Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-95-Ն
Տիպ
Օրենսգիրք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.02.2022-22.04.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.12/10(1368) Հոդ.143
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

Բովանդակություն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի փետրվարի 7-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

ԲԱԺԻՆ 1

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Սույն օրենսգրքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենսգիրքը կարգավորում է դատական իշխանության կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարցերի:

 

Հոդված 2.

Հայաստանի Հանրապետության դատարանները

 

1. Հայաստանի Հանրապետությունում գործում են Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև մասնագիտացված դատարանները:

2. Առաջին ատյանի դատարաններն են՝

1) ընդհանուր իրավասության դատարանները.

2) մասնագիտացված դատարանները:

3. Մասնագիտացված դատարաններն են՝

1) վարչական դատարանը.

2) սնանկության դատարանը.

3) հակակոռուպցիոն դատարանը:

4. Վերաքննիչ դատարաններն են՝

1) վերաքննիչ քրեական դատարանը.

2) վերաքննիչ քաղաքացիական դատարանը.

3) վերաքննիչ վարչական դատարանը:

(2-րդ հոդվածը լրաց. 14.04.21 ՀՕ-331-Ն)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 3.

Դատավորը

 

1. Դատավոր է Վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի դատարաններում դատավորի պաշտոնում Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված անձը:

2. Դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները դատավոր են։

 

Հոդված 4.

Դատավորի ապաքաղաքականացվածությունը

 

1. Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

2. Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատավորը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատավորը չի կարող հրապարակայնորեն որևէ թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի օգտին կամ նրան դեմ արտահայտվել կամ այլ կերպ մասնակցել նախընտրական քարոզչությանը:

3. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական քննարկումները կամ եզրակացությունները, դատական իշխանության գործունեության վերաբերյալ քննարկումների ժամանակ արտահայտած կարծիքները և հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն համարվում:

 

Հոդված 5.

Դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջները

 

1. Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

2. Դատավորի նկատմամբ կիրառելի են հանրային ծառայողի համար ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները:

3. Դատավորը պետք է ձգտի կառավարել իր ներդրումներն այնպես, որ նվազագույնի հասցնի այն գործերի քանակը, որոնցով նա պետք է ինքնաբացարկ հայտնի:

4. Դատավորը կարող է զբաղեցնել պաշտոն ոչ առևտրային կազմակերպությունում, եթե՝

1) իր գործունեությունն այդ պաշտոնում իրականացնում է անհատույց, և

2) այդ պաշտոնը չի ենթադրում ֆինանսական միջոցների տնօրինում, կազմակերպության անունից քաղաքացիաիրավական գործարքների կնքում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպության ներկայացուցչության իրականացում:

5. Դատավորը չի կարող գործել որպես կտակակատար կամ գույքի հավատարմագրային կառավարիչ, բացառությամբ այն դեպքերի, երբ նա անհատույց գործում է իր մերձավոր ազգականի կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի գույքի կապակցությամբ:

6. Սույն օրենսգրքի իմաստով՝ մերձավոր ազգական է`

1) դատավորի ամուսինը.

2) դատավորի կամ նրա ամուսնու ծնողը.

3) դատավորի կամ նրա ամուսնու զավակը, զավակի ամուսինը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը, քույրը, պապը, տատը, թոռը, ծոռը.

4) դատավորի կամ նրա ամուսնու եղբոր կամ քրոջ ամուսինը, զավակը.

5) դատավորի կամ նրա ամուսնու որդեգրողը կամ որդեգրվածը:

 

ԳԼՈՒԽ 2

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 6.

Արդարադատության իրականացումը՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան

 

1. Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

2. Արդարադատություն իրականացնելիս հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

 

Հոդված 7.

Դատարանների անկախությունը

 

1. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։

2. Դատարանը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:

4. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ դատարանի կամ դատավորի գործունեությանը որևէ միջամտությունը կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

5. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտության վերաբերյալ դատավորի հայտարարության հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը ենթադրյալ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմում է իրավասու մարմին: Իրավասու մարմինը պարտավոր է ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ անհապաղ գրավոր տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդին:

6. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի իրավասու մարմնի ձեռնարկած միջոցառումների, ինչպես նաև ողջամիտ ժամկետում համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու կապակցությամբ հանդես գալու պաշտոնական հայտարարությամբ:

7. Դատավորներն ունեն օրենքով սահմանված կարգով միավորում ստեղծելու իրավունք: Յուրաքանչյուր դատավոր ունի այդ միավորմանն անդամակցելու իրավունք:

 

Հոդված 8.

Դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի ապահովումը

 

1. Դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

 

Հոդված 9.

Ողջամիտ ժամկետում գործի քննությունը և լուծումը

 

1. Գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:

2. Դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում՝

1) գործի հանգամանքները, ներառյալ` իրավական և փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը և վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները,

2) հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը,

3) գործի քննության ընդհանուր տևողությունը,

4) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած՝ գործի (այդ թվում՝ ըստ փուլերի) քննության միջին ուղենիշային տևողությունը:

3. Եթե գործի քննության և լուծման համար օրենքով սահմանված է հատուկ ժամկետ, ապա այն պետք է քննվի և լուծվի այդ ժամկետում: Նման ժամկետի երկարաձգումը թույլատրվում է բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

(9-րդ հոդվածը փոփ. 09.02.22 ՀՕ-22-Ն)

Ներմուծեք նկարագրությունը_21507

 

Հոդված 10.

Հավասարությունը օրենքի և դատարանի առջև

 

1. Բոլորը հավասար են օրենքի և դատարանի առջև:

2. Դատարանի կողմից արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններն իրականացնելիս խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

3. Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:

4. Նույնանման փաստերով այլ գործով Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնավորի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի՝ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը:

 

Հոդված 11.

Դատական վարույթի հրապարակայնությունը

 

1. Դատական նիստերը դռնբաց են:

2. Դատական վարույթը կամ դրա մի մասն օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:

3. Դատական նիստի ընթացքն օրենքով սահմանված կարգով արձանագրվում է:

4. Դատական նիստին ներկա անձն ունի սղագրություն և ձայնագրություն կատարելու իրավունք:

5. Դատական նիստում լուսանկարելը, տեսաձայնագրելը կամ դատական նիստը հեռարձակելն իրականացվում են օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ դատարանի որոշմամբ:

6. Դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը (այսուհետ՝ եզրափակիչ դատական ակտ), իսկ օրենքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:

7. Դատական վարույթը կամ դրա մասը դռնփակ անցկացվելու դեպքում դատական իշխանության կայքում հրապարակվում է եզրափակիչ դատական ակտի եզրափակիչ մասը, եթե այն չի պարունակում օրենքով պահպանվող գաղտնիք:

8. Օրենքով նախատեսված դեպքերում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակվում է նաև դատական նիստում:

9. Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են գործի և դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, որոնց ցանկը և հրապարակման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

10. Դատական իշխանության պաշտոնական կայքում անձնական կյանքի տվյալներ, կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, երեխայի անձնական տվյալներ պարունակող դատական ակտերը հրապարակվում են ապանձնավորված կարգով։ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել անձնական տվյալների ապանձնավորման այլ դեպքեր: Ապանձնավորման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

11. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու ավարտված դատական գործին, որով եզրափակիչ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Դատական վարույթի դռնփակ մասին կամ օրենքով պահպանվող գաղտնիքին կամ չհրապարակված կամ մասնակի հրապարակված դատական ակտին անձը կամ նրա ներկայացուցիչը կարող է օրենքով սահմանված կարգով ծանոթանալ դատական ակտը կայացրած դատարանի որոշմամբ: Դատարանը կայացնում է նման որոշում, եթե դատական ակտն առերևույթ առնչվում է դիմողի իրավունքներին կամ պարտականություններին:

12. Անձը և նրա ներկայացուցիչը ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնիքը հրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:

13. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը հրապարակվում է նաև ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հրապարակելու համար օրենքով սահմանված կարգով, եթե այն չի պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք:

 

Հոդված 12.

Դատավարության լեզուն

 

1. Հայաստանի Հանրապետությունում դատավարության լեզուն հայերենն է:

2. Բոլոր փաստաթղթերը դատարան են ներկայացվում հայերեն կամ հայերեն պատշաճ թարգմանությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատավարությանը մասնակցելու իր նախընտրած լեզվով, եթե նա ապահովում է հայերեն պատշաճ թարգմանությունը:

4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են դատավարությանը մասնակցել հայերենով։

5. Քրեական գործով հայերենին չտիրապետող մեղադրյալին դատարանը պարտավոր է պետական միջոցների հաշվին ապահովել թարգմանչի ծառայություններով, բացառությամբ երբ մեղադրյալը ցանկանում է իր հաշվին ապահովել թարգմանությունը:

6. Վարչական գործով դատավարության մասնակցին, քաղաքացիական գործով՝ գործին մասնակցող անձին, իսկ քրեական գործով՝ տուժողին դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նա չունի հայերեն հաղորդակցվելու հնարավորություն և ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:

7. Լսողական կամ խոսակցական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձն ունի սուրդոթարգմանչի միջոցով դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորություն՝ սույն հոդվածով թարգմանչի համար նախատեսված կարգով:

8. Քրեական գործերով դատավարությանը մասնակցող` տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի համար դատավարական փաստաթղթերի և դատական ակտերի հասանելիությունն ապահովվում է օգնականի միջոցով` պետական միջոցների հաշվին: Վարչական գործով դատավարության մասնակիցը, իսկ քաղաքացիական գործով՝ գործին մասնակցող անձն ունի պետական միջոցների հաշվին օգնականի իրավունք, եթե ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի օգնական ունենալու համար:

9. Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի կամ տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում այդ անձը նշանակվում է դատարանի որոշմամբ: Այդ անձին նշանակելու, նրա վարձատրության չափը և կարգը սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 13.

Դատական ակտերի պարտադիրությունը

 

1. Եզրափակիչ դատական ակտը դատարանը կայացնում է Հայաստանի Հանրապետության անունից:

2. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:

3. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

Հոդված 14.

Դատական ակտերը բողոքարկելը և վերանայման իրավունքի ապահովումը

 

1. Առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի վերաքննության կարգով վերանայման իրավունքն ապահովվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

2. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովվում է վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքը:

3. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը բողոքարկվում են օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։

 

Հոդված 15.

Դատարանի կազմը և որոշումների ընդունումը

 

1. Առաջին ատյանի դատարանում գործը քննվում է միանձնյա:

2. Վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքը քննվում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ այլ դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերից բացառությունները սահմանվում են օրենքով:

4. Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը քննվում է կոլեգիալ՝ Վճռաբեկ դատարանի պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում՝ համապատասխան դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:

5. Գործը միանձնյա քննող դատավորը գործում է որպես դատարան: Գործը կոլեգիալ քննվելու դեպքում դատական կազմը գործում է որպես դատարան:

6. Կոլեգիալ կազմով որոշումներն ընդունվում են դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վճռաբեկ դատարանում որոշումներն ընդունվում են Վճռաբեկ դատարանի պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում՝ համապատասխան դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

7. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում գործում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմեր՝ յուրաքանչյուրը հինգ դատավորի թվակազմով, որոնք բողոքը քննելիս և որոշումներ ընդունելիս գործում են որպես Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ:

(15-րդ հոդվածը լրաց., խմբ. 09.02.22 ՀՕ-24-Ն)

(09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 16.

Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների օգտագործումը

 

1. Դատարանի շենքի վրա կամ շքամուտքի մոտ բարձրացվում է Հայաստանի Հանրապետության դրոշը:

2. Դատարանի նիստերի դահլիճում և դատավորի առանձին ծառայողական աշխատասենյակում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության զինանշանը և Հայաստանի Հանրապետության դրոշը:

 

Հոդված 17.

Դատավորի պատմուճանը, կնիքը, դրոշմակնիքը, պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն և էլեկտրոնային ստորագրությունը

 

1. Դատական նիստին դատավորը մասնակցում է պատմուճանով:

2. Դատավորի պատմուճանի նկարագրությունը և տրամադրման կարգը սահմանում է դատավորների ընդհանուր ժողովը (այսուհետ՝ Ընդհանուր ժողով):

3. Դատավորը, բացառությամբ Վճռաբեկ դատարանի դատավորի, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, դատարանի անվանմամբ և դատավորի անվամբ կնիք:

4. Վճռաբեկ դատարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և դատարանի անվանմամբ կնիք:

5. Դատավորին տրամադրվում է դատարանի անվանմամբ դրոշմակնիք:

6. Կնիքի և դրոշմակնիքի նկարագրությունը և տրամադրման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

7. Յուրաքանչյուր դատավոր ունի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե:

8. Յուրաքանչյուր դատավոր ունի էլեկտրոնային թվային ստորագրություն:

 

Հոդված 18.

Դատական իշխանության պաշտոնական կայքը

 

1. Դատական իշխանությունն ունի պաշտոնական կայք՝ www.court.am:

2. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատական իշխանության պաշտոնական կայքի կառուցվածքը՝ հաշվի առնելով Կառավարության սահմանած պահանջները:

3. Կայքի վարման կարգը, ինչպես նաև կայքում զետեղվող այլ տեղեկատվության ցանկը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

 

Հոդված 19.

Դատական վիճակագրության վարումը

 

1. Դատարանների գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունը և հանրության առջև հաշվետվողականությունն ապահովելու նպատակով Դատական դեպարտամենտը հավաքում և վարում է դատական վիճակագրություն` Կառավարության սահմանած կարգով:

2. Դատական վիճակագրությանը ներկայացվող պահանջներն են`

1) վիճակագրության օբյեկտիվությունը, հիմնավորվածությունը և անաչառությունը.

2) վիճակագրական տվյալների արժանահավատությունը, ճշտությունը և համադրելիությունը ժամանակի ու տարածության մեջ.

3) վիճակագրական տեղեկատվության արդիականությունը, կայունությունը և ամբողջականությունը.

4) վիճակագրական ամփոփ տվյալների պարբերական հրապարակումը.

5) վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը և հրապարակայնությունը:

3. Կառավարությունը սահմանում է ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը: Պարտադիր հրապարակվող վիճակագրական տվյալները պետք է ներառեն առնվազն սույն հոդվածի 7-10-րդ մասերով նախատեսված տվյալները:

4. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը, ինչպես նաև, դատական իշխանության գործառույթների արդյունավետ իրականացման կարիքներից ելնելով, կարող է սահմանել դատական վիճակագրության վարման լրացուցիչ վիճակագրական դասակարգիչներ:

5. Վիճակագրական դասակարգիչներում փոփոխություններ կատարվելու դեպքում դրանք կիրառվում են ոչ շուտ, քան փոփոխություններ կատարելուն հաջորդող տարվա հունվարի 1-ից:

6. Դատական դեպարտամենտն ապահովում է դատական գործի վիճակագրական քարտի հիման վրա հավաքված վիճակագրական տվյալների մատչելիությունը հանրության համար, բացառությամբ օրենքով նախատեսված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության: Վիճակագրական տվյալները Դատական դեպարտամենտը տրամադրում է Բարձրագույն դատական խորհրդին և դատարաններին, հրապարակում է դատական իշխանության պաշտոնական կայքում՝ վիճակագրական տվյալների հրապարակման համար առանձնացված հատուկ բաժնում:

7. Առաջին ատյանի յուրաքանչյուր դատարանի և դատավորի վերաբերյալ, ըստ գործերի տեսակների, հրապարակվում են մասնավորապես հետևյալ տվյալները.

1) դատավորների քանակը,

2) հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր քանակը,

3) հաշվետու ժամանակահատվածում ստացված գործերի ընդհանուր քանակը,

4) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի ընդհանուր քանակը,

5) հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ կասեցված վարույթներով գործերի ընդհանուր քանակը,

6) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի քննության միջին տևողությունը՝ ըստ նիստերի քանակի,

7) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի քննության միջին տևողությունը՝ ըստ ժամանակի (հաշվարկի միավոր` ժամ) (այդ թվում՝ ըստ դատաքննության նախապատրաստության, դատաքննության և դատական ակտի կայացման փուլերի միջին տևողության),

8) հաշվետու ժամանակահատվածում ավարտված մինչդատական քրեական վարույթի գործերը՝ ըստ տեսակների,

9) հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ անավարտ գործերի ընդհանուր քանակը,

10) հաշվետու ժամանակահատվածում բողոքարկված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների,

11) հաշվետու ժամանակահատվածում բեկանված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների:

8. Վերաքննիչ յուրաքանչյուր դատարանի և դատավորի վերաբերյալ հրապարակվում են մասնավորապես հետևյալ տվյալները.

1) սույն հոդվածի 7-րդ մասով, բացառությամբ 3-րդ և 8-րդ կետերով նախատեսված տվյալների,

2) հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր քանակը,

3) հաշվետու ժամանակահատվածում վարույթ չընդունված բողոքների ընդհանուր քանակը,

4) եզրափակիչ դատական ակտ չհանդիսացող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը՝ ըստ ակտերի տեսակների և ըստ բողոքարկվող ակտը կայացրած դատարանների:

9. Վճռաբեկ դատարանի վերաբերյալ՝ յուրաքանչյուր պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում՝ յուրաքանչյուր դատական կազմի մասով, հրապարակվում են սույն հոդվածի 7-րդ մասով, բացառությամբ 4-6-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված տվյալների, ինչպես նաև սույն հոդվածի 8-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված տվյալները: Սույն հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետով նախատեսված տվյալները հաշվարկվում են ըստ օրերի:

10. Դատական դեպարտամենտը տարեկան՝ ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը, հրապարակում է նաև հետևյալ տվյալները.

1) դատարանների բյուջեն, այդ թվում՝ ֆինանսական ծախսերի համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ՝ ըստ դատարանների, դատավորների միջին աշխատավարձը և դրա համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ.

2) վճարված և դատական ակտով վճարման ենթակա պետական տուրքի ընդհանուր չափը.

3) դատավորների կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման մասերով՝ հարուցված կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման վարույթների քանակները՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների և վարույթի հարուցման հիմքերի, կարճված վարույթներով գործերի քանակները՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների, կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման դեպքերի քանակները և դատավորի նկատմամբ հարուցված վարույթի արդյունքի (ներառյալ` տույժի տեսակի) վերաբերյալ տվյալներ.

4) սույն հոդվածի 7-10-րդ մասերով նախատեսված տվյալների համեմատականը նախորդ տարվա տվյալների հետ:

(19-րդ հոդվածը լրաց. 09.02.22 ՀՕ-24-Ն)

(09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ԳԼՈՒԽ 3

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

 

Հոդված 20.

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավասությունը

 

1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

 

Հոդված 21.

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացումը

 

1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննում են քաղաքացիական կամ քրեական մասնագիտացման դատավորները:

2. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը, պատժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված գործերը քննում է միայն քրեական մասնագիտացման դատավորը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավասությանը ենթակա մյուս գործերը քննում է քաղաքացիական մասնագիտացման դատավորը:

2.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում դատարանների թույլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունները քննում են միայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորները:

2.2. Համապատասխան մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, բացառությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների, քննում են միայն տվյալ մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորները:

2.3. Սույն հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դատավորները, ի լրումն նույն մասով նախատեսված գործերի, քննում են նաև սույն օրենսգրքով քրեական մասնագիտացման դատավորին վերապահված այլ գործեր:

3. Բարձրագույն դատական խորհուրդը քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից կարող է ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի (անչափահասների, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և անօրինական պահվող երեխաների վերադարձի և այլն) գործեր։

4. Առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանի համար նման գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

(21-րդ հոդվածը լրաց. 25.06.20 ՀՕ-341-Ն, լրաց., փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, փոփ., խմբ., լրաց. 03.02.21 ՀՕ-265-Ն, փոփ. 14.04.21 ՀՕ-331-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 22.

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքը և նստավայրերը

 

1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքը համապատասխանաբար Երևան քաղաքի, մարզի կամ մարզերի տարածքն է:

2. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ունի կենտրոնական և այլ նստավայրեր: Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրում է համապատասխան դատարանի նախագահի առաջարկությունը և կայացնում է որոշում դատարանի նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին:

 

Հոդված 23.

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները և դատավորների թվակազմը

 

1. Հայաստանի Հանրապետությունում գործում են.

1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ առնվազն 62 դատավորի թվակազմով.

2) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 10 դատավորի թվակազմով.

3) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 12 դատավորի թվակազմով.

4) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 9 դատավորի թվակազմով.

5) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 6 դատավորի թվակազմով.

6) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 12 դատավորի թվակազմով.

7) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 12 դատավորի կազմով.

8) Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 6 դատավորի թվակազմով.

9) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 9 դատավորի թվակազմով.

10) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 9 դատավորի թվակազմով:

 

ԳԼՈՒԽ 4

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

 

Հոդված 24.

Մասնագիտացված դատարանների իրավասությունը

 

1. Վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

2. Սնանկության դատարանին են ենթակա սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով նախատեսված բոլոր գործերը:

3. Հակակոռուպցիոն դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված գործերը, ինչպես նաև քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը (այսուհետ՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր):

(24-րդ հոդվածը լրաց. 14.04.21 ՀՕ-331-Ն)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 25.

Մասնագիտացված դատարանների դատավորների թվակազմը

 

1. Վարչական դատարանը գործում է առնվազն 24 դատավորի թվակազմով:

2. Սնանկության դատարանը գործում է առնվազն 12 դատավորի թվակազմով:

3. Հակակոռուպցիոն դատարանը գործում է առնվազն 15 դատավորի թվակազմով, որից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ:

(25-րդ հոդվածը լրաց. 14.04.21 ՀՕ-331-Ն)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 26.

Մասնագիտացված դատարանների դատական տարածքը և նստավայրերը

 

1. Մասնագիտացված դատարանների դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

2. Մասնագիտացված դատարանների կենտրոնական նստավայրերը գտնվում են Երևան քաղաքում:

3. Մասնագիտացված դատարաններն ունեն նստավայրեր մարզերում: Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրում է համապատասխան դատարանի նախագահի առաջարկությունը և կայացնում է որոշում մասնագիտացված դատարանների նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին:

 

ԳԼՈՒԽ 5

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ

 

Հոդված 27.

Վերաքննիչ դատարանի իրավասությունը

 

1. Վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը:

2. Վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով։

 

Հոդված 27.1. Վերաքննիչ դատարանում առանձին տեսակի գործերի քննությունը

 

1. Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված առանձին տեսակի գործերի ցանկ սահմանելու դեպքում կարող է վերաքննիչ դատարանի դատավորներից ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն այլ գործերի, քննում են նշված ցանկում ներառված առանձին տեսակի գործեր։ Նման գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը։

(27.1-ին հոդվածը լրաց. 03.03.21 ՀՕ-88-Ն)

 

Հոդված 28.

Վերաքննիչ դատարանների դատավորների թվակազմը, դատական տարածքը և նստավայրերը

 

1. Հայաստանի Հանրապետությունում գործում են հետևյալ վերաքննիչ դատարանները.

1) վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ առնվազն 22 դատավորի թվակազմով.

2) վերաքննիչ քրեական դատարանը՝ առնվազն 24 դատավորի թվակազմով.

3) վերաքննիչ վարչական դատարանը՝ առնվազն 10 դատավորի թվակազմով:

2. Վերաքննիչ դատարանների դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

3. Վերաքննիչ դատարանների նստավայրերը գտնվում են Երևան քաղաքում:

(28-րդ հոդվածը փոփ. 14.04.21 ՀՕ-331-Ն)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 28.1. Վերաքննիչ դատարաններում հակակոռուպցիոն գործերի քննությունը

 

1. Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայում են վերաքննիչ քրեական դատարանի առնվազն 6 թվակազմով առանձին դատավորներ:

2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայում են վերաքննիչ քաղաքացիական դատարանի առնվազն 6 թվակազմով առանձին դատավորներ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավորները, ի լրումն նույն մասով նախատեսված գործերի, վերանայում են նաև սույն օրենսգրքով վերաքննիչ քրեական դատարանին վերապահված այլ գործեր:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դատավորները, ի լրումն նույն մասով նախատեսված գործերի, վերանայում են նաև սույն օրենսգրքով վերաքննիչ քաղաքացիական դատարանին վերապահված այլ գործեր:

(28.1-ին հոդվածը լրաց. 14.04.21 ՀՕ-331-Ն)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ԳԼՈՒԽ 6

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ

 

Հոդված 29.

Վճռաբեկ դատարանի իրավասությունը

 

1. Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր կայացրած դատական ակտերը:

2. Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

3. Օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

4. Մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակով Վճռաբեկ դատարանը վերանայում է այն դատական ակտերը, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը:

 

Հոդված 30.

Վճռաբեկ դատարանի կառուցվածքը և դատավորների թվակազմը

 

1. Վճռաբեկ դատարանը գործում է չորս պալատով, որոնցից յուրաքանչյուրը հանդես է գալիս որպես Վճռաբեկ դատարան:

2. Վճռաբեկ դատարանում գործում են՝

1) քրեական պալատը՝ 6 դատավորի թվակազմով.

2) քաղաքացիական պալատը՝ 7 դատավորի թվակազմով.

3) վարչական պալատը՝ 5 դատավորի թվակազմով.

4) հակակոռուպցիոն պալատը՝ 10 դատավորի թվակազմով:

(30-րդ հոդվածը խմբ. 14.04.21 ՀՕ-331-Ն, փոփ., խմբ. 09.02.22 ՀՕ-24-Ն)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 31.

Վճռաբեկ դատարանի դատական տարածքը և նստավայրը

 

1. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

2. Վճռաբեկ դատարանի նստավայրը Երևան քաղաքն է:

 

ԳԼՈՒԽ 7

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

 

Հոդված 32.

Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահը

 

1. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը երեք տարի է:

2. Ի լրումն դատավորի լիազորությունների՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահը՝

1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը, ներառյալ` վերահսկում են դատարանի աշխատակազմի գործունեությունը.

2) դատավորներին տրամադրում է արձակուրդ.

3) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

4) դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ, Ընդհանուր ժողով և Ընդհանուր ժողովի հանձնաժողովներ.

5) դատավորի կողմից վարքագծի կանոնի առերևույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին (այսուհետ՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով).

6) իրականացնում է այլ լիազորություններ:

3. Առաջին ատյանի դատարանի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով հաստատում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությունն իրականացնող դատավորների հերթապահությունների ժամանակացույցը: Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են միայն ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերի վերաբերյալ տվյալները:

4. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահը կարող է այլ դատավորի նշանակել իրեն փոխարինող արձակուրդի կամ գործուղման մեջ լինելու, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության դեպքերի համար:

5. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահի կողմից փոխարինող չնշանակվելու, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է տվյալ դատարանի այն դատավորը, որը տվյալ ատյանի դատարանում ունի դատավորի առավել երկար փորձառություն: Փորձառության հավասար ժամկետ ունեցող մեկից ավելի դատավորի առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ դատավորին:

(32-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, խմբ. 03.02.21 ՀՕ-265-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 33.

Վճռաբեկ դատարանի նախագահը

 

1. Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը վեց տարի է:

2. Ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի լիազորությունների՝ Վճռաբեկ դատարանի նախագահը՝

1) ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը, ներառյալ` վերահսկում է վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.

2) Վճռաբեկ դատարանի դատավորներին տրամադրում է արձակուրդ.

3) ներկայացնում է Վճռաբեկ դատարանը այլ մարմինների հետ հարաբերություններում.

4) Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ, Ընդհանուր ժողով և Ընդհանուր ժողովի հանձնաժողովներ.

5) Վճռաբեկ դատարանի դատավորի, այդ թվում՝ պալատի նախագահի կողմից դատավորի վարքագծի կանոնի առերևույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով.

6) իրականացնում է այլ լիազորություններ։

3. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Վճռաբեկ դատարանի նախագահը պալատի նախագահներից մեկին նշանակում է իրեն փոխարինող:

4. Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ լինելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է Վճռաբեկ դատարանի պալատի այն նախագահը, որը Վճռաբեկ դատարանում ունի դատավորի առավել երկար փորձառություն: Փորձառության հավասար ժամկետի դեպքում նախապատվությունը տրվում է պալատի տարիքով ավագ նախագահին:

(33-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 34.

Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը

 

1. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնավարման ժամկետը վեց տարի է:

2. Ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի լիազորությունների` Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը՝

1) կազմակերպում է պալատի աշխատանքները.

2) վարում է պալատի նիստերը, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում` այն դատական կազմի նիստերը, որում ընդգրկված է պալատի նախագահը.

3) Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի կողմից վարքագծի կանոնի առերևույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով:

3. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի արձակուրդի կամ գործուղման, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում պալատի դատավորներից մեկին Վճռաբեկ դատարանի նախագահը նշանակում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահին փոխարինող:

(34-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, լրաց. 09.02.22 ՀՕ-24-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 35.

Դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների լիազորությունների դադարումը

 

1. Դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների լիազորությունները դադարում են պաշտոնավարման ժամկետը լրանալու, դատարանի վերացման, նրանց՝ որպես դատավորի լիազորությունների դադարման, դադարեցման, Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու, նրա նկատմամբ սույն օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 3.2-րդ կետով սահմանված կարգապահական տույժի կիրառման, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում: Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունները դադարում են նաև համապատասխան պալատի վերացման դեպքում:

2. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահը հրաժարականի մասին գրավոր դիմումի մեջ նշում է հրաժարականի հիմք հանդիսացող հանգամանքները: Բարձրագույն դատական խորհուրդը կարող է չընդունել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի նախագահների հրաժարականը:

3. Վճռաբեկ դատարանի և Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում նրա՝ որպես Վճռաբեկ դատարանի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունները դադարում են Բարձրագույն դատական խորհրդի նիստում իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին չներկայանալու օրվանից:

(35-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն, 09.02.22 ՀՕ-24-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ԳԼՈՒԽ 8

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 36.

Դատական դեպարտամենտը

 

1. Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորում է իր աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը, որն ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեությունը:

2. Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունն ապահովում է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը:

3. Դատարանների գործունեությունն ապահովում են Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումները:

 

Հոդված 37.

Ծառայությունը Դատական դեպարտամենտում

 

1. Դատական դեպարտամենտում իրականացվում են դատական կարգադրիչների ծառայություն, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում՝ ծառայության այլ տեսակներ:

2. Դատական կարգադրիչների ծառայությունն ապահովում է՝

1) դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.

2) տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը.

3) դատարանների տարածքում հասարակական կարգի պահպանումը, կցված գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը.

4) օրենքով նախատեսված այլ գործողությունների իրականացումը:

3. Դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Դատական կարգադրիչների ծառայության գործառույթների իրականացմանը կարող են ներգրավվել այլ պետական մարմիններ կամ կազմակերպություններ:

(37-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-75-Ն)

 

Հոդված 38.

Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումը

 

1. Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից՝ յուրաքանչյուր դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի համար առանձին տողով:

2. Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումը պետք է իրականացվի այնպես, որ ապահովվեն նրանց բնականոն գործունեության համար անհրաժեշտ ծախսերը:

3. Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջետային հայտի նախագիծը նախապատրաստում է Դատական դեպարտամենտը:

4. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը, ստանալով դատարանների աշխատակազմերի նախապատրաստած միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կամ բյուջետային հայտի նախագծերը, կազմում է դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագրի կամ բյուջետային հայտի նախագիծը:

5. Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագրի կամ բյուջետային հայտի նախագիծը Դատական դեպարտամենտի ղեկավարը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանը։

6. Բարձրագույն դատական խորհրդի հաստատած բյուջետային հայտը կամ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշմամբ սահմանված ժամկետներում ներկայացվում է Կառավարություն:

7. Բյուջետային հայտը Կառավարությունն ընդունում և ընդգրկում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկությունների դեպքում այն պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով և Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկությունների մանրամասն հիմնավորումները:

8. Սահմանված ժամկետում պետական բյուջեն չհաստատվելու դեպքերում մինչև դրա հաստատումը ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

9. Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշումը բյուջետային հայտի կամ միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ Ազգային ժողովում ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Դատական դեպարտամենտի ղեկավարը:

10. Չկանխատեսված ծախսերը ֆինանսավորելու նպատակով բյուջեի առանձին տողով նախատեսվում է դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի պահուստային ֆոնդ: Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով դատական իշխանության մարմինների համար նախատեսված ծախսերի երկու տոկոսին: Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ:

11. Պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը դիմում է Կառավարություն:

12. Դատական իշխանության մարմինների բնականոն գործունեությունը ապահովելու համար դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Կառավարությունը պակասը լրացնում է Կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

 

Հոդված 39.

Դատարանների, Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեության նյութատեխնիկական ապահովումը

 

1. Դատարանների, Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Դատական դեպարտամենտը:

 

ԳԼՈՒԽ 9

ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

 

Հոդված 40.

Դատավորների միջև գործերի բաշխման և վերաբաշխման կարգը

 

1. Դատավորների միջև գործերը բաշխվում, վերաբաշխվում են, և կոլեգիալ դատական կազմերը ձևավորվում են մասնագիտացման սկզբունքի և պատահական ընտրության, ինչպես նաև սույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով: Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների բաշխման, վերաբաշխման առանձնահատկությունները: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող առանձին դատավորների միջև այլ գործեր չեն բաշխվում:

2. Օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող գործերը բաշխվում և վերաբաշխվում են` ապահովելով գաղտնիությունը:

(40-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, լրաց. 03.02.21 ՀՕ-265-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 41.

Դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագիրը

 

1. Դատավորների միջև գործերի բաշխումը, վերաբաշխումը և կոլեգիալ դատական կազմերի ձևավորումը կատարվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով (այսուհետ՝ Համակարգչային ծրագիր), որի շահագործման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

2. Բարձրագույն դատական խորհուրդն ապահովում է Համակարգչային ծրագիրը մշակելը, կատարելագործելը, դրա գաղտնիությունն ու անվտանգությունն ապահովելը, Համակարգչային ծրագիրը գործարկելը և սպասարկելը:

3. Համակարգչային ծրագրին ապօրինի միջամտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

4. Եթե անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել Համակարգչային ծրագրի միջոցով, ապա գործերը՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, հաշվի առնելով սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված առանձնահատկությունները, դատավորների միջև հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում դատարանի նախագահն անհապաղ այդ մասին գրավոր տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդին: Բարձրագույն դատական խորհուրդը ծանուցումն ստանալուց հետո քննարկում է պատճառները և դրանց վերացման ուղղությամբ տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ Դատական դեպարտամենտին:

 

Հոդված 42.

Առաջին ատյանի դատարանում գործերի բաշխումը

 

1. Դատարանում ստացված գործն անհապաղ մուտքագրվում է Համակարգչային ծրագրում: Մուտքագրված գործերը հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի դատավորների միջև՝ առանց հաշվի առնելու մուտքագրման հերթականությունը: Հավասարաչափ բաշխման չափանիշները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգում:

2. Դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայության դեպքում դատավորը կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ առաջարկելով իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ: Դատավորի դիմումը հիմնավոր համարելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու կամ նրան բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ նախատեսելու վերաբերյալ՝ դրա համար սահմանելով որոշակի ժամանակահատված, որը չի կարող գերազանցել վեց ամիսը: Դատավորի դիմումի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում կայացնել վեց ամիս ժամկետը երկարաձգելու մասին, եթե առանձնակի բարդության գործի քննությունը չի ավարտվել:

3. Դատավորի անուն-ազգանունը հանվում է գործերի բաշխման ցանկից՝

1) արձակուրդի դեպքում՝ արձակուրդի և դրան նախորդող տասնօրյա ժամանակահատվածով.

2) այլ դատարան գործուղվելու դեպքում՝ գործուղման և դրան նախորդող տասնօրյա ժամանակահատվածով: Գործուղման վայրի դատարանի գործերի բաշխման ցանկից գործուղված դատավորի անունը հանվում է գործուղման ժամանակահատվածի ավարտից մեկ ամիս առաջ.

3) ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու, օտարերկրյա գործուղման կամ լիազորությունները կասեցնելու դեպքում՝ համապատասխան ժամկետով.

4) պաշտոնավարման ժամկետն ավարտվելու դեպքում՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից երեք ամիս առաջ.

5) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքում:

4. Եթե առաջին ատյանի դատարանն ունի նստավայր, որում գործում է նույն մասնագիտացումն ունեցող առնվազն երկու դատավոր, ապա գործերի բաշխումն իրականացվում է ընդհանուր կարգով՝ հիմք ընդունելով նստավայրի սպասարկման տարածքը:

5. Եթե առաջին ատյանի դատարանի նստավայրում առկա է համապատասխան մասնագիտացման միայն մեկ դատավոր, ապա սույն հոդվածով նախատեսված գործերի բաշխման կարգը տվյալ նստավայրում չի կիրառվում, իսկ գործը հանձնվում է այդ դատավորին:

6. Այն դեպքում, երբ մուտքագրված գործը, համաձայն օրենքի, ենթակա է քննության դատավորների կոլեգիալ կազմով, ապա տվյալ գործը հանձնվում է դատական կազմը նախագահող դատավորին:

7. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը չեն կիրառվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործերի բաշխման կարգի նկատմամբ:

8. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը բաշխելիս կարող է հաշվի առնվել դատարանի նստավայրի և գործն ուղարկած դատախազության համապատասխան ստորաբաժանման միջև հեռավորությունը, եթե դրանով չեն խախտվում սույն հոդվածի 1-ին մասի պահանջները:

 

Հոդված 43.

Վերաքննիչ դատարանում գործերի բաշխումը

 

1. Կոլեգիալ և միանձնյա կարգով քննվող գործերը Համակարգչային ծրագրում մուտքագրվում և բաշխվում են միմյանցից առանձին:

2. Ձևավորված դատական կազմերը փոփոխվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ:

2.1. Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվում են միայն վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների միջև, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ միայն վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների միջև:

3. Վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվում են միայն վերաքննիչ քրեական դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված գործերով վերանայումն իրականացնող առանձին դատավորների միջև:

(43-րդ հոդվածը լրաց. 03.02.21 ՀՕ-265-Ն, 14.04.21 ՀՕ-331-Ն)

(03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 44.

Վճռաբեկ դատարանում գործերի բաշխումը

 

1. Վճռաբեկ դատարանում ստացված գործն անհապաղ մուտքագրվում է Համակարգչային ծրագրում և տվյալ պալատի դատավորների միջև բաշխվում է սույն օրենսգրքով և Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:

1.1. Կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում բաշխվում են միայն կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների միջև, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում բաշխվում են միայն հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների միջև:

2. Բաշխման արդյունքով որոշվում է տվյալ գործով զեկուցող դատավորը:

3. Գործը վերաբաշխվում է, եթե զեկուցող դատավորը քվեարկել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցին դեմ, և այն ընդունվել է վարույթ: Այդ դեպքում գործի վերաբաշխման արդյունքով որպես զեկուցող որոշվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցին կողմ քվեարկած դատավորներից մեկը:

(44-րդ հոդվածը լրաց. 09.02.22 ՀՕ-24-Ն)

(09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 

Հոդված 45.

Դատարանների, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին, Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամներին, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող դատավորներին և վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին գործերի բաշխման առանձնահատկությունները

(վերնագիրը խմբ. 03.02.21 ՀՕ-265-Ն)

 

1. Հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանվում են հետևյալ նվազեցումները.

1) 10 տոկոս՝ Ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Ուսումնական հարցերի հանձնաժողով) անդամների համար.

2) 25 տոկոս՝ Էթիկայի և կարգապահական հարցերի, ինչպես նաև դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների անդամների համար.

3) 25 տոկոս՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների համար.

4) 30 տոկոս՝ մասնագիտացված դատարանների նախագահների համար.

5) 35 տոկոս՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի համար.

5.1) 50 տոկոս՝ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների համար.

5.2) 60 տոկոս՝ Վճռաբեկ դատարանի նախագահի համար.

6) 95 տոկոս՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների համար:

2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրված դատավորի անուն-ազգանունը հանվում է գործերի բաշխման ցուցակից Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետով:

2.1. Սույն օրենսգրքի 43-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դատավորների համար Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ:

3. Սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.2-րդ մասով և 43-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատավորների համար Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել Հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ:

(45-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն, խմբ. 03.02.21 ՀՕ-265-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-331-Ն, փոփ. 09.02.22 ՀՕ-22-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.02.22 ՀՕ-22-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 46.

Գործերի վերաբաշխումը

 

1. Եթե դատավորը գործուղվել է, նրա գործուղման ժամկետն ավարտվել է, նա տեղափոխվել է այլ դատարան, տեղի է ունեցել դատավորների պաշտոնների փոխանակում, տվյալ գործով հայտնել է ինքնաբացարկ, նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանը, գործի հարուցումը մերժել է, որի վերաբերյալ որոշումը սահմանված կարգով վերացվել է, նրա լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են, ապա տվյալ դատավորին հանձնված գործերը վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև:

2. Դատավորի անաշխատունակության, արձակուրդի ժամանակահատվածում և դատարանում դատավորների թվի ավելացման հետևանքով գործի վերաբաշխման դեպքերն ու կարգը սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ:

 

ԳԼՈՒԽ 10

ԴԱՏԱԿԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԸ

 

 

Հոդված 47.

Դատական սանկցիա կիրառելու նպատակը և հիմքերը

 

1. Դատական սանկցիան կիրառվում է դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելու, ինչպես նաև դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով:

2. Դատարանը դատական սանկցիա կարող է կիրառել, երբ անձը՝

1) չարաշահում է իր դատավարական իրավունքները կամ չարամտորեն չի կատարում իր դատավարական պարտականությունները.

2) չի ենթարկվում դատարանի կարգադրություններին կամ որևէ այլ կերպ խախտում է դատական նիստի կարգը.

3) դատական նիստի դահլիճում անհարգալից վերաբերմունք է դրսևորում դատարանի նկատմամբ:

 

Հոդված 48.

 Դատական սանկցիաների տեսակները

 

1. Դատական սանկցիաներն են՝

1) նկատողությունը.

2) դատական նիստի դահլիճից հեռացնելը:

2. Օրենքով կարող են նախատեսվել այլ դատական սանկցիաներ:

 

Հոդված 49.

Դատական սանկցիա կիրառելու պայմանները

 

1. Դատավորը պարտավոր է իր վարքագծով կանխել և նվազագույնի հասցնել դատական սանկցիա կիրառելու անհրաժեշտությունը և դեպքերը:

2. Դատավորը անհրաժեշտության դեպքում հասկանալի ձևով նախազգուշացնում է դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, ինչպես նաև պարզաբանում դատական սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները:

3. Դատական նիստերի դահլիճում ներկա անձի նկատմամբ դատական սանկցիա կիրառելիս դատարանը, որպես կանոն, ապահովում է նրա լսված լինելու իրավունքը:

4. Դատական սանկցիան պետք է համաչափ լինի անձի վարքագծի բնույթին և հետևանքին:

5. Դատական սանկցիայի կիրառումն արգելք չէ սանկցիայի ենթարկված անձին նույն արարքի համար օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելու համար:

 

Հոդված 50.

Դատական սանկցիա կիրառելու առանձնահատկությունները

 

1. Նկատողությունը և դատական նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող` դատարանի արձանագրային որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Դատական նիստերի դահլիճից հեռացում չի կիրառվում վարույթին մասնակցող դատախազի, որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի, ինչպես նաև տվյալ պահին ցուցմունք տվող վկայի և օրենքով նախատեսված այլ անձանց նկատմամբ:

3. Դատական նիստի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարվելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով՝ դատական կարգադրիչների միջոցով:

4. Վարույթին մասնակցող դատախազի և որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելուց հետո դատարանն այդ մասին տեղեկատվությունն ուղարկում է համապատասխանաբար գլխավոր դատախազին և փաստաբանների պալատի նախագահին:

5. Դատական սանկցիաների կիրառմանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:

 

ԲԱԺԻՆ 2

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

ԳԼՈՒԽ 11

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 51.

Դատավորի անձեռնմխելիությունը

 

1. Դատավորը, Սահմանադրության 164-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ։

2. Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ:

3. Դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:

4. Ի լրումն Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավունքի՝ ազատությունից զրկելու պահից դատավորն իրավունք ունի հեռախոսազանգով կամ հաղորդակցման այլ միջոցներով այդ մասին անհապաղ տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահին կամ այլ անդամի:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում դատավորին ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Դատավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում են Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և գլխավոր դատախազը: Դատավորին ձերբակալելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է Բարձրագույն դատական խորհուրդ և գլխավոր դատախազին: Դատավորին ազատությունից զրկած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և մյուս անդամների անարգել մուտքն այն վայր, որտեղ պահվում է ազատությունից զրկված դատավորը, և ապահովել նրանց տեսակցությունը դատավորի հետ, եթե Բարձրագույն դատական խորհրդի տվյալ անդամի վերաբերյալ քրեական հետապնդման մարմինը տեսակցությունը սահմանափակող որոշում չի կայացրել:

6. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը:

7. Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

8. Պաշտոնավարման ընթացքում և լիազորությունները դադարեցվելուց կամ դադարելուց հետո դատավորը չի կարող հարցաքննվել որպես վկա այն գործով, որի շրջանակում նա իրականացրել է իր լիազորությունները` որպես դատավոր։

(51-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 52.

Դատարանի շենքում քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին իրազեկելը

 

1. Քրեական գործի շրջանակներում քննչական գործողություններ կատարելու նպատակով դատարանի շենք մուտք գործելուց առաջ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն անհապաղ իրազեկում է Բարձրագույն դատական խորհրդին։

2. Առանց Բարձրագույն դատական խորհրդին իրազեկելու դատարանի շենք մուտք գործելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմում է գլխավոր դատախազին կամ քննչական մարմնի ղեկավարին:

3. Գլխավոր դատախազից կամ քննչական մարմնի ղեկավարից ողջամիտ ժամկետում պատասխան չստանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ:

 

Հոդված 53.

Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին իրազեկելը

 

1. Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություն կատարելու անհրաժեշտության դեպքում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը քննչական գործողությունն սկսելուց առնվազն մեկ օր առաջ իրազեկում է Բարձրագույն դատական խորհրդին, իսկ առանց դատարանի թույլտվության իրականացվող քննչական գործողության մասին՝ նաև համապատասխան դատավորին:

2. Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողությունը կատարվում է նախապես դատավորի հետ համաձայնեցված ժամանակ և վայրում, բացառությամբ դատարանի թույլտվությամբ իրականացվող քննչական գործողության: Քննչական գործողությունը իրականացնելիս առավելագույն չափով ապահովվում է քննչական գործողության գաղտնիությունը, դատավորի հեղինակության և անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

3. Սույն հոդվածում ամրագրված պահանջների խախտմամբ քննչական գործողություն իրականացվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմում է գլխավոր դատախազին կամ քննչական մարմնի ղեկավարին:

4. Գլխավոր դատախազից կամ քննչական մարմնի ղեկավարից ողջամիտ ժամկետում պատասխան չստանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ:

(53-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 54.

Դատավորի ազատ լինելը զորահավաքներից և վարժական հավաքներից

 

1. Դատավորն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է զորահավաքներից և վարժական հավաքներից:

 

Հոդված 55.

Դատավորի անձեռնմխելիության երաշխիքների պահպանումը ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ

 

1. Ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը չի վերացնում սույն օրենսգրքի 51-54-րդ հոդվածներում ամրագրված երաշխիքները:

 

Հոդված 56.

Դատավորի անփոփոխելիությունը

 

1. Դատավորը պաշտոնավարում է մինչև իր 65 տարին լրանալը:

2. Եթե կրճատվում է դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորների թիվը, կամ վերացվում է դատարանը, ապա համապատասխան դատավորները համարվում են ռեզերվային, իսկ նրանց կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձը և հավելավճարներ ստանալու իրավունքը, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչև Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

3. Դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորների թվի կրճատման դեպքում տվյալ դատարանում իրենց պաշտոնավարումը շարունակելու նախապատվությունը տրվում է տարիքով ավագ համապատասխան մասնագիտացման դատավորներին: Եթե տարիքով ավագ դատավորները նույն տարիքի են, ապա նախապատվությունը տրվում է դատավորի առավել երկար փորձառություն ունեցող անձին:

4. Եթե դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները, կամ ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը, ապա դատարանում համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորը շարունակում է պաշտոնավարել որպես դատավոր և դադարում է համարվել ռեզերվային: Մի քանի ռեզերվային դատավորի առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագին:

5. Այն դեպքում, երբ որևէ դատարանի բնականոն գործունեությունը չի կարող ապահովվել դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նույն ատյանի համապատասխան մասնագիտացման մեկ այլ դատավոր իր համաձայնությամբ կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մինչև դատավորի վարույթում գտնվող գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:

6. Համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորները գործուղվում են առաջնահերթության կարգով՝ առանց գործուղման առավելագույն ժամկետի սահմանափակման: Գործուղումից հրաժարվելու դեպքում համապատասխան դատավորի ռեզերվային կարգավիճակը դադարում է:

 

Հոդված 57.

Դատավորի աշխատավարձը և սոցիալական երաշխիքները

 

1. Դատավորի համար, Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Դատավորի վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

2. Դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանված հավելավճարները, կենսաթոշակի չափը չեն կարող պակասեցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ համարժեք պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար:

3. Դատավորն ունի իր 65 տարին լրանալու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում և կարգով կենսաթոշակ ստանալու իրավունք: Դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունքը չի կարող դադարեցվել այլ աշխատանք կատարելու դեպքում, բացառությամբ հանրային ծառայության անցնելու դեպքերի:

4. Դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության իրավունք:

5. Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տրամադրվում է տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում: Փոխհատուցման տրամադրման կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանում է Կառավարությունը:

6. Դատավորն օգտվում է նաև հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից:

7. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված երաշխիքները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի վրա:

 

Հոդված 58.

Դատավորի արձակուրդը

 

1. Դատավորն ունի ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ:

2. Դատավորին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատարանի բնականոն գործունեության իրականացումը:

3. Դատավորին ամենամյա հերթական արձակուրդ կարող է տրամադրվել մասերով, բայց ոչ ավելի, քան երեք մասով:

4. Դատարանի նախագահը մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը հաստատում է դատավորների ամենամյա հերթական արձակուրդի ժամանակացույցը և հրապարակում դատական իշխանության պաշտոնական կայքում:

5. Հաստատված ժամանակացույցին չհամապատասխանող ժամանակահատվածում արձակուրդ տրամադրելու և դրա պատճառների մասին տվյալ դատարանի նախագահն իրազեկում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:

6. Անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով` դատարանի նախագահը դատավորին կարող է տրամադրել չվճարվող արձակուրդ՝ տարեկան հանրագումարային մինչև 20 աշխատանքային օր տևողությամբ, իսկ ավելի երկար ժամկետով՝ Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ:

7. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատավորն ունի մինչև 30 աշխատանքային օր տևողությամբ չվճարվող արձակուրդի իրավունք:

8. Արձակուրդի տրամադրման հետ կապված վեճերը լուծում է Բարձրագույն դատական խորհուրդը:

9. Դատավորին արձակուրդ տրամադրելու կարգը սահմանվում է Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ:

(58-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 59.

Դատավորի` կրթական ծրագրերին մասնակցելու իրավունքը

 

1. Դատավորն իրավունք ունի մասնակցելու կրթական ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների:

2. Աշխատանքային ժամերին կրթական ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների մասնակցելու կապակցությամբ տարեկան ոչ ավելի, քան մինչև հինգ օր տևողությամբ բացակայելու համաձայնությունը տալիս է դատարանի նախագահը: Դրանից ավելի ժամկետով համաձայնություն ստանալու համար դատավորը՝ դատարանի նախագահի համաձայնությամբ, դիմում է Ուսումնական հարցերի հանձնաժողով:

3. Դատավորին այլ կրթական ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների մասնակցելու համաձայնությունը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատարանի բնականոն գործունեության իրականացումը:

4. Այն դեպքում, երբ դատավորն ստացել է դատարանի նախագահի կամ Ուսումնական հարցերի հանձնաժողովի համաձայնությունը, այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ դատավորի բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ:

5. Համաձայնություն չտրամադրելու հետ կապված վեճերը լուծում է Բարձրագույն դատական խորհուրդը:

 

Հոդված 60.

Դատավորի անձնական գործը

 

1. Դատական դեպարտամենտը յուրաքանչյուր դատավորի վերաբերյալ կազմում և վարում է անձնական գործ:

2. Դատավորի անձնական գործը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) տեղեկություններ` դատավորի անվան, ազգանվան, ծննդյան տարեթվի, մշտական բնակության վայրի, կրթության և օտար լեզուների իմացության մասին,

2) դատավորի նշանակման մասին ակտի պատճենը կամ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հայտարարությունը՝ իրավունքի ուժով դատավորի նշանակված լինելու մասին, դատավորի ստորագրած երդման տեքստը.

3) տեղեկություններ` Արդարադատության ակադեմիայում ուսանելու ընթացքում առաջադիմության և դատարանում փորձաշրջանի ընթացքի վերաբերյալ.

4) տեղեկություններ` դատավորի պաշտոնում աշխատելու ժամանակ դատավորի անցած վերապատրաստման դասընթացների և ժամաքանակի վերաբերյալ.

5) դատավորի նկատմամբ կարգապահական և լիազորությունների դադարեցման վարույթ հարուցելու, վարույթը կարճելու, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, դատավորին պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու կամ դադարելու վերաբերյալ փաստաթղթերի պատճենները.

6) դատավորի գործունեության գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումները և դրանց նախագծերի վերաբերյալ դատավորի նկատառումները:

3. Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել անձնական գործում ներառվող այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններն արդյունավետ իրականացնելու համար:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-6-րդ կետերում և 3-րդ մասում նշված, ինչպես նաև դատավորի մշտական բնակության վայրի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Դատավորից բացի, իրենց լիազորություններն իրականացնելիս նրա անձնական գործին իրավունք ունեն ծանոթանալու Հանրապետության նախագահը, դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը և Բարձրագույն դատական խորհուրդը:

 

Հոդված 61.

Դատավորի աշխատակազմը

 

1. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական և գործավար:

2. Վճռաբեկ դատարանի պալատի դատավորը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ունեն օգնականներ:

3. Օգնականի պաշտոնը պետական հայեցողական պաշտոն է, որի պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով: Դատավորի օգնականի անմիջական ղեկավարը համապատասխան դատավորն է:

4. Դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված` լրացուցիչ օգնական և գործավար ներգրավելու դեպքերը և կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը։

(61-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-75-Ն)

 

Հոդված 62.

Դատավորի ծառայողական վկայականը

 

1. Դատավորին պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածի համար՝ Հանրապետության նախագահը, իսկ իրավունքի ուժով նշանակված լինելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը տալիս է ծառայողական վկայական:

2. Վճռաբեկ դատարանի նախագահի ծառայողական վկայականը տալիս է Ազգային ժողովի նախագահը:

 

Հոդված 63.

Դատավորի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները

 

1. Դատավորն ունի հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Դատավորը և նրա ընտանիքի անդամները պետության հատուկ պաշտպանության ներքո են: Դատավորի, նրա ընտանիքի անդամների, նրա զբաղեցրած բնակելի և աշխատանքային տարածքների, այլ գույքի անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ դրա սպառնալիքի դեպքում դատավորը հաղորդում է իրավասու պետական մարմիններին և Բարձրագույն դատական խորհրդին: Իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ դատավորի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և աշխատանքային տարածքների, այլ գույքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, որի վերաբերյալ տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդին:

 

Հոդված 64.

Դատավորի գործուղման և արտագնա նիստերի հետ կապված ծախսերը

 

1. Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցվում են Կառավարության սահմանած կարգով և չափով:

 

Հոդված 65.

Դատավորի անհապաղ ընդունելության իրավունքը

 

1. Դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և մյուս անդամների մոտ:

 

ԳԼՈՒԽ 12

ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 66.

Դատավորի վարքագծի կանոնները և դրանց նպատակը

 

1. Դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար:

2. Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են նաև Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների, դատավորի թեկնածուի հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց, ինչպես նաև դատարանի աշխատակազմի համար այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:

3. Դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

4. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-197-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-197-Ն)

(66-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 67.

Վարքագծի կանոնները պահպանելու պարտականությունը

 

1. Դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

2. Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով այլ դատավորների և դատարանի աշխատակազմի կողմից դրանց պահպանմանը:

3. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-75-Ն)

(67-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-75-Ն)

 

Հոդված 68.

Դատավորի էթիկայի կանոնները

 

1. Ընդհանուր ժողովը սահմանում է դատավորի էթիկայի կանոններ, որոնք ներառվում են դատավորների վերապատրաստման ծրագրերում:

2. Դատավորի էթիկայի կանոնները դատավորի անձնական և վարքագծային սահմանափակումներ են, որոնք դատավորն ընդունում է գիտակցաբար և ինքնակամ՝ նպատակ ունենալով բարձր պահել դատավորի և դատական իշխանության հեղինակությունը, ապահովել իր արդարամտության, բարեկրթության և հավասարակշռվածության հասարակական ընկալումը:

3. Էթիկայի կանոնների խախտումը չի կարող հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք:

 

Հոդված 69.

Դատավորի վարքագծի ընդհանուր կանոնները

 

1. Ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝

1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց.

2) չօգտագործել կամ թույլ չտալ այլ անձանց օգտագործելու իր՝ դատավորի պաշտոնի հեղինակությունը` ի շահ իրեն կամ այլ անձի.

3) դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն.

4) զերծ մնալ մեկ այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելուց.

5) զերծ մնալ դատավորի մասնագիտական և անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց.

6) զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի.

7) զերծ մնալ որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ կամ կողմի օրինական ներկայացուցիչ.

8) զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը.

9) արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու վերաբերյալ անհապաղ հայտնել Բարձրագույն դատական խորհրդին.

10) հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց.

11) պահպանել սույն օրենսգրքով սահմանված՝ նվեր ընդունելու սահմանափակումները.

12) չնախաձեռնել, թույլ չտալ և հաշվի չառնել առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա փաստաբանի մասնակցության (“ex parte” (էքս պարտե), այսուհետ՝ ընդդիմազերծ) դատավարության մյուս կողմի կամ նրա փաստաբանի հետ շփումները, իսկ դատավորի կամքից անկախ ընդդիմազերծ շփումներ տեղի ունենալու դեպքում առաջին իսկ հնարավորության պարագայում հայտնել դրանց բովանդակությունն այն կողմին, որը մասնակից չի եղել այդ շփումներին` հնարավորություն տալով արձագանքելու: Սույն կանոնից բացառությունները թույլատրելի են միայն հետևյալ դեպքերում.

ա. երբ հանգամանքների բերումով ընդդիմազերծ շփումներն անհրաժեշտ են կազմակերպական նպատակներով, ինչպես օրինակ` դատական նիստի ամսաթիվը և ժամը համաձայնեցնելու կամ դատավարության կազմակերպման այլ դեպքերում, և այն պայմանով, որ շփումները չեն վերաբերում գործի էությանը, դրանց արդյունքում դատավարության կողմերից մեկը չի ստանում դատավարական կամ այլ առավելություն մյուս կողմի նկատմամբ, և դատավորն առաջին իսկ հնարավորության պարագայում հայտնում է այդ շփումների բովանդակությունը մյուս կողմին՝ նրան հնարավորություն տալով արձագանքելու,

բ. երբ դատավորի կողմից միակողմանի շփումներ իրականացնելն ուղղակիորեն նախատեսված է օրենքով.

13) չնախաձեռնել և թույլ չտալ վերադաս այն դատարանի դատավորի հետ խորհրդակցելը, որին տվյալ գործով կարող է ներկայացվել բողոք, ինչպես նաև այն դատավորի հետ, որն ինքնաբացարկ է հայտնել տվյալ գործով.

14) երբ դատավորը կիրառման ենթակա իրավունքի վերաբերյալ հարցերով խորհրդակցելու համար դիմում է գործի ելքում չշահագրգռված մասնագետի (բացառությամբ այլ դատավորի, ինչպես նաև դատարանի աշխատակազմի այն աշխատակիցների, որոնց գործառույթը դատավորին արդարադատություն իրականացնելիս օժանդակելն է), ապա դատավորն առաջին իսկ հնարավորության պարագայում պարտավոր է կողմերին տեղեկացնել այդ մասնագետի ինքնության, ներկայացված հարցի վերաբերյալ ստացված կարծիքի մասին և հնարավորություն տալ նրանց այդ կապակցությամբ ներկայացնելու իրենց դիրքորոշումը.

15) ներկայացնել գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան և այդ օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ.

16) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել պատշաճ նյութեր կամ պարզաբանումներ, որոնք հաստատում են, որ իր գույքի փոփոխությունը (գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը կամ ծախսը) ողջամտորեն հիմնավորվում է օրինական եկամուտներով, կամ իր մոտ առկա չէ չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրը օրինական է և արժանահավատ:

(69-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն, փոփ., լրաց. 19.01.21 ՀՕ-56-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(19.01.21 ՀՕ-56-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 70.

Դատավորի վարքագծի կանոններն ի պաշտոնե գործելիս

 

1. Արդարադատության և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման հետ կապված դատավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ:

2. Ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝

1) քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր.

2) դատական ակտերը կայացնելիս լինել ինքնուրույն.

3) լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց.

4) պահպանել ներքին աշխատանքային կարգապահության կանոնները.

5) հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե.

6) առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը.

7) թույլ չտալ շահերի բախում, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն.

8) արդարադատության և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումից զատ, այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

9) մասնակցել պարտադիր վերապատրաստման ծրագրերին.

10) ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումը.

11) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-75-Ն)

12) դատական նիստերը վարել պատմուճանով.

13) չմիջամտել դատական նիստերի ձայնագրման համակարգի աշխատանքին.

14) զերծ մնալ այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք ողջամտության սահմաններում կարող են ստեղծել ինքնաբացարկի հիմքեր.

15) մասնակցել Ընդհանուր ժողովի, իսկ Ընդհանուր ժողովի հանձնաժողովի անդամ լինելու դեպքում՝ այդ հանձնաժողովի նիստերին.

16) տեղյակ պահել համապատասխանաբար՝ փաստաբանների պալատին կամ գլխավոր դատախազին փաստաբանի կամ դատախազի կողմից վարքագծի կանոնների այնպիսի խախտման մասին, որը կասկածի տակ է դնում այդ փաստաբանի կամ դատախազի ազնվությունը.

17) զանգվածային լրատվության միջոցների հետ շփումներն իրականացնել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կանոններին համապատասխան:

3. Ի լրումն սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարքագծի կանոնների` դատարանի նախագահը և Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը պարտավոր են լիարժեք և պատշաճ կատարել սույն օրենսգրքով համապատասխանաբար դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված լիազորությունները:

(70-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-75-Ն, խմբ., լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ) 

 

Հոդված 71.

Դատավորի ինքնաբացարկը

 

1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

2. Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.

2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է եղել այն հանգամանքներին, որոնք վիճարկվում են գործի քննության ընթացքում.

3) դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում.

4) դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ.

5) դատավորը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ.

6) դատավորը պաշտոն է զբաղեցնում ոչ առևտրային կազմակերպությունում, և գործով կարող են շոշափվել այդ կազմակերպության շահերը:

3. Սույն հոդվածի իմաստով` տնտեսական շահ հասկացությունը չի ընդգրկում`

1) ներդրումային կամ կենսաթոշակային ֆոնդի կամ այլ անվանական սեփականատիրոջ միջոցով բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր կառավարելը, եթե դատավորը չգիտի այդ մասին,

2) բանկում ավանդ ունենալը, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը, վարկային կամ խնայողական միության մասնակից հանդիսանալը, եթե գործի ելքի արդյունքով այդ կազմակերպության վճարունակությանն էական վտանգ չի սպառնա,

3) Հայաստանի Հանրապետության, համայնքի կամ Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը:

4. Դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը ենթակա է արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:

 

Հոդված 72.

Դատավորի ոչ դատական գործունեությունից ստացվող վճարները

 

1. Դատավորին գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց դատավոր չհանդիսացող անձը կարող էր հավակնել:

2. Սույն հոդվածի 1-ին մասի կանոններին համապատասխան իրականացվող գործունեության համար դատավորը կարող է ստանալ ծախսերի հատուցում, եթե նման հատուցումը ողջամտորեն չի կարող ընկալվել որպես իր պաշտոնեական պարտականությունների իրականացման հետ կապված դատավորի վրա ներգործությանը նպատակաուղղված:

 

Հոդված 73.

Դատավորի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները

 

1. Դատավորը չպետք է նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա: Դատավորը պետք է ձգտի զերծ պահել իր ընտանիքի անդամներին և իր հետ բնակվող այլ մերձավոր ազգականների այդպիսի գործողություններից:

2. Սույն օրենսգրքի իմաստով՝ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի, և ընդգրկում է նաև ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը և այլ գործողություններ, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն:

3. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում՝

1) դատավորի հետ բնակվող մերձավոր ազգականի կողմից իր ձեռնարկատիրական, մասնագիտական կամ այլ բնույթի գործունեության կամ անձնական հարաբերությունների կապակցությամբ ստացված նվերի վրա, այդ թվում` այն նվերի, որը կարող է օգտագործել նաև դատավորը, սակայն պայմանով, որ նման նվերը չի կարող ողջամտորեն ընկալվել որպես դատավորի պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված.

2) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի վրա, որը տրվել է հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի հետևանքով.

3) ֆինանսական կազմակերպություններից սովորական կամ ընդհանուր պայմաններով ստացված փոխառության վրա:

4. Դատավորի համար թույլատրելի նվերներ են համարվում`

1) հրապարակային կամ արարողակարգային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերները,

2) կենցաղային հյուրընկալության դեպքում տրվող նվերները, եթե դրանք իրենց բնույթով համապատասխանում են կենցաղային հյուրընկալության ժամանակ սովորաբար տրվող նվերներին,

3) մերձավոր ազգականից ստացված նվերները,

4) բարեկամից ստացված նվերները, եթե նվերն էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին:

5. Եթե սույն հոդվածով թույլատրելի համարվող նվերները (բացառությամբ մերձավոր ազգականից ստացված նվերների), որոնք ստացվել են նույն անձից, իրենց արժեքով գերազանցում են վաթսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը կամ օրացուցային տարում գերազանցում են երկու հարյուր քառասուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը, ապա դատավորը պարտավոր է դրա մասին տասնօրյա ժամկետում հայտնել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Եթե Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն ստացված նվերը (նվերները) գնահատում է որպես սույն հոդվածով թույլատրելի չհամարվող, ապա մեկշաբաթյա ժամկետում տեղեկացնում է այդ մասին դատավորին: Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից ծանուցումն ստանալու պահից կիրառելի են սույն հոդվածի 7-րդ մասի կանոնները:

6. Եթե դատավորին հայտնի է դառնում, որ իր մերձավոր ազգականին տրվել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես դատավորի պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա նա պարտավոր է այդ մասին տեղեկություն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայտնել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:

7. Եթե դատավորը ստացել է սույն հոդվածով թույլատրելի չհամարվող նվեր, ապա նա պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվերն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա նա պարտավոր է նվերն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ Կառավարության սահմանած կարգով:

(73-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ԳԼՈՒԽ 13

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

 

Հոդված 74.

Դատավորների ընդհանուր ժողովի կարգավիճակը և գործունեության կարգը

 

1. Ընդհանուր ժողովը դատավորների ինքնակառավարման մարմին է։

2. Ընդհանուր ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից, որոնք ի պաշտոնե Ընդհանուր ժողովի անդամներ են:

3. Հերթական Ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ Ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ Ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: Նախաձեռնողն առաջարկում է օրակարգում ընդգրկվող հարցը:

4. Ընդհանուր ժողովը վարում է Վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Վճռաբեկ դատարանի նախագահին փոխարինող անձը:

5. Ընդհանուր ժողովը.

1) քննարկում և Բարձրագույն դատական խորհուրդ և այլ իրավասու պետական մարմիններ է ներկայացնում դատարանների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ.

2) ձևավորում է Էթիկայի և կարգապահական, Ուսումնական հարցերի, ինչպես նաև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովներ և իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար՝ աշխատանքային խմբեր.

3) հաստատում է իր, հանձնաժողովների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև աշխատանքային խմբերի գործունեության կարգը.

4) ընտրում և առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավոր անդամների թեկնածությունները.

5) ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին.

6) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը և տրամադրման կարգը.

7) սահմանում է դատավորի էթիկայի կանոնները.

8) քննարկում է դատարանների աշխատակազմերի տարեկան գործունեության վերաբերյալ Դատական դեպարտամենտի հաղորդումը.

9) իրականացնում է այլ գործառույթներ:

6. Ընդհանուր ժողովը և հանձնաժողովները գործում են Ընդհանուր ժողովի հաստատած գործունեության կարգին համապատասխան:

7. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

8. Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով:

9. Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Ընդհանուր ժողովի որոշմամբ:

10. Ընտրություններն իրականացվում են գաղտնի քվեարկությամբ:

11. Քվեարկությունը կազմակերպելու, դրա արդյունքներն ամփոփելու, քվեաթերթիկները կազմելու կարգը և քվեաթերթիկի ձևը սահմանվում են Ընդհանուր ժողովի գործունեության կարգով:

12. Քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու և քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով՝ կազմված հինգ անդամից, որոնց ընտրում է Ընդհանուր ժողովը: Հաշվիչ հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է Ընդհանուր ժողովի գործունեության կարգով:

13. Ընդհանուր ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում Ընդհանուր ժողովում հրապարակվելու պահից, եթե այլ բան սահմանված չէ Ընդհանուր ժողովի որոշմամբ:

(74-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 75.

Ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության կարգը

 

1. Դատավորը կարող է առաջադրվել որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու՝ ինքնաառաջադրման կամ այլ դատավորի կողմից իր համաձայնությամբ առաջադրվելու եղանակով, եթե համապատասխանում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված պահանջներին:

2․ Քվեարկության համար յուրաքանչյուր թափուր տեղի համար կազմվում է առանձին քվեաթերթիկ, որում ներառվում են Սահմանադրական դատարանի դատավորի համապատասխան թափուր տեղի համար առաջադրված բոլոր թեկնածուները:

3. Յուրաքանչյուր թափուր տեղի համար քվեարկելիս Ընդհանուր ժողովի մասնակիցն ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր:

4. Ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայները:

5. Եթե քվեարկության արդյունքով որևէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է դատավորի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:

6. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Ընդհանուր ժողովի յուրաքանչյուր մասնակից ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելի ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն:

7. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրված թեկնածուին Ընդհանուր ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով մեկ օրվա ընթացքում առաջարկում է Ազգային ժողովին:

8․ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր երկու և ավելի տեղի համար թեկնածուների ընտրությունները կարող են անցկացվել միաժամանակ՝ սույն հոդվածով նախատեսված կարգով:

(75-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.06.20 ՀՕ-310-Ն)

 

Հոդված 76.

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների ընտրության կարգը

 

1. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովը՝ բոլոր ատյանների դատարանների դատավորներից հետևյալ համամասնությամբ.

1) Վճռաբեկ դատարանից՝ մեկ անդամ,

2) վերաքննիչ դատարաններից՝ մեկ անդամ,

3) առաջին ատյանի դատարաններից՝ երեք անդամ, ընդ որում՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից` առնվազն մեկ անդամ:

2. Բարձրագույն դատական խորհրդում պետք է ներկայացված լինեն բոլոր մասնագիտացումների դատավորները:

3. Բարձրագույն դատական խորհրդում դատավոր անդամների սեռերի ներկայացվածության նպատակով միևնույն սեռի ներկայացուցիչների թվակազմը հնարավորին չափ պետք է սահմանափակվի առավելագույնը երեք անդամով, բացառությամբ սույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով նախատեսված դեպքերի:

4. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրելու նպատակով Դատական դեպարտամենտի ղեկավարը Ընդհանուր ժողովի նիստից առնվազն մեկ ամիս առաջ քվեաթերթիկներում ներառում է բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված պահանջները, եթե նրանց ընտրվելն ինքնին չի խախտի սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները: Եթե առաջին ատյանի, վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում համապատասխանաբար չկան նման թեկնածուներ, ապա քվեաթերթիկում ներառվում են բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված պահանջները, եթե նրանց ընտրությունն ինքնին չի խախտի սույն հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված պահանջները:

5. Դատական դեպարտամենտի ղեկավարը դատավորի թեկնածությունը քվեաթերթիկում ներառելու մասին անհապաղ ծանուցում է համապատասխան թեկնածուին:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, թեկնածուն կարող է դիմում ներկայացնել Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ պահանջելով իր անունը չներառել քվեաթերթիկում:

6.1. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դիմումը չներկայացնելու դեպքում նույն մասով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, թեկնածուն Դատական դեպարտամենտի ղեկավարին է ներկայացնում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը (այսուհետ՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ):

6.2. Հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, Դատական դեպարտամենտի ղեկավարը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տասնօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

6.3. Դատական դեպարտամենտի ղեկավարը թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո այն տրամադրում է Ընդհանուր ժողովի անդամներին Ընդհանուր ժողովի նիստից առնվազն երեք օր առաջ:

7. Քվեարկությունն անցկացվում է առանձին քվեաթերթիկներով՝ ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված դատական ատյանների:

8. Յուրաքանչյուր ատյանի դատարանների քվեաթերթիկով քվեարկելիս Ընդհանուր ժողովի մասնակիցն ունի համապատասխան ատյանի դատարանի յուրաքանչյուր թափուր տեղի հաշվարկով մեկ ձայնի իրավունք:

9. Քվեարկության արդյունքներն ամփոփում է հաշվիչ հանձնաժողովը:

10. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի պաշտոնում ընտրված են համարվում համապատասխան քվեաթերթիկից, թափուր տեղերի քանակին համապատասխան, Ընդհանուր ժողովի մասնակիցների առավելագույն ձայներ ստացած թեկնածուները, եթե դրա արդյունքով չեն խախտվում սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները: Եթե յուրաքանչյուր տեղի համար առավելագույն ձայներ են ստացել մեկից ավելի թեկնածուներ, ապա առավելություն է տրվում այն թեկնածուին, որն ունի դատավորի ավելի երկար փորձառություն, իսկ եթե փորձառության տևողությունը նույնպես հավասար է՝ այն թեկնածուին, որն ունի ավելի երկար մասնագիտական աշխատանքի փորձառություն:

11. Եթե առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ընտրված համարվելու դեպքում խախտվում են սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները, ապա այդ պահանջներից որևէ մեկը խախտող` նվազագույն գործակից ստացած թեկնածուի փոխարեն ընտրված է համարվում նույն ատյանի դատարանի թեկնածուներից այն առավելագույն գործակից ունեցող թեկնածուն, որի ընտրության պարագայում չեն խախտվում սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները: Եթե այդպիսի թեկնածու չկա, ապա դիտարկվում է առավելագույն ձայներ ստացած թեկնածուներից հաջորդ նվազագույն գործակից ստացած թեկնածուի փոխարինման հարցը և այդպես շարունակ, մինչև չապահովվեն սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները:

12. Եթե բոլոր առավելագույն ձայներ ստացած թեկնածուների փոխարինումը սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված գործընթացով դիտարկումից հետո սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները, միևնույն է, խախտվում են, ապա գործընթացը կրկնվում է՝ սեռերի ներկայացվածությունը սահմանափակելով չորս անդամով:

13. Եթե սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված գործընթացի հետևանքով չի հաջողվում լրացնել թափուր տեղերը, ապա սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված գործընթացը մեկ անգամ ևս կրկնվում է՝ առանց դիտարկելու սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը: Եթե կրկնության դեպքում դարձյալ չի հաջողվում լրացնել թափուր տեղերը, ապա իրականացվում է նոր ընտրություն:

14. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո դրանք անհապաղ հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում:

15. Քվեարկության կազմակերպման մանրամասները սահմանվում են Ընդհանուր ժողովի գործունեության կարգով:

16. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված գործակիցը յուրաքանչյուր թեկնածուի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

գործակից = a x b/c,

 

որտեղ`

a - համապատասխան քվեաթերթիկում ընդգրկված թեկնածուների քանակն է,

b - թեկնածուի ստացած ձայների քանակն է,

c - համապատասխան քվեաթերթիկով ընտրության ենթակա թափուր տեղերի քանակն է:

(76-րդ հոդվածը լրաց., խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 77.

Ընդհանուր ժողովի հանձնաժողովների ձևավորումը

 

1. Ընդհանուր ժողովը ձևավորում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով և Ուսումնական հարցերի հանձնաժողով:

2. Հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով իրենց վերապահված գործառույթները:

3. Դատարանների նախագահները, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները և Բարձրագույն դատական խորհրդի անդամները չեն կարող լինել Ընդհանուր ժողովի` սույն օրենսգրքով նախատեսված հանձնաժողովների անդամներ: Նույն անձը միաժամանակ չի կարող լինել Ընդհանուր ժողովի երկու հանձնաժողովի անդամ:

4. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը կազմված է ութ անդամից, որոնցից վեցը` դատավոր անդամներ, իսկ երկուսը` դատավոր չհանդիսացող անդամներ: Դատավոր անդամներից երկուսն ընտրվում են մասնագիտացված դատարանների դատավորներից, երկուսը` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից՝ համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ, մեկը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներից:

5. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամների թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրման կամ այլ դատավորի կողմից թեկնածուի համաձայնությամբ առաջադրվելու եղանակով:

6. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովը` գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով:

7. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներն առաջադրվում են սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

8. Որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով, ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, որևէ կուսակցության անդամ չէ, և նրա նկատմամբ առկա չեն սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված թեկնածուներին ներգրավելու նպատակով Դատական դեպարտամենտը Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր անդամների ընտրությունից առնվազն երեսուն օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում մեկական թեկնածու կարող են առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունները։ Թեկնածուների կենսագրությունները և նրանց ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում։ Սույն մասով նախատեսված հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

10. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովը քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ՝ չորս տարի ժամկետով։ Ընտրության ժամանակ հաշվի են առնվում թեկնածուի կրթությունը, նրա՝ սույն հոդվածով սահմանված պահանջներին և նրան ներկայացրած կազմակերպության՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջներին համապատասխանությունը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ։

11. Ուսումնական հարցերի հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որոնցից հինգը` դատավոր անդամներ, երկուսը` դատավոր չհանդիսացող անդամներ: Դատավոր անդամներից մեկը ընտրվում է Վճռաբեկ դատարանի դատավորներից, երկուսը` վերաքննիչ դատարանների դատավորներից, երկուսը՝ առաջին ատյանի դատարանների դատավորներից:

12. Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ կարող է ընտրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:

13. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որոնցից երեքը` դատավոր անդամներ, երկուսը` իրավաբան գիտնականներ: Դատավոր անդամներից մեկն ընտրվում է Վճռաբեկ դատարանի դատավորներից, մեկը` վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը` առաջին ատյանի դատարաններից:

14. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել այն դատավորը, որն ունի դատավորի պաշտոնում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ և գործունեությունը գնահատված լինելու դեպքում` գնահատման վերջին արդյունքներով՝ բարձր կամ լավ գնահատական:

15. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:

16. Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամների թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրման կամ այլ դատավորի կողմից թեկնածուի համաձայնությամբ առաջադրվելու, իսկ դատավոր չհանդիսացող անդամները` նաև սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվելու եղանակով:

17. Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամներին, Ընդհանուր ժողովի հաստատած գործունեության կարգին համապատասխան, ընտրում է Ընդհանուր ժողովը` գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով։

18. Ընդհանուր ժողովի կողմից սույն հոդվածով նախատեսված հանձնաժողովների` դատավոր չհանդիսացող անդամների պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, հանձնաժողովի անդամ չընտրելու դեպքում նրանց ընտրում է Բարձրագույն դատական խորհուրդը տասնօրյա ժամկետում:

19. Հանձնաժողովների՝ դատավոր չհանդիսացող անդամին վճարվում է հատուցում՝ Կառավարության սահմանած կարգով և չափով:

(77-րդ հոդվածը խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն, փոփ. 14.04.21 ՀՕ-331-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 77.1. Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների լիազորությունների դադարումը և դադարեցումը

 

1. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են՝

1) նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում.

2) հրաժարական ներկայացնելու դեպքում.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող ճանաչվելու կամ մահացած հայտարարվելու դեպքում.

4) նրա նկատմամբ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կայացվելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու դեպքում.

5) նրա մահվան դեպքում.

6) դատավոր անդամի պարագայում՝ որպես դատավոր՝ լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում:

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են՝

1) երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից բացակայելու դեպքում.

2) մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի նիստերից անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ բացակայելու դեպքում.

3) առնվազն մեկ անգամ քվեարկությունից հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու դեպքում, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված քվեարկությանը մասնակցությունը բացառող դեպքերի.

4) օրենքով և Հանձնաժողովի աշխատակարգով նախատեսված իր պարտականությունները չկատարելու դեպքում:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար Հանձնաժողովի նախագահի կողմից նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է Հանձնաժողովի առնվազն երեք անդամի կողմից: Հանձնաժողովը կայացնում է որոշում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:

4. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են նրա՝ որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարման կամ դադարեցման, ինչպես նաև նրա՝ Հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու դեպքում: Հանձնաժողովի նախագահի կողմից իր պարտականությունները չկատարելը հիմք է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ նրա լիազորությունները դադարեցնելու համար։

5. Հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանձնաժողովի նախագահը յոթնօրյա ժամկետում դիմում է Վճռաբեկ դատարանի նախագահին՝ արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու և հանձնաժողովի նոր անդամի ընտրությունը կազմակերպելու համար: Արտահերթ Ընդհանուր ժողով պետք է հրավիրվի Հանձնաժողովի նախագահի դիմումն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:

(77.1-ին հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 78.

Ընդհանուր ժողովի հանձնաժողովների գործառույթները և գործունեությունը

 

1. Յուրաքանչյուր հանձնաժողով իր դատավոր անդամների կազմից հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:

2. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝

1) դատավորի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ.

2) իրականացնում է սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ գործառույթներ:

3. Ուսումնական հարցերի հանձնաժողովը՝

1) հաստատում է դատավորների վերապատրաստման կարգը.

2) դատավորի թեկնածուների հավակնորդների գնահատման համար առաջարկում է դատավորի թեկնածություն՝ նրա համաձայնությամբ.

3) դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ուսուցման ծրագրերում ներառելու նպատակով Արդարադատության ակադեմիա է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ.

4) Արդարադատության ակադեմիա է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա անձանց ցուցակը՝ առարկայական կուրսերի ընտրության նշումով.

5) սահմանում է դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ուսումնառության ժամաքանակը.

6) Արդարադատության ակադեմիային առաջարկում է դատավորների թեկնածուների հավակնորդների փորձաշրջանի ղեկավարներ.

7) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ գործառույթներ:

4. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը՝

1) իրականացնում է դատավորների գործունեության գնահատումը.

2) սույն օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ դատավորի վարքագծի կանոնների խախտում (այդ թվում՝ էական կարգապահական խախտում) հայտնաբերելու դեպքում դիմում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար.

3) իրականացնում է սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ գործառույթներ:

(78-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(78-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ է մտնում 31.07.20-ին` Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորման պահից, համաձայն ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 31.07.20 N-04Ա որոշման)

 

ԲԱԺԻՆ 3

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ԳԼՈՒԽ 14

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 79.

Բարձրագույն դատական խորհուրդը

 

1. Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

 

Հոդված 80.

Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները

 

1. Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կազմված է տասն անդամից:

2. Սահմանադրության 174-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է լինել դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորը:

3. Սույն օրենսգրքի իմաստով՝ դատավորի փորձառություն է համարվում նաև Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում պաշտոնավարումը:

4. Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող լինել դատարանի նախագահ կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ: Ընդհանուր ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի ընտրվելու դեպքում նրա՝ որպես դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունները դադարում են:

5. Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն:

6. Սույն հոդվածի իմաստով՝ մասնագիտական աշխատանքի փորձառություն է իրավունքի ոլորտում իրականացված մասնագիտական գործունեությունը:

7. Անձը կարող է ներկայացնել իր՝ հեղինակավոր իրավաբան հանդիսանալու հանգամանքի վերաբերյալ նյութեր:

8. Դատավորը Ազգային ժողովի կողմից չի կարող ընտրվել որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

9. Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:

 

Հոդված 81.

Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգը

 

1. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովը՝ սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Բարձրագույն դատական խորհրդի մյուս անդամներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով ընտրում է Ազգային ժողովը:

3. Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս, և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից հետո՝ մեկօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմում է համապատասխանաբար Ընդհանուր ժողով կամ Ազգային ժողով:

4. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամն ընտրվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանուցումն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում: Բարձրագույն դատական խորհրդի` Ընդհանուր ժողովի կողմից ընտրվող դատավոր անդամի ընտրության համար Ընդհանուր ժողովի նիստը գումարվում է այն ժամկետում, որ ապահովվի Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների վերաբերյալ սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 6.3-րդ մասով սահմանված ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության տրամադրումը Ընդհանուր ժողովի անդամներին:

5. Եթե Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամի պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում չի ընտրում Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրա ընտրությունը Հանրապետության նախագահը տասնհինգօրյա ժամկետում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է բավարարի Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամին ներկայացվող պահանջները:

6. Բարձրագույն դատական խորհրդի նոր դատավոր անդամի ընտրությունը կատարվում է սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջներին համապատասխան:

7. Եթե Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամը տեղափոխվում է այլ դատարան կամ ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ, ապա նա շարունակում է պաշտոնավարել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում:

Ներմուծեք նկարագրությունը_21507 (81-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 82.

Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը և երդումը

 

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի:

2. Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամները` Ազգային ժողովում, Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամները Ընդհանուր ժողովի նիստում հանդիսավոր պայմաններում անհատական կարգով երդվում են. «Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը:»:

3. Երդումից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամն ստորագրում է երդման տեքստը:

4. Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամն իր պաշտոնն ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտի օրվանից, իսկ այլ հիմքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում՝ ընտրվելու օրվանից:

5. Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրվելու դեպքում համարվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորը ներկայացրել է հրաժարական, և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորություններն ստանձնելու օրվանից որպես դատավոր նրա լիազորությունները դադարում են:

 

Հոդված 83.

Բարձրագույն դատական խորհրդի` Ազգային ժողովի կողմից ընտրված անդամին ներկայացվող անհամատեղելիության պահանջները և նրա գործունեության երաշխիքները

 

1. Ազգային ժողովի կողմից ընտրված` Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը սահմանվում է օրենքով, և այն չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից:

3. Եթե անձը Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում, ապա Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտից հետո օրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկելիս համարվում է, որ նա կենսաթոշակի է անցել դատավորի պաշտոնից:

4. Եթե անձը Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում, և նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր ստացած վարձատրության չափը գերազանցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված վարձատրության չափը, ապա նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր ստացած վարձատրությունը պահպանվում է, իսկ պակաս լինելու դեպքում նա վարձատրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված չափով: Սույն մասով սահմանված երաշխիքը կիրառվում է նաև Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ:

5. Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կիրառվում են («mutatis mutandis») սույն օրենսգրքի 51-րդ, 53-55-րդ, 57-60-րդ, 62-64-րդ հոդվածները և 21-րդ գլխի կանոնները՝ այնքանով, որքանով կիրառելի են, և եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով:

6. Բարձրագույն դատական խորհրդի շենքում քննչական գործողություններ կատարելու նկատմամբ տարածվում են սույն օրենսգրքի 52-րդ հոդվածում ամրագրված դրույթները:

 

Հոդված 84.

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը

 

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:

2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են համապատասխանաբար Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված բոլոր անդամների թեկնածությունները:

3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Քվեարկության համար կազմվում է քվեաթերթիկ, որում ներառվում են բոլոր թեկնածուները:

5. Քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր:

6. Եթե քվեարկության արդյունքով որևէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

7. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:

8. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելի ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն:

9. Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է առանց վերընտրման իրավունքի` երկու տարի վեց ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:

10. Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի ընտրությունը կատարվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` տասնօրյա ժամկետում:

11. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրում և վարում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը, ստորագրում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդն այլ մարմինների հետ հարաբերություններում, ինչպես նաև իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ լիազորություններ:

12. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է նրա կողմից նշանակված Բարձրագույն դատական խորհրդի անդամը:

13. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ գտնվելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է տարիքով ավագ անդամը:

(84-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 85.

Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգապահական պատասխանատվությունը

 

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամին Բարձրագույն դատական խորհուրդը կարող է ենթարկել կարգապահական պատասխանատվության` սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար:

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա: Սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում և նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ է դիմում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

3. Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգապահական վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 19-րդ գլխի կանոնները՝ սույն հոդվածի պահանջների հաշվառմամբ:

(85-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 86.

Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը

 

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարման դեպքերն են՝

1) լիազորությունների ժամկետն ավարտվելը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը.

3) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելը.

4) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը.

5) նրա հրաժարականը.

6) նրա մահը.

7) դատավոր հանդիսանալու դեպքում՝ նրա լիազորությունների դադարեցումը կամ դադարումը:

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով:

3. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են`

1) անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքում.

2) քաղաքական գործունեությամբ զբաղվելու դեպքում.

3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ ավելի քան վեց ամիս օրացուցային տարվա ընթացքում իր պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում, բացառությամբ մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու հետ կապված պատճառներով, կամ ընտրվելուց հետո իր պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու դեպքում.

4) էական կարգապահական խախտում կատարելու դեպքում.

5) տարվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում.

6) առնվազն մեկ անգամ քվեարկությունից հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու դեպքում, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված քվեարկությանը մասնակցությունը բացառող դեպքերի.

7) առնվազն մեկ անգամ Բարձրագույն դատական խորհրդի նիստին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում:

4. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի կողմից:

5. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը կայացնում է որոշում:

6. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու կամ դադարելու դեպքում խորհրդի նախագահն անհապաղ դիմում է համապատասխանաբար Ազգային ժողով կամ Ընդհանուր ժողով՝ Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար:

7. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի լիազորությունները որպես դատավոր կասեցվելու դեպքում կասեցվում են նաև նրա՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները:

8. Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամի լիազորությունները կասեցվում են նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու դեպքում:

(86-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 87.

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունների դադարումը և դադարեցումը

 

1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունների դադարման դեպքերն են.

1) նրա՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը կամ դադարեցումը.

2) նրա՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականը:

2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից իր պարտականությունները չկատարելը հիմք է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ նրա լիազորությունները դադարեցնելու համար։

 

Հոդված 88.

Բարձրագույն դատական խորհրդի անդամի մասնակցությունը որոշումներ կայացնելուն

 

1. Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և որոշման կայացմանը, եթե այդ հարցով առկա է դատավորի ինքնաբացարկի հիմք:

3. Բարձրագույն դատական խորհրդի անդամը պարտավոր է ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի դառնալու պահից անհապաղ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել ինքնաբացարկ՝ շարադրելով ինքնաբացարկի հիմք հանդիսացող հանգամանքները:

4. Բարձրագույն դատական խորհրդի անդամը և վարույթի կողմը կարող են քննարկման առարկա դարձնել Բարձրագույն դատական խորհրդի անդամին բացարկ հայտնելու հարցը:

5. Բարձրագույն դատական խորհրդի նիստը նախագահողը քննարկման է ներկայացնում ինքնաբացարկի կամ բացարկի հարցը, որը քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամի մասնակցությամբ:

6. Հարցի քննարկման արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կայացնում է որոշում: Բարձրագույն դատական խորհրդի՝ ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամը, ինչպես նաև բացարկ հայտնած անդամը չեն մասնակցում ինքնաբացարկի կամ բացարկի հարցով քվեարկությանը:

7. Ինքնաբացարկի կամ բացարկի ընդունման դեպքում այդ անդամը չի մասնակցում այն հարցի քննությանը և որոշման կայացմանը, որի կապակցությամբ առկա է ինքնաբացարկի հիմք:

 

Հոդված 89.

Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները

 

1. Բարձրագույն դատական խորհուրդը`

1) կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները.

2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ՝ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին.

3) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին.

4) Ազգային ժողովին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների և նախագահի թեկնածուներին.

4.1) օրենքով սահմանված դեպքում և կարգով նշանակում (առաջադրում) է Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ (անդամ) մրցութային խորհուրդներում (մրցութային հանձնաժողովներում) և այլ մարմիններում.

5) լուծում է դատավորին մեկ այլ դատարան գործուղելու հարցը.

6) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.

7) լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.

8) լուծում է դատավորի լիազորությունների դադարեցման հարցը.

9) արձանագրում է դատավորի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող հանգամանքի առկայությունը.

10) հաստատում է իր, ինչպես նաև դատարանների ծախսերի նախահաշիվները.

11) իր և դատարանների բյուջետային հայտը ներկայացնում է Կառավարություն` օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.

12) հաստատում է իր և դատարանների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և սահմանված կարգով ներկայացնում Կառավարություն.

13) բաշխում է դատարանների պահուստային ֆոնդի միջոցները.

14) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.

15) լուծում է Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.

16) լուծում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի և նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը.

17) արձանագրում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող հանգամանքի առկայությունը.

18) քննարկում է դատարանի կամ դատավորի անկախությունը վտանգող ցանկացած հարց և իրավասու մարմիններից պահանջում է հարցի լուծման ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ.

18.1) քննարկում է դատարանների բնականոն գործունեության հարցերը, իր լիազորությունների շրջանակում լուծում դրանք կամ դրանց լուծման նպատակով դիմում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ.

18.2) պարբերաբար ամփոփում է դատական պրակտիկան և վիճակագրությունը և ամփոփման արդյունքների հիման վրա կազմում զեկույցներ.

19) իրավասու պետական մարմիններին առաջարկներ է ներկայացնում դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.

20) դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տալիս է կարծիք.

21) հաստատում է դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը դատարաններում շրջանառելու կարգը.

22) հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ իր և դատարանների փոխհարաբերության կանոնները.

23) հաստատում է դատարան փաստաթղթերի հանձնման, ըստ տեսակների՝ գործերի դասակարգման և դատարանների գործավարության այլ կանոններ.

24) Կառավարության համաձայնությամբ ավելացնում է առանձին դատարանների դատավորների թվակազմը, կրճատում է իր կողմից ավելացված դատավորների թվակազմը.

25) սահմանում է առաջին ատյանի դատարանների` սույն օրենսգրքով չսահմանված նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքը, հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը.

26) սահմանում է դատարանի նիստերի դահլիճի և դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման նկարագրությունը.

27) սահմանում է դատավորների ներքին աշխատանքային կարգապահության կանոնները, դատական կազմի բացակայող դատավորներին փոխարինելու կարգը.

28) սահմանում է գործերի քննության (այդ թվում՝ ըստ փուլերի) միջին տևողության ուղենիշային ժամկետներ՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության.

29) սահմանում է դատավորի ծանրաբեռնվածությունը հաշվարկելու կարգը, ինչպես նաև դատավորի ծանրաբեռնվածության չափորոշիչները.

30) սահմանում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների հերթապահություն սահմանելու կարգը.

31) հաստատում է Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և իրականացնում Դատական դեպարտամենտի հիմնադրի բոլոր լիազորությունները.

32) նշանակում և ազատում է Դատական դեպարտամենտի ղեկավարին.

33) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը, ինչպես նաև սահմանում է Դատական դեպարտամենտի հաստիքների քանակը.

34) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-75-Ն)

35) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-75-Ն)

36) հաստատում է դատական կարգադրիչների վերապատրաստում անցկացնելու կարգը.

37) դատական կարգադրիչների ուսուցման ծրագրերում ներառման նպատակով Արդարադատության ակադեմիա է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ.

38) սահմանում է դատական կարգադրիչների ուսումնառության ժամաքանակը.

39) սահմանում է դատական կարգադրիչներին որպես խրախուսանք շնորհվող կրծքանշանների տեսակները և ձևերը.

40) սահմանում է դատական կարգադրիչի կրծքանշանի տեսակները և ձևերը.

41) սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու և կրելու կարգը.

42) սահմանում է դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող քաղաքացիների երդման կարգը.

43) հաստատում է իր աշխատակարգը.

44) սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերի անցագրային կարգը և անվտանգության կանոնները.

44.1) դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների մասնակցության անհրաժեշտության դեպքում սահմանում է փորձագետների ներգրավման կարգը և նրանց ներկայացվող պահանջները.

45) իրականացնում է սույն օրենսգրքով սահմանված այլ լիազորություններ:

2. Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածի 1-ին մասի 22-րդ, 25-րդ, 34-36-րդ, 41-րդ և 44-րդ կետերով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաև մյուս լիազորությունների իրականացման ժամանակ նորմատիվ կարգավորում սահմանելիս ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

(89-րդ հոդվածը լրաց. 13.09.19 ՀՕ-181-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-75-Ն, լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն, խմբ. 18.09.20 ՀՕ-441-Ն, 03.02.21 ՀՕ-265-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-331-Ն, լրաց., փոփ. 09.02.22 ՀՕ-22-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ) 

(03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ԳԼՈՒԽ 15

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 90.

Բարձրագույն դատական խորհրդի նիստերը

 

1. Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

2. Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Բարձրագույն դատական խորհրդի նիստերը հրավիրում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, խորհրդի առնվազն երեք անդամների կամ դատարանի նախագահի պահանջով: Նախաձեռնողի կողմից առաջարկվում է օրակարգում ընդգրկվող հարցը:

4. Բարձրագույն դատական խորհրդի նիստերին խորհրդի նախագահի կամ անդամների առնվազն երեքի առաջարկությամբ կարող են հրավիրվել այլ անձինք:

5. Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնփակ են, եթե Բարձրագույն դատական խորհուրդը նիստերը դռնբաց անցկացնելու մասին որոշում չի կայացնում:

6. Որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանված որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:

(90-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 91.

Բարձրագույն դատական խորհրդի նիստերի գումարումը

 

1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի նիստ հրավիրում և անցկացնում է երկշաբաթյա ժամկետում` սկսած այն պահից, երբ ծագել է խորհրդի որոշում պահանջող հարց:

2. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու, ինչպես նաև դատավորի անկախությանն սպառնացող վտանգի առկայության դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերը գումարվում են անհապաղ, սակայն ոչ ուշ, քան խորհրդին դիմելու կամ տեղեկատվությունն ստանալու հաջորդ օրը:

3. Մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ Կառավարության սահմանած չափով և կարգով հատուցվում են գիշերավարձը, մարզից Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ինչպես նաև օրապահիկը:

4. Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի և վայրի մասին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետում ծանուցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին և հարցի քննարկմանը մասնակցող այլ անձանց: Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ նյութերը խորհրդի անդամներին Դատական դեպարտամենտը տրամադրում է հարցի քննարկումից առնվազն երկու օր առաջ, իսկ անհապաղ հարցերի քննարկման դեպքում՝ ոչ ուշ, քան նիստից անմիջապես առաջ:

 

Հոդված 92.

Բարձրագույն դատական խորհրդի նիստերի իրավազորությունը և նիստերի հետաձգումը

 

1. Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի մեծամասնության ներկայության դեպքում:

2. Որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։

3. Քվորում չլինելու դեպքում նիստը համարվում է չկայացած:

4. Բարձրագույն դատական խորհրդի նիստը կարող է հետաձգվել աշխատանքային օրն ավարտվելու դեպքում, բացառությամբ անհապաղ քննություն պահանջող հարցերի:

5. Բարձրագույն դատական խորհրդի նիստը հետաձգվում է նաև՝

1) հարցի վերաբերյալ նյութերը խորհրդի անդամներին սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ տրամադրելու դեպքում, եթե խորհրդի անդամը պնդում է այդ մասին.

2) հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքում:

 (92-րդ հոդվածը խմբ. 09.02.22 ՀՕ-22-Ն)

 

Հոդված 93.

Բարձրագույն դատական խորհրդում նիստերի անցկացումը

 

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել խորհրդի նիստերին:

2. Բարձրագույն դատական խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ նրան փոխարինող խորհրդի անդամը:

3. Նիստը վարողը բացում է Բարձրագույն դատական խորհրդի նիստը` քվեարկության է դնում օրակարգի հաստատման հարցը, ապա հայտարարում է, թե ինչ հարց է ենթակա քննության և ովքեր են զեկուցելու, անհրաժեշտության դեպքում քննարկման է դնում հաստատված օրակարգում ընդգրկված հարցերի քննության հաջորդականությունը:

4. Բարձրագույն դատական խորհրդի նիստն սկսվում է խորհրդի նախագահի կամ նրա հանձնարարությամբ՝ խորհրդի այլ անդամի զեկուցումով:

5. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրավունք ունեն ելույթ ունենալու խորհրդում քննարկվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, հարցեր տալու, ներկայացնելու առաջարկություններ և առարկություններ:

6. Բարձրագույն դատական խորհրդի նիստերն արձանագրվում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով:

 

Հոդված 94.

Բարձրագույն դատական խորհրդի ակտերը և դրանց ընդունման կարգը

 

1. Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս ընդունում է որոշումներ:

2. Բարձրագույն դատական խորհրդի նիստին ներկա անդամները պարտավոր են կողմ կամ դեմ քվեարկել քննարկման դրվող յուրաքանչյուր հարցի շուրջ, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

3. Բարձրագույն դատական խորհուրդն իր քննարկման ենթակա հարցերի նախապատրաստման նպատակով, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ: Աշխատակարգային որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած Բարձրագույն դատական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:

4. Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

5. Դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները կազմելու և հաստատելու, նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ:

6. Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը: Եթե քվեարկության արդյունքով որևէ որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում չի ընդունում, ապա համապատասխան միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, իսկ որոշումը կազմում և ստորագրում են Բարձրագույն դատական խորհրդի այն անդամները, որոնք քվեարկել են միջնորդությունը մերժելու օգտին:

7. Բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի, Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշումներն ստորագրում են նիստին ներկա բոլոր անդամները: Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը:

8. Բարձրագույն դատական խորհրդի անհատական որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետում:

9. Բարձրագույն դատական խորհրդի որոշումները ենթակա են հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող որոշումների: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները ենթակա են հրապարակման նույն կարգով՝ ապանձնավորած:

10. Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշումները ենթակա են հրապարակման նաև Հայաստանի Հանրապետության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի հրապարակման համար նախատեսված կարգով:

(94-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-22-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Ներմուծեք նկարագրությունը_21507

ԳԼՈՒԽ 16

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

     

 Հոդված 95. Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման մասին որոշումը

(վերնագիրը խմբ. 09.02.22 ՀՕ-24-Ն)

           

1. Դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է ըստ քրեական, քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացումների: Քաղաքացիական մասնագիտացման բաժնում ներառվում է նաև սնանկության մասնագիտացումը: Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները:

2. Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով նաև դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը, համապատասխան մասնագիտացման դատավորների առկա և կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը և այլ այնպիսի հանգամանքներ, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության: Համալրումը կարող է իրականացվել համալրման ենթակա տեղերի քանակով՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում, կամ առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:

3. Եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում՝ երկուսով, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին: Նշված քանակի մեջ չեն հաշվարկվում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված այն անձինք, որոնք իրենց նշանակման առաջարկության վերաբերյալ հայտնել են անհամաձայնություն հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում լինելու պատճառով: Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը յոթական թեկնածուով, իսկ վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում՝ երկուական թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:

4. Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիման վրա հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի տեղեկություններ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները և վայրը: Համալրումը համալրման ենթակա տեղերի քանակով իրականացվելու դեպքում հայտարարությամբ նշվում է համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ դատավորների թեկնածուների ցուցակի մասնագիտացման բաժինների:

(95-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, փոփ., լրաց. 14.04.21 ՀՕ-331-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-24-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 96.

Որակավորման ստուգումը

 

1. Որակավորման ստուգումը բաղկացած է հայտի ներկայացման և ստուգման, գրավոր քննության և հարցազրույցի անցկացման փուլերից:

 

Հոդված 97.

Դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները

 

1. Դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-ից 60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք, եթե՝

1) ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

2) Հայաստանի Հանրապետությունում ստացել են իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.

3) տիրապետում են հայերենին.

4) ունեն անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկ` ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների` Բարձրագույն դատական խորհրդի սահմանած համապատասխան մակարդակի իմացություն:

5) միայն իրավագիտության բակալավրի աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում ունեն առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, իսկ իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան ունենալու կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում ունեն առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն.

6) առկա չեն դատավոր նշանակվելու՝ սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:

(97-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն, 03.02.21 ՀՕ-265-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 98.

Հայտի ներկայացումը

 

1. Դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվել հավակնող անձը (այսուհետ՝ հավակնորդ) որակավորման ստուգման մասին որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից մեկամսյա ժամկետում որակավորման ստուգմանը մասնակցելու համար Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ձևի հայտ:

2. Հայտին կից ներկայացվում են`

1) անձը հաստատող փաստաթղթի, նույնականացման քարտի պատճենները և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) հինգ գունավոր լուսանկար.

3) իր կենսագրական տվյալները պարունակող քարտ.

4) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն իր դատվածության և սնանկության կամ դրանց բացակայության մասին.

5) իրավաբանական կրթության՝ պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.

6) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ.

7) պահանջվող օտար լեզուների՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած համապատասխան մակարդակին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքի.

8) պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.

9) արական սեռի հավակնորդի դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ.

10) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ.

11) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ձևով համաձայնություն՝ իր վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, հավակնորդին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ, այդ թվում` բժշկական գաղտնիք հանդիսացող և այլ տեղեկություններ ստանալու մասին.

12) առավելագույնը երեք երաշխավորագիր-նամակ՝ ըստ հավակնորդի ցանկության.

13) օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիր.

13.1) բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ.

14) գրավոր հայտարարություն հայտում առկա տեղեկությունների և կից ներկայացված փաստաթղթերի հավաստիության մասին:

3. Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված՝ հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքն ստուգվում է կրթության և գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաև գործընթացի վերահսկողության ընթացակարգեր:

3.1. Եթե հավակնորդը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտ ներկայացնելու պահին ունի միայն ռուսաց լեզվի ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքի իմացություն, ապա պարտավորվում է մինչև Արդարադատության ակադեմիայում ուսուցման ավարտը ներկայացնել 97-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված այլ լեզվի իմացության վերաբերյալ համապատասխան ապացույցը, հակառակ դեպքում նա չի ներառվում դատավորների թեկնածուների ցուցակում:

4. Սույն օրենսգրքի իմաստով՝ մասնագիտական աշխատանքի փորձառությունը բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ձեռք բերելուց հետո իրավունքի ոլորտում իրականացված մասնագիտական գործունեությունն է, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով:

5. Սույն օրենսգրքի 106-րդ հոդվածում, 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետում և 132-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված անձանց համար մասնագիտական աշխատանքի փորձառություն է բարձրագույն ուսումնական հաստատությունում և (կամ) «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամում իրավունքի դասավանդումը կամ գիտական հաստատությունում իրավունքի ոլորտում կատարած գիտական աշխատանքը:

(98-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն, 17.09.20  ՀՕ-423-Ն, փոփ. 09.02.22 ՀՕ-24-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 99.

Հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ստուգումը: Հայտի ընդունման մերժումը

 

1. Դատական դեպարտամենտն ստուգում է հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի, բացառությամբ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկի, լիարժեքությունն ու սահմանված պահանջներին համապատասխանությունը, ինչպես նաև իրավասու մարմիններին ուղղված գրավոր հարցումների միջոցով պարզում է տրամադրված տեղեկությունների և ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը:

2. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է հավակնորդների վերաբերյալ սույն օրենսգրքին համապատասխան հարցումների իրականացման կարգը, հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը և հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձևը` դուրս չգալով նման հարցումների իրականացման նպատակի սահմաններից:

3. Դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտն այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին:

4. Հավակնորդը կարող է հայտի ընդունումը մերժելու մասին Դատական դեպարտամենտի որոշումը բողոքարկել վարչական դատարան՝ այն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գործը քննվում և լուծվում է հայցադիմումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելու դեպքում հավակնորդը կարող է մասնակցել որակավորման ստուգման հերթական և հաջորդ փուլերին:

6. Հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում հավակնորդը առանց նոր հայտ ներկայացնելու շարունակում է մասնակցել որակավորման ստուգման հերթական և հաջորդ փուլերին: Հայցը մերժելու դեպքում հավակնորդը չի մասնակցում որակավորման ստուգման հերթական և հաջորդ փուլերին և դուրս է մնում որակավորման ստուգման գործընթացից, իսկ եթե մասնակցել է որևէ փուլի, համարվում է չմասնակցած՝ անկախ արդյունքից:

(99-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 100.

Որակավորման գրավոր քննության կազմակերպումը

 

1. Բարձրագույն դատական խորհուրդը յուրաքանչյուր տարի ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 15-ը սահմանում և հրապարակում է որակավորման գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, գրավոր քննության կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքները գնահատելու կարգը, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը (որը չի կարող պակաս լինել ընդհանուր միավորների 60 տոկոսից):

2. Գրավոր քննության հարցեր մշակելու համար Բարձրագույն դատական խորհուրդն ընտրում է համապատասխան մասնագետ (մասնագետներ) կամ մասնագիտացված կազմակերպություն: Գրավոր քննության հարցերը մշակողը վարձատրվում է Կառավարության սահմանած չափով և կարգով:

3. Գրավոր քննության հարցերը մշակողը պարտավոր է գաղտնի պահել գրավոր քննության հարցերը, պատասխանները, ինչպես նաև որևէ այլ ձևով չնպաստել հավակնորդի կողմից գրավոր քննության հարցերին պատասխանելուն: Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր է ապահովել այնպիսի գործընթաց, որով կերաշխավորվի գրավոր քննության հարցերի գաղտնիությունը մինչև գրավոր քննության սկիզբը: Գրավոր քննության հարցերի մշակումը չի կարող հանձնարարվել Բարձրագույն դատական խորհրդի անդամներին կամ Դատական դեպարտամենտին: Գրավոր քննության հարցերը մշակած անձինք չեն կարող մասնակցել այդ հարցերի հիման վրա իրականացված գրավոր քննության արդյունքների գնահատմանը:

4. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է գրավոր քննություն անցկացնելու համար գրավոր առաջադրանքների տարբերակների նվազագույն քանակը:

5. Գրավոր քննություն անցկացնելու օրվանից առնվազն 10 օր առաջ Դատական դեպարտամենտը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակում է գրավոր քննության առաջադրանքների առնվազն մեկ նմուշօրինակ:

6. Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել գրավոր քննությունը տեխնիկական միջոցներով անցկացնելու կարգ:

 

Հոդված 101.

Որակավորման գրավոր քննության և հարցազրույցի անցկացման ժամանակի, վայրի և արդյունքների հրապարակումը

 

1. Որակավորման գրավոր քննության, հարցազրույց անցկացնելու ժամանակի և վայրի մասին հայտարարությունը հրապարակվում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում որակավորման գրավոր քննության կամ հարցազրույցի օրվանից առնվազն 10 օր առաջ:

2. Որակավորման գրավոր քննությունից հավակնորդների ստացած միավորներն արդյունքների ամփոփումից հետո անհապաղ հրապարակվում են հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում:

3. Բարձրագույն դատական խորհրդի անցկացրած հարցազրույցի արդյունքները դրանց ամփոփումից հետո անհապաղ հրապարակվում են հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում:

 

Հոդված 102.

Որակավորման գրավոր քննության և հարցազրույցի թափանցիկությունը

 

1. Դատական դեպարտամենտն ապահովում է գրավոր քննության և հարցազրույցի ողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը քննասենյակից դուրս գտնվող տարածքում:

2. Գրավոր քննության և հարցազրույցի ողջ ընթացքը, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման, տեսաձայնագրում է Դատական դեպարտամենտը: Այլ անձինք, այդ թվում՝ պետական մարմինների, պաշտոնատար անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են հետևել գրավոր քննության և հարցազրույցի ողջ ընթացքին՝ առանց տեսաձայնագրելու հնարավորության:

3. Որակավորման ստուգմանը մասնակցած անձն իրավունք ունի ստանալու գրավոր քննության ողջ ընթացքի, հարցազրույցի՝ իրեն վերաբերող մասի տեսաձայնագրության կրկնօրինակը, ինչպես նաև որակավորման գրավոր քննության արդյունքով ստուգված իր աշխատանքի պատճենը:

4. Որակավորման գրավոր քննությանը և հարցազրույցին, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը, կարող են ներկա լինել և դրանց ընթացքին հետևել արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի (այսուհետ՝ Լիազոր մարմին) մեկ ներկայացուցիչ, փաստաբանների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և որակավորման գրավոր քննության անցկացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Բարձրագույն դատական խորհուրդ համապատասխան հայտ ներկայացրած` իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչև երեք ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման ժամանակագրական առաջնահերթության, յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից՝ մեկ ներկայացուցիչ: Դատական դեպարտամենտը նշված անձանց ապահովում է գրավոր քննության և հարցազրույցի ընթացքին հետևելու համար անհրաժեշտ պայմաններով՝ այնպես, որ չխաթարվի դրանց բնականոն ընթացքը:

 

Հոդված 103.

Որակավորման գրավոր քննության առաջադրանքը

 

1. Որակավորման գրավոր քննությունն անցկացվում է համապատասխանաբար քրեական, քաղաքացիական, վարչական կամ հակակոռուպցիոն մասնագիտացման ոլորտում գրավոր առաջադրանքների միջոցով, որոնք, բացի տեսական իրավական գիտելիքների ստուգումից, ուղղված են նաև հավակնորդի վերլուծական և իրավակիրառ կարողությունների ստուգմանը:

2. (մասն ուժը կորցրել է 03.02.21 ՀՕ-265-Ն)

3. Գրավոր առաջադրանքները կարող են պարունակել իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու և կիրառելու պահանջով կամ կազմվել թեստային առաջադրանքների՝ հակիրճ իրավական հիպոթետիկ խնդիրների միջոցով՝ դրանց ճիշտ լուծումները հավակնորդի կողմից ընտրելու պահանջով, ինչպես նաև կարող են ներառել հիպոթետիկ գործի ամբողջական փաթեթի ուսումնասիրության հիման վրա՝ դատավարական գործողությունների վերլուծության, դատավարական փաստաթղթերի նախագծման և այլ պահանջներ: Գրավոր քննությունը կարող է անցկացվել տարբեր օրերի ընթացքում տարբեր առաջադրանքներ ներկայացնելու միջոցով:

3.1. Հակակոռուպցիոն մասնագիտացման ոլորտում գրավոր առաջադրանքներ մշակելիս կոռուպցիոն հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման հիմնահարցերը ներառվում են հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի, իսկ քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությանը և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման գործերին առնչվող հիմնահարցերը՝ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինների համար կազմվող գրավոր առաջադրանքներում:

4. Որակավորման գրավոր քննության ընթացքում հավակնորդին տրամադրում են հարցերը մշակած մասնագետի կամ մասնագիտացված կազմակերպության որոշած անհրաժեշտ գրականություն, իրավական ակտեր և այլ նյութեր:

(103-րդ հոդվածը փոփ., խմբ. 03.02.21 ՀՕ-265-Ն, փոփ., լրաց. 14.04.21 ՀՕ-331-Ն)

(03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 104.

Որակավորման գրավոր քննության արդյունքներն ստուգող հանձնաժողովները

 

1. Որակավորման գրավոր քննության աշխատանքներն ստուգելու և գնահատելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ձևավորվում է համապատասխան մասնագիտացում ունեցող գնահատման հանձնաժողով:

2. Գնահատման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում համապատասխան մասնագիտացում ունեցող հինգ դատավոր և իրավունքի համապատասխան բնագավառի երկու իրավաբան գիտնական:

3. Գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար գրավոր քննություն անցկացնելուց ոչ շուտ, քան չորս օր առաջ Ուսումնական հարցերի հանձնաժողովն առաջարկում է գործունեությունը գնահատված լինելու դեպքում գնահատման վերջին արդյունքներով՝ բարձր կամ լավ գնահատական ստացած յուրաքանչյուր մասնագիտացման 10 դատավորի թեկնածություն՝ նրանց համաձայնությամբ, իսկ Լիազոր մարմինը՝ իրավունքի համապատասխան բնագավառի առնվազն չորս իրավաբան գիտնականի թեկնածություն՝ նրանց համաձայնությամբ: Լիազոր մարմնի ներկայացրած իրավաբան գիտնականները չեն կարող լինել դատավոր:

4. Գնահատման հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Վճռաբեկ դատարանի նախագահը, Վճռաբեկ դատարանի պալատի նախագահները և Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամները:

5. Գրավոր քննություն անցկացնելու օրը` քննության ավարտից անմիջապես հետո, նշված դատավորներից և իրավաբան գիտնականներից վիճակահանությամբ ընտրվում են գնահատման հանձնաժողովների անդամներ: Վիճակահանությունն անցկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը:

6. Գնահատման հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է գաղտնի: Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է հանձնաժողովի աշխատանքը գաղտնի իրականացնելու անհրաժեշտ մանրամասներ: Գնահատման հանձնաժողովի անդամների անունները ենթակա չեն հրապարակման մինչև քննության արդյունքների հրապարակումը:

7. Գնահատման հանձնաժողովի անդամին Դատական դեպարտամենտը վճարում է հատուցում՝ Կառավարության սահմանած չափով և կարգով:

8. Եթե Գնահատման հանձնաժողովի անդամը տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել իր կամ գնահատման հանձնաժողովի այլ անդամի անկողմնակալության մեջ, նա պարտավոր է այդ մասին անհապաղ գրավոր հայտնել համապատասխանաբար Ուսումնական հարցերի հանձնաժողովին կամ Լիազոր մարմնին և Բարձրագույն դատական խորհրդին:

9. Բարձրագույն դատական խորհուրդն իր նախաձեռնությամբ, Ուսումնական հարցերի հանձնաժողովի կամ Լիազոր մարմնի առաջարկով կարող է դադարեցնել գնահատման հանձնաժողովի համապատասխան անդամի լիազորությունները, եթե գնահատման հանձնաժողովի անդամի անաչառությունն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է հարուցել ողջամիտ կասկած:

10. Գնահատման հանձնաժողովի դատավոր անդամի լիազորությունները դադարում են, եթե դադարել, դադարեցվել կամ կասեցվել են նրա՝ որպես դատավորի լիազորությունները:

11. Գնահատման հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կամ դադարելու դեպքում նոր անդամը նշանակվում է ընդհանուր կարգով:

12. Գնահատման հանձնաժողովի նախագահն ընտրվում է հանձնաժողովի կազմից՝ անդամների ձայների մեծամասնությամբ:

13. Գնահատման հանձնաժողովի գործունեությունը դադարում է գրավոր քննության արդյունքներն ամփոփելու ժամկետը լրանալուց հետո:

(104-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 105.

Որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատումը

 

1. Գրավոր առաջադրանքները գնահատվում են Բարձրագույն դատական խորհրդի սահմանած գնահատման չափորոշիչներին համապատասխան միավորների սանդղակով:

2. Գնահատման հանձնաժողովի բոլոր անդամները պարտավոր են ստուգել գրավոր քննության բոլոր աշխատանքները: Ստուգումն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:

3. Հավակնորդների գրավոր քննության աշխատանքները գնահատման հանձնաժողովին տրամադրվում են անանուն՝ ծածկագրված (ապանձնավորված) վիճակում: Գնահատման հանձնաժողովի անդամները պետք է ապահովված լինեն գնահատման չափորոշիչներին համապատասխան միավորների սանդղակով և ուղենիշային տիպային պատասխաններով, իսկ թեստային առաջադրանքների դեպքում՝ առաջադրանքների առաջարկվող ճիշտ լուծումներով: Գնահատման հանձնաժողովի անդամները չպետք է գնահատման ընթացքում միմյանց հետ քննարկեն գրավոր քննության աշխատանքին տրվող գնահատականները և դրանց հիմնավորումները: Հանձնաժողովի անդամները գրավոր քննության աշխատանքները գնահատելիս հաշվի են առնում Բարձրագույն դատական խորհրդի սահմանած գնահատման չափորոշիչները:

4. Գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո քննություն հանձնած անձի դիմումի հիման վրա անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրը տրամադրվում է իր գրավոր աշխատանքի պատճենը:

5. Գրավոր քննությունը և դրա արդյունքների ամփոփումը պետք է իրականացվեն հայտերն ընդունելու ժամկետի ավարտին հաջորդող մեկ ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև դեկտեմբերի 1-ը:

(105-րդ հոդվածը խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն, լրաց. 03.02.21 ՀՕ-265-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 105.1. Գրավոր քննության արդյունքների բողոքարկումը

 

1. Գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել բողոքարկման հանձնաժողով՝ դրանք հրապարակելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

2. Համապատասխան մասնագիտացմամբ բողոքարկման հանձնաժողովը կազմավորվում է տվյալ մասնագիտացմամբ քննության արդյունքների դեմ առաջին բողոքն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, երկու դատավորի և մեկ իրավաբան գիտնականի կազմով, որոնք վիճակահանությամբ ընտրվում են Ուսումնական հարցերի հանձնաժողովի կողմից առաջարկված տվյալ մասնագիտացման հինգ և Լիազոր մարմնի կողմից առաջարկված իրավունքի համապատասխան բնագավառի առնվազն երեք իրավաբան գիտնականի թեկնածուների կազմից՝ նրանց համաձայնությամբ: Գնահատման հանձնաժողովի անդամները չեն կարող ընդգրկվել բողոքարկման հանձնաժողովի կազմում:

3. Բողոքարկման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու, հանձնաժողովի աշխատանքն իրականացնելու կարգի, հանձնաժողովի անդամների վարձատրության, նրանց լիազորությունների դադարեցման, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության դադարման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 104-րդ հոդվածով, իսկ բողոքարկման արդյունքների վերանայման նկատմամբ՝ 105-րդ հոդվածով սահմանված դրույթները:

4. Բողոքարկման հանձնաժողովը բողոքը քննում և դրա վերաբերյալ կայացնում է որոշում բողոքարկման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Բողոքարկման հանձնաժողովը կարող է քննության արդյունքների դեմ բերված բողոքը մերժել կամ բավարարել՝ մասնակի կամ ամբողջությամբ:

5. Գրավոր քննության արդյունքները դատական կարգով կարող են բողոքարկվել ընթացակարգային խախտումների հիմքով, եթե դրանք բողոքարկվել են բողոքարկման հանձնաժողով։

(105.1-ին հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքի 58-րդ հոդվածի 17-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 5-րդ մասի սահմանափակումը չի տարածվում մինչև 25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ուժի մեջ մտնելը դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար անցկացված գրավոր քննության արդյունքների դատական կարգով բողոքարկման հետ կապված հարաբերությունների վրա:)

 

Հոդված 106.

Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող անձի ընդգրկման կարգը

 

1. Իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին տասը տարիների ընթացքում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում և (կամ) «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը (այսուհետ՝ գիտական աստիճան ունեցող հավակնորդ), որը բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ:

2. Գիտական աստիճան ունեցող հավակնորդը դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտը ներկայացնում է դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով տրված հայտարարությամբ նշված ժամկետներում:

3. Հայտին կցվում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը, գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

4. Գիտական աստիճան ունեցող հավակնորդի հայտն ստուգվում է սույն օրենսգրքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Գիտական աստիճան ունեցող հավակնորդը սույն օրենսգրքով սահմանված կարգով անցնում է որակավորման ստուգման հարցազրույցի փուլը:

(106-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, լրաց. 17.09.20 ՀՕ-423-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 107.

Հարցազրույց անցկացնելու համար նյութեր նախապատրաստելը

 

1. Բողոքարկման արդյունքները հրապարակելուց, իսկ բողոքներ չլինելու դեպքում՝ բողոքարկման ժամկետը լրանալուց հետո Դատական դեպարտամենտը միասնական համալրված ցուցակը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդ` հարցազրույց անցկացնելու նպատակով։

1.1. Դատական դեպարտամենտը միասնական համալրված ցուցակը Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու հետ միաժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում միասնական համալրված ցուցակում ներառված հավակնորդների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկները՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

2. Միասնական համալրված ցուցակը կազմվում է.

1) գրավոր քննության հանրագումարային արդյունքներով անհրաժեշտ միավորները հավաքած հավակնորդների ցուցակից, իսկ եթե համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով՝ դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը համալրելու համար անհրաժեշտ թեկնածուների քանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան հինգով գերազանցող քանակի ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակից, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան քանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները, և

2) գիտական աստիճան ունեցող հավակնորդների ցուցակից:

3. Գրավոր քննությունից հավասար անցողիկ միավոր ունեցող բոլոր հավակնորդներն ընդգրկվում են համալրված ցուցակում:

4. Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված հավակնորդների համալրված ցուցակը Դատական դեպարտամենտը հրապարակում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում: Հավակնորդների ցուցակի հետ հրապարակվում են նաև յուրաքանչյուր հավակնորդի կրթության և մասնագիտական աշխատանքի փորձառության վերաբերյալ տեղեկություններ:

5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք, որոնք տիրապետում են տվյալ հավակնորդի վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը կասկած է հարուցում տվյալ անձի կողմից դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների առկայության վերաբերյալ, պարտավոր են հավակնորդների համալրված ցուցակը հրապարակելու օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր հայտնել Բարձրագույն դատական խորհրդին: Պետական մարմինները և պաշտոնատար անձինք նշված տեղեկությունները պարտավոր են տրամադրել նաև Բարձրագույն դատական խորհրդի պահանջով:

6. Յուրաքանչյուր ոք, ով տիրապետում է տվյալ դատավորի թեկնածուի հավակնորդի վերաբերյալ փաստաթղթավորված այնպիսի տեղեկատվության, որը կասկած է հարուցում տվյալ անձի կողմից դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների առկայության վերաբերյալ, կարող է հավակնորդների ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին:

7. Հավակնորդը ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրավունք ունի Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու իր կողմից կազմված ոչ ավելի, քան հինգ գրավոր աշխատանքների օրինակներ (հայցադիմումի պատասխաններ, միջնորդություններ կամ այլ դատավարական փաստաթղթեր, ինչպես նաև գիտական հոդվածներ կամ այլ աշխատանքներ) հայերեն կամ հայերեն թարգմանությամբ, որը կարող է հավաստել նրա մասնագիտական աշխատանքի փորձառությունը և նպաստել դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների գնահատմանը հարցազրույցի ժամանակ:

8. Միասնական համալրված ցուցակը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործը, որում պետք է ներառվեն որակավորման ստուգմանը մասնակցելու հայտին կից հավակնորդի ներկայացրած փաստաթղթերը, գրավոր քննության արդյունքով ստացած միավորները, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը և սույն հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները:

9. Հարցազրույցին մասնակցող անձն իրավունք ունի դիմելու և դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հարցազրույցին նախորդող օրը ծանոթանալու Բարձրագույն դատական խորհրդում գտնվող իր անձնական գործին:

(107-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-24-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 108.

Հարցազրույցի անցկացումը

 

1. Հարցազրույցի նպատակն է դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար հավակնորդի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը: Անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտվում են հավակնորդի մասնագիտական աշխատանքի փորձառությունը, դատավոր դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, դատավորի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրա անձնական հատկանիշները (մասնավորապես՝ ինքնատիրապետում, բարեվարքություն, վարվեցողություն, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառում, պատասխանատվության զգացում, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, արդարամտություն, վերլուծական կարողություններ և դատավորի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ) գնահատելու միջոցով: Հարցազրույցն անցկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, որին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան:

1.1. Հարցազրույցից առաջ՝ հինգ օրվա ընթացքում, հավակնորդներն անցնում են հոգեբանական թեստավորում: Հոգեբանական թեստը կազմվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշները գնահատելու նպատակով, և դրա արդյունքն ստացվում է ըստ նախապես մշակված էլեկտրոնային համակարգի: Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը, որի հիման վրա թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմաններն ապահովում է Լիազոր մարմինը։ Թեստի արդյունքներն ունեն խորհրդատվական նշանակություն, տրամադրվում են հավակնորդին և Բարձրագույն դատական խորհրդին:

2. Հարցազրույցը կազմված է երկու մասից՝

1) յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործի, ներառյալ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացության և անցած մասնագիտական փորձի ուսումնասիրություն, որը ներկայացնելու համար Բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկը խորհրդում հանդես է գալիս որպես զեկուցող: Հավակնորդն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր անձնական գործում առկա տեղեկությունների վերաբերյալ: Դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի անդամները կարող են հարցեր տալ հավակնորդին սույն հոդվածի 1-ին մասում նշված հատկանիշների, իսկ գիտությունների թեկնածու հավակնորդին՝ նաև նրա գիտական հետազոտությունների ոլորտի մասին.

2) դատավորի վարքագծի կանոններին վերաբերող հիպոթետիկ խնդրի վերաբերյալ հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ դատավորի վարքագծի հիմնարար կանոնների, դատավորին ներկայացվող պահանջների և որպես դատավոր գործելու համար կարևոր այլ անձնական հատկանիշները գնահատելու համար:

3. Իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող անձանց համար հարցազրույցը վերը նշված երկու մասից բացի, ներառում է նաև համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի, այդ թվում՝ հիպոթետիկ իրավական նորմ, դատական ակտում արտահայտված դիրքորոշում, տեսության մեջ արտահայտված իրավական կարծիքներ և այլն) հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները և դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ հմտությունները ու որակները գնահատելու համար:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 3-րդ մասով նախատեսված հարցերի ընտրությունը կատարվում է նախապատրաստված հարցերը վիճակահանությամբ հավակնորդի կողմից ընտրելու միջոցով: Պատասխանելուն պատրաստվելու համար հավակնորդին տրամադրվում է 30 րոպե ժամանակ:

5. Յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը մեկուկես ժամ է:

6. Հարցազրույցի ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են սույն հոդվածով և Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված գնահատման ենթակա հատկանիշները: Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ գնահատում է յուրաքանչյուր հավակնորդի՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ:

7. Բոլոր հավակնորդների հարցազրույցների ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացնում են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդում է քվեարկությունը:

8. Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում որակավորման գրավոր քննության և հարցազրույցի արդյունքները, հոգեբանական թեստի արդյունքները և հավակնորդի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:

(108-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` 108-րդ հոդվածը` հոգեբանական թեստավորման մասով, ուժի մեջ է մտնում հոգեբանական թեստավորման համար Բարձրագույն դատական խորհրդի հաստատած կարգին համապատասխան` 25.03.20 ՀՕ-197-Ն օրենքի 58-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված անհրաժեշտ պայմանների ստեղծման պահից:)

 

Հոդված 109.

Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի կազմումը և հաստատումը

 

1. Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման ավարտից հետո անցկացվում է բաց քվեարկություն` խորհրդակցական սենյակում քվեարկություն, որի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»:

2. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-197-Ն)

3. Եթե դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման, ապա յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է հավակնորդների թվին: Եթե դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով, ապա յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկելիս հավակնորդների թիվն անհրաժեշտ քանակին հավասար կամ շատ լինելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է համալրման համար անհրաժեշտ քանակին, իսկ քիչ լինելու դեպքում՝ հավակնորդների թվին:

4. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմվում է դատավորների թեկնածուների հավակնորդների, իսկ հակակոռուպցիոն մասնագիտացման դեպքում՝ ըստ ենթաբաժինների ցուցակ, որում ընդգրկվում են՝

1) անհրաժեշտ քանակին հավասար քանակի առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները, եթե դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով.

2) Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները, եթե դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:

5. Եթե որևէ սեռի դատավորների թիվը պակաս է դատավորների ընդհանուր թվի 25 տոկոսից, ապա դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում երաշխավորվում է առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած այդ սեռի ներկայացուցիչների համար մինչև 50 տոկոս տեղ:

6. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել ընտրված թեկնածուներին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են նվազագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած թեկնածուները:

7. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: (նախադասությունը հանվել է 25.03.20 ՀՕ-197-Ն)

8. Լրացուցիչ քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:

9. Բարձրագույն դատական խորհուրդը որակավորման ստուգման արդյունքների հիման վրա կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը և այն ներկայացնում Արդարադատության ակադեմիա՝ նրանց ուսուցումը կազմակերպելու նպատակով:

10. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ցուցակը կազմելուց հետո ցուցակում գտնվող անձի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը կամ սնանկ ճանաչվելը կասեցնում է նրա ուսուցումն Արդարադատության ակադեմիայում՝ համապատասխանաբար մինչև արդարացնող հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կամ սնանկության վարույթի ավարտը:

11. Գիտական աստիճան ունեցող հավակնորդի համար Արդարադատության ակադեմիայում գործնական հմտությունների զարգացման մասով օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է ուսուցում:

(109-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-331-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-24-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Ներմուծեք նկարագրությունը_21507

 

Հոդված 110.

Դատավորների թեկնածուների ցուցակի հաստատումը

 

1. Բարձրագույն դատական խորհուրդը Արդարադատության ակադեմիայում ուսուցումն ավարտած դատավորների թեկնածուների հավակնորդներին ներառում է դատավորների թեկնածուների ցուցակներում՝ ըստ համապատասխան մասնագիտացումների:

 

Հոդված 111.

Դատավորների թեկնածուների ցուցակում նախկին դատավորին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի նախկին դատավորին, Բարձրագույն դատական խորհրդի անդամին ընդգրկելը

 

1. Վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երեք տարի համապատասխան մասնագիտացման դատավորի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում պաշտոնավարած անձը (այսուհետ՝ նախկին դատավոր), որը բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, իրավունք ունի ընդգրկվելու դատավորների թեկնածուների ցուցակում:

2. Նախկին դատավորը չի կարող ընդգրկվել դատավորի թեկնածուների ցուցակում, եթե նրա լիազորությունները դադարեցվել են կարգապահական խախտում թույլ տալու կամ նրա լիազորությունները դադարել են նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով:

3. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար նախկին դատավորը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում գրավոր դիմում, որին կցվում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:

4. Նախկին դատավորի դիմումն ստուգվում է սույն օրենսգրքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածությունը, անհրաժեշտության դեպքում նախկին դատավորին հրավիրում զրույցի։

6. Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժինը լրացնելու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է խորհրդակցական սենյակում` բաց քվեարկություն՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

(111-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 112.

Դատավոր նշանակվելու սահմանափակումները

 

1. Դատավոր չի կարող նշանակվել այն անձը`

1) որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ հանված չէ.

2) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

3) որն ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

4) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն կամ օրենքով նախատեսված կարգով չի ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից (եթե անձն արական սեռի է).

5) որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել.

6) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:

1.1. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր չի կարող նշանակվել այն անձը`

1) որի վրա տարածվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները.

2) որը, լինելով դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, փաստաբան կամ նախկին դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, փաստաբան վերջին երեք տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից:

1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված սահմանափակումները տարածվում են նաև վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների թեկնածուների, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների թեկնածուների նկատմամբ:

2. Դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:

(112-րդ հոդվածը լրաց. 14.04.21 ՀՕ-331-Ն, 09.02.22 ՀՕ-24-Ն)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 113.

Դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ցուցակներից անձին հանելու հիմքերը

 

1. Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝

1) ներառվել է դատավորների թեկնածուների ցուցակում.

2) այդ մասին գրավոր դիմում է ներկայացրել.

3) լրացել է նրա 63 տարին.

4) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ նա ընդգրկվել է ցուցակում սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ.

5) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ.

6) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

7) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

8) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, կամ հրաժարվել է սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննություն անցնելու պահանջը կատարելուց.

9) Արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն հինգ տոկոսից.

10) Արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից, բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.

11) Արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքը գնահատվել է բացասական, կամ նա չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը.

12) առկա են սույն օրենսգրքով նախատեսված այլ հիմքեր:

2. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝

1) նշանակվել է դատավորի պաշտոնում.

2) այդ մասին գրավոր դիմում է ներկայացրել.

3) լրացել է նրա 63 տարին.

4) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ նա ընդգրկվել է ցուցակում սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ.

5) առանց հարգելի պատճառի չի անցել պարտադիր վերապատրաստում.

6) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ.

7) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

8) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

9) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, կամ հրաժարվել է սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննություն անցնելու պահանջը կատարելուց.

10) Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունն ավարտելուց հետո ավելի քան երկու ամիս անընդմեջ կամ օրացուցային տարվա ընթացքում ավելի քան երեք ամիս չի զբաղվել իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով կամ չի դիմել դատարանների աշխատակազմերում աշխատանքի անցնելու համար: Սույն կետում նշված սահմանափակումները չեն տարածվում հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում արձակուրդում լինելու պատճառով օրենքով սահմանված իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով չզբաղվելու դեպքերի վրա.

11) առկա են սույն օրենսգրքով նախատեսված այլ հիմքեր:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որևէ հիմք ի հայտ գալուց հետո` եռօրյա ժամկետում, համապատասխանաբար Դատական դեպարտամենտը կամ Արդարադատության ակադեմիան դրանց մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդին:

4. Եթե առերևույթ առկա է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմում է ներկայացնում իրավասու մարմին՝ դատավորի թեկնածուի հավակնորդի կամ դատավորի թեկնածուի բժշկական զննությունը կազմակերպելու համար: Եթե անձը հրաժարվում է անցնել բժշկական զննություն կամ զննության արդյունքով հիմնավորվում է, որ առկա է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, ապա Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի նիստ է հրավիրում:

5. Եթե խորհրդակցական սենյակում` բաց քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը համարում է, որ առկա է սույն հոդվածով նախատեսված հիմքերից մեկը, ապա այդ անձը հանվում է համապատասխան ցուցակից:

6. Անձին ցուցակից հանելն արգելք չէ ցուցակում ընդգրկվելու նպատակով սույն օրենսգրքով սահմանված կարգով կրկին դիմելու համար:

7. Համապատասխան ցուցակից անձին հանելու վերաբերյալ որոշումը վերանայվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների վերանայման համար սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:

(113-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 114.

Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում թափուր տեղ առաջանալու հիմքերը

 

1. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝

1) ստեղծվում է նոր առաջին ատյանի դատարան.

2) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները.

3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե դատարանում կա թափուր տեղերի քանակին համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավոր:

 

Հոդված 115.

Առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելու կարգը

 

1. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն ներկայացնում է հետևյալ հաջորդականությամբ.

1) առաջին հերթին՝ այլ դատարանի ռեզերվային դատավորին, որն ունի թափուր տեղին համապատասխան մասնագիտացում: Մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվությունը տրվում է նախ՝ առաջին ատյանի այլ դատարանի առավել երկար փորձառություն ունեցող դատավորին, ապա վերաքննիչ դատարանի առավել երկար փորձառություն ունեցող դատավորին, ապա Վճռաբեկ դատարանի առավել երկար փորձառություն ունեցող դատավորին.

2) երկրորդ հերթին՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանների համապատասխան մասնագիտացման այն դատավորին, որը մինչ այդ գրավոր դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ` խնդրելով իրեն տեղափոխել առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար փորձառություն ունեցող դատավորին.

3) երրորդ հերթին՝ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված նախկին դատավորներին: Նշված անձանց առաջարկություն ներկայացվում է, եթե անգամ նրանք ընդգրկված են առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում: Մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար փորձառություն ունեցող նախկին դատավորին.

4) չորրորդ հերթին՝ թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի՝ Արդարադատության ակադեմիան ավելի վաղ ավարտած թեկնածուներին՝ ըստ Արդարադատության ակադեմիան ավարտելու հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին.

5) հինգերորդ հերթին՝ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող հավակնորդներին: Մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար փորձառություն ունեցող հավակնորդին:

2. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն չի ներկայացնում այն թեկնածուին, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:

3. Բարձրագույն դատական խորհուրդը գրավոր առաջարկությունը ներկայացնում է համապատասխան հիմքն առաջանալու օրվանից եռօրյա ժամկետում էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ փոստային առաքմամբ:

(115-րդ հոդվածը փոփ. 14.04.21 ՀՕ-331-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-24-Ն)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 116.

Առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջարկություն ստացած թեկնածուի կողմից առաջարկությունն ընդունելու կարգը և չընդունելու հետևանքները

 

1. Առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջարկություն ստացած թեկնածուն ծանուցումն ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնություն նշանակման վերաբերյալ: Այդ ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն:

2. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում առաջին ատյանի մասնագիտացված կամ վերաքննիչ դատարանի կամ Վճռաբեկ դատարանի դատավորի անհամաձայնությունը չի դադարեցնում նրա` ռեզերվային դատավորի կարգավիճակը, իսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար վերացնում է:

3. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում անձի անհամաձայնությունը որևէ բացասական հետևանք չի առաջացնում:

4. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերում թեկնածուի անհամաձայնությունը հանգեցնում է նրան դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն, բացառությամբ հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում գտնվելու պատճառներով հրաժարվելու դեպքի:

5. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դեպքում թեկնածուի անհամաձայնությունը հանգեցնում է նրան դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն, բացառությամբ հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում գտնվելու պատճառներով հրաժարվելու, ինչպես նաև այն դեպքի, երբ ցուցակում առկա են Արդարադատության ակադեմիայի թափուր տեղին համապատասխան մասնագիտացման նույն տարվա շրջանավարտներ, որոնք ունեն իրենից նվազ հանրագումարային միավորներ:

6. Եթե սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դեպքում ցուցակում գտնվող տվյալ տարվա նվազագույն հանրագումարային միավոր ունեցող թեկնածուն անհամաձայնության հետևանքով հանվում է ցուցակից կամ հրաժարվում է հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում գտնվելու պատճառներով, ապա Բարձրագույն դատական խորհուրդն իր առաջարկությունը կրկնում է հաջորդ նվազ հանրագումարային միավոր ունեցող թեկնածուին: Եթե նա անհամաձայնության հետևանքով ևս պետք է հանվի ցուցակից, ապա սույն մասով սահմանված կարգով առաջարկությունները կրկնվում են այնքան ժամանակ, քանի դեռ որևէ մեկը չի ընդունել առաջարկությունը, կամ տվյալ տարվա Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների թափուր տեղին համապատասխան մասնագիտացման ցուցակը չի սպառվել, բացառությամբ այն շրջանավարտների, որոնք հրաժարվել են հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում գտնվելու պատճառներով:

(116-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, 09.02.22 ՀՕ-24-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 117.

Դատավորի նշանակման կարգը

 

1. Թեկնածուի համաձայնության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը նրա թեկնածությունն առաջարկում է Հանրապետության նախագահին՝ ներկայացնելով նաև նրա անձնական գործը, թեկնածուի՝ դատավոր չլինելու դեպքում նրա կողմից ներկայացված և դրանց ստուգման արդյունքով ձեռք բերված փաստաթղթերը:

2. Առաջարկությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահն ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ առաջարկությունն առարկություններով վերադարձնում է Բարձրագույն դատական խորհուրդ:

3. Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունն առարկություններով վերադարձվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր է նիստ հրավիրել:

4. Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի առարկությունը չընդունելու հարցը քննարկում և որոշում է կայացնում խորհրդակցական սենյակում` բաց քվեարկությամբ: Եթե Բարձրագույն դատական խորհուրդը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ դիմում է Սահմանադրական դատարան:

5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ առաջարկությունը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ:

6. Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածի 2-րդ, 4-րդ կամ 5-րդ մասերում նշված գործողությունները, ապա համապատասխան թեկնածուին նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, ինչի մասին Բարձրագույն դատական խորհրդի նախագահը եռօրյա ժամկետում հրապարակում է հայտարարություն դատական իշխանության պաշտոնական կայքում:

(117-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 118.

Դատավորի պաշտոնում նշանակված անձի կողմից պաշտոնը ստանձնելը

 

1. Դատավորի պաշտոնում նշանակված անձը նշանակման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում Հանրապետության նախագահի մոտ, իսկ իրավունքի ուժով նշանակված լինելու դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստում տալիս է երդում.

«Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:»:

2. Երդումը տրվում է հանդիսավոր պայմաններում՝ ապահովելով հանրային հասանելիությունը, անհատական կարգով՝ յուրաքանչյուր դատավորի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով, որից հետո դատավորն ստորագրում է ընթերցված տեքստը:

3. Անձը դատավորի պաշտոնն ստանձնում է երդման տեքստն ստորագրելու պահից: Հանրապետության նախագահի հրամանագիրը հրապարակվում է Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում: Իրավունքի ուժով նշանակված դատավորն իր լիազորություններն ստանձնած է համարվում սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հայտարարության հրապարակման պահից:

 

Հոդված 119.

Առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու կարգը

 

1. Բացառիկ հիմքերի, ներառյալ՝ պաշտոնավարմանը խոչընդոտող ընտանեկան, անձնական բնույթի հանգամանքների առկայության դեպքերում առաջին ատյանի դատավորն իրավունք ունի սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված հերթից դուրս դիմելու Բարձրագույն դատական խորհուրդ՝ խնդրելով իրեն նշանակել մեկ այլ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում՝ տվյալ առաջին ատյանի դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում:

2. Դիմում ներկայացնող դատավորը դիմումի մեջ պետք է շարադրի տեղափոխման հիմնավոր պատճառներ: Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է դատավորի դիմումը, անհրաժեշտության դեպքում հրավիրում դատավորին զրույցի։ Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է խորհրդակցական սենյակում` բաց քվեարկություն։ Եթե տեղափոխմանը կողմ է քվեարկել Բարձրագույն դատական խորհրդի անդամների կեսից ավելին, ապա համապատասխան թեկնածուի՝ Հանրապետության նախագահին առաջարկումն ու նշանակումն իրականացվում են սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Հանրապետության նախագահին է ներկայացվում նաև համապատասխան դատավորի պատճառաբանված դիմումը:

(119-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 120.

Առաջին ատյանի տարբեր դատարանների դատավորների պաշտոնների փոխանակման կարգը

 

1. Երկու տարբեր առաջին ատյանի դատարանների՝ նույն մասնագիտացում ունեցող դատավորներն իրավունք ունեն դիմելու Բարձրագույն դատական խորհուրդ՝ խնդրելով կատարել իրենց պաշտոնների փոխանակում: Դիմում ներկայացնող դատավորները պետք է պատճառաբանեն իրենց դիմումը: Դիմումի մեջ պետք է շարադրվեն համապատասխան դատավորների պաշտոնների փոխանակման հիմնավոր պատճառները:

2. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ներկայացված դիմումը, անհրաժեշտության դեպքում հրավիրում դատավորներին զրույցի։

3. Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է խորհրդակցական սենյակում` բաց քվեարկություն։ Եթե փոխանակմանը կողմ է քվեարկել Բարձրագույն դատական խորհրդի անդամների կեսից ավելին, ապա համապատասխան թեկնածուների՝ Հանրապետության նախագահին առաջարկումն ու նշանակումն իրականացվում է սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Հանրապետության նախագահին են ներկայացվում նաև համապատասխան դատավորների պատճառաբանված դիմումը:

(120-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 121.

Առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման կարգը

 

1. Դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Դատական դեպարտամենտը կազմում և Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում տվյալ առաջին ատյանի դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, ովքեր ունեն դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն, չունեն կարգապահական տույժ, վերջին երեք տարվա ընթացքում չեն նշանակվել տվյալ դատարանի նախագահ և Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն:

2. Դատավորի՝ ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն ունեցող դատավորների թիվը երեքից պակաս լինելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակը կազմելիս դատավորի՝ առնվազն երեք տարվա փորձառություն ունենալու պահանջը չի կիրառվում:

3. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ներկայացված ցուցակում ընդգրկված դատավորների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

4. Բարձրագույն դատական խորհուրդն առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման առաջարկություն ներկայացնելու հարցը քննարկելիս հաշվի է առնում դատարանի նախագահի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները բնութագրող հատկանիշները, այդ թվում՝

1) դատավորի մասնագիտական հեղինակությունը.

2) դատավորի պարտականությունները կատարելիս իր գործընկերների նկատմամբ դրսևորված վերաբերմունքը.

3) դատավորի կազմակերպչական և կառավարչական ունակությունները, կառավարչական բնույթի աշխատանքի փորձառության դեպքում՝ այդ աշխատանքում դատավորի ցուցաբերած հմտություններն ու որակները բնութագրող այլ հատկանիշներ:

5. Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է բաց քվեարկություն, որի ընթացքում յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ (նախադասությունը հանվել է 25.03.20 ՀՕ-197-Ն) Քվեարկության արդյունքներով Հանրապետության նախագահին է առաջարկվում խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության ձայներն ստացած անձը:

6. Նշանակման ենթակա դատարանի նախագահի թեկնածուի՝ Հանրապետության նախագահին առաջարկումն իրականացվում է դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից տասնօրյա, իսկ այլ հիմքով պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ մեկամսյա ժամկետում:

7. Նշանակման ենթակա դատարանի նախագահի թեկնածուի՝ Հանրապետության նախագահին առաջարկումն ու նշանակումն իրականացվում է սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով:

(121-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ԳԼՈՒԽ 17

ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ, ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 122. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները

 

1. Բարձրագույն դատական խորհուրդը կազմում և հաստատում, այդ թվում՝ լրացնում և փոփոխում է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները:

2. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակներն են`

1) վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` քրեական, քաղաքացիական, վարչական մասնագիտացման բաժիններով.

2) Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը:

 

Հոդված 123.

Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նախապատրաստումը

 

1. Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համալրման անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով նաև վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը, վերաքննիչ դատարանների առկա և կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը և այլ այնպիսի հանգամանքներ, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել դատավորների առաջխաղացման ցուցակի համալրման անհրաժեշտության: Համալրումը կարող է իրականացվել համալրման ենթակա տեղերի քանակով՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, կամ առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:

2. Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը համալրման ենթակա տեղերի քանակով համալրելու անհրաժեշտության մասին: Նշված քանակի մեջ չեն հաշվարկվում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված այն անձինք, որոնք իրենց նշանակման առաջարկության վերաբերյալ հայտնել են անհամաձայնություն և սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով չեն հանվել դատավորների թեկնածուների ցուցակից:

3. Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիման վրա հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի դիմումներն ընդունելու ժամկետը և վայրը: Համալրումը համալրման ենթակա տեղերի քանակով իրականացվելու դեպքում հայտարարությամբ նշվում է համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի մասնագիտացման բաժինների:

4. (մասն ուժը կորցրել է 09.02.22 ՀՕ-24-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 09.02.22 ՀՕ-24-Ն)

6. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել`

1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն.

3) այն անձը, որը՝

ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին ութ տարիների ընթացքում առնվազն վեց տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ

բ) ունի վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձառություն:

7. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարեցվել կարգապահական խախտում թույլ տալու կամ նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով:

8. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված անձինք սահմանված ժամկետում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

9. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:

10. Սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում նշված անձինք դիմումին կցում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝ գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

11. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձի դիմումն ստուգվում է սույն օրենսգրքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով:

12. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձինք ունեն վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվելու իրավունք՝ անկախ առաջին ատյանի դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքից:

(123-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, խմբ., փոփ., լրաց. 09.02.22 ՀՕ-24-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 124. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը

 

1. Դիմումներ ընդունելու ժամկետի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածուի անձնական գործը, իսկ թեկնածուի՝ դատավոր չլինելու դեպքում նրա ներկայացրած և դրանց ստուգման արդյունքով ձեռք բերված փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

2. Բարձրագույն դատական խորհուրդն առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս հաշվի է առնում վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները, իսկ դատավորի համար նաև գործունեության գնահատման արդյունքները:

3. Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է խորհրդակցական սենյակում` բաց քվեարկություն, որի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»:

4. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-197-Ն)

5. Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման, ապա յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է թեկնածուների թվին: Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով, ապա յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկելիս թեկնածուների թիվն անհրաժեշտ քանակին հավասար կամ շատ լինելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է համալրման համար անհրաժեշտ քանակին, իսկ քիչ լինելու դեպքում՝ թեկնածուների թվին:

6. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը կազմում է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակ, որում ընդգրկվում են՝

1) անհրաժեշտ քանակին հավասար քանակի առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած թեկնածուները, եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով.

2) Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած թեկնածուները, եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:

7. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել ընտրված թեկնածուներին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են նվազագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած թեկնածուները:

8. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: (նախադասությունը հանվել է 25.03.20 ՀՕ-197-Ն)

9. Լրացուցիչ քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:

10. Բարձրագույն դատական խորհուրդը վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը համալրելու անհրաժեշտության մասին հայտարարությունն հրապարակելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հաստատում է քվեարկության արդյունքով կազմված առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը:

11. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված՝ սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ցուցակը Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացնում է Արդարադատության ակադեմիա՝ նրանց ուսուցումը կազմակերպելու նպատակով:

12. Սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը կամ սնանկ ճանաչվելը կասեցնում է նրա ուսուցումն Արդարադատության ակադեմիայում՝ համապատասխանաբար մինչև արդարացնող հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կամ սնանկության վարույթի ավարտը:

13. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված՝ սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց համար Արդարադատության ակադեմիայում գործնական հմտությունների զարգացման մասով օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է ուսուցում:

(124-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, խմբ., փոփ. 09.02.22 ՀՕ-24-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 125. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու հիմքերը

 

1. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝

1) նշանակվել է վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում.

2) այդ մասին գրավոր դիմում է ներկայացրել.

3) լրացել է նրա 63 տարին, բացառությամբ երբ անձը դատավոր է.

4) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ նա ընդգրկվել է ցուցակում սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ.

5) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ.

6) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

7) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

8) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, կամ հրաժարվել է սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննություն անցնելու պահանջը կատարելուց.

9) եթե Բարձրագույն դատական խորհուրդը նրա նկատմամբ կիրառել է նկատողություն կամ խիստ նկատողություն.

10) եթե դադարեցվել կամ դադարել են որպես դատավոր նրա լիազորությունները.

11) առկա են սույն օրենսգրքով նախատեսված այլ հիմքեր:

2. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձինք հանվում են ցուցակից նաև այն դեպքում, երբ սահմանված կարգով չեն անցել գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցում:

3. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից սույն օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Անձին ցուցակից հանելը արգելք չէ ցուցակում ընդգրկվելու նպատակով սույն օրենսգրքով սահմանված կարգով կրկին դիմելու համար:

5. Համապատասխան ցուցակից անձին հանելու վերաբերյալ որոշումը վերանայվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների վերանայման համար սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:

 

Հոդված 126. Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղ առաջանալու հիմքերը

 

1. Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝

1) ստեղծվում է նոր վերաքննիչ դատարան.

2) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները.

3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե դատարանում կա թափուր տեղերի քանակին համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավոր:

 

Հոդված 127. Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելու կարգը

 

1. Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն ներկայացնում է հետևյալ հաջորդականությամբ.

1) առաջին հերթին՝ Վճռաբեկ դատարանից ռեզերվային դատավորին, որն ունի թափուր տեղին համապատասխան մասնագիտացում: Մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվությունը տրվում է Վճռաբեկ դատարանի տարիքով ավագ դատավորին.

2) երկրորդ հերթին՝ Վճռաբեկ դատարանի համապատասխան մասնագիտացման այն դատավորին, որը մինչև այդ գրավոր դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ խնդրելով իրեն տեղափոխել վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագին.

3) երրորդ հերթին՝ առաջխաղացման ցուցակում ավելի վաղ ընդգրկված անձին: Մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագին:

2. Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն չի ներկայացնում այն անձին, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:

3. Բարձրագույն դատական խորհուրդը գրավոր առաջարկությունը ներկայացնում է համապատասխան հիմքն առաջանալու օրվանից եռօրյա ժամկետում էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ փոստային առաքմամբ:

 

Հոդված 128. Վերաքննիչ դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկություն ստացած թեկնածուի կողմից առաջարկությունն ընդունվելու կարգը և չընդունվելու հետևանքները

 

1. Վերաքննիչ դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկություն ստացած թեկնածուն ծանուցումն ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնությունը նշանակման վերաբերյալ: Այդ ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն:

2. Սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձի անհամաձայնությունը չի դադարեցնում նրա` ռեզերվային դատավորի կարգավիճակը:

3. Սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում անձի անհամաձայնությունը որևէ բացասական հետևանք չի առաջացնում:

4. Սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում թեկնածուի անհամաձայնությունը հանգեցնում է նրան դատավորների առաջխաղացման ցուցակից հանելուն, բացառությամբ հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում գտնվելու պատճառներով հրաժարվելու դեպքի:

(128-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 129. Վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածուի նշանակման կարգը

 

1. Բարձրագույն դատական խորհրդի կողմից վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածուի՝ Հանրապետության նախագահին առաջարկումն ու նշանակումն իրականացվում են սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 130. Վերաքննիչ դատարանի նախագահի նշանակման կարգը

 

1. Վերաքննիչ դատարանի նախագահի նշանակումն իրականացվում է առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հոդված 131. Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղ առաջանալու հիմքերը

 

1. Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝

1) ստեղծվում է Վճռաբեկ դատարանի նոր պալատ.

2) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները.

3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե դատարանում կա թափուր տեղերի քանակին համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավոր:

 

Հոդված 132. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նախապատրաստումը

 

1. Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով Վճռաբեկ դատարանում դատավորի թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի դիմումներն ընդունելու ժամկետը, վայրը, համալրման ենթակա տեղերի քանակը:

2. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝

1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

3) այն անձը, որը՝

ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ

բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու դատավորների թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: Վճռաբեկ դատարանում հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր նշանակվելու համար սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում, եթե քրեական մասնագիտացման կամ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացման դատավոր է: Վճռաբեկ դատարանում հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր նշանակվելու համար սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում, եթե քաղաքացիական մասնագիտացման դատավոր կամ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման դատավոր է:

4. Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

4.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումին կցում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:

6. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված անձինք դիմումին կցում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝ իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

7. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերում նշված անձի դիմումն ստուգվում է սույն օրենսգրքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով:

8. Յուրաքանչյուր թափուր տեղի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով առնվազն երեք թեկնածու չդիմելու դեպքում դիմում ներկայացնելու ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կրկին հայտարարություն է տրվում:

9. Անձն ունի Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու իրավունք՝ անկախ դատավորների թեկնածուների՝ այլ ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքից:

(132-րդ հոդվածը խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն, փոփ. 19.01.21 ՀՕ-22-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-331-Ն, խմբ., լրաց., փոփ. 09.02.22 ՀՕ-24-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 133. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը, հաստատումը և առաջարկության ներկայացումը

 

1. Դիմումներ ընդունելու ժամկետի ավարտից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Բարձրագույն դատական խորհուրդը բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածուի անձնական գործը, իսկ դատավոր չհանդիսացող թեկնածուի դեպքում՝ նրա ներկայացրած և դրանց ստուգման արդյունքով ձեռք բերված փաստաթղթերը, այդ թվում՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի:

2. Բարձրագույն դատական խորհուրդն առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս հաշվի է առնում Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները, թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը, թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը, իսկ դատավորի համար՝ նաև գործունեության գնահատման արդյունքները:

3. Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է բաց քվեարկություն, որի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»:

4. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-197-Ն)

5. Քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի երեք ձայն: (նախադասությունը հանվել է 25.03.20 ՀՕ-197-Ն)

6. Քվեարկության արդյունքներով առաջխաղացման ցուցակում ընդգրկվում են Բարձրագույն դատական խորհրդի անդամների ձայների առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած երեք թեկնածուները:

7. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել ընտրված թեկնածուներին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են նվազագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած թեկնածուները:

8. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: (նախադասությունը հանվել է 25.03.20 ՀՕ-197-Ն)

9. Լրացուցիչ քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:

10. Քվեարկության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կազմում և հաստատում է Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա երեք դատավորների թեկնածուների ցուցակը և նրանց թեկնածությունները նրանց անձնական գործերի, իսկ թեկնածուների՝ դատավոր չլինելու դեպքում նրանց կողմից ներկայացված և դրանց ստուգման արդյունքում ձեռք բերված փաստաթղթերի հետ ներկայացնում է Ազգային ժողով Վճռաբեկ դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը լրանալու օրվանից տասնօրյա, իսկ այլ հիմքով պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ մեկամսյա ժամկետում:

11. Ազգային ժողովն առաջարկվող թեկնածուին ընտրում և Հանրապետության նախագահին առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

12. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակն ուժը կորցնում է Վճռաբեկ դատարանի դատավորի նշանակման կամ Սահմանադրական դատարանի կողմից նրա նշանակման առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահից:

13. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի ուժը կորցնելը արգելք չէ ցուցակում ընդգրկվելու նպատակով սահմանված կարգով կրկին դիմելու համար:

(133-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, խմբ., լրաց. 14.04.21 ՀՕ-331-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 134. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման կարգը

 

1. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Դատական դեպարտամենտը կազմում և Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում տվյալ պալատի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել տվյալ պալատի նախագահի պաշտոնում և Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն:

2. Դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն ունեցող դատավորների թիվը երեքից պակաս լինելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակը կազմելիս դատավորի առնվազն երեք տարվա փորձառություն ունենալու պահանջը չի կիրառվում:

3. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ներկայացված ցուցակում ընդգրկված դատավորների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

4. Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման առաջարկություն ներկայացնելու հարցը քննարկելիս հաշվի է առնում պալատի նախագահի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները բնութագրող հատկանիշներ, այդ թվում՝

1) դատավորի մասնագիտական հեղինակությունը.

2) դատավորի պարտականությունները կատարելիս իր գործընկերների նկատմամբ դրսևորած վերաբերմունքը.

3) դատավորի կազմակերպչական և կառավարչական ունակությունները, կառավարչական բնույթի աշխատանքի փորձառության դեպքում այդ աշխատանքում դատավորի ցուցաբերած հմտություններն ու որակները բնութագրող այլ հատկանիշներ:

5. Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է բաց քվեարկություն, որի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»:

6. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-197-Ն)

7. Քվեարկության ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: (նախադասությունը հանվել է 25.03.20 ՀՕ-197-Ն)

8. Եթե քվեարկության արդյունքում որևէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

9. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է դատավորի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:

10. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելին ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն:

11. Քվեարկության արդյունքներով Հանրապետության նախագահին է առաջարկվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» ձայներ ստացած թեկնածուն:

12. Նշանակման ենթակա Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի թեկնածուի՝ Հանրապետության նախագահին առաջարկումն ու նշանակումն իրականացվում են սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով:

(134-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, 19.01.21 ՀՕ-22-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 135. Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու առաջարկելու կարգը

 

1. Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Դատական դեպարտամենտը կազմում և Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում Վճռաբեկ դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում և Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն:

2. Վճռաբեկ դատարանում դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն ունեցող դատավորների թիվը երեքից պակաս լինելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակը կազմելիս դատավորի՝ Վճռաբեկ դատարանում առնվազն երեք տարվա փորձառություն ունենալու պահանջը չի կիրառվում:

3. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ներկայացված ցուցակում ընդգրկված դատավորների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

4. Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի նշանակման առաջարկություն ներկայացնելու հարցը քննարկելիս հաշվի է առնում նախագահի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները բնութագրող հատկանիշներ, այդ թվում՝

1) դատավորի մասնագիտական հեղինակությունը.

2) դատավորի պարտականությունները կատարելիս իր գործընկերների նկատմամբ դրսևորած վերաբերմունքը.

3) դատավորի կազմակերպչական և կառավարչական ունակությունները, կառավարչական բնույթի աշխատանքի փորձառության դեպքում այդ աշխատանքում դատավորի ցուցաբերած հմտություններն ու որակները բնութագրող այլ հատկանիշներ:

5. Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է բաց քվեարկություն, որի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»:

6. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-197-Ն)

7. Քվեարկության ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: (նախադասությունը հանվել է 25.03.20 ՀՕ-197-Ն)

8. Եթե քվեարկության արդյունքում որևէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

9. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է դատավորի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:

10. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելին ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն:

11. Քվեարկության արդյունքներով Ազգային ժողովին է առաջարկվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» ձայներ ստացած թեկնածուն:

12. Քվեարկության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին նրա անձնական գործի հետ միասին ներկայացնում է Ազգային ժողով Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից տասնօրյա, իսկ այլ հիմքով պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ մեկամսյա ժամկետում:

13. Ազգային ժողովն առաջարկվող թեկնածուին ընտրում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

(135-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ԳԼՈՒԽ 18

(գլուխը խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(18-րդ գլուխն ուժի մեջ է մտնում 31.07.20-ին` Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորման պահից, համաձայն ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 31.07.20 N-04Ա որոշման)

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

 

Հոդված 136. Դատավորի գործունեության գնահատման նպատակը

 

1. Դատավորի գործունեությունը ենթակա է գնահատման:

2. Դատավորի գործունեության գնահատման նպատակն է՝

1) առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը.

2) նպաստել դատավորների վերապատրաստման ուղղությունների ընտրությանը.

3) բացահայտել դատավորի աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները.

4) նպաստել դատավորի ինքնակատարելագործմանը.

5) նպաստել դատարանի գործունեության արդյունավետության բարելավմանը։

3. Դատավորի գործունեության գնահատման արդյունքները տրամադրվում են՝

1) ուսումնական հարցերի հանձնաժողովին՝ դատավորների վերապատրաստման ուղղություններն ընտրելու համար.

2) գնահատվող դատավորին՝ իր աշխատանքի արդյունավետությունը բարելավելու և ինքնակատարելագործվելու համար.

3) սույն գլխով նախատեսված դեպքում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար.

4) դատարանի նախագահին՝ դատարանի գործունեության արդյունավետությունը բարելավելու նպատակով:

4. Բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, դատավորի գործունեության գնահատման արդյունքները և այդ կապակցությամբ ձեռք բերված տվյալներն ու տեղեկությունները գաղտնի են:

 

Հոդված 137. Դատավորի գործունեության գնահատման տեսակները

 

1. Դատավորի գործունեությունը ենթակա է հերթական գնահատման՝ յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ, իսկ դատավորի նախաձեռնությամբ կամ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում` արտահերթ:

2. Դատավորի նախաձեռնությամբ արտահերթ գնահատում չի իրականացվում, եթե դատավորի գործունեությունը վերջին երկու տարվա ընթացքում գնահատվել է:

3. Դատավորի գործունեության գնահատումն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով և ժամկետներում:

 

Հոդված 138. Դատավորի գործունեության գնահատման չափանիշները

 

1. Դատավորի գործունեությունը գնահատվում է դատավորի աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ինչպես նաև դատավորի արհեստավարժությունն ու վարքագիծը բնութագրող՝ սույն հոդվածով սահմանված կիրառելի չափանիշների հիման վրա:

2. Դատավորի աշխատանքի որակի և արհեստավարժության գնահատման չափանիշներն են՝

1) դատական ակտը հիմնավորելու կարողությունը.

2) դատական նիստը կառավարելու և օրենքով սահմանված կարգով անցկացնելու կարողությունը:

3. Դատավորի աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշներն են՝

1) աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունավետ կառավարման ունակությունը և աշխատանքի պլանավորումը.

2) ողջամիտ ժամկետում գործեր քննելն ու դատական ակտեր կայացնելը.

3) դատավորի կողմից առանձին դատավարական գործողությունների կատարման համար օրենքով սահմանված ժամկետների պահպանումը.

4) արդյունավետ աշխատամիջավայր ապահովելու կարողությունը:

4. Դատավորի էթիկայի և վարքագծի կանոնի գնահատման չափանիշներն են՝

1) վարքագծի և էթիկայի կանոնների պահպանումը.

2) դատարանի հանրային ընկալմանն ու դատարանի նկատմամբ վստահությանը նպաստելը, այլ դատավորների և դատարանի աշխատակազմի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը:

5. Սույն հոդվածով սահմանված գնահատման չափանիշներով գնահատման համար հանձնաժողովը պետք է հաշվի առնի դատավորի քննած գործերի առնվազն 10 դատական նիստի ձայնային արձանագրություններ (բացակայության դեպքում՝ պարզ թղթային արձանագրություններ) և առնվազն 10 գործն ըստ էության լուծող դատական ակտեր (պատահական ընտրությամբ):

 

Հոդված 139. Դատավորի գործունեության գնահատման կարգը

 

1. Դատավորի գործունեության գնահատումն իրականացնում է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը՝ սույն օրենսգրքով սահմանված չափանիշների հիման վրա:

2. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորի գործունեության գնահատման մեթոդաբանությունը, ներառյալ՝ սույն օրենսգրքի 138-րդ հոդվածով սահմանված չափանիշների գնահատման ցուցիչները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը և դատավորի գործունեության գնահատման համար անհրաժեշտ այլ մանրամասներ:

3. Դատավորի գործունեության գնահատման մեթոդաբանությունը սահմանելիս դատավորի գործունեության գնահատման համար առաջնահերթություն է տրվում սույն օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված չափանիշներին, որոնք դատավորին տրվող գնահատականի ձևավորման համար ունեն որոշիչ նշանակություն:

4. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորի գործունեությունը գնահատելու հերթական ժամանակացույցը՝ ըստ համապատասխան տարիների և դատավորների:

 

Հոդված 140. Դատավորի գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը

 

1. Գնահատման արդյունքների վերաբերյալ կազմվում է որոշման նախագիծ, որը ներառում է գնահատման արդյունքի ամփոփագիր:

2. Գնահատման արդյունքների վերաբերյալ որոշման նախագիծն ուղարկվում է դատավորին, որն իրավունք ունի այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում ներկայացնելու նախագծի վերաբերյալ իր նկատառումները:

3. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովն ուսումնասիրում է գնահատման արդյունքների վերաբերյալ դատավորի նկատառումները և որոշում կայացնում գնահատման արդյունքների վերաբերյալ:

4. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը գնահատման ընդհանուր արդյունքների հիման վրա դատավորի գործունեությունը գնահատում է բարձր, լավ, միջին կամ ցածր` հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի սահմանած գնահատման սանդղակները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են յուրաքանչյուր չափանիշով դատավորի գործունեության գնահատման ցուցիչները, յուրաքանչյուր ցուցիչով միավորը որոշելու մեթոդը, միավորների առավելագույն չափը, ինչպես նաև տվյալ ցուցիչով դատավորի գործունեության գնահատման հիմք հանդիսացող փաստաթղթավորված տվյալների շրջանակը և դրանք հավաքելու կարգը:

5. Դատավորի գործունեության գնահատականը ձևավորվում է գնահատման բոլոր չափանիշներով հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից դատավորին նշանակված գնահատականների միջինով:

6. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամը չի մասնակցում իր գործունեության գնահատմանը և արդյունքների ամփոփմանը:

 

 Հոդված 140.1. Դատավորի գործունեության գնահատման հետևանքները

 

1. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր կամ միջին գնահատվելու դեպքում Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը որոշում է կայացնում դատավորին լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու մասին՝ սահմանելով այն չափանիշները, որոնցով նրա հմտությունները կատարելագործվելու անհրաժեշտություն ունեն:

2. Գնահատման ընդհանուր արդյունքներով ցածր կամ միջին գնահատված դատավորի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լրացուցիչ վերապատրաստումն անցնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, կազմակերպվում է արտահերթ գնահատում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արտահերթ գնահատման դեպքում սույն օրենսգրքի 138-րդ հոդվածով սահմանված չափանիշների գնահատումն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:

4. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կողմից դատավորի գործունեության գնահատման արդյունքում սույն օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առերևույթ հիմքեր հայտնաբերվելու դեպքում հանձնաժողովը դիմում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար։

 

ԳԼՈՒԽ 19

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 141. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը

 

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Բարձրագույն դատական խորհուրդը:

2. Կարգապահական վարույթը իրականացվում է օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա:

 

Հոդված 142. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

 

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

3) (կետն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-197-Ն)

4) (կետն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-197-Ն) 

2. Արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

3. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-197-Ն) 

4. Սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

5. Սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

6. Էական կարգապահական խախտում է՝

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման.

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ.

3) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը:

7. Դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

8. Դատավորին վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը և հակառակը:

9. Արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:

10. Դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում:

(142-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածի 15.11.19 ՍԴՈ-1488 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 25.03.20 ՀՕ-197-Ն օրենքի 45-րդ հոդվածի փոփոխությամբ)

Հոդված 143. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի ապացուցման պարտականությունը

 

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը:

2. Կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

 

Հոդված 144. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետները

 

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել`

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում: Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի, բացառությամբ սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթի.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո, բացառությամբ սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտումների.

3) դատավորի կողմից սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո` մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց երեք տարի հետո:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը հայտնաբերվել է մինչև տվյալ գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, ապա նույն կետով նախատեսված մեկ տարվա ժամկետը հաշվարկվում է տվյալ ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից, իսկ եթե դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցնում են դատական պաշտպանության իրավունքի խախտման և արդարադատության խաթարման, ապա վարույթ կարող է հարուցվել նաև մինչև տվյալ եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

(144-րդ հոդվածը խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 145. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները

 

1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն`

1) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը.

2) Լիազոր մարմինը.

3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն հոդվածի 1.1-ին կետով նախատեսված դեպքերում։

1.1. Սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման առնչությամբ կարգապահական վարույթ կարող է հարուցել միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ:

2. Կարգապահական վարույթ հարուցող մարմինը (այսուհետ՝ վարույթ հարուցող մարմին) վարույթ հարուցելու, այն կասեցնելու, վերսկսելու և կարճելու որոշումները կայացնելու պահից եռօրյա ժամկետում սույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով ուղարկում է վարույթ հարուցող մյուս մարմնին, ինչպես նաև հաղորդում ներկայացրած անձին և համապատասխան դատավորին:

(145-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 146. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝

1) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը.

2) կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները.

3) վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը.

4) վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը:

2. Անանուն հաղորդումները քննարկման ենթակա չեն:

3. Վարույթ հարուցող մարմինը մինչև դրա հարուցման հարցի լուծումն իրավունք ունի հաղորդում ներկայացրած անձին առաջարկելու ներկայացնել կարգապահական վարույթ հարուցելու համար նշանակություն ունեցող տեղեկությունների վերաբերյալ նյութեր:

4. Վարույթ հարուցող մարմինը կատարված ուսումնասիրությունների արդյունքում կայացնում է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կամ չի հարուցում կարգապահական վարույթ:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձի հաղորդման հիման վրա կարգապահական վարույթ չհարուցելու դեպքում վարույթ հարուցող մարմինն իր պատասխանում նշում է չհարուցելու հիմքերը:

6. Կարգապահական վարույթ չի հարուցվում, եթե՝

1) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար առկա է վարույթ հարուցող նույն մարմնի կողմից հարուցված կարգապահական վարույթ.

2) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է նույն մարմնի կարգապահական վարույթ չհարուցելու կամ վարույթը կարճելու վերաբերյալ որոշում.

3) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է Բարձրագույն դատական խորհրդի որոշում.

4) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերևույթ բացակայում են:

(146-րդ հոդվածը լրաց., խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքի 58-րդ հոդվածի 19-րդ մասի համաձայն` 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով կարգապահական վարույթ կարող է հարուցվել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի` 25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացրած ակտերի հիման վրա:)

 

Հոդված 147. Դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ընթացքը

 

1. Հարուցված կարգապահական վարույթի տևողությունը մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը չի կարող երկու ամսից ավելի լինել:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը կարող է վարույթ հարուցող մարմնի որոշմամբ դատավորի բացակայության (արձակուրդ, անաշխատունակություն, գործուղում, բացառությամբ այլ դատարան գործուղվելու և այլն) ժամանակահատվածով կարող է երկարաձգվել: Դատավորի բացակայության հիմքերի և ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը վարույթ հարուցող մարմնին տրամադրում է համապատասխան դատարանի նախագահը:

3. Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում վարույթ հարուցող մարմինն իրավունք ունի՝

1) դատարանից պահանջելու և ուսումնասիրելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութեր.

2) դատարանում ծանոթանալու քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութերի, որոնց վերաբերյալ դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ չմիջամտելով արդարադատության կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման գործընթացին.

3) դատավորին առաջարկելու ներկայացնել գրավոր բացատրություններ.

4) առաջարկելու հաղորդում ներկայացրած անձին, ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնել կարգապահական վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկություններ և նյութեր.

5) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու նյութեր:

4. Դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի՝

1) ներկայացնելու գրավոր բացատրություններ, ապացույցներ և անելու միջնորդություններ.

2) վարույթ հարուցող մարմնից ստանալու կարգապահական վարույթի նյութերի պատճենները.

3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված իրավունքները իրականացնելու անձամբ կամ փաստաբանի միջոցով:

5. Կատարված ուսումնասիրությունների արդյունքում վարույթ հարուցած մարմինը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) կարգապահական վարույթը կարճելու մասին.

2) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:

6. Վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե՝

1) առկա չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք.

2) վարույթ հարուցած նույն մարմինը նախկինում նույն արարքի համար նույն անձի նկատմամբ չի հարուցել կարգապահական վարույթ կամ կարճել է հարուցված կարգապահական վարույթը.

3) նույն արարքի համար նույն անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին նախկինում միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ.

4) առկա է նույն կարգապահական խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշում.

5) դադարեցվել կամ դադարել են դատավորի լիազորությունները.

6) առկա է սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմք:

7. Նույն հիմքով նույն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքում ավելի ուշ վարույթ հարուցած մարմինը որոշում է կայացնում կարգապահական վարույթը կասեցնելու մասին: Կարգապահական վարույթը կասեցնելու օրվանից մինչև դրա վերսկսումը սույն հոդվածով սահմանված կարգապահական վարույթի ժամկետը կասեցվում է:

8. Վարույթ հարուցող մյուս մարմնի կողմից կարգապահական վարույթը կարճվելու կամ Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական պատասխանատվության հարցը լուծելու մասին որոշումն ստանալու օրը վարույթը կասեցրած մարմինը վերսկսում է կասեցված կարգապահական վարույթը: Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական պատասխանատվության հարցը լուծելու մասին որոշման հիմքով վարույթը վերսկսելու դեպքում վարույթ հարուցող մարմինը կարճում է այն:

9. Վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Կարգապահական վարույթի շրջանակներում առաքվող բոլոր փաստաթղթերը պետք է առաքվեն փակ ծրարներով` «ծառայողական» դրոշմագրով կամ դրա անհնարինության դեպքում՝ հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով, որի դեպքում համարվում են հասցեատիրոջ կողմից ստացված նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվելու պահից: Կարգապահական վարույթի նյութերը սույն օրենսգրքով չնախատեսված անձանց տրամադրելն արգելվում է:

10. Մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը վարույթ հարուցող մարմնի և համապատասխան դատավորի միջև կարգապահական վարույթի վերաբերյալ բանավոր քննարկումներ չեն կարող լինել:

(147-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 148. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը

 

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության դեպքում վարույթ հարուցող մարմինը որոշում է կայացնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին:

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

3. Ներածական մասը բովանդակում է կարգապահական վարույթ հարուցող մարմնի անվանումը, դատավորի և նրա ներկայացուցչի անունը, ազգանունը:

4. Նկարագրական-պատճառաբանական մասում վարույթ հարուցող մարմինը շարադրում է դատավորի կողմից կատարված կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարքը, այդ արարքը կատարված լինելը հիմնավորող տեղեկությունները և արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները:

5. Եզրափակիչ մասը բովանդակում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն, Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդությունը ներկայացնողի անունը, որոշումը կազմելու ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ինչպես նաև վարույթ հարուցող մարմնի ստորագրությունը և առկայության դեպքում՝ կնիքը:

6. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը կայացման պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է Բարձրագույն դատական խորհուրդ, դատավորին և վարույթ հարուցող մյուս մարմին: Որոշման հետ Բարձրագույն դատական խորհուրդ և դատավորին են ուղարկվում կարգապահական վարույթի բոլոր նյութերի պատճենները:

7. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելու պահից կարգապահական վարույթ հարուցող մարմինը այն չի կարող հետ վերցնել:

8. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը և կարգապահական վարույթի նյութերն ստանալու պահից երկու շաբաթվա ընթացքում դատավորն իրավունք ունի Բարձրագույն դատական խորհուրդ և վարույթ հարուցող մարմին ուղարկելու պատասխան՝ կցելով էլեկտրոնային կրիչը: Բարձրագույն դատական խորհրդի կողմից հարգելի ճանաչված պատճառների առկայության դեպքում դատավորի միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդը մինչև մեկշաբաթյա ժամկետով կարող է երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը: Դատավորի պատասխան չուղարկելը չի խոչընդոտում Բարձրագույն դատական խորհրդում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությանը:

 

Հոդված 149. Դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

3.1) առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք՝ մեկ տարի ժամկետով.

3.2) դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատում.

4) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 3.2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը չի կարող կիրառվել սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս:

2. Դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

3. Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք կիրառելու կամ դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատվելու կամ խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, նկատողություն ստանալու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կամ նախազգուշացում ստանալու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:

(149-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն, փոփ. 09.02.22 ՀՕ-24-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 150. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը

 

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում:

2. Բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան երեք ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:

3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կասեցվում է, եթե նույն փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ, և այն վերսկսվում է քրեական վարույթի ավարտից հետո։

4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհուրդը կարճում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը վերսկսելուց հետո առկա են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված դատավորի լիազորությունների դադարման հիմքեր։ Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս պարտադիր է Բարձրագույն դատական խորհրդի համար միայն այն փաստերով, որոնցով հաստատված են որոշակի գործողությունների կատարումը և դրանք կատարած անձինք։

(150-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 151. Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքը

 

1. Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննությունն սկսվում է հարցի էության և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության վերաբերյալ վարույթ հարուցած անձի զեկուցմամբ: Եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է Լիազոր մարմինը, ապա Լիազոր մարմինը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը պարտավոր է ներկա լինել Բարձրագույն դատական խորհրդի նիստին: Եթե կարգապահական վարույթը հարուցել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, ապա Բարձրագույն դատական խորհրդի նիստին կարգապահական խախտման մասին միջնորդությունը զեկուցում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամներից մեկը: Եթե կարգապահական վարույթը հարուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ապա Բարձրագույն դատական խորհրդի նիստին կարգապահական խախտման մասին միջնորդությունը զեկուցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամներից մեկը:

2. Այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին:

3. Վարույթ հարուցած մարմնի զեկուցումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է այն դատավորին, որի նկատմամբ վարույթ է հարուցվել, կամ նրա փաստաբանին: Բարձրագույն դատական խորհրդի անդամները և վարույթը հարուցած մարմնի ներկայացուցիչը կարող են հարցեր ուղղել դատավորին, որոնց դատավորը կարող է պատասխանել կամ հրաժարվել դրանց պատասխանելուց: Դատավորին կամ նրա փաստաբանին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն անցնում է վարույթի նյութերի հետազոտմանը:

4. Հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի՝

1) դատավորի, կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատավորից, կարգապահական վարույթը հարուցած մարմնից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու ներկայացնել հարցի քննության համար նշանակություն ունեցող ապացույցներ, որոնք տվյալ անձանց ազդեցության ոլորտում են` սահմանելով ժամկետ դրանք Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու համար, իսկ որոշումը կամովին չկատարելու դեպքում այն ներկայացնել կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով.

2) դատավորի, կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ հրավիրելու վկաներ.

3) դատավորի, կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ նշանակելու փորձաքննություն՝ քննության համար նշանակություն ունեցող հարցերի պարզաբանման նպատակով։

5. Վկաների չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի որոշում կայացնելու վկային հարկադրաբար ներկայացնելու վերաբերյալ: Հարկադրաբար ներկայացնելու վերաբերյալ որոշումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

6. Բարձրագույն դատական խորհուրդը գործով ցուցմունք տվող անձանց նախազգուշացնում է ցուցմունք տալուց հրաժարվելու կամ սուտ ցուցմունք տալու, իսկ փորձագետին` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին:

7. Հարցի քննության համար հրավիրված վկային առաջինը հարցեր է տալիս այն կողմը, որի միջնորդությամբ հրավիրվել է վկան, ապա մյուս կողմը, իսկ վերջում հարցեր են տալիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները։ Եթե վկան հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ, ապա առաջինը հարցեր է տալիս Բարձրագույն դատական խորհուրդը, այնուհետև հարցեր են տալիս կողմերը` ըստ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած հերթականության:

8. Վկան իրավունք ունի հրաժարվելու ցուցմունք տալ առանձին հարցերի վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր, իր ամուսնու կամ իր մերձավոր ազգականի դեմ։

9. Վարույթի նյութերի հետազոտումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները, որից հետո հարցի քննությունը հայտարարվում է ավարտված: Հարցի քննությունն ավարտված հայտարարելուց հետո Բարձրագույն դատական խորհրդի նիստը նախագահողը հայտարարում է որոշման հրապարակման օրը, վայրը և ժամը:

10. Հարցի քննությունն ավարտված հայտարարվելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հեռանում է որոշում կայացնելու:

(151-րդ հոդվածը խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 152. Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության սահմանները

 

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում:

 

Հոդված 153. Դատավորի իրավունքները և պարտականությունները Բարձրագույն դատական խորհրդում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս

 

1. Դատավորն իրավունք ունի`

1) ծանոթանալու Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության համար հիմք հանդիսացող նյութերին, քաղվածքներ անելու և ստանալու դրանց պատճենները.

2) հարցեր տալու ելույթ ունեցողին, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ անելու.

3) ապացույցներ ներկայացնելու և մասնակցելու դրանց հետազոտմանը.

4) մասնակցելու նիստին՝ հանդես գալով անձամբ, ինչպես նաև փաստաբանի միջոցով.

5) ստանալու փաստաբանի խելամիտ վարձատրության փոխհատուցում, եթե կարգապահական պատասխանատվության չի ենթարկվում:

2. Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս դատավորն օգտվում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքներից:

3. Բարձրագույն դատական խորհրդի կանչով դատավորի անհարգելի չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցն իրավասու է քննելու դատավորի բացակայությամբ:

 

Հոդված 154. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը

 

1. Մեկ կարգապահական վարույթի շրջանակներում Բարձրագույն դատական խորհուրդը կայացնում է մեկ որոշում՝ կիրառելով պատասխանատվության մեկ միջոց: Եթե կարգապահական խախտման հիմքը պարբերաբար խախտումն է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կիրառում է պատասխանատվության մեկ միջոց:

2. Որոշումն ընդունելիս կարող են ներկա լինել միայն Բարձրագույն դատական խորհրդի անդամները: Բարձրագույն դատական խորհուրդը նախ՝ քվեարկության է դնում կարգապահական խախտման առկայության, ապա՝ կարգապահական տույժի ընտրության հարցը:

3. Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշում ընդունելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամների արտահայտած դիրքորոշումները հրապարակման ենթակա չեն:

4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.

1) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

2) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ:

 

Հոդված 155. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշմանը ներկայացվող պահանջները և որոշման հրապարակումը

 

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշման ներածական մասում նշվում են`

1) Բարձրագույն դատական խորհրդի անվանումը և կազմը.

2) Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության վայրը և ժամանակը.

3) այն դատավորի անունը, ազգանունը և պաշտոնը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ.

4) վարույթը հարուցած մարմնի անունը, ազգանունը և պաշտոնը.

5) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը:

3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշման նկարագրական-պատճառաբանական մասում համառոտ նշվում են՝

1) հարցի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

2) վարույթը հարուցած մարմնի դիրքորոշումը.

3) այն դատավորի բացատրությունները և դիրքորոշումը, որի նկատմամբ վարույթ է հարուցվել.

4) այն անձանց բացատրությունները, ցուցմունքները, որոնք հրավիրվել են Բարձրագույն դատական խորհրդի նիստին.

5) կարգապահական խախտման մասին Բարձրագույն դատական խորհրդի հետևությունները, դատավորի անձը բնութագրող հանգամանքները.

6) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են Բարձրագույն դատական խորհրդի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները.

7) նորմատիվ իրավական ակտի այն նորմերը, որոնցով Բարձրագույն դատական խորհուրդը ղեկավարվել է որոշում ընդունելիս.

8) կողմերի դիրքորոշման վերաբերյալ պատճառաբանություններ:

4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշման եզրափակիչ մասում նշվում է Բարձրագույն դատական խորհրդի եզրահանգումը:

5. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը կազմվում և դրա եզրափակիչ մասը հրապարակվում է Բարձրագույն դատական խորհրդի նիստում հարցի քննությունն ավարտված հայտարարելուց հետո` 15 օրվա ընթացքում:

6. Որոշումը հրապարակվելուց հետո` հնգօրյա ժամկետում, ուղարկվում է վարույթ հարուցող մարմիններ և դատավորին:

7. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը ենթակա է բողոքարկման այն պահից սկսած մեկամսյա ժամկետում, երբ բողոք բերող անձն (մարմինը) իմացել է կամ կարող էր իմանալ սույն օրենսգրքի 156.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված ապացույցների կամ հանգամանքների մասին:

8. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-197-Ն)

Ներմուծեք նկարագրությունը_21507 (155-րդ հոդվածը խմբ., փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 156. Բարձրագույն դատական խորհրդի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու հիմքերը

 

1. Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե՝

1) առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք.

2) վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, և դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը:

 

Հոդված 156.1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը բողոքարկելը

 

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ համապատասխանաբար դատավորի կամ կարգապահական վարույթ հարուցած մարմնի բողոքը քննում է Բարձրագույն դատական խորհուրդը, եթե ի հայտ է եկել այնպիսի էական ապացույց կամ հանգամանք, որը բողոքարկողը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, և որը ողջամտորեն կարող էր ազդել որոշման վրա։

2. Բարձրագույն դատական խորհուրդը բողոքն ստանալուց հետո այն անմիջապես ուղարկում է մյուս կողմին, որը կարող է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել բողոքի պատասխան այն ստանալու պահից 10 օրվա ընթացքում։

3. Բարձրագույն դատական խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ ներկայացված բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ գալիս է եզրահանգման, որ անհրաժեշտ է բողոքի քննությունն իրականացնել նիստում: Բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ կայացվում է որոշում:

4. Բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում կողմերը ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար։ Բողոքի քննությունը դատական նիստում սկսվում է հարցը զեկուցող անդամի զեկուցումով, որը ներկայացնում է բողոքը և բողոքի պատասխանի փաստարկները: Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած կողմերին, որից հետո բողոքի քննությունը հայտարարվում է ավարտված:

5. Բողոքի քննության ժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը բողոքարկվող որոշումը վերանայում է միայն բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

6. Բողոքի քննությունը կատարվում, և որոշումը կայացվում է բողոքը ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում։

7. Բողոքի քննության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը կայացնում է բողոքարկվող որոշումն անփոփոխ թողնելու կամ որոշումը մասնակի կամ ամբողջությամբ վերացնելու մասին որոշում։ Որոշումն ընդունվում է նիստին մասնակցող Բարձրագույն դատական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

(156.1-ին հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-22-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 157. Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով

 

1. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

2. Նոր երևան եկած հանգամանքները հիմք են Բարձրագույն դատական խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման համար, եթե`

1) այն վերանայելու դիմում ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել կարգապահական վարույթի ընթացքում, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել միջնորդություն ներկայացրած անձին ու Բարձրագույն դատական խորհրդին, և այդ հանգամանքները կարգապահական վարույթի համար ունեն էական նշանակություն.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են կարգապահական վարույթով սխալ որոշում կայացնելուն.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ կարգապահական վարույթին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կատարել են կարգապահական վարույթի հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է սխալ կամ չհիմնավորված որոշում կայացնելուն, կամ կարգապահական վարույթի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարել է Բարձրագույն դատական խորհրդի անդամը:

3. Նոր հանգամանքները հիմք են Բարձրագույն դատական խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման համար, եթե`

1) Սահմանադրական դատարանը կարգապահական վարույթով կիրառված օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն անձի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած դատական ակտով հիմնավորվել է դատավորի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

3) վարչական դատարանն ուժի մեջ մտնելու պահից անվավեր է ճանաչել այն նորմատիվ իրավական ակտը, որի կիրառմամբ կայացվել է տվյալ որոշումը:

4. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման միջնորդություն կարող է բերվել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում, եթե Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 20 տարի: Դատավորը վերանայման միջնորդությունը կարող է ներկայացնել նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 20 տարին լրանալուց հետո:

5. Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու դիմումը կարող է ներկայացվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած մարմնի կամ այն դատավորի կողմից, որի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել:

6. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է դիմում ներկայացրած անձը:

7. Եթե Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ բացակայում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերը, ապա որոշում է ընդունում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը չվերանայելու վերաբերյալ:

8. Բարձրագույն դատական խորհրդի որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը վերացնում է իր որոշումը և կայացնում է նոր որոշում:

9. Եթե Բարձրագույն դատական խորհուրդը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին: Տվյալ դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորի թափուր պաշտոն չլինելու դեպքում դատավորը ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ: Նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնվելու դեպքում դատավորին վճարվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

 

Հոդված 158. Դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվությունը

 

1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակներում ընդգրկված դատավոր չհանդիսացող անձի կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտում կատարելու կամ օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունը չկատարելու մասին հաղորդում ստանալիս կամ իր իրավասության շրջանակում որևէ այլ հարց քննելիս առերևույթ խախտում հայտնաբերելու դեպքում հարուցում է կարգապահական վարույթ:

2. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը նրանց նկատմամբ կարող է կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) համապատասխան ցուցակից անձին հանել:

3. Դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության ընթացակարգի վրա տարածվում են սույն գլխի նորմերը:

(158-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ԳԼՈՒԽ 20

ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵԼԸ

 

Հոդված 159. Դատավորի լիազորությունները դադարեցնելը

 

1. Դատավորի լիազորությունները դադարեցնելու վարույթի նկատմամբ կիրառվում են («mutatis mutandis») սույն օրենսգրքի 19-րդ գլխի կանոնները այնքանով, որքանով կիրառելի են, և եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով:

2. Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա`

1) խախտել է անհամատեղելիության պահանջները.

2) զբաղվել է քաղաքական գործունեությամբ.

3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ ավելի քան վեց ամիս օրացուցային տարվա ընթացքում չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, բացառությամբ մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու հետ կապված պատճառների.

4) ունի դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը:

2.1. «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել` հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած եզրակացությունը։

3. Եթե առերևույթ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը, ապա համապատասխան դատարանի նախագահը դիմում է Լիազոր մարմին` դատավորի բժշկական զննությունն իրավասու մարմնի միջոցով կազմակերպելու համար: Դատավորը պարտավոր է անցնել բժշկական զննությունը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում համապատասխան դատարանի նախագահն այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդին և Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:

5. Եթե Բարձրագույն դատական խորհուրդը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերացնում է դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին: Տվյալ դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորի թափուր պաշտոն չլինելու դեպքում նշանակված դատավորը ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ: Նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնվելու դեպքում դատավորին վճարվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

(159-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 160. Դատավորի լիազորությունների դադարումը

 

1. Դատավորի լիազորությունները դադարում են, եթե`

1) նա հրաժարական է ներկայացնում.

2) լրացել է նրա 65 տարին.

3) նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ.

4) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

5) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

6) նա մահացել է:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատավորի լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի նիստում դատավորի կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին դատավորի չներկայանալու օրվանից:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա 65 տարին լրանալու օրվանից:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով դատավորի լիազորությունները դադարում են նրա մահվան օրը:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով դատավորի լիազորությունները դադարելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անհապաղ հայտարարություն է տարածում դատական իշխանության պաշտոնական կայքում:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով դատավորի լիազորությունների դադարման դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատավորի պաշտոնավարման ժամկետի ավարտից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ և ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ հայտարարություն է տարածում դատական իշխանության պաշտոնական կայքում:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով դատավորի լիազորությունները դադարում են համապատասխան հանգամանքի առկայությունն արձանագրելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշման ընդունման օրվանից:

8. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերի, ինչպես նաև դրանց վերացման վերաբերյալ տեղեկությունները անհապաղ փոխանցում են Բարձրագույն դատական խորհրդին:

9. Բարձրագույն դատական խորհուրդը վերանայում է սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված որոշումը սույն օրենսգրքի 157-րդ հոդվածով սահմանված հիմքերի ի հայտ գալու, ինչպես նաև դատավորի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող համապատասխան վճիռը, դատավճիռը բեկանվելու և փոփոխվելու, կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացվելու դեպքերում և որոշում է կայացնում դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին: Տվյալ դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորի թափուր հաստիք չլինելու դեպքում նշանակված դատավորը ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ: Նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնվելու դեպքում դատավորին վճարվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

 

ԳԼՈՒԽ 21

ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԿԱՄ ՆՐԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

 

Հոդված 161. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը

 

1. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդում է գլխավոր դատախազը:

2. Գլխավոր դատախազը միջնորդությանը կից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին միջնորդության համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը:

3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով գլխավոր դատախազի միջնորդությունն ստանալու դեպքում անհապաղ հրավիրում է Բարձրագույն դատական խորհրդի նիստ:

 

Հոդված 162. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին հարցի քննության ժամկետը

 

1. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցերով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում ոչ ուշ, քան գլխավոր դատախազի միջնորդության մուտքագրման հաջորդ օրը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ կարող է երկարաձգվել Բարձրագույն դատական խորհրդի նիստին դատավորի՝ հարգելի պատճառով չներկայանալու դեպքում:

 

Հոդված 163. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննության ընթացքը

 

1. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին հարցի քննությունն իրականացվում է դռնփակ:

2. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննության ժամանակ գլխավոր դատախազը, իսկ անհնարինության դեպքում նրա տեղակալը պարտավոր է ներկա լինել Բարձրագույն դատական խորհրդի նիստին և ներկայացնել միջնորդությունը:

3. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին միջնորդության քննության ժամանակ դատավորն իրավունք ունի ծանոթանալու Բարձրագույն դատական խորհրդին հարցի քննության համար ներկայացված բոլոր փաստաթղթերին և նյութերին, քաղվածքներ անելու, ստանալու դրանց պատճենները, հարցեր տալու, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ անելու, ինչպես նաև հանդես գալու փաստաբանի միջոցով:

4. Եթե դատավորը չունի փաստաբան, նրա շահերը ներկայացնելու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացված միջնորդությունն ստանալու պահից անհապաղ իր որոշմամբ ներգրավում է հանրային պաշտպանի։ Դատավորն իրավունք ունի հրաժարվելու հանրային պաշտպանից։

5. Դատավորը մասնակցում է Բարձրագույն դատական խորհրդում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննությանը: Անհարգելի պատճառով Բարձրագույն դատական խորհրդի նիստին դատավորի չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին հարցը քննում է դատավորի բացակայությամբ:

 

Հոդված 164. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը

 

1. Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելու համար սահմանված կարգով, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով:

2. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցերը քվեարկվում են առանձին, որի արդյունքում կայացվում է յուրաքանչյուր միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին որոշում։

3. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին համաձայնություն տալը մերժելու դեպքում դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը չի քննարկվում։

4. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն կամ դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալը մերժելու մասին որոշում կայացնելու պահից դատավորն անհապաղ ազատ է արձակվում, եթե մինչ այդ զրկվել էր ազատությունից:

5. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

6. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը չի նշանակում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու հիմքերի առկայության հաստատում և չի կաշկանդում իրավասու դատարանին համապատասխան հարցը օրենքով սահմանված կարգով լուծելիս:

7. Բարձրագույն դատական խորհրդին երկրորդ անգամ նույն հիմքով դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ դիմում չի կարող ներկայացվել:

 

Հոդված 165. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունների կասեցումը

 

1. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ մինչև քրեական գործով վարույթի ավարտը:

1.1. Դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում Գլխավոր դատախազն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդին։

2. Դատավորի լիազորությունները կասեցնելու ընթացքում դատավորն ստանում է հատուցում` որպես ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվող:

(165-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ԳԼՈՒԽ 22

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 166. Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման վերաբերյալ դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգիրքը և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-137-Ն օրենքը:

3. Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները դադարում են, իսկ Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորություններն ստանձնում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը:

4. Ազգային ժողովը և Ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի համապատասխան երեքական անդամների ընտրում են հինգ, իսկ երկուական անդամների` երեք տարի ժամկետով: Ընդ որում, Ազգային ժողովի կողմից ընտրվող Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնները համարակալվում են՝ առաջին, երկրորդ և երրորդ պաշտոնների համար սահմանելով պաշտոնավարման հնգամյա ժամկետ, իսկ չորրորդ և հինգերորդ պաշտոնների համար՝ եռամյա ժամկետ:

5. Ազգային ժողովի կողմից ընտրվող Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի անդամների յուրաքանչյուր պաշտոնի համար Ազգային ժողովի խմբակցությունները կարող են առաջադրել մեկական թեկնածու մինչև 2018 թվականի փետրվարի 22-ը՝ գրության մեջ նշելով նաև առաջադրվող թեկնածուի պաշտոնի համարը և պաշտոնավարման ժամկետը:

6. Ընդհանուր ժողովի կողմից ընտրվող Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի անդամների ընտրություններն անցկացվում են մինչև 2018 թվականի մարտի 2-ը: Ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ առավելագույն գործակից ստացած առաջին երեք թեկնածուների պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է, իսկ հաջորդ երկուսինը՝ երեք: Սույն մասով նախատեսված գործակիցը հաշվարկվում է սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված կարգով:

7. Սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված հարցերը մինչև Ընդհանուր ժողովի գործունեության կարգի սահմանումը կարգավորվում են Ընդհանուր ժողովի առանձին որոշմամբ, որն ընդունվում է մինչև Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրությունը:

8. Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո՝ հնգօրյա ժամկետում, խորհրդի տարիքով ավագ անդամը հրավիրում է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում Ազգային ժողովի ընտրած անդամներից ընտրվում է խորհրդի նախագահ:

9. Սույն օրենսգրքով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված դրույթները տարածվում են նաև Սահմանադրական դատարանի անդամի վրա:

10. Արդարադատության խորհրդի, Ընդհանուր ժողովի, Դատարանների նախագահների խորհրդի և Վճռաբեկ դատարանի նախագահի ընդունած համապատասխան ակտերը գործում են մինչև Բարձրագույն դատական խորհրդի կողմից սույն օրենսգրքով սահմանված ակտերի ընդունումը:

11. Սույն օրենսգրքով նախատեսված այն դրույթները, որոնցով կարգավորվող հարաբերությունների վերաբերյալ պետք է ընդունվեն Բարձրագույն դատական խորհրդի որոշումներ, և առկա չեն սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված մարմինների ակտեր, կիրառվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից համապատասխան որոշման ընդունման օրվանից, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

12. Սույն օրենսգրքի 57-րդ հոդվածի 4-6-րդ մասերը գործում են 2019 թվականի հունվարի 1-ից:

13. Մինչև Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրը Հանրապետության նախագահի կողմից հաստատված դատավորների թեկնածությունների ցուցակը սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո պահպանում է իր ուժը, և մինչև այդ Արդարադատության ակադեմիայում ուսուցումը չավարտած դատավորների թեկնածուների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով դատավորի թեկնածուների հավակնորդների համար սահմանված դրույթները:

14. Մինչև Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրը Հանրապետության նախագահի կողմից հաստատված վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը գործում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը: Մինչև այդ ժամկետի լրանալը Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է առաջխաղացման կարգով վերաքննիչ դատարաններում նշանակման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը:

15. Մինչև Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրը Հանրապետության նախագահի կողմից հաստատված Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրվանից ուժը կորցնում է:

16. Նորընտիր Հանրապետության նախագահն առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում նշանակումներն առաջնահերթ կատարում է սույն հոդվածի 13-րդ և 14-րդ մասերով նախատեսված ցուցակների հիման վրա՝ հաշվի առնելով սույն հոդվածի 22-րդ մասով նախատեսված կարգավորումները:

17. Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրվանից երեք ամսվա ընթացքում՝

1) Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է առաջին ատյանի դատարանների՝ սույն օրենսգրքով չսահմանված նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը.

2) ընդունում է սույն օրենսգրքով նախատեսված դատական գործերը բաշխելու, վերաբաշխելու, դատական կազմերը ձևավորելու և փոխարինելու վերաբերյալ բոլոր ակտերը:

18. Մինչև Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կենտրոնական նստավայրերի սահմանումը գործում են Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքով նախատեսված կենտրոնական նստավայրերը:

19. Սույն հոդվածի 17-րդ մասով չնախատեսված իրավական ակտերը Բարձրագույն դատական խորհուրդը, իր հաստատած ժամանակացույցի համաձայն, ընդունում է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը: Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է ժամանակացույցը իր լիազորություններն ստանձնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

20. Սնանկության դատարանը գործում է 2019 թվականի հունվարի 1-ից և մինչև այդ նշանակված սնանկության դատարանի դատավորները, այդ թվում՝ սնանկության դատարանի նախագահը, պաշտոնն ստանձնած են համարվում 2019 թվականի հունվարի 1-ից:

21. Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը՝

1) սնանկության գործերը շարունակում են վարել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում սնանկության մասնագիտացված դատավորները, և նրանց բաշխվում են միայն սնանկության գործեր.

2) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գործում է առնվազն 66 դատավորի թվակազմով.

3) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գործում է առնվազն 13 դատավորի թվակազմով.

4) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գործում է առնվազն 13 դատավորի թվակազմով.

5) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գործում է առնվազն 8 դատավորի թվակազմով.

6) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գործում է առնվազն 11 դատավորի թվակազմով:

22. Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորությունների ստանձնման օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քաղաքացիական մասնագիտացման դատավորները կարող են դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ սնանկության դատարանում դատավորի պաշտոնում նշանակվելու խնդրանքով: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների՝ սնանկության դատարան տեղափոխման դիմումներով Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների տեղափոխման հարցի վերաբերյալ որոշում է կայացնում և նրանց թեկնածությունները կարող է առաջարկել Հանրապետության նախագահին դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

23. 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում վարվող բոլոր սնանկության գործերը մեկ ամսվա ընթացքում փոխանցվում են սնանկության դատարան, և սնանկության դատարանում դրանց բաշխման ժամանակ սույն օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կիրառելի չէ:

24. Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրվանից Դատական դեպարտամենտի հիմնադրի լիազորություններն իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, և երկու ամսվա ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը համապատասխանեցնում է սույն օրենսգրքի պահանջներին:

25. Ընդհանուր ժողովը դատավորի էթիկայի կանոնները հաստատում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:

26. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքով նախատեսված՝ դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի գործունեությունը և անդամների լիազորությունները դադարում են Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրը:

27. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-197-Ն) 

28. Սույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված օտար լեզուների իմացության պահանջը կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից:

29. Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետում Դատական դեպարտամենտը, Բարձրագույն դատական խորհրդի հաստատած ժամանակացույցին համապատասխան, Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում սույն օրենսգրքին համապատասխան կազմված այն դատավորների ցուցակները, որոնց հիման վրա յուրաքանչյուր ցուցակն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում համապատասխանաբար Հանրապետության նախագահին և Ազգային ժողովին են առաջարկվում նշանակման ենթակա դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուները:

30. Մինչև 2018ուղղ.  թվականի նոյեմբերի 30-ը Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում սնանկության դատարանի այն դատավորների ցուցակը, որի հիման վրա երկշաբաթյա ժամկետում Հանրապետության նախագահին է առաջարկվում սնանկության դատարանի նախագահի թեկնածուն:

31. Մինչև Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրը դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների պաշտոններում նշանակված լինելն արգելք չէ սույն հոդվածի 29-րդ մասով նախատեսված ցուցակներում ընդգրկվելու համար:

32. Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրվանից հետո առաջին անգամ դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակումը կամ ընտրությունն իրականացնելիս տվյալ դատարանում դատավորի որոշակի փորձառություն ունենալու վերաբերյալ սույն օրենսգրքով սահմանված պահանջը չի կիրառվում:

(166-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. փետրվարի 10

Երևան

ՀՕ-95-Ն