Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-280-Ն
Տիպ
Օրենսգիրք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.06.2022-09.06.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.21/69(872) Հոդ.1661
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2012

Բովանդակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 28-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

(վերնագիրը խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 1. Օրենսգրքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենսգրքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործման սկզբունքներն ու կարգը, կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման ընդերքն օգտագործելիս բնությունը և շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, աշխատանքների կատարման անվտանգության ապահովման, ինչպես նաև ընդերքօգտագործման ընթացքում պետության և անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

2. Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունները սահմանվում են առանձին օրենքով:

3. Ռադիոակտիվ հումքի արդյունահանման առանձնահատկությունները սահմանվում են առանձին օրենքով:

4. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով:

5. Քաղաքաշինական օբյեկտների (այդ թվում` ամբողջությամբ կամ մասնակի ստորերկրյա) նախագծման, ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների և կառուցապատման հետ կապված ընդերքօգտագործման հարաբերությունները սահմանվում են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանց կիրարկումն ապահովող իրավական ակտերով:

(1-ին հոդվածը լրաց. 18.10.16 ՀՕ-161-Ն)

 

Հոդված 2. Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության համապատասխան դրույթները, սույն օրենսգիրքը և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերը:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքով, ապա կիրառվում են համապատասխան միջազգային պայմանագրի նորմերը:

 

Հոդված 3. Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) ընդերք` հողածածկույթից ներքև, իսկ դրա բացակայության դեպքում` երկրի մակերևույթից, ջրավազանների կամ ջրհոսքերի հատակից ներքև` ըստ խորության տեղադրված երկրակեղևի մաս, որը մատչելի է ընդերքօգտագործման համար.

2) երկրաբանական ուսումնասիրություններ` ընդերքի երկրաբանական աշխատանքների համալիր, որի նպատակն է ուսումնասիրել երկրակեղևի կառուցվածքը, ապարների առաջացման պայմանները, արտածին երկրաբանական պրոցեսները, հրաբխային գործունեությունը, ինչպես նաև հայտնաբերել ու գնահատել կամ վերագնահատել օգտակար հանածոների պաշարները.

3) ընդերքօգտագործում` երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների արդյունահանման նպատակներով ընդերքի օգտագործում կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակում.

4) ընդերքօգտագործող` իրավաբանական անձ (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպություն), որը, սույն օրենսգրքին համապատասխան, իրականացնում է ընդերքօգտագործում.

4.1) (կետն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-247-Ն)

5) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն` համաձայնություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնելու`

ա. ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրություն` ռեգիոնալ երկրաբանաերկրաֆիզիկական աշխատանքներ, երկրաբանական հանույթ (քարտեզագրում), երկրաքիմիական, սեյսմաբանական, հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական հետազոտություններ, գիտահետազոտական, հնէաբանական և այլ աշխատանքներ` ուղղված ընդերքի ընդհանուր երկրաբանական ուսումնասիրությանը,

բ. հրաբխային գործունեության ուսումնասիրության երկրաբանական աշխատանքներ, արտածին երկրաբանական պրոցեսների մշտադիտարկումներ,

գ. միներալոգիական, հնէաբանական և երկրաբանական այլ հավաքածուների ստեղծում, գեղագիտական և կիսաթանկարժեք քարերի հավաքում,

դ. գիտական, մշակութային, գեղագիտական և այլ նշանակություն ունեցող երկրաբանական օբյեկտների (եզակի երկրաբանական առաջացումներ, բնության հուշարձաններ, քարանձավներ և այլն) նկարագրում ու պահպանում.

6) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն` թույլտվություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնելու երկրաբանական ուսումնասիրություններ օգտակար հանածոների հայտնաբերման, հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար.

7) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն` թույլտվություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնելու օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման աշխատանքներ.

8) ընդերքօգտագործման իրավունք` համապատասխան ընդերքօգտագործման համաձայնությունով կամ թույլտվությունով, ծրագրով կամ նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով, լեռնահատկացման ակտով հավաստվող` ընդերքի որոշակի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության կամ օգտակար հանածոների արդյունահանման բացառիկ իրավունքներ.

9) ընդերքի տեղամաս` որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի մաս, որում պետք է իրականացվեն ընդերքօգտագործման աշխատանքներ.

10) օգտակար հանածո` ընդերքում պարփակված պինդ հանքային գոյացումներ, հեղուկ կամ գազային բաղադրամասեր, այդ թվում` ստորերկրյա ջրեր (քաղցրահամ և հանքային) և երկրաջերմային էներգիա, ջրավազանների, ջրհոսքերի հատակային նստվածքներ, որոնց քիմիական կազմը և ֆիզիկական հատկանիշները թույլ են տալիս դրանք օգտագործել ուղղակիորեն կամ վերամշակումից հետո.

11) օգտակար հանածոյի պաշարներ` օգտակար հանածոյի կուտակումներ, որոնց ծավալը, քանակը, որակը և տարածքային դիրքն ու ձևը որոշված են.

12) հանքավայր` ընդերքի մաս, որը պարունակում է օգտակար հանածոյի պաշարներ (այդ թվում` կանխատեսումային), որոնք ստացել են երկրաբանատնտեսագիտական գնահատական.

13) արտադրական լցակույտեր` օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման կամ վերամշակման արդյունքում առաջացած ընդերքօգտագործման թափոններ (այդ թվում՝ պոչանքներ)` տեղադրված երկրի մակերևույթի վրա կամ լեռնային փորվածքներում.

14) օգտակար հանածոյի երևակում` ընդերքի տեղամաս, որում հայտնաբերվել է օգտակար հանածոյի առկայություն, որի քանակը, որակը և արդյունաբերական նշանակությունը դեռ որոշված չեն.

15) օգտակար հանածոների պաշարների հաշվեկշիռ` հայտնաբերված օգտակար հանածոների պաշարների պետական հաշվառման ձև` յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ, որը պարունակում է տվյալներ ուսումնասիրված հանքավայրերի պաշարների քանակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանում դրանց փոփոխության մասին.

16) հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների կադաստր` հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների մասին համակարգված ամփոփ տեղեկատվություն, որն ընդգրկում է բոլոր հայտնաբերված օբյեկտները` անկախ դրանց տիպից, չափերից, ուսումնասիրվածության աստիճանից ու արդյունաբերական նշանակությունից.

17) օգտակար հանածոյի արդյունահանում` օգտակար հանածոյի դուրսբերումը հանքավայրերից և դրանց մեջ պարփակված օգտակար բաղադրիչների կորզմանն ուղղված աշխատանքների համալիր.

18) լեռնահատկացում` օգտակար հանածոյի արդյունահանման համալիրի տեղադրման նպատակով տրամադրվող ընդերքի տեղամասի եզրակետերի կոորդինատներն ամրագրող` լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին տրվող փաստաթուղթ, որն ընդերքօգտագործման իրավունքի անբաժանելի մասն է.

19) երկրաբանական տեղեկություն` ընդերքի տեղամասի կառուցվածքի, կազմի, դրանում օգտակար հանածոների առկայության, քանակի և այլ հատկությունների, ինչպես նաև ընդերքօգտագործման տեխնիկատնտեսական ցուցանիշների մասին տվյալներ.

20) օգտակար հանածոյի արդյունահանման համալիր` օգտակար հանածոյի արդյունահանման և վերամշակման նպատակով կառուցված շենքի, շինության, տեղակայված սարքավորումների, հաղորդակցության ուղիների կամ այլ ենթակառուցվածքների ամբողջություն.

21) նախագիծ` օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման նպատակով մշակված և օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություններ անցած փաստաթուղթ.

22) երկրաբանական ուսումնասիրության ծրագիր` լիազոր մարմնի հետ համաձայնեցված փաստաթուղթ` երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման վերաբերյալ.

23) ընդերքօգտագործման պայմանագիր` լիազոր մարմնի և ընդերքօգտագործողի միջև կնքված գրավոր համաձայնություն, որով սահմանվում են տվյալ ընդերքօգտագործման (երկրաբանական ուսումնասիրությունների կամ օգտակար հանածոների արդյունահանման) իրավունքի տրամադրման պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները.

24) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) լիազորած և սույն օրենսգրքով ընդերքօգտագործման ոլորտում իրեն վերապահված լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմին.

25) ռեկուլտիվացիոն աշխատանքներ` օգտակար հանածոների արդյունահանման նախագծով կամ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրով շրջակա միջավայրի պահպանության նպատակով նախատեսված ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ կամ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված՝ հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներին համապատասխան.

26) կոնդիցիաներ` օգտակար հանածոյի որակին ու քանակին, հանքավայրի շահագործման տեխնիկատնտեսական ցուցանիշները կանխորոշող բնական պայմաններին ներկայացվող պահանջներ.

27) արտոնյալ դիմումատու` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ընդերքօգտագործման իրավունք կրող, որը տվյալ տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման համար իրավունք ձեռք բերելու դիմում է ներկայացրել լիազոր մարմին.

28) հատուկ թույլտվություն` թույլտվություն, որն իրավունք է տալիս համապատասխան մասնագիտական փորձ ունեցող իրավաբանական անձանց իրականացնելու ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ.

28.1) շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ՝ կենտրոնական գանձապետարանում լիազոր մարմնի անվամբ բացված արտաբյուջետային հաշվին ընդերքօգտագործողների հատկացրած գումարներ, որոնք ուղղվում են սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված նպատակների իրականացմանը.

28.2) ֆինանսական երաշխիք՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և ընդերքօգտագործման թափոնների մշակման օբյեկտների շահագործման, փակման, փակումից հետո օրենքով նախատեսված միջոցառումների իրականացման, թափոնների վերամշակման, օգտագործման կամ վնասազերծման, ինչպես նաև նշված գործողությունների արդյունքում առաջացող թերությունների կամ պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշները բավարարող իրավաբանական անձանց կողմից տրվող և ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացվող երաշխիք.

28.3) ֆինանսական այլ առաջարկներ և երաշխիքներ՝ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստանալու նպատակով ներկայացվող ֆինանսական առաջարկներ և երաշխիքներ, որոնք ներառում են մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ և գործառնական ծախսերի վերաբերյալ.

28.4) հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքներ՝ ֆինանսական երաշխիքներ, որոնք ներկայացվում են հանքի փակման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով.

29) (կետն ուժը կորցրել է 18.10.16 ՀՕ-161-Ն)

30) լրահետախուզում` շահագործվող հանքավայրերի թևերի, խոր հորիզոնների, տարանջատ տեղամասերի երկրաբանահետախուզական աշխատանքներ, որի արդյունքում իրականացվում են ցածր կարգերի պաշարների ավելի բարձր կարգերի վերագրում և նոր բացահայտված պաշարների հաշվարկ.

31) շահագործական հետախուզում` իրականացվում է հանքավայրի շահագործման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, որի հետևանքով ճշգրտվում են հանքային մարմինների ձևաբանության, տեղադրման պայմանների ու օգտակար հանածոների որակական և տեխնոլոգիական հատկանիշները, շահագործման լեռնատեխնիկական և հիդրոերկրաբանական պայմանները, ինչպես նաև կատարվում է պաշարների շարժի օպերատիվ հաշվառում.

32) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերի փաթեթ.

33) բնապահպանական կառավարման պլան` ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող միջոցառումներ և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչներ, որոնք հստակ են և չափելի` որոշակի ժամանակի ընթացքում.

34) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործում` ընդերքօգտագործման ընթացքում այնպիսի տեխնոլոգիաների կիրառում, որի դեպքում հնարավորինս կնվազեն օգտակար հանածոյի կորուստները, և կստացվի տնտեսական առավելագույն շահույթ.

35) ընդերքօգտագործման թափոններ` կիրառվում են այն իմաստով, որը սահմանված է «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով.

36) պոչամբար` օգտակար հանածոների հարստացման արդյունքում առաջացած պինդ կամ հեղուկ թափոնների պահման հիդրոտեխնիկական կառուցվածք.

37) պոչանքներ՝ պինդ կամ կիսահեղուկ թափոններ, որոնք առաջանում են օգտակար հանածոների մշակման (այդ թվում` մանրացման, աղացման, չափային տեսակավորման, հարստացման և այլ ֆիզիկաքիմիական տեխնոլոգիաների կիրառման) ընթացքում.

38) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտ` տարածք, տեղ, ներառյալ՝ ցանկացած պատվար կամ որևէ այլ կառույց (ներառյալ՝ պոչամբարները), որը նախատեսված է տարածքն իր մեջ պարունակելու, սահմանափակելու կամ այլ կերպ որպես հենարան պահելու նպատակին, որտեղ հավաքվում, կուտակվում, պահվում, հեռացվում, վնասազերծվում, տեղադրվում կամ թաղվում են ընդերքօգտագործման թափոնները (պինդ, հեղուկ կամ կիսահեղուկ վիճակում): Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտ չեն հանդիսանում այն տարածքները (ներառյալ՝ փորված հորերը), որտեղ ընդերքօգտագործման թափոնները տեղափոխվել են օգտակար հանածոյի արդյունահանումից հետո՝ վերականգնման կամ շինարարական նպատակներով: Վերջիններս հանդիսանում են թափոններ «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով, և դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

39) ընդերքօգտագործման վտանգավոր թափոններ` ընդերքօգտագործման թափոններ, որոնք իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով վտանգ են ստեղծում կամ կարող են ստեղծել մարդու առողջության և շրջակա միջավայրի համար, և պահանջվում են դրանց հետ վարվելու հատուկ մեթոդներ, եղանակներ, միջոցներ.

40) ընդերքօգտագործման թափոնների կառավարում՝ ընդերքօգտագործման թափոնների հավաքման, փոխադրման, վնասազերծման, կուտակման, պահման, հեռացման, տեղադրման, թաղման, մշակման, օգտահանման գործողություններ, որոնք ուղղված են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և ընդերքօգտագործման թափոնների կառավարման միջոցով շրջակա միջավայրի կամ մարդու առողջության վրա ընդերքօգտագործման թափոնների բացասական ազդեցության հնարավորության դեպքում կանխմանը կամ հնարավորինս նվազեցմանը.

41) ընդերքօգտագործման թափոնների վերամշակում՝ տեխնոլոգիական գործողությունների իրականացում, որոնք կապված են թափոնների մեխանիկական, ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությունների փոփոխման հետ, և որի նպատակն է ընդերքօգտագործման թափոններից օգտակար հանածոյի կորզումը, այդ թվում՝ դրա չափերի փոփոխումը, դասակարգումը, առանձնացումը, թափոնների վերամշակումը.

42) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտ՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներ, որտեղ գտնվող ընդերքօգտագործման թափոնները ենթարկվում են մշակման, վերամշակման կամ օգտահանման.

43) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլան՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման համապարփակ փաստաթուղթ, որը նկարագրում է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում թափոնների հավաքման, փոխադրման, վնասազերծման, կուտակման, պահման, հեռացման, տեղադրման, թաղման այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքով նախատեսված նպատակների իրականացման համար: Ընդ որում, ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը մշակում և ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին են ներկայացնում բոլոր ընդերքօգտագործողները.

44) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համապարփակ փաստաթուղթ, որը նկարագրում է ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտների կառավարման և դրանցում գտնվող ընդերքօգտագործման թափոնների կառավարման, մշակման, վերամշակման կամ օգտահանման այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքով նախատեսված նպատակների իրականացման համար: Ընդ որում, ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան մշակում և ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին են ներկայացնում միայն այն ընդերքօգտագործողները, որոնք ցանկանում են վերամշակել ընդերքօգտագործման թափոնները.

45) լավագույն հնարավոր տեխնոլոգիա՝ սույն օրենսգրքով նախատեսված գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների և մեթոդների ամբողջություն, որոնք հնարավորինս կանխում կամ նվազագույնի են հասցնում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները, այդ թվում՝ շրջակա միջավայր վտանգավոր նյութերի արտանետումները.

46) նախնական պայմանագիր՝ լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնքված գրավոր համաձայնություն, որով սահմանվում են ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար ներկայացվող դիմումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը և երկրաբանական ուսումնասիրության նյութերը փորձաքննության ներկայացնելու ժամկետները:

47) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկում` ժամանակի և տարածության մեջ պարբերաբար ուսումնասիրությունների միջոցով շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների վիճակի և դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնների դիտարկման, վիճակի գնահատման ու կանխատեսման գործընթաց:

48) հրապարակային հաշվետվություն՝ սույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված ընդերքօգտագործողների և պետական մարմինների կողմից լիազոր մարմին և վարչապետի աշխատակազմ ներկայացվող հաշվետվություն, որը բաց է հրապարակման համար.

49) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ՝ տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կամ կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման տարածքից օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների դուրս բերումը ընդերքից.

50) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն՝ տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կամ կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով տվյալ օբյեկտի կառուցման տարածքի սահմաններում ընդերքի տեղամասից հանույթ կատարելու իրավունք.

51) հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամաս՝ օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում հաշվառված հանքավայրի տարանջատ տեղամաս, որը հաշվառված է առանձին անվանմամբ և սահմանանիշերով.

52) գետաողողատային տիպի հանքավայր` գետերի ողողատային տարածք, որը պարունակում է գետի վարարումների հետևանքով կուտակված ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) վերականգնվող պաշարներ, որոնք ստացել են երկրաբանատնտեսագիտական գնահատական.

53) իրական շահառու՝ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության կամ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող կամ այդպիսի իրավունք հայցող իրավաբանական անձի դեպքում՝ ֆիզիկական անձ, որը՝

ա. ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 10 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 10 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,

բ․ իրավունք ունի նշանակելու կամ հեռացնելու իրավաբանական անձի կառավարման մարմինների անդամների մեծամասնությանը,

գ․ իրավաբանական անձից անհատույց ստացել է հաշվետու տարվան նախորդող տարվա ընթացքում տվյալ իրավաբանական անձի ստացած շահույթի առնվազն 15 տոկոսի չափով օգուտ,

դ․ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,

ե․ հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի «ա»-«դ» ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ:

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք, Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, փոխվարչապետների, նախարարների խորհրդականների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, վարչապետի գլխավոր խորհրդականի, հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով՝ այդպիսի անձանց ընտանիքի անդամ համարվող անձինք սույն կետի «ա» և «գ» ենթակետերով նախատեսված հիմքերով համարվում են իրավաբանական անձի իրական շահառու՝ անկախ ունեցած ձայների և ստացված օգուտների մեծությունից.

54) իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք` միասնական պետական գրանցամատյանից տրվող՝ իրավաբանական անձի ամբողջական տեղեկություններ պարունակող քաղվածք, որտեղ ներառված են իրավաբանական անձի իրական շահառուների պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ.

55) օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ՝ օգտակար հանածոյի ենթադրվող կուտակումներ, որոնց քանակը, որակը և տարածքային դիրքը գնահատված են ընդհանուր երկրաբանական նախադրյալների հիման վրա.

56) քաղաքացիական անհնազանդություն՝ հասարակության կողմից հավաքների կազմակերպման միջոցով իրականացվող բողոքի ակցիաներ, որոնք ուղղված են իշխանության կամ կառավարության վարած քաղաքականության կամ ծրագրի դեմ:

(3-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 22.06.15 ՀՕ-106-Ն, 20.10.16 ՀՕ-164-Ն, լրաց., խմբ., փոփ. 18.10.16 ՀՕ-161-Ն, լրաց. 17.11.17 ՀՕ-214-Ն, 21.03.18 ՀՕ-191-Ն, 23.04.19 ՀՕ-24-Ն, լրաց., խմբ., փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-63-Ն, 04.03.20 ՀՕ-112-Ն, լրաց. 16.07.20 ՀՕ-397-Ն, փոփ., լրաց. 03.06.21 ՀՕ-247-Ն, լրաց. 25.05.22 ՀՕ-143-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.06.21 ՀՕ-247-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 4. Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմնադրույթները

 

1. Ընդերքի օգտագործման և պահպանության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնադրույթներն են`

1) բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովումը.

2) ընդերքի ճանաչումը` որպես պետության բացառիկ սեփականություն.

3) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական ծրագրերի կազմումը և իրագործումը.

4) ընդերքի օգտագործման և պահպանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

5) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվառման իրականացումը, հաշվեկշռի կազմումը, հանքավայրերի, օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը և երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական հաշվառման իրականացումը.

6) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման ապահովումը.

7) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական փորձաքննության անցկացումը.

8) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական նորմավորման իրականացումը.

9) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը.

10) ընդերքօգտագործման վճարովիությունը.

11) ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում պետական վերահսկողություն՝ բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման նպատակով:

(4-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 18.10.16 ՀՕ-161-Ն)

 

Հոդված 5. Բնակչության անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության ապահովումը

(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)

 

1. Ընդերքի տեղամասերն օգտագործման են տրամադրվում ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության և մարդկանց կյանքի ու առողջության պաշտպանության հետ կապված օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման պայմանով:

(5-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)

 

Հոդված 6. Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական ծրագրերի կազմումը և իրագործումը

 

1. Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների իրագործման նպատակով իրականացվում են ընդերքի պահպանությանը և ողջամիտ և համալիր օգտագործմանն ուղղված միջոցառումներ նախատեսող պետական ծրագրերի մշակում, հաստատում և իրագործում:

2. Ընդերքի օգտագործման և պահպանության հանրապետական, տարածաշրջանային և տեղական ծրագրերը հաստատում է կառավարությունը:

3. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցներից:

 

Հոդված 7. Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում փորձաքննության անցկացումը

 

1. Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում իրականացվում են հետևյալ փորձաքննությունները`

1) ընդերքաբանական.

2) շրջակա միջավայրի վրա ազդեցության.

3) տեխնիկական անվտանգության:

2. Ընդերքաբանական փորձաքննության ենթակա են ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության արժանահավատությունը, օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաներն ու պաշարները, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրումը: Ընդերքաբանական փորձաքննության նպատակն է գնահատել տեղեկության արժանահավատությունը, հաստատել կոնդիցիաներն ու պաշարները, եզրակացություն տալ պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին:

3. (մասն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-112-Ն)

4. Ընդերքի տրամադրումն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույլատրվում է միայն դրանում պարունակվող պաշարների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության ընդերքաբանական փորձաքննությունից և ուսումնասիրված ու գնահատված պաշարների քանակը և որակը սահմանված կարգով հաստատվելուց հետո:

5. Սույն օրենսգրքով սահմանված փորձաքննություններն ընդերքօգտագործողի դիմումի հիման վրա սահմանված կարգով կարող են կատարվել ընդերքի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության յուրաքանչյուր փուլում, եթե ընդերքօգտագործողը ցանկանում է սկսել օգտակար հանածոյի արդյունահանում, և փորձաքննության ներկայացված նյութը թույլ է տալիս կատարել օգտակար հանածոների որոշակի քանակի և որակի, դրանց արդյունաբերական նշանակության, լեռնատեխնիկական, ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, բնապահպանական և այլ պայմանների օբյեկտիվ գնահատում:

6. Ընդերքաբանական փորձաքննությունը կատարվում է կառավարության սահմանած կարգով և ժամկետում, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության կատարման կարգը սահմանվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ տեխնիկական անվտանգության փորձաքննության կատարման կարգը` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

6.1. Ընդերքաբանական փորձաքննությունն իրականացնում է լիազոր մարմինը։

6.2. Օգտակար հանածոների պաշարների գնահատմանը վերաբերող նյութերի ընդերքաբանական փորձաքննությանը լիազոր մարմնի կողմից կարող են ներգրավվել փորձագետներ։

6.3. Եթե ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերը չեն համապատասխանում ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը, ապա լիազոր մարմինը նյութերն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, այդ մասին տեղեկացնում է ընդերքօգտագործողին` նշելով թերությունները: Ընդերքօգտագործողը ծանուցումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը և 3-օրյա ժամկետում ծանուցում դիմումատուին։

6.4. Եթե ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերը չեն համապատասխանում օգտակար հանածոների պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգմանը կամ օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների և օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումների պահանջներին, կամ պաշարների գնահատման հաշվարկներում առկա են բացթողումներ,

1) ապա լիազոր մարմինը դիտարկված բացթողումների մասին տեղեկացնում է դիմումատուին նյութերի լրամշակման նպատակով` սահմանելով լրամշակման համար հետևյալ ժամկետային սահմանափակումները.

ա. ոչ մետաղական հանքավայրերի համար՝ մինչև 30 օր,

բ. մետաղական հանքավայրերի համար՝ մինչև 120 օր.

2) և նշված բացթողումները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը և եռօրյա ժամկետում ծանուցում դիմումատուին։

6.5. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող՝ սույն հոդվածի 6.3-րդ մասով սահմանված լրակազմ նյութերն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացում, լիազոր մարմինը գրավոր դիմում է բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին՝ առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատման, ինչպես նաև դրանց արժանահավատության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

 6.6. Բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին տրամադրում է սույն հոդվածի 6.5-րդ մասով նախատեսված և իր տնօրինման տակ առկա տեղեկատվությունը: Տեղեկատվության բացակայության դեպքում 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն սկսում է ստուգման գործընթացը և լիազոր մարմնին տեղեկացնում տեղեկատվության տրամադրման ժամկետների վերաբերյալ:

6.7. Եթե բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից լիազոր մարմնին տրամադրված տեղեկատվության համաձայն` ընդերքօգտագործողի կատարած և հաշվետվությամբ ներկայացրած աշխատանքների առաջնային երկրաբանական փաստագրման նյութերն արժանահավատ չեն և չեն համապատասխանում փաստացի իրականացված աշխատանքներին, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը և եռօրյա ժամկետում ծանուցում դիմումատուին:

6.8. Փորձաքննության գործընթացը կասեցվում է մինչև դիմումատուի կողմից լիազոր մարմին նյութերի լրամշակված տարբերակը ներկայացնելը և (կամ) մինչև բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից լիազոր մարմնին տրամադրած տեղեկատվությունը ստանալու օրը:

6.9. Ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով տրվում է փորձագիտական եզրակացություն, որը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ։

6.10. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է լիազոր մարմինը:

7. (մասն ուժը կորցրել է 16.07.20 ՀՕ-397-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 16.07.20 ՀՕ-397-Ն)

9. (մասն ուժը կորցրել է 16.07.20 ՀՕ-397-Ն)

10. (մասն ուժը կորցրել է 16.07.20 ՀՕ-397-Ն)

(7-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց., փոփ. 16.07.20 ՀՕ-397-Ն, խմբ. 25.05.22 ՀՕ-143-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 8. Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական նորմավորման իրականացումը

 

1. Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական նորմավորումը համապատասխան ազգային ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի, տեխնիկական պայմանների և այլ իրավական ակտերի մշակումն ու ընդունումն է:

2. Սահմանված կարգով ընդունված ազգային ստանդարտները, տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական պայմանները և այլ իրավական ակտերը կանոնակարգում են ընդերքի օգտագործման և պահպանության հետ կապված իրավահարաբերությունները բոլոր մասնակիցների համար:

3. Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտի ազգային ստանդարտները, տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական պայմանները և այլ իրավական ակտերը մշակվում և հաստատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 9. Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը

 

1. Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է օգտակար հանածոյի արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) թույլտվություն ստացած իրավաբանական անձի անվանումը.

2) թույլտվություն ստանալու համար ներկայացված դիմումի տարին, ամիսը, ամսաթիվը.

3) թույլտվության հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը.

4) թույլտվության երկարաձգման դեպքում՝ համապատասխան փաստաթղթի համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը, թույլտվության երկարաձգման ժամկետը.

5) ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները և ընդհանուր մակերեսը.

6) հանքավայրի (տեղամասի) անվանումը.

7) օգտակար հանածոյի անվանումը.

8) ընդերքօգտագործման պայմանագրի համարը, կնքման տարին, ամիսը, ամսաթիվը, ընդերքօգտագործման պայմանագրում փոփոխություններ կատարելու դեպքում՝ յուրաքանչյուր փոփոխության համար համապատասխան փաստաթղթի համարը, կնքման տարին, ամիսը, ամսաթիվը.

9) օգտակար հանածոյի արդյունահանման մասով գործունեության վերաբերյալ նաև՝

ա. տրամադրված օգտակար հանածոյի մարվող պաշարների քանակը՝ ըստ հիմնական և ուղեկից բաղադրիչների,

բ. հանքի տարեկան արտադրողականությունը.

10) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ՝ նաև օգտակար հանածոյի երևակման կամ օբյեկտի անվանումը:

2. Լիազոր մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է նաև օգտակար հանածո արդյունահանող ընդերքօգտագործողների հետ կնքված ընդերքօգտագործման պայմանագրերը և դրանցում կատարվող փոփոխությունները՝ բացառելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության (տվյալների) հրապարակումը:

3. Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողը կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում պարտավոր է թղթային կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին և վարչապետի աշխատակազմ ներկայացնել տարեկան հրապարակային հաշվետվություն ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ, որը ներառում է տեղեկատվություն առնվազն՝

1) արդյունահանման տարեկան ծավալների վերաբերյալ.

2) արտահանման տարեկան ծավալների վերաբերյալ.

3) ընդերքօգտագործողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարված բոլոր տեսակի պետական և տեղական հարկերի և վճարների (ներառյալ՝ ռոյալթին) վերաբերյալ՝ առանձին-առանձին.

4) ընդերքօգտագործողի կողմից համայնքային արտաբյուջեներ կատարած վճարների, հողի վարձակալության վճարների, բարեգործական հատկացումների, նվիրատվությունների կամ այլ ձևով համայնքին կատարված անհատույց օտարումների վերաբերյալ.

5) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության շրջանակներում ոչ առևտրային իրավաբանական անձանց տրամադրված նվիրատվությունների, նվիրաբերությունների կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումների վերաբերյալ.

6) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց տրամադրված նվիրատվությունների, նվիրաբերությունների կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումների վերաբերյալ՝ նշելով տրամադրված ընդհանուր գումարը և ֆիզիկական անձանց ընդհանուր թիվը.

7) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին օրենսդրությամբ սահմանված չափով կատարված հատկացումների վերաբերյալ.

8) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար մշտադիտարկումների իրականացման վճարների վերաբերյալ.

9) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկների վերաբերյալ.

10) համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործման իրավունքները հավաստող փաստաթղթերով սահմանված պարտավորությունների վերաբերյալ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվությունն ընդերքօգտագործողը ներկայացնում է իր կողմից շահագործվող յուրաքանչյուր հանքավայրի մասին առանձին։

5. Ընդերքօգտագործողը հրապարակային հաշվետվությունը կարող է հրապարակել նաև իր պաշտոնական կայքում (առկայության դեպքում):

6. Սնանկ ճանաչված ընդերքօգտագործողն ազատվում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվությունը ներկայացնելու պարտավորությունից՝ պահպանելով սույն օրենսգրքով սահմանված և ընդերքօգտագործման իրավունքից բխող մյուս բոլոր պարտավորությունները ժամանակին և ամբողջ ծավալով իրականացնելու պարտականությունը:

7. Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների գործունեության վերաբերյալ լիազոր մարմին և վարչապետի աշխատակազմ հրապարակային հաշվետվություններ են ներկայացնում համապատասխան տեղեկությանը տիրապետող պետական մարմինները, որոնց ցանկը սահմանում է կառավարությունը:

8. Համայնքի ղեկավարը կառավարության սահմանած կարգով տարածքային կառավարման բնագավառի համապատասխան լիազոր մարմնին է տրամադրում, ինչպես նաև հրապարակում է համայնքի պաշտոնական կայքում (առկայության դեպքում) կամ համայնքի ավագանու նստավայրում փակցնելու միջոցով, ըստ յուրաքանչյուր մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողի կողմից՝

1) համայնքի բյուջե վճարված բոլոր տեղական հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը՝ յուրաքանչյուր հարկի և վճարի մասով առանձին.

2) համայնքի արտաբյուջեներ կատարած վճարների, ընդերքօգտագործման իրավունքի պայմանագրով նախատեսված համայնքի զարգացման նպատակով հատկացումների, հողի վարձակալության վճարների, բարեգործական հատկացումների, նվիրատվությունների կամ այլ ձևով համայնքին կատարված անհատույց օտարումների վերաբերյալ տեղեկատվությունը։

9. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը հրապարակելու և 3-րդ ու 6-րդ մասերով նախատեսված հրապարակային հաշվետվությունը ներկայացնելու կարգերը, ժամկետները և ձևերը սահմանում է կառավարությունը:

10. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված տեղեկատվության տրամադրման և հրապարակման կարգը սահմանում է կառավարությունը:

11. Սույն հոդվածի իմաստով հրապարակման է ենթակա հետևյալ տեղեկատվությունը, բացառությամբ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության՝

1) ընդերքօգտագործողի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկները.

2) պետական տուրքի և ընդերքօգտագործման վճարների վերաբերյալ տեղեկատվությունը.

3) համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում օրենսդրությամբ և ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

(9-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-191-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-63-Ն, փոփ., լրաց. 16.07.20 ՀՕ-397-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 10. Ընդերքօգտագործման վճարովիությունը

 

1. Ընդերքօգտագործումը վճարովի է, բացառությամբ սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 11. Ընդերքի նկատմամբ սեփականության իրավունքը

 

1. Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման միայն երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման նպատակներով:

2. Ընդերքի տեղամասերը չեն կարող լինել առքուվաճառքի, գրավի առարկա կամ օտարվել այլ ձևով:

 

Հոդված 12. Երկրաբանական տեղեկության նկատմամբ սեփականության իրավունքը

 

1. Ընդերքի երկրաբանական կառուցվածքի, ընդերքում պարունակվող օգտակար հանածոների, հանքավայրերի երկրաբանական տվյալների, պաշարների չափի, վերամշակման պայմանների, ինչպես նաև ընդերքի այլ առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկությունները, որոնք պարունակվում են երկրաբանական հաշվետվություններում, քարտեզներում, երկրաբանական փաստագրման առաջնային և այլ նյութերում, Հայաստանի Հանրապետության սեփականությունն են` անկախ դրանց ստացման ֆինանսավորման աղբյուրներից:

2. Անկախ ֆինանսավորման աղբյուրից` պետական ընդերքաբանական փորձաքննություն անցած երկրաբանական տեղեկությունը պարտադիր կարգով տնօրինման, պահպանության, համակարգման և ընդհանրացման է տրամադրվում լիազոր մարմնին անհատույց` կառավարության սահմանած կարգով:

3. Անկախ տեղեկության ստացման ձևից` ձեռք բերված երկրաբանական տեղեկությունը ընդերքօգտագործողը կարող է տնօրինել և օգտագործել միայն ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում:

4. Ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում ընդերքօգտագործողների տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը 3 ամսվա ընթացքում հանձնվում է լիազոր մարմնին` կառավարության սահմանած կարգով:

5. Քաղաքաշինական գործունեության օբյեկտներ հանդիսացող օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության ընթացքում ստացված երկրաբանական տեղեկությունները տնօրինման, պահպանության, համակարգման և ընդհանրացման են տրամադրվում ընդերքի ոլորտի լիազոր մարմնին անհատույց` կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 13. Երկրաբանական տեղեկության տրամադրման կարգը և բացահայտման սահմանափակումը

 

1. Երկրաբանական տեղեկությունը տրամադրվում է անվճար. լիազոր մարմնին վճարում են միայն տեղեկության տրամադրման հետ կապված մատուցված ծառայությունների դիմաց` կառավարության սահմանած կարգով:

2. Ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում ընդերքօգտագործողի ստացած երկրաբանական տեղեկությունը ընդերքօգտագործման իրավունքի ժամկետում չի կարող բացահայտվել առանց ընդերքօգտագործողի համաձայնության: Լիազոր մարմինը պարտավոր է ապահովել երրորդ անձանցից երկրաբանական տեղեկության գաղտնիությունը դրա կուտակման, արձանագրման, պահպանության, փոխանցման և օգտագործման ընթացքում:

3. Երկրաբանական տեղեկության գաղտնիության բացահայտման դեպքում բացահայտողը ենթարկվում է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Երկրաբանական տեղեկության բացահայտման արգելքը չի գործում, եթե երկրաբանական տեղեկությունը տրամադրվում է`

1) դատարանի որոշման հիման վրա.

2) ընդերքօգտագործման իրավունքների վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվություն կազմելու նպատակով.

3) լիազոր մարմնի ներքին շրջանակներում օգտագործման նպատակով.

4) ընդերքօգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին, հարկային մարմիններին` վերջիններիս իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով իրականացվող վերահսկողական և հսկողական աշխատանքներում օգտագործելու նպատակով:

5) սույն օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված՝ ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության շրջանակներում:

(13-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-186-Ն, լրաց. 21.03.18 ՀՕ-191-Ն, 16.07.20 ՀՕ-397-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 14. Տեխնածին հանքավայրի, արդյունահանված օգտակար հանածոյի և արտադրական լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքը

(հոդվածն ուժը կորցրել է 18.10.16 ՀՕ-161-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 15. Ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումը

(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)

 

1. Ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումն իրականացնում են կառավարությունը և տվյալ բնագավառում լիազոր պետական կառավարման մարմինները` իրենց իրավասությունների շրջանակներում:

2. Ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտում կառավարության իրավասություններն են`

1) ընդերքօգտագործման քաղաքականության որոշումն ու իրականացումը.

2) երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծման, վարման և տնօրինման կարգի սահմանումը.

3) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման, հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարման, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական հաշվառման կարգերի սահմանումը.

4) ընդերքօգտագործման ոլորտում իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի հաստատումը.

5) ընդերքօգտագործման թույլտվությունների և երկրաբանական ուսումնասիրությունների համաձայնությունների ձևերի հաստատումը.

6) ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատումը.

7) օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգի, հաշվետվությունների ձևերի և լրացման ուղեցույցների սահմանումը.

8) օգտակար հանածոների պաշարների ամենօրյա շարժի գրանցամատյանի ձևի սահմանումը.

9) ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների, ջրային ռեսուրսները սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումների կարգի սահմանումը.

10) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգի սահմանումը.

11) դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման կարգի սահմանումը.

12) հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակը և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության կարգի սահմանումը.

13) ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտում միջազգային համագործակցության իրականացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավասություններ.

14) ընդերքօգտագործողների և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:

14.1) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մրցութային հանձնաժողովի գործունեության կարգի սահմանումը.

14.2) լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնքվող նախնական պայմանագրի օրինակելի ձևի սահմանումը.

15) ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգի սահմանումը.

16) ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգի սահմանումը.

17) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշների սահմանումը.

18) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշների սահմանումը.

19) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման իրականացման կարգի սահմանումը.

20) լավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչների սահմանումը.

21) ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանների՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգի սահմանումը.

22) ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայացվող չափանիշների սահմանումը.

23) սույն օրենսգրքով նախատեսված այլ միջոցառումների իրականացումը:

24) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգի սահմանումը.

25) գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգի սահմանումը.

26) ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգի սահմանումը.

27) ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում՝ կենսաբանական վերականգնման ուղեցույցների հաստատումը.

28) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգի սահմանումը:

(15-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 20.10.16 ՀՕ-164-Ն, 18.10.16 ՀՕ-161-Ն, 17.11.17 ՀՕ-214-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-112-Ն, լրաց. 16.07.20 ՀՕ-397-Ն, խմբ. 25.05.22 ՀՕ-143-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 16. Ընդերքօգտագործման իրավունքի իրականացման համար անհրաժեշտ հողային հարաբերությունները

 

1. Ընդերքօգտագործողների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված հատուկ նշանակության սահմանային հողերում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման համար հողամասի նպատակային նշանակության փոփոխություն չի պահանջվում: Վերականգնվող պաշարների արդյունահանում կարող է իրականացվել միայն սահմանային շերտի հողամասերի կառավարման լիազոր մարմնի համաձայնությամբ:

(16-րդ հոդվածը լրաց. 16.07.20 ՀՕ-397-Ն, փոփ. 25.05.22 ՀՕ-143-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 17. Ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտում լիազոր մարմինների իրավասությունները

(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, 04.03.20 ՀՕ-112-Ն)

 

1. Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասություններն են`

1) ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացման ապահովումը.

2) (կետն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-186-Ն)

3) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման և պահպանության պետական ծրագրերի մշակումն ու իրականացումը.

4) ընդերքօգտագործման ոլորտում իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի մշակումը.

5) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը.

6) լեռնահատկացման ակտի օրինակելի ձևի սահմանումը.

7) ընդերքօգտագործման ոլորտում իր իրավասության սահմաններում պետական փորձաքննության իրականացումը.

8) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարումը, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման իրականացումը, հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը.

9) իր իրավասության սահմաններում ընդերքօգտագործման համար անհրաժեշտ թույլտվությունների ու համաձայնությունների տրամադրումը.

10) իր իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման գործընթացը կարգավորող, պետական կառավարումն ապահովող նորմատիվ ակտերի, ինչպես նաև ընդերքի օգտագործման համար պահանջվող նորմերի ու կանոնների մշակումը և ընդունումը.

11) ընդերքօգտագործման պայմանագրերի կնքումը.

12) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամանակ ընդերքօգտագործման համար արգելված ընդերքի առանձին տեղամասերի ճշգրտումը.

13) երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծումը, վարումը և տնօրինումը.

14) ընդերքօգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը.

15) Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով երկրաբանական տեղեկության տրամադրումը.

16) (կետն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-186-Ն)

17) (կետն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-186-Ն)

18) տալ համաձայնություն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման համար ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնված ընդերքի տեղամասում իրականացնելու երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին.

19) մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին.

20) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մրցութային փաթեթի կազմումը.

21) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված իրավաբանական անձի հետ նախնական պայմանագրի կնքումը.

22) ընդերքօգտագործման ոլորտի վերաբերյալ վարչական ռեգիստրների վարման համար վարչական վիճակագրական «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» (տարեկան), «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային), «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) և «Oգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) հաշվետվությունների ձևերի, դրանց լրացման հրահանգների և ներկայացման կարգի սահմանումը.

23) հանքային ջրերի հանքավայրերի հանքային ջրի շահագործական պաշարների  ողջամիտ և համալիր օգտագործման սկզբունքից ելնելով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված պաշարների սահմաններում մեկ կամ ավելի ընդերքօգտագործողներին ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը.

24) երկրաբանական ուսումնասիրության ծրագրին և օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջների սահմանումը.

25) օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների սահմանումը.

26) ընդերքօգտագործողների և աշխատողների միջև կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևի սահմանումը.

27) օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումների սահմանումը:

2. Ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են`

1) ընդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականության ձևավորմանը մասնակցությունը.

2) ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը.

3) ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի, հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացումը, համապատասխան վարչական ակտով փորձաքննական եզրակացության հաստատումը.

4) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների չափերի հաշվարկման, վերահաշվարկման, ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, դրամագլխից գումարի վերադարձման վերաբերյալ որոշումների ընդունումը.

5) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգի մշակումը.

6) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փուլում շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի հաստատումը.

7) ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգի մշակումը.

8) ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգի մշակումը.

9) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշների մշակումը.

10) լավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչների մշակումը.

11) օգտակար հանածոյի մշակման համար անհրաժեշտ վտանգավոր նյութերի օգտագործման առավելագույն սահմանաչափերի որոշման ընթացակարգի հաստատումը.

12) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգի մշակումը.

13) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների ընդունումը, դրանց վերաբերյալ միասնական համակարգի ստեղծումը, վարումը, տնօրինումը և հրապարակայնացումը.

14) ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգի մշակումը.

14.1) ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում՝ կենսաբանական վերականգնման ուղեցույցների մշակումը.

14.2) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգի մշակումը.

14.3) ընդերքօգտագործման իրավունքը դադարելու դեպքում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված ողջ ծավալով հատկացումներ չկատարելու դեպքում դատական կարգով հայցադիմում ներկայացնելը.

14.4) ընդերքօգտագործման իրավունքի դադարելու դեպքում օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար ողջ ծավալով հատկացումներ չկատարելու դեպքում դատական կարգով հայցադիմում ներկայացնելը.

14.5) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցների հաստատումը`

ա. «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի կազմման»,

բ. «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության կազմման»,

գ. «Հանքի փակման ծրագրի կազմման»,

դ. «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցության գնահատման հաշվետվության կազմման»,

ե. «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման հաշվետվության կազմման»,

զ. «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության լիարժեքության գնահատման».

15) սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավասություններ:

2.1. Ընդերքօգտագործման հետ կապված՝ բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասություններն են`

1) ընդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

2) հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի, ծրագրերի կատարման նկատմամբ բնապահպանական վերահսկողության իրականացումը.

3) բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

3.1) լիազոր մարմնին ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագրի ներկայացումը.

4) սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավասություններ:

3. Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են`

1) համայնքի ղեկավարի կողմից, համայնքի ավագանու որոշմամբ, ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց հետ հողօգտագործման պայմանագրի կնքումը.

2) ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումների` ռեկուլտիվացիայի ծրագիրը համայնքի ղեկավարի համաձայնությանը ներկայացնելը:

Ընդերքի օգտագործման իրավունք ստացած անձը չի կարող սկսել հանքարդյունահանման աշխատանքներն առանց տվյալ տարածքի համապատասխան սեփականատիրոջ համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրի:

(17-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 20.10.16 ՀՕ-164-Ն, 18.10.16 ՀՕ-161-Ն, 17.11.17 ՀՕ-214-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.03.18 ՀՕ-186-Ն, լրաց. 13.11.19 ՀՕ-256-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-112-Ն, լրաց., խմբ. 16.07.20 ՀՕ-397-Ն, լրաց. 06.10.20 ՀՕ-455-Ն, 14.04.21 ՀՕ-172-Ն, 25.05.22 ՀՕ-142-Ն, խմբ., լրաց. 25.05.22 ՀՕ-143-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-172-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(25.05.22 ՀՕ-142-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 18. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական կառավարումը

 

1. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին համահունչ` մշակված երկրաբանական ուսումնասիրության պետական ծրագրերը կառավարության կողմից հաստատելու և դրանց իրագործումն իրավասու մարմինների կողմից ապահովելու միջոցով:

2. Պետական ծրագրերը մշակվում են կառավարության սահմանած կարգով և ներառում են մասնավորապես`

1) Հայաստանի Հանրապետությունում երկրաբանական ուսումնասիրության ոլորտում տիրող վիճակի գնահատականը` աշխատանքների յուրաքանչյուր տեսակի գծով ծառացած խնդիրների բացահայտմամբ և դրանցից առաջնահերթ լուծում պահանջող հարցերի հիմնավորմամբ.

2) ծրագրվող ժամանակահատվածում պետական պատվերի գծով սկսվող և շարունակվող աշխատանքների ցանկը` դրանց իրականացման համար նախատեսվող ժամկետների սահմանմամբ, ինչպես նաև ծրագրվող աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կանխատեսմամբ և հիմնավորմամբ.

3) ծրագրվող ժամանակահատվածում մասնավոր ներդրումների հաշվին սկսվող և շարունակվող աշխատանքների ցանկը` դրանց իրականացման համար տնտեսավարող սուբյեկտների ներգրավման և այդ աշխատանքների կատարման ժամկետների սահմանմամբ:

3. Երկրաբանական ուսումնասիրության ոլորտի պետական պատվերի ձևավորումն ապահովում է լիազոր մարմինը` մշակելով կատարվելիք աշխատանքների երկրաբանական ու տեխնիկական առաջադրանքների և (կամ) նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթները:

4. Պետական պատվերով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Հոդված 19. Ընդերքօգտագործման ձևերը

 

1. Ընդերքը կարող է օգտագործվել`

1) երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով.

2) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով:

 

Հոդված 20. Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը

 

1. Ընդերքօգտագործման իրավունքը տրամադրում է լիազոր մարմինը` սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված ընդհանուր հիմունքներով կամ մրցութային կարգով` ընդերքօգտագործման թույլտվության կամ համաձայնության, լեռնահատկացման ակտի, ինչպես նաև ընդերքօգտագործողի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման միջոցով:

2. Ընդերքօգտագործման իրավունքն անբաժանելի է և կարող է պատկանել միայն մեկ իրավաբանական անձի (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությանը):

3. Անժամկետ և անհատույց ընդերքօգտագործումն իրականացվում է ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանումը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, սեփական կարիքների համար ընդերքօգտագործողին` սեփականության իրավունքով պատկանող հողամասերից:

4. Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար կարող են դիմել միայն հատուկ թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք: Հատուկ թույլտվության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:

(20-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-164-Ն)

 

 

Հոդված 20.1. Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը մրցութային կարգով

 

1. Ընդերքօգտագործման իրավունքը մրցութային կարգով տրամադրվում է բացառապես ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության դեպքում:

2. Մրցույթի մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական և տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորոշիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստման կարգը սահմանում է կառավարությունը:

3. Ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու համար մրցույթի մասնակցության հայտը ներկայացվում է լիազոր մարմին՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:

4. Մինչև մրցույթի կազմակերպումը լիազոր մարմնի և ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողատարածքների սեփականատիրոջ միջև կնքվում է հողօգտագործման նախնական պայմանագիր, որով սահմանվում է ընդերքօգտագործողի կողմից՝ հողամասի օգտագործման վճարի և ընդերքօգտագործման հետևանքով հողամասի սեփականատիրոջը պատճառվելիք վնասի և բաց թողնված օգուտի չափի փոխհատուցում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Մրցույթը կազմակերպվում, անցկացվում և բողոքարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, սույն օրենսգրքի և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:

(20.1-ին հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-164-Ն)

 

Հոդված 20.2. Մրցույթի արդյունքների ամփոփումը

 

1. Մրցույթների կազմակերպման և անցկացման նպատակով լիազոր մարմինը ստեղծում է մրցութային հանձնաժողով:

2. Մրցույթում հաղթող անձը որոշվում է մրցութային առաջարկությունների քննարկման արդյունքով` հետևյալ չափանիշների հիման վրա.

1) ընդերքօգտագործման ոլորտում հայտատուի նմանատիպ աշխատանքների փորձը, ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը, նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը, միջազգային փորձը, նախատեսվող ներդրումների ծավալը, իրականացվելիք աշխատանքների ժամկետները, ստեղծվելիք աշխատատեղերի քանակը.

2) մրցույթի մասնակիցների կողմից առաջարկվող՝ աշխատանքների կատարման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության անվտանգության և տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները.

3) մրցույթի մասնակիցների որակավորումը, ֆինանսական և տեխնիկական կարողությունները.

4) մրցույթին չեն կարող մասնակցել սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետում նշված անձինք:

3. Մրցույթի արդյունքների ամփոփման կարգը սահմանում է մրցույթի կազմակերպիչը:

4. Մրցույթի մյուս մասնակիցների պահանջով 10-օրյա ժամկետում տրամադրվում է արձանագրության կրկնօրինակը:

5. Մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված անձի հետ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո՝ 15-օրյա ժամկետում, լիազոր մարմինը կնքում է նախնական պայմանագիր, որով սահմանվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը և երկրաբանական ուսումնասիրության նյութերը փորձաքննության ներկայացնելու ժամկետները:

6. Մրցույթում հաղթող ճանաչված անձը նախնական պայմանագրով սահմանված ժամկետում դիմում է լիազոր մարմին՝ ընդերքօգտագործման իրավունք ստանալու համար՝ դիմումին կից ներկայացնելով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Լիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունքը տրամադրում է սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-4-րդ մասերով և 41-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Եթե շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը բացասական է, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է մրցույթում հաղթող ճանաչված անձին ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը:

(20.2-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-164-Ն)

 

Հոդված 21. Լեռնահատկացումը

 

1. Օգտակար հանածոյի (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) արդյունահանման համար լեռնահատկացումը տրվում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ միաժամանակ և ընդերքօգտագործման իրավունքի բաղկացուցիչ մասն է:

2. Լեռնահատկացումը կատարվում է հանքարդյունահանման նախագծի համաձայն:

3. Ընդերքօգտագործողը լեռնահատկացման սահմաններում ունի գործունեության բացառիկ իրավունք:

4. Ընդերքօգտագործողն իրավունք ունի ընդերքօգտագործման հետ կապված գործունեությունը ծավալելու միայն ընդերքի այն տեղամասի սահմաններում, որը որոշված է լեռնահատկացմամբ:

5. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձն իրավունք ունի լեռնահատկացման ակտով որոշված ընդերքի տեղամասի սահմաններում իրականացնելու երկրաբանական ուսումնասիրություն` տեղյակ պահելով լիազոր մարմնին:

 

Հոդված 22. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը

(վերնագիրը խմբ. 25.05.22 ՀՕ-143-Ն)

 

1. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն այլ անձի, բացառությամբ սույն և 29-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, արգելվում է:

2. Ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվում է իրավաբանական անձի վերակազմակերպման (միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման, վերակազմավորման) դեպքերում` իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի կամ փոխանցման ակտի հիման վրա, լիազոր մարմնի համաձայնությամբ, որը տրվում է սույն օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:

(22-րդ հոդվածը խմբ. 25.05.22 ՀՕ-143-Ն)

(25.05.22 ՀՕ-143-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 23. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալու կարգը

 

1. Անձը, որը մտադիր է սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում փոխանցել իրեն պատկանող ընդերքօգտագործման իրավունքը, լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման մասին դիմում:

2. Դիմումը պետք է ներառի՝

1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը.

2) նշում` փոխանցվող ընդերքօգտագործման իրավունքի մասին.

3) բաժանման, առանձնացման և վերակազմավորման դեպքերում՝ վերակազմակերպվող ընկերությունների ընդհանուր ժողովի կամ ժողովի՝ առանձնացման, բաժանման մասին որոշումը, որի մեջ պետք է նշված լինի բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը և դրան համապատասխան՝ իրավահաջորդ ընկերությունների իրավունքների ու պարտականությունների բաշխումը: Լիազոր մարմնի համաձայնությունն ստանալուց հետո՝ 20-օրյա ժամկետում, ներկայացվում են նաև ընդերքօգտագործման իրավունքը ձեռք բերող իրավաբանական անձի (այսուհետ՝ ձեռք բերող իրավաբանական անձ) պետական գրանցման համարը, նշում՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին, կանոնադրությունը, սույն մասի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը, որոնցից յուրաքանչյուրը չներկայացնելը լիազոր մարմնի տված համաձայնությունը չեղարկելու հիմք է.

4) միաձուլման, միացման դեպքերում՝ ձեռք բերող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նշում՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին, կանոնադրությունը, բաժանիչ հաշվեկշիռը.

5) սույն մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում՝ ձեռք բերող իրավաբանական անձի՝

ա. հավաստումը հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագիրը կազմելու վերաբերյալ,

բ. հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները,

գ. մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված՝ իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ,

դ. ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը,

ե. ֆինանսական առաջարկները և երաշխիքները, որոնք պետք է ներառեն մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ և գործառնական ծախսերի վերաբերյալ,

զ. ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները.

6) հաշվետվություն՝ ծրագրով կամ նախագծով նախատեսված աշխատանքների կատարման մասին, այդ թվում` բնապահպանական միջոցառումների մասին.

7) հաշվետվություն՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

3. Դիմումին կցվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենով:

4. Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որոշում է ընդունում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին: Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի կողմից որոշում չկայացվելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

4․1․ Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Դիմումին կից փաստաթղթերի ամբողջական և լրամշակված փաթեթը կրկին ներկայացնելուց հետո լիազոր մարմինը 30-օրյա ժամկետում որոշում է ընդունում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

5. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալը լիազոր մարմնի կողմից մերժվում է սույն օրենսգրքով սահմանված` ընդերքօգտագործման իրավունքի հայցը մերժելու դրույթներին համապատասխան:

(23-րդ հոդվածը  լրաց.18.10.16 ՀՕ-161-Ն, խմբ., լրաց. 25.05.22 ՀՕ-143-Ն)

(25.05.22 ՀՕ-143-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 24. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը

(հոդվածն ուժը կորցրել է 25.05.22 ՀՕ-143-Ն)

 

Հոդված 25. Ընդերքօգտագործման իրավունքի երաշխիքները

 

1. Ընդերքօգտագործողի իրավունքների պաշտպանությունը երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ընդերքօգտագործման իրավունքի տրման պահից սկսած` 3 տարվա ընթացքում, ընդերքօգտագործման իրավունք ստացած անձի նկատմամբ, վերջինիս կողմից լիազոր մարմնին ուղղված դիմումի հիման վրա կիրառվում են օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի տրման պահին գործող բնօգտագործման վճարների (այդ թվում` ռոյալթիի), ռեզիդենտների շահութահարկի, ոչ ռեզիդենտների շահաբաժինների, տոկոսադրույքների, ռոյալթիների հարկման դրույքաչափերը:

 

Հոդված 26. Ընդերքօգտագործման արգելումը

 

1. Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության, պատմամշակութային արժեքների կամ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`

1) գերեզմաններ.

2) բնության, պատմության և մշակույթի հուշարձաններ.

3) Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:

2. Ընդերքօգտագործումը բնության հատուկ պահպանվող տարածքներում կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի ուսումնասիրությունը և արդյունահանումը, բացառությամբ այն դեպքերի, երբ սնդիկը հիմնական արդյունահանվող օգտակար հանածո չէ:

(26-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, 04.03.20 ՀՕ-112-Ն, լրաց. 23.03.22 ՀՕ-85-Ն)

 

Հոդված 27. Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամկետները

 

1. Ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվում է որոշակի ժամկետով (բացառությամբ 20-րդ հոդվածի 3-րդ մասի)`

1) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով` 3 տարին չգերազանցող ժամկետով, որը կարող է երկարաձգվել` համաձայն սույն օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված կարգի, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետի.

1.1) մետաղական օգտակար հանածոյի դեպքում՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության` հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար մինչև 3 տարի ժամկետով, եթե հանքավայրի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից՝ 10 և ավելի տարի առաջ, և կարող է երկարաձգվել միայն սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 2.3-րդ մասով սահմանված դեպքում.

1.2) օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության` 2021 թվականից սկսած՝ ոչ մետաղական օգտակար հանածոների գնահատված և հաստատված պաշարներով նոր հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար մինչև 3 տարի ժամկետով, եթե հանքավայրի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից՝ 10 և ավելի տարի առաջ, և կարող է երկարաձգվել միայն սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 2.3-րդ մասով սահմանված դեպքում.

2) մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով` սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն՝ 25 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել համաձայն սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի` 25 տարի ժամկետով: Մինչև 25 տարի ժամկետով թույլտվություն կարող է տրամադրվել, կամ տրամադրված թույլտվության ժամկետը երկարաձգվել միայն այն դեպքում, երբ պահանջվող ժամկետում արդյունահանվում են հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարները.

3) ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով՝ մինչև 2021 թվականը գնահատված և հաստատված պաշարներով հանքավայրերի դեպքում՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն՝ մինչև 20 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել՝ համաձայն սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի՝ մինչև 20 տարի ժամկետով.

4) ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով` 2021 թվականից սկսած՝ ոչ մետաղական օգտակար հանածոների գնահատված և հաստատված պաշարներով նոր հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի դեպքում` սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն՝ 20 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել՝ համաձայն սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի՝ 20 տարի ժամկետով: Մինչև 20 տարի ժամկետով թույլտվություն կարող է տրամադրվել, կամ տրամադրված թույլտվության ժամկետը երկարաձգվել միայն այն դեպքում, երբ պահանջվող ժամկետում արդյունահանվում են հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարները:

2. Ընդերքօգտագործման ժամկետներն ամրագրվում են ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում:

(27-րդ հոդվածը լրաց., խմբ. 16.07.20 ՀՕ-397-Ն, լրաց., փոփ., խմբ. 14.04.21 ՀՕ-172-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-172-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 28. Ընդերքօգտագործման իրավունքի գրավը

 

1. Ընդերքօգտագործման իրավունքը կարող է լինել գրավի առարկա, եթե դրանով ապահովվում են նպատակային փոխառության (նպատակային վարկային) պայմանագրից բխող պարտավորությունները, եթե այդպիսի նպատակային փոխառության (նպատակային վարկային) պայմանագրի շրջանակներում փոխատուի (վարկատուի) կողմից դրամը (միջոցները) հանձնվում են ընդերքօգտագործող փոխառուի (վարկառուի) սեփականությանը ընդերքօգտագործման թույլտվությունով, ծրագրով կամ նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով, լեռնահատկացման ակտով նախատեսված աշխատանքների և դրանցով ստանձնած պարտավորությունների կատարման համար օգտագործելու նպատակով:

1.1. Ընդերքօգտագործողը լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման համար համաձայնություն տալու մասին դիմում: Դիմումում և դրան կից ներկայացվում են`

1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը.

2) իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի կամ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքի կամ երկրաբանական համաձայնության դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.

4) ընդերքօգտագործման իրավունքի գրավի նախնական պայմանագիրը և նպատակային փոխառության (նպատակային վարկային) նախնական պայմանագիրը, որոնցից բխող՝ ընդերքօգտագործողի պարտավորությունների ապահովմանն է ուղղված ընդերքօգտագործման իրավունքի գրավը։ Նշված նախնական պայմանագրերում պետք է արտացոլված լինեն այն աշխատանքները և պարտավորությունները, որոնց կատարման համար տրամադրվում է նպատակային փոխառությունը (նպատակային վարկը)։

1.2. Դիմումին կցվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենով:

1.3. Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որոշում է ընդունում ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման համար համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին:

2. Ընդերքօգտագործողի և գրավառուի միջև գրավի պայմանագիրը կնքվում է լիազոր մարմնի համաձայնությունն ստանալուց հետո: Սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանագրերում արգելվում է փոփոխություններ կատարել առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման։ Կնքված գրավի պայմանագիրը ներկայացվում է լիազոր մարմին ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման մատյանում հաշվառելու նպատակով և կարող է ներկայացվել գրանցման՝ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2.1. Առանց լիազոր մարմնի համաձայնության կնքված կամ փոփոխված՝ ընդերքօգտագործողի և գրավառուի միջև գրավի պայմանագիրն առ ոչինչ է։

3. Ընդերքօգտագործման իրավունքը սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն գրավադրած ընդերքօգտագործողը պարտավորվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը լիազոր մարմին ներկայացնել տարեկան հաշվետվություն, որը ներառում է`

1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը.

2) մանրամասն տեղեկատվություն հաշվետու ժամանակահատվածում ընդերքօգտագործման թույլտվությունով, ծրագրով կամ նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով, լեռնահատկացման ակտով նախատեսված աշխատանքների և դրանցով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, որոնց իրականացման նպատակով ներգրավվել է նպատակային փոխառությունը (նպատակային վարկը), և որից բխող պարտավորությունների ապահովման նպատակով գրավադրվել է ընդերքօգտագործման իրավունքը.

3) սույն հոդվածի 1-ին մասով ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված և կատարված ծախսերը հավաստող փաստաթղթեր.

4) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողների դեպքում` հաշվետվությամբ ներկայացված ծախսերն այդ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հետ համադրող` «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի իմաստով աուդիտորական կազմակերպություն համարվող ընկերության պատրաստած հաշվետվություն, որը հնարավորություն է տալիս նույնականացնել յուրաքանչյուր ծախսային տարրը այն հիմնավորող փաստաթղթի հետ։

4. Տարեկան հաշվետվությանը կցվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենով։

5. Ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման համար համաձայնություն տալու մասին դիմումը մերժվում է, եթե`

1) դիմումատուն ունի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող ժամկետանց հարկային և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարների գծով չմարված պարտավորություններ.

2) Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված պայմանները չբավարարելու դեպքում։

(28-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-271-Ն, լրաց., փոփ., խմբ. 16.07.20 ՀՕ-397-Ն, փոփ. 03.06.21 ՀՕ-247-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.06.21 ՀՕ-247-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 29. Գրավի առարկա հանդիսացող ընդերքօգտագործման իրավունքի հարկադիր օտարումը

 

1. Իրավունքի գրավի դեպքում գրավի առարկա հանդիսացող ընդերքօգտագործման իրավունքի հարկադիր օտարումն իրականացվում է հրապարակային սակարկությունների միջոցով:

2. Հրապարակային սակարկություններին մասնակցելու իրավունք ունեն իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը), որոնք լիազոր մարմնից համաձայնություն են ստացել դրանց մասնակցելու համար:

3. Հրապարակային սակարկություններին մասնակցելու համաձայնություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմին է ներկայացվում և վերջինիս կողմից քննարկվում է սույն օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Հրապարակային սակարկությունների արդյունքում ընդերքօգտագործման իրավունքի օտարման գործարք կնքելու համար լիազոր մարմնից լրացուցիչ համաձայնություն չի պահանջվում:

5. Հրապարակային սակարկությունները չկայացած հայտարարվելու դեպքում գրավառուն սույն օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնի տված նախնական համաձայնությամբ իրավունք ունի գրավադրված իրավունքը վերածելու իր սեփականության (ձեռք բերել ընդերքօգտագործման իրավունք) կամ պահանջելու նոր հրապարակային սակարկությունների նշանակում:

6. Գրավի պայմանագրի և այլ համաձայնագրերի դրույթները, որոնք հակասում են սույն հոդվածի կանոններին, առ ոչինչ են:

 

Հոդված 30. Զգուշացումը և ընդերքօգտագործման իրավունքի կասեցումը, դադարեցումը

(վերնագիրը լրաց. 23.04.19 ՀՕ-24-Ն)

 

1. Ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվում է միայն սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:

2. Լիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունք կրող իրավաբանական անձին կարող է տալ գրավոր զգուշացում, եթե նա՝

1) չի կատարում սույն օրենսգրքով նախատեսված պարտավորությունները.

2) չի կատարում ընդերքօգտագործման իրավունքի պայմանները, այդ թվում՝ ընդերքօգտագործման պայմանագրով, ծրագրով կամ նախագծով ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները, բացառությամբ սույն օրենսգրքի 55.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի, և լիազոր մարմին են ներկայացվել համապատասխան փաստերը վկայող փաստաթղթերը.

3) չի վճարել օրենքով նախատեսված վճարները՝ սահմանված օրվանից մեկ ամսվա ընթացքում.

4)  լիազոր մարմին չի ներկայացրել երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն ունեցող ընդերքօգտագործողների դեպքում` սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով պահանջվող  տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում, կամ ներկայացված տվյալները կեղծ են կամ ոչ ամբողջական, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող ընդերքօգտագործողների դեպքում` 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով պահանջվող  տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում, կամ ներկայացված տվյալները կեղծ են կամ ոչ ամբողջական, իսկ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող  ընդերքօգտագործողների դեպքում՝ սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կամ 10-րդ կետերով պահանջվող  տեղեկությունների, առաջարկների կամ երաշխիքների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում.

5) օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ կամ ներկայացրել է իրական շահառուի վերաբերյալ կեղծ տվյալ կամ թաքցրել է ներկայացման ենթակա տվյալը և չի վերացրել թույլ տված խախտումը դրա վերաբերյալ կայացված դատական ակտն ուժի մեջ մտնելուց կամ վարչական ակտի անբողոքարկելի դառնալուց հետո՝ 30 օրյա ժամկետում, կամ սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում լիազոր մարմին չի ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք։

2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում տրված զգուշացման հիմքերը չվերացնելու դեպքում ընդերքօգտագործման իրավունքը կասեցվում է մինչև սահմանված տեղեկատվության ներկայացումը (բայց ոչ ավելի, քան 120-օրյա ժամկետով):

2.2. Լիազոր մարմինն ընդերքօգտագործման իրավունք կրողին տալիս է գրավոր զգուշացում սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքի բացահայտման օրվանից հետո` 30-օրյա ժամկետում:

2.3. Լիազոր մարմինն ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ որոշում է ընդունում սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքում լիազոր մարմնի կողմից տրված զգուշացմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո` 30-օրյա ժամկետում:

3. Լիազոր մարմինն իրավունք չունի որոշում ընդունելու ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման մասին, եթե իրավունք կրողը զգուշացման կամ կասեցման մասին ծանուցումը ստանալուց հետո` ոչ ավելի, քան 90 օրվա ընթացքում, կամ մինչև կասեցման համար սահմանված ժամկետը լրանալը վերացրել է նշված հիմքերը:

4. Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման կամ կասեցման վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ օրենքով սահմանված ժամկետներում:

5. Ընդերքօգտագործման իրավունքը դադարում է, եթե`

1) լրացել է ընդերքօգտագործման իրավունքի գործողության ժամկետը.

2) լուծարվել է ընդերքօգտագործող իրավաբանական անձը.

3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում ընդերքօգտագործման իրավունք կրողը չի վերացրել լիազոր մարմնի սահմանած ժամկետում զգուշացման (մինչև 90 օր) կամ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքում՝ կասեցման (մինչև 120 օր) հիմքերը.

4) ընդերքն օգտագործվել է ոչ այն նպատակով, որի համար տրամադրվել է.

5) ընդերքօգտագործողը հայտնաբերել և լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում չի տեղեկացրել`

ա. ընդերքօգտագործման իրավունքում չնշված օգտակար հանածոների կուտակումների հայտնաբերման մասին,

բ. հազվագյուտ և գիտամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների առկայության մասին,

գ. չնախատեսված էկոլոգիական ռիսկերի ի հայտ գալու մասին.

6) սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով կնքված ընդերքօգտագործման իրավունքի գրավով ապահովված նպատակային փոխառության (նպատակային վարկային) պայմանագրի շրջանակներում ընդերքօգտագործողին հանձնված դրամը ծախսվել է ոչ նպատակային, կամ ընդերքօգտագործողը չի ներկայացրել սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տարեկան հաշվետվությունը.

7) սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 25-րդ կետի պահանջով իրականացվող մշտադիտարկումների արդյունքներով գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ հայտնաբերելու դեպքում անհապաղ չեն դադարեցվել հանքավայրի շահագործման աշխատանքները.

8) բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված՝ սույն օրենսգրքի պահանջների և պայմանագրային պարտականությունների խախտման վերացման համար տրված հանձնարարականի չկատարման վերաբերյալ ակտն ուժի մեջ է մտել, և ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր, կամ բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված՝ սույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված իրավախախտման վերաբերյալ ստուգման ակտի բողոքարկման օրենքով նախատեսված ժամկետը լրացել է, և ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում լիազոր մարմինն իրավունք ունի միակողմանի լուծելու ընդերքօգտագործման պայմանագիրը:

7. Ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը հիմք է ընդերքօգտագործման նպատակով հատկացված հողամասի նկատմամբ ընդերքօգտագործողի իրավունքների դադարեցման համար:

(30-րդ հոդվածը փոփ. 24.10.18 ՀՕ-410-Ն, լրաց., խմբ. 23.04.19 ՀՕ-24-Ն, 16.07.20 ՀՕ-397-Ն, փոփ., խմբ. 06.10.20 ՀՕ-455-Ն, փոփ. 14.04.21 ՀՕ-172-Ն, խմբ. 03.06.21 ՀՕ-247-Ն, փոփ. 25.05.22 ՀՕ-143-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-172-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.06.21 ՀՕ-247-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 31. Ընդերքօգտագործման իրավունքների հաշվառումը

 

1. Լիազոր մարմինը վարում է ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյան, որտեղ հաշվառվում են այդ իրավունքներին առնչվող տեղեկությունները, ինչպես նաև իրավունքների փոփոխությունները, փոխանցումները, գրավը, զգուշացումը և դադարեցումը:

2. Ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանը կազմված է երկու միասնական մատյաններից`

1) երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքի հաշվառման գրանցամատյանից, որտեղ գրանցվում է երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու ներկայացված դիմումը: Նման գրանցում ստացած յուրաքանչյուր դիմում համարակալվում է: Դիմումի ստացման ամսաթիվը և ժամը նշվում են ստացականում, որը հանձնվում է դիմումատուին կամ նրա լիազորած անձին կամ պատվիրված նամակով ուղարկվում է դիմումատուին.

2) հանքարդյունահանման իրավունքի հաշվառման գրանցամատյանից, որտեղ գրանցվում է հանքարդյունահանման իրավունք հայցելու ներկայացված դիմումը: Նման գրանցում ստացած յուրաքանչյուր դիմում համարակալվում է: Դիմումի ստացման ամսաթիվը և ժամը նշվում են ստացականում, որը հանձնվում է դիմումատուին կամ նրա լիազորած անձին կամ պատվիրված նամակով ուղարկվում է դիմումատուին:

3. Ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանից տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանի տեղեկատվությունը տրամադրում է հարկային մարմնին:

(31-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-302-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ

 

Հոդված 32. Երկրաբանական ուսումնասիրության կարգը

 

1. Երկրաբանական ուսումնասիրություններ կարող է կատարել իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը), որը ձեռք է բերել այդ իրավունքը սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի լրահետախուզում և շահագործական հետախուզում իրականացնելու իրավունք ունի միայն տվյալ հանքավայրի շահագործման իրավունք ունեցող անձը:

3. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվում են լիազոր մարմնի տված համաձայնության և կնքված ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա:

4. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններն իրականացվում են լիազոր մարմնի տված թույլտվության և կնքված ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:

6. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների համար ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:

7. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքները ենթակա են պետական ընդերքաբանական փորձաքննության և հաշվառման` կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 33. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելը

 

1. Երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու նպատակով դիմումը ներկայացվում է լիազոր մարմին:

2. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)`

1) դիմումատուի անվանումը, հասցեն (գտնվելու վայրը).

2) դիմումատուի պետական գրանցման համարը.

3) աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը.

4) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-256-Ն)

5) երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը՝ սույն օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասին և լիազոր մարմնի սահմանած՝ ուսումնասիրության ծրագրին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան.

6) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-256-Ն)

7) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.

7.1) իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.

7.2) դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական շահառուի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.

8) ներկայացված փաստաթղթերի ցանկը:

(33-րդ հոդվածը լրաց. 23.04.19 ՀՕ-24-Ն, փոփ., լրաց. 13.11.19 ՀՕ-256-Ն, լրաց. 16.07.20 ՀՕ-397-Ն, փոփ. 03.06.21 ՀՕ-247-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.06.21 ՀՕ-247-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 33.1. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումի մերժումը

 

1. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումը մերժվում է, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.

2) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ երկրաբանական ուսումնասիրության իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը.

3) դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները.

4) երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

5) սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած ընդերքօգտագործման որևէ իրավունք.

6) ընդերքի տեղամասը գտնվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում, եթե ծրագրով նախատեսված է լեռնային փորվածքների անցում և ենթակառուցվածքների ստեղծում, որն ուղեկցվում է հողային ծածկույթի խախտումով:

2. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:

(33.1-ին հոդվածը լրաց. 23.04.19 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 34. Երկրաբանական ուսումնասիրության համաձայնության բովանդակությունը

 

1. Երկրաբանական ուսումնասիրության համաձայնությունը մասնավորապես ներառում է`

1) համաձայնության հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և գործողության ժամկետը.

2) ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները` միասնական կոորդինատային համակարգով.

3) ուսումնասիրության նպատակը:

2. Համաձայնությանը կցվում են ուսումնասիրության ծրագիրը և պայմանագիրը, որոնք համաձայնության անքակտելի մասերն են:

 

Հոդված 35. Երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը

 

1. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով լիազոր մարմնի և ընդերքօգտագործողի միջև կնքվում է ընդերքօգտագործման պայմանագիր:

2. Պայմանագրում մասնավորապես նշվում են`

1) աշխատանքների նպատակը և կատարման ժամկետները.

2) ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները.

3) պայմանագրի գործողության ժամկետը.

4) ուսումնասիրության արդյունքում ստացված տեղեկությունները սահմանված կարգով լիազոր մարմին ներկայացնելու ընդերքօգտագործողի պարտականությունը.

5) սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով պահանջվող տեղեկության փոփոխության մասին լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում տեղեկացնելու՝ ընդերքօգտագործողի պարտականությունը.

6) իրական շահառուի փոփոխության պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում տեղեկացնելու պարտականությունը` ներկայացնելով իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք։

(35-րդ հոդվածը լրաց. 23.04.19 ՀՕ-24-Ն, խմբ. 03.06.21 ՀՕ-247-Ն)

(03.06.21 ՀՕ-247-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 36. Երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը

 

1. Երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին կից լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացվում երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը:

2. Ծրագիրը պետք է ներառի`

1) կատարվելիք աշխատանքների նպատակները և ենթադրվող ժամկետները.

2) ընդերքի ուսումնասիրվելիք տեղամասում նախկինում իրականացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների վերլուծությունը, եթե այդպիսի աշխատանքներ կատարվել են.

3) աշխատանքների կատարման նախանշված մեթոդները, եղանակները, միջոցները և մոտավոր ծավալները.

4) ընդերքի այն տեղամասի նկարագրությունը, որտեղ ուսումնասիրություն իրականացնելու համար ներկայացվել է դիմումը, և ընդերքի այդ տեղամասի հատակագիծը` օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող վեց ամսվա դրությամբ:

3. Երկրաբանական ուսումնասիրության ծրագրին կցվում են՝

1) անհրաժեշտ քարտեզագրական նյութերը.

2) կառավարության սահմանած դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, այդ թվում՝ բնապահպանական միջոցառումների ծրագիրը:

4. Առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված ծրագրի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործումն արգելվում է:

(36-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց., փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն)

 

Հոդված 37. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության բովանդակությունը

 

1. Թույլտվությունը մասնավորապես ներառում է՝

1) թույլտվության հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և գործողության ժամկետը.

2) ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները` միասնական կոորդինատային համակարգով.

3) երկրաբանական ուսումնասիրության նպատակը.

4) օգտակար հանածոյի անվանումը:

2. Թույլտվությանը կցվում են ուսումնասիրության ծրագիրը և երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը, որոնք թույլտվության անքակտելի մասերն են:

 

Հոդված 38.  Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը

 

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը ներկայացվում է լիազոր մարմին:

2. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)`

1) դիմումատուի պետական գրանցման համարը.

2) աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը.

3) երկրաբանական ուսումնասիրության ենթակա օգտակար հանածոն(ները).

4) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-256-Ն)

5) երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը՝ սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասին և լիազոր մարմնի սահմանած՝ ուսումնասիրության ծրագրին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան.

6) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-256-Ն)

7) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.

7.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական շահառուի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.

8) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.

9) ներկայացված փաստաթղթերի ցանկը.

10) սահմանային հողերում սահմանային գետերի ափերին գտնվող հանքերևակումներից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների ուսումնասիրության դեպքում՝ սահմանային շերտի հողամասերի կառավարման լիազոր մարմնի համաձայնությունը:

(38-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.04.19 ՀՕ-24-Ն, փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն, լրաց., խմբ. 16.07.20 ՀՕ-397-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-172-Ն, փոփ. 03.06.21 ՀՕ-247-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-172-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.06.21 ՀՕ-247-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 39. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը

(վերնագիրը փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն)

 

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին կից լիազոր մարմին է ներկայացվում երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը համաձայնեցման նպատակով:

2. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը պետք է ներառի`

1) կատարվելիք աշխատանքների նպատակներն ու ենթադրվող ժամկետները.

2) աշխատանքների կատարման նախանշված մեթոդները, եղանակները, միջոցները` միջազգային լավագույն փորձին համապատասխան, և մոտավոր ծավալները.

3) ընդերքի հայցվող տեղամասի ընդհանուր և երկրաբանական նկարագրությունները` երկրաբանական քարտեզով, հատակագիծը` օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող վեց ամսվա դրությամբ:

3. Երկրաբանական ուսումնասիրության ծրագրին կցվում են՝

1) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-256-Ն)

2) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, այդ թվում՝ բնապահպանական միջոցառումների ծրագիրը.

3) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը և վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները:

4. Առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված ծրագրի` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքի իրականացումն արգելվում է:

(39-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 18.10.16 ՀՕ-161-Ն, լրաց., փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն)

 

Հոդված 40. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը

 

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումի ստացման օրվանից հետո` 5-օրյա ժամկետում, լիազոր մարմինը դիմումատուին ծանուցում է դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթի ամբողջականության և դիմումի գրանցման մասին:

2. Դիմումի գրանցման օրվանից հետո` 20-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը և այն սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է սույն օրենսգրքով սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման: Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ծրագիրն ստանալուց հետո` մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է եզրակացություն ծրագրի վերաբերյալ:

3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ համապատասխան եզրակացություն մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման դրական եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 20 օրվա ընթացքում, որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

5. Եթե երկու կամ ավելի անձ դիմում է ներկայացրել ընդերքի միևնույն տեղամասի համար, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Այն դեպքում, երբ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերը դեռ չեն ավարտվել, իսկ մյուս դիմումատուների դեպքում ավարտվել են, մյուս դիմումատուների դիմումների վերաբերյալ որոշման կայացման ժամկետը կասեցվում է մինչև հաջորդաբար առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման ընդունումը:

5․1. Եթե ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, կամ դրա մի մասը մետաղական օգտակար հանածոների ընդերքօգտագործման իրավունքի դադարեցված օբյեկտ է, և իրավունքի դադարեցման մասին վարչական ակտը բողոքարկվել է դատական կարգով, և առկա չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ, ապա դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերի ավարտից հետո դիմումատուի վերաբերյալ որոշման ընդունման ժամկետը կասեցվում է մինչև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կայացումը, բայց ոչ ավելի, քան մեկ տարի։

5.2. Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կայացումից հետո՝ 10-օրյա ժամկետում, դիմումատուն պարտավոր է դիմել լիազոր մարմին ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացը շարունակելու համար՝ ներկայացնելով՝

1) իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.

2) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների տված՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.

3) հայտարարություն նախկինում ներկայացված դիմումի և կից փաստաթղթերի տվյալների ճշտությունը հավաստելու և դրանք անփոփոխ մնալու վերաբերյալ:

5.3. Նշված ժամկետում սույն հոդվածի 5.2-րդ մասով սահմանված դիմումը և փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում սույն հոդվածի 5.1-ին մասում նշված դիմումն օրենքի ուժով համարվում է մերժված։

6. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կամ ներկայացված ուսումնասիրության ծրագիրը, ինչպես նաև դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմինը 20 օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

7. Լիազոր մարմինը մերժում է դիմումը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.

2) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, կամ դրա մի մասն այլ ընդերքօգտագործման առանձին օբյեկտ է.

3) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, չի կարող լինել ընդերքօգտագործման իրավունքի առանձին օբյեկտ.

4) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ երկրաբանական ուսումնասիրության իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը.

5) դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարելու դեպքում.

5.1) դիմումատուի ներկայացրած ֆինանսական երաշխիքը բավարար չէ ապահովելու ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը.

5.2) ֆինանսական երաշխիքը տվել է այն իրավաբանական անձը, որը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայացվող չափանիշներին.

6) երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին.

7) սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած ընդերքօգտագործման որևէ իրավունք.

8) ընդերքի տեղամասը գտնվում է օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում, կամ օրենսգրքի 26-րդ հոդվածով արգելվում է օգտակար հանածոյի ուսումնասիրությունը և արդյունահանումը.

9) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, հանդիսանում է ռադիոակտիվ հումքի երևակման տեղամաս.

10) ընդերքի այն տեղամասը կամ դրա մի մասը, որի համար դիմումատուն դիմել է, ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքի դադարեցված օբյեկտ է, և իրավունքի դադարեցման մասին վարչական ակտը բողոքարկվել է դատական կարգով, և առկա չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը:

7.1. Սույն հոդվածի 5.1-ին մասով սահմանված մեկ տարի ժամկետը լրանալուց հետո դիմումն օրենքի ուժով համարվում է մերժված:

8. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:

9. Սույն հոդվածով չսահմանված այլ հիմքերով դիմումի մերժումն արգելվում է:

(40-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 20.10.16 ՀՕ-164-Ն, 18.10.16 ՀՕ-161-Ն, փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն, 04.03.20 ՀՕ-112-Ն, լրաց. 16.07.20 ՀՕ-397-Ն, խմբ., լրաց. 14.04.21 ՀՕ-172-Ն, փոփ. 03.06.21 ՀՕ-247-Ն, լրաց. 23.03.22 ՀՕ-85-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-172-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.06.21 ՀՕ-247-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 41. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի կնքումը

 

1. Լիազոր մարմնի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո դիմումատուն 10-օրյա ժամկետում հրավիրվում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրն իր կողմից վավերացվելու համար:

2. Երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը պետք է նախատեսի`

1) երկրաբանական ուսումնասիրության նպատակը.

2) աշխատանքների կատարման ժամկետն ըստ փուլերի` երկրաբանական ուսումնասիրությունների կատարման ժամանակացույցը, ստացված տեղեկությունները պետական փորձաքննության ներկայացնելու ենթադրվող ժամկետները.

3) տրամադրվող տեղամասի ծայրակետային կոորդինատները.

4) պայմանագրի գործողության ժամկետը` ըստ երկրաբանական ուսումնասիրության ծրագրի.

5) օգտակար հանածոների տեսակները, որոնց ուսումնասիրությունը և հետագա արդյունահանումը թույլ են տրվում ընդերքօգտագործողին.

6) պայման այն մասին, որ աշխատանքների կատարման ընթացքում նոր` նախապես չնշված օգտակար հանածոների տեսակներ հայտնաբերելու դեպքում դրանց ուսումնասիրման համար, ընդերքօգտագործողի հայտի հիման վրա, ընդերքօգտագործման իրավունքում կատարվում են համապատասխան լրացումներ.

7) բնապահպանական միջոցառումները` օրենսդրությամբ սահմանված կարգով.

8) աշխատանքների ընթացքի վերաբերյալ միջանկյալ և վերջնական հաշվետվությունները լիազոր մարմին ներկայացնելու ժամկետները և կարգը.

9) ֆինանսական երաշխիքի կատարման պահանջ ներկայացնելու կարգը և պայմանները.

10) ընդերքօգտագործողի կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումների և դրանց վճարման ժամանակացույցի մասին տվյալները:

3. Պայմանագիրը վավերացնելուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուին տրվում է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

4. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը, երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը և լիազոր մարմնի հետ համաձայնեցված ծրագիրը համատեղ հանդիսանում են օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթը:

5. (մասն ուժը կորցրել է 29.06.16 ՀՕ-127-Ն)

6. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը, ծրագիրը, թույլտվությունը և պայմանագիրը հիմք են լիազոր մարմնի սահմանած կարգով երկրաբանական ուսումնասիրությունների աշխատանքների` սույն օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված հաշվառման համար:

(41-րդ հոդվածը փոփ. 29.06.16 ՀՕ-127-Ն, լրաց. 18.10.16 ՀՕ-161-Ն, փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն, լրաց. 16.07.20 ՀՕ-397-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 42. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետը և դրա երկարաձգումը

 

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը տրվում է 3 տարին չգերազանցող ժամկետով, որն ընդերքօգտագործողի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել միմյանց հաջորդող 3 ժամանակահատվածի համար` յուրաքանչյուր անգամ 2 տարուց ոչ ավելի ժամկետով:

2. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը օգտակար հանածոների պաշարների հաստատումից հետո՝ 20 օրվա ընթացքում, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք կրողի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել ևս մեկ տարով` արդյունահանման նախագիծը կազմելու համար:

2.1. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող անձը կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ, դիմել լիազոր մարմին օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու համար:

2.2. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը տրամադրվում է հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար մինչև 3 տարի ժամկետով և առանց երկարաձգման հնարավորության, բացառությամբ սույն հոդվածի 2.3-րդ մասի, եթե հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության թույլտվության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից` մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 10, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոների նոր հանքավայրերի կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերի դեպքում, որոնց պաշարները գնահատվել և հաստատվել են 2021 թվականից սկսած՝ 10 և ավելի տարի առաջ: Մինչև 2021 թվականը գնահատված և հաստատված պաշարներով ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերի դեպքում վերագնահատման նպատակով ուսումնասիրության թույլտվություն չի տրամադրվում:

2.3. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման թույլտվության գործողության ժամկետն օգտակար հանածոյի հանքավայրի պաշարների վերագնահատման հաշվետվության հաստատումից հետո՝ 20 օրվա ընթացքում, ուսումնասիրության թույլտվություն կրողի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել ևս մեկ տարով` արդյունահանման նախագիծը կազմելու համար:

3. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե ընդերքօգտագործման իրավունքի երկարաձգումը պայմանավորված է ընդերքօգտագործողի կողմից պայմանագրային պարտականությունների կատարման խախտմամբ, կամ ընդերքօգտագործողը չի կատարել երկրաբանական ուսումնասիրության ծրագրով՝ թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի պահին նախատեսված յուրաքանչյուր աշխատանքի առնվազն 70 տոկոսը, ինչպես նաև չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին՝ դիմումի ներկայացման օրվա դրությամբ նախատեսված ծավալով հատկացումները:

4. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե ընդերքօգտագործողն ուսումնասիրության արդյունքների հիման վրա առանձնացված ոչ հեռանկարային տեղամասերից հրաժարում չի նախատեսում, ինչը չի կարող լինել պակաս, քան նախապես հատկացված տեղամասի կեսը:

5. Ժամկետի երկարաձգման դիմումում պետք է նշվեն և ներկայացվեն թղթային և էլեկտրոնային տարբերակներով`

1) երկարաձգման խնդրարկվող ժամանակահատվածը.

2) հանգամանքները, որոնք հիմք են եղել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները երկարաձգելու համար.

3) հաշվետվություն ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման, այդ թվում` բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների մասին.

4) փոփոխված ծրագիրը.

5) երկրաբանական ուսումնասիրությունները շարունակելու հիմնավորումները:

6. Սույն հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված դիմումի հիման վրա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան խնդրարկվող ժամկետով:

7. Երկրաբանական ուսումնասիրության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-4-րդ և 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կանոնները:

8. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքի ժամկետի երկարաձգում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

9. Սույն հոդվածի 1-ին և 4-7-րդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում սույն հոդվածի 2-րդ մասի վրա:

(42-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն, փոփ. 23.04.19 ՀՕ-24-Ն, լրաց., փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն, 16.07.20 ՀՕ-397-Ն, խմբ. 14.04.21 ՀՕ-172-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-172-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 43. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնումը

 

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձը կարող է դիմել լիազոր մարմին` երկրաբանական ուսումնասիրության նպատակով իրեն տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման համար` կից ներկայացնելով երկրաբանական ուսումնասիրության փոփոխված ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով:

2. Ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ դիմումը լիազոր մարմին կարող է ներկայացվել երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների առնվազն կեսը կատարելուց հետո, որի անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի ուսումնասիրության հիման վրա ստացված տեղեկատվությամբ: Ընդերքի տեղամասն ընդհանուր առմամբ կարող է ընդլայնվել ոչ ավելի, քան մեկ անգամ:

3. Ընդերքի տեղամասի ընդլայնման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-4-րդ և 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կանոնները:

4. Լիազոր մարմինը մերժում է սույն հոդվածով նախատեսված ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ ներկայացված դիմումը սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև եթե ընդլայնման վերաբերյալ դիմում է ներկայացվել ընդերքի այնպիսի տեղամասի համար, որը գտնվում է օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում:

4.1. Լիազոր մարմինը մերժում է ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ ներկայացված դիմումը, եթե ընդերքօգտագործողը չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին՝ դիմումի ներկայացման օրվա դրությամբ նախատեսված հատկացումները։

5. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:

6. (մասն ուժը կորցրել է 16.07.20 ՀՕ-397-Ն)

7. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված տեղամասի ընդլայնում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

(43-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն, փոփ. 23.04.19 ՀՕ-24-Ն, 13.11.19 ՀՕ-256-Ն, լրաց., փոփ. 16.07.20 ՀՕ-397-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 44. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագրի փոփոխությունը

 

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող կամ հայցող անձը կարող է փոփոխություններ կատարել երկրաբանական ուսումնասիրության ծրագրում:

2. Երկրաբանական ուսումնասիրության ծրագրի յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց և բնապահպանական ծրագրում փոփոխություն կատարելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքի 55.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի:

2.1. Երկրաբանական ուսումնասիրության ծրագրի փոփոխության համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կանոնները:

3. (մասն ուժը կորցրել է 16.07.20 ՀՕ-397-Ն)

4. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի փոփոխության դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

(44-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-112-Ն, փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն, 16.07.20 ՀՕ-397-Ն, լրաց. 25.05.22 ՀՕ-143-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 45. Ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարումը

 

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող անձը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից, հրաժարումն ուժի մեջ մտնելու համար պետք է դիմի լիազոր մարմին իր համար ցանկալի օրվանից առնվազն վեց ամիս առաջ:

2. Դիմումում և դրան կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)`

1) նշում` հրաժարումն ուժի մեջ մտնելու ցանկալի օրվա մասին.

2) ընդերքի այն տեղամասի վրա կատարված աշխատանքների մանրամասն նկարագրությունը, որի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից դիմումատուն ցանկանում է հրաժարվել.

3) նշված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթեր.

4) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:

3. Ընդերքի տեղամասի մի մասի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարվելու մասին դիմումում պետք է նկարագրվի ընդերքի այդ տեղամասը: Դիմումին կցվում են նաև`

1) ընդերքի այդ տեղամասի նկարագրությունը.

2) երկրաբանական ուսումնասիրության փոփոխված ծրագիրը և կից փաստաթղթերը.

3) տվյալ տեղամասի հատակագիծը, որում պետք է սահմանանշված լինի ընդերքի տեղամասի այն մասը, որի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից ընդերքօգտագործողը ցանկանում է հրաժարվել:

4. Եթե հավաստագիրը վերաբերում է երկրաբանական ուսումնասիրության իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի մի մասին, ապա լիազոր մարմինը, 30-օրյա ժամկետում քննարկելով դիմումը և երկրաբանական ուսումնասիրության փոփոխված ծրագիրը, դիմումատուին տրամադրում է հրաժարման հավաստագիր, որը կարող է պարունակել երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարման պայմաններ, որի մասին ծանուցում է դիմումատուին:

5. Լիազոր մարմինը չի տրամադրում հրաժարման հավաստագիր`

1) այն դիմումատուին, որը չի ներկայացրել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը.

2) եթե երկրաբանական ուսումնասիրության իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի մնացած տեղամասը չի կարող ընդերքօգտագործման պայմանագրի պայմաններին համապատասխան օգտագործվել, կամ չեն կատարվել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված ողջ ծավալով հատկացումները:

6. Հրաժարման հավաստագիրն ուժի մեջ է մտնում սույն հոդվածով նախատեսված դիմումում նշված օրվանից կամ այն օրվանից, որը նշանակում է լիազոր մարմինը` ելնելով հրաժարման պայմաններից`

1) եթե հավաստագիրը վերաբերում է երկրաբանական ուսումնասիրության իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի ամբողջ տեղամասին, ապա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում, և երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը ենթակա է լուծման ընդերքի տեղամասի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով լիազոր մարմնին հանձնելուց հետո.

2) եթե հավաստագիրը վերաբերում է երկրաբանական ուսումնասիրության թույլտվության օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի մի մասին, ապա ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-4-րդ, 6-րդ, 7-րդ մասերը և 41-րդ հոդվածը։

7. Ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարումը չի ազատում ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ մինչև հրաժարման ուժի մեջ մտնելու պահն առաջացած պարտավորություններից և պատասխանատվությունից:

(45-րդ հոդվածը լրաց. 23.04.19 ՀՕ-24-Ն, փոփ., լրաց., խմբ. 16.07.20 ՀՕ-397-Ն, փոփ. 03.06.21 ՀՕ-247-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.06.21 ՀՕ-247-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 46. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձի իրավունքները և պարտականությունները

 

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձը իրավունք ունի`

1) կատարելու բացառիկ իրավունքով տրամադրված տարածքի սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ.

2) տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար ներգրավել երրորդ անձանց` քաղաքացիաիրավական պայմանագրի կնքմամբ.

3) առաջնահերթությամբ ստանալ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ընդերքի այն տեղամասի նկատմամբ, որի վերաբերյալ սեփական միջոցների հաշվին ստացել է երկրաբանական տեղեկություն:

2. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձը պարտավոր է`

1) աշխատանքներն իրականացնել` համաձայն լիազոր մարմնի հետ համաձայնեցված ծրագրի.

2) լիազոր մարմնին տեղեկացնել երկրաբանական ուսումնասիրության թույլտվությամբ չտրամադրված՝ նոր հայտնաբերված օգտակար հանածոների մասին, դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում.

2.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցողի դեպքում` լիազոր մարմնին տեղեկացնել 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով պահանջվող տեղեկության փոփոխության մասին փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում.

2.2) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցողի դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմին ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ կամ իրական շահառուների վերաբերյալ արդեն գրառված տեղեկությունների փոփոխություններ և համապատասխան պետական գրանցումից հետո՝ 14 օրվա ընթացքում, դրա մասին տեղեկացնել լիազոր մարմնին՝ ներկայացնելով իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք․

3) մետաղական օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ տեղեկատվության արժանահավատությունն ապահովելու նպատակով փորձանմուշները հսկողական անալիզի ենթարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

4) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` 60 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել միջանկյալ հաշվետվություն` մանրամասնելով կատարված երկրաբանական աշխատանքները.

5) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացած տեղեկատվությունը հանձնել լիազոր մարմնին՝ սահմանված կարգով.

6) տալ շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը, այդ թվում` բնապահպանական կառավարման պլանը և մշտադիտարկումների ծրագրերի կազմումը.

6.1) իրականացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումները.

6.2) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը, ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը:

Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում:

7) կրել սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված այլ պարտականություններ.

8) լիազոր մարմին ներկայացնել վարչական վիճակագրական «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» (տարեկան) և «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային) հաշվետվությունները.

9) պաշարների գնահատման կամ վերագնահատման հաշվետվությունը ներկայացնել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 9 ամիս առաջ:

(46-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 18.10.16 ՀՕ-161-Ն, 17.11.17 ՀՕ-214-Ն, 23.04.19 ՀՕ-24-Ն, խմբ., լրաց., փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-112-Ն, լրաց. 16.07.20 ՀՕ-397-Ն, խմբ. 03.06.21 ՀՕ-247-Ն, լրաց. 25.05.22 ՀՕ-143-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.06.21 ՀՕ-247-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 47.  Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընթացքում փորձնական հանույթի իրականացումը և օգտակար հանածոների փորձանմուշների տեղափոխումը

 

1. Երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող անձը երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված լինելու դեպքում իրավունք ունի երկրաբանական ուսումնասիրությունների վերջին փուլում իրականացնելու փորձնական հանույթ և երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասից տեղափոխելու օգտակար հանածոյի փորձանմուշներ, եթե դա անհրաժեշտ է օգտակար հանածոյի հետազոտման համար` օգտակար հանածոյի արժեքի որոշման կամ օգտակար հանածոյի փորձաքննություն անցկացնելու նպատակով: Այլ նպատակներով երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասից օգտակար հանածոյի տեղափոխումն արգելվում է:

2. Երկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ փորձնական հանույթի ֆիզիկական ծավալները սահմանում է լիազոր մարմինը:

(47-րդ հոդվածը լրաց., փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

 

Հոդված 48. Իրավաբանական անձանց և քաղաքացիներին հատկացված հողամասերի սահմաններում ընդերքօգտագործումը

 

1. Իրավաբանական անձինք և քաղաքացիները, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրենց սեփական հողամասերի սահմաններում շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարման նպատակով կարող են կատարել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում` մինչև 2 մետր խորությամբ, ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարարություն` մինչև 5 մետր խորությամբ` կառավարության սահմանած կարգով, տեղյակ պահելով լիազոր մարմնին:

 

Հոդված 48.1 Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը

 

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով իրավաբանական անձը լիազոր մարմին է ներկայացնում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Լիազոր մարմինը հայտը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այն ներկայացնում է շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին: Հայտը ստանալուց հետո` 30 աշխատանքային օրվա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը տրամադրում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման տեխնիկական առաջադրանք:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը կազմելու համար համապատասխան տեխնիկական առաջադրանք 30 աշխատանքային օրվա ժամկետում չտրամադրվելու դեպքում շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն, իսկ դիմումատուն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը կազմում է իր հայեցողությամբ:

3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը կազմելու համար համապատասխան տեխնիկական առաջադրանքը շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնից ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է իրավաբանական անձին:

(48.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-112-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-112-Ն, 16.07.20 ՀՕ-397-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 48.2.   Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրումը և ժամկետները

 

1. Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվությունը տրվում է տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերում նախատեսված օգտակար հանածոյի հանույթի համար նախատեսված ժամկետում, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ մեկ տարի ժամկետով՝ մինչև կառուցման նախագծի ժամկետի ավարտը:

2. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ունեցող անձը կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության գործողության ժամկետի ավարտից երեք ամիս առաջ, դիմել լիազոր մարմին` ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության ժամկետը երկարաձգելու համար: Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով սահմանված կանոնները:

3. Տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման թույլտվություն ունեցող իրավաբանական անձը ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստանալու համար դիմումը լիազոր մարմին է ներկայացնում տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերը հաստատող համապատասխան մարմնի միջոցով:

4. Դիմումում նշվում կամ դրան կից ներկայացվում են՝

1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

2) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի ընդերքի տեղամասի հատակագիծը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող վեց ամսվա դրությամբ.

3) հանույթի ծավալը, նախատեսվող ժամկետը.

4) տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն ստացած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը:

5. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության ձևը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:

6. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության դիմումը մերժվում է, եթե՝

1) ոչ մետաղական օգտակար հանածոն հաշվառված է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում.

2) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.

3) դիմումում նշված հանույթի ծավալները չեն համապատասխանում տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերով տրված թույլտվությամբ սահմանված հանույթի ծավալներին.

4) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, հանդիսանում է ռադիոակտիվ հումքի երևակման տեղամաս.

5) իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին:

7. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 4-րդ մասի պահանջներին, ապա լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

8. Սույն հոդվածը չի տարածվում կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի դեպքերի վրա:

(48.2-րդ հոդվածը լրաց. 13.11.19 ՀՕ-256-Ն)

 

 Հոդված 48.3. Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության տրամադրումը և ժամկետները

 

1. Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության ձևը, տրամադրման կարգը, ընդերքի տրամադրման պայմանները և հանույթի տնօրինման պայմանները սահմանում է կառավարությունը:

2. Կարևորագույն նշանակության ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվությունը տրվում է մինչև երեք տարի ժամկետով և կարող է երկարաձգվել յուրաքանչյուր երեք տարին մեկ՝ մինչև կառույցի նախագծային հզորության հասնելը:

3. Կարևորագույն նշանակության ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման թույլտվություն ունեցող իրավաբանական անձը ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստանալու համար դիմումը  ներկայացնում է լիազոր մարմին:

4. Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն հայցելու դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են՝

1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

2) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի ընդերքի տեղամասի հատակագիծը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 6 ամսվա դրությամբ.

3) եռամյա ժամկետում հանույթի ծավալը՝ տարեկան հանույթի առավելագույն ծավալի նշմամբ.

4) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի՝ կառավարության սահմանած կարգով  տնօրինման առաջարկություններ՝ ըստ ծավալների և ժամկետների.

5) կարևորագույն նշանակության ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագծի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն ստացած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը:

5. Կարևորագույն նշանակության ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 4-րդ և 7-րդ մասերով սահմանված կանոնները:

6. Շահագործվող կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների դեպքում սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված պահանջը կիրառվում է շահագործվող կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագծերի փոփոխության դեպքում:

7. Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության դիմումը մերժվում է, եթե՝

1) ոչ մետաղական օգտակար հանածոն հաշվառված է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում.

2) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.

3) թույլտվության տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին.

4) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, հանդիսանում է ռադիոակտիվ հումքի երևակման տեղամաս.

5) դիմումում նշված հանույթի ծավալները չեն համապատասխանում օբյեկտի կառուցման կամ շահագործման նախագծով սահմանված ծավալներին:

8. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 4-րդ մասի պահանջներին, ապա լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

(48.3-րդ հոդվածը լրաց. 13.11.19 ՀՕ-256-Ն)

 

 Հոդված 48.4. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձի իրավունքները և պարտականությունները

 

1. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձն իրավունք ունի տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների շինարարության նախագծով հաստատված ծավալներին համապատասխան՝ ընդերքի տեղամասից իրականացված ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթը օգտագործելու միայն տվյալ կառույցի կառուցման համար:

2. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձը պարտավոր է՝

1) պահպանել միանգամյա թույլտվության և շինարարության նախագծով հաստատված պայմանները և շրջակա միջավայրի վրա ազդեցության եզրակացությամբ ամրագրված փորձագիտական պահանջները.

2) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության գործողության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն հանույթի ծավալների վերաբերյալ:

(48.4-րդ հոդվածը լրաց. 13.11.19 ՀՕ-256-Ն)

 

 Հոդված 48.5. Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձն իրավունք ունի տնօրինելու կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման, ստեղծման կամ շահագործման ընթացքում առաջացած  հանույթը:

2. Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն  ստացած անձը պարտավոր է՝

1) պահպանել  հանույթի  թույլտվության և շինարարության նախագծով հաստատված պայմանները և շրջակա միջավայրի վրա ազդեցության եզրակացությամբ ամրագրված փորձագիտական պահանջները.

2) պահպանել հանույթի տնօրինման սահմանված պայմանները և ծավալները.

3) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ 30-օրյա ժամկետում, լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն հանույթի ծավալների և ծավալների տնօրինման վերաբերյալ:

(48.5-րդ հոդվածը լրաց. 13.11.19 ՀՕ-256-Ն)

 

Հոդված 49. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումը

 

1. Իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը) մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով կարող է դիմել լիազոր մարմին այն հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի համար, որտեղ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախորդող 10 տարվա ընթացքում ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ: Օգտակար հանածոյի պաշարների հաստատման ամսաթիվ է համարվում այն ամսաթիվը, որի դրությամբ կազմվել է ընդերքաբանական փորձաքննության ներկայացված և հաստատված պաշարների վերաբերյալ հաշվետվությունը:

1.1. Ոչ մետաղական օգտակար հանածոների նոր հանքավայրերի դեպքում, որոնց պաշարները գնահատվել և հաստատվել են 2021 թվականից սկսած, իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը) օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով կարող է դիմել լիազոր մարմին այն հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի համար, որտեղ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախորդող 10 տարվա ընթացքում ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ: Մինչև 2021 թվականը գնահատված և հաստատված պաշարներով ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերի դեպքում սույն մասով սահմանված պաշարների հաստատման ժամկետային սահմանափակումը չի կիրառվում:

2. Դիմումում նշվում կամ դրան կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)`

1) դիմումատուի պետական գրանցման համարը, նշում դիմումատուի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին.

2) հանքավայրի շահագործման ակնկալվող ժամկետը` հաշվարկված առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա.

3) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-256-Ն)

4) հաստատված օգտակար հանածոների ցանկը.

5) օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը՝ սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասին և լիազոր մարմնի սահմանած՝ արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան.

6) հանքի փակման ծրագիրը, որը պետք է ներառի`

ա. հանքի ֆիզիկական փակման ծրագիրը, որում ներառվում է ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և շինությունների ապամոնտաժումը,

բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի, ներառյալ` ռեկուլտիվացիայի ծրագիրը հանքի գոյության ընթացքում (ելնելով հանքավայրի շահագործման եղանակից),

գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը` օրենսդրությամբ սահմանված կարգով,

դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը,

ե. հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման հավաստումը,

զ. հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.

7) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-256-Ն)

8) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.

8.1) դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական շահառուի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.

9) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.

10) ֆինանսական առաջարկներ և երաշխիքներ, որոնք պետք է ներառեն մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ և գործառնական ծախսերի վերաբերյալ.

10.1) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը և համապատասխան ֆինանսական երաշխիքը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները.

11) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման համար սահմանված պետական տուրքի անդորրագիրը.

12) սահմանային հողերում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման դեպքում սահմանային շերտի հողամասերի կառավարման լիազոր մարմնի համաձայնությունը:

(49-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-112-Ն, 18.10.16 ՀՕ-161-Ն, խմբ., լրաց. 23.04.19 ՀՕ-24-Ն, փոփ., լրաց. 13.11.19 ՀՕ-256-Ն, խմբ., լրաց. 16.07.20 ՀՕ-397-Ն, լրաց., փոփ. 14.04.21 ՀՕ-172-Ն, փոփ. 03.06.21 ՀՕ-247-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-172-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.06.21 ՀՕ-247-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 50.  Օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը

 

1. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը պետք է ներառի`

1) օգտակար հանածոների հանքավայրերի բացման այնպիսի եղանակներ և շահագործման համակարգեր, որոնք համապատասխանում են միջազգային լավագույն փորձին և ապահովում են հիմնական և դրանց ուղեկից օգտակար հանածոների պաշարների ողջամիտ և համալիր, տնտեսապես նպատակահարմար և բնապահպանական նվազագույն կորուստներ ապահովող արդյունահանումը, ինչպես նաև կառույցների անվտանգ և երկարատև շահագործումը.

1.1) հանքավայրի պաշարների գնահատման համար հիմք հանդիսացած՝ օգտակար հանածոյի արդյունահանման և վերամշակման տեխնիկատնտեսական և տեխնոլոգիական հիմնարար ցուցանիշները և նախագծի համապատասխանությունն այդ ցուցանիշներին.

1.2) մետաղական օգտակար հանածոյի դեպքում՝ հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների քանակը։ Եթե մետաղական օգտակար հանածոյի դեպքում հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների քանակը գերազանցում է հանքավայրի տարեկան արտադրողականության 25-ապատիկը, ապա կազմվում և ներկայացվում է հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների արդյունահանման ընդհանուր պլանը՝ ըստ 25-ամյա արդյունահանման փուլերի՝ մանրամասն կազմելով փորձաքննվող առաջին փուլի նախագիծը.

1.3) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում՝

ա. տարեկան մինչև 500 հազար տոննա արտադրողականության դեպքում` պարտադիր կիրառմամբ միայն պինդ պոչանքների առաջացման տեխնոլոգիան,

բ. պարտադիր կիրառմամբ ջրի փակ շրջանառու համակարգը,

գ. պոչամբար նախատեսված լինելու դեպքում՝ պոչամբարի տեղադիրքի նկարագրությունը, քարտեզագրական նյութերը և կառուցման եղանակի հակիրճ նկարագրությունը՝ բացառելով վերընթաց եղանակով պոչամբարի կառուցումը.

1.4) ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների նոր հանքավայրերի դեպքում, որոնց պաշարները գնահատվել և հաստատվել են 2021 թվականից սկսած՝ հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների քանակը։ Եթե հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների քանակը գերազանցում է հանքավայրի տարեկան արտադրողականության 20-ապատիկը, ապա կազմվում և ներկայացվում է հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների արդյունահանման ընդհանուր պլանը՝ ըստ 20-ամյա արդյունահանման փուլերի՝ մանրամասն կազմելով փորձաքննվող առաջին փուլի նախագիծը: Մինչև 2021 թվականը գնահատված և հաստատված պաշարներով ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերի դեպքում ողջ հաշվեկշռային պաշարների քանակի ներառումը պարտադիր չէ.

2) նախատեսվող ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մանրամասներ.

2.1) ընդերքի տեղամասի երկրաբանական նկարագրությունը, հանքավայրի երկրաբանական և հաստատված պաշարների բլոկավորման քարտեզները՝ համապատասխան կտրվածքներով, հանքի շարժը՝ ըստ տարիների ցուցադրող գծագրերի, հանքի գլխավոր հատակագիծը, հանքի շահագործման նախապատրաստման և արդյունահանման աշխատանքների ժամանակացույցը.

3) առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա հանքավայրի շահագործման ակնկալվող ժամկետի հաշվարկը, տարեկան առավելագույն արտադրողականության չափը.

4) շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը, այդ թվում` բնապահպանական կառավարման պլանը և մշտադիտարկումների ծրագրերը.

5) սոցիալական ազդեցության գնահատականը, որը ներառում է`

ա. վերաբնակեցման անհրաժեշտության դեպքում բնակչության սոցիալական պայմանների բարելավման դրույթներ,

բ. բնակչության կենսամակարդակի բարելավման դրույթներ,

գ. համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացի մասնակցության ապահովման երաշխիքներ.

6) հեռացվող հողաշերտի և զուգընթաց արդյունահանվող աղքատ հանքաքարի պահեստավորումը և պահպանությունը.

7) աշխատանքի անվտանգության, աշխատակիցների առողջության պահպանության և շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների և նորմերի ապահովումը.

8) խախտված հողերի վերականգնումը.

9) ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման դեպքում` արդյունահանման նպատակ(ներ)ը, ռեժիմային դիտարկումներ, ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումներ:

2. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումը, առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, արգելվում է:

(50-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 13.11.19 ՀՕ-256-Ն, 16.07.20 ՀՕ-397-Ն, խմբ., լրաց. 14.04.21 ՀՕ-172-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-172-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 51. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը

 

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 5-օրյա ժամկետում, լիազոր մարմինը ծանուցում է դիմումատուին դիմումի գրանցման մասին:

2. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 40-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված նախագիծը և ներկայացնում է սույն օրենքով սահմանված տեխնիկական անվտանգության փորձաքննության՝

1) տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը նախագիծը ստանալուց հետո` մինչև 60-օրյա ժամկետում, տրամադրում է համապատասխան փորձաքննական եզրակացություն օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ: Համապատասխան եզրակացություն մինչև 60-օրյա ժամկետում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն.

2) եթե դիմումատուի ներկայացրած նախագիծը թերի է, ապա տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը նախագիծն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, տեղեկացնում է լիազոր մարմնին՝ նշելով թերությունները: Լիազոր մարմինը տեղեկությունն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այդ մասին տեղեկացնում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` 40-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը.

3) լիազոր մարմինը նախագծի ուղղված տարբերակն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այն ներկայացնում է տեխնիկական անվտանգության փորձաքննության:

3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 40-օրյա ժամկետում, լիազոր մարմինը հանքի փակման ծրագիրը, ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը և համապատասխան ֆինանսական երաշխիքը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը՝ կից փաստաթղթերով, ներկայացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

4. Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունն ստանալուց հետո` 60 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է համապատասխան փորձաքննական եզրակացություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ:

Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հիմնավորած որոշմամբ փորձաքննության հիմնական փուլի ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր կատեգորիայի համար սահմանված ժամկետի կեսը չգերազանցող չափով, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ:

5. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ համապատասխան փորձաքննական եզրակացություն մինչև 60 աշխատանքային օրվա, իսկ օրենքով սահմանված կարգով հիմնական փուլի երկարաձգման դեպքում՝ երկարաձգված ժամկետում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

6. Եթե դիմումատուի ներկայացրած՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը կազմված է թերի, ապա շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը գնահատման հաշվետվությունն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, տեղեկացնում է լիազոր մարմնին՝ նշելով թերությունները: Լիազոր մարմինը տեղեկությունը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

7. Լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության լրամշակված տարբերակն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այն ներկայացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Սույն օրենսգրքով սահմանված ժամկետում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

8. Փորձաքննական դրական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը մինչև 25-օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

9. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կամ ներկայացված արդյունահանման նախագիծը, ինչպես նաև դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո՝ 40-օրյա ժամկետում, տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

10. Եթե երկու կամ ավելի անձ դիմում է ներկայացրել ընդերքի միևնույն տեղամասի կամ ընդերքի այնպիսի տեղամասերի համար, որոնք ունեն ընդհանուր մաս, ապա նախապատվությունը տրվում է արտոնյալ դիմումատուին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` այն անձին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Այն դեպքում, երբ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերը դեռ չեն ավարտվել, իսկ մյուս դիմումատուների դեպքում ավարտվել են, մյուս դիմումատուների դիմումների վերաբերյալ որոշման կայացման ժամկետը կասեցվում է մինչև հաջորդաբար առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման ընդունումը:

11. Լիազոր մարմինը մերժում է դիմումը, եթե`

1) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.

2) դիմումում նշված ընդերքի տեղամասը կամ դրա մի մասն այլ ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտ է, բացառությամբ եթե տվյալ օբյեկտի ընդերքօգտագործման իրավունքի կրողը դիմումատուն է, և տվյալ հանքավայրի պաշարներն արդեն հաստատվել են իր իրականացրած ուսումնասիրության արդյունքում.

3) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից օգտակար հանածոյի արդյունահանման` նախագծով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը.

4) օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.

5) սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած ընդերքօգտագործման որևէ իրավունք.

6) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները խախտվել են.

7) ընդերքի տեղամասը գտնվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում, կամ օրենսգրքի 26-րդ հոդվածով արգելվում է օգտակար հանածոյի ուսումնասիրությունը և արդյունահանումը.

8) դիմումատուի ներկայացրած ֆինանսական երաշխիքը բավարար չէ ապահովելու ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը.

9) ֆինանսական երաշխիքը տվել է այն իրավաբանական անձը, որը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայացվող չափանիշներին.

10) ընդերքի այն տեղամասը կամ դրա մի մասը, որի համար դիմումատուն դիմել է, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցված օբյեկտ է, և տվյալ իրավունքի դադարեցման մասին վարչական ակտը բողոքարկվել է դատական կարգով, և առկա չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։ 

12. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:

13. Սույն հոդվածով չսահմանված այլ հիմքերով դիմումի մերժումն արգելվում է:

14. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումը, առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, արգելվում է:

(51-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն, փոփ. 29.06.16 ՀՕ-127-Ն, լրաց. 18.10.16 ՀՕ-161-Ն, փոփ., լրաց 13.11.19 ՀՕ-256-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-112-Ն, խմբ., լրաց. 16.07.20 ՀՕ-397-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-172-Ն, 23.03.22 ՀՕ-85-Ն, 25.05.22 ՀՕ-143-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-172-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 52. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փորձաքննությունները

(հոդվածն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-112-Ն)

 

Հոդված 53. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության բովանդակությունը

 

1. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը մասնավորապես ներառում է՝

1) թույլտվության հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը.

2) տրամադրված պաշարների քանակն ըստ կարգերի և հանքի տարեկան արտադրողականությունը.

3) ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները` միասնական կոորդինատային համակարգով.

4) օգտակար հանածոյի և (կամ) ուղեկից բաղադրիչների անվանումը:

 2. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությանը կցվում են համապատասխան փորձաքննություններ անցած օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը, հանքարդյունահանման պայմանագիրը և լեռնահատկացման ակտը, որոնք թույլտվության անքակտելի մասերն են:

(53-րդ հոդվածը լրաց. 13.11.19 ՀՕ-256-Ն)

 

Հոդված 54. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի կնքումը

 

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն հրավիրվում է հանքարդյունահանման պայմանագիրն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում են հանքարդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթերը: Նշված ժամկետում չներկայանալու դեպքում հանքարդյունահանման իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

2. (մասն ուժը կորցրել է 29.06.16 ՀՕ-127-Ն)

3. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը, լեռնահատկացման ակտը և համապատասխան փորձաքննություններ անցած նախագիծը միասին հանքարդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթեր են:

4. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը պետք է նախատեսի`

1) այն օգտակար հանածոների և (կամ) ուղեկից բաղադրիչների անվանումները, որոնց արդյունահանումը թույլ է տրվում ընդերքօգտագործողին.

2) օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի և, լեռնահատկացման կոորդինատները.

3) պայմանագրի գործողության ժամկետը` ըստ նախագծի.

4) օգտակար հանածոների պաշարների վերագնահատման կամ արդյունահանման, ընդերքօգտագործման թափոնների տեղադրման, ֆինանսական ներդրումների, օգտակար հանածոների արդյունահանման համալիրի ստեղծման աշխատանքների ենթադրվող ժամկետները` ըստ փուլերի, իսկ զուգահեռաբար լրահետախուզման աշխատանքներ կատարելու դեպքում` դրանց կատարման ժամանակացույցը.

5) բնապահպանական կառավարման պլանը.

6) հանքավայրի հաստատված և պետական հաշվեկշռում հաշվառված պաշարների մասին տեղեկություններ.

7) սույն օրենսգրքով և օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների ներկայացման և աշխատանքների վերահսկման կարգը.

8) դրույթներ` ընդերքն օգտագործելիս կատարվող վճարների հաշվարկման և վճարումների վերաբերյալ, այդ թվում՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին և օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար մշտադիտարկումների իրականացման հատկացումների վճարումների ժամանակացույցի վերաբերյալ.

9) դրույթներ` համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ.

10) հանքի փակման հետ կապված դրույթները.

11) ֆինանսական երաշխիքի կատարման պահանջ ներկայացնելու կարգը և պայմանները.

12) ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների վերանայման արդյունքում փոփոխված պլանները, ինչպես նաև դրանց իրականացման փոփոխված ֆինանսական երաշխիքը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին համաձայնեցման ներկայացնելու դրույթները:

5. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը կարող է պարունակել կողմերի հարաբերությունները կարգավորող և օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ:

6. Ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման դեպքում անհրաժեշտ է նախատեսել ռեժիմային դիտարկումներ, ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումներ:

(54-րդ հոդվածը փոփ. 29.06.16 ՀՕ-127-Ն, լրաց. 18.10.16 ՀՕ-161-Ն, փոփ., լրաց., խմբ. 13.11.19 ՀՕ-256-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-112-Ն, խմբ. 16.07.20 ՀՕ-397-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 55. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը և դրա երկարաձգումը

 

1. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը տրվում է սույն օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված ժամկետներով:

2. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետի ավարտից երկու տարի առաջ, դիմել լիազոր մարմին` հանքարդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու համար:

3. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)`

1) դիմողի անվանումը, գտնվելու հասցեն (վայրը).

2) երկարաձգման խնդրարկվող ժամանակահատվածը.

3) տեղեկություններ` հանքավայրի մնացորդային կամ լրացուցիչ ուսումնասիրվող պաշարների մասին.

4) տեղեկություններ` օգտակար հանածոյի արդյունահանման և հարստացման մեթոդներում առաջարկվող փոփոխությունների մասին, եթե այդպիսիք նախատեսվում են.

5) փոփոխված նախագիծը՝ սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասին և լիազոր մարմնի սահմանած՝ արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան.

6) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.

7) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու հիմնավորումներ.

8) ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանները, հանքի փակման փոփոխված ծրագիրը:

4. Ներկայացված դիմումի հիման վրա օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան խնդրարկվող ժամկետով:

5. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը ծանուցում է դիմումատուին դիմումի գրանցման վերաբերյալ:

5.1. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-9-րդ և 11-րդ մասերով սահմանված կանոնները:

5.2. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը չի երկարաձգվում, եթե ընդերքօգտագործողը՝

1) ընդերքօգտագործման իրավունքի տրման օրվանից մինչև ժամկետի երկարաձգման դիմումի ներկայացման օրն ընկած ժամանակահատվածում չի արդյունահանել թույլտվությամբ տրամադրված օգտակար հանածոյի պաշարների առնվազն 70 տոկոսը.

2) չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին՝ դիմումի ներկայացման օրվա դրությամբ նախատեսված հատկացումները.

3) չի կատարել դիմումի ներկայացման օրվա դրությամբ օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար նախատեսված ծավալով հատկացումները:

6. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված թույլտվության ժամկետի երկարաձգման դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

(55-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-112-Ն, փոփ. 23.04.19 ՀՕ-24-Ն, 13.11.19 ՀՕ-256-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.07.20 ՀՕ-397-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 55.1.

Ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգումը անհաղթահարելի ուժի հիմքով

            

 1. Անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել, և որոնց հետևանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել սույն օրենսգրքով և ընդերքօգտագործման իրավունքով սահմանված պարտավորությունները:

2. Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում այդ հիմքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվում են առավելագույնը այդ հանգամանքների և ընդերքօգտագործողի բնականոն գործունեության համար խոչընդոտ հանդիսացող հետևանքների վերացման գործողության ժամկետով։

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների ծագման պահից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ընդերքօգտագործողը այդ հանգամանքների ծագման մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին։ Նշված ժամկետում լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելու դեպքում ընդերքօգտագործողի՝ լիազոր մարմին ներկայացված դիմումը քննարկման ենթակա չէ:

4. Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում այդ հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների վերացման պահից սկսած՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, ընդերքօգտագործողը կարող է լիազոր մարմին ներկայացնել դիմում: Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են՝

1) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույլտվության ժամկետի երկարաձգման դեպքում՝ սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված տեղեկությունները, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհաղթահարելի հանգամանքները, դրանց տևողությունը և դրանց անմիջական ազդեցությունը հավաստող ապացույցներ և փաստաթղթեր, ինչպես նաև փոփոխված ժամանակացույցով նախագիծը.

2) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման դեպքում՝ սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհաղթահարելի հանգամանքները, դրանց տևողությունը և դրանց անմիջական ազդեցությունը հավաստող ապացույցներ և փաստաթղթեր, ինչպես նաև փոփոխված ժամանակացույցով երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը։

5. Սույն հոդվածի 4-րդ մասով ներկայացվող՝ փոփոխված ժամանակացույցով նախագիծը կամ երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չէ, իսկ դրական եզրակացություն ստացած փորձաքննությունների ժամկետները համարվում են համապատասխանաբար երկարաձգված։

6. Դիմումը մուտքագրվելուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում։

7. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Դիմումին կից փաստաթղթերի ամբողջական և լրամշակված փաթեթը կրկին ներկայացնելուց հետո լիազոր մարմինը 30-օրյա ժամկետում կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում։ Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով դիմումը բավարարելու դեպքում միաժամանակ փոփոխվում են ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերով սահմանված ժամկետները, բայց ոչ ավելի, քան անհաղթահարելի ուժ հանդիսացող հանգամանքների գործողության ժամկետով։

9. Դիմումը մերժվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների և ընդերքօգտագործման իրավունքով սահմանված աշխատանքների կատարման վրա դրանց անմիջական ազդեցության բացակայության դեպքում։

(55.1-ին հոդվածը լրաց. 25.05.22 ՀՕ-143-Ն)

(25.05.22 ՀՕ-143-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 56. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնումը

 

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը կարող է դիմել լիազոր մարմին` օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով իրեն տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման համար:

2. Դիմումում նշվում կամ դրան կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)`

1) ընդերքի ընդլայնվող տեղամասի նկարագրությունը` մանրամասն գծագրված հատակագծով, սպառիչ տեղեկություններով, տվյալ հանքավայրի հաստատված, մարված պաշարների և օգտակար հանածոյի արդյունահանման տվյալներով.

2) փոփոխված նախագիծը՝ սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասին և լիազոր մարմնի սահմանած՝ արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան.

3) նախատեսվող նոր ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մանրամասներ, եթե այդպիսիք նախատեսվում են.

4) այլ տեղեկություններ` դիմումատուի հայեցողությամբ.

5) ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանները, հանքի փակման փոփոխված ծրագիրը:

3. Լիազոր մարմինը մերժում է սույն հոդվածով նախատեսված ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ ներկայացված դիմումը, եթե առկա են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված հիմքերը:

4. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:

5. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի տեղամասի ընդլայնման նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը ծանուցում է դիմումատուին դիմումի գրանցման վերաբերյալ:

5.1. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասը չի կարող ընդլայնվել, եթե՝

1) ընդերքօգտագործման իրավունքի տրման օրվանից մինչև ընդերքի տրամադրված տեղամասի ընդլայնման վերաբերյալ դիմումի ներկայացման օրն ընկած ժամանակահատվածում ընդերքօգտագործողը չի արդյունահանել թույլտվությամբ տրամադրված օգտակար հանածոյի պաշարների առնվազն 70 տոկոսը․

2) չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին՝ դիմումի ներկայացման օրվա դրությամբ նախատեսված ծավալով հատկացումները.

3) չի կատարել դիմումի ներկայացման օրվա դրությամբ օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար նախատեսված ծավալով հատկացումները:

6. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված տեղամասի ընդլայնման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-9-րդ մասերով սահմանված կանոնները:

7. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

(56-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն, փոփ. 23.04.19 ՀՕ-24-Ն, լրաց. 16.07.20 ՀՕ-397-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 57. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխությունը

 

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող կամ հայցող անձը կարող է փոփոխություններ կատարել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում:

2. Նախագծի յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում սահմանված կարգով փորձաքննություն անցնելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքի 55.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի:

3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը պետք է դիմի լիազոր մարմին` օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագիծը քննարկելու համար:

4. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխության համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-9-րդ և 11-րդ մասերով սահմանված կանոնները:

5. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով նախագծի փոփոխության համար ներկայացված դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

(57-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն, փոփ. 23.04.19 ՀՕ-24-Ն, 13.11.19 ՀՕ-256-Ն, լրաց. 25.05.22 ՀՕ-143-Ն)

 

Հոդված 58. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասից հրաժարումը

 

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից, պետք է դիմի լիազոր մարմին` հրաժարումն ուժի մեջ մտնելու` իր համար ցանկալի օրվանից առնվազն 9 ամիս առաջ:

2. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)`

1) նշում` հրաժարումն ուժի մեջ մտնելու ցանկալի օրվա մասին.

2) ընդերքի այն տեղամասի վրա կատարված աշխատանքների մանրամասն նկարագրությունը, որի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից դիմումատուն ցանկանում է հրաժարվել.

3) հանքի փակման ծրագիրը, որում ներառվում են`

ա. ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և շինությունների ապամոնտաժումը,

բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի ծրագիրը, ներառյալ` հանքի գոյության ընթացքում կատարած ռեկուլտիվացման աշխատանքները,

գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը, որը ներառում է հանքի փակումից հետո աշխատատեղերի ստեղծման, մասնագիտական վերաորակավորման և ուսուցման դրույթներ,

դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը.

4) հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.

5) սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 3-րդ կետի «բ» ենթակետով նշված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթեր.

6) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:

3. Ընդերքի տեղամասի մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարվելու դեպքում ընդերքի տեղամասից հրաժարման մասին դիմումին կցվում են նաև ընդերքի տվյալ տեղամասի հատակագիծը, որում պետք է սահմանանշված լինի ընդերքի տեղամասի այն մասը, որի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից ընդերքօգտագործողը ցանկանում է հրաժարվել, ինչպես նաև փոփոխված նախագիծը՝ սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասին և լիազոր մարմնի կողմից սահմանված՝ արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան, և 49-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-11-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը:

3.1. Ընդերքի տեղամասից հրաժարման նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 20-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված՝ հանքի փակման ծրագիրը կամ փոփոխված նախագիծը, և ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-7-րդ և 9-րդ մասերով սահմանված կանոնները։

4. Փորձաքննական դրական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը 25-օրյա ժամկետում որոշում է ընդունում հրաժարման նախնական հավաստագիր տրամադրելու վերաբերյալ, որը ներառում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարման պայմանները, փորձաքննության եզրակացության պահանջները և դրանց իրականացման հավաստիության ապահովման պայմանները։

5. Լիազոր մարմինը չի տրամադրում հրաժարման  նախնական հավաստագիր, եթե`

1) դիմումատուն չի ներկայացրել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը.

2) եթե ընդերքօգտագործողը չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված ողջ ծավալով հատկացումները.

2.1) ընդերքօգտագործողը չի կատարել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար նախատեսված ողջ ծավալով հատկացումները.

3) ընդերքի տեղամասի այն մասը, որի նկատմամբ ընդերքօգտագործողը ցանկանում է հրաժարվել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից, չի կարող լինել ընդերքօգտագործման իրավունքի առանձին օբյեկտ: (նախադասությունը հանվել է 16.07.20 ՀՕ-397-Ն)

4) փոփոխված նախագծի կամ հանքի փակման ծրագրի վերաբերյալ տրվել է բացասական փորձագիտական եզրակացություն:

6. Ընդերքօգտագործողի կողմից սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հրաժարման նախնական հավաստագրով սահմանված պայմանների և պահանջների իրականացումը հավաստող փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, լիազոր մարմինը որոշում է կայացնում հրաժարման հավաստագիր տրամադրելու վերաբերյալ և եռօրյա ժամկետում պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է ընդերքօգտագործողին։ Հրաժարման հավաստագիրն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի կողմից որոշում ընդունելու օրվան հաջորդող տասներորդ օրը։

7. Եթե հավաստագիրը վերաբերում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի մի մասին, ապա սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված որոշման ընդունումից հետո՝ 10-օրյա ժամկետում, այդ մասին ծանուցվում է դիմումատուն: Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի համապատասխան վերաձևակերպումներն իր կողմից վավերացնելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետում դիմումատուի չներկայանալու դեպքում հրաժարման հավաստագիրը համարվում է ուժը կորցրած:

 8. Եթե հավաստագիրը վերաբերում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքին ամբողջությամբ, ապա սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված որոշման ընդունումից հետո լիազոր մարմինն ընդունում է նաև իրավունքի դադարեցման մասին որոշում և այդ մասին 10-օրյա ժամկետում ծանուցում դիմումատուին։

9. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով նախագծի փոփոխության համար ներկայացված դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

10. Փոփոխված նախագծի վերաբերյալ բացասական փորձագիտական եզրակացության դեպքում դիմումատուն իրավունք ունի վերացնելու թերությունները և կրկին ներկայացնելու հաստատման: Դրական փորձագիտական եզրակացություն ստացած փոփոխված նախագիծը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում, օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

11. Ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարումը չի ազատում ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ` մինչև հրաժարման ուժի մեջ մտնելու պահն առաջացած պարտականություններից և պատասխանատվությունից:

12. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարումը հիմք է ընդերքօգտագործման նպատակով տրամադրված հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ ընդերքօգտագործողի իրավունքների դադարումը գրանցելու համար:

(58-րդ հոդվածը լրաց. 23.04.19 ՀՕ-24-Ն, փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն, փոփ., լրաց., խմբ. 16.07.20 ՀՕ-397-Ն, փոփ. 03.06.21 ՀՕ-247-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.06.21 ՀՕ-247-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 58.1.

Հանքի փակման ծրագիր ներկայացնելը

 

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձն օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետի ավարտից երկու տարի առաջ դիմում է լիազոր մարմին՝ հանքի փակման ծրագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննության ենթարկելու համար։

2. Դիմումին կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)`

1) հանքի փակման ծրագիրը, որում ներառվում են`

ա. ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և շինությունների ապամոնտաժումը,

բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի ծրագիրը, ներառյալ` հանքի գոյության ընթացքում կատարված ռեկուլտիվացման աշխատանքները,

գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը, որը ներառում է հանքի փակումից հետո աշխատատեղերի ստեղծման, մասնագիտական վերաորակավորման և ուսուցման դրույթներ,

դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը.

2) հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.

3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթերը.

4) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:

3. Հանքի փակման ծրագրի ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-7-րդ և 9-րդ մասերով սահմանված կանոնները։

4. Փորձաքննական դրական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում որոշում է ընդունում հանքը փակելու վերաբերյալ, որը ներառում է հանքի փակման պայմանները, փորձաքննության եզրակացության պահանջները և դրանց իրականացման հավաստիության ապահովման պայմանները: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն։

5. Փորձաքննական բացասական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հանքի փակման ծրագիրը վերադարձնում է ընդերքօգտագործողին։ Ընդերքօգտագործողը ծանուցումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, լիազոր մարմին է ներկայացնում հանքի փակման նոր ծրագիր` սույն հոդվածով սահմանված կարգով:

(58.1-ին հոդվածը լրաց. 16.07.20 ՀՕ-397-Ն, փոփ. 03.06.21 ՀՕ-247-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.06.21 ՀՕ-247-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 59. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձի իրավունքները և պարտականությունները

 

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձն իրավունք ունի`

1) բացառիկ իրավունքով կատարելու լեռնահատկացման սահմաններում երկրաբանական ուսումնասիրության և (կամ) հանքավայրի պաշարների վերագնահատման և օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ ընդերքի հատկացված տեղամասում.

2) մտնելու ընդերքի տեղամաս և իրականացնելու նախագծով նախատեսված բոլոր անհրաժեշտ աշխատանքներն օգտակար հանածոների արդյունահանման և ուսումնասիրության նպատակով.

3) օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման նպատակով կառուցելու անհրաժեշտ շենքեր, շինություններ, հաղորդակցության ուղիներ, տեղադրելու սարքավորումներ, փոխադրելու, հարստացնելու օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների ընթացքում արդյունահանված օգտակար հանածոներ.

4) տնօրինելու արդյունահանված օգտակար հանածոները.

5) սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ հանքարդյունահանման իրավունքի ընթացքում օգտագործելու սեփական գործունեության արդյունքում առաջացած արտադրական լցակույտերը.

6) իրեն տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի շրջանակում իրականացվող աշխատանքների կատարմանը քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքմամբ ներգրավելու երրորդ անձանց.

7) դիմելու լիազոր մարմին օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի պայմանները փոփոխելու նպատակով, եթե ի հայտ են գալիս էապես նոր` նախկինում չնախատեսված հանգամանքներ.

8) վաղաժամկետ հրաժարվելու օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից` կատարելով պայմանագրով և օրենքով նախատեսված պարտավորությունները:

2. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձն ունի սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված այլ իրավունքներ:

3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է`

1) աշխատանքներն իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան.

2) կատարել լիազոր մարմնի` օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ տրված ցուցումները.

3) պահպանել օգտակար հանածոյի արդյունահանման, տեղափոխման և վերամշակման ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունված ստանդարտների, նորմերի ու կանոնների պահանջները.

4) ապահովել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների կատարումը.

5) վարել երկրաբանական, մարկշեյդերական և այլ փաստագրություն, պահպանել դրանք ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում.

6) վարել օգտակար հանածոների պաշարների ամենօրյա շարժի գրանցամատյանը.

7) լիազոր մարմին ներկայացնել օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները.

8) լիազոր մարմին հանձնել ստացած երկրաբանական տեղեկությունը.

9) հավաքել, պահպանել և լիազոր մարմնին տրամադրել ուսումնասիրված, արդյունահանված և ընդերքում կորսված օգտակար հանածոների պաշարների, դրանց պարունակած բաղադրամասերի, որակի ու քանակի մասին տվյալներ.

10) ապահովել ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների կատարման անվտանգությունը.

11) ապահովել ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի ու շրջակա միջավայրի մյուս օբյեկտների, ինչպես նաև շինությունների և այլ կառույցների պահպանությունն ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.

12) ապահովել բնության, պատմական և մշակույթի հուշարձանների պահպանությունն ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.

13) նախագծի և օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համաձայն վերականգնել և բարելավել ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասերը (ռեկուլտիվացիա), ինչպես նաև դրանք պիտանի դարձնել տնտեսության մեջ օգտագործման համար կամ բերել անվտանգ վիճակի.

14) լիազոր մարմնին տեղեկացնել օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրում չնշված օգտակար հանածոների կուտակումների հայտնաբերման մասին դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում.

15) նոր հայտնաբերված օգտակար հանածոների պահուստավորումն իրականացնել կառավարության սահմանած կարգով.

16) իրականացնել հանքի փակման ծրագիրը՝ ապահովելով նաև հանքը փակելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշման պայմանները, փորձաքննության եզրակացության պահանջները և դրանց իրականացման հավաստիության ապահովման պայմանները.

17) ապահովել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների համար նախատեսված վճարի վճարումը.

18) իրականացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները:

18.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողի դեպքում` լիազոր մարմնին տեղեկացնել 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերով պահանջվող տեղեկության փոփոխության մասին փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում.

18.2) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողի դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետում իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմին ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ կամ իրական շահառուների վերաբերյալ արդեն գրառված տեղեկությունների փոփոխություններ և համապատասխան պետական գրանցումից հետո՝ 14 օրվա ընթացքում, դրա մասին տեղեկացնել լիազոր մարմնին՝ ներկայացնելով իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.

19) մետաղական օգտակար հանածոների դեպքում ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաղորդումը, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը՝ ամփոփ տարեկան հաշվետվությունը:

Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում.

20) ոչ մետաղական օգտակար հանածոների դեպքում մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը:

Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում.

21) յուրաքանչյուր 5 տարին մեկ վերանայել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող աշխատանքների ծրագիրը և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչները.

22) լիազոր մարմին ներկայացնել վարչական վիճակագրական «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) և «Oգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) հաշվետվությունները.

23) երաշխավորել հանքային ջրի հանքավայրի նույն  հորատանցքից կամ աղբյուրից այլ ընդերքօգտագործողի կողմից արդյունահանման աշխատանքների անարգել իրականացումը.

24) սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման իրավունքի դեպքում՝ արդյունահանման հետևանքով գետի հունի փոփոխությունը, հետևաբար նաև անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով յուրաքանչյուր ամիս տոպոգրաֆիական հանույթային աշխատանքների կատարման միջոցով իրականացնել գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ.

25) սույն հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետի պահանջով իրականացվող մշտադիտարկումների արդյունքներով գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ (այդ թվում՝ ոչ իր գործունեության հետևանքով) հայտնաբերելու դեպքում անհապաղ դադարեցնել հանքավայրի շահագործման աշխատանքները և մշտադիտարկումների արդյունքները երկօրյա ժամկետում ներկայացնել ընդերքօգտագործման բնագավառի լիազոր մարմին, արտակարգ իրավիճակների բնագավառի լիազոր մարմին, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի լիազոր մարմին և բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին.

26) սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանումն իրականացնել միայն օրվա լուսավոր ժամերին.

27) իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներին զուգընթաց հանքավայրի լրահետախուզման և շահագործական հետախուզման աշխատանքներ.

28) առնվազն 10 տարի պահպանել օգտակար հանածոյի արդյունահանման, լրահետախուզման և շահագործական հետախուզման աշխատանքների ընթացքում, ինչպես նաև խտանյութից կամ ձուլվածքից օգտակար հանածոյի որակի և քանակի և այլ հատկությունների որոշման նպատակով վերցված բոլոր փորձանմուշները.

29) օգտակար հանածոյի արդյունահանման և շահագործական հետախուզման աշխատանքների ընթացքում օգտակար հանածոյի որակի, իսկ լրահետախուզման կամ խտանյութից կամ ձուլվածքից օգտակար հանածոյի որակի, քանակի և այլ հատկությունների տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով վերցված փորձանմուշները հսկողական անալիզի ենթարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում.

30) օգտակար հանածոյի հաշվեկշռային պաշարների մարման հաշվարկն իրականացնել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված և լիազոր մարմնի հաստատած հաշվետվության մեջ ամրագրված հաշվարկման մեթոդին համապատասխան.

31) լեռնահատկացման սահմաններում չշահագործվող բոլոր ստորգետնյա լեռնային փորվածքների մուտքերն առնվազն մեկ մետր հաստությամբ բետոնապատել։

4. Ոչ ուշ, քան տասը տարին մեկ անգամ շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կոնդիցիաները և պաշարները ենթարկել վերագնահատման և ներկայացնել լիազոր մարմնի վերահաստատմանը:

5. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը կրում է սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

(59-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 18.10.16 ՀՕ-161-Ն, 17.11.17 ՀՕ-214-Ն, 23.04.19 ՀՕ-24-Ն, փոփ., խմբ., լրաց. 13.11.19 ՀՕ-256-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-112-Ն, լրաց., խմբ., փոփ. 16.07.20 ՀՕ-397-Ն, խմբ. 03.06.21 ՀՕ-247-Ն, փոփ. 25.05.22 ՀՕ-143-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.06.21 ՀՕ-247-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 60.  Օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված լեռնային փորվածքների և կառույցների սառեցումը

 

1. Օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված լեռնային փորվածքների և կառույցների սառեցումը կատարվում է ընդերքօգտագործողի կազմած նախագծով` կառավարության սահմանած կարգով:

 

 

Գ Լ ՈՒ Խ  5.1

(գլուխը լրաց. 18.10.16 ՀՕ-161-Ն)

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ: ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ

 

Հոդված 60.1. Ընդհանուր պահանջները

 

1. Ընդերքօգտագործման թափոնների կառավարումը և վերամշակումն իրականացվում են՝

1) վնաս չպատճառելով մարդկանց առողջությանը.

2) կիրառելով այնպիսի գործընթացներ կամ տեխնոլոգիաներ, որոնք նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրին` ջրին, մթնոլորտային օդին, հողին, կենդանական և բուսական աշխարհին պատճառվող վնասը.

3) հնարավորինս նվազագույնի հասցնելով լանդշաֆտի կամ հատուկ նշանակության վայրերի՝ պատմամշակութային, էթնոգրաֆիկ, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ազդեցությունը:

2. Ընդերքօգտագործողները հանքի շահագործման ընթացքում և հանքի փակումից հետո պարտավոր են իրականացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումներ` շրջակա միջավայրին կամ մարդկանց առողջությանը հասցվող վնասի և վթարների կանխարգելման կամ նվազագույնի հասցնելու նպատակով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված միջոցառումները պետք է իրականացվեն առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն տնտեսական գործունեության կիրառմամբ` հաշվի առնելով ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտների տեխնիկական առանձնահատկությունները, աշխարհագրական դիրքը և բնապահպանական պայմանները:

 

Հոդված 60.2. Ընդերքօգտագործման թափոնների կառավարումը և վերամշակումը

 

1. Ընդերքօգտագործման թափոնների կառավարումն իրականացվում է ընդերքօգտագործողների կողմից և նրանց միջոցներով՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանին համապատասխան:

2. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակումն իրականացվում է այն ընդերքօգտագործողների կողմից, որոնք ցանկանում են վերամշակել ընդերքօգտագործման թափոններ և այդ նպատակով սույն օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված կարգով ներկայացրել են համապատասխան դիմում:

3. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակումն իրականացվում է ընդերքօգտագործողների միջոցներով՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանին համապատասխան:

4. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Այն ընդերքօգտագործողները, որոնք վերամշակում են ընդերքօգտագործման թափոններ, իրականացնում են միայն ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումներ:

 

Հոդված 60.3. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները

 

1. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները պետք է կազմվեն՝ հետևելով թափոնների առաջացումը և դրանց վնասակարությունը հնարավորինս նվազեցնելու սկզբունքին, հատկապես հաշվի առնելով՝

1) ընդերքօգտագործման թափոնների կառավարումը նախագծման փուլում և հանքարդյունահանման ու մշակման համար օգտագործվող մեթոդների ընտրություն կատարելիս.

2) օգտակար հանածոյի արդյունահանումից հետո ընդերքօգտագործման թափոնները ստորերկրյա խոռոչ կրկին փոխադրելը (եթե այդպիսիք կան), որքան հնարավոր է տեխնիկական և տնտեսական առումով և ընդունելի բնապահպանական տեսանկյունից.

3) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո ռեկուլտիվացումը.

4) օգտակար հանածոյի մշակման համար առավել քիչ վտանգավոր նյութերի օգտագործումը.

5) ընդերքօգտագործման թափոններից արժեքավոր նյութերի ստացմանը նպաստելը այդպիսի թափոնների օգտահանման, բազմակի օգտագործման կամ վերամշակման միջոցով, եթե դա ընդունելի է բնապահպանական տեսանկյունից.

6) ընդերքօգտագործման թափոնների անվտանգ հեռացման ապահովումը կարճաժամկետ և երկարաժամկետ, մասնավորապես նախագծման փուլում օբյեկտի գործունեության ընթացքում և դրա փակումից հետո կառավարումը և ընտրելով այնպիսի նախագիծ, որը՝

ա. պահանջում է ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտի դիտանցում, հսկողություն և կառավարում նվազագույն չափով և հնարավորության դեպքում դրանց բացառում,

բ. հնարավորինս նվազագույնի է հասցնում շրջակա միջավայրի (օդ, հող, ջրային ռեսուրսներ, ինչպես նաև բուսական, կենդանական աշխարհ) վրա և բացառում է հարակից ազդակիր համայնքների բնակչության առողջության վրա բացասական ազդեցությունները,

գ. ապահովում է նախկինում գոյություն ունեցած՝ հողի մակերևույթից ավելի բարձր խոյացող պատվարների կամ թափոնակույտի գեոտեխնիկական երկարաժամկետ կայունությունը.

7) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի դասակարգման առանձնահատկությունները:

2. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների բովանդակությունը, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անցկացման ընթացքում դիտարկում է նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների իրագործելիությունը:

4. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները կարող են փոփոխվել՝ կախված դրանց կառավարման կամ մշակման առանձնահատկություններից։ Ընդ որում, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները ենթակա են պարտադիր վերանայման յուրաքանչյուր 5 տարին մեկ:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փոփոխված պլանները ներկայացվում են ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի համաձայնեցմանը: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(60.3-րդ հոդվածը փոփ. 23.04.19 ՀՕ-24-Ն, 04.03.20 ՀՕ-112-Ն)

 

Հոդված 60.4. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների ֆինանսական երաշխիքները

 

1. Ընդերքօգտագործողը ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու դիմումի հետ լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովման համար ֆինանսական երաշխիքներ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական երաշխիքի գումարի հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները:

3. Ընդերքօգտագործողները պետք է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված լիազոր մարմիններ ներկայացնեն միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշները բավարարող իրավաբանական անձանց տված ֆինանսական երաշխիքներ:

4. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների փոփոխության դեպքում փոփոխվում է նաև ֆինանսական երաշխիքի չափը:

5. Սույն հոդվածով նախատեսված ֆինանսական երաշխիքը կարող է տրամադրվել առավելագույնը 5 տարի ժամկետով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ ընդերքօգտագործողը ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում ֆինանսական նոր երաշխիք կամ ֆինանսական երաշխիքի ժամկետի երկարաձգման մասին ֆինանսական երաշխիք տված իրավաբանական անձի պատշաճ վավերացրած փաստաթուղթ:

7. Եթե ընդերքօգտագործողը սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում չի ներկայացնում ֆինանսական նոր երաշխիք կամ ֆինանսական երաշխիքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ պատշաճ վավերացված փաստաթուղթ, ապա ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը դիմում է ֆինանսական երաշխիք տրամադրած իրավաբանական անձին՝ պահանջելով վճարել ֆինանսական երաշխիքով նախատեսված ամբողջ գումարը՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով:

8. Ֆինանսական երաշխիքի բովանդակությունը և դրան ներկայացվող չափորոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(60.4-րդ հոդվածը փոփ. 23.04.19 ՀՕ-24-Ն, 04.03.20 ՀՕ-112-Ն)

 

 

Հոդված 60.5. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների չիրականացման համար զգուշացումը և ֆինանսական երաշխիքով նախատեսված գումարի վճարման պահանջ ներկայացնելը

 

1. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումներն իրականացնող ընդերքօգտագործողին տալիս է գրավոր զգուշացում, եթե վերջինս չի կատարում համապատասխան պլաններով նախատեսված պարտավորությունները:

2. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինն իրավունք չունի ֆինանսական միջոցի հատկացման պահանջ ներկայացնելու ընդերքօգտագործողին կամ ֆինանսական երաշխիք տված անձին, եթե ընդերքօգտագործողը զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո՝ 60 օրվա ընթացքում, վերացրել է խախտումները:

3. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ֆինանսական երաշխիքով նախատեսված գումարի վճարման պահանջ կարող է ներկայացնել ինչպես ընդերքօգտագործողին, այնպես էլ ֆինանսական երաշխիք տված անձին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գումարի վճարման պահանջ կարող է ներկայացվել, եթե ընդերքօգտագործողը՝

1) ամբողջությամբ կամ մասնակիորեն չի կատարել ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված պարտավորությունները և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում չի վերացրել համապատասխան խախտումները.

2) ֆինանսական երաշխիքի ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ չի ներկայացրել ֆինանսական նոր երաշխիք կամ ֆինանսական երաշխիքի երկարաձգման վերաբերյալ պատշաճ վավերացված փաստաթուղթ:

5. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ֆինանսական միջոցների հատկացման պահանջի մեջ պետք է նշի, թե որ պարտավորությունն է խախտել ընդերքօգտագործողը:

6. Ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին պահանջը պետք է ընդերքօգտագործողին կամ ֆինանսական երաշխիք տված անձին ներկայացվի գրավոր` կցելով անհրաժեշտ հիմնավորումները: Սույն կետով նախատեսված պահանջը պետք է պարունակի նաև պահանջվող գումարի չափը և նշված գումարի հաշվարկ-հիմնավորումները:

7. Ֆինանսական միջոցների հատկացման պահանջը ընդերքօգտագործողին կամ ֆինանսական երաշխիք տված անձին ներկայացնելու դեպքում այն պետք է քննարկվի, և համապատասխան գումարը վճարվի տասնօրյա ժամկետում:

8. Սույն հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցների հատկացման պահանջ ներկայացնելու դեպքում ընդերքօգտագործողը կամ ֆինանսական երաշխիք տված անձը համապատասխան գումարը փոխանցում է ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի անվամբ գանձապետական միասնական հաշվում բացված արտաբյուջետային հաշվին:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված գումարը ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվին փոխանցվելուց հետո վերջինս այդ միջոցների հաշվին սկսում է կատարել ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները:

(60.5-րդ հոդվածը փոփ. 04.03.20 ՀՕ-112-Ն)

 

Հոդված 60.6. Տեղեկատվությունը և կանխարգելումը

 

1. Ընդերքօգտագործողը պատասխանատվություն է կրում ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների անվտանգության ապահովման, անվտանգության կառավարման ընթացակարգերի մշակման և կիրառման, ինչպես նաև անվտանգության բարձրացման և ռիսկերի նվազեցման տեխնոլոգիական և կառավարչական համակարգերի օգտագործման համար։

2. Վթարների առաջացման վտանգները և դրանց առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն թափոնների օբյեկտների նախագծման, կառուցման, աշխատանքի ու պահպանման ժամանակ, ինչպես նաև դրանք փակելիս ու փակումից հետո վթարները կանխարգելելու և մարդու առողջության և (կամ) շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր բացասական հետևանքները բացառելու նպատակով։

3. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջի կատարման նպատակով յուրաքանչյուր ընդերքօգտագործող, նախքան ընդերքօգտագործման գործունեության մեկնարկը, ընդերքօգտագործման թափոնների կառավարման, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համար՝

1) մշակում է վթարների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ և գործողության մեջ դնում դրա իրականացումն ապահովող անվտանգ կառավարման համակարգ.

2) մշակում է արտակարգ իրավիճակներում գործելու պլան՝ նշելով այն միջոցառումները, որոնք ուղղված են լինելու վթարների կանխարգելմանը, հետևանքների նվազեցմանը, իրենց աշխատակիցների և հնարավոր վտանգավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության պաշտպանությանը՝ համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների.

3) իրականացնում է արտակարգ իրավիճակներին արձագանքելու ներքին ծրագիր՝ նշելով այն միջոցները, որոնք վթարի դեպքում ձեռնարկվելու են։

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով ընդերքօգտագործողը նշանակում է անվտանգության հարցերով կառավարիչ կամ ստեղծում ստորաբաժանում, որը պատասխանատվություն է կրում վթարների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման ու պարբերական վերահսկողության համար՝ համաձայն արտակարգ իրավիճակներում գործելու պլանի։

5. Արտակարգ իրավիճակներում գործելու պլանի բովանդակության և դրա մշակման մեթոդական ուղեցույցը սահմանում է արտակարգ իրավիճակների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

6. Արտակարգ իրավիճակներում գործելու պլանի հիմնական նպատակներն են՝

1) վթարների և այլ միջադեպերի սահմանում, նկարագրում ու հսկողություն՝ դրանց հետևանքները նվազեցնելու, մասնավորապես մարդու առողջությանը և շրջակա միջավայրին հասցվող վնասները հնարավորինս չեզոքացնելու կամ նվազեցնելու համար.

2) վթարների և այլ միջադեպերի ազդեցություններից մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում.

3) տվյալ տարածաշրջանում հանրությանը և համապատասխան ծառայություններին կամ մարմիններին անհրաժեշտ տեղեկությունների հաղորդում.

4) վթարներից հետո շրջակա միջավայրի վերականգնման ու մաքրման աշխատանքների նախատեսում։

7. Վթարների դեպքում ընդերքօգտագործողը շրջակա միջավայրի, առողջապահության և արտակարգ իրավիճակների լիազոր մարմիններին անհապաղ տրամադրում է այն տեղեկատվությունը, որ պահանջվում է մարդու առողջության համար դրանց հետևանքները նվազեցնելու և բնապահպանական վնասի չափը գնահատելու ու փաստացի կամ հնարավորինս նվազեցնելու համար։

8. Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջները և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Առողջապահության ոլորտի լիազոր մարմինը կարող է մասնակցել արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման ու վերանայման գործընթացին։ Սույն մասով նախատեսված գործընթացներին մասնակցելու նպատակով արտակարգ իրավիճակների լիազոր մարմինը առողջապահության ոլորտի լիազոր մարմնին տեղեկացնում է համապատասխան աշխատանքների իրականացման մասին՝ տրամադրելով տեղեկություններ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու ընթացակարգի և այն լիազոր մարմինների մասին, որոնք պետք է ներգրավվեն գործընթացին։

10. Ազդակիր համայնքների բնակչությունը պետք է մասնակցելու հնարավորություն ունենա արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման ու վերանայման գործընթացներին։ Սույն մասով նախատեսված գործընթացներին մասնակցելու նպատակով արտակարգ իրավիճակների լիազոր մարմինը ազդակիր համայնքի բնակչությանը տեղեկացնում է համապատասխան աշխատանքների իրականացման մասին՝ տրամադրելով տեղեկություններ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու ընթացակարգի և այն լիազոր մարմինների մասին, որոնց կարող են ներկայացվել դիտողություններ և հարցեր։ Ազդակիր համայնքների բնակչությունը պետք է ունենա ողջամիտ ժամկետներում առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն, և համապատասխան որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն ազդակիր համայնքի բնակչության ներկայացրած առաջարկությունները։

11. Վթարների դեպքում պահանջվող գործողությունների մասին տեղեկություններն անվճար տրամադրվում են ազդակիր համայնքների բնակչությանը, և այդ տեղեկատվությունը վերանայվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ և անհրաժեշտության դեպքում՝ թարմացվում։

12. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված՝ ազդակիր համայնքի բնակչությանը տեղեկացնելու, ազդակիր համայնքի բնակչության կողմից առաջարկություններ ներկայացնելու և այդ առաջարկությունների քննարկման կարգը սահմանում է արտակարգ իրավիճակների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

(60.6-րդ հոդվածը փոփ. 04.03.20 ՀՕ-112-Ն)

 

Հոդված 60.7. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցումն ու կառավարումը

 

1. Ընդերքօգտագործման թափոնների նոր օբյեկտ կառուցելիս կամ գոյություն ունեցող օբյեկտը փոփոխության ենթարկելիս ընդերքօգտագործողը պարտավոր է՝

1) հաշվի առնել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի տարածքի երկրաբանական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, սեյսմիկ ու գեոտեխնիկական գործոնները և նախագծել այնպես, որ նվազագույնի հասցվի հողի, մթնոլորտային օդի, ստորգետնյա կամ մակերևութային ջրերի աղտոտումը, ապահովվի աղտոտված ջրի և թափոններից ծորացած կեղտաջրերի արդյունավետ հավաքումը, նվազեցվի ջրի կամ քամու հետևանքով առաջացող քայքայման ծավալը, որքան դա հնարավոր է տեխնիկապես և նպատակահարմար` տնտեսապես.

2) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտը կառուցել, կառավարել և պահպանել այնպես, որ ապահովվի դրա ֆիզիկական կայունությունը, և կանխարգելվի հողի, բուսական, կենդանական աշխարհի, օդի, մակերևութային կամ ստորգետնյա ջրերի աղտոտումը, ինչպես նաև նվազագույնի հասցվի լանդշաֆտին հասցվող վնասը.

3) ունենալ համապատասխան պլաններ և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների գործունեության դիտանցման և ներքին հսկողության, իսկ անկայունության վերաբերյալ արդյունքների կամ ջրի կամ հողի աղտոտման, բուսական, կենդանական աշխարհին հասցվող վնասի դեպքում՝ անհապաղ միջոցառումների իրականացման վերաբերյալ.

4) ունենալ օբյեկտի դասակարգման առանձնահատկություններով պայմանավորված՝ դրանից բխող տեխնիկական չափանիշներին համապատասխան կառավարման պլան.

5) ձեռնարկել համապատասխան միջոցառումներ հողատարածքի և բուսական, կենդանական աշխարհի վերականգնման և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման ուղղությամբ.

6) ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար:

 

Հոդված 60.8. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման և փակումից հետո կիրառվող ընթացակարգերը

 

1. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման ընթացակարգը մեկնարկվում է, եթե՝

1) իրականացված են օբյեկտի կառավարման պլանում նշված` օբյեկտի փակմանը նախորդող բոլոր միջոցառումները.

2) ընդերքօգտագործողը ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման մասին ծանուցել է ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին:

2. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո տեղում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում անցկացնում է ստուգումներ, գնահատում է տնտեսավարողի ներկայացրած բոլոր հաշվետվությունները, հաստատում է թափոնների օբյեկտի գործունեության արդյունքում վնասված հողատարածքի, բուսական, կենդանական աշխարհի վերականգնման փաստը և ընդունում է օբյեկտի փակման մասին որոշում: Սույն կետում նշված որոշման մասին ընդերքօգտագործողը տեղեկացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Ընդերքօգտագործողը պատասխանատու է փակմանը հաջորդող փուլում ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպանման, դիտանցման և հսկողության միջոցառումների իրականացման՝ օրենքով սահմանված պահանջների կատարման համար՝ հաշվի առնելով վնասի բնույթը և տևողությունը, բացառությամբ, երբ թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով որոշում է կայացրել՝ հանձն առնել այդ խնդիրները ընդերքօգտագործողի փոխարեն լուծելու պատասխանատվությունը:

4. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողի փոխարեն սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումներն իրականացնելու դեպքերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո օրենսդրությամբ սահմանված բնապահպանական պահանջները բավարարելու համար ընդերքօգտագործողը պետք է վերահսկի ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի ֆիզիկական ու քիմիական կայունությունը և նվազեցնի ցանկացած բացասական ազդեցություն շրջակա միջավայրի, այդ թվում՝ մակերևութային և ստորգետնյա ջրերի վրա՝ ապահովելով, որ՝

1) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտին հարող բոլոր շինությունները դիտանցվեն ու պահպանվեն շահագործման համար միշտ պատրաստ հսկիչ և չափման սարքերի հետ.

2) անհրաժեշտության դեպքում հեղեղատարների հուները և ջրաթող օբյեկտները լինեն մաքուր և ազատ։

(60.8-րդ հոդվածը փոփ. 04.03.20 ՀՕ-112-Ն) 

 

Հոդված 60.9. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից անցկացվող տեսչական ստուգումները

(վերնագիրը փոփ. 04.03.20 ՀՕ-112-Ն) 

 

1. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողների մոտ թափոնների կառավարման և դրանց վերամշակմանն ուղղված աշխատանքների իրականացման նկատմամբ տեսչական ստուգումներն իրականացվում են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(60.9-րդ հոդվածը փոփ. 04.03.20 ՀՕ-112-Ն) 

 

Հոդված 60.10. Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրումը

 

1. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է ընդերքօգտագործման թափոնների փակված (այդ թվում՝ լքված) օբյեկտների գույքագրումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օբյեկտների գույքագրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(60.10-րդ հոդվածը փոփ. 04.03.20 ՀՕ-112-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 61. Ընդերքօգտագործման վճարների տեսակները

 

1. Ընդերքօգտագործումը վճարովի է, բացառությամբ սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Ընդերքն օգտագործելիս կատարվում են հետևյալ վճարները`

1) բնապահպանական հարկ` բնապահպանական միջոցառումների իրականացման համար.

2) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն)` ընդերքօգտագործման ընթացքում խախտված հողերի վերականգնման համար.

3) մշտադիտարկումների իրականացման` օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար.

4) պետական սեփականություն համարվող բնական պաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարներ, այդ թվում՝ արդյունահանված մետաղական օգտակար հանածոների կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համար ռոյալթի.

5) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-302-Ն)

6) ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման պետական տուրք:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու չափերով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված վճարը վճարվում է սույն օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքում և կարգով:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված վճարի չափերի հաշվարկման և վճարման կարգը սահմանում է կառավարությունը:

6. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված վճարը վճարվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Մեկից ավելի արդյունահանման նպատակ ունեցող հանքային ջրի արդյունահանման թույլտվության դեպքում թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակների դրույքաչափերի հանրագումարով։

7. Լիազոր մարմինը թույլտվության տրման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է դիմումատուին: Տեղեկացմամբ դիմումատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված հետևանքների մասին:

8. Դիմումատուն սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրման դիմումը բավարարելու մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Դիմումատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Դիմումատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրման դիմումը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածի 8-րդ մասում նշված ժամկետում վճարված լինելու մասին և դիմումատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է թույլտվությունը, ինչպես նաև դրա վերաբերյալ համապատասխան որոշումը:

10. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո, իսկ հայտատուի կողմից պետական տուրքը թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ հայտատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ժամկետում դիմումատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:

(61-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 29.06.16 ՀՕ-127-Ն, լրաց., խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-302-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-172-Ն)

(14.04.21 ՀՕ-172-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 62. Ընդերքօգտագործման վճարներից ազատվելը

 

1. Ընդերքօգտագործման վճար չեն վճարում այն ընդերքօգտագործողները, որոնք`

1) սեփական կարիքների համար իրենց հատկացված հողամասի (անկախ սեփականության ձևից) սահմաններում, համաձայն սույն օրենսգրքի 48-րդ հոդվածի, կատարում են ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում.

2) իրականացնում են ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրություններ (հրաբխային, սեյսմաբանական և արտածին երկրաբանական երևույթների մշտադիտարկում, այդ թվում` ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական հետազոտություններ և այլն).

3) ստեղծում են միներալոգիական, հնէաբանական և այլ հավաքածուներ.

4) իրականացնում են եզակի երկրաբանական գոյացությունների, բնության հուշարձանների ուսումնասիրություն, նկարագրում և պահպանում:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 63. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների, օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երևակումների պետական հաշվառումը

 

1. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները ենթակա են պետական հաշվառման:

2. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելն առանց պետական հաշվառման արգելվում է:

3. Օգտակար հանածոների պաշարները, հանքավայրերը և երևակումները ենթակա են պետական հաշվառման օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի, ինչպես նաև օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների կադաստրի ձևով:

4. Օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երևակումների և երկրաբանական ուսումնասիրությունների պետական հաշվառման տվյալների հիման վրա ձևավորվում է ընդերքօգտագործման ֆոնդ:

5. Օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ ընդերքաբանական փորձաքննության եզրակացությունը հիմք է դրանք պետական հաշվեկշռում հաշվառելու համար:

6. Պետական հաշվեկշռում հաշվառված օգտակար հանածոների պաշարները ենթակա են դուրսգրման, եթե դրանք`

1) արդյունահանվել են.

2) կորսվել են արդյունահանման ընթացքում.

3) տեխնիկական պատճառներով կորցրել են արդյունաբերական նշանակությունը.

4) չեն հաստատվել լրացուցիչ երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոյի արդյունահանման արդյունքում:

7. Օգտակար հանածոների պաշարների վերահաստատման արդյունքում պետական հաշվեկշռում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

8. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մատյանը, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը և հանքավայրերի ու երևակումների պետական կադաստրը վարում է լիազոր մարմինը` կառավարության սահմանած կարգով:

9. Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը կազմվում և պարբերաբար փոփոխվում է դրանց հաստատված պաշարների և սահմանված կարգով ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող համապատասխան տեղեկատվության (հաշվետվությունների) հիման վրա: Այն պետք է ներառի տեղեկություններ արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրերում պարունակվող բոլոր տեսակի հայտնաբերված օգտակար հանածոների պաշարների քանակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, գործող կամ նախագծվող արդյունաբերական ձեռնարկության ուսումնասիրված և նախնական գնահատված պաշարներով ապահովվածության մասին:

10. Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրը վարվում է լիազոր մարմնում կուտակվող տեղեկատվության հիման վրա: Այն ներառում է տվյալներ, որոնք բնութագրում են յուրաքանչյուր հանքավայրի և երևակման երկրաբանական կառուցվածքը, դրանցում պարունակվող օգտակար հանածոների ուսումնասիրված, գնահատված, նախնական գնահատված պաշարները և կանխատեսումային ռեսուրսները, հանքավայրերի շահագործման լեռնատեխնիկական, հիդրոերկրաբանական, էկոլոգիական և այլ պայմանները, ինչպես նաև երկրաբանատնտեսագիտական գնահատականը:

(63-րդ հոդվածը փոփ. 25.05.22 ՀՕ-143-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)

 

Հոդված 64. Ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության պայմաններն ու պահանջները

(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)

 

1. Ընդերքօգտագործողը պետք է ապահովի հետևյալ միջոցառումների իրականացումը`

1) մթնոլորտի, ջրային ռեսուրսների, հողի, կենդանական և բուսական աշխարհի պաշտպանությունն ու պահպանումը.

2) բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի պահպանումը.

3) ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի ռեկուլտիվացիայի, ծառատնկման, կանաչապատման աշխատանքների իրականացումը, մշակված հանքային տարածությունների վերականգնումը.

4) արդյունաբերական (ընդերքօգտագործման) թափոնների օգտագործման, օգտահանման, չեզոքացման և նվազեցման աշխատանքների միջոցառումների կատարումը.

5) վտանգավոր նյութերի և արտադրության ու սպառման թափոնների (բացառությամբ ռադիոակտիվ) գործածության առաջացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման, տեղադրման և թաղման համար սահմանված նորմերի պահպանումը.

6) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթարկված փաստաթղթերի պահանջների ու միջոցառումների կատարումը.

7) բնապահպանական հարկի հաշվարկման կարգի պահպանումը.

8) բնապահպանական վարչական վիճակագրության վարման և ներկայացման կարգի պահպանումը.

9) շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովումը.

10) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացումը:

(64-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, 22.06.15 ՀՕ-106-Ն, լրաց. 17.11.17 ՀՕ-214-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-302-Ն)

 

Հոդված 65. Ընդերքի պահպանության հիմնական պահանջները

 

1. Ընդերքի պահպանության հիմնական պահանջներն են`

1) երկրաբանական լիակատար և համալիր ուսումնասիրության հիման վրա ընդերքի կառուցվածքի, դրանում պարունակվող օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվության ապահովումը.

2) ընդերքօգտագործման տրամադրման սահմանված կարգի պահպանումը և ընդերքի ինքնակամ օգտագործման արգելումը: Սույն կետի իմաստով ինքնակամ ընդերքօգտագործում է համարվում նաև երկրաբանական ուսումնասիրության ծրագրի խախտումը.

3) օգտակար հանածոների պաշարների շարժի հավաստի հաշվառման ապահովումը.

4) օգտակար հանածոների պաշարների լիակատար կորզումը և հիմնական ու համատեղ գտնվող օգտակար հանածոների և դրանց ուղեկցող բաղադրամասերի ողջամիտ և համալիր օգտագործումը կամ դրանց պահեստավորումն ու պահպանումը.

5) օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնակամ կառուցապատման կանխումը և այլ նպատակների համար այդ մակերեսների օգտագործման սահմանված կարգի պահպանումը.

6) լեռնային փորվածքների լցոնումը, մեկուսացումը կամ ցանկապատումը.

7) հրդեհումից, հեղեղումից և օգտակար հանածոների որակն ու հանքավայրերի արդյունաբերական արժեքը նվազեցնող կամ դրանց շահագործումը բարդացնող այլ գործոններից օգտակար հանածոների հանքավայրերի պահպանումը:

(65-րդ հոդվածը փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն)

 

Հոդված 66. Գիտական և գիտամշակութային արժեք ներկայացնող ընդերքի տեղամասերի պահպանությունը

 

1. Հազվագյուտ երկրաբանական մերկացումներ և հանքաբանական գոյացումներ, երկնաքարեր, հնէաբանական, հնագիտական, գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող այլ օբյեկտներ հայտնաբերելու դեպքում ընդերքօգտագործողները պարտավոր են համապատասխան տեղամասերում աշխատանքները դադարեցնել և այդ մասին հայտնել լիազոր մարմնին:

2. Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակը և պահպանության կարգը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 67. Ստորերկրյա ջրերի հանքավայրերի սանիտարական պահպանման գոտիները

 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` ստորերկրյա ջրերի հանքավայրերն ու ջրատար հորիզոններն աղտոտումից զերծ պահելու և պահպանությունն ապահովելու նպատակով ջրհանների ու աղբյուրների շուրջը ստեղծվում են սանիտարական պահպանման գոտիներ, որոնց սահմաններում իրագործվում են հողի, ջրի, մթնոլորտի և կանաչապատ տարածքների հնարավոր աղտոտումը և հողի դեգրադացումը բացառող միջոցառումներ:

2. Սանիտարական պահպանման գոտիների նախագծումը կատարվում է բնապահպանական պահանջների (հիդրոերկրաբանական, հիդրոլոգիական և սանիտարական նորմերի) հիման վրա, որոնք հանքավայրի և ջրատար հորիզոնի շահագործման և ջրամատակարարման նախագծի անբաժանելի մասն են և համաձայնեցվում են լիազոր մարմնի հետ:

3. Ընդերքօգտագործողը սանիտարական գոտիների սահմաններում ունի գործունեության բացառիկ իրավունք և յուրաքանչյուր գործունեություն այլ անձի կողմից կարող է իրականացվել միայն ընդերքօգտագործողի համաձայնությամբ:

 

Հոդված 68. Ընդերքի պահպանության միջոցառումների ֆինանսավորումը

 

1. Շրջակա միջավայրի և ընդերքի պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման միջոցառումների ֆինանսավորումը կատարվում է ընդերքօգտագործողների միջոցների հաշվին:

2. Սույն օրենսգրքի 55.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում ընդերքի պահպանության միջոցառումներն իրականացվում են պետական ծրագրերով` պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրների միջոցների հաշվին` որպես ընդհանուր բնապահպանական ծրագրի մաս:

(68-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 18.10.16 ՀՕ-161-Ն, փոփ. 25.05.22 ՀՕ-143-Ն)

 

Հոդված 69. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը

(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)

 

1. Ընդերքօգտագործողների կողմից սահմանված չափով կատարվող հատկացումների հաշվին ստեղծվում է շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ: Ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարվող գումարների մեջ չեն ներառվում ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ռեկուլտիվացիոն գումարները: Դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը սահմանում է կառավարությունը։

2. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումներ կատարելու ընդերքօգտագործողի պարտականությունը ներառվում է ընդերքօգտագործման պայմանագրում:

3. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարները պահվում են կենտրոնական գանձապետարանում բացված լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում և բացառապես օգտագործվում են`

1) ընդերքօգտագործողի կողմից իրականացվող՝ նախագծով կամ ծրագրերով ստանձնած ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման նպատակով.

2) ընդերքօգտագործողի կողմից նախագծով կամ ծրագրով ստանձնած, բայց իր կողմից չիրականացրած ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման նպատակով.

3) տվյալ ընդերքօգտագործողի գործունեության հետևանքով փաստացի խախտված հողերի վերականգնման նպատակով:

3.1. Եթե օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացրած ընդերքօգտագործողը ցանկանում է ուսումնասիրության տեղամասում կամ դրա մի մասում իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանում, ապա արդյունահանման համար հայցվող տեղամասում երկրաբանական ուսումնասիրության հետևանքով խախտված հողերի վերականգնմանը համարժեք գումարը մնում է ընդերքօգտագործողի՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվեհամարում՝ վերահաշվարկի պայմանով:

4. Ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար դրամագլխից ընդերքօգտագործողին տրամադրվող գումարը չի կարող գերազանցել ընդերքօգտագործողի կատարած` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկացումները:

5. Սույն հոդվածով նախատեսված միջոցառումների կատարումից հետո ընդերքօգտագործողի կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված գումարի մնացորդը վերադարձվում է ընդերքօգտագործողին:

6․ Ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինն իր պաշտոնական կայքում յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվա ավարտին հաջորդող ամսվա 30-ը, հրապարակում է ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված և ընդերքօգտագործողներին վերադարձված գումարների վերաբերյալ տեղեկատվություն։

7. Ընդերքօգտագործման իրավունքը դադարած տնտեսավարողի կողմից նախագծով կամ ծրագրով կամ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքները կամ շրջակա միջավայրի դրամագլխին կամ օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար նախատեսված ողջ ծավալով վճարումները չկատարելու դեպքում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը կարող է դիմել դատարան՝ դատական կարգով չվճարված գումարները բռնագանձելու համար։

(69-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 21.03.18 ՀՕ-191-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-112-Ն, խմբ., լրաց., փոփ. 16.07.20 ՀՕ-397-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 70. Բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքները

 

1. Ընդերքօգտագործողը պարտավոր է նախագծով սահմանված ժամկետներում և կարգով, ինչպես նաև ընդերքօգտագործման պայմանագրի դրույթներին համապատասխան, իրականացնել բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքներ:

2. Նախագծի փոփոխության, ընդերքի տեղամասի ընդլայնման, ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունքից հրաժարվելու դեպքում ընդերքօգտագործման պայմանագրում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումների չափի վերաբերյալ դրույթները համապատասխանաբար ենթակա են փոփոխության:

3. Եթե ընդերքօգտագործողը սահմանված ժամկետում չի կատարում նախագծով կամ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքները, ապա լիազոր մարմինը գրավոր ծանուցման միջոցով ընդերքօգտագործողից պահանջում է իր սահմանած ժամկետում իրականացնել նշված միջոցառումները:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված պահանջը չկատարվելու դեպքում լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին ձեռնարկում է նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները` այդ մասին նախապես ծանուցելով ընդերքօգտագործողին:

5. Լիազոր մարմինն ընդերքօգտագործողների կատարած հատկացումների հաշվին հանքի փակման ծրագրով նախատեսված ժամկետներում օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով իրականացնում է մշտադիտարկում հետագա աղետների կանխման և կանխարգելման միջոցառումների մշակման համար:

(70-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)

 

Հոդված 71. Հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժումը

 

1. Ընդերքօգտագործման իրավունք կրողը պարտավոր է հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժումն իրականացնել` համաձայն սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված հանքի փակման ծրագրի:

 

 Գ Լ ՈՒ Խ  9

 

ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 72. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության խնդիրները

 

1. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության խնդիրներն են`

1) ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության նորմերի կատարման նպատակով պետական վերահսկողության ապահովումը.

2) օգտակար հանածոների պաշարների շարժի, հանքավայրերի պետական հաշվառման և հաշվետվությունների ներկայացման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանության ապահովումը.

3) ընդերքօգտագործման ոլորտի իրավախախտումների հայտնաբերումը և համապատասխան որոշումների կայացումը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան.

4) ընդերքօգտագործման հետևանքով ընդերքի վրա վնասակար ներգործությունների կանխարգելմանն ու նվազեցմանը նպաստելը.

5) օգտակար հանածոների արդյունահանման սահմանված չափաքանակների գերազանցման և ընտրովի շահագործման կանխարգելումը.

6) ընդերքաբանական փորձաքննության ներկայացված օգտակար հանածոների պաշարների գնահատմանը կամ վերագնահատմանը վերաբերող նյութերում ներառված առաջնային երկրաբանական փաստագրման, դրանք փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատման և արժանահավատության ապահովումը։

(72-րդ հոդվածը լրաց. 16.07.20 ՀՕ-397-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 73.  Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության հիմնական ուղղությունները

 

1. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով`

1) ընդերքի օգտագործման, պահպանության և ընդերքն օգտագործման տրամադրելու սահմանված պահանջների ապահովման.

2) երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունքների, ինչպես նաև դրանց շահագործման համար սահմանված ընդերքօգտագործման պահանջների ապահովման.

3) ընդերքօգտագործման ընթացքում երկրաբանական և մարկշեյդերական փաստագրության վարման լիարժեքության, օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման իրականացման և տեղեկատվության ներկայացման սահմանված պահանջների ապահովման.

4) ուսումնասիրության ծրագրերին և արդյունահանման նախագծերին համապատասխան` ընդերքօգտագործման աշխատանքների ապահովման.

5) փորձաքննության ենթարկված փաստաթղթերով ամրագրված ընդերքօգտագործման պահանջների ու միջոցառումների ապահովման.

6) ընդերքօգտագործման վճար վճարողների հաշվառման կարգի պահանջների ապահովման.

7) բնօգտագործման վճարի (բացառությամբ ռոյալթիի) բազայի փաստացի ծավալների, դրանց չափաքանակների և վճարների հաշվարկման կարգի պահպանման և հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման կարգի ապահովման.

8) ընդերքօգտագործման վարչական վիճակագրության վարման և ներկայացման կարգի ապահովման:

2. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողությունն իրականացվում է նաև ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ:

(73-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-302-Ն, 13.11.19 ՀՕ-256-Ն)

 

Հոդված 74. Ընդերքի օգտագործումն ու պահպանությունն իրականացնող պետական մարմինը

 

(հոդվածն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-186-Ն)

 

Հոդված 75. Ընդերքի պետական տեսուչների պաշտոնների դասակարգումը

 

(հոդվածն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-186-Ն)

 

Հոդված 76. Ընդերքի պետական տեսչի լիազորությունները

 

(հոդվածն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-186-Ն)

 

Հոդված 77. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության ձևերը

 

(հոդվածն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-186-Ն)

 

Հոդված 78. Պատասխանատվությունը սույն օրենսգրքի պահանջները խախտելու համար

 

 1. Սույն օրենսգրքի պահանջների խախտման համար ընդերքօգտագործողները և (կամ) նրանց պաշտոնատար անձինք կրում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով պատասխանատվություն:

2. Արգելվում է առանց ընդերքօգտագործման իրավունքի ընդերքօգտագործման իրականացումը: Առանց սույն օրենսգրքով սահմանված թույլտվությունների օգտակար հանածոների արդյունահանում կամ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելն առաջացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:

(78-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-302-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  10ուղղ.

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Հոդված 79. Վեճերի լուծման կարգը

 

1. Ընդերքօգտագործման ընթացքում ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  11ուղղ.

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 80. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենսգիրքը կիրառվում է ընդերքօգտագործման ընթացքում առաջացող այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

2. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ծագած պայմանագրային կամ ընդերքօգտագործման ընթացքում առաջացող այլ իրավահարաբերությունների նկատմամբ սույն օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք կծագեն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո:

3. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը տրամադրված ընդերքօգտագործման իրավունքները պահպանում են իրենց ուժը նաև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո:

4. Այն ընդերքօգտագործողները, որոնք սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահին ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ չունեն գրանցված իրավունքներ, իրավունք ունեն սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով դիմելու համապատասխան համայնքի ղեկավարին հողահատկացման համար:

5. Ընդերքօգտագործման ոլորտում նախկինում տրված լիցենզիաները պահպանում են իրենց ուժը մինչև նոր օրենսգրքին համապատասխան թույլտվությունների ստացումը: Ընդերքօգտագործման իրավունքի վերաձևակերպման դեպքում սույն օրենսգրքով սահմանված թույլտվությունների տրման և գործողության ժամկետներ են համարվում մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման ոլորտում տրված լիցենզիաների տրման և գործողության ժամկետները:

6. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործողները պարտավոր են դիմել լիազոր մարմին` իրենց ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) վերաձևակերպելու համար: Վերաձևակերպման համար ընդերքօգտագործողից լրացուցիչ վճարներ չեն գանձվում:

7. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) չվերաձևակերպելու դեպքում ընդերքօգտագործողի գործունեությունը համարվելու է առանց թույլտվության իրականացրած գործունեություն, և կիրառվելու են պատասխանատվության միջոցներ:

8. (մասն ուժը կորցրել է 18.10.16 ՀՕ-161-Ն)

9. (մասն ուժը կորցրել է 18.10.16 ՀՕ-161-Ն)

10. Օրենսգրքի 5.1-ին գլուխն ուժի մեջ մտնելուց հետո` 60 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործողները պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին՝ միաժամանակ սահմանված կարգով ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնելով ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները և ֆինանսական երաշխիքները:

11. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-247-Ն)

(80-րդ հոդվածը փոփ. 19.12.12 ՀՕ-257-Ն, 22.06.15 ՀՕ-106-Ն, փոփ., լրաց. 18.10.16 ՀՕ-161-Ն, լրաց. 13.11.19 ՀՕ-256-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-112-Ն, 03.06.21 ՀՕ-247-Ն)

(03.06.21 ՀՕ-247-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 81.  Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքը և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 5-ի ՀՕ-440-Ն օրենքը:

3. Մինչև նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունների մասին, ինչպես նաև ռադիոակտիվ հումքի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման առանձնահատկությունների մասին օրենքների ընդունումը նշված հարաբերությունները կարգավորվում են կառավարության որոշումներով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 17
Երևան
ՀՕ-280-Ն