Գլխավոր տեղեկություն
Համար
N 13
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.01.29/2(65)
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.01.2001
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.01.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

Հ Ր Ա Մ Ա Ն

12 հունվարի 2001 թ.
ք. Երևան

N 13

ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԻՐԵՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՐԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» թիվ 315 որոշման, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 532 որոշման 5-րդ կետի իդ) ենթակետի պահանջներով և նկատի ունենալով իրավաբանական անձանց (ձեռնարկությունների) գրանցման (վերագրանցման) գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությունը`

 

Հրամայում եմ`

 

Պարզաբանել, որ.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով չնախատեսված կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձինք (ձեռնարկությունները) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն ենթակա են լուծարման և նրանց հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի (ձեռնարկության) մարմինը իրավասու է որոշումներ կայացնել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջների համաձայն լուծարման ընթացակարգեր իրականացնելու համար:

2. Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը ստեղծված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձև ունեցող այն իրավաբանական անձանց (ձեռնարկությունների), որոնք մինչև 2001թ. հունվարի 1-ը իրենց հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանեցրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի պահանջներին և չեն վերագրանցվել, և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն նրանց հիմնադիր փաստաթղթերը համարվել են անվավեր, հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի (ձեռնարկության) մարմինը իրավասու են որոշումներ կայացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-70 հոդվածների պահանջների համաձայն լուծարման ընթացակարգեր իրականացնելու կամ իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերին իրավաբանական ուժ տալու նպատակով դրանք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխանեցնելու մասին:

3. Սույն հրամանի 2-րդ կետին համապատասխան հրավիրված ժողովներն իրավասու են որոշումներ ընդունելու միայն իրավաբանական անձի ֆիրմային անվանման, կանոնադրական կապիտալի (բաժնային ֆոնդի, բաժնեհավաք կապիտալի) և մասնակիցների կազմի պարտադրված փոփոխությունների մասին:

4. Սույն հրամանի 2-րդ կետին համապատասխան իրականացվող վերագրանցումների համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:

 

 Դ. Հարությունյան

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության 
արդարադատության նախարարության կողմից
12 հունվարի 2001 թ.

պետական գրանցման թիվ 10201020