108.0085.03.04.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
N 85-ԳՄ |
03.04.1998 թ. |
ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հունվարի 16-ի N 14 որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոններ»-ի 49 կետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Մատակարարված էլեկտրական էներգիայի որակի ցուցանիշների որոշման կարգ»-ը (կցվում է):
2. Կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Նախարար |
Գ. Մարտիրոսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 03.04.1998 թ. N 85-ԳՄ ՀՐԱՄԱՆՈՎ |
ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ
Կ Ա Ր Գ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը մշակված է համաձայն ՀՀ էներգետիկայի նախարարության կանոնադրության 2 կետի «ե» ենթակետի և ի կիրառումն ՀՀ կառավարության 16.01.98 թ. N 14 որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոններ»-ի 49-րդ կետի:
2. Կարգով սահմանվում է, որ ընդհանուր նշանակության եռաֆազ և միաֆազ, 50 Հերց հաճախականությամբ փոփոխական հոսանքի էլեկտրական ցանցերում, էլեկտրաէներգիայի մատակարարի և բաժանորդի էլեկտրական ցանցերի սահմանազատման կետում, էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 13109-87 «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ. Էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի որակին ներկայացվող պահանջներ» պահանջներին:
3. Էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշներին վերաբերող հասկացությունները և նրանց սահմանումները պարզաբանելիս անհրաժեշտ է ղեկավարվել ԳՕՍՏ-13109-87 հավելված 1-ով և ԳՕՍՏ 23875-88 «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՐԱԿԸ. Տերմիններ և սահմանումներ»:
4. Էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշները հաշվարկվում են ԳՕՍՏ 13109-87 հավելված 2-ի համաձայն:
5. Էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշները` իրենց թույլատրելի շեղումներով հանդերձ, ամրագրվում են էլեկտրաէներգիայի մատակարարի և բաժանորդի միջև կնքված էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրով:
Պայմանագրով, բացի լարման և հաճախության շեղումներին վերաբերվող դրույթներից, կարող են ամրագրվել նաև էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշներին առաջադրվող այլ պահանջներ և դրանց պահպանման համար կողմերի պատասխանատվությունը:
6. Էլեկտրաէներգիայի հզոր ընդունիչների էլեկտրական ցանցին միացնելու հնարավորությունը, որոնք կարող են ցանցում առաջացնել էլեկտրամագնիսական տատանումներ և բերել էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների թույլատրելի սահմաններից շեղումների, գնահատվում է էլեկտրաէներգիայի մատակարարի կողմից, հաշվի առնելով էլեկտրական ցանցի և տվյալ ընդունիչի էլեկտրամագնիսական համատեղելիությունը: Նման միացումները կանոնակարգվում են Էներգապետհսկողության կողմից մշակված մեթոդական փաստաթղթերով:
II. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
7. Պայմանագրով ամրագրված սահմաններից էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների առավել շեղումների դեպքում, բաժանորդը պետք է դիմի էլեկտրաէներգիայի մատակարարին: Վերջինս, բաժանորդի դիմելուց ոչ ուշ քան 5 օրվա ընթացքում, պարտավոր է բաժանորդին տեղեկացնել շեղումների պատճառների և դրանք վերացնելու ուղղությամբ ձեռնարկված կամ ձեռնարկվող միջոցառումների մասին:
8. Ստանալով բաժանորդի դիմումը էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների առավել շեղումների մասին, էլեկտրաէներգիայի մատակարարը պարտավոր է ԳՕՍՏ 13109-87-ի 3.1 կետի համաձայն իր կողմից սպասարկվող էլեկտրական ցանցում և բաժանորդի հետ սահմանազատման կետում իրականացնել դրանց հսկումը և չափագրումը` 24 ժամից ոչ պակաս տևողությամբ: Էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների հսկողության և չափագրության հավաստիությունը ապահովելու նպատակով, նույնպիսի չափագրումներ պետք է իրականացվեն նաև բաժանորդի էլեկտրական ցանցում` պատասխանատու էլեկտրաընդունիչների մուտքային սեղմակների վրա:
9. Էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների հսկողությունը և չափագրությունը իրականացվում են համաձայն «Ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում էլեկտրական էներգիայի որակի հսկողության և վերլուծության մեթոդական ցուցումներ». (Ղեկավարող փաստաթուղթ ՌԴ 34.15.501-88, ՍՊՕ «Սոյուզտեխէներգո», Մ., 1990) փաստաթղթի: Նշված մեթոդական ցուցումները տարածվում են էլեկտրաէներգիայի մատակարարի բաշխիչ ցանցի, որի էլեկտրասնուցումը, որպես կանոն, իրականացվում է 35-220/6-10 կՎ տրանսֆորմատորներից, և բաժանորդի էլեկտրական ցանցի վրա:
Էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների հսկողությունը և չափագիտությունը իրականացվում է ՌԴ 34.15.501-88 փաստաթղթում նշված չափիչ սարքերով կամ այլ սարքերով, որոնք բավարարում են ԳՕՍՏ 13109-87-ի պահանջներին և սերտիֆիկացված են Հայպետստանդարտի կողմից:
Նշված մեթոդական ցուցումները չեն կիրառվում էներգահամակարգի անցումային ռեժիմներում:
10. Էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների շուրջ էլեկտրաէներգիայի մատակարարի և բաժանորդի միջև ծագած վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով: