100.0056.06.02.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
6 փետրվարի 2001 թ. |
N 56 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՆԱՅԻՆ ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» N 715 որոշման երկրորդ կետի
Հաստատում եմ`
Տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող վկայական տալու կարգը (կցվում է):
Նախարար` |
Ա. Մկրտչան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՏՆԱՅԻՆ ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ
1. Սույնով սահմանվում է տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող վկայական տալու կարգը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 715 որոշման երկրորդ կետի:
2. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից տնային մահերի դեպքում քաղաքացիների մահը հավաստող վկայականը տրվում է մահացածի հարազատներին կամ օրինական ներկայացուցչին` մահվան պահից ոչ ուշ, քան 36 ժամ անց, նրանց դիմելու և մահացողի անձնագիրը ներկայացնելու դեպքում:
3. Մահը հավաստող տեղեկանք կարող է տալ մահացածի տարածքային պոլիկլինիկայի տեղամասային թերապևտը, մանկաբույժը, ընտանեկան բժիշկը կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության այն մասնագետը, ում մոտ հաշվառման է եղել և բուժվել մահացողը:
3.1. Միջին բուժանձնակազմին (այդ թվում բուժակ-մանկաբարձական կետերում աշխատող բուժակներին) արգելվում է մահը հավաստող բժշկական վկայական (ձև թիվ 106) տալը: Միայն թույլատրվում է լրացնել բուժակների համար նախատեսված ձևը (թիվ 106-1):
4. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից արգելվում է տալ մահը հավաստող վկայական առանց ախտաբանաանատոմիական հերձման (պոլիկլինիկայի կողմից տրված ուղեգրով) կամ դատաբժշկական փորձաքննության (տվյալ տարածքի դատախազության որոշմամբ), Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 715 որոշման 5-րդ կետով սահմանված դեպքերում:
5. Արգելվում է մահը հավաստող տեղեկանք տալ հեռակա կարգով, առանց բժշկի կողմից մահվան փաստը հավաստելու:
6. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից թույլատրվում է տալ քաղաքացիների մահը հավաստող փաստաթուղթ հետևյալ դեպքերում`
● վաղօրոք ախտորոշված և բուժող բժշկին հայտնի այն հիվանդությունների առկայության դեպքում, որոնք անխուսափելիորեն բերում են մահվան.
● շտապ օգնության ծառայության կողմից տրված համապատասխան տեղեկանքի հիման վրա, որտեղ արձանագրված է մահվան պատճառը:
7. Բուժհաստատության տնօրենը պատասխանատվություն է կրում մահը հավաստող վկայականը լրացնելու հարցում:
8. Մահը հավաստող տեղեկանքների ձևաթերթիկները (ձև թիվ 106) համարակալվում են, կարվում, կնքվում և պահվում բուժհաստատության համապատասխան ստորաբաժանումում: Մահը հավաստող տեղեկանքների ձևաթերթիկների կցորդները պահպանվում են բուժհաստատությունում մեկ օրացուցային տարի և հիմք են հանդիսանում բուժհաստատության կողմից ներկայացվող համապատասխան հաշվետվությունների համար:
8.1. Մահը հավաստող բժշկական ոչ ճիշտ լրացված տեղեկանքների օրինակները և դրանց համապատասխանող կցորդները գրանցվում են որպես «անվավեր» և մնում են ձևաթերթիկների թղթապանակում:
9. Մահը հավաստող վկայականը լրացվում է հետևյալ կարգով`
● գրանցումները կատարվում են գրիչով, ընթեռնելի ձեռագրով, հայերեն լեզվով.
● լրացման ենթակա են վկայականի բոլոր կետերը, իսկ այս կամ այն տեղեկությունների բացակայության դեպքում գրվում է «հայտնի չէ».
● նախքան մահը հավաստող բժշկական վկայական լրացնելը, դրա և կցորդի վրա դրվում է բուժհաստատության դրոշմակնիքը, տեղեկանքի հերթական համարը և կատարվում է նշում լրացվող տեղեկանքի բնույթի մասին («վերջնական»).
● վկայականի համապատասխան կետում նշվում է`
ա) մահացածի բնակության վայրը.
բ) ինչի հետևանքով է մահացել.
● մահը հավաստող բժշկական վկայական լրացնող բժիշկը նշում է իր անունը, ազգանունը, պաշտոնը, հիմքերը, որոնք թույլ են տալիս որոշել մահվան բերող ախտաբանական պրոցեսների հաջորդականությունը և մահվան պատճառը: Մահվան սկզբնական (հիմնական) պատճառը համարվում է այն նախնական հիվանդությունը կամ վնասվածքը, որն անմիջականորեն կամ մի շարք հաջորդող հիվանդագին գործընթացների արդյունքում հանգեցրել է մահվան:
Վկայականի` մահվան պատճառը արձանագրող կետը կազմված է 2 մասից: Առաջին մասը բաժանվում է 3 տողի (ա, բ, գ): Այդ մասում նշվում են ծագումնաբանորեն և ախտանշաբանորեն շաղկապված հիվանդությունները. «ա» տողում` մահվան անմիջական պատճառը, այսինքն` այն հիվանդությունը, որը բերել է մահվան կամ հիմնական հիվանդության բարդությունը, «բ» և «գ» տողերում հիմնական (սկզբնական) հիվանդությունը, այսինքն, այն հիվանդությունը, որից ծագել, կամ որով պայմանավորված է մահվան անմիջական պատճառը: Վերջին գրանցումը պետք է համապատասխանի մահվան սկզբնական (հիմնական) պատճառին: Մահվան պատճառի գրանցումը կարող է սահմանափակվել «ա» տողով, եթե հիմնական հիվանդությունը ինքը` անմիջականորեն բերել է մահվան, կամ «բ« տողով, եթե մահվան անմիջական պատճառը պայմանավորված է մեկ հիվանդությամբ.
● յուրաքանչյուր տողում գրանցվում է միայն մեկ հիվանդություն.
● նույն կետի երկրորդ մասում բժիշկը նշում է մահվան պահին գոյություն ունեցող և մահվան բերող հիմնական հիվանդության վրա անբարենպաստ ազդեցություն ունեցող մյուս կարևոր հիվանդությունները, որոնք, սակայն պատճառապես կապ չունեն մահվան անմիջական պատճառ հանդիսացող հիվանդության կամ բարդության հետ.
● ախտորոշման գրանցման դեպքում չի թույլատրվում անորոշություն, ընդհանուր ցուցումների և ախտանիշների գրանցում, նշվում է հիվանդության տեղակայումը, ձևը և փուլը.
● վկայականի համապատասխան կետում նշվում է, թե ում կողմից է արձանագրված մահվան փաստը, բուժհաստատության անվանումը, տրման ամսաթիվը.
● վկայականը վավերացվում է այն լրացնող բժշկի ստորագրությամբ և բուժհաստատության կնիքով.
● մահվան վկայականի տրման մասին գրանցում է կատարվում ամբուլատոր հիվանդի բժշկական քարտում:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
13 մարտի 2001 թ.
պետական գրանցման թիվ 10001057