Գլխավոր տեղեկություն
Համար
N 37/116-0014
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.04.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.04.11/5(11)
Ընդունող մարմին
Տրանսպորտի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.1998
Ստորագրող մարմին
Տրանսպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

26.02.1998 թ.
քաղ. Երևան

 N 37(116-0014)

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԹՈՒՆԵԼՆԵՐԻՑ ԵՎ ԳԾԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՏԵՂԱՄԱՍԵՐԻՑ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել «Երևանի մետրոպոլիտենի գնացքների երթևեկությունն ընդհատվելու դեպքում մետրոպոլիտենի թունելներից և գծի վերգետնյա տեղամասերից ուղևորներին դուրս բերելու կարգի մասին» հրահանգը:

2. Սույն հրամանը և հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Նախարար

Հ. Քոչինյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԹՈՒՆԵԼՆԵՐԻՑ ԵՎ ԳԾԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՏԵՂԱՄԱՍԵՐԻՑ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը բխում է ՀՀ տրանսպորտի նախարարության և Երևանի մետրոպոլիտենի կանոնադրական խնդիրներից:

1.2. Հրահանգը սահմանում է մետրոպոլիտենի աշխատողների գործողությունների կարգը ուղևորներին գնացքից իջեցնելու և թունելից կամ գծի վերգետնյա տեղամասից նրանց դուրս բերելու ժամանակ, կայարանամեջում գնացքի կանգառի և նրա հետագա երթևեկության կամ կայարան վերադառնալու անհնարինության դեպքերում:

1.3. Թունելից կամ գծի վերգետնյա տեղամասից ուղևորներին դուրս բերելու աշխատանքների կազմակերպումը դրվում է գնացքի կարգավարի վրա:

Կայարանամեջից ուղևորների դուրս բերումը կազմակերպելու համար գնացքի կարգավարը կարող է ներգրավել դեպքի վայր ժամանած մետրոպոլիտենի աշխատողներին, անկախ թե որ ծառայությունից են նրանք:

1.4. Մետրոպոլիտենի բոլոր աշխատողները, որոնք գտնվում են կայարանում և այն գնացքում, որից իրականացվում է ուղևորների իջեցումը, պարտավոր են օգնություն ցույց տալ կայարանի հերթապահին և լոկոմոտիվային բրիգադին (մեքենավարին)` թունելից կամ գծի վերգետնյա տեղամասից ուղևորների դուրս բերումն ապահովելու համար:

 

2. ԳՆԱՑՔԻ ԿԱՐԳԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՏՎԵԼՈՒ ԵՎ ԿԱՅԱՐԱՆԱՄԵՋՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԳՆԱՑՔԻՑ ԻՋԵՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

2.1. Գնացքի կարգավարը պարտավոր է.

2.1.1. Լոկոմոտիվային բրիգադի (մեքենավարի) կամ կայարանի հերթապահի միջոցով պարզել ուղևորներին գնացքից իջեցնելու անհրաժեշտության պատճառը, որոշում կայացնել ուղևորներին դուրս բերելու և նրանց շարժման ուղղության մասին, եթե բացառված է գնացքի հետագա երթևեկության կամ կայարանամեջից վերադառնալու հնարավորությունը:

2.1.2. Հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել տվյալ կայարանամեջի մյուս գծով գնացքները դուրս բերելու, այդ կայարանամեջում երկու գծով գնացքների երթևեկությունը դադարեցնելու համար և տեղաբաշխել գնացքները կայարաններում` թույլ չտալով ուղևորներով գնացքների գտնվելը թունելում:

2.1.3. Լոկոմոտիվային բրիգադի (մեքենավարի) պահանջով, իսկ մարդկանց կյանքին և երթևեկության անվտանգությանը սպառնացող դեպքերում` մետրոպոլիտենի ցանկացած աշխատողի պահանջով, հրաման տալ այդ կայարանամեջի երկու գծերով հպակային ռելսից լարումը հանելու համար և պահանջել օդափոխության միացումը համապատասխան ռեժիմի:

Միուղի թունելներում գնացքների երթևեկությունը այն գծով, որում չի իրականացվում ուղևորների դուրս բերումը, կարելի է կազմակերպել միայն բաց միջուղային անցարանների մոտ և իջատեղերի խցիկում հսկիչ կետերի տեղադրման մասին պատասխանատու անձից տեղեկություն ստանալուց հետո:

2.1.4. Ցուցում տալ համապատասխան կայարանների հերթապահներին կայարանամեջում բանվորական և վթարային լուսավորությունը միացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում` կայարանները փակելու և դրանք ուղևորներից ազատելու մասին:

2.1.5. Կազմակերպել բժշկական շտապ օգնության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վերականգնողական բրիգադների և քաղաքի հրշեջ կազմավորումների կանչ:

2.2. Հպակային ռելսից լարումը հանելու մասին էներգակարգավարի հրամանը ստանալուց հետո, գնացքի կարգավարը պարտավոր է.

2.2.1. Կարգադրել համապատասխան կայարանների հերթապահներին կարճամիակցիչները միացնելու կամ շարժական կարճատիչները տեղադրելու մասին, այն գծերում, որտեղ հանված է լարումը:

2.2.2. Նշանակել պատասխանատու անձ` ուղևորներին թունելից և վերգետնյա տեղամասից դուրս բերելու աշխատանքները կազմակերպելու համար:

2.2.3. Կայարանների հերթապահներից կարճամիակցիչների միացման կամ կարճատիչների տեղադրման մասին տեղեկություն ստանալուց հետո ցուցում տալ լոկոմոտիվային բրիգադին (մեքենավարին) ուղևորներին գնացքից իջեցնելու և էվակուացնելու համար:

2.3. Խմբերի ավագներից և ուղևորներին դուրս բերելու համար նշանակված պատասխանատու անձից, թունելը ստուգելու պատրաստականության մասին հաղորդում ստանալուց հետո, գնացքի կարգավարը կարգադրում է կարճամիակցիչները անջատելու կամ կարճատիչները հանելու մասին և, ստանալով կարգադրության կատարման մասին կայարանի հերթապահների հաղորդումը, հրաման է տալիս էլեկտրակարգավարին` հպակային ռելսին լարում տալու մասին: Առաջին գնացքին, որն ընթանում է այն կայարանամեջով, որտեղ իրականացվում է ուղևորների դուրս բերումը, տրվում է գրավոր նախազգուշացում` այդ տեղով հատուկ զգոնությամբ ընթանալու համար:

 

3. ԹՈՒՆԵԼԻՑ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԷՎԱԿՈՒԱՑԻԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՆԱՑՔԻ ԿԱՐԳԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Գծի վերգետնյա տեղամասից կամ թունելից ուղևորների էվակուացիան կազմակերպելու համար գնացքի կարգավարի կողմից նշանակված պատասխանատու աշխատողը (մետրոպոլիտենի ծառայության, ուղեմասի հերթապահ, ծառայության ղեկավար կամ մետրոպոլիտենի այլ աշխատող) պարտավոր է.

3.1.1. Գնացքի կարգավարի ցուցումով ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները ուղևորների էվակուացիան արագորեն կազմակերպելու համար:

3.1.2. Կազմել հատուկ խմբեր (երկուսից ոչ պակաս), մետրոպոլիտենի և մետրոպոլիտենի պահպանության ՆԳ բաժնի աշխատողներից, ուղևորներին էվակուացնելու և կայարանամեջում, միջգծային անցարաններում և մերձթունելային փորվածքներում մարդկանց բացակայությունը ստուգելու համար:

3.1.3. Նշանակել խմբերի ավագներ և զեկուցել գնացքի կարգավարին խմբերի քանակի և ավագներ նշանակելու մասին:

3.1.4. Գնացքի կարգավարի հետ համաձայնեցնել ուղևորների էվակուացման ուղիները:

3.1.5. Խմբեր ուղարկել թունել` ուղևորներին գնացքից իջեցնելու և մինչև կայարանի ճակատային մասեր ուղեկցելու աշխատանքների կազմակերպմանն օգնելու համար:

3.1.6. Պարտավորեցնել խմբերի ավագներին, գնացքային կարգավարական կամ թունելային կապի միջոցով, զեկուցել գնացքի կարգավարին նրա ցուցումները կատարելու մասին:

3.1.7. Կայարանի ճակատային մասերում կազմակերպել մետրոպոլիտենի աշխատողներից կազմված հսկիչ կետեր:

3.1.8. Կազմակերպել կայարանից ուղևորների դիմավորումը, էվակուացիան և, նրանց դուրս բերման ու թունելի երկու գծերի մանրակրկիտ ստուգման ավարտից հետո, զեկուցել այդ մասին գնացքի կարգավարին:

 

4. ԿԱՅԱՐԱՆԻ ՀԵՐԹԱՊԱՀԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՏՎԵԼՈՒ ԵՎ ԿԱՅԱՐԱՆԱՄԵՋՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԳՆԱՑՔԻՑ ԻՋԵՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

4.1. Կայարանի հերթապահը պարտավոր է.

4.1.1. Թունելից կայարան ուղևորների առաջիկա դուրս բերման մասին գնացքի կարգավարից հաղորդում ստանալուց հետո, միացնել կայարանամեջի վթարային և բանվորական լուսավորությունը, անհրաժեշտության դեպքում փակել ուղևորների մուտքը կայարան և միջոցներ ձեռնարկել կայարանում գտնվող ուղևորների հեռացման համար, կազմակերպել համապատասխան տեղեկության հաղորդումը ուղևորներին:

4.1.2. Ստանալ գնացքի կարգավարի հրամանը հպակային ռելսից լարումը հանելու և կարճամիակցիչները միացնելու կամ կարճատիչները տեղադրելու մասին` կարճամիակցիչների համարների կամ այն գծի համարի նշումով, որի վրա անհրաժեշտ է տեղադրել կարճատիչը:

4.1.3. Բացել կառամատույցի ճակատային դռները, ներս թողնել կայարանամեջ մետրոպոլիտենի և ոստիկանության աշխատողներին ուղևորներին գնացքից իջեցնելու, մինչև կայարանի ճակատային մասեր նրանց ուղեկցելու և թունելում, միջգծային անցարաններում, ստուգելու աշխատանքների կազմակերպմանն օգնություն ցույց տալու համար:

4.1.4. Կանչել մետրոպոլիտենի բուժ. աշխատողին և բժշկական շտապ օգնություն:

4.1.5. Կազմակերպել բժշկական շտապ օգնության դիմավորումը:

4.1.6. Թունելային բարձրախոս սարքերի միջոցով ուղևորների համար կազմակերպել տեղեկատվության հաղորդում անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման մասին:

4.1.7. Անհրաժեշտության դեպքում պահանջել շարժասանդուղքների աշխատանքի ռեժիմի փոփոխություն:

4.1.8. Գնացքի կարգավարին տեղեկացնել ուղևորների էվակուացիայի ընթացքի մասին:

4.1.9. Էվակուացիայի ավարտից հետո փակել կառամատույցի ճակատային դռները և կարգավարի կարգադրությամբ անջատել կարճամիակցիչները կամ հանել կարճատիչները:

 

5. ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԲՐԻԳԱԴԻ (ՄԵՔԵՆԱՎԱՐԻ) ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՈՒՆՆ ԸՆԴՀԱՏՎԵԼՈՒ ԵՎ ԿԱՅԱՐԱՆԱՄԵՋՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԳՆԱՑՔԻՑ ԻՋԵՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

5.1. Լոկոմոտիվային բրիգադը (մեքենավարը) պարտավոր է.

5.1.1. Զեկուցել գնացքի կարգավարին գնացքի կանգառի պատճառի ու տեղի (գիծ, կայարանամեջ, ուղեհատված) և ուղևորներին կայարանամեջում իջեցնելու անհրաժեշտության մասին:

5.1.2. Հաղորդել գնացքի կարգավարին հպակային ռելսից լարումը հանելու պահանջի մասին:

5.1.3. Ստանալով ուղևորներին դուրս բերելու մասին գնացքի կարգավարի ցուցումը, հպակային ռելսից լարումը հանելու մասին էներգակարգավարի հրամանը և կրկնելով այն, սահմանված կարգով գնացքի կառավարման խցիկը բերել ոչ աշխատանքային վիճակի:

5.1.4. Ստուգել և համոզվել հպակային ռելսում լարման բացակայության մեջ:

5.1.5. Բարձրախոս սարքերով սրահում գտնվող ուղևորներին հայտնել գնացքից թունել առաջիկա դուրս գալու մասին, անձնական անվտանգության կանոնների պահպանման մասին` վագոնից դուրս գալու և թունելով տեղաշարժվելու ժամանակ, կոչ անել նրանց հանգստություն պահպանելու համար և առաջարկել վագոններից դուրս գալ օգտվելով բռնաձողերից և աստիճաններից, ցույց տալ կայարանամեջով շարժվելու ուղղությունը և կարգը: Բարձրախոս սարքերի աշխատանքի խափանման դեպքում անձամբ տեղեկություն տալ ուղևորներին յուրաքանչյուր վագոնում:

5.1.6. Ուղևորների իջեցումն իրականացնել որպես կանոն, վագոնների կողային դռներից` հպակային ռելսի հակառակ կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում` երկու կողմերից:

Եթե ստեղծված իրադրությունը չի սպառնում ուղևորների անվտանգությանը, ուղևորների իջեցումն իրականացնել հերթականությամբ` կայարանի մոտ գտնվող վագոնից սկսած: Մեքենավարը տվյալ դեպքում պետք է օգտվի դռների ապաբլոկավորման լծակից: Եթե ստեղծվել է ուղևորների անվտանգությանը սպառնացող իրադրություն գնացքի մեկ կամ մի քանի վագոններում, ուղևորների իջեցումն իրականացնել առաջին հերթին այդ վագոններից: Եթե ստեղծված իրադրությունը սպառնում է գնացքի բոլոր վագոններում գտնվող ուղևորների անվտանգությանը, ուղևորների իջեցումն իրականացնել բոլոր վագոններից միաժամանակ:

5.1.7. Թունելային լուսավորության խափանման դեպքում, միացնել գլխամասային վագոնի սպիտակ լապտերները և լուսարձակը, ուղղել այն դեպի կայարանի կողմը, որպեսզի լուսավորվի դուրս եկող ուղևորների ճանապարհը:

5.1.8. Մինչև ուղևորների իջեցումը սկսելը, մեքենավարի օգնականին (գնացքը լոկոմոտիվային բրիգադի կողմից կառավարելու և ուղևորներին մի ուղղությամբ դուրս բերելու դեպքում) ուղարկել գնացքի վերջը` հակառակ ուղղությամբ ուղևորների ընթանալու հնարավորությունը բացառելու համար:

5.1.9. Բոլոր ուղևորներին գնացքից իջեցնելուց հետո, փակել վագոնների դռները և զեկուցել գնացքի կարգավարին ուղևորների իջեցման ավարտի մասին:

Հետագա բոլոր գործողությունները կատարել միայն գնացքի կարգավարի ցուցումով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
18 մարտի1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 18980018