Գլխավոր տեղեկություն
Համար
N 747
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.12.30/20(42)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
07.12.1999
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

7 դեկտեմբերի 1999 թ.
ք. Երևան 

N 747

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ (ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ) ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. մարտի 27-ի «Զինապարտների բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը հաստատելու մասին» N 180 որոշման 2-րդ կետի բ ենթակետի, ՀՀ քաղաքացիական բժշկական հիմնարկներում զինապարտների (զորակոչիկների) բուժհետազոտումը արդյունավետ և նպատակային դարձնելու, զինապարտների հետ տարվող աշխատանքները կանոնակարգելու նպատակով,

 

Հաստատում եմ`

 

ՀՀ քաղաքացիական բժշկական հիմնարկներում զինապարտների (զորակոչիկների) բժշկական հետազոտության կարգը (կցվում է):

 

Հրամայում եմ`

 

Բոլոր բժշկական հիմնարկների ղեկավարներին` առաջնորդվել սույն հրամանով հաստատված կարգով:

 

Նախարար`

Հ. Նիկողոսյան

 

 

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարության
1999 թ. դեկտեմբերի 7-ի
N 747 հրամանով

 

Կ ա ր գ

 

ՀՀ քաղաքացիական բուժհիմնարկներում զինապարտների (զորակոչիկների) բժշկական հետազոտության

 

1. Սույնով սահմանվում է ՀՀ քաղաքացիական բժշկական հիմնարկներում զինապարտների (զորակոչիկների) հետազոտման կարգը*:

2. Զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովները զինապարտներին (զորակոչիկներին), ըստ տարածքային սպասարկման, ՀՀ  կառավարության կողմից ամրագրված բժշկական հիմնարկներ են ուղեգրում` տալով ուղեգիր և ակտ:

Զինապարտի (զորակոչիկի) բժշկական հետազոտման ուղեգրումն իրականացվում է ըստ գրանցման վայրի` համապատասխան տարածաշրջանային զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից: Ուղեգրում պարտադիր նշվում է նախնական ախտորոշումը, առանց որի ուղեգիրն անվավեր է: Ուղեգիրը ստորագրվում է զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ավագ բժշկի ու զինկոմի կողմից և կնքվում է զինկոմիսարիատի կնիքով: Ուղեգրի հետ միասին պարտադիր տրվում է նաև ակտ, որի վրա պետք է փակցված լինի զինապարտի լուսանկարը` կնքված զինկոմիսարիատի կնիքով:

3. ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկով բուժհիմնարկներում Առողջապահության նախարարի հրամանով նշանակված հանձնաժողովների նախագահները` հինգօրյա ժամկետում առողջապահության նախարարություն են ներկայացնում իրենց հանձնաժողովի կազմը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված բժշկական հիմնարկներում զինապարտները հիվանդանոցային պայմաններում բուժհետազոտման են ենթարկվում հետևյալ դեպքերում.

- մարզային տարածաշրջանային բժշկական հետազոտում իրականացնող բազաներում` այդ բազայի տեղակայման քաղաքից դուրս բնակվող զորակոչիկները,

- երբ մարզերից զորակոչիկները բժշկական հետազոտման են ուղարկվում Երևան,

- երբ զորակոչիկները հետազոտվում են ցնցումային սինդրոմի, հոգեկան, հեմատոլոգիական, պարբերական հիվանդության կամ էնուրեզի կապակցությամբ,

- երբ բուժհիմնարկը հետազոտման դժվարության դեպքում, անկախ հիվանդության բնույթից, գրավոր հիմնավորում է ներկայացնում առողջապահության նախարարություն, որն էլ տալիս է կոնկրետ դեպքի համար գրավոր թույլտվություն:

Մնացած բոլոր դեպքերում զորակոչիկները, որպես կանոն, բժշկական հիմնարկում հետազոտվում են ցերեկային ստացիոնարի ձևով:

5. Զինապարտների (զորակոչիկների) հետազոտման վերջնական ախտորոշումը գրվում է միայն բոլոր անհրաժեշտ քննություններն իրականացնելուց հետո: Ակտը լրացվում է մեքենագիր, առանց հապավումների, նշելով կատարված բոլոր քննություններն իրենց արդյունքներով: Ախտորոշումից բացի պարտադիր նշվում է նաև օրգան-համակարգերի ֆունկցիայի խանգարման աստիճանը: Ակտի կրկնօրինակը կցվում է զորակոչիկի հիվանդության նկարագրին:

 Ռենտգեն հետազոտությունը իրականացնելիս, ռենտգենյան նկարի վրա պարտադիր նշվում է հետազոտվողի անուն ազգանունը, հետազոտման օրը: Ռենտգենյան նկարները, ինչպես նաև այլ հետազոտությունների արդյունքները, զինկոմիսարիատի կողմից ներկայացված գրավոր պահանջով, կարող են տրամադրվել զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովին` հետ վերադարձնելու պարտադիր պայմանով:

 Ստացիոնար բազայում, ախտորոշման համար անհրաժեշտ նեղ մասնագիտական որևէ հետազոտության մշտական կամ ժամանակավոր բացակայության դեպքում, բուժհիմնարկի ղեկավարը կարող է զինապարտներին ուղեգրել բուժհետազոտում իրականացնելու իրավունք ունեցող, ինչպես նաև սահմանված կարգով պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության սահմաններում եզակի և թանկարժեք ախտորոշիչ հետազոտություններ իրականացնող այլ բուժհիմնարկներ` սահմանված կարգով հետագա գումարային փոխհատուցմամբ:

 Յուրաքանչյուր զորակոչի ավարտից հետո, հինգ օրվա ընթացքում, բուժհետազոտություն իրականացնող հիմնարկը ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացնում զինապարտների (զորակոչիկների) վերաբերյալ բժշկական հաշվետվություն` համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատվող ժամանակավոր հաշվետվության ձևի:

 

______________

* Զինապարտների (զորակոչիկների) բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը, համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի, հաստատում է ՀՀ Կառավարությունը:

 

ՀՀ առողջապահության նախարարի
տեղակալ`

Ա. Զեյնալյան

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
27 դեկտեմբերի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 10099169

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան