Գլխավոր տեղեկություն
Համար
N 670-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2002-25.01.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.16/31(117) Հոդ.261
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.12.2002
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10202333

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 670-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ կետի և «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի «Պարզեցված հարկի վճարողների կողմից եկամուտների և ծախսերի հաշվառման կարգի մասին» թիվ 471 որոշմամբ.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Նոտարական գրանցամատյանի ձևը և գրանցամատյանում գրանցումների կատարման կարգը (հավելված 1.):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի մարտի 1-ի «Նոտարական գրանցամատյանի ձևը և գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը հաստատելու մասին» թիվ 104 հրամանը:

 

 

Դ. Հարությունյան

 

Հաստատված է`
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2002 թվականի դեկտեմբերի 5-ի
թիվ 670-Ն հրամանով

Համաձայնեցված է`
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության հետ

 

Կ Ա Ր Գ

 

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ կետին և «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան նոտարների կողմից նոտարական գրանցամատյաններում գրանցումների կատարման կարգն ու պայմանները և պարզեցված հարկ վճարող նոտարների կողմից եկամուտների ու ծախսերի հաշվառման հետ կապված հարցերը:

2. Նոտարները նոտարական գործողությունները գրանցում են նոտարական գրանցամատյանում (այսուհետև` գրանցամատյան), որտեղ ներառվում են պարզեցված հարկ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանում նոտարների կողմից եկամուտների ու ծախսերի հաշվառման հետ կապված հարցեր:

3. Գրանցամատյանը պետք է լինի ժապավենված, թերթերը` համարակալված: Թերթերի քանակը պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանման պետի կողմից և կնքվի նախարարության կնիքով: Գրանցամատյանի համարակալման սխալները հայտնաբերելիս, այդ մասին կազմվում է տեղեկանք նոտարի ստորագրությամբ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից կնքված գրանցամատյանը ներկայացվում է նոտարի (նոտարական գրասենյակի) հաշվառման վայրի տարածքային հարկային մարմնի (այսուհետ` հարկային մարմին)` կնքման: Կնքված և համարակալված գրանցամատյանը խիստ հաշվառման փաստաթուղթ է և հերթական համարով հաշվառվում է հարկային մարմնում: Հարկային մարմինը պարտավոր է կնքել և վերադարձնել գրանցամատյանի մեկ օրացուցային օրվա ընթացքում:

Գրանցամատյանի կազմի վրա նշվում է նոտարի անունը և ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), նոտարի (նոտարական գրասենյակի) գտնվելու վայրը և գրանցամատյանի հերթական համարը: Գործունեության վայրը նոտարի գտնվելու վայրից տարբերվելու դեպքում նշվում է նաև այդ վայրը:

4. Յուրաքանչյուր տարվա սկզբից բացվում է նոր գրանցամատյան:

Նոտարները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ նրա համապատասխան տեղակալի թույլտվությամբ, կարող են վարել մի քանի գրանցամատյան:

Գրանցամատյանի լրանալուց-ավարտվելուց հետո նոտարները ստանում են նոր գրանցամատյան:

Նոր գրանցամատյանների տրամադրումը կատարվում է սույն կարգի 3-րդ կետի համապատասխան:

5. Եթե ինքնուրույն գրանցամատյաններ են ներդրվում որոշակի նոտարական գործողություններ, օրինակ` վավերացված պատճեններ կամ ժառանգության իրավունքի վկայագրեր գրանցելու համար, այդ դեպքում յուրաքանչյուր գրանցամատյանի ինդեքսին ավելացվում է նոտարական գործողության անվանմանը համապատասխանող տառ: Օրինակ` թիվ 1-Պ, թիվ 2-Ժ. որը նշանակում է առաջին գրանցամատյան` պատճառները գրանցելու համար, երկրորդ գրանցամատյան` տրված ժառանգության իրավունքի վկայագրեր գրանցելու համար:

Նոտարական գործողության առանձին տեսակը գրանցելու համար նախատեսված ինդեքսով գրանցամատյանը վերջանալու դեպքում այդ ինդեքսը դրվում է նաև գրանցամատյանի հաջորդ գրքերի վրա, իսկ գրանցման հերթական համարները շարունակվում են մինչև տարվա վերջը: Այդպիսի գրանցամատյանում գրանցված փաստաթղթի վրա գրանցամատյանի համարները նշվում են հետևյալ ձևով` թիվ 1-Պ, թիվ 2-Ժ և այլն:

Նոտարները նոտարական գործողությունների գրանցամատյանից քաղվածքներ տալիս են օրենքով սահմանված կարգով:

6. Գրանցամատյանները պահվում են նոտարների մոտ` մինչև այդ գրանցամատյանում ամենավերջին գրանցման օրվանից սկսած 3 տարին լրանալը:

 

II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Նոտարական գրանցամատյանում գրանցումները պետք է կատարվեն հայերենով: Գրանցումները պետք է լինեն պարզ և հստակ: Գրանցամատյանում մատիտով գրանցումներ կատարել չի թույլատրվում:

Գրանցամատյանում չլրացված տողերը պետք է ընդգծված լինեն, ջնջումներ չի թույլատրվում, իսկ ուղղումները պետք է ծանոթագրված լինեն գրանցման վերջում (որտեղ կատարվել է ուղղումը) պետական նոտարի ստորագրումից առաջ:

8. Գրանցամատյաններում գրանցման (հաշվառման) ենթակա են նոտարների կողմից կատարվող բոլոր նոտարական գործողությունները և կատարված ծախսերը` ժամանակագրական կարգով:

9. Յուրաքանչյուր նոտարական գործողություն կրում է առանձին հերթական համար: Գրանցամատյանում գրանցված նոտարական գործողության հերթական համարը ցույց է տրվում նոտարի կողմից տրվող փաստաթղթերում և վավերացման մակագրություններում:

Եթե նոտարական գործողությունները կատարվում են նոտարական գրասենյակի շենքից դուրս, ապա գրանցամատյանում պետք է նշվի նոտարական գործողության կատարման վայրը:

10. Գրանցամատյանում ծախսերին վերաբերող գրանցումների համար հիմք է հանդիսանում տնտեսական գործառնության կատարման փաստը, որը հիմնավորվում է սկզբնական հաշվառման փաստաթղթերով:

Սկզբնական փաստաթղթերը հաշվառվում են մինչև գործառնության կատարման օրվա վերջը: Չի թույլատրվում սկզբնական փաստաթղթերում կատարել չծանուցված ուղղումներ: Սխալի ուղղումը պետք է հաստատված լինի տվյալ փաստաթուղթն ստորագրելու իրավունք ունեցող անձի ստորագրությամբ և պետք է նշվի ուղղման ամսաթիվը:

11. Գրանցամատյանում գրանցումները կատարվում են հետևյալ կերպ`

ա) 1-ին սյունակում ցույց է տրվում տարվա սկզբի նոտարական գործողության կամ կատարված ծախսի հերթական համարը).

բ) 2-րդ սյունակում ցույց տրված նոտարական գործողության կատարման տարեթիվը պետք է համընկնի նոտարի կողմից տրված վկայագրի կամ այլ փաստաթղթի վրա եղած վավերացման մակագրության տարեթվին, իսկ ծախս կատարելու դեպքում` փաստացի կատարված փաստաթղթերով հիմնավորված ծախսի տարեթիվը.

գ) 3-րդ սյունակում ցույց է տրվում այն անձանց ազգանունը, անունը, հայրանունը, կազմակերպության անվանումը և ՀՎՀՀ-ը, նրանց ներկայացուցիչների ազգանուն, անուն, հայրանունը, որոնց համար կատարվում է նոտարական գործողությունը կամ որոնց գծով կատարվում է ծախսը:

Եթե նոտարական գործողություն կատարելու համար փաստաթղթի պատճենի վավերացման համար չի ներկայացել այն քաղաքացին, որի անունով տրված է փաստաթուղթը, այլ նրա խնդրանքով ներկայացել է մեկ ուրիշ քաղաքացի, ապա նշվում է ներկայացող քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը և նրա բնակության վայրը: Այն դեպքում, երբ նոտարական կարգով վավերացված փաստաթղթի մեկ օրինակը մնում է նոտարի գործերում, ապա կողմերի գտնվելու վայրը նշել չի պահանջվում: Ստորագրել չկարողացող անձի անունից գործարք վավերացնելիս 3-րդ սյունակում նշվում է ստորագրող անձի անունը, ազգանունը, հայրանունը և նրա բնակության վայրը:

Եթե նոտարական գործողություն կատարելու համար դիմում է կազմակերպություն, նրա առանձնացված ստորաբաժանումը, ինչպես նաև պետական կամ համայնքի հիմնարկը, ապա 3-րդ սյունակում նշվում է նրանց լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ը, գտնվելու վայրը, ներկայացուցիչների անունը, ազգանունը.

դ) 4-րդ սյունակում նշվում է նոտարական գործողություն կատարելու համար ներկայացողի անձնագրի կամ նրա ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի համարը, տրման ժամանակը և ում կողմից է տրված, ինչպես նաև գործարքի մասնակիցների գործունեությունը ստուգելու համար նրանց ծննդյան թվերը: Կատարված ծախսերի դեպքում այս սյունակում նշվում է սկզբնական փաստաթղթի տարեթիվը և համարը.

ե) 5-րդ սյունակում գործարքների վավերացման ժամանակ նշվում է միայն այդ գործարքների տեսակը, օրինակ` «Տան առքուվաճառքի պայմանագիր», «Կտակ» և այլն: Նույնպիսի կրճատումներով են գրանցվում նաև տրված վկայագրերը (ժառանգության իրավունքի, քաղաքացու կենդանության և այլն):

Փաստաթղթի պատճենի ճշտության վավերացման ժամանակ այս սյունակում նշվում է փաստաթղթի անվանումը:

Կատարված ծախսերի դեպքում այս սյունակում նշվում է գործարքի բովանդակությունը.

զ) 6-րդ սյունակում նոտարական գործողությունների համար գանձված պետական տուրքի գումարը նշվում է առանձին, բանկի անդորրագրի տարեթիվը համարի նշումով:

Եթե փաստաթղթերը կամ անձը, որոնց համար կատարվում է նոտարական գործողությունը, ազատված են պետական տուրքի վճարումից, ապա 6-րդ սյունակում նշվում է «Պետական տուրքի վճարումից ազատված է (նշվում է պետական տուրքից ազատվելու հիմքը) հիման վրա»: Այսպիսի դեպքում նոտարական կարգով ձևակերպված փաստաթղթեր ստացող անձինք գրանցամատյանի 9-րդ սյունակում նշում են, որ փաստաթղթերը իրենց կողմից ստացված են առանց պետական տուրք վճարելու:

Կատարված ծախսերի դեպքում 6-րդ և 9-րդ սյունակները չեն լրացվում.

է) 7-րդ սյունակում նշվում է նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայություններից ստացված եկամուտների գումարը.

ը) 8-րդ սյունակում նշվում է նոտարի կողմից կատարված ծախսերի գումարը:

 

III. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

12. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Գրանցամատյանում գրանցումների կատարման կարգի խախտման համար պատասխանատվություն է կրում նոտարը` անկախ այն հանգամանքից, թե նա այդ աշխատանքներն իրականացնում է անձամբ, թե նրա ստաժորը կամ նոտարի աշխատակազմի աշխատողը:

14. Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում նոտարը ճշգրտումներ (գրանցումներ) է կատարում գրանցամատյանում և հաշվառմանը վերաբերող այլ փաստաթղթերում:

 

 

Հաստատված է`
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2002 թվականի դեկտեմբերի 5-ի
թիվ 670-Ն հրամանով

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն


ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

ՆՈՏԱՐ_________________________________

______________________________թվականի N

 

N

Նոտարական գործողության կամ ծախսի կատարման ամսաթիվը, ամիսը տարեթիվը

Անձանց կամ նրանց ներկայացուցիչների ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը, որոնց համար կատարված է նոտարական գործողությունը կամ նրանց գծով կատարված են
ծախսեր

Նոտարական գործողության կատարմանը ներկայացած անձի ինքնությունը  հաստատող փաստաթուղթը կամ ծախսի կատարումը հաստատող սկզբնական փաստաթուղթը

Նոտարական գործողության
կամ կատարված ծախսի բովանդա-կությունը

Գանձված է պետական տուրք կամ նշում
պետական տուրքի վճարումից ազատված լինելու մասին
(դրամ)

Նոտարի կողմից
մատուցվող վճարովի ծառայություններից ստացված եկամուտներ (դրամ)

Նոտարի կողմից
կատարված ծախսեր
(դրամ)

Ստորագրություն նոտարական կարգով վավերացված փաստաթուղթը ստանալու մասին

1

2

3

4

5

6

7

8

9

1

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

 

 

 

7

 

 

 

 

 

 

 

 

8

 

 

 

 

 

 

 

 

9

 

 

 

 

 

 

 

 

10