Գլխավոր տեղեկություն
Համար
ԳՕՍՏ 12.0.004-90
Տիպ
Միջպետական ստանդարտ
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.07.1991-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 25.10.2023
Ընդունող մարմին
ԽՍՀՄ արտադրանքի որակի կառավարման և ստանդարտների պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
05.11.1990
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1991

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Պաշտոնական հրատարակություն

 

Մոսկվա

 

Ստանդարտինֆորմ

 

2010

 

ՈԻՏԴ 658.382.3:658.386:006.354

Խումբ Տ58

 

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ

 

Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Ընդհանուր դրույթներ

 

Occupational safety standards system.

Organization of training for labour safety.

General rules

ԳՕՍՏ 12.0.004-90

 

ՍՄԴ [MKC] 13.100

ՍՏՊՀՄԴ [ОКСТУ] 0012

Գործողության մեջ դրվելու ամսաթիվը՝ 01.07.1991

 

Սույն ստանդարտը սահմանում է ժողովրդական տնտեսության բանվորների, ծառայողների, ղեկավարների և մասնագետների, ինչպես նաև սովորողների աշխատանքի ու գործունեության այլ տեսակների անվտանգության ուսուցման և գիտելիքների ստուգման կարգն ու տեսակները և տարածվում է ժողովրդական տնտեսության բոլոր ձեռնարկությունների, ասոցիացիաների, կոնցեռնների և կազմակերպությունների, կոլտնտեսությունների, սովխոզների, կոոպերատիվների, վարձակալական կոլեկտիվների (այսուհետ՝ ձեռնարկություններ), ուսումնական հաստատությունների, ուսումնադաստիարակչական հաստատությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություններ) վրա։

Ստանդարտը համարվում է հիմնարար՝ աշխատողների ուսուցմանը և աշխատանքի ու գործունեության այլ տեսակների անվտանգության վերաբերյալ դիսցիպլինների ուսումնասիրությանն առնչվող պետական ստանդարտների, ուղեցույց և մեթոդական փաստաթղթերի համակազմի մեջ։

Ստանդարտը չի վերացնում համապատասխան կանոններով սահմանված՝ պետական վերահսկողության մարմիններին ենթակա օբյեկտներն սպասարկող անձնակազմի ուսուցման, հրահանգավորման և գիտելիքների ստուգման անցկացման կարգին ներկայացվող հատուկ պահանջները։

 

1. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Աշխատանքի անվտանգության ուսուցումը և հրահանգավորումը կրում է չընդհատվող բազմամակարդակ բնույթ և անցկացվում է արդյունաբերության, տրանսպորտի, կապի, շինարարության ձեռնարկություններում, հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում, արտադպրոցական հաստատություններում, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում գիտելիքների կատարելագործման ժամանակ։

Դպրոցական և նախադպրոցական հաստատությունների սաներին ծանոթացնում են ուսումնադաստիարակչական պարապմունքների ընթացքում անվտանգ վարքագծի կանոններին։

1.2. Անհատական աշխատանքով զբաղվող կամ համալիր բրիգադների կազմի մեջ մտնող անձինք, ինչպես նաև մասնագիտություններ համատեղող անձինք աշխատանքի անվտանգության ուսուցում և հրահանգավորում անցնում են ամբողջ ծավալով՝ ըստ նրանց հիմնական և համատեղվող մասնագիտությունների (աշխատանքի)։

1.3. Ուսուցումը ժամանակին և որակյալ կազմակերպելու և ընդհանուր առմամբ ձեռնարկությունում և ուսումնական հաստատությունում գիտելիքների ստուգման համար պատասխանատվությունը կրում է դրա ղեկավարը, իսկ ստորաբաժանումներում (արտադրամաս, տեղամաս, լաբորատորիա, արհեստանոց)՝ ստորաբաժանման ղեկավարը։

1.4. Ձեռնարկության և ուսումնական հաստատության աշխատողներին աշխատանքի անվտանգության մասով ժամանակին ուսուցանելը վերահսկում է աշխատանքի պաշտպանության բաժինը (բյուրոն, ինժեները) կամ ինժեներատեխնիկական աշխատողը, որին ձեռնարկության (ուսումնական հաստատության) ղեկավարի հրամանով կոլտնտեսության, կոոպերատիվի, վարձակալական կոլեկտիվի վարչության (նախագահի) որոշմամբ վերապահված են այդ պարտականությունները։

1.5. Համատեղ ձեռնարկությունների, կոոպերատիվների և վարձակալական կոլեկտիվների աշխատողներն ուսուցում և գիտելիքների ստուգում են անցնում ժողովրդական տնտեսության համապատասխան ճյուղերի պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների համար սահմանված կարգով։

1.6. Ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարներն ապահովում են համապատասխան մասնագետներով աշխատանքի պաշտպանության ծառայությունների համալրումը և նրանց որակավորման պարբերական բարձրացումն առնվազն 5 տարին մեկ անգամ։

 

Պաշտոնական հրատարակություն

Վերատպումն արգելված է

 

© Ստանդարտների հրատարակություն, 1990

 © ՍՏԱՆԴԱՐՏԻՆՖՈՐՄ, 2010

 

1.7. Աշխատանքի պաշտպանության ինժեների պաշտոնը թույլատրվում է զբաղեցնել այն անձանց, որոնք ունեն աշխատանքի պաշտպանության ինժեների որակավորման շնորհման մասին դիպլոմ կամ այդ պաշտոնում (մասնագիտացմամբ) առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ։ Աշխատանքի պաշտպանության ինժեների պաշտոնն առաջին անգամ ստանձնած և համապատասխան դիպլոմ կամ ստաժ չունեցող անձինք մինչև պաշտոնեական գործառույթների կատարումը պետք է անցնեն ինստիտուտներին և որակավորման բարձրացման ֆակուլտետներին կամ այլ հաստատություններին կից՝ հատուկ ծրագրերով անցկացվող՝ աշխատանքի անվտանգության ուսուցման դասընթացներ։

 

2. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ

 

2.1. Աշխատանքի և գործունեության այլ տեսակների անվտանգության վերաբերյալ հարցերի ուսումնասիրությունը կազմակերպվում և անցկացվում է երկրի ուսումնադաստիարակչական և ուսումնական հաստատություններում կրթության բոլոր փուլերում՝ նպատակ ունենալով աճող սերնդի մոտ ձևավորել անձնական անվտանգության և շրջապատի անվտանգության հարցերի նկատմամբ գիտակից և պատասխանատու վերաբերմունք։

2.2. Նախադպրոցական հաստատություններում պարապմունքների և մանկական գործունեության այլ տեսակների ընթացքում սաներին ծանոթացնում են տարբեր միջոցառումների անցկացման ժամանակ կենցաղում, դրսում և բուն հաստատությունում անվտանգ վարքագծի հիմունքներին։ Սաների հետ անցկացնում են պարապմունքներ՝ ճանապարհային երթևեկության, հրդեհային անվտանգության, էլեկտրաանվտանգության և այլնի կանոնների վերաբերյալ։ Պարապմունքներն անցկացնում են դաստիարակները, ՊԱՏ-ի, հրդեհային պահպանության աշխատակիցները, բուժաշխատողները և այլն։ Գիտելիքների ստուգումն իրականացվում է սաների հարցման և նրանց հետ գործնական պարապմունքների միջոցով։

2.3. Ուսումնական դիսցիպլինների ուսումնասիրման ժամանակ բոլոր տեսակների և անվանումների հանրակրթական դպրոցներում սովորողներին սերմանում են հիմնարար գիտելիքներ և հմտություններ՝ աշխատանքի և գործունեության այլ տեսակների անվտանգության հարցերի վերաբերյալ։ Սովորողներին անվտանգության կանոններն ուսուցանվում են (հրահանգավորումների ձևով) գործունեության բոլոր տեսակների մեկնարկից առաջ՝ աշխատանքային և մասնագիտական պատրաստության, հանրօգուտ և արտադրողական աշխատանքի կազմակերպման ընթացքում, ինչպես նաև էքսկուրսիաների, արշավների, մարզական, խմբակային պարապմունքների անցկացման և արտադպրոցական ու արտադասարանային այլ աշխատանքի կատարման ընթացքում։

Միջդպրոցական արհեստանոցներում, ուսումնաարտադրական կոմբինատներում աշխատանքային և մասնագիտական պատրաստություն անցնելիս սովորողները տեսական պարապմունքների ժամանակ ուսումնասիրում են աշխատանքի անվտանգության հարցեր, ինչպես նաև նախքան գործնական աշխատանքին անցնելն անցնում են ուսուցում՝ անվտանգության տեխնիկայի կոնկրետ կանոնների մասով։

2.4. Երեխաների և դեռահասների՝ արտադպրոցական բոլոր հաստատություններում պարապմունքներին գտնվելու ժամանակ կամ տարբեր միջոցառումների անցկացման ընթացքում անվտանգ վարքագծի և անվտանգության տեխնիկայի կանոնների ուսուցումն իրականացվում է հրահանգավորումների, ինչպես նաև հատուկ պարապմունքների ձևով, եթե նրանց գործնական գործունեությունը պահանջում է աշխատանքի անվտանգության վերաբերյալ հատուկ գիտելիքներ և հմտություններ։

2.5. Մասնագիտական տեխնիկական ուսումնարանները հատուկ մասնագիտական պատրաստության առարկաների շրջանակներում սովորողների կողմից աշխատանքի պաշտպանության վերաբերյալ դասընթացի կամ բաժինների ուսումնասիրման ընթացքում ապագա բանվորների մոտ ձևավորում են աշխատանքի վայրերում աշխատանքի անվտանգության ապահովման հարցերի նկատմամբ գիտակից, պատասխանատու և արհեստավարժ մոտեցում՝ հաշվի առնելով մասնագիտացումների տարբեր կոնկրետ կատեգորիաները, հատուկ ուշադրություն դարձնելով աշխատանքի վտանգավոր և անբարենպաստ պայմաններում աշխատանքների հետ կապված մասնագիտացումներին։

2.6. Հաստատված ուսումնական պլաններին և ծրագրերին համապատասխան՝ աշխատանքի և գործունեության այլ տեսակների անվտանգության հարցերը պարտադիր կարգով ուսումնասիրում են բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բոլոր ուսանողները և սովորողները։

Հատուկ դիսցիպլիններ անցնելիս միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողները ուսումնասիրում են «Աշխատանքի պաշտպանություն» դասընթացը կամ աշխատանքի անվտանգության վերաբերյալ առանձին բաժինը։

Տեխնիկական, շինարարական, գյուղատնտեսական, տնտեսական և մանկավարժական բուհերի ուսանողներն աշխատանքի անվտանգության ապահովման հարցերն ուսումնասիրում են «Աշխատանքի պաշտպանություն» դասընթացը ներառող՝ «Կենսագործունեության անվտանգություն» դիսցիպլինը, ինչպես նաև համապատասխան բաժիններ պարունակող հատուկ դիսցիպլիններն անցնելիս։ Մյուս բուհերում, որտեղ «Աշխատանքի պաշտպանություն» դասընթացը չի ուսումնասիրվում, ուսանողների ուսուցումն անցկացնում են ուսումնական դիսցիպլինների ուսումնասիրման շրջանակներում։

Տեխնիկական, գյուղատնտեսական, շինարարական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և սովորողների դիպլոմային նախագծերն ու կուրսային աշխատանքները ներառում են աշխատանքի անվտանգությանն առնչվող հարցերը։

Աշխատանքի անվտանգության ապահովման դասընթացի ուսումնասիրումն ավարտելուց հետո գիտելիքների ստուգման ձևը քննությունն է։

2.7. Տիպային ծրագրերը, առանձին դասընթացների, բաժինների ծավալը և կրթության բոլոր փուլերում աշխատանքի և գործունեության այլ տեսակների անվտանգության հարցերի ուսումնասիրմանը հատկացվող ուսումնական ժամանակը կախված են ուսումնական հաստատության, ձեռք բերվող մասնագիտացման առանձնահատկությունից և հաստատվում են ԽՍՀՄ Պետկրթության սահմանված կարգով։

2.8. Ուսումնական պարապմունքներից դուրս սովորող երիտասարդության աշխատանքային գործունեության ցանկացած կոլեկտիվ տեսակ (ուսանողական ջոկատներ, աշխատանքի և հանգստի ճամբարներ, արտադրական աշակերտական բրիգադներ և այլ դպրոցական աշխատանքային միավորումներ, գյուղատնտեսական, շինարարական և այլ աշխատանքներ) կազմակերպելու դեպքում ուսումնական հաստատություններում ուսանողների և սովորողների հետ անցկացնում են պարապմունքներ՝ աշխատանքային օրենսդրության հիմունքների, աշխատանքի անվտանգության նորմերի և կանոնների վերաբերյալ։ Աշխատանքի անվտանգության հարցերով ուսանողների և սովորողների հիմնական ուսուցումն իրականացվում է ձեռնարկությունների, կազմակերպությունների, հաստատությունների աշխատանքների կատարման վայրերում։

2.9. Աշխատանքի և գործունեության այլ տեսակների անվտանգության հարցերի վերաբերյալ տիպային ծրագրերի, հատկացված ուսումնական ժամանակի ամբողջ ծավալի կատարման և գիտելիքների որակի համար պատասխանատվությունը կրում են ուսումնադաստիարակչական և ուսումնական հաստատությունների ղեկավարները։

 

3. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

3.1. Աշխատանքի անվտանգության ուսուցումն անմիջապես ձեռնարկություններում բանվորներ պատրաստելու, վերապատրաստելու, երկրորդ մասնագիտություն ստանալու, որակավորումը բարձրացնելու դեպքում կազմակերպում են կադրերի պատրաստման կամ տեխնիկական ուսուցման (ուսուցման գծով ինժեներ) բաժնի աշխատողները՝ ներգրավելով ձեռնարկության և այլ կազմակերպությունների բաժինների և ծառայությունների անհրաժեշտ մասնագետների։

3.2. Աշխատանքի անվտանգության վերաբերյալ ուսումնական ծրագրերով պետք է նախատեսվի տեսական և արտադրական ուսուցումը։

Տեսական ուսուցումն իրականացվում է «Աշխատանքի պաշտպանություն» հատուկ ուսումնական առարկայի կամ հատուկ տեխնոլոգիայի համապատասխան բաժնի շրջանակներում՝ առնվազն 10 ժ տևողությամբ։ «Աշխատանքի պաշտպանություն» առարկան հարկավոր է դասավանդել այն մասնագիտություններն ունեցող բանվորների պատրաստման դեպքում, որոնց ներկայացվում են աշխատանքի անվտանգության լրացուցիչ (ավելի բարձր) պահանջներ, ինչպես նաև այն մասնագիտությունների և աշխատանքների առնչությամբ, որոնք կապված են պետական հսկողության մարմինների վերահսկողության տակ գտնվող՝ արդյունաբերության, շինարարության, ագրոարդյունաբերության համալիրի, տրանսպորտի և այլ ոլորտների օբյեկտների սպասարկման հետ՝ առնվազն 60 ժ տևողությամբ՝ ՄՏՈՒ-ի համար, և առնվազն 20 ժ՝ արտադրությունում պատրաստման դեպքում։

Այդ մասնագիտությունների և աշխատանքների տեսակները սահմանում է ԽՍՀՄ Պետկրթությունը՝ պետական հսկողության մարմինների և աշխատանքի տեխնիկական տեսչության հետ համաձայնեցմամբ։

3.3. Աշխատանքի անվտանգության հարցերը պետք է ներառվեն սարքավորումների տեխնոլոգիայի, կոնստրուկցիայի և այլնի հետ կապված այլ ուսումնական դիսցիպլիններում։

3.4. Աշխատանքի անվտանգ մեթոդների և հնարքների արտադրական ուսուցումն անցկացնում են ձեռնարկություններում, ուսումնական հաստատություններում հատուկ ստեղծվող ուսումնական լաբորատորիաներում, արհեստանոցներում, տեղամասերում, արտադրամասերում, հրաձգարաններում, աշխատանքի վայրերում՝ դասավանդողի, արտադրական ուսուցման վարպետի (հրահանգչի) կամ բարձր որակավորում ունեցող բանվորի ղեկավարությամբ։ Անհրաժեշտ ուսումնանյութական բազայի բացակայության դեպքում բացառության կարգով թույլատրվում է ուսուցումն անցկացնել ձեռնարկությունում առկա աշխատանքի վայրերում։

3.5. Աշխատանքի անվտանգության ուսուցումը հարկավոր է անցկացնել ժողովրդական տնտեսության կադրերի անընդհատ մասնագիտական և տնտեսական ուսուցման մասին տիպային դրույթին համապատասխան մշակված տիպային ծրագրերի հիման վրա կազմված ուսումնական ծրագրերով և համաձայնեցնել արհմիութենական ճյուղային մարմինների հետ, իսկ այն աշխատանքների համար, որոնց ներկայացվում են աշխատանքի անվտանգության լրացուցիչ (ավելի բարձր) պահանջներ՝ նաև պետական հսկողության համապատասխան մարմինների հետ։

3.6. Աշխատանքի անվտանգության ուսուցումն այն մասնագիտություններն ունեցող բանվորների պատրաստման դեպքում, որոնց ներկայացվում են աշխատանքի անվտանգության լրացուցիչ (ավելի բարձր) պահանջներ, ավարտվում է աշխատանքի անվտանգության թեմայով քննությամբ։ Այլ մասնագիտություններ ունեցող բանվորների պատրաստման դեպքում աշխատանքի պաշտպանությանն առնչվող հարցերը ներառվում են հատուկ տեխնոլոգիայի վերաբերյալ քննական տոմսերում և որակավորման քննությունների գրավոր աշխատանքներում։

 

4. ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

4.1. Այն աշխատանքների հետ կապված առանձին ճյուղերում, որոնց ներկայացվում են աշխատանքի անվտանգության լրացուցիչ (ավելի բարձր) պահանջներ, անցկացնում են աշխատանքի անվտանգության լրացուցիչ հատուկ ուսուցում՝ հաշվի առնելով այդ պահանջները։

4.2. Այն աշխատանքների և մասնագիտությունների ցանկը, որոնց առնչությամբ ուսուցում են անցկացնում, ինչպես նաև ուսուցման կարգը, ձևը, պարբերականությունը և տևողությունը սահմանում են ձեռնարկությունների ղեկավարները՝ արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցմամբ՝ հաշվի առնելով ճյուղային նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը և ելնելով մասնագիտության բնույթից, աշխատանքների տեսակից, արտադրության առանձնահատկությունից և աշխատանքի պայմաններից։

4.3. Ուսուցումն իրականացվում է ճյուղային տիպային ծրագրերը հաշվի առնելով մշակված և աշխատանքի պաշտպանության բաժնի (բյուրոյի, ինժեների) և ձեռնարկության ղեկավարի (գլխավոր ինժեների) կողմից արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցմամբ հաստատված ծրագրերով։

4.4. Ուսուցումն անցնելուց հետո քննական հանձնաժողովն անցկացնում է տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ստուգում։

Գիտելիքների ստուգման արդյունքները ձևակերպում են արձանագրությամբ (1-ին հավելված) և ամրագրում են ուսուցումն անցնելու անձնական քարտի մեջ, եթե դա կիրառվում է (2-րդ հավելված)։

Գիտելիքների ստուգումը հաջողությամբ անցած բանվորին տրվում է ինքնուրույն աշխատելու իրավունքի վկայական։

4.5. Բարձր վտանգավորության աշխատանքների կատարմանը կամ բարձր վտանգավորության օբյեկտների (կայանքների, սարքավորումների), ինչպես նաև պետական հսկողության մարմինների վերահսկողության տակ գտնվող օբյեկտների սպասարկմանն առնչություն ունեցող բանվորները պետք է համապատասխան կանոններով սահմանված ժամկետներում անցնեն աշխատանքի անվտանգության մասով գիտելիքների պարբերական ստուգում։

Բանվորների այն մասնագիտությունների ցանկը, որոնցով կատարվող աշխատանքը պահանջում է անցնել գիտելիքների ստուգում, և քննական հանձնաժողովի կազմը հաստատում է ձեռնարկության, ուսումնական հաստատության ղեկավարը (գլխավոր ինժեները)՝ արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցմամբ։

Բանվորների՝ աշխատանքի անվտանգության մասով գիտելիքների ստուգման անցկացումը ձևակերպում են արձանագրությամբ։

4.6. Բանվորի կողմից անբավարար գնահատական ստանալու դեպքում գիտելիքների կրկնակի ստուգումը նշանակում են մեկ ամսից ոչ ուշ։ Նախքան կրկնակի ստուգումն անցկացնելը նրան չի թույլատրվում ինքնուրույն աշխատանքի անցնել։

4.7. Գիտելիքների հերթական ստուգումից առաջ ձեռնարկություններում կազմակերպում են աշխատանքի պաշտպանության հարցերով պարապմունքներ, դասախոսություններ, սեմինարներ, խորհրդատվություններ։

4.8. Բոլոր այն բանվորները, որոնք տվյալ տեսակի աշխատանքները կատարել, տվյալ պաշտոնում, մասնագիտությամբ աշխատել են երեք տարուց ավելի ընդմիջումով, իսկ բարձր վտանգավորության աշխատանքների դեպքում՝ մեկ տարուց ավելի ընդմիջումով, պետք է աշխատանքի անվտանգության ուսուցում անցնեն նախքան ինքնուրույն աշխատանք սկսելը։

 

5. ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

5.1. Ձեռնարկություն (կոոպերատիվ) նոր ընդունված ժողովրդական տնտեսության ղեկավարները և մասնագետները պետք է ներածական հրահանգավորում անցնեն։

5.2. Աշխատանքի նոր ընդունված ղեկավարին և մասնագետին, բացի ներածական հրահանգավորումից, վերադաս պաշտոնատար անձը պետք է ծանոթացնի՝

նրան վստահված օբյեկտում, տեղամասում աշխատանքային և արտադրական պայմաններին,

վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների ազդեցությունից բանվորների պաշտպանության միջոցների վիճակին,

արտադրական վնասվածությանը և մասնագիտական հիվանդացությանը,

աշխատանքի պայմանների և պաշտպանության բարելավմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներին, ինչպես նաև աշխատանքի պաշտպանությանն առնչվող ուղեցույց նյութերին և պաշտոնեական պարտականություններին։

Պաշտոնն ստանձնելու օրվանից սկսած մեկ ամսից ոչ ուշ նրանք գիտելիքների ստուգում են անցնում։ Ստուգման արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ։

5.3. Անմիջապես արտադրամասերում աշխատանքի կազմակերպման և անցկացման հետ կապված, ինչպես նաև վերահսկողություն և տեխնիկական հսկողություն իրականացնող՝ ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների ղեկավարները և մասնագետներն առնվազն երեք տարին մեկ անգամ աշխատանքի անվտանգության մասով պարբերական ստուգման են ենթարկվում, եթե այդ ժամկետները չեն հակասում հատուկ կանոններով սահմանված պահանջներին։

Ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների ղեկավարները (տնօրենները, գլխավոր ինժեներները և նրանց տեղակալները), գլխավոր մասնագետները, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության բաժնի աշխատողները (բյուրոն, ինժեները) գիտելիքների պարբերական ստուգումն անցնում են վերադաս կազմակերպության սահմանած կարգով։

Կոոպերատիվների, վարձակալական կոլեկտիվների, փոքր և այլ առանձին ձեռնարկությունների ղեկավարների և մասնագետների գիտելիքների ստուգումն անցկացնում են ճյուղային արհմիությունների մարզային (քաղաքային) կոմիտեների կողմից ձևավորվող հանձնաժողովներում։

5.4. Ղեկավարների և մասնագետների գիտելիքների հերթական ստուգումից առաջ կազմակերպում են աշխատանքի պաշտպանության հարցերով սեմինարներ, դասախոսություններ, զրույցներ, խորհրդատվություններ՝ ձեռնարկությունում, ուսումնական հաստատությունում մշակված և դրա ղեկավարի (գլխավոր ինժեների) կողմից հաստատված ծրագրերին համապատասխան։

5.5. Ղեկավարների և մասնագետների գիտելիքներն ստուգելու համար, հրամանի հիման վրա, արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցմամբ ձեռնարկությունում, ուսումնական հաստատությունում ստեղծում են մշտապես գործող քննական հանձնաժողովներ։

5.6. Հանձնաժողովի կազմում ընդգրկում են աշխատանքի պաշտպանության բաժինների աշխատողներին (բյուրոյին, ինժեներին), գլխավոր մասնագետներին (մեխանիկ, էներգետիկ, տեխնոլոգ), արհմիութենական կոմիտեի ներկայացուցիչներին։ Հանձնաժողովների աշխատանքին մասնակցելու համար անհրաժեշտ դեպքերում հրավիրում են պետական հսկողության մարմինների, աշխատանքի տեխնիկական տեսչության ներկայացուցիչների։

Քննական հանձնաժողովների կոնկրետ կազմը, աշխատանքի կարգը և ձևը սահմանում են ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների ղեկավարները։

5.7. Հանձնաժողովի աշխատանքին մասնակցում են գիտելիքների ստուգում անցած անձինք։

5.8. Ղեկավարների և մասնագետների գիտելիքների ստուգման արդյունքները ձևակերպում են արձանագրությամբ (1-ին հավելված)։

5.9. Անբավարար գնահատական ստացած աշխատողները մեկ ամիսը չգերազանցող ժամկետում պետք է հանձնաժողովում նորից գիտելիքների ստուգում անցնեն։

5.10. Ղեկավարների և մասնագետների գիտելիքների արտահերթ ստուգումն անցկացնում են՝

1) աշխատանքի պաշտպանության վերաբերյալ նոր կամ վերամշակված նորմատիվ փաստաթղթեր գործողության մեջ դնելու դեպքում.

2) նոր սարքավորումներ շահագործման մեջ դնելու կամ նոր տեխնոլոգիական գործընթացներ ներդնելու դեպքում.

3) աշխատողին աշխատանքի այլ վայր փոխադրելու կամ աշխատանքի պաշտպանության վերաբերյալ լրացուցիչ գիտելիքներ պահանջող այլ պաշտոնի նրան նշանակելու դեպքում.

4) պետական հսկողության մարմինների, աշխատանքի տեխնիկական տեսչության, արհմիությունների, վերադաս տնտեսական մարմինների պահանջով։

 

6. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

6.1. Ժողովրդական տնտեսության բանվորների, ղեկավարների և մասնագետների՝ աշխատանքի անվտանգության վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացումն իրականացվում է ԽՍՀՄ Աշխատանքի պետական կոմիտեի, ԽՍՀՄ Պետկրթության և ՀԱՄԿԽ-ի (Համամիութենական արհեստակցական միությունների կենտրոնական խորհուրդ) որոշմամբ հաստատված՝ ժողովրդական տնտեսության կադրերի անընդհատ մասնագիտական և տնտեսական ուսուցման մասին տիպային դրույթով նախատեսված արտադրությունում, որակավորման բարձրացման ինստիտուտներում և ֆակուլտետներում (ՈԲԻ և ՈԲՖ)՝ ըստ մասնագիտացման (մասնագիտության), նրանց որակավորման բարձրացման բոլոր ձևերի դեպքում։

Ըստ մասնագիտության՝ որակավորման բարձրացման դասընթացների ուսումնական-թեմատիկ պլաններում և ծրագրերում պետք է ներառվեն աշխատանքի անվտանգության հարցեր՝ ուսուցման դասընթացի ընդհանուր ծավալի առնվազն 10 %-ի չափով։

6.2. Ժողովրդական տնտեսության ղեկավարների և մասնագետների համար ՈԲԻ-ում և ՈԲՖ-ում կազմակերպում են նաև աշխատանքի անվտանգության հատուկ դասընթացներ, ձեռնարկություններում՝ աշխատանքի անվտանգության կարճաժամկետ դասընթացներ և սեմինարներ։

6.3. Ժողովրդական տնտեսության բանվորների, ղեկավարների և մասնագետների որակավորման բարձրացման համակարգում աշխատանքի անվտանգության վերաբերյալ ուսուցման տեսակները, պարբերականությունը, ժամկետները և կարգը, ինչպես նաև գիտելիքների ստուգման ձևը սահմանում են ժողովրդական տնտեսության կադրերի անընդհատ մասնագիտական և տնտեսական ուսուցման մասին տիպային դրույթով սահմանված առկա կարգին համապատասխան։

 

7. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Ըստ անցկացման բնույթի և ժամանակի՝ հրահանգավորումներն ստորաբաժանվում են՝

1) ներածական*.

2) առաջնային՝ աշխատանքի վայրում.

3) կրկնակի.

4) արտապլանային.

5) նպատակային։

7.1. Ներածական հրահանգավորումը

7.1.1. Աշխատանքի անվտանգության վերաբերյալ ներածական հրահանգավորումն անցկացնում են աշխատանքի նոր ընդունվող բոլոր անձանց համար՝ անկախ նրանց կրթությունից, տվյալ մասնագիտությամբ կամ պաշտոնում աշխատանքային ստաժից, ժամանակավոր աշխատողների, գործուղված անձանց, արտադրական ուսուցման կամ պրակտիկայի եկած սովորողների և ուսանողների, ինչպես նաև ուսումնական հաստատություններում սովորողների հետ՝ նախքան ուսումնական լաբորատորիաներում, արհեստանոցներում, տեղամասերում, հրաձգարաններում լաբորատոր և գործնական աշխատանքներն սկսելը։

7.1.2. Ներածական հրահանգավորումը ձեռնարկությունում անցկացնում է աշխատանքի պաշտպանության գծով ինժեները կամ այն անձը, որին ձեռնարկության հրամանով կամ կոլտնտեսության, կոոպերատիվի վարչության (նախագահի) որոշմամբ վերապահված են այդ պարտականությունները, իսկ ուսումնական հաստատություններում սովորողների հետ՝ դասավանդողը կամ արտադրական ուսուցման վարպետը։

Խոշոր ձեռնարկություններում ներածական հրահանգավորման առանձին բաժինների անցկացմանը կարող են ներգրավվել համապատասխան մասնագետներ։

7.1.3. Ներածական հրահանգավորումն անցկացնում են աշխատանքի պաշտպանության կաբինետում կամ հատուկ սարքավորված տարածքում՝ օգտագործելով ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցներ և պատկերավոր ձեռնարկներ (պաստառներ, բնական ցուցանմուշներ, մանրակերտեր, մոդելներ, կինոֆիլմեր, դիաֆիլմեր, տեսաֆիլմեր և այլն)։

7.1.4. Ներածական հրահանգավորումն անցկացնում են ձեռնարկության, ուսումնական հաստատության ղեկավարի (գլխավոր ինժեների) կողմից հաստատված՝ աշխատանքի պաշտպանության բաժնի (բյուրոյի, ինժեների) կողմից մշակված ծրագրով՝ արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցմամբ՝ հաշվի առնելով ԱԱՍՀ-ի ստանդարտների, աշխատանքի պաշտպանության վերաբերյալ կանոնների, նորմերի և հրահանգների պահանջները, ինչպես նաև արտադրության բոլոր առանձնահատկությունները։ Հրահանգավորման տևողությունը սահմանվում է հաստատված ծրագրին համապատասխան։

Ներածական հրահանգավորման ծրագիրը կազմելու համար հարցերի օրինակելի ցանկը բերված է 3-րդ հավելվածում։

7.1.5. Ներածական հրահանգավորման անցկացման մասին գրառում է կատարվում ներածական հրահանգավորման գրանցման մատյանում (4-րդ հավելված)՝ հրահանգավորում անցնողի և հրահանգավորում անցկացնողի պարտադիր ստորագրություններով, ինչպես նաև աշխատանքի ընդունման մասին փաստաթղթում (ձև Տ-1)։ Մատյանի հետ մեկտեղ կարող է օգտագործվել ուսուցումն անցնելու մասին անձնական քարտը (2-րդ հավելված)։

Սովորողների հետ ներածական հրահանգավորման անցկացումը գրանցում են ուսումնական աշխատանքի հաշվառման մատյանում, արտադպրոցական հաստատություններում սովորող սովորողների հետ՝ խմբակի, սեկցիայի և այլնի ղեկավարի աշխատանքային մատյանում։

7.2. Աշխատանքի վայրում առաջնային հրահանգավորումը

7.2.1. Աշխատանքի վայրում առաջնային հրահանգավորումը նախքան արտադրական գործունեություն սկսելն անցկացնում են՝

ձեռնարկություն (կոլտնտեսություն, կոոպերատիվ, վարձակալական կոլեկտիվ) նոր ընդունված բոլոր անձանց հետ, մեկ ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում փոխադրված անձանց հետ.

իրենց համար նոր համարվող աշխատանք կատարող աշխատողների, գործուղված, ժամանակավոր աշխատողների հետ.

գործող ձեռնարկության տարածքում շինմոնտաժային աշխատանքներ կատարող շինարարների հետ.

ուսանողների և սովորողների հետ, որոնք արտադրական ուսուցման կամ պրակտիկայի եկել են նախքան աշխատանքի նոր տեսակներ կատարելը, ինչպես նաև նախքան յուրաքանչյուր նոր թեմա ուսումնասիրելը՝ ուսումնական լաբորատորիաներում, դասարաններում, արհեստանոցներում, տեղամասերում գործնական պարապմունքներ անցկացնելիս, խմբակներում, սեկցիաներում արտադպրոցական պարապմունքներ անցկացնելիս։

Ծանոթագրություն. Այն անձինք, որոնք կապված չեն սարքավորումների սպասարկման, փորձարկման, կարգաբերման և նորոգման, գործիքի օգտագործման, հումքի և նյութերի պահման և կիրառման հետ, աշխատանքի վայրում առաջնային հրահանգավորում չեն անցնում։

Առաջնային հրահանգավորում անցնելուց ազատված աշխատողների մասնագիտությունների և պաշտոնների ցանկը հաստատում է ձեռնարկության (կազմակերպության) ղեկավարը՝ արհմիութենական կոմիտեի և աշխատանքի պաշտպանության բաժնի (բյուրոյի, ինժեների) հետ համաձայնեցմամբ։

7.2.2. Աշխատանքի վայրում առաջնային հրահանգավորումն անցկացնում են ձեռնարկության արտադրական և կառուցվածքային ստորաբաժանումների, ուսումնական հաստատության ղեկավարների կողմից առանձին մասնագիտությունների կամ աշխատանքի տեսակների համար մշակված և հաստատված ծրագրերով՝ հաշվի առնելով ԱԱՍՀ-ի ստանդարտների, աշխատանքի պաշտպանության վերաբերյալ համապատասխան կանոնների, նորմերի և հրահանգների, արտադրական հրահանգների և այլ տեխնիկական փաստաթղթերի պահանջները։ Ծրագրերը համաձայնեցնում են ստորաբաժանման, ձեռնարկության աշխատանքի պաշտպանության բաժնի (բյուրոյի, ինժեների) և արհմիութենական կոմիտեի հետ։

Աշխատանքի վայրում առաջնային հրահանգավորման հիմնական հարցերի օրինակելի ցանկը բերված է 5-րդ հավելվածում։

7.2.3. Աշխատանքի վայրում առաջնային հրահանգն անցկացնում են յուրաքանչյուր աշխատողի կամ սովորողի հետ անհատապես՝ աշխատանքի անվտանգ հնարքների և մեթոդների գործնական ցուցադրմամբ: Առաջնային հրահանգավորումը հնարավոր է այն անձանց խմբի հետ, որոնք սպասարկում են նույն տեսակի սարքավորումներն ընդհանուր աշխատանքի վայրի սահմաններում:

7.2.4. Բոլոր բանվորները, այդ թվում՝ մասնագիտական տեխնիկական ուսումնարանների, ուսումնաարտադրական (կուրսային) կոմբինատների շրջանավարտներն աշխատանքի վայրում առաջնային հրահանգավորումից հետո պետք է առաջին 2-14 հերթափոխի ընթացքում (կախված աշխատանքի բնույթից, աշխատողի որակավորումից) անցնեն ստաժավորում՝ արտադրամասի (տեղամասի, կոոպերատիվի և այլն) հրամանով (կարգադրությամբ, որոշմամբ) նշանակված անձանց ղեկավարությամբ։

Ծանոթագրություն. Արտադրամասի, տեղամասի, կոոպերատիվի և այլնի ղեկավարությունը աշխատանքի պաշտպանության բաժնի (բյուրոյի, ինժեների) և արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցմամբ կարող է մեկ արտադրամասից մեկ այլ արտադրամաս փոխադրվող՝ մասնագիտացմամբ առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ ունեցող աշխատողին ազատել ստաժավորում անցնելուց, եթե նրա աշխատանքի բնույթը և այն սարքավորումների տեսակը, որով նա նախկինում աշխատել է, չի փոխվում։

7.2.5. Բանվորներին թույլատրվում է կատարել ինքնուրույն աշխատանք՝ ստաժավորում անցնելուց, աշխատանքի անվտանգ եղանակների մասին տեսական գիտելիքները և ձեռք բերված հմտություններն ստուգելուց հետո։

7.3. Կրկնակի հրահանգավորումը

7.3.1. Կրկնակի հրահանգավորումն անցնում են բոլոր բանվորները՝ բացառությամբ 7.2.1 կետի ծանոթագրության մեջ նշված անձանց՝ անկախ որակավորումից, կրթությունից, ստաժից, կատարվող աշխատանքի բնույթից՝ առնվազն վեց ամիսը մեկ անգամ։

Արհմիութենական կոմիտեների և պետական հսկողության համապատասխան տեղական մարմինների հետ համաձայնեցմամբ՝ ձեռնարկությունները, կազմակերպությունները աշխատողների որոշակի կատեգորիաների համար կարող են սահմանել կրկնակի հրահանգավորման անցկացման ավելի երկարատև ժամկետ (մինչև 1 տարի)։

7.3.2. Կրկնակի հրահանգավորումն անցկացնում են անհատական կամ նույն տեսակի սարքավորումներ սպասարկող և ընդհանուր աշխատանքի վայրի սահմաններում աշխատող աշխատողների խմբի հետ՝ աշխատանքի վայրում առաջնային հրահանգավորման ծրագրով՝ ամբողջ ծավալով։

7.4. Արտապլանային հրահանգավորումը

7.4.1. Արտապլանային հրահանգավորումն անցկացնում են՝

1) աշխատանքի պաշտպանության վերաբերյալ նոր կամ վերամշակված ստանդարտներ, կանոններ, հրահանգներ գործողության մեջ դնելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կատարվելու դեպքում.

2) տեխնոլոգիական գործընթացների փոփոխման, սարքավորումների, հարմարանքների և գործիքների, ելակետային հումքի, նյութերի և աշխատանքի անվտանգության վրա ազդող այլ գործոնների փոխարինման կամ արդիականացման դեպքում.

3) աշխատողների և սովորողների կողմից աշխատանքի անվտանգության այն պահանջները խախտվելու դեպքում, որոնք կարող են հանգեցնել կամ հանգեցրել են վնասվածքի, վթարի, պայթյունի կամ հրդեհի, թունավորման.

4) հսկողության մարմինների պահանջով.

5) աշխատանքի ընդմիջումների դեպքում այն աշխատանքների համար, որոնց ներկայացվում են աշխատանքի անվտանգության լրացուցիչ (ավելի բարձր) պահանջներ՝ 30 օրացուցային օրից ավելի, իսկ մնացած աշխատանքների համար՝ 60 օր։

7.4.2. Արտապլանային հրահանգավորումն անցկացնում են անհատական կամ նույն մասնագիտությունն ունեցող աշխատողների խմբի հետ։ Հրահանգավորման ծավալը և բովանդակությունը սահմանում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ պայմանավորված դրա անցկացման անհրաժեշտությունն առաջացրած պատճառներով և հանգամանքներով։

7.5. Նպատակային հրահանգավորումը

7.5.1. Նպատակային հրահանգավորումն անցկացնում են մասնագիտացմանն առնչվող անմիջական պարտականությունների հետ կապ չունեցող մեկանգամյա աշխատանքներ կատարելու դեպքում (բեռնում, բեռնաթափում, տարածքի մաքրում, ձեռնարկությունից, արտադրամասից դուրս մեկանգամյա աշխատանքներ և այլն). վթարների, տարերային աղետների և աղետների հետևանքների վերացման դեպքում. այնպիսի աշխատանքների կատարման դեպքում, որոնց համար ձևակերպվում են կարգագիր-թույլտվություն, թույլտվություն և այլ փաստաթղթեր. ձեռնարկությունում էքսկուրսիաների անցկացման, սովորողների հետ զանգվածային միջոցառումների (էքսկուրսիաներ, արշավներ, սպորտային մրցումներ և այլն) կազմակերպման դեպքում։

7.6. Աշխատանքի վայրում առաջնային, կրկնակի, արտապլանային և նպատակային հրահանգավորումներն անցկացնում է աշխատանքների անմիջական ղեկավարը (վարպետը, արտադրական ուսուցման հրահանգիչը, դասավանդողը)։

7.7. Աշխատանքի վայրում հրահանգավորումներն ավարտվում են բանավոր հարցման կամ ուսուցման տեխնիկական միջոցների միջոցով գիտելիքների ստուգմամբ, ինչպես նաև աշխատանքի անվտանգ եղանակների մասով ձեռք բերված հմտությունների ստուգմամբ։ Գիտելիքներն ստուգում է հրահանգավորումն անցկացրած աշխատողը։

7.8. Անբավարար գիտելիքներ ցուցաբերած անձանց չի թույլատրվում մասնակցել ինքնուրույն աշխատանքներին կամ գործնական պարապմունքներին, և նրանք պարտավոր են կրկին անցնել հրահանգավորում։

7.9. Աշխատանքի վայրում առաջնային, կրկնակի, արտապլանային հրահանգավորում, ստաժավորում անցկացնելու և աշխատանքի թույլտվության վերաբերյալ հրահանգավորում անցկացրած աշխատողը կատարում է գրառում աշխատանքի վայրում վարվող հրահանգավորման գրանցման մատյանում (6-րդ հավելված) և (կամ) անձնական քարտում (2-րդ հավելված)՝ հրահանգավորում անցնողի և հրահանգավորում անցկացնողի պարտադիր ստորագրությամբ։ Արտապլանային հրահանգավորում գրանցելու դեպքում նշում են դրա անցկացման պատճառը։

Կարգագիր-թույլտվության, թույլտվության և այլնի հիման վրա աշխատանքներ անցկացնող աշխատողների հետ նպատակային հրահանգավորումն ամրագրվում է կարգագիր-թույլտվության կամ աշխատանքների կատարումը թույլատրող այլ փաստաթղթերի մեջ։

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Առաջարկվող

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎ

 

_______________________________________________________________________

ձեռնարկություն, կազմակերպություն

 

Արձանագրություն թիվ __________________________________________________

աշխատանքի անվտանգության վերաբերյալ գիտելիքների ստուգման հարցերով հանձնաժողովի նիստի

 

«__»_____________ 20___թ.

 

Հանձնաժողովը հետևյալ կազմով՝

 

նախագահ՝ ___________________________________________________

պաշտոն, ազգանուն, անվան սկզբնատառ

 

և հանձնաժողովի անդամներ՝ __________________________________

պաշտոն, ազգանուն, անվան սկզբնատառ

 

«_» _________ 20____ թվականի թիվ ____ հրամանի հիման վրա

 

ընդունեց քննություն ___________________________________________

ուսուցման կամ գիտելիքների ստուգման տեսակը

և պարզեց՝

______________________________________________________________

 

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոն, մասնագիտություն

Արտադրամաս, տեղամաս

Գիտելիքների ստուգման մասին նշում (հանձնել է, չի հանձնել)

Ծանոթագրություն

 

Հանձնաժողովի նախագահ՝  

________________ (ազգանուն, անվան սկզբնատառ)

ստորագրություն

Հանձնաժողովի անդամներ՝  

________________ (ազգանուն, անվան սկզբնատառ)

ստորագրություն

   

________________ (ազգանուն, անվան սկզբնատառ)

ստորագրություն

   

________________ (ազգանուն, անվան սկզբնատառ)

ստորագրություն

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

Առաջարկվող

ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎ

 

_______________________________________________________________

ձեռնարկություն, կազմակերպություն, ուսումնական հաստատություն

 

ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏ

 

1. Ազգանուն, անուն, հայրանուն __________________________________

2. Ծննդյան տարեթիվ ___________________________________________

3. Մասնագիտություն, մասնագիտացում ___________________________

4. Արտադրամաս _________ տեղամաս (բաժանմունք) _______________

5. Բաժին (լաբորատորիա) _________ Տաբելային համարը ____________

6. Արտադրամաս (տեղամաս) ընդունվելու ամսաթիվը ________________

7. Ներածական հրահանգավորումն անցկացրել է _____________________

ազգանուն, անվան սկզբնատառ, պաշտոն

_______________________________________________________________

ստորագրություն, ամսաթիվ

 

__________________________________

հրահանգավորում անցնողի ստորագրությունը, ամսաթիվ

 

8. Հրահանգավորում անցնելու մասին նշումներ

 

Հրահան-գավորման ամսաթիվը

Արտադ-րամասը (տեղամասը)

Հրահան-գավորում անցնողի մասնա-գիտությունը, պաշտոնը

Հրահան-գավորման տեսակը՝ առաջնային՝ աշխատանքի վայրում, կրկնակի, արտա-պլանային

Արտա-պլանային հրահան-գավորում անցկացնելու պատճառը

Հրահան-գավորում անցկացնողի ազգանունը, անվան սկզբնատառը, պաշտոնը

Ստորագրություն

Աշխատանքի վայրում ստաժավորումը

Հրահան-գավորում անցկացնողի

Հրահան-գավորում անցնողի

Հերթա-փոխերի քանակը (__ից մինչև __)

Ստա-ժավորումն անցել է (բանվորի ստորա-գրությունը)

Գիտելիքները ստուգել է, թույլատրել է աշխատանքի (ստորա-գրություն, ամսաթիվ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     

 

ՀԱՋՈՐԴ ԷՋԵՐԸ

 

9. Աշխատանքի պաշտպանության վերաբերյալ ուսուցում անցնելու մասին տեղեկություններ

 

Անցել է ուսուցում՝ ըստ մասնագիտացման կամ աշխատանքների տեսակի

Ժամաքանակ

Քննական հանձնաժողովի արձանագրության համարը, ամսաթիվը

Հանձնաժողովի նախագահ (ստորագրություն)

1

2

3

4

       

 

10. Գիտելիքների պարբերական ստուգման վերաբերյալ տեղեկություններ

 

Ամսաթիվը

Աշխատանքի անվտանգության որ հրահանգների կամ կանոնների բաժինների ծավալով

Քննական հանձնաժողովի արձանագրության համարը

Ստորագրություն

Ստուգվողի

Հանձնաժողովի նախագահի

1

2

3

4

5

         

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

Առաջարկվող

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿ

 

1. Ձեռնարկության, կազմակերպության մասին ընդհանուր տեղեկությունները, արտադրության բնորոշ առանձնահատկությունները։

2. Աշխատանքի պաշտպանության մասին օրենսդրության հիմնական դրույթները։

2.1. Աշխատանքային պայմանագիր, աշխատանքային և հանգստի ժամերը, կանանց և 18 տարեկանից ցածր անձանց աշխատանքի պաշտպանությունը։ Արտոնությունները և հատուցումները։

2.2. Ձեռնարկության, կազմակերպության ներքին աշխատանքային կարգապահական կանոնները, պատասխանատվությունը՝ կանոնների խախտման համար։

2.3. Ձեռնարկությունում աշխատանքի պաշտպանության գծով աշխատանքի կազմակերպումը։ Աշխատանքի պաշտպանության վիճակի գերատեսչական, պետական հսկողությունը և հասարակական վերահսկողությունը։

3. Ձեռնարկության տարածքում, արտադրական և օժանդակ սենքերում աշխատողների վարքագծի ընդհանուր կանոնները։ Հիմնական արտադրամասերի, ծառայությունների, օժանդակ սենքերի տեղակայումը:

4. Տվյալ արտադրության համար բնորոշ հիմնական վտանգավոր և վնասակար արտադրական գործոնները: Դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների կանխման մեթոդները և միջոցները՝ կոլեկտիվ պաշտպանության միջոցները, պաստառները, անվտանգության նշանները, ազդասարքերը: Էլեկտրավնասվածության կանխարգելման մասով հիմնական պահանջները:

5. Արտադրական առողջապահության և անձնական հիգիենայի մասով ընդհանուր պահանջները:

6. Անհատական պաշտպանության միջոցներ։ ԱՊՄ-ի տրամադրման կարգը և նորմերը, կրելու ժամկետները:

7. Անվտանգության պահանջների խախտման հետևանքով ձեռնարկությունում և այլ համանման արտադրություններում տեղի ունեցած առանձին բնորոշ դժբախտ պատահարների, վթարների, հրդեհների հանգամանքները և պատճառները:

8. Դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների քննության և ձևակերպման կարգը:

9. Հրդեհային անվտանգություն։ Հրդեհների, պայթյունների, վթարների կանխման եղանակները և միջոցները: Անձնակազմի գործողությունները դրանց առաջացման դեպքում:

10. Առաջին օգնությունը տուժածներին։ Աշխատողների գործողությունները՝ տեղամասում, արտադրամասում դժբախտ պատահարի առաջացման դեպքում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4

Առաջարկվող

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎ

 

Շապիկը

 

_______________________________________________

ձեռնարկություն, կազմակերպություն, ուսումնական հաստատություն

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

ներածական հրահանգավորման

 

Մեկնարկել է ________20 ___ թ.

Ավարտվել է ________20 ___ թ.

 

ՀԱՋՈՐԴ ԷՋԵՐԸ

 

Ամսաթիվը

Հրահանգա-վորում անցնողի ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան տարեթիվը

Հրահանգա-վորում անցնողի մասնագի-տությունը, պաշտոնը

Արտադրական այն ստորա-բաժանման անվանումը, որտեղ ուղարկվում է հրահան-գավորում անցնողը

Հրահանգա-վորում անցկացնողի ազգանունը, անվան սկզբնատառը, պաշտոնը

Ստորագրություն

Հրահանգա-վորում անցկացնողի

Հրահանգա-վորում անցնողի

1

2

3

4

5

6

7

8

               

 

ՀԱՎԵԼՎԱԾ 5

Առաջարկվող

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿ

 

1. Տվյալ աշխատանքի վայրում, արտադրական տեղամասում, արտադրամասում տեխնոլոգիական գործընթացի և սարքավորումների մասին ընդհանուր տեղեկություններ։ Տվյալ տեխնոլոգիական գործընթացի ժամանակ առաջացող հիմնական վտանգավոր և վնասակար արտադրական գործոնները։

2. Աշխատանքի վայրի անվտանգ կազմակերպումը և պահպանումը։

3. Մեքենայի, մեխանիզմի, սարքի վտանգավոր գոտիները։ Սարքավորումների անվտանգության միջոցները (ապահովիչ, արգելակման սարքվածքներ և պաշտպանակներ, արգելափակման և ազդանշանման համակարգեր, անվտանգության նշաններ)։ Էլեկտրավնասվածության կանխարգելման պահանջները։

4. Աշխատանքին նախապատրաստվելու կարգը (սարքավորումների, գործարկման սարքերի, գործիքի և հարմարանքների, բլոկավորվածքների, հողակցման և պաշտպանության այլ միջոցների սարքինության ստուգումը)։

5. Աշխատանքի անվտանգ եղանակները և մեթոդները. գործողությունները վտանգավոր իրավիճակների առաջացման դեպքում։]

6. Անհատական պաշտպանության միջոցները տվյալ աշխատանքի վայրում և դրանց կիրառման կանոնները։

7. Արտադրամասի, տեղամասի տարածքով աշխատողների անվտանգ տեղաշարժման սխեման։

8. Ներարտադրամասային տրանսպորտային և բեռնամբարձիչ միջոցներն ու մեխանիզմները։ Բեռնման-բեռնաթափման աշխատանքներ կատարելու և բեռների տրանսպորտային փոխադրման ժամանակ անվտանգության պահանջները:

9. Վթարների, պայթյունների, հրդեհների, արտադրական վնասվածքների բնորոշ պատճառները։

10. Վթարների, պայթյունների, հրդեհների կանխարգելման միջոցները։ Վթարի, պայթյունի, հրդեհի դեպքում պարտականությունները և գործողությունները։ Տեղամասում առկա հրդեհաշիջման, հակավթարային պաշտպանության և ազդանշանման միջոցների կիրառման եղանակները, դրանց տեղակայման վայրերը։

 

ՀԱՎԵԼՎԱԾ 6

Առաջարկվող

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐՈՒՄ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎ

 

Շապիկը

 

____________________________________________________

ձեռնարկություն, կազմակերպություն, ուսումնական հաստատություն

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

աշխատանքի վայրում հրահանգավորման

 

____________________________________________________

արտադրամաս, տեղամաս, բրիգադ, ծառայություն, լաբորատորիա

 

Մեկնարկել է ________20 ___ թ.

Ավարտվել է ________20 ___ թ.

 

ՀԱՋՈՐԴ ԷՋԵՐԸ

 

Ամսաթիվը

Հրահան-գավորում անցնողի ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան տարեթիվը

Հրահան-գավորում անցնողի մասնա-գիտությունը, պաշտոնը

Հրահան-գավորման տեսակը (առաջնային՝ աշխատանքի վայրում, կրկնակի, արտա-պլանային)

Արտա-պլանային հրահան-գավորում անցկացնելու պատճառը

Հրահան-գավորում անցկացնողի ազգանունը, անվան սկզբնատառը, պաշտոնը

Ստորագրություն

Աշխատանքի վայրում ստաժավորումը

հրահան-գավորում անցկացնողի

հրահան-գավորում անցնողի

Հերթա-փոխերի քանակը (__ից մինչև __)

Ստա-ժավորումն անցել է (բանվորի ստորա-գրությունը)

Գիտելիքները ստուգել է, թույլատրել է աշխատանքի (ստորա-գրություն, ամսաթիվ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

 

1. ՄՇԱԿՎԵԼ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է Համամիութենական արհեստակցական միությունների կենտրոնական խորհրդի կողմից

2. ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՐՎԵԼ ԽՍՀՄ արտադրանքի որակի կառավարման և ստանդարտների պետական կոմիտեի 1990 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 2797 որոշմամբ

3. ԳՕՍՏ 12.0.004-79-Ի ՓՈԽԱՐԵՆ

4. ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ։ 2010 թվականի ապրիլ

 

______________________

* Ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերում ներածական հրահանգավորման փոխարեն կարելի է ուսուցումն անցկացնել ճյուղում սահմանված կարգով։

 

Խմբագիր՝ Ն. Վ. Տալանովա

Տեխնիկական խմբագիր՝ Վ. Ն. Պրուսակովա

Սրբագրիչ՝ Ա. Ս. Չերնոուսովա

Համակարգչային ձևավորումը՝ Ա. Ն. Զոլոտարյովայի

Ստորագրվել է տպագրության 03.06.2010: Չափսը՝ 60Х84 1/8։ Թուղթը՝ օֆսեթ։

Տեսակաշար Թայմս։ Տպագրությունը՝ օֆսեթ։ 1,86 պայմանական տպագիր թերթ։

1,20 հաշվառման հրատարակչական թերթ։ Տպաքանակը՝ 45 օրինակ։ Պատվ. 67։

_____________________________________________________________

«ՍՏԱՆԴԱՐՏԻՆՖՈՐՄ» ԴՊՈՒՁ, 123995 Մոսկվա, Գրանատնի նրբ., 4։

www.gostinfo.ru info@gostinfo.ru

Կազմվել է «ՍՏԱՆԴԱՐՏԻՆՖՈՐՄ» ԴՊՈՒՁ-ում ԱԷՀՎ-ի վրա.

Տպագրվել է «ՍՏԱՆԴԱՐՏԻՆՖՈՐՄ» ԴՊՈՒՁ-ի մասնաճյուղում՝ տպ.

«Մոսկովսկի պեչատնիկ», 105062 Մոսկվա, Լյալինի նրբ., 6.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հոկտեմբերի 2023 թվական: