Գլխավոր տեղեկություն
Համար
N 381-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2005-27.05.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.09.15/22(199) Հոդ.316
Ընդունող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.08.2005
Ստորագրող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105343


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

9 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան

 N 381-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 15-րդ կետի 2-րդ պարբերության՝
 

Հրամայում եմ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելվածի:

 

Նախարար`

Հ. Հովեյան

 

 

Հավելված
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2005 թ. օգոստոսի 9-ի
N 381-Ն հրամանի


Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի (այսուհետ՝ տնօրեն) պաշտոնում նշանակված անձի (այսուհետ՝ տնօրեն) ատեստավորման հանձնաժողովների (այսուհետ՝ հանձնաժողովներ) աշխատակարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի ատեստավորում անցկացնելու մասին» 379-Ն հրամանով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակն առաջադրվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Ցուցակում ընդգրկված անձինք նախարարության աշխատակազմի կողմից գրավոր տեղեկացվում են հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը հաստատվում է նախարարի հրամանով: Հանձնաժողովը կազմվում է հաստատված ցուցակից վիճակահանությամբ, մրցույթ անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նախարարությունից՝ 4 աշխատակից և տվյալ ոլորտից՝ ճանաչված 3 գործիչ: Հանձնաժողովը կազմված է 7 անդամից:

5. Առնվազն 6 ժամ առաջ նախարարության աշխատակազմի միջոցով տեղեկացվում են հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:

6. Հանձնաժողովի կազմը հաստատվում է նախարարի հրամանով: Նույն հրամանով հանձնաժողովի անդամներից նշանակվում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում է համապատասխանաբար՝ հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:

7. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է նախարարի հրամանով՝ հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը՝ համաձայն սույն աշխատակարգի:


2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

8. Հանձնաժողովի խնդիրներն են՝ ատեստավորման միջոցով որոշել տնօրենի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին:

9. Հանձնաժողովը՝

ա) նախարարության աշխատակազմից ստանում է ատեստավորման ենթակա տնօրենների ցանկը, աշխատանքային բնութագրերը, առարկությունները վերջիններիս վերաբերյալ (այդպիսիք լինելու դեպքում) և հանձնաժողովի կնիքը.

բ) իրականացնում է քննարկումներ տարբեր հարցերի շուրջ.

գ) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղը.

դ) սահմանված կարգով կազմում է թեստեր թեստավորման փուլն անցկացնելու համար.

ե) անցկացնում է տնօրենների թեստավորում.

զ) ստուգում և գնահատում է տնօրենների թեստավորման առաջադրանքները.

է) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ը) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված տնօրենների բողոքները.

թ) հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած տնօրենների ցուցակը. 

ժ) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.

ժա) տնօրենի հետ անցկացնում է հարցազրույց.

ժբ) կազմում է քվեաթերթեր.

ժգ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ, գաղտնի քվեարկություն.

ժդ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր տնօրենի վերաբերյալ կայացնում է որոշում.

ժե) ամփոփում է ատեստավորման արդյունքները.

ժզ) յուրաքանչյուր տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթիկ.

ժէ) նախարարության աշխատակազմին է հանձնում կնիքը, ինչպես նաև տնօրենների համար թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, ատեստավորման փաթեթը.

ժը) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:


3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

11. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամներից կեսից ավելիի մասնակցության դեպքում:

13. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է նախարարին: Նախարարը իր հրամանով կարող է ազատել հանձնաժողովի անդամին տվյալ հանձնաժողովի կազմից:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

14. Հանձնաժողովի նախագահը՝

ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

բ) վարում է հանձնաժողովի նիստերը.

գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները՝ համաձայն սահմանված կարգի.

դ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

զ) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.

է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

15. Հանձնաժողովի քարտուղարը՝

ա) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.

բ) բացատրում է տնօրենների թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

16. Հանձնաժողովի անդամը՝

ա) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.

բ) մասնակցում է տնօրենի հարցազրույցի անցկացմանը և հարցեր տալիս մասնակիցներին.

գ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

դ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր տնօրենի համար անցկացվող քվեարկություններին.

ե) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

զ) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:


7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

17. Հանձնաժողովը, կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը նախարարության աշխատակազմին հանձնելուց հետո, դադարեցնում է իր գործունեությունը:

 18. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.04.2010, N 170-Ն 27.05.2010, N 381-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան