«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10203359
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 նոյեմբերի 2003 թ. |
N 390-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՎԵՐԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԻՆՔՆԱՍՈՍՆՁՎՈՂ ՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նոտարական փաստաթղթերը կեղծիքներից պաշտպանելու նպատակով‚
Հրամայում եմ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության նոտարների կողմից վավերացվող փաստաթղթերում պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակների օգտագործման կարգը (հավելված N 1 կցվում է):
Դ. Հարությունյան
Հավելված N 1
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՎԵՐԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԻՆՔՆԱՍՈՍՆՁՎՈՂ ՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության նոտարների կողմից վավերացվող փաստաթղթերում պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակների օգտագործման ընթացքում ծագող հարաբերությունները:
2. Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակները օգտագործվում են նոտարի կողմից վավերացվող փաստաթղթերը կեղծիքներից, ինչպես նաև հետագայում դրանց նույնականացման (իդենտիֆիկացման) հատկանիշները պաշտպանելու նպատակով:
3. Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակները համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր: Նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժինը բացում է պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակների հաշվառման հատուկ գրանցամատյան (այսուհետ` գրանցամատյան), որտեղ նշվում է պիտակների այն քանակությունը, ըստ համարների, որը հատկացվում է տվյալ նոտարին:
Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակի ստացման մասին նոտարը ստորագրում է գրանցամատյանում:
4. Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակների բաշխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի նոտարիատի բաժնի կողմից` յուրաքանչյուր նոտարի վճարած գումարին համապատասխան:
Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակներ ձեռք բերելու համար նոտարը նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժին է ներկայացնում դիմում, ինչպես նաև պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակների ձեռք բերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի (հաշիվ-ֆակտուրա) բնօրինակն ու պատճենը (բնօրինակը վերադարձվում է նոտարին):
Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակները նոտարին տրվում են սույն կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց անմիջապես հետո:
II. ՊԱՇՏՊԱՆԻՉ ԻՆՔՆԱՍՈՍՆՁՎՈՂ ՊԻՏԱԿՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
5. Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակները դրվում են նոտարի կողմից վավերացվող բոլոր փաստաթղթերի վրա, անկախ դրանց էջերի քանակից:
6. Եթե փաստաթուղթը բաղկացած է մեկ թերթից, ապա պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակը փակցվում է նոտարի վավերացման մակագրությունից հետո, փաստաթղթի ներքևում: Պիտակի կեսի վրա նոտարը դնում է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով իր կնիքը:
Եթե փաստաթուղթը բաղկացած է մի քանի թերթից, ապա «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, տվյալ թերթերը կարվում են, իսկ պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակը փակցվում է կարի վրա: Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակի կեսի վրա նոտարը դնում է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով իր կնիքը:
Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակների համարները (համարանիշը) պետք է նշել նոտարի սեղանամատյանում` այն նոտարական գործողության գրանցման ռեեստրի դիմաց, որի վավերացման համար օգտագործվում է տվյալ պիտակը:
7. Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակները դրվում են այնպես, որպեսզի բացառվի դրանք պոկելու հնարավորությունը, առանց փաստաթուղթը վնասելու:
Արգելվում է պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակների վրա կատարել նշագրումներ, պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակները կամ դրանց մի մասը ծածկել անթափանց թաղանթներով:
8. Եթե օգտագործման ընթացքում կամ այլ պատճառներով պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակը վնասվում է, ապա նոտարը այն առանձնացնում և հաշվառում է որպես խոտանված, ապա յուրաքանչյուր տարվա վերջում վերադարձնում Նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժին` ոչնչացման համար:
Վնասված պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակները վերադարձվում են առանձին, եթե դա հնարավոր է: Հակառակ դեպքում վնասված պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակները վերադարձվում են փաստաթղթի այն էջի հետ միասին, որի վրա պիտակը փակցվել է:
9. Վնասված պիտակները ոչնչացման ակտով այրվում են Նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժնի կողմից:
10. Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակների օգտագործման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժինը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.09.2010, N 178-Ն | 25.09.2010, N 390-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|