Գլխավոր տեղեկություն
Համար
N 348
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2003-11.02.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.10.01/33(307) Հոդ.313
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.05.2003
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.05.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 օգոստոսի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 10003240

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 մայիսի 2003 թ.
ք. Երևան
N 348

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՏԻՖԻ ԵՎ ՊԱՐԱՏԻՖԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» N 3.1.1-002-03 ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի թ) ենթակետի, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման նպատակով,

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Որովայնային տիֆի և պարատիֆերի համաճարակաբանական հսկողություն և կանխարգելում» N 3.1.1-002-03 սանիտարահակահամաճարակային կանոնները (կցվում է):

2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին`

սահմանել հսկողություն «Որովայնային տիֆի և պարատիֆերի համաճարակաբանական հսկողություն և կանխարգելում» N 3.1.1-002-03 սանիտարահակահամաճարակային կանոնների պահանջների կատարման նկատմամբ:

 

Նախարար`

Ա. Մկրտչյան

 

 

Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարի
15.05.03 թ. N 348 հրամանով

 

ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՏԻՖԻ ԵՎ ՊԱՐԱՏԻՖԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԿ N 3.1.1.002-03

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Որովայնային տիֆը և պարատիֆերն աղիքային վարակիչ հիվանդություններ են, որոնք տարածված են բոլոր երկրներում և առողջապահության համար լուրջ խնդիր են ներկայացնում:

Որովայնային տիֆի և պարատիֆ Ա-ի վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդը կամ մանրէակիրն են: Որոշ չափով սա վերաբերում է նաև պարատիֆ Բ-ին, թեև ի տարբերություն առաջին երկու նոզոլոգիական միավորների, պարատիֆ Բ-ի վարակի աղբյուր կարող են հանդիսանալ նաև որոշ կենդանիներ և թռչուններ (մատղաշ եղջերավոր անասուններ, ճուտիկներ):

Որովայնային տիֆով և պարատիֆերով վարակումը տեղի է ունենում կղանքաբերանային ճանապարհով, երբ հարուցիչը ներթափանցում է ստամոքսաաղիքային համակարգ: Հարուցիչների տարածումը կարող է իրականացվել արտաքին միջավայրի ամենատարբեր առարկաների միջոցով, սակայն առաջատարը փոխանցման ջրային գործոնն է` իր արտահայտման ողջ բազմաձևությամբ: Այս գործոնի ազդեցությունը կարող է բերել տեղային օջախների և խոշոր բռնկումների առաջացման կամ պայմանավորել երկարատև անբարենպաստ իրավիճակ առանձին տարածաշրջաններում:

Որովայնային տիֆի և պարատիֆերի հիվանդացության նվազեցմանն ուղղված միջոցառումների պլանավորումը և իրականացումն, առաջին հերթին, պետք է հիմնվի այս վարակիչ հիվանդություններով հիվանդացության մանրամասն համաճարակաբանական վերլուծության տվյալների վրա, հաշվի առնելով նաև կոնկրետ տարածքի և հատուկ նշանակության կազմակերպությունների սանիտարահիգիենիկ բնութագիրը:

Համալիր միջոցառումների պլանավորման ժամանակ առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրության արժանացնել հատկապես հիվանդացության առումով առավել անբարենպաստ տարածքները:

Հիվանդացության նվազեցմանն ուղղված պայքարում որոշակի տեղ է հատկացվում վարակի աղբյուրի նկատմամբ իրականացվող միջոցառումներին (հիվանդներ և մանրէակիրներ):

 

2. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

2.1. Որովայնային տիֆով և պարատիֆերով հայտնաբերված հիվանդների հոսպիտալացումը կատարվում է կլինիկական և համաճարակային (հիվանդների մեկուսացման, հիգիենիկ և հակահամաճարակային ռեժիմի պահպանման պայմանների բացակայություն) ցուցումներով:

2.2. Հիվանդների ընդունումը, սանիտարական մշակումը, տեղափոխումը համապատասխան բաժանմունք, անձնական հիգիենայի կանոնների պահպանումը, հիվանդի խնամքը, ինչպես նաև սննդի պատրաստումը, տեղափոխումը և ընդունումը, ինֆեկցիոն հիվանդանոցում (բաժանմունքում) ախտահանման և վարակազերծման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը, լվացքատներին, ստացիոնարին կից ախտահանման բաժիններին ներկայացվող պահանջները, հարազատների հետ հիվանդների շփման կարգը և դուրս գրումը ստացիոնարից իրականացվում են «Ինֆեկցիոն հիվանդանոցների սանիտարահակահամաճարակային ռեժիմի և անձնակազմի աշխատանքի պաշտպանության մասին» սանիտարահամաճարակային կանոնների պահանջներին համապատասխան:

2.3. Հաշվի առնելով այս հիվանդությունների կլինիկական ախտորոշման դժվարությունը, ինչպես նաև հիվանդության ոչ հաճախ հանդիպող թեթև, ոչ բնորոշ ընթացքը, անհայտ ծագման 3 օրից ավելի ջերմող բոլոր հիվանդները ամբուլատոր պոլիկլինիկական պայմաններում ենթակա են հեմոկուլտուրայի մեթոդով հետազոտության (արյան մանրէաբանական հետազոտություն): Բարձր հիվանդացությամբ բնակավայրերում նման հիվանդները ենթակա են պրովիզոր հոսպիտալացման:

2.4. Վարակի աղբյուրի հայտնաբերման նպատակով մանրէաբանորեն և շճաբանորեն (հետադարձ ախտորոշման և մանրէակիրների հայտնաբերման համար) հետազոտվում են օջախում հիվանդի հետ շփված բոլոր անձինք: Անհրաժեշտության դեպքում կարելի է ընդարձակել հետազոտվող անձանց շրջանակը:

2.5. Բարձր հիվանդացությամբ բնակավայրերում կասկածելի հիվանդներին վաղաժամ հայտնաբերելու նպատակով, ցանկալի է իրականացնել բակային համայցեր ոչ միայն բռնկման, այլ նաև հիվանդության սեզոնային բարձրացման ժամանակ:

2.6. Օջախի համաճարակաբանական հետազոտությունը, որպես կանոն, իրականացվում է բժիշկ-համաճարակաբանի կողմից, առանձին դեպքերում հետազոտությունը թույլատրվում է իրականացնել համաճարակաբանի օգնականին: Հիվանդի հետ շփված բոլոր անձանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն` որովայնային տիֆի դեպքում 3 շաբաթ, իսկ պարատիֆերի դեպքում` 2 շաբաթ տևողությամբ` հիվանդության կրկնակի դեպքերի վաղաժամ հայտնաբերման նպատակով:

2.7. Հիվանդության առաջացման պատճառների բացահայտումն իրականացվում է լաբորատոր մեթոդների կիրառմամբ:

2.8. Վարակի տարածման զանգվածային գործոնով պայմանավորված լարված համաճարակաբանական անբարենպաստ պայմաններում, մանրէակրության հայտնաբերման նպատակով օջախում հիվանդի հետ շփված անձինք չեն հետազոտվում: Իրականացվում է հսկողություն և հետազոտություն հիվանդության նոր դեպքերի ախտորոշման նպատակով:

2.9. Խմբային հիվանդացության և բռնկումների ժամանակ մանրէակրության նկատմամբ առաջին հերթին հետազոտվում են այն անձինք, ովքեր զանգվածային վարակման առումով որպես վարակի աղբյուր առավել կասկածելի են (ջրամատակարարման ցանցի, հասարակական սննդի, առևտրի բնագավառի աշխատակիցներ, հասարակության սպասարկման տարբեր տեսակներով զբաղվող անձինք):

2.10. Հիվանդի մեկուսացումն ավարտվում է կլինիկական առողջացումից և կղանքի ու մեզի եռակի մանրէաբանական հետազոտությունից հետո: Առաջին հետազոտությունը կատարվում է նորմալ ջերմաստիճանի հաստատումից 5 օր անց, մյուսները` հաջորդաբար 5-օրյա ընդմիջումներով:

2.11. Հակամանրէային բուժում ստացած առողջացածները ստացիոնարից դուրս են գրվում ոչ շուտ, քան նորմալ ջերմաստիճանի հաստատման 21-րդ օրը, իսկ ովքեր չեն ստացել հակամանրէային բուժում, կարող են դուրս գրվել ոչ շուտ, քան նորմալ ջերմաստիճանի հաստատման 14-րդ օրը:

Հիվանդի մոտ հսկողական հետազոտությունների ժամանակ որովայնային տիֆի կամ պարատիֆերի հարուցիչների հայտնաբերումը ստացիոնարից դուրս գրվելու համար հակացուցում չի հանդիսանում:

2.12. Որովայնային տիֆով կամ պարատիֆերով բոլոր հիվանդներն, անկախ մասնագիտությունից և զբաղմունքից, հիվանդանոցից դուրս գրումից հետո ենթակա են դիսպանսեր հսկողության 2 ամիս տևողությամբ` առաջին ամսվա ընթացքում շաբաթը 1 անգամ և հետագայում ոչ հազվադեպ, քան 2 շաբաթը 1 անգամ ջերմաչափումով: Հիվանդի ջերմության բարձրացման կամ ընդհանուր վիճակի վատթարացման դեպքում, կատարվում է հետազոտություն (ներառյալ արյան, կղանքի և մեզի մանրէաբանական հետազոտություն), և հիվանդության կրկնության հաստատման դեպքում հիվանդը կրկին հոսպիտալացվում է:

2.13. Սննդի և դրան հավասարեցված կազմակերպություններում աշխատող որովայնային տիֆով կամ պարատիֆերով հիվանդացած ռեկովալեսցենտները ստացիոնարից դուրս գրվելուց հետո 1 ամիս տևողությամբ չեն թույլատրվում աշխատանքի իրենց մասնագիտությամբ, և նրանց նկատմամբ իրականացվում են միջոցառումներ` որովայնային տիֆի և պարատիֆերի մանրէակիրների հայտնաբերման, հաշվառման և հսկողության նպատակով:

2.14. Որովայնային տիֆով և պարատիֆերով հիվանդացած բոլոր անձինք (բացառությամբ սննդի և դրան հավասարեցված կազմակերպություններում աշխատողները), հիվանդանոցից դուրս գրումից հետո ենթակա են դիսպանսեր հսկողության կղանքի, մեզի և լեղու մանրէաբանական հետազոտությամբ` խրոնիկական մանրէակրությունը հայտնաբերելու նպատակով:

2.15. Որովայնային տիֆով և պարատիֆերով բոլոր հիվանդացածների մասին ողջ տեղեկատվությունը ենթակա է հաշվառման Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմիններում` համաճարակաբանական վերլուծությունների ժամանակ օգտագործելու համար:

 

3. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՆՐԷԱԿԻՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Մանրէակիրները պայմանականորեն բաժանվում են հետևյալ խմբերի.

 

1. Սուր մանրէակիրներ` այս խմբին են դասվում այն անձինք, ովքեր հիվանդությունից հետո մինչև 3 ամիս տևողությամբ արտազատում են մանրէներ: Սուր մանրէակիրներ դառնում են հիվանդների մոտավորապես 20 %-ը և ավելին:

2. Խրոնիկական մանրէակիրներ` այս խմբին են դասվում այն անձինք, ովքեր հիվանդությունից հետո արտազատում են մանրէներ 3 ամսից ավելի տևողությամբ և հաճախ նույնիսկ մինչև կյանքի վերջը: Նրանք կազմում են հիվանդացածների ոչ պակաս, քան 3-5 %-ը: Պարատիֆ Բ-ի դեպքում մանրէակրությունը ձևավորվում է առավել հաճախ, քան որովայնային տիֆի դեպքում:

3. Տարանցիկ մանրէակրություն` մանրէակրության այս տեսակը կարող է առաջանալ որովայնային տիֆի հանդեպ անընկալ (նախկինում հիվանդացած կամ պատվաստված անձինք) մարդու աղիներ մանրէների ներթափանցման կամ մանրէների փոքր քանակության դեպքում: Այս դեպքում մանրէները չեն թափանցում արյան մեջ և ներքին օրգաններ և արտազատվում են աղիներից մի քանի օրվա ընթացքում: Սովորաբար տարանցիկ մանրէակիրների մոտ մանրէակրությունը հաջողվում է հայտնաբերել միայն մեկ անգամ: Լեղու և մեզի մեջ մանրէների առկայությունը բացառում է մանրէակրության տարանցիկ բնույթը:

Ի տարբերություն խրոնիկական մանրէակիրների, տարանցիկ մանրէակիրների համաճարակաբանական դերը մեծ չէ:

Խրոնիկական մանրէակրության բնույթի որոշումը և տարբերակումը տարանցիկ մանրէակրությունից հնարավոր է միայն ստացիոնար պայմաններում:

 

3.1. ՄԱՆՐԷԱԿՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿԱԿԱԶՄ

 

Որովայնային տիֆի և պարատիֆերի մանրէակրության հայտնաբերման նպատակով հետազոտությունները կատարվում են կանխարգելիչ նպատակով և համաճարակային ցուցումներով:

 

3.1.1. Կանխարգելիչ նպատակով հետազոտության ենթակա են.

 

- Ստացիոնարից դուրս գրված որովայնային տիֆով և պարատիֆերով հիվանդացած բոլոր ռեկովալեսցենտները (առողջացածներ),

- Սննդամթերքների պատրաստմամբ, փոխադրմամբ, պահպանմամբ և իրացմամբ զբաղվող կազմակերպություններում աշխատանքի ընդունվող, ուղևորների, առողջացուցիչ, բուժական և մանկական կազմակերպություններում հիվանդների, հանգստացողների, երեխաների անմիջական սպասարկման և սնման աշխատանքներով զբաղվող, խմելու ջրի սպասարկումն իրականացնող, նախադպրոցական ֆակուլտետներում սովորող, ինչպես նաև սննդամթերքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող անձինք` սահմանված կարգով:

 

3.1.2. Համաճարակային ցուցումներով հետազոտության ենթակա են.

 

- Որովայնային տիֆի և պարատիֆերի օջախներում հիվանդի հետ շփված անձինք` վարակի աղբյուրը պարզելու համար,

- Սննդի և դրան հավասարեցված կազմակերպության աշխատակիցները` Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների որոշմամբ:

 

3.2. ՄԱՆՐԷԱԿԻՐՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ

 

3.2.1. Մանրէաբանական եղանակ

 

Մանրէակրության հայտնաբերման միակ հավաստի եղանակը մարդուց վերցված նմուշներում համապատասխան մանրէների կուլտուրայի անջատումն է:

Մանրէաբանական հետազոտությունը կատարվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կամ հիվանդանոցների լաբորատորիաներում (ստացիոնար պայմաններում հետազոտության անհրաժեշտության դեպքում):

Մանրէաբանական հետազոտության են ենթարկվում կղանքը, մեզը և լեղին:

Կղանքի և մեզի նմուշառում կատարվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների լաբորատորիաներում, բուժկանխարգելիչ հաստատություններում կամ հետազոտվողի աշխատավայրում, ինչպես նաև հիվանդանոցներում կամ տիֆ-պարատիֆային հիվանդների օջախներում:

Լեղին վերցվում է ստացիոնար պայմաններում կամ պոլիկլինիկաների միջամտությունների սենյակներում` բժիշկ-թերապևտի նախնական խորհրդատվությունից հետո:

 

3.2.2. Իմունոբանական եղանակներ

 

Արյան շիճուկի շճաբանական հետազոտությունը պասիվ հեմագլյուտինացիայի ռեակցիայի օգնությամբ ազդանշանային մեթոդ է: Շճաբանական ռեակցիայի համար արյունը վերցվում է մատից կամ երակից:

 

3.3. ՄԱՆՐԷԱԿԻՐՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3.3.1. Մանրէակիրների հայտնաբերումը սննդի և դրան հավասարեցված կազմակերպություններում աշխատանքի ընդունվող անձանց շրջանում

 

Նշված կազմակերպություններ աշխատանքի ընդունվող անձանց հետազոտությունը սկսվում է պասիվ հեմագլուտինացիայի շճաբանական ռեակցիայի կատարմամբ: Միաժամանակ կատարվում է կղանքի միանվագ մանրէաբանական հետազոտություն: Բացասական արդյունքի դեպքում այդ անձինք թույլատրվում են աշխատանքի: Միանվագ մանրէաբանական հետազոտության դրական արդյունքի դեպքում կատարվում է կղանքի և մեզի հնգակի հետազոտություն, բացասական պատասխանի դեպքում` լեղու միանվագ հետազոտություն: Հետազոտության արդյունքները գրանցվում են անձնական սանիտարական գրքույկում և ամբուլատոր քարտում:

Շճաբանական և մանրէաբանական հետազոտությունների դրական արդյունք ստանալու դեպքում, այդ անձինք դիտվում են որպես խրոնիկական մանրէակիրներ, վերցվում են հաշվառման և չեն թույլատրվում աշխատանքի այնպիսի կազմակերպություններում, որտեղ կարող են համաճարակային վտանգ ներկայացնել:

 

3.3.2. Մանրէակիրների հայտնաբերումը որովայնային տիֆի և պարատիֆերի օջախներում հիվանդի հետ շփված անձանց շրջանում վարակի աղբյուրի հայտնաբերման նպատակով.

 

Որովայնային տիֆի և պարատիֆերի օջախներում հիվանդի հետ շփված բոլոր անձինք ենթակա են կղանքի միանվագ մանրէաբանական հետազոտության և արյան շիճուկի պասիվ հեմագլյուտինացիայի ռեակցիայի կատարման: Եթե հարուցիչը միանվագ անջատվել է կղանքից, անհրաժեշտ է կատարել լեղու, մեզի և կղանքի կրկնակի հետազոտություն` մանրէակրության բնույթը որոշելու համար:

Կղանքի, մեզի և լեղու միանվագ մանրէաբանական հետազոտություն անհրաժեշտ է կատարել նաև շճաբանական ռեակցիայի դրական արդյունքի դեպքում:

 

3.4. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՄԱՆՐԷԱԿԻՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

3.4.1 Որովայնային տիֆի և պարատիֆերի բոլոր հայտնաբերված խրոնիկական մանրէակիրները, անկախ մասնագիտությունից, վերցվում են մշտական հաշվառման Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմիններում:

3.4.2. Սննդի և դրան հավասարեցված կազմակերպություններ ընդունվող անձանց շրջանում հայտնաբերված մանրէակիրները չեն թույլատրվում նշված աշխատանքի:

3.4.3. Սննդի և դրան հավասարեցված կազմակերպություններում աշխատող առողջացածները վերցվում են հաշվառման Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմիններում, չեն թույլատրվում հիմնական աշխատանքի մեկ ամիս տևողությամբ և տեղափոխվում են այնպիսի աշխատանքի, որտեղ համաճարակային վտանգ չեն ներկայացնում: Նշված ժամանակամիջոցը լրանալուց հետո վերջիններս ենթարկվում են կղանքի և մեզի հնգակի հետազոտության.

- Եթե առողջացումից մեկ ամիս անց նրանք շարունակում են արտազատել որովայնային տիֆի կամ պարատիֆերի մանրէներ, ապա նրանց տեղափոխում են այնպիսի աշխատանքի, որը կապված չէ սննդամթերքի, խմելու ջրի և բնակչության անմիջական սպասարկման հետ: Առողջացումից 3 ամիս անց նշված անձինք ենթարկվում են մանրամասն մանրէաբանական հետազոտության (կղանքի և մեզի հնգակի հետազոտություն 1-2 օր ընդմիջումներով և լեղու միանվագ հետազոտություն): Բացասական արդյունքի դեպքում, այդ անձինք թույլատրվում են աշխատանքի, սակայն 2 տարվա ընթացքում եռամսյակը մեկ անգամ պետք է հետազոտվեն մանրէաբանորեն (կղանք և մեզ` միանվագ): Երկրորդ տարվա վերջում նրանց մոտ դրվում է պասիվ հեմագլյուտինացիայի ռեակցիա: Դրական արդյունքի դեպքում կատարվում է կղանքի և մեզի հնգակի հետազոտություն, իսկ վերջիններիս բացասական արդյունքի դեպքում` լեղու միանվագ հետազոտություն: Շճաբանական և մանրէաբանական հետազոտությունների բացասական արդյունքի դեպքում, այդ անձինք չեն հանվում հաշվառումից և աշխատանքային գործունեության ողջ ընթացքում ենթակա են կղանքի և մեզի ամենամյա կրկնակի հետազոտության:

- Բացասական արդյունքի դեպքում, նշված անձինք թույլատրվում են աշխատանքի, բայց առաջիկա 2 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս հետազոտվում են (կղանք և մեզ): Երրորդ ամսվա վերջում միանվագ հետազոտվում է լեղին: Բացասական արդյունքի դեպքում այդ անձինք 2 տարվա ընթացքում ենթարկվում են հետազոտության եռամսյակը 1 անգամ (կղանք և մեզ` միանվագ), իսկ այնուհետև` վերոհիշյալ կարգին համապատասխան:

Եթե առողջացումից 3 ամիս հետո ցանկացած հետազոտության ժամանակ թեկուզ 1 անգամ հայտնաբերվում են հարուցիչներ, նշված անձինք համարվում են խրոնիկական մանրէակիրներ, չեն թույլատրվում աշխատանքի:

3.4.4. Սննդի և դրան հավասարեցված կազմակերպություններում արդեն աշխատող կամ ընդունվող հատուկ բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններ ավարտած անձանց շրջանում հայտնաբերված մանրէակիրները չեն թույլատրվում աշխատանքի և հետազոտվում են մանրէաբանորեն` մանրէակրության բնույթը որոշելու համար (կղանքը և մեզը` հնգակի, լեղին` միանվագ, արյան շիճուկի պասիվ հեմագլյուտինացիայի ռեակցիա` միանվագ): Մանրէաբանական հետազոտությունների բացասական արդյունքի և շճաբանական ռեակցիայի դրական արդյունքի դեպքում կղանքի, մեզի և լեղու մանրէաբանական հետազոտությունների ցիկլը կրկնվում է: Եթե ստացիոնարում հաստատվել է տարանցիկ մանրէակրություն (կրկնակի աճի բացակայություն), սննդի և դրան հավասարեցված կազմակերպությունների աշխատակիցները թույլատրվում են աշխատանքի: Հետագա 2 տարվա ընթացքում վերջիններս ենթակա են հետազոտության եռամսյակը 1 անգամ նույն կարգով, ինչպես սուր վարակակրության դեպքում: Կղանքից կրկնակի անգամ, կամ լեղուց և մեզից թեկուզ միանվագ որովայնային տիֆի կամ պարատիֆերի հարուցիչների հայտնաբերման դեպքում, նշված անձինք համարվում են խրոնիկական մանրէակիրներ:

Սննդի և դրան հավասարեցված կազմակերպություններում աշխատողների մոտ խրոնիկական մանրէակրության հաստատման, ինչպես նաև նրանց ստացիոնար հետազոտությունից հրաժարվելու դեպքում, վերջիններս աշխատանքի չեն թույլատրվում: Խրոնիկական մանրէակիրները նույնպես աշխատանքի չեն թույլատրվում:

3.4.5. Հանրակրթական դպրոցներ և հատուկ հանրակրթական դպրոցներ (օժանդակ և գիշերօթիկ դպրոցներ) հաճախող երեխաների շրջանում մանրէակրություն հայտնաբերելիս այդ երեխաներին թույլատրվում է հաճախել դպրոց, սակայն նրանց չի թույլատրվում մասնակցել սննդամթերքի պատրաստման, փոխադրման և բաշխման, ինչպես նաև խմելու ջրի հետ կապված աշխատանքներին:

Նախադպրոցական տարիքի երեխաների մոտ մանրէակիրներ հայտնաբերելու դեպքում այդ երեխաներին չի թույլատրվում հաճախել մսուր-մանկապարտեզներ, և, քանի որ կրտսեր տարիքի երեխաների մոտ մանրէակրությունը մեծամասամբ լինում է կարճատև, նրանք ուղարկվում են ստացիոնար` հետազոտության և բուժման համար: Եթե մանրէակրությունը շարունակվում է, ապա այդ երեխայի մանկական կազմակերպություն հաճախման հարցը որոշվում է համաճարակաբանի կողմից` կախված կոնկրետ պայմաններից:

3.4.6. Եթե խրոնիկական մանրէակրությունը հայտնաբերվում է սննդի և դրան հավասարեցված կազմակերպությունում աշխատողի ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ, ապա նշված կազմակերպության աշխատակիցը չի ազատվում աշխատանքից և ենթակա չէ հատուկ հետազոտության: Նշված անձանց նկատմամբ բոլոր միջոցառումներն իրականացվում են ընդհանուր հիմունքներով (3.3.2 կետում նշված կարգով):

3.4.7. Եթե մանրէակիրը փոխում է իր բնակության վայրը, ապա նրա մասին տվյալները հաղորդվում են նոր բնակավայրի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոն (ուղարկվում է հսկողության քարտի պատճենը):

Յուրաքանչյուր խրոնիկական մանրէակրի մոտ որոշվում է արտազատվող մանրէների ֆագոտիպը և այն նշվում է հաշվառման քարտում` տիֆ-պարատիֆային հիվանդությունների բռնկումների ժամանակ համաճարակաբանական հսկողությունը հեշտացնելու համար, երբ նշված անձը կարող է դիտվել որպես վարակի կասկածելի աղբյուր:

 

4. ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՄԱՆՐԷԱԿԻՐՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

4.1. Քարոզչական աշխատանքներ բնակչության շրջանում` որովայնային տիֆով և պարատիֆերով յուրաքանչյուր հիվանդին տրվում է հատուկ հուշաթերթ: Հիվանդին և նրա հետ շփված անձանց բացատրվում է վարակման վտանգավորությունը, անձնական հիգիենայի կանոնների կատարման անհրաժեշտությունը և ընթացիկ ախտահանման կատարման կարգը:

 

4.2. Ընթացիկ ախտահանում` ընթացիկ ախտահանումը կատարվում է խրոնիկական մանրէակրի բնակության վայրում մանրէակրի կամ նրա ընտանիքի անդամների կողմից:

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների աշխատակիցները մանրէակրին հրահանգավորում են ախտահանիչ լուծույթների պատրաստման և ախտահանման կարգի վերաբերյալ:

 

4.3. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների աշխատակիցները այցելում են մանրէակրին իր տանը առնվազն տարին 1 անգամ` հակահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը հսկելու համար: