17 օգոստոսի 1999 թ. |
ք. Երևան |
Մինչև «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հարաբերությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կանոնակարգելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի N 532 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության 5-րդ կետի «ժէ» ենթակետով հրամայում եմ.
1. Հաստատել անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները (կցվում է):
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
Դ. Հարությունյան |
Հաստատված է |
ԱՆՎԱՆ, ՀԱՅՐԱՆՎԱՆ ԵՎ ԱԶԳԱՆՎԱՆ ՓՈԽՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ճիշտ կիրառման, ինչպես նաև միասնական պրակտիկայի ապահովման նպատակով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժինները պետք է ղեկավարվեն հետևյալով.
1. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է անձի 16 տարին լրանալուց հետո:
2. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում`
ա) անվան, հայրանվան և ազգանվան անբարեհնչունության.
բ) անվան, հայրանվան և ազգանվան արտասանության դժվարության.
գ) ամուսնու ցանկության` մյուս ամուսնու հետ միասին մեկ ընդհանուր ազգանուն կրելու.
դ) ամուսնու ցանկության` վերադարձնելու մինչամուսնական ազգանունը` եթե այդ մասին հայտարարված չի եղել ամուսնալուծության ժամանակ.
ե) մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության, որպեսզի միատեսակ լինի առաջին ամուսնությունից ծնված երեխաների ազգանվան հետ, այն դեպքերում, երբ ամուսնությունը չի լուծվում.
զ) մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության` եթե մահացել է ամուսինը.
է) երեխաների հետ միասին ընդհանուր ազգանուն կրելու ցանկության` եթե ամուսինը մահացել է, իսկ դիմողը եղել է մինչամուսնական ազգանունով.
ը) մոր (հոր) ազգանունը կրելու ցանկության` եթե հայրը (մայրը) մասնակցություն չի ունեցել դիմողի դաստիարակությանը.
թ) խորթ հոր (մոր) ազգանունը կրելու ցանկության, որը դաստիարակել է դիմողին կամ խորթ հոր անունով հայրանուն կրելու ցանկության, երբ որդեգրություն չի ձևակերպվել.
ժ) պապի, տատի կամ մի այլ անձի ազգանուն կրելու ցանկության, որը փաստորեն դաստիարակել է դիմողին` եթե ծնողները մասնակցություն չեն ունեցել դիմողի դաստիարակությանը, իսկ որդեգրումը չի կարող ձևակերպվել.
ժա) դիմողի փաստորեն դաստիարակող անձի անունով հայրանուն կրելու ցանկության` եթե հայրը մասնակցություն չի ունեցել դիմողի դաստիարակությանը.
ժբ) դիմողի ազգությանը համապատասխան ազգանուն և անուն կրելու ցանկության դեպքերում:
Մյուս դեպքերում անվան, հայրանվան և ազգանվան փոխում թույլատրվում է միայն բացառության կարգով:
3. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարելու վերաբերյալ դիմումները սահմանված ձևով տրվում են դիմողի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:
Ցերեկային բաժինների սովորողները և ուսանողները անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարելու վերաբերյալ դիմումներ կարող են տալ ուսման վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:
Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարելու վերաբերյալ դիմումները գրանցվում են դիմումների հաշվառման սահմանված ձևի հատուկ մատյանում:
4. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարելու վերաբերյալ դիմումները կարող են տրվել այն անձանց կողմից, որոնց վերաբերյալ կազմված են եղել այդ գրանցումները:
18 տարին չլրացած երեխաների վերաբերյալ անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցումները կարող են կատարվել նրանց ծնողների, որդեգրողների, խնամակալների և հոգաբարձուների, ինչպես նաև այն անձանց ու կազմակերպությունների հայտարարությունների հիման վրա, որոնց դաստիարակությանն են հանձնված անչափահասները: Այդպիսի դիմումներով ՔԿԱԳ տարածքային բաժիններին կարող են դիմել իրենք` 16 տարեկան դարձած անչափահասները, եթե նրանք օրենքով սահմանված կարգով ճանաչվել են գործունակ:
5. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարելու վերաբերյալ դիմումը պետք է գրվի ընթեռնելի, նրանում սպառիչ պատասխաններ տրվի բոլոր հարցերին: Մատիտով գրված, ինչպես նաև բանավոր հայտարարված դիմումների քննարկումն անթույլատրելի է:
6. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարելու վերաբերյալ դիմումին կից պետք է ներկայացվի նաև դիմում տվողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը: ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը հավաստիանալով պատճենի իսկության հարցում պարտավոր է այն վավերացնել իր ստորագրությամբ և կնիքով:
Դիմողի անձը հաստատող փաստաթղթեր են համարվում` անձնագիրը (անձնագիրը փոխարինող փաստաթղթերը), զինծառայողների համար` զինվորական գրքույկը:
ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի մերժելու քաղաքացուն ընդունելը և անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարելու վերաբերյալ դիմումը քննության առնելը:
7. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարելու վերաբերյալ դիմումին կից պետք է ներկայացվի`
ա) դիմողի ծննդյան վկայականը.
բ) դիմողի ինքնակենսագրությունը.
գ) ամուսնության վկայականը (եթե ամուսնացած է).
դ) անչափահաս երեխաների ծննդյան վկայականները (եթե անչափահաս երեխաներ ունի).
ե) այն դեպքում, երբ գրանցված է եղել որդեգրում կամ հայրության որոշում, ապա որդեգրման, հայրության որոշման վկայականները.
զ) ամուսնալուծության վկայականը, եթե դիմողը միջնորդում է ամուսնալուծության կապակցությամբ նրան մինչամուսնական ազգանուն տալու մասին.
է) այն պատճառները հաստատող փաստաթղթերը, որոնց հիման վրա դիմողը խնդրում է փոխել անունը, հայրանունը և ազգանունը (օրինակ` ծնողների ամուսնալուծության վկայականը).
ը) այն դեպքում, երբ անունը, հայրանունը և ազգանունը փոխելու պատճառը հանդիսանում է մի քանի փաստաթղթերի անհամապատասխանությունը դիմողի ծննդյան վկայականին (փոխման գրանցում կատարելու վերաբերյալ դիմումին պետք է կցվի գրավոր բացատրության այդպիսի անհամապատասխանության պատճառների մասին).
թ) դիմողի լուսանկարները` անհրաժեշտ քանակությամբ:
Զինծառայողները ներկայացնում են նաև ծառայության վայրի զինվորական մասի տեղեկանքն այն տեղեկություններով, որոնք առնչություն ունեն անվան, հայրանվան և ազգանվան փոխման հետ:
Անհրաժեշտության դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժինները իրավասու են լրացուցիչ փաստաթղթեր պահանջել:
Ներկայացված դիմումի և փաստաթղթերի մեջ եղած հակասությունները գրավոր ձևով պետք է բացատրվեն և վերացվեն դիմողի կողմից:
ՔԿԱԳ տարածքային բաժինը պարտավոր է դիմողին բացատրել այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ անունը, հայրանունը և ազգանունը փոխելու կապակցությամբ:
8. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարելու վերաբերյալ դիմումները ենթակա են քննարկման միայն այն դեպքում, եթե առկա են անունը, հայրանունը և ազգանունը փոխել ցանկացող անձի ծննդի գրանցումը և ամուսնության գրանցումը` եթե դիմողը ամուսնացած է:
Համապատասխան քաղաքացիական կացության ակտերի գրանցումը ՔԿԱԳ տարածքային բաժնում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվում չգտնվելու դեպքում գրանցման մեջ փոխում կարող է կատարվել միայն կորած գրանցումը վերականգնելուց հետո:
9. Եթե փոխման ենթակա քաղաքացիական կացության ակտի գրանցումը գտնվում է ՔԿԱԳ տարածքային մեկ այլ բաժնում, դիմումն ընդունող ՔԿԱԳ տարածքային բաժինը պահանջում է այդ գրանցման պատճենը (դիմողի ծննդի գրանցման պատճենը, անչափահաս երեխաների ծննդի գրանցման պատճենները` եթե ունի անչափահաս երեխաներ, ամուսնության գրանցման պատճենը` եթե ամուսնացած է, իսկ համապատասխան դեպքերում` որդեգրման և հայրության որոշման գրանցման պատճենները):
10. Դիմումի մեջ նշված փաստերը և իրենց հավաստի լինելու մեջ կասկած հարուցող փաստաթղթերում եղած գրառումները ուսումնասիրվում են ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից` համապատասխան կազմակերպություններին հարցումներ ուղարկելու միջոցով:
11. Անունը, հայրանունը և ազգանունը փոխել ցանկացող անձի դիմումը, դիմողի ծննդյան, ամուսնության վկայականները և գործով առկա այլ փաստաթղթերի ստուգման համար ուղարկվում են դիմումն ընդունող ՔԿԱԳ տարածքային բաժնի գտնվելու վայրի ներքին գործերի մարմիններին: Ներքին գործերի մարմինները ստուգումից հետո, ոչ ուշ նյութերն ստանալու օրից մեկամսյա ժամկետում, դրանք վերադարձնում են ՔԿԱԳ տարածքային բաժնին ստուգման արդյունքների վերաբերյալ եզրակացության հետ միասին: Ներքին գործերի մարմինների եզրակացության մեջ պետք է նշվեն անուն, հայրանուն և ազգանուն փոխելու համար դիմած անձի կապակցությամբ քրեական գործ հարուցված լինելու, քրեական պատիժ կրելու և դատվածության, այդ անձի կողմից նման փոխում կատարելու շահագրգռվածության, ինչպես նաև անունը, հայրանունը և ազգանունը փոխելու հնարավորության մասին:
12. Ներկայացված փաստաթղթերի և ստուգման արդյունքների հիման վրա ՔԿԱԳ տարածքային բաժինը եզրակացություն է կազմում անվան, հայրանվան և ազգանվան փոխում կատարելու կամ այն մերժելու մասին` սահմանված ձևով: ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք ունի մերժելու անվան, հայրանվան և ազգանվան փոխում կատարելը, եթե ներկայացված փաստաթղթերը չեն բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից, անվան, հայրանվան և ազգանվան փոխում կատարելու պահանջը հիմնավորված չէ կամ անվան, հայրանվան և ազգանվան փոխում կատարել ցանկացող անձի կապակցությամբ հարուցված քրեական գործ, կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն:
Անվան, հայրանվան և ազգանվան փոխում կատարելը մերժելու դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժնի եզրակացության մեջ պետք է հստակ նշի մերժման հիմքերը:
13. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցումը, այն մերժելու վերաբերյալ ՔԿԱԳ տարածքային բաժնի եզրակացությունը հաստատվում կամ մերժվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության պետի կողմից, որի մասին նշվում է եզրակացության վերին աջ անկյունում` «Հաստատում եմ» կամ «Մերժում եմ» մակագրությամբ:
14. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչությունն իրավունք ունի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից ներկայացված նյութերը ոչ լրիվ լինելու դեպքում դրանք վերադարձնել լրացուցիչ ուսումնասիրության, գրավոր կերպով ցույց տալով սահմանված ժամկետում համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին:
15. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության պետը մերժում է անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարելու վերաբերյալ ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից կազմված եզրակացությունը` եթե գործը կազմվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ, անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարելու պահանջը հիմնավորված չէ կամ անվան, հայրանվան և ազգանվան փոխում կատարել ցանկացած անձի կապակցությամբ հարուցված է քրեական գործ, կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն:
16. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցման վերաբերյալ ՔԿԱԳ տարածքային բաժնի եզրակացությունը կազմվում է երեք օրինակից: Եզրակացության առաջին օրինակը, ծանուցագրի հետ միասին կատարման համար ուղարկվում են համապատասխան գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին: Եզրակացության երկրորդ օրինակը մնում է այն կազմելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում: Եզրակացության երրորդ օրինակը մնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչությունում: Այն դեպքերում, երբ գրանցումը, որի մեջ անհրաժեշտ է փոխում կատարել, գտնվում է ՔԿԱԳ տարածքային տվյալ բաժնում, եզրակացությունը կազմվում է երկու օրինակից:
17. ՔԿԱԳ տարբեր տարածքային բաժիններում գտնվող մի քանի գրանցումներում փոխում կատարելու դեպքում ծանուցագիրը եզրակացության հետ ուղարկվում է գրանցումներից մեկի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին: Մյուս ՔԿԱԳ տարածքային բաժիններին ուղարկվում է համապատասխան ծանուցագրերով եզրակացության պատճենները: Եզրակացության պատճենը պետք է վավերացված լինի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով:
18. Եզրակացությունը, որը ենթակա է առաքման ԱՊՀ անդամ պետություններ, կազմվում է ռուսերեն լեզվով: Այն դեպքում, եթե եզրակացությունը կազմված է ոչ ռուսերեն լեզվով, ուղարկվում է դրա ռուսերեն ոչ պաշտոնական թարգմանության հետ միասին:
19. ՔԿԱԳ տարածքային բաժինը պարտավոր է անվան, հայրանվան և ազգանվան փոխման համար դիմած անձին գրավոր տեղեկացնել նրա խնդրանքը բավարարելու մասին:
Դիմողի խնդրանքը բավարարվելուց հետո անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցումը կատարվում է մեկամսյա ժամկետում: Այդ ժամկետը առանց հարգելի պատճառի դիմողի կողմից բաց թողնելու դեպքում անվան, հայրանվան և ազգանվան փոխման թույլտվությունը կորցնում է իր ուժը: Հարգելի պատճառների առկայության դեպքում (ծանր հիվանդություն, երկարատև գործուղում և այլն) ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի կողմից այդ ժամկետը կարող է երկարացվել:
Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցման մեկամսյա ժամկետն առանց հարգելի պատճառների բաց թողնելու դեպքում կրկնակի միջնորդությունը ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից ընդունվում և քննարկվում է ընդհանուր կարգով:
Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցումը մերժելու մասին ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից քաղաքացուն տրվում է գրավոր պարզաբանում մերժման հիմքերի մասին: Դիմողին բացատրվում է մերժումը բողոքարկելու կարգը և նրա խնդրանքով նրա կողմից ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են իրեն, բացի դիմումից:
Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատարան:
Դիմողի խնդրանքը անունը, հայրանունը և ազգանունը փոխելու մասին նույն հիմքով երկրորդ անգամ քննարկվում է անվան, հայրանվան և ազգանվան փոխումը մերժելու դեմ դատական կարգով բերված գանգատը բավարարվելուց հետո միայն:
20. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցումը կատարվում է սկզբնական (վերականգնված) գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից: Ընդ որում, լրացվում է քաղաքացիական կացության ակտի գրանցման նոր վկայական, որը տրվում է դիմողին կամ ուղարկվում է նրա բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնին` նրան հանձնելու համար: Անվան, հայրանվան և ազգանվան փոխում կատարելու մասին հաղորդվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվին, որը համապատասխան նշում է կատարում քաղաքացիական կացության ակտի գրանցման երկրորդ օրինակում:
Զինապարտների և զորակոչիկների անունները, հայրանունները և ազգանունները փոխելու վերաբերյալ մեկշաբաթյա ժամկետում հաղորդվում է նաև նրանց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատին:
21. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման վերաբերյալ ՔԿԱԳ տարածքային բաժնի եզրակացությունը, հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության պետի կողմից ենթակա է պարտադիր կատարման համապատասխան ակտի սկզբնական (վերականգնված) գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից:
22. Քաղաքացիական կացության ակտերը Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ տարածքային բաժիններում գրանցած օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարելու վերաբերյալ դիմումները ներկայացնում են անձամբ կամ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով:
23. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և քաղաքացիական կացության ակտերը Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ տարածքային բաժիններում գրանցած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց անվան, հայրանվան և ազգանվան փոխումը կատարվում է ընդհանուր կարգով:
24. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարելու վերաբերյալ դիմումների քննարկումը և հաստատումը (մերժումը) պետք է ավարտվի ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում` հաշված ՔԿԱԳ տարածքային բաժնում դիմումը ստանալու օրվան հաջորդող օրվանից: Ըստ անհրաժեշտության այդ ժամկետը կարելի է երկարացնել ոչ ավելի, քան երկու ամսով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության պետի կողմից համապատասխան մակագրություն կատարելու միջոցով: Ժամկետի հետագա երկարացում կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի կողմից: Ընդ որում, ժամկետը որոշվում է յուրաքանչյուր առանձին դեպքում ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից: Ժամկետի երկարացման մասին տեղյակ է պահվում դիմողին և համապատասխան ՔԿԱԳ տարածքային բաժնին:
Քաղաքացիական կացության ակտի կորած գրանցման վերականգնման երևան եկած հանգամանքն ընդհատում է նշված ժամկետի ընթացքը:
25. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարվում են դրանցում եղած տեղեկություններն ընդգծելու և գրանցումների համապատասխան սյունակներում նոր կամ լրացուցիչ տեղեկություններ լրացնելու միջոցով: Տեղեկությունների ջնջումը կատարվում է այնպես, որպեսզի ընդգծված բառերը հնարավոր լինի կարդալ:
Քաղաքացիական կացության ակտի գրանցման առաջին և երկրորդ օրինակների վրա նշում է կատարվում փոխման մասին` «Փոխումը կատարված է (նշել ինչ փոխում է կատարվել գրանցման մեջ, փաստաթղթի անվանումը, նրա համարը, երբ և ում կողմից է տրված) հիման վրա»:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում կատարված փոխումների վերաբերյալ նշումը հաստատվում է այն կատարող ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով:
26. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարելու մասին ՔԿԱԳ տարածքային բաժինները տեղեկացնում են իրենց գտնվելու վայրի ներքին գործերի մարմիններին, իսկ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ կապված անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարելու մասին նաև` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
27. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցումից հետո անունը, հայրանունը և ազգանունը փոխել ցանկացող անձի անձնագրի առաջին էջում գրառում է կատարվում այն մասին, որ անձնագիրը ենթակա է փոխանակման մեկամսյա ժամկետում: Այդ գրառումը վավերացվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով կամ դրվում է համապատասխան դրոշմակ:
28. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման հետ կապված վկայականի կրկնօրինակներ կարող են տրվել նաև սահմանված կարգով վավերացված լիազորագիր ունեցող անձանց:
29. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
30. Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցումն առաջացնում է քաղաքացիական կացության ակտերի համապատասխան գրանցումներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Փոփոխություններ են կատարվում հետևյալ գրանցումներում`
1) ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից ազգանունը փոխելիս` դիմողի ծննդի գրանցման մեջ.
2) այն դեպքերում, երբ անձը նախկինում ամուսնացած է եղել, որը ազգանվան փոփոխությունը գրանցելու պահին, լուծված է եղել, փոփոխություններ կատարվում են`
ա) եթե ամուսնալուծությունից հետո ամուսինը մնացել է մինչամուսնական ազգանունով` ծննդի գրանցման մեջ և ամուսնալուծության գրանցման մեջ.
բ) եթե ամուսինը ամուսնալուծությունից հետո մնացել է մյուս ամուսնու ազգանունով` կամ նախկին ամուսնության ամուսնու ազգանունով` ամուսնալուծության գրանցման մեջ.
3) երբ ամուսնալուծության կապակցությամբ ազգանունը փոխվել է մինչամուսնական ազգանվամբ` ամուսնալուծության գրանցման մեջ.
4) ամուսնության մեջ գտնվող անձի կողմից ազգանունը, այդ թվում` մինչամուսնական ազգանունը` ամուսնության գրանցման մեջ.
5) ամուսնության մեջ գտնվող անձի կողմից ազգանունը փոխելիս` եթե այդ անձը ամուսնությունը գրանցելուց հետո մնացել է մինչամուսնական ազգանունով` ծննդի գրանցման մեջ և ամուսնության գրանցման մեջ.
6) ամուսնության մեջ գտնվող անձի կողմից ազգանունը փոխելիս` եթե այդ անձը ամուսնությունը գրանցելուց հետո մնացել է նախորդ ամուսնության ամուսնու ազգանունով` ամուսնության գրանցման մեջ.
7) ամուսնության մեջ գտնվող անձի կողմից մինչամուսնական ազգանունը ամուսնու ազգանունով փոխելիս` ամուսնության գրանցման մեջ.
8) անունը կամ հայրանունը փոխելիս` ծննդի գրանցման մեջ, իսկ ամուսնության մեջ գտնվող անձանց նկատմամբ նաև ամուսնության գրանցման մեջ:
Սույն կետի 2-8-րդ ենթակետերում թվարկված դեպքերում, եթե դիմողը գտնվում է ոչ առաջին ամուսնության մեջ, ապա ամուսնության նախորդ գրանցումներում, ինչպես նաև ամուսնալուծության գրանցումներում փոփոխություններ չեն կատարվում:
Երկու ծնողների ազգանունները փոխելիս պարտադիր կարգով փոխվում են անչափահաս երեխաների ազգանունները` նրանց ծննդի գրանցումների մեջ: Եթե ազգանունը փոխել է ծնողներից մեկը, ապա անչափահաս երեխաների ազգանունները փոխելու հարցը լուծվում է ըստ ծնողների համաձայնության, իսկ համաձայնություն չլինելու դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից:
Հոր կողմից իր անվան փոփոխումը գրանցելիս փոխվում է նրա անչափահաս երեխաների հայրանունը, իսկ չափահաս զավակների հայրանունը փոխվում է միայն այն դեպքում, երբ այդ մասին ՔԿԱԳ տարածքային բաժիններ դիմում են տալիս իրենք` չափահաս զավակները:
Չափահաս զավակների ազգանունը փոխվում է միայն նրանց միջնորդության հիման վրա` ընդհանուր կարգով:
Որպես որդեգրված ծնողներ արձանագրված որդեգրողների կողմից ազգանունները փոխելիս կամ որպես երեխայի հայր արձանագրված որդեգրողի կողմից անունը փոխելիս, ինչպես նաև այն անձի կողմից ազգանունը և անունը փոխելիս, որի հայրությունը գրանցված է ՔԿԱԳ տարածքային բաժիններում` վերոհիշյալ կարգով փոփոխություններ են կատարվում անչափահաս երեխաների ծննդի գրանցումներում, ինչպես նաև որդեգրման և հայրության որոշման գրանցումներում:
Ծնողների, թեկուզև նրանցից մեկի կողմից անունը, հայրանունը և ազգանունը փոխելիս ինչպես անչափահաս, այնպես էլ չափահաս երեխաների ծննդի գրանցումներում փոփոխվում են ծնողների վերաբերյալ տեղեկությունները, ընդ որում, չափահաս երեխաներից դիմումներ չեն պահանջվում: Նույնանման փոփոխություններ կատարվում են որդեգրված չափահաս և անչափահաս երեխաների ծննդի գրանցումներում` եթե որդեգրողները արձանագրված են որպես որդեգրված ծնողներ, ինչպես նաև որդեգրման և հայրության որոշման վերաբերյալ գրանցումներում:
Որպես որդեգրված ծնողներ չարձանագրված որդեգրողների կողմից անունը, հայրանունը և ազգանունը փոխելու դեպքում փոփոխություն է կատարվում միայն որդեգրման գրանցման մեջ:
Եթե դիմողի չափահաս զավակների ծննդի գրանցումները չեն պահպանվել ՔԿԱԳ տարածքային բաժնում ստացված գրանցման մեջ անհրաժեշտ ուղղումներ կատարելու մասին ծանուցումը վերադարձվում է համապատասխան նշումով ՔԿԱԳ տարածքային այն բաժնին, որն ուղարկել է ծանուցումը:
Ամուսնության մեջ գտնվող անձի կողմից ազգանվան փոփոխումը մյուս ամուսնու ազգանվան փոփոխում չի առաջացնում:
Փոփոխություններ կատարվում են համապատասխան գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից:
Եթե դիմողի ծննդի, ամուսնության կամ ամուսնալուծության գրանցումը, նրա երեխաների ծննդի գրանցումները կատարվել են ՔԿԱԳ տարածքային այլ բաժնի կողմից, ապա անվան, հայրանվան և ազգանվան փոփոխումը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժինը համապատասխան գրանցումների գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնին ծանուցում է ուղարկում դիմողի անունը, հայրանունը և ազգանունը փոխվելու կապակցությամբ նրանց մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու և նոր վկայական ուղարկելու մասին:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժինը դրանցում անհրաժեշտ փոփոխություններ է կատարում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվին ծանուցում ուղարկում գրանցումների երկրորդ օրինակներում փոփոխություններ կատարելու մասին:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ կատարելուց հետո արվում է նշում` փոփոխություն կատարելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և հիմքը, որը վավերացվում է գրանցումը կատարող ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով:
ՔԿԱԳ տարածքային բաժինը միաժամանակ նոր վկայական է գրում և այն հանձնում դիմողին կամ ուղարկում դիմողի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնին` նրան հանձնելու համար: Նախկինում տրված վկայականները սահմանված կարգով չեղյալ են համարվում:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
17 օգոստոսի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 102990136