Գլխավոր տեղեկություն
Համար
N 462
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1997.12.04/5
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.11.1997
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.1997

102.0462.21.11.97

 

ք ա ղ վ ա ծ ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ19 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ. ԹԻՎ 462 ՀՐԱՄԱՆԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի հաճախումների վերահսկողության կարգը» (կցվում է):

2. Ս/թ նոյեմբերի 24-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ արդարադատության նախարարի 30.07.1996 թ. թիվ 356 հրամանը:

 

Մ. Ալեքսանյան

Իսկականի հետ ճիշտ է

 

Հ. Մանուկյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
19 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ. ԹԻՎ 462 ՀՐԱՄԱՆՈՎ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգը սահմանվում է արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի (այսուհետև` կենտրոնական ապարատի) աշխատողների աշխատանքային կարգապահության և աշխատանքային կարգապահության վերահսկողության վիճակի բարելավման նպատակով:

2. Կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի հաճախումները վերահսկելու նպատակով յուրաքանչյուր աշխատանքային օրվա սկզբին նախարարության ընդունարանում տեղադրվում են աշխատանքի հաճախումների մատյաններ:

3. Աշխատանքի ներկայացած յուրաքանչյուր աշխատող մինչև աշխատանքային պարտականությունների կատարմանն անցնելը պարտավոր է իր աշխատանքի ներկայանալը հավաստել աշխատանքի հաճախումների մատյաններում (այսուհետև` մատյաններում) ստորագրելով:

4. Աշխատանքային ժամն սկսվելուց 15 րոպե հետո մատյանները տեղափոխվում են կադրերի և հատուկ աշխատանքների վարչություն: Նշված ժամից ուշ ներկայացած աշխատակիցները ևս պարտավոր են իրենց աշխատանքի ներկայանալը հավաստել մատյաններում ստորագրելով, որոնց ստորագրության կողքին կադրերի և հատուկ աշխատանքների վարչության համապատասխան աշխատակիցը նշում է ստորագրման ժամը:

5. Մատյաններում ստորագրում են կենտրոնական ապարատի բոլոր աշխատողները, բացառությամբ նախարարի տեղակալների, կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և նրանց տեղակալների, նախարարի աշխատակազմի աշխատողների և նախարարության տեխնիկական աշխատողների:

6. Կենտրոնական ապարատի կառուցվածքային այն ստորաբաժանումներում, որոնք տեղաբաշխված են նախարարության հիմնական վարչական շենքից դուրս, պահվում են առանձին մատյաններ, որոնց կիրառումն իրականացվում է սույն կարգին համապատասխան: Նշված մատյանները սեփական պատասխանատվությամբ վարում են տվյալ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, որոնք յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը հաճախումների տվյալները ըստ աշխատակիցների ներկայացնում են կադրերի և հատուկ աշխատանքների վարչություն:

7. Կադրերի և հատուկ աշխատանքների վարչությունը վարում է կենտրոնական ապարատի աշխատակիցների աշխատանքից ուշացումների հաշվառում, ընդ որում` հաշվառումը տարվում է ըստ աշխատակիցների` յուրաքանչյուր աշխատանքային օրվա ժ. 09 : 15-ից ուշ ներկայացած անձանց ուշացած րոպեների գումարման միջոցով: Հաշվարկը տարվում է ըստ ամիսների, ընդ որում յուրաքանչյուր ամսվա ուշացումների հաշվարկը սկսվում է նորից: Կադրերի և հատուկ աշխատանքների վարչությունում վարվող ընթացիկ հաշվառմանը կարող է ծանոթանալ յուրաքանչյուր աշխատող:

8. Յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ամսվա վերջին աշխատանքային օրը կադրերի և հատուկ աշխատանքների վարչությունը նախարարի առաջին տեղակալին է ներկայացնում տեղեկանք աշխատանքի հաճախումների մասին` ըստ յուրաքանչյուր ուշացած աշխատակցի: Այն դեպքերում, երբ մինչև ամսվա վերջ որևէ աշխատողի բացակայությունների գումարային արդյունքը գերազանցում է 30 րոպեն, ապա կադրերի և հատուկ աշխատանքների վարչությունը այդ մասին ծանուցում է նախարարի առաջին տեղակալին անհապաղ:

9. Ամսվա արդյունքներով 30 րոպեից ավելի անհարգելի պատճառներով աշխատանքից ուշացած աշխատակիցները կարող են ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

10. Աշխատանքային օրվա ընթացքում աշխատողի աշխատանքից բացակայությունը համաձայնեցվում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի հետ: Նշված բացակայությունները արձանագրվում են կադրերի և հատուկ աշխատանքների վարչությունում վարվող առանձին մատյանում, որում աշխատակիցը բացակայելուց առաջ պարտավոր է ստորագրել` նշում կատարելով բացակայության ժամկետի մասին:

11. Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների բացակայությունը համաձայնեցվում է նախարարի կամ նախարարի համապատասխան տեղակալի հետ:

12. Կենտրոնական ապարատի աշխատակիցների կարգապահության պատասխանատվությունը դրվում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և նախարարի տեղակալների վրա:

13. Սույն կարգի կատարման ապահովումը դրվում է աշխատանքային կարգապահության վերահսկողության պատասխանատվությունը կրող նախարարի տեղակալի վրա:

14. Սույն կարգն ընդունվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքին համաձայն:

15. Սույն կարգն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
21.11.1997 Թ.
պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 01970060