱՈՂՈՂԱՏԱՅԻՆ ՏԻՊԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՎԱԶԻ (ԱՎԱԶԱԿՈՊՃԱՅԻՆ, ԱՎԱԶԱԿՈՊՃԱԳԼԱՔԱՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ) ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. Սույն կարգը տարածվում է գետերի ողողատներում գտնվող հանքավայրերի (ողողատային տիպի հանքավայրեր) վրա, որոնց պաշարները պարբերաբար ընթացող վարարումների արդյունքում այս կամ այն չափով վերականգնվում են:

2. Ողողատային տիպի հանքավայրերի վերականգնվող պաշարները, դասվում են C1 կարգի և, որպես կանոն, գնահատվում ու հաստատվում են երկու փուլով՝ երկրաբանահետախուզական աշխատանքների և արդյունահանման գործընթացն ուղեկցող դիտարկումների արդյունքներով:

3. Ողողատային տիպի հանքավայրերում երկրաբանահետախուզական աշխատանքներն իրականացվում են ստատիկ պաշարներով բնութագրվող դարավանդային հանքավայրերի հետախուզման համար կիրառվող մեթոդներով ու միջոցներով:

4. Ողողատային տիպի հանքավայրերի վերականգնվող պաշարների գնահատականը տրվում է դրանց ընդհանուր և տեսակարար ստատիկ պաշարների (համապատասխանաբար Qս, հազ. մ3 և qս, հազ. մ3/հա) ու վերջիններիս վերականգնման գործակցի (Kվ անգամ/տարի) արտադրյալով՝ Qվ = Qս x Kվ հազ. մ3/տարի, qվ = qս x Kվ, հազ. մ3/հա x տարի:

5. Տեսակարար ստատիկ պաշարները որոշվում են ընդհանուր ստատիկ պաշարների և հանքավայրի մակերեսի (S, հա) հարաբերությամբ՝ qս= Qս: S, հազ. մ3/հա:

6. Երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքներով վերականգնվող պաշարների գնահատման (1-ին փուլ) համար դրանց վերականգնման գործակիցն ընդունվում է տվյալ գետում տարվա ընթացքում տեղի ունեցող վարարումների թվին հավասար, ինչը համապատասխանում է պաշարների վերականգնման առավելագույն հնարավոր ինտենսիվությանը: Նշված ձևով գնահատված պաշարները դասվում են C1 կարգի:

7. Ողողատային տիպի հանքավայրերի պաշարների հաշվարկման նյութերը ձևակերպվում և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի Օգտակար հանածոների պաշարների գործակալության (այսուհետ՝ ՀՀ ՕՀՊԳ) դիտարկմանն են ներկայացվում նույն կարգով, որը սահմանված է ստատիկ պաշարներով բնութագրվող պինդ օգտակար հանածոների հանքավայրերի համանման նյութերի համար: Ի տարբերություն վերջիններիս, այդ նյութերը պետք է պարունակեն նաև պաշարների վերականգնման դինամիկայի գնահատականին նվիրված բաժին:

8. Երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքներով ՀՀ ՕՀՊԳ-ում հաստատված վերականգնվող պաշարները, ընդերքօգտագործողի ցանկությամբ ու նախաձեռնությամբ, կարող են վերահաշվարկվել և վերահաստատվել (2-րդ փուլ):

9. Պաշարների վերահաշվարկն ու վերահաստատումն իրականացվում են առնվազն երեք տարվա ընթացքում պետական երկրաբանամարկշեյդերական վերահսկողության ներքո կատարված դիտարկումների արդյունքում՝ պաշարների վերականգնման ճշգրտված գործակցի կիրառմամբ:

10. Պաշարների վերահաստատման փուլում ՀՀ ՕՀՊԳ-ին ներկայացվող նյութերը պետք է պարունակեն 1-ին փուլում ներկայացված նյութերի համառոտագիրը և համալրվեն պաշարների վերականգնման գործակցի ճշգրտված մեծությունը հիմնավորող առաջնային երկրաբանամարկշեյդերական փաստագրման նյութերի կրկնօրինակներով ու վերականգնվող պաշարների ճշգրտված հաշվարկով: Այս նյութերը հավելվում են հանքավայրի պաշարների վերահաստատման վերաբերյալ ՀՀ ՕՀՊԳ-ի որոշմանը:

11. Սույն կարգի 10-րդ կետի պահանջներին համապատասխան կազմված և ՀՀ ՕՀՊԳ-ի դիտարկմանը ներկայացված նյութերի փորձաքննության տևողությունը, որպես կանոն, չի գերազանցում երկշաբաթյա ժամկետը: