103.0445.15.09.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք. Երևան |
15 սեպտեմբերի N 445 |
ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հունվարի 28-ի «Մանրածախ առևտրի հիմնական կանոնները հաստատելու մասին» N 35 որոշման երկրորդ կետի
Հրամայում եմ`
1. Հաստատել հեղուկ վառելիքի և տեխնիկական հեղուկների մանրածախ առևտրի կանոնները (կցվում են):
2. Ներքին շուկայի կարգավորման վարչությանը (Գ. Հարությունյանին)`
2.1. Հաստատված կանոնները ներկայացնել համաձայնեցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
2.2. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կանոնները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
|
Գ. Նանագուլյան |
Համաձայնեցված է` |
|
ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
1. Սույն կանոնները մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հունվարի 28-ի «Մանրածախ առևտրի հիմնական կանոնները հաստատելու մասին» N 35 որոշման երկրորդ կետի պահանջների համաձայն և սահմանում են Հայաստանի Հանրապետությունում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ձեռնարկություն) կողմից իրականացվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, նավթի, տեխնիկական հեղուկների, յուղերի (այսուհետև` հեղուկ վառելիք և տեխնիկական հեղուկներ) մանրածախ առևտրի կանոնները:
2. Ձեռնարկությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, հիմնադիր փաստաթղթերով, մանրածախ առևտրի հիմնական կանոններով և սույն կանոններով:
3. Հեղուկ վառելիքի և տեխնիկական հեղուկների մանրածախ առևտուրը կազմակերպվում է մշտակա, բեռնարկղային (կոնտեյներային) (այսուհետև` բեռնարկղային), շարժական լցավորման կայանների, հեղուկ վառելիքի և տեխնիկական հեղուկների վաճառքի կետերի միջոցով` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինների կողմից սահմանված տեղերում` պահպանելով շինարարական նորմատիվներով, հրահանգներով և կանոններով սահմանված պահանջները.
ա) մշտակա լցավորման (ՄԼԿ) և բեռնարկղային լցավորման (ԲԼԿ) կայանները վերգետնյա, կիսահոր, հորված հորիզոնական տարողություններ, վառելիքաբաշխիչ և յուղաբաշխիչ աշտարակներ, լցավորման ատրճանակներով հագեցված կաշեփողեր, հեղուկների հաշվիչներ, ինչպես նաև լրացուցիչ վճարովի և անվճար ծառայություններ մատուցելու հնարավորություններ ունեցող կայաններ են.
բ) շարժական լցավորման կայանները (ՇԼԿ) հեղուկ վառելիք տեղափոխելու համար հատուկ սարքավորումներով հագեցված ավտոցիստեռններ և ավտովառելիքալցավորիչներ են.
գ) հեղուկ վառելիքի և տեխնիկական հեղուկների վաճառքի կետերը (ՀՎՎԿ) տանիքային մասում հեղուկ վառելիքի տարողություններով կրպակներ են` հագեցված հեղուկների հաշվիչներով, կաշեփողերով, լցավորման ատրճանակներով, ինչպես նաև սահմանված կարգով դրոշմակնքված չափման միջոցներով:
4. Ձեռնարկությունը ՀՀ օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում վաճառվող հեղուկ վառելիքի և տեխնիկական հեղուկների որակի համար:
Հեղուկ վառելիքը և տեխնիկական հեղուկները պահպանվում, ցուցադրվում և վաճառվում են` ապահովելով նորմատիվային փաստաթղթերով նախատեսված տեխնոլոգիական, ջերմային, օդի խոնավության ռեժիմների, հակահրդեհային անվտանգության տեխնիկայի, սանիտարահիգիենիկ պահանջների կատարումը:
5. Վաճառողը պարտավոր է իրազեկ լինել վաճառքում առկա հեղուկ վառելիքը և տեխնիկական հեղուկները բնութագրող հիմնական հատկություններին և գնորդին տալ անհրաժեշտ մասնագիտական տեղեկատվություն:
6. Հեղուկ վառելիքը և տեխնիկական հեղուկները բաց թողնելիս վաճառողը գնորդի պահանջով պարտավոր է ստուգել որակը (պիտանիության ժամկետ, տարաների մեխանիկական արատներ, կեղտոտվածք և արտաքին այլ թերություններ), չափի (քանակի) ճշտությունը: Անհրաժեշտության դեպքում գնորդի պահանջով ձեռնարկությունը կազմակերպում է հեղուկ վառելիքի և տեխնիկական հեղուկների որակի լաբորատոր փորձագիտական ստուգում:
7. Չի թույլատրվում տեխնիկական հեղուկների վաճառքը` եթե.
- տարայի պիտակի վրա հստակ ընթեռնելի չէ արտադրող ձեռնարկության անվանումը.
- անցել է պիտանիության ժամկետը:
8. Վաճառքում առկա հեղուկ վառելիքի և տեխնիկական հեղուկների ցուցադրված նմուշներին, ինչպես նաև վառելիքաբաշխիչ և յուղաբաշխիչ աշտարակներին փակցվում են գնապիտակներ, որտեղ նշվում են հեղուկ վառելիքի և տեխնիկական հեղուկների անվանումը, մակնիշը, քաշը, գինը, այդ թվում, հեղուկ վառելիքի համար` մեկ լիտրի գինը:
9. Բնակելի վայրերում հեղուկ վառելիքի և տեխնիկական հեղուկների մանրածախ առևտուրը թույլատրվում է իրականացնել միայն մշտակա (ՄԼԿ) և բեռնարկղային (ԲԼԿ) լցավորման կայաններից: Հեղուկ վառելիքի և տեխնիկական հեղուկների մանրածախ առևտուրը ավտովառելիքալցավորիչների, ավտոբեռնարկղերի, հեղուկ վառելիքի և տեխնիկական հեղուկների վաճառքի կետերի (ՀՎՎԿ) միջոցով թույլատրվում է իրականացնել միայն հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներում և ոչ բնակելի վայրերում:
10. Սույն կանոնները ձեռնարկությունում փակցվում են գնորդին տեսանելի տեղում:
11. Սույն կանոնների պահպանման վերահսկողությունը իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային, Երևանի քաղաքային պետական տեսչությունները:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
10 նոյեմբերի1998 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05980209