Գլխավոր տեղեկություն
Համար
N 89-ՄՄ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.1999-03.05.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.08.06/11(33)
Ընդունող մարմին
Էներգետիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
14.06.1999
Ստորագրող մարմին
Էներգետիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.04.2001

1058.0089.14.06.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

14.06.1999 թ.

N 89-ՄՄ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրության 2 կետի «ա» և «ժդ» ենթակետերը, ինչպես նաև ՀՀ էներգետիկայի նախարարության 24.06.98 թ. N 192-ԳՄ հրամանով հաստատված «Էլեկտրակայանների և ցանցերի տեխնիկական շահագործման կանոններ»-ի 1.5 բաժնի դրույթների իրականացումը ապահովելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայկական էներգահամակարգի էլեկտրական կայանների և ցանցերի աշխատանքում տեխնոլոգիական խախտումների քննության և հաշվառման հրահանգը» (կցվում է):

2. Հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրահանգը ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետությունում չկիրառել 1994 թվականի սեպտեմբերի 1-ին «Հայէներգո» պետական ձեռնարկության կողմից ընդունված «Հայկական էներգահամակարգի ցանցերի և կայանների աշխատանքում տեղի ունեցած խախտումների հետաքննման հրահանգ»-ը:

 

Նախարար`

Մ. Միքայելյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
14.06.1999 Թ.
n 89-ՄՄ ՀՐԱՄԱՆՈՎ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ


Հ Ր Ա Հ Ա Ն Գ

ՀԱՅԿԱԿԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Սույն հրահանգը մշակված է` հիմք ընդունելով ՀՀ Էներգետիկայի նախարարության կանոնադրության «ա» և «ժդ» կետերը և ՀՀ Էներգետիկայի նախարարության 1998 թ. հունիսի 24-ի N 192-ԳՄ հրամանով հաստատված «Էլեկտրակայանների և ցանցերի շահագործման կանոններ»-ի 1.5 բաժնի դրույթների իրականացման ապահովման նպատակով և տալիս է հիմնական ցուցումներ էլեկտրական կայանների և ցանցերի էլեկտրատեղակայումների աշխատանքում խախտումների քննման, դասակարգման և հաշվառման վերաբերյալ:

Հրահանգը չի սահմանում կողմերի միջև առևտրային պայմանագրերի խախտման, ինչպես նաև էներգահամակարգում հզորության դեֆիցիտի դեպքում սպառողների էներգամատակարարման պայմանների փոփոխման կամ կողմերի մեղավորության որոշման կարգը:

Սույն հրահանգի պահանջների կատարումը պարտադիր է ՀՀ Էներգետիկայի բնագավառի էլեկտրական կայանների, էլեկտրական և ջերմային ցանցերի, տեխնոլոգիական կապի, շինմոնտաժային, կարգաբերող, նորոգող և նախագծող ընկերությունների համար, որոնք մասնակցում են խախտումների քննման աշխատանքներին*:

Խախտումների քննության, դասակարգման և հաշվառման աշխատանքների կատարման հսկողությունը իրականացվում է «Էներգապետհսկողություն» Գլխավոր վարչության կողմից:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Էլեկտրական կայանների և ցանցերի էլեկտրատեղակայումների աշխատանքում խախտումների քննության, դասակարգման և հաշվառման հիմնական խնդիրներն են` խախտման բոլոր պատճառների և մեղավորների բացահայտումը, վնասված սարքավորումների և կառույցների աշխատունակության վերականգնման, էներգետիկական սարքավորումներում նմանատիպ խախտումների կանխարգելման և էներգետիկայի բնագավառում գործող ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) անձնակազմի պատասխանատվության բարձրացմանն ուղղված կազմակերպչա-տեխնիկական միջոցառումների մշակումը:

1.2. Խախտումների քննության արդյունքներից ելնելով, որոշվում է կարգադրիչ փաստաթղթերի թողարկման անհրաժեշտությունը:

1.3. Քննության ակտով նախատեսված միջոցառումները ենթակա են պարտադիր կատարման:

1.4. Հետևանքների բնույթից և ծանրությունից կախված` խախտումները ստորաբաժանվում են` վթարների, առաջին և երկրորդ աստիճանի խափանումների:

1.5. Սպառողների հաշվեկշռում գտնվող կայանքների աշխատունակության խախտման հետևանքով սպառիչների էներգամատակարարման ընդհատումները, անկախ հետևանքներից, դասակարգվում են որպես սպառողական անջատումներ և հաշվառվում են սպառողների կողմից:

1.6. Յուրաքանչյուր առանձին հաշվառվող խախտում պետք է դասակարգվի ըստ խախտման զարգացման առավել ծանր հետևանքների:

1.7. Վթար կամ խափանում չեն համարվում`

ա) օպերատիվ (վթարային) հայտերով սարքավորումների դուրս բերումն աշխատանքից` կապված առանձին չնչին թերությունների և անսարքությունների (խցուկների լցում, միջադիրների փոխարինում, զրոյական մեկուսիչների փոխարինում, հենարանների էլեմենտների փոխարինում, մեկուսիչների մաքրում, յուղի հոսքակորուստի վերացում և այլն) վերացման հետ, եթե տվյալ սարքավորման դուրս բերումը աշխատանքից չի հանգեցրել տրված կարգավարական գրաֆիկի կամ փոխհոսքի չկատարման, վթարային անջատումների կամ սահմանափակումների.

բ) սարքավորումների և կառույցների վնասվածքները, որոնք տեղի են ունեցել համակողմանի փորձարկման ընթացքում մինչև նրանց շահագործման մեջ մտցնելը կամ հայտնաբերվել են պլանային նորոգումների, պրոֆիլակտիկ զննումների և փորձարկումների ժամանակ, ինչպես նաև էներգատարրերի պարամետրերի երկարատև շեղումները, որոնք հաշվառվում են հատուկ ձևով:

 

2. ԽԱԽՏՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ

 

2.1. Վթարներ

 

2.1.1. Համակարգային վթարներ

Համակարգային վթարներ են համարվում`

2.1.1.1. Էներգահամակարգի կայունության խախտումը, որը բերում է էներգահամակարգի բաժանման առանձին աշխատող մասերի և 20 % ու ավելի աշխատող հզորության չափով սպառիչների անջատման:

2.1.1.2. Էներգահամակարգի աշխատանքը 49,0 Հց և ցածր և կամ 50,5 Հց և բարձր հաճախականությամբ 1 ժամ և ավել տևողությամբ:

2.1.1.3. Հայկական էներգահամակարգում տեղի ունեցած խախտման հետևանքով զուգահեռ աշխատող էներգահամակարգերի առանձնացում` միջպետական էլեկտրահաղորդման օդային գծերի անջատումով:

2.1.2. Կայանային վթարներ

Կայանային վթարներ են համարվում`

2.1.2.1. Էլեկտրակայանի էլեկտրական բեռի լրիվ բեռնաթափումը 2-ից ոչ պակաս աշխատող ագրեգատների դեպքում, որը բերում է սպառիչների անջատման կամ էներգահամակարգի հաճախականության իջեցման 0,5 Հց և ավելի չափով:

2.1.2.2. «Ա» խմբի սարքավորման վնասվելը (տես հավելված 1), որը պահանջում է նրա վերականգնողական նորոգում 15 և ավելի օրերի ընթացքում կամ, եթե այդ սարքավորման վերականգնումն անհնար է, կամ էլ աննպատակահարմար:

2.1.2.3. 110 կՎ և բարձր լարման միացության վրա կարճ միացման անջատման «հրաժարումը», որը բերում է այլ միացությունների անջատմանը` սպառիչների էլեկտրամատակարարման խախտումով:

2.1.2.4. Հիմնական շինարարական կառույցների փլուզումը (տես հավելված 1):

2.1.2.5. 110 կՎ և բարձր լարման հաղորդաձողերի հոսանքազրկումը:

2.1.3. Էլեկտրացանցային վթարներ Էլեկտրացանցային վթարներ են համարվում`

2.1.3.1. 6 կՎ և բարձր լարման էլեկտրահաղորդման գծի անջատումը, որի հետևանքով տեղի է ունենում սպառիչների էլեկտրասնուցման ընդհատում 24 ժամ և ավելի տևողությամբ կամ պահանջում է գծի վերականգնողական նորոգում 48 և ավել ժամվա ընթացքում:

2.1.3.2. «Ա» խմբի սարքավորման վնասվելը (տես հավելված 1), որը պահանջում է նրա վերականգնողական նորոգում 15 և ավելի օրերի ընթացքում կամ, եթե այդ սարքավորման վերականգնումն անհնար է, կամ աննպատակահարմար:

2.1.3.3. 2,5 ՄՎԱ և ավելի հզորության ուժային տրանսֆորմատորի վնասվածությունը, եթե նրա վերականգնումն անհնար է, կամ աննպատակահարմար:

2.1.3.4. 110 կՎ և բարձր լարման միացության վրա կարճ միացման անջատման «հրաժարումը», որը բերում է այլ միացությունների անջատմանը` սպառիչների էլեկտրամատակարարման խախտումով:

2.1.4. Ջերմացանցային վթար

Ջերմացանցային վթարներ են համարվում`

2.1.4.1. Սարքավորումների վնասման հետևանքով սպառիչների ջերմամատակարարման ընդհատում 24 ժամ և ավելի տևողությամբ:

2.1.4.2. 250 մմ և ավել տրամագծով ջերմաֆիկացիոն խողովակաշարերի անսարքությունը կամ վնասվելը, որի հետևանքով ջեռուցման ժամանակաշրջանում դադարեցվում է նրանում ջրի շրջապտույտը 48 ժամ և ավելի տևողությամբ:

2.1.4.3. 8 Գկալ/ժամ և ավել արտադրողականության ջրատաքացուցիչ կաթսայի փլուզումը, եթե նրա վերականգնումն անհնար է, կամ աննպատակահարմար:

2.1.4.4. «Ա» խմբի սարքավորման վնասվելը (տես հավելված 1), որը պահանջում է նրա վերականգնողական նորոգում 15 և ավելի օրերի ընթացքում:

2.1.4.5. Կենտրոնական ջերմային կետերի, պոմպակայանների, դեաէրացիոն լրասնող տեղակայանքի հիմնական շինարարական կառուցվածքների փլուզումը, որը բերում է աշխատող տեխնոլոգիական սարքավորման լրիվ կանգնեցման:

 

2.2. Խափանումներ

 

2.2.1. Առաջին աստիճանի խափանում են համարվում`

2.2.1.1. Էլեկտրակայանի էլեկտրական կամ ջերմային արդյունաբերական բեռի իջեցումն առաջադրված կարգավարական գրաֆիկից 50 % և ավելի չափով, մեկ ժամից ավելի տևողությամբ:

2.2.1.2. «Ա» խմբի սարքավորման արտապլանային դուրս բերումն աշխատանքից կամ պահուստից մինչև 15 օր տևողությամբ:

2.2.1.3. Էներգահամակարգի կայունության խախտումը, որը բերում է համակարգի բաժանման և չի դասակարգվում որպես վթար:

2.2.1.4. ԱԿԿ (Ազգային կարգավարական կենտրոնի) օպերատիվ ղեկավարման տակ գտնվող էլեկտրական կայանների և ենթակայանների կարգավարական-տեխնոլոգիական կապուղիների շարքից դուրս գալը մեկ ժամ և ավելի տևողությամբ:

2.2.1.5. Էլեկտրական կայանի էլեկտրական բեռի տարէջքը, որը բերել է համակարգի ռեժիմների խափանման:

2.2.1.6. «Ա» խմբի սարքավորման վնասվելը (տես հավելված 1), որը պահանջում է նրա վերականգնողական նորոգում մինչև 15 օր տևողությամբ:

2.2.1.7. 6 կՎ և բարձր լարման Էլեկտրահաղորդման գծի անջատումը, որի հետևանքով տեղի է ունենում սպառիչների էլեկտրասնուցման ընդհատում մինչև 24 ժամ տևողությամբ, կամ պահանջում է գծի վերականգնողական նորոգում մինչև 48 ժամ տևողությամբ:

2.2.1.8. Սարքավորումների վնասման հետևանքով սպառիչների ջերմամատակարարման ընդհատում մինչև 24 ժամ տևողությամբ:

2.2.1.9. 250 մմ և ավելի տրամագծով ջերմաֆիկացիոն խողովակաշարերի անսարքությունը կամ վնասվելը, որի հետևանքով ջեռուցման ժամանակաշրջանում դադարեցվում է նրանում ջրի շրջապտույտը մինչև 48 ժամ տևողությամբ:

2.2.1.10. «Բ» խմբի սարքավորման վնասվածությունը (տես հավելված 1), որը պահանջում է նրա վերականգնողական նորոգում 15 օր և ավելի ժամկետում:

2.2.2. Երկրորդ աստիճանի խափանում են համարվում բոլոր այլ խափանումները:

 

3. ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Խախտումները դասակարգվում են ըստ դրանց առաջացման պատճառների և մեղավորների հետևյալ խմբերով

3.1. Էներգահամակարգի անձնակազմի մեղավորություն, այդ թվում`

3.1.1. ԱԿԿ-ի տեխնիկական ղեկավար անձնակազմի

3.1.2. ԿԿԾ-ի հերթապահ անձնակազմի

3.1.3. ԱԿԿ-ի կենտրոնական արտադրական ծառայությունների անձնակազմի

3.1.4. Էներգահամակարգի կապի ծառայության անձնակազմի

3.1.5. Արտադրող, փոխադրող և բաշխող ընկերությունների կամ նրա մասնաճյուղի տեխնիկական ղեկավար անձնակազմի

3.1.6. Արտադրող, փոխադրող և բաշխող ընկերությունների օպերատիվ անձնակազմի

3.1.7. Արտադրող, փոխադրող և բաշխող ընկերությունների նորոգող անձնակազմի

3.1.8. Արտադրող, փոխադրող և բաշխող ընկերությունների ծառայությունների, լաբորատորիաների, բաժինների անձնակազմի

3.1.9. Արտադրող, փոխադրող և բաշխող ընկերությունների ՌՊԱՏԾ (տելեական պաշտպանության և ավտոմատիկայի ծառայություն)-ի անձնակազմի

3.2. Կողմնակի անձանց մեղավորություն

3.3. Տեխնիկական պատճառներ.

3.3.1. Տեղակայանքի նյութի կառուցվածքի, նրա մասերի կամ հանգույցների խախտում,

3.3.2. Եռակցման կամ զոդման խախտում,

3.3.3. Մեխանիկական միացման խախտում,

3.3.4. Մեխանիկական մաշվածություն,

3.3.5. Կոռոզիոն մաշվածություն,

3.3.6. Էռոզիոն մաշվածություն,

3.3.7. Հերմետիկության խախտում,

3.3.8. Նորմալ թրթռավիճակի խախտում,

3.3.9. Պայթյուն,

3.3.10. Ջերմային վնասվածք,

3.3.11. Էլեկտրաաղեղային վնասվածք,

3.3.12. Էլեկտրամեկուսացման խախտում,

3.3.13. Էլեկտրական հպակի խախտում,

3.3.14. Մեխանիկական քայքայում, վնասվածք,

3.3.15. Բռնկում կամ հրդեհ,

3.3.16. Ցանցի կայունության խախտում,

3.3.17. Սարքավորման (հանգույցի) բնական մաշվածություն,

3.3.18. Ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքերի մերժ կամ սխալ աշխատանք,

3.3.19. Մետաղի հոգնածություն:

3.4. Տարերային երևույթներ.

3.4.1. Ամպրոպ,

3.4.2. Սառցակեղև,

3.4.3. Ուժեղ քամի,

3.4.4. Հեղեղումներ,

3.4.5. Երկրաշարժ,

3.4.6. Չբացահայտված և չդասակարգված պատճառներ:

 

4. ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Վթարի կամ խափանման նշաններ ունեցող բոլոր տեսակի խախտումների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությունն անհապաղ հաղորդվում է հետևյալ կարգով`

4.1. Արտադրող ընկերության հերթափոխի պետը (հերթապահը), փոխադրող, բաշխող ընկերության հերթապահ կարգավարը հաղորդում է իր ընկերության տեխնիկական ղեկավարին, շահագործման գծով տեսուչին, ինչպես նաև ԿԿԾ (Կենտրոնական կարգավարական ծառայություն)-ի կարգավարին, եթե խախտումը տեղի է ունեցել այն կայանքում, որը գտնվում է ԿԿԾ-ի կարգավարի օպերատիվ վարման ներքո:

4.2. ԿԿԾ-ի հերթապահ կարգավարը հաղորդում է ԱԿԿ-ի տեխնիկական ղեկավարությանը և շահագործման գծով տեսուչին:

4.3. Նշված խախտումների վերաբերյալ ընկերությունների շահագործման գծով տեսուչները տեղեկացնում են Էներգապետհսկողության համապատասխան տարածքային վարչության պետին:

4.4. Էներգապետհսկողության տարածքային վարչության պետը կատարում է խախտման նախնական դասակարգում և վթարի դեպքում անհապաղ տեղեկացնում է «Էներգապետհսկողություն» Գլխավոր վարչության շահագործման տեսչական վարչության պետին:

 

5. ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5.1. Համակարգային վթարները քննվում են ՀՀ Էներգետիկայի նախարարության հրամանով կազմված հանձնաժողովի կողմից:

5.2. Կայանային և ցանցային վթարները և խափանումները քննվում են տվյալ ընկերության կամ նրա մասնաճյուղերի հանձնաժողովների կողմից:

5.3. Լեռտեխհսկողության կողմից վերահսկվող օբյեկտներում խախտումների քննությունը կատարվում է` հաշվի առնելով այդ մարմնի գործող Կանոններն ու հրահանգները:

5.4. Սպառողներին էներգիայի թերբացթողման հաշվարկը պետք է իրականացվի էլեկտրական և Ջերմային էներգիաներից օգտվելու Կանոնների համաձայն:

5.5. Էլեկտրական էներգիայի թերարտադրման չափը որոշվում է սպառողների թերմատակարարված էլեկտրաէներգիայի մեծությամբ և (կամ) ՀԷԿ-րի պարապ ջրաթափերից հարկադրաբար բաց թողնված ջրի համարժեքով:

5.6. Խախտումների քննությունը պետք է սկսվի անհապաղ և ավարտվի 15-օրյա ժամկետում:

5.7. Հանձնաժողովի աշխատանքը պետք է անցկացվի նախագահի կողմից սահմանված կարգի համաձայն:

5.8. Վնասված սարքավորումների բացումը կամ քանդումը պետք է կատարվի միայն հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ կամ ցուցումով, եթե դա չի խոչընդոտում վթարի վերացմանը:

5.9. Առանձին դեպքերում հանձնաժողովի նախագահի պահանջով քննության ժամկետը կարող է հրամանով մեկ անգամ ևս 15 օրով երկարաձգվել:

5.10. Տեխնոլոգիական խախտումների քննության արդյունքների իրավական ուժն ապահովելու համար պետք է`

հետվթարային իրավիճակի պահպանում, եթե դա վտանգ չի ներկայացնում մարդկանց կյանքին կամ չի նպաստում խափանման զարգացմանը,

խախտման օբյեկտների լուսանկարում կամ նկարագրում.

բոլոր անհրաժեշտ նյութերի ու փաստաթղթերի (համաձայն նախագահի կողմից տրված ցանկի) ներկայացում. բոլոր ձայնագրությունների և խախտման հետ առնչվող այլ նյութական վկայությունների փոխանցում հանձնաժողովին:

Ներկայացվող նկարագրությունները և փաստաթղթերը պետք է վավերացվեն ընկերության ղեկավարության ստորագրություններով և կնիքով:

5.11. Ընկերության ղեկավարությունը, որտեղ տեղի է ունեցել խախտումը պարտավոր է` տրամադրել քննությունն անցկացնելու համար անհրաժեշտ տրանսպորտային և կապի միջոցներ, անցկացնել անհրաժեշտ տեխնիկական հաշվարկներ, լաբորատոր հետազոտություններ, փորձարկումներ և այլ աշխատանքներ, ապահովել անհրաժեշտ փաստաթղթերի տպագրումը և բազմացումը:

5.12. Վթարների և խափանումների քննության արդյունքները ձևակերպվում են ակտով, որի ձևը ներկայացված է սույն հրահանգի 7-րդ բաժնում: Քննության ակտին պետք է կցվեն հանձնաժողովի եզրակացությունները հաստատող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (գրանցող սարքերի և օսցիլոգրաֆների ժապավեններ, քաղվածքները օպերատիվ մատյաններից, բացատրագրեր, սխեմաներ, գծագրեր, լուսանկարներ, փորձարկումների արդյունքներ, հարցման թերթիկներ և այլն):

5.13. Քննության ակտը պետք է ստորագրվի հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Հանձնաժողովի առանձին անդամների չհամաձայնվելու դեպքում թույլատրվում է ակտը ստորագրել հատուկ կարծիքով: Հատուկ կարծիքը ստորագրման ժամանակ պետք է կցվի ակտին:

5.14. Քննության ակտը 3-օրյա ժամկետում ուղարկվում է այն ընկերություններին, որտեղ տեղի է ունեցել խախտումը և որոնք ընդգրկվել են տեխնոլոգիական խախտման զարգացման ու լոկալիզացման շղթայում, ինչպես նաև այն կազմակերպությանը (նախարարություն, ընկերություն) որի հրամանով ստեղծվել և գործել է հանձնաժողովը:

5.15. Ընկերությունների տարաձայնությունները հանձնաժողովի որոշումների վերաբերյալ 10-օրյա ժամկետում ներկայացվում են ՀՀ Էներգետիկայի նախարարություն` վերջնական որոշում կայացնելու համար:

 

6. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6.1. Էներգետիկայի բնագավառի ընկերությունում տեղի ունեցած բոլոր խախտումները պետք է հաշվառվեն այդ ընկերության կողից:

6.2. Տեխնոլոգիական խախտումների հաշվառումը կատարվում է էներգասարքավորումների աշխատանքի ամբողջ ժամանակահատվածում:

6.3. ՀՀ Էներգետիկայի բնագավառի ընկերությունները հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ «Էներգապետհսկողություն» ԳՎ են ներկայացնում աշխատանքում խախտումների մասին հաշվետվություն` որի միասնական ձևը տրված է հավելված 2-ում:

 

7. ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Վթարների և խափանումների քննության արդյունքները ձևակերպվում են ստորև բերված ձևով.

Խախտման քննության ակտ թիվ ________________

Ակտի կազմման ամսաթիվը, տարին _____________ կազմման վայրը

(քաղաքը) ______________________________________

(Ընկերության անվանումը, որտեղ կատարվել է խախտում`)

___ __________ 199 թ. թիվ ______ հրամանի համաձայն

ստեղծված հանձնաժողովը հետևյալ կազմով`

Հանձնաժողովի անդամների անունը, ազգանունը և պաշտոնը:

1. Ընկերությունների կայանքների և ցանցերի անվանումները, որտեղ կատարվել և զարգացում է ստացել խախտումը:

2. Խափանման առաջացման ամսաթիվն ու ժամը:

3. Խախտման հաշվառման հատկանիշը:

Նշվում է խախտման հատկանիշը (բառերով) և քննության հրահանգի համապատասխան կետի համարը:

4. Էներգիայի թերբացթողում (հազ. կՎտԺ-Գկալ):

Նշվում է էլեկտրական և ջերմային էներգիաների թերբացթողնման չափը:

5. Էներգիայի թերարտադրում (հազ. կՎտժ-Գկալ):

Նշվում է էլեկտրական և ջերմային էներգիաների թերարտադրման չափը:

6. Աշխատանքի ռեժիմի նկարագրությունը և օպերատիվ անձնակազմի գործողությունների գնահատումը մինչև խախտման առաջանալը:

Նկարագրվում է աշխատանքի նախավթարային ռեժիմը, սարքավորումների կազմը և էներգահանգույցի, էներգասարքավորման հիմնական պարամետրերը, ինչպես նաև անձնակազմի սխալ գործողությունները և տեղի ունեցած շեղումները, որոնք հանդիսացել են խախտման առաջացման նախադրյալներ:

7. Խախտման առաջացման, ընթացքի և անձնակազմի գործողությունների նկարագրություն:

Ժամանակագրական կարգով նկարագրվում են խախտման առաջացումը, զարգացումը և վերացումը, ինչպես նաև պատճառա-հետևանքային կապերը իրադարձությունների միջև:

8. Ռեժիմի վերականգնման ամսաթիվն ու ժամը:

9. Խախտման առաջացման և զարգացման պատճառները:

Շարադրվում են խախտման առաջացման և զարգացման բոլոր պատճառների հակիրճ ձևակերպումները, որից հետո առանձին տողում նշվում են դասակարգման հատկանիշները` սույն հրահանգի երրորդ բաժնի համապատասխան կետերի համարների տեսքով:

Անձնակազմի սխալ գործողությունների առկայության դեպքում նշվում են` թույլ տրված սխալները, հերթափոխի տևողությունը օբյեկտում, ժամանակը հերթափոխի սկզբից մինչև խախտումը, օպերատորների քանակը հերթափոխում, խախտման վերացման մասնակիցների քանակը:

10. Շահագործման թերությունները, որոնք նպաստել են խախտման առաջացմանը և զարգացմանը:

Նշվում են թվարկված թերությունները:

11. Նախագծի, էլեկտրա և ջերմակայանքների սարքվածքի, սարքավորումների պատրաստման, շինմոնտաժային և կարգաբերման աշխատանքների թերությունները, որոնք նպաստել են խախտման առաջացմանը և զարգացմանը:

Նշվում են թվարկված թերությունները:

12. Հիմնական (կազմակերպչական և տեխնիկական) միջոցառումներ` նման խախտումները կանխելու համար:

Նշվում են ընկերություններում նման խախտումները կանխելու համար առաջարկվող այն միջոցառումները, որոնց կատարման վերահսկումը պետք է սահմանվի էներգապետհսկողության կողմից:

13. Վնասված սարքավորումների, հանգույցների և սարքերի ցանկը:

Թվարկվում է վնասված հանգույցների, սարքերի և սարքավորումների տեսակը և պատրաստման տարեթիվը, շահագործման ժամերի քանակը, վնասվածքի բնույթը:

14. Վնասված սարքավորումների վերականգնման ամսաթիվն ու ժամը:

Նշվում են նորոգումից հետո վնասված սարքավորումների բեռի տակ միացման ամսաթիվն ու ժամը: Եթե մինչև քննության ակտի ստորագրումը տվյալ կայանքները չեն գործարկվել, ապա նշվում է նորոգման ավարտի ամսաթիվը` վերականգնման գրաֆիկին համաձայն:

Հանձնաժողովի անդամները - անունը, ազգանունը, ստորագրությունը

______

* Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած տեխնոլոգիական խախտումների քննությունը, դասակարգումը և հաշվառումը իրականացվում է համաձայն «Ատոմային կայանների աշխատանքում խախտումների հետաքննության և հաշվառման կանոնակարգի» (PH AE G-12-005-91) պահանջների: Խախտման արդյունքներով կազմված ակտի և համապատասխան հրամանի օրինակները ներկայացվում են ՀՀ էներգետիկայի նախարարություն:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀԱՅԿԱԿԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ և ՑԱՆՑԵՐԻ
ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ
ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ և
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ

 

Ց Ա Ն Կ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ Ա ԵՎ Բ ԽՄԲԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

NN
Ը/Կ

Սարքավորման անվանումը

Չափման
միավորը

Խմբի անվանումը

«Ա»

«Բ»

1

2

3

4

5

1 Շոգեկաթսաներ և ջրատաքացման` կաթսաներ արտադրողականությամբ տ/ժամ 220 և ավելի 50-220
2 Էներգաբլոկների կաթսաներ և կաթսաների իրաններ` հզորությամբ ՄՎտ 150 և ավելի -
3 Հիդրոտուրբիններ և նրանց գեներատորները` հզորությամբ ՄՎտ 12,5 և ավելի 2-12,5
4 Շոգետուրբիններ և նրանց գեներատորները` հզորությամբ ՄՎտ 12,5 և ավելի 2-12,5
5 Ավտոտրանսֆորմատորներ, ուժային և կարգավորող տրանսֆորմատորներ` հզորությամբ ՄՎտ 16 և ավելի 6-16
6 Ռեակտորներ և հողանցող ռեակտորներ` լարման կՎ - 6-35
7 Անջատիչներ` լարման կՎ 110 և ավելի 6-35
8 Հիդրոկայանների ճնշման խողովակաշարեր, հավասարեցնող աշտարակներ, պարապ ջրթափեր, վահաններ, փականներ, ամբարտակներ, ջրավազաններ, ջրընդունիչներ և ջրթափ կառույցներ` կայանի հզորությամբ ՄՎ 25 և ավելի մինչև 25
9 Էլեկտրակայանների գլխավոր շոգետար և սնող խողովակաշարեր, նրանց արմատուրներ, ծխաքաշեր, հետ հովարաններ   Ա խմբի
սարքավորման հետ
Բ խմբի
սարքավորման հետ
10 Բաժանիչներ, չափիչ տրանսֆորմատորներ` լարման կՎ 110 և ավելի 6-35
11 ՋԷԿ-ի սնող պոմպեր   - +
12 Վենտիլային պարպիչներ` լարման կՎ - 35-220
13 Էլեկտրակայանների Ա և Բ խմբի սարքավորման բլոկային վահաններ պուլտեր, պանելներ   - +

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՀԱՅԿԱԿԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ և ՑԱՆՑԵՐԻ
ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ
ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ և
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ց Ա Ն Կ

 

__ _______ 199 թ. _________ ընկերությունում վթարների եվ խափանումների

 

Վթարի
(խափանման)
ամսաթիվը,
ակտի համարը

Վթարի
(խափանման)
կրճատ
նկարագրությունը
և պատճառները

Էներգիայի
թերբացթողում
հազ. կՎտժ Գկալ

Խախտման
հատկանիշը և
դասակարգման
խումբը ըստ
պատճառների և
մեղավորների

2

3

4

5

 

Հաշվետվությամբ չեն ներկայացվում որպես երկրորդ աստիճանի խափանումներ դասակարգված էլեկտրակայանների 0,4 կՎ լարման էլեկտրատեխնիկական սարքավորումների, էլեկտրական ցանցերի 10 կՎ և ցածր լարման օդային գծերի անջատումները, ինչպես նաև սպառողների կայանքների անջատումները, բացառությամբ ԿԿԾ կարգավարի օպերատիվ վարման ներքո գտնվող սարքավորումների:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
21 հուլիսի 1999 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10899121