Գլխավոր տեղեկություն
Համար
N 246-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2003-13.11.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.08.01./19(137) Հոդ.290
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.07.2003
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հուլիսի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 10203228

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հուլիսի 2003 թ.

ք. Երևան

N 246-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածով`

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության» կարգը (կցվում է):

 

  Դ. Հարությունյան

 

 

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

2003թ. հուլիսի 16-ի թիվ 246-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության

 

Գ լ ու խ 1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում (այսուհետ՝ քրեակատարողական հիմնարկներ) պահվող անձանց (այսուհետ` կալանավորված անձինք) իրավունքների և ազատությունների պահպանման խնդիրներով զբաղվող վերահսկող մարմին է:

2. Խմբի գործունեության նպատակներն են՝

1) կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկումը, կալանավորված անձանց աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավումը, հասարակությանը քրեակատարողական հիմնարկների հիմնախնդիրները ներկայացնելը,

2) քրեակատարողական հիմնարկներում առկա մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված գործունեություն ծավալելը,

3) քրեակատարողական հիմնարկներում իրավիճակի վերլուծությունների, եզրակացությունների և առաջարկությունների` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և հասարակությանը ներկայացնելը,

4) քրեակատարողական օրենսդրությունն ուսումնասիրելը, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

5) քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց հետ կապված այլ խնդիրների լուծմանն աջակցելը:

 

Գ լ ու խ  2

 

Խմբի կազմը

 

3. Խմբի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով՝ հասարակական կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա:

Հավակնորդը ներկայացնում է դիմում, ինքնակենսագրություն, իրեն ներկայացնող կազմակերպության կանոնադրությունն ու գործունեության համառոտ նկարագրությունը: Հավակնորդի թեկնածությունը քննարկվում է խմբի հերթական նիստում: Խմբի կազմում նոր անդամի ընդգրկման մասին որոշումն ընդունվում է ձայների երկու երրորդի մեծամասնությամբ և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանը: Նախապատվությունը տրվում է այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը վերջին մեկ տարվա ընթացքում առնչվում է քրեակատարողական ոլորտի խնդիրներին:

Խումբն իր կազմից մեկ տարի ժամկետով ընտրում է նախագահ, անհրաժեշտության դեպքում` նաև տեղակալ կամ տեղակալներ: Խմբի նախագահը (նրա բացակայությամբ՝ տեղակալը կամ տեղակալներից մեկը) ղեկավարում է Խմբի գործունեությունը:

4. Խումբը բաղկացած է ոչ պակաս, քան յոթ և ոչ ավել, քան քսանմեկ հոգուց: Ընդ որում, յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն Խմբում կարող է ունենալ մեկ ներկայացուցիչ:

5. Խմբում նոր անդամի ընդգրկումը կատարվում է սույն Կարգով նախատեսված կարգով:

 

Գ լ ու խ  3

 

Խմբի անդամին առաջադրվող պահանջները

 

6. Խմբի անդամ կարող է լինել հայերենին տիրապետող, տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

7. Նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, հոգեբանի մասնագիտություն ունեցող անձանց:

8. Խմբի անդամը պետք է դրսևորի իրեն որպես ազնիվ, վստահելի, համեստ անձնավորություն:

 

Գ լ ու խ 4

 

Անձինք, ովքեր չեն կարող լինել Խմբի անդամ

 

9. Խմբի անդամ չի կարող լինել այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը,

4) հանդիսանում է պետական ծառայող,

5) հանդիսանում է որևէ կուսակցության անդամ,

6) հանդիսանում է փաստաբան:

 

Գ լ ու խ  5

 

Խմբի իրավասությունը

 

10. Խումբը գործում է հասարակական հիմունքներով:

11. Խումբն իր գործունեության մեջ առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն Կարգով և Խմբի գործունեության էթիկայի կանոններով։    

Խումբը համագործակցում է քրեակատարողական հիմնարկների վարչակազմի հետ:

12. Խմբի առջև ունեցած խնդիրները լուծելու նպատակով Խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ, ծանոթանալ տարաբնույթ փաստաթղթերի բովանդակությանը, այդ թվում, կալանավորված անձի համաձայնությամբ, նրա անձնական գործին, բացի գաղտնի փաստաթղթերից և գրագրությունից, հիմնարկի իրավիճակին, ինչպես նաև հանդիպել կալանավորված անձանց:

13. Խմբի անդամն ընդգրկվում է Խմբի կազմում երեք տարի ժամկետով:

Խմբի անդամին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրվում է անդամությունը հաստատող փաստաթուղթ:

Քրեակատարողական հիմնարկները պետք է ունենան խմբի անդամների ցուցակը:

 

Գ լ ու խ  6

 

Վերահսկողության իրականացման կարգը

 

14. Վերահսկողությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկներ այցելություններ կատարելու և կատարված այցելությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և հասարակությանն առնվազն տարին մեկ անգամ հաշվետվություններ ներկայացնելու ձևով:

Ներկայացվում են երկու տեսակ հաշվետվություններ` ամփոփ և ընդարձակ: Ամփոփ հաշվետվությունները ներառում են քրեակատարողական հիմնարկներում տիրող ընդհանուր իրավիճակը, հիմնական խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները և այլն:

Ընդարձակ հաշվետվություններում ներկայացվում են յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, կարող են ներկայացվել առկա թերությունները, կալանավորված անձանց իրավունքների խախտման կոնկրետ դեպքերը, Խմբի լիազորությունների իրականացմանը` քրեակատարողական հիմնարկների կողմից խոչընդոտելու դեպքերը և պատճառները և այլն:

Քրեակատարողական հիմնարկներ կատարված այցելությունների հիման վրա կազմված հաշվետվությունները կամ դրանց հատվածները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարու-թյան համաձայնությամբ:

15. Վերահսկողության լիարժեք իրականացման նպատակով Խումբը տարվա մեջ առնվազն մեկ անգամ պետք է այցելի բոլոր քրեակատարողական հիմնարկներ:

16. Խմբի անդամը քրեակատարողական հիմնարկներ կարող է այցելել ցանկացած օր (այդ թվում՝ ոչ աշխատանքային օր): Այցելությունները կատարվում են Խմբի առնվազն երկու անդամի մասնակցությամբ:

Խմբի անդամը կալանավորված անձի հետ կարող է հանդիպել որպես կանոն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև մեկուսի:

17. Անհրաժեշտության դեպքում Խումբն իր գործունեության մեջ կարող է ներգրավել համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետներ, այդ թվում՝ նաև փաստաբաններ: Խմբի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը փորձագետին տալիս է ժամանակավոր անցաթուղթ՝ քրեակատարողական հիմնարկներ այցելելու համար:

Փորձագետը կարող է այցելել քրեակատարողական հիմնարկներ միայն Խմբի անդամների հետ:

 

Գ լ ու խ  7

 

Խմբի նիստերը եվ որոշումների ընդունման կարգը

 

18. Խումբն առնվազն ամիսը մեկ անգամ հրավիրում և անց է կացնում նիստեր, որոնց ընթացքում կայացվում են որոշումներ: Խմբի նիստերն անց են կացվում դռնբաց, որոնց կարող են Խմբի նախագահի որոշմամբ ներկա գտնվել նաև զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ։ Խմբի անդամները նախապես տեղեկացվում են նիստի օրակարգին:

19. Խմբի արտահերթ նիստ կարող է հրավիրել`

1) Խմբի յուրաքանչյուր անդամ,

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

20. Խմբի նիստը համարվում է կայացած, եթե ներկա է անդամների կեսից ավելին:

Որոշման ընդունման համար անհրաժեշտ է Խմբի անդամների ձայների կեսից ավելին (բացառությամբ` Խմբի կազմում նոր անդամի ընդգրկման մասին որոշման կայացման, Խմբի գործունեության էթիկայի կանոնների հաստատման և Խմբի անդամի լիազորությունների դադարեցման համար ներկայացված միջնորդության դեպքում):

21. Խմբի ցանկացած անդամ կարող է արտահայտել իր անձնական դիրքորոշումը` հրապարակելով կամ արձանագրելով այն:

Խմբի գործունեության էթիկայի կանոնները հաստատվում են Խմբի նիստի կողմից՝ Խմբի անդամների երկու երրորդի հավանությամբ:

 

Գ լ ու խ  8

 

Խմբի անդամի լիազորությունների դադարումը

 

22. Խմբի անդամի լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, եթե.

1) լրացել է Խմբի անդամի լիազորությունների ժամկետը,

2) առկա է Խմբի անդամի դիմումն իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ,

3) առկա է Խմբի անդամի թեկնածությունն առաջադրած կազմակերպության դիմումը Խմբի անդամի լիազորությունների դադարեցման կամ մեկ այլ թեկնածուով Խմբի անդամի փոխարինման վերաբերյալ,

4) առկա են սույն Կարգի իններորդ կետով նախատեսված հիմքերը,

5) խախտել է սույն Կարգով կամ Խմբի գործունեության կարգով կամ քրեակատարողական ծառայության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված դրույթները,

6) առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.11.2005, թիվ ՔՀ-66-Ն 25.12.2005, N 246-Ն
20.10.2003, N 362-Ն 13.11.2003, N 246-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան