Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-54-Ն
Տիպ
Օրենսգիրք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.11.2016-09.06.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.05.30/42(1222) Հոդ.456
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի մայիսի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

(սահմանադրական օրենք)

 

Ա Ռ Ա Ջ Ի Ն  Մ Ա Ս

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Ընտրությունների հիմունքները

 

1. Ազգային ժողովի, համայնքների ավագանիների, համայնքների ղեկավարների, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված համայնքների ղեկավարների, ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

 

Հոդված 2. Ընդհանուր ընտրական իրավունքը

 

1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (այսուհետ` քվեարկության օրը) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում`

1) մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

2) մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում չունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք համայնքում հաշվառվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքներով պայմանավորված.

3) մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիություն չունեցող ընտրող):

3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սույն օրենսգրքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձանց վրա:

4. Ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

 

Հոդված 3. Հավասար ընտրական իրավունքը

 

1. Ընտրողներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով:

2. Հանրային իշխանությունները հավասար պայմաններ են ապահովում ընտրողների ընտրական իրավունքի իրականացման համար:

3. Ընտրողները, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն:

 

Հոդված 4. Ազատ ընտրական իրավունքը

 

1. Ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա: Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի (կուսակցության) օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին:

 

Հոդված 5. Ուղղակի ընտրական իրավունքը

 

1. Ազգային ժողովը, տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ Երևան, Գյումրի, Վանաձոր համայնքների ղեկավարների, ընտրվում են անմիջականորեն՝ ընտրողների կողմից:

 

Հոդված 6. Քվեարկության գաղտնիությունը

 

1. Քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է:

 

Հոդված 7. Ընտրությունների պարտադիրությունն ու պարբերականությունը

 

1. Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են պարբերաբար՝ Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:

2. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած՝ Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների նոր հերթական ընտրություններ: Նոր հերթական ընտրությունը նշանակում է Հանրապետության նախագահը հրամանագրով` ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան 7 օր հետո:

 

Հոդված 8. Ընտրությունների հրապարակայնությունը

 

1. Ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են հրապարակայնորեն:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում և ուժի մեջ են մտնում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետական գրանցում ստանալուց և Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մուտքագրվելուց հետո՝ մինչև հաջորդ օրվա ավարտը, իսկ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակահատվածում` նույն օրը, տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Այդ ակտերն ընդունվելուց հետո՝ մինչև հաջորդ օրվա ավարտը, տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքն է՝ www.elections.am:

3. Ընտրությունների կազմակերպման և անցկացման հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու, հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի, «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի անվտանգությունը, պաշտպանվածությունը և անխափան աշխատանքն ապահովելու, ընտրական հանձնաժողովներին սույն օրենսգրքով վերապահված լիազորությունները պատշաճ իրացնելու նպատակով համապատասխան ընտրական հանձնաժողովներն ապահովվում են անհրաժեշտ ծրագրատեխնիկական և կապի միջոցներով, սարքավորումներով և գույքով:

4. Ազգային ժողովի, Երևան քաղաքի (այսուհետ` Երևան), Գյումրի քաղաքի (այսուհետ՝ Գյումրի), Վանաձոր քաղաքի (այսուհետ՝ Վանաձոր) ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կարող են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած էլեկտրոնային ձևով` հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ ծրագրերը տեղադրում է համացանցային կայքում ներկայացվելուց հետո` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, բայց ոչ շուտ, քան նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:

5. Գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, թեկնածուները համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների) գույքի և եկամուտների մասին հայտարարագիր:

Հայտարարագրում նշվում են սույն օրենսգրքով սահմանված գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները:

Հայտարարագրերի ձևերը (էլեկտրոնային ձևերը) և ներկայացման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

6. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) հայտարարագրերը ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, տեղադրվում են հանձնաժողովի համացանցային կայքում: Թեկնածուների հայտարարագրերի պատճենները, գրավոր դիմումի հիման վրա, տրամադրվում են վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին:

7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը:

8. Ընտրողները սույն օրենսգրքով սահմանված կարգով տեղեկացվում են ընտրական հանձնաժողովների կազմերի, գտնվելու վայրերի, աշխատաժամերի, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետների, քվեարկության օրվա, տեղի, ժամանակի, քվեարկության և ընտրությունների արդյունքների մասին:

9. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են մինչև ժամը 11.30-ը, 14.30-ը, 17.30-ը և 20.30-ը տարածքային ընտրական հանձնաժողով հաղորդել համապատասխանաբար մինչև ժամը 11.00-ն, 14.00-ն, 17.00-ն և 20.00-ն տվյալ ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Տարածքային ընտրական հանձնաժողովներն այդ տվյալները նույն պարբերականությամբ ամփոփում, հրապարակում և հաղորդում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ քվեարկության օրը` ժամը 9.00-ին, տեղեկություններ է հրապարակում ընտրությունների ընթացքի մասին, իսկ ժամը 12.00-ից սկսած` մինչև ժամը 21.00-ն, երեքժամյա պարբերականությամբ, ըստ ընտրական տարածքների, մարզկենտրոնների և ընտրական տարածքի` 10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների և Երևան քաղաքի, հրապարակում է տեղեկություններ՝ մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ: Քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին տեղեկությունների հրապարակումից հետո դրանք, ըստ ընտրական տեղամասերի, տեղադրվում են հանձնաժողովի համացանցային կայքում:

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն մասով նշված տվյալները հրապարակում է հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նստավայրից:

10. Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան քվեարկության հաջորդ օրը` ժամը 00.00-ից սկսած, իրականացնում է քվեարկության արդյունքների աղյուսակավորում` ըստ ընտրական տեղամասերի, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների և ընտրական տարածքների: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումը և հանձնաժողովի համացանցային կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրում է ընտրական տեղամասից քվեարկության արդյունքների վերաբերյալ վերջին տեղեկությունները ստանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության ավարտից հետո` 24 ժամվա ընթացքում:

Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության արդյունքներով որոշումն ընդունելուց հետո՝ ոչ ուշ, քան նիստի ավարտից հետո՝ մեկ ժամվա ընթացքում, քվեարկության արդյունքների վերջնական աղյուսակավորումը` ըստ ընտրական տեղամասերի, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների և ընտրական տարածքների ներբեռնելու հնարավորությամբ, տեղադրում է հանձնաժողովի համացանցային կայքում:

11. Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում քվեարկության սենյակում սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ներկա գտնվելու վստահված անձինք, դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` վերադաս հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Ընտրական հանձնաժողովների նիստերը (այդ թվում՝ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստը), ինչպես նաև քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը:

11.1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրում է իրականացնել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով:

Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչև 50 մետր շառավղով, ինչպես նաև ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները: Տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սույն օրենսգրքով սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:

Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը և ընտրական հանձնաժողովները պարտավոր են աջակցել մասնագիտացված կազմակերպությանը տեսանկարահանման և համացանցային հեռարձակման գործընթացը կազմակերպելու հարցում, սակայն պատասխանատվություն չեն կրում գործընթացի կազմակերպման և դրա որակի համար:

Մասնագիտացված կազմակերպությունն ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերից պատճեններ՝ գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով: Դիմումը կարող է ներկայացվել մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը: Դիմումը պետք է ներառի այն ընտրական տեղամասի համարը, որի տեսանկարահանված նյութերից պահանջվում է պատճենը, և դիմումի հետ պետք է ներկայացվի մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ:

Տեսանկարահանված նյութերն արխիվացնում է մասնագիտացված կազմակերպությունը և պահպանում ընտրական փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:

12. Զորամասերում հաշվառված ընտրողների թիվը, ինչպես ընդհանուր, այնպես էլ ըստ ընտրական տեղամասերի, այն ընտրական տեղամասերի համարները և գտնվելու վայրերը, որտեղ քվեարկում են զորամասերում կազմվող ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողները, զորամասերում կազմվող ընտրողների ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից քաղվածքներ չեն կատարվում:

(8-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-158-Ն)

(8-րդ հոդվածի փոփոխությունները կիրառվում են 20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` Ազգային ժողովի առաջին ընտրություններից սկսած)

 

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

 

Հոդված 9. Ընտրողների ռեգիստրը վարելը, ընտրողների ցուցակները կազմելը

 

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ ընտրական տարածքների և համայնքների: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող՝ քաղաքացիություն չունեցող ընտրողները Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում չեն ընդգրկվում, որը չի սահմանափակում նրանց ընտրելու իրավունքը:

2. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարում և ընտրողների ցուցակը կազմում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը և ընտրողների ցուցակը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան վարելու և կազմելու համար:

3. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով ընտրողների ցուցակներ կազմում են նաև քրեակատարողական հիմնարկների պետերը, ձերբակալվածներին պահելու վայրերի ղեկավարները և զորամասերի հրամանատարները:

4. Լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հունիսին և նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ և 5 օր առաջ՝ նաև ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական և անբաժանելի մասն է:

5. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Դիմումը պետք է պարունակի անհրաժեշտ հիմնավորումները, և դրան կից պետք է ներկայացված լինեն փաստական հանգամանքների ապացույցները: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում ընտրողների ռեգիստրում վերացնում է անճշտությունները՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

 

Հոդված 10.

Ընտրողներին ցուցակում ընդգրկելը

 

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ` ըստ ընտրական տեղամասերի, որում ընդգրկվում են սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ համապատասխան ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

2. Յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ:

3. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: Լիազոր մարմինը դիմողին այդ մասին տրամադրում է համապատասխան տեղեկանք: Դիմումի և տեղեկանքի ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

4. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները կարող են ընդգրկվել այն ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ նշանակված են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ` ժամանակավորապես հանվելով ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմումը լիազոր մարմին կարող է ներկայացվել նաև նրան նշանակող կուսակցության կամ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի դիմումի հիման վրա, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն: Դիմումի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

5. Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողներն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ լիազոր մարմին ներկայացնում են դիմում` ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք: Դիմումի և տեղեկանքի ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

6. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն) քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, կազմում է քվեարկության օրն ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների ցուցակը` նշելով ոստիկանության ծառայողների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը և օրը (այսուհետ` ամսաթիվ), հաշվառման վայրի հասցեն և ընտրական տեղամասի համարը: Լիազոր մարմինը, ըստ այդ ցուցակների, ոստիկանության ծառայողներին ժամանակավորապես հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկում է ըստ գործուղվող տեղամասերի ընտրողների ցուցակում:

7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, լիազոր մարմին է ներկայացնում ստացիոնար բուժման մեջ գտնվող և քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը` նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և հաշվառման վայրի հասցեն:

Լիազոր մարմինը, ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողներին ժամանակավորապես հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և, սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան, կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ:

8. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայողները, ինչպես նաև զորամասերի տեղակայման տարածքում հաշվառված պայմանագրային զինծառայողները և նրանց հետ նույն տարածքում հաշվառված ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամներն ընդգրկվում են զորամասի ընտրողների ցուցակում:

9. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր, 10 օր և 6 օր առաջ, պաշտպանության նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը լիազոր մարմին ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում համապատասխանաբար զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

10. Զորամասի տարածքից դուրս հաշվառված պայմանագրային զինծառայողներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:

11. Քրեակատարողական հիմնարկի պետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր, 5 օր և 3 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների թիվը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների ցուցակը կազմում է քրեակատարողական հիմնարկի պետը՝ քվեարկության օրվանից 3 օր առաջ:

 

Հոդված 11.

Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները

 

1. Ընտրողների ցուցակները կազմվում են ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասի ընտրողների ցուցակում համարակալման շարունակականությամբ ըստ առանձին բաժինների ներառվում են նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների ցուցակները:

2. Տեղամասային կենտրոնում փակցվող ընտրողների ցուցակում նշվում են մարզի (Երևանի) անվանումը, ընտրական տարածքի համարը, ընտրական տեղամասի հերթական համարը, համայնքի (վարչական շրջանի) անվանումը, իսկ առանձին սյունակներում՝ ընտրողի՝

1) հերթական համարը տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում.

2) ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը` համապատասխան հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում).

3) ծննդյան ամսաթիվը.

4) հաշվառման վայրի հասցեն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների դեպքում` քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից գործածվող ընտրողների ցուցակներում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված համարակալումը կատարվում է ըստ ընտրական տեղամասերի, ընտրողների ցուցակների յուրաքանչյուր թերթի վրա նշվում է նաև ընտրական տեղամասի համարը:

Սույն մասում նշված ընտրողների ցուցակներում նախատեսվում է ևս 4 սյունակ`

1) ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալների համար.

2) ընտրողի ստորագրության համար.

3) ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամի անհատական կնիքի համար.

4) լրացուցիչ նշումների համար: Ընտրողների ցուցակում լրացուցիչ նշումներ կատարվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած դեպքերում և կարգով:

4. Ընտրողների ցուցակները կազմվում են մատյանի ձևով և էջակալվում մինչև 1 000 ընտրողի քանակով, բայց այն հաշվարկով, որ 1 000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասին հատկացվող ընտրողների ցուցակների յուրաքանչյուր մատյան ընդգրկի մոտավորապես հավասար թվով ընտրողների տվյալներ: Ընտրողների ցուցակի յուրաքանչյուր էջում կարող են նշվել առավելագույնը 20 ընտրողի վերաբերյալ տվյալներ:

5. Ընտրողների ցուցակը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում լիազոր մարմնի կողմից կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակը կազմում, էջակալում, ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է լիազոր մարմինը:

6. Ընտրողների ցուցակները լիազոր մարմնի կողմից կազմվում են նաև էլեկտրոնային եղանակով, հատուկ ծրագրային ապահովմամբ: Էլեկտրոնային ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևաչափով և կարգով նախապես ներբեռնվում են համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորման մեջ (այսուհետ՝ տեխնիկական սարքավորում) և պարունակում են`

1) ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը` համապատասխան հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում).

2) այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում է ընդգրկված ընտրողը.

3) ընտրողի հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում.

4) ընտրողի ծննդյան ամսաթիվը.

5) ընտրողի հաշվառման վայրի հասցեն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների դեպքում` քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն.

6) ընտրողի նույնականացման քարտի, կենսաչափական անձնագրի և ոչ կենսաչափական անձնագրի համարը (եթե ընտրողն ունի անձը հաստատող համապատասխան փաստաթղթեր): Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քաղաքացիություն չունեցող ընտրողի՝ սույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով նշված անձը հաստատող փաստաթղթի համարը.

7) տվյալ տարածքի ընտրողների համար` նաև թվային շտեմարանում առկա լուսանկարը (եթե ընտրողը ստացել է նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր կամ ոչ կենսաչափական անձնագիրը ստացել է 2008 թվականի հունվարի 1-ից հետո):

7. Զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ցուցակները կազմում, էջակալում, ցուցակների յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում են համապատասխանաբար զորամասի հրամանատարը, քրեակատարողական հիմնարկի պետը և ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարը: Սույն մասում նշված ընտրողների ցուցակներն էլեկտրոնային եղանակով չեն կազմվում և չեն ներբեռնվում տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվող տեխնիկական սարքավորման մեջ:

8. Ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակներն էլեկտրոնային եղանակով չեն կազմվում և չեն ներբեռնվում տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվող տեխնիկական սարքավորման մեջ:

 

Հոդված 12.

Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրելը

 

1. Լիազոր մարմինը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրում է ընտրողների ցուցակը, որը վերջին էջում ներառում է տեղեկանք ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի և ժամկետների մասին` տեղամասային կենտրոնում փակցնելու համար: Տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Լիազոր մարմինը քվեարկության օրվանից 10 օր և 5 օր առաջ Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` ըստ ընտրական տարածքների և ընտրական տեղամասերի: Գյումրու, Վանաձորի ավագանու, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ լիազոր մարմինը քվեարկության օրվանից 10 օր և 5 օր առաջ տարածքային ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` ըստ ընտրական տեղամասերի և համայնքների:

Ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 3 օր հետո լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` ըստ ընտրական տարածքների, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ` ըստ համայնքների: Նշված տեղեկանքները հրապարակվում են հանձնաժողովի համացանցային կայքում:

3. Լիազոր մարմնի կազմած՝ տեղամասային կենտրոնում փակցվող և տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից գործածվող ընտրողների ցուցակները` կազմված մատյանի ձևով (այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակը)` ըստ ընտրական տեղամասերի, և ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները, ինչպես նաև սույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված` քվեարկության օրն ընտրական տեղամասում ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը լիազոր մարմինը քվեարկության օրվանից 3 օր առաջ տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:

4. Զորամասի հրամանատարը զորամասում հաշվառված ընտրողների ցուցակները տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին տրամադրում է քվեարկության օրվանից 3 օր առաջ փակ և կնքված ծրարով, որը բացվում է միայն քվեարկության օրը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից այն պահին, երբ ընտրական տեղամաս են այցելում զորամասի ցուցակում ընդգրկված ընտրողները:

5. Քրեակատարողական հիմնարկի պետը քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների ցուցակը հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին։

6. Ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարն ընտրողների ցուցակը քվեարկության օրը կազմում և հանձնում է ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին:

 

Հոդված 13.

Ընտրողների ցուցակների մատչելիությունը

 

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, ազատ է ծանոթացման համար:

Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող` ընտրողների ստորագրված ցուցակների, հրապարակվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրողների ցուցակը` ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր և 4 օր առաջ տեղադրում է համացանցում՝ www.police.am հասցեով: Համացանցում ըստ ընտրական տեղամասերի տեղադրված ընտրողների ցուցակները պետք է ունենան ներբեռնվելու հնարավորություն:

3. Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը քվեարկության օրվանից 40 օր առաջ ընտրողների ցուցակը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:

4. Ընտրողների ցուցակի, այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց լրացուցիչ ցուցակի օրինակը քվեարկության օրվանից 2 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Այս ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված մինչև քվեարկությանը հաջորդող յոթերորդ օրը:

5. Զորամասում հաշվառված ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից 10 օր առաջ փակցվում են զորամասում՝ զինծառայողների համար տեսանելի տեղում:

6. Համայնքում մեկից ավելի ընտրական տեղամաս կազմավորվելու դեպքում լիազոր մարմինը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին:

(13-րդ հոդվածը խմբ. 20.10.16 ՀՕ-158-Ն)

(13-րդ հոդվածի փոփոխությունները կիրառվում են 20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` Ազգային ժողովի առաջին ընտրություններից սկսած)

 

Հոդված 14.

Ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու վերաբերյալ դիմումներ տալու, դիմումները քննարկելու և ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու կարգը

 

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ, սույն օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում վերացնում է անճշտությունները՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին: Եթե դիմումը դիմողի անձին չի վերաբերում, ապա դիմումը բավարարելու դեպքում այդ մասին լիազոր մարմինը ծանուցում է azdarar.am համացանցային կայքի միջոցով:

2. Քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում իրենց ընդգրկելու մասին դիմում լիազոր մարմին ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք՝

1) հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից.

2) սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում:

 Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին որոշում կայացնելու դեպքում լիազոր մարմինը տրամադրում է տեղեկանք:

Տեղամասային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ենթակա` քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա ընտրողների ցուցակում լրացում կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը` սույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով՝ լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով:

3. Ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու և ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով` համապատասխանաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Վերադաս լիազոր մարմինը կամ դատարանն ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ ակտը կայացնում է բողոքը (դիմումը) ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում, իսկ քվեարկության և դրան նախորդող 3 օրվա ընթացքում՝ այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Վերադաս լիազոր մարմինը քվեարկության և դրան նախորդող 3 օրվա ընթացքում բողոքը (դիմումը) բավարարելիս դիմողին տրամադրում է տեղեկանք քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին: Ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ ակտը կատարում է լիազոր մարմինը: Քվեարկության օրն ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին ակտի հիման վրա ընտրողի տվյալները ներառվում են քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում` սույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով` տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից:

Դատարաններն ընտրողների ցուցակներում ընտրողներին ընդգրկելու վերաբերյալ դատական ակտի պատճենն ուղարկում են լիազոր մարմին` նաև ընտրողների ռեգիստրում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:

4. Ընտրական հանձնաժողովներն իրավունք չունեն սեփական նախաձեռնությամբ որևէ փոփոխություն՝ ճշտում կամ լրացում կատարելու ընտրողների ցուցակներում (այդ թվում` լրացուցիչ ցուցակներում):

(14-րդ հոդվածը խմբ. 30.06.16 ՀՕ-119-Ն)

 

Հոդված 15.

Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակը

 

1. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքով սահմանված կարգով կազմում է ընտրողների լրացուցիչ ցուցակ։

2. Ընտրողների լրացուցիչ ցուցակը կազմվում է, եթե քվեարկության օրն ընտրական տեղամաս են ներկայանում ընտրողներ, որոնք ընդգրկված չեն ընտրողների (այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց լրացուցիչ) ցուցակներում և ներկայացնում են սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված` քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանք կամ դատական ակտ:

3. Ընտրողին ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու համար հիմք համարվող փաստաթղթերը կցվում են լրացուցիչ ցուցակին:

4. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեարկության համար տրվող ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան` ավելացնելով մեկ սյունակ՝ դատական ակտի կամ լիազոր մարմնի տեղեկանքի համարը և ամսաթիվը նշելու համար:

5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմած` ընտրողների լրացուցիչ ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը: Քվեարկության ավարտից հետո ցուցակի վերջում հանձնաժողովի նախագահը նշում է քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

 

Հոդված 16.

Ընտրական տեղամասերը

 

1. Լիազոր մարմինը համայնքի ղեկավարի և տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմաններ, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել քվեարկության կազմակերպման համար:

2. Ընտրական տեղամասերը կազմավորվում են հերթական համարակալմամբ: Ընտրական տեղամասերի համարակալման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Ընտրական տեղամասը կազմավորման պահին չպետք է ունենա ավելի քան 2 000 ընտրող: Սույն մասով սահմանված թիվը կարող է փոփոխվել ընտրողների ցուցակների ճշգրտման և սույն օրենսգրքի 10-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

4. Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր բնակավայրեր:

 

Հոդված 17.

Տեղամասային կենտրոնը, քվեարկության սենյակը

 

1. Քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոնում՝ դրա համար կահավորված դահլիճում, սրահում, սենյակում և այլ տարածքում (այսուհետ` քվեարկության սենյակ):

2. Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին: Տեղամասային կենտրոնում քվեարկության սենյակը պետք է ընտրվի այնպես, որ ապահովվի քվեարկության բնականոն ընթացքը: Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը և քվեարկության սենյակը սահմանելու և քվեարկության սենյակի` սույն օրենսգրքի 57-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան կահավորման համար պատասխանատու է համայնքի ղեկավարը: Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար պարտադիր լիազորություն է:

Ընտրական տեղամասում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող համապատասխան շենքերի, շինությունների կամ այլ` անհատույց օգտագործման հնարավորությամբ տարածքների բացակայության դեպքում տեղամասային կենտրոնի տեղակայման համար համայնքի ղեկավարը մարզպետի համաձայնությամբ վարձակալում է համապատասխան տարածքներ: Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար պատվիրակված լիազորություն է:

3. Տեղամասային կենտրոնը չի կարող գտնվել ռազմական ուսումնական հաստատությունների, զորամասերի և առողջապահության հիմնարկների զբաղեցրած տարածքներում:

4. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոններ կազմավորվում են նաև քրեակատարողական հիմնարկներում:

5. Տեղական ինքնակառավարման մարմինները սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ:

 

Հոդված 18.

Տեղամասային կենտրոն սահմանելը

 

1. Համայնքի ղեկավարը (սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև քրեակատարողական հիմնարկի պետը) քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 43 օր առաջ սահմանում է տեղամասային կենտրոն: Համայնքի ղեկավարն այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, իսկ քրեակատարողական հիմնարկի պետը` տարածքային ընտրական հանձնաժողովին:

2. Տեղամասային կենտրոնում քվեարկության պատշաճ կազմակերպման կամ քվեարկության անցկացման անհնարինության դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով փոխել տեղամասային կենտրոնի գտնվելու տեղը, իսկ բացառիկ դեպքերում` նաև քվեարկության օրը` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ:

3. Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը փոխելու դեպքում համայնքի ղեկավարն ընտրողներին տեղեկացնում է անհապաղ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 19.

Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները

1. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն:

Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է:

2. Պետությունն ապահովում է նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: Այն ապահովում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` նախընտրական ժողովներ, թեկնածուների հետ ընտրողների հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով նրանց դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները թեկնածուներին ու ընտրություններին մասնակցող կուսակցություններին կարող են տրամադրվել միայն ժամը 18.00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին և միայն այն դեպքերում, եթե տվյալ համայնքում (Երևանի վարչական շրջանում) գոյություն չունեն նախընտրական քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ։

3. Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո մարզպետը, Երևանում` Երևանի քաղաքապետը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում այն դահլիճների և այլ շինությունների ցանկը, որոնք ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրվում են անվճար: Այդ ցանկը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Տեղեկությունները ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

4. Ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորվել ընտրական շտաբներ: Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ ընտրական շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերում, ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները: Ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, և յուրաքանչյուր ցուցանակի մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը:

5. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս.

2) դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողներին, ոստիկանությունում, ազգային անվտանգության, քրեակատարողական, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում ծառայողներին, զինծառայողներին.

3) ընտրական հանձնաժողովների անդամներին։

6. Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները:

7. Ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության՝ սույն օրենսգրքով կամ օրենսգրքի հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված կարգի պահպանումը։ Թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից այդ կարգի խախտման դեպքում թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ դրանք կանխելու նպատակով կամ կիրառում նախազգուշացում խախտում թույլ տված թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության նկատմամբ` տալով խախտումը վերացնելու համար ողջամիտ ժամկետ, որը չի կարող գերազանցել 3 օրը։ Թեկնածուն, ընտրություններին մասնակցող կուսակցությունը պարտավոր են որոշմամբ նշված ժամկետում վերացնել խախտումը (խախտման հետևանքները) և այդ մասին գրավոր տեղեկացնել ընտրական հանձնաժողովին։

8. Եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Դատարանը թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե հանգում է այն եզրակացության, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից:

9. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուները և ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են ընտրական գործընթացներում վստահված անձանց միջոցով: Այդ նպատակով ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուներն իրավունք ունեն նախընտրական քարոզչության ընթացքում օրական մինչև 2 ժամ տևողությամբ համապատասխանաբար ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում հանդիպումներ ունենալու մինչև 3 վստահված անձանց հետ:

 

Հոդված 20.

Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով

 

1. Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն ունեն հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից հավասար պայմաններով անվճար և վճարովի (այդ թվում՝ ուղիղ եթերով) օգտվելու իրավունք:

2. Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` հաջորդ օրը:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի նախընտրական քարոզչությունը սկսվում է ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշման կայացումից հետո՝ 8-րդ օրվանից:

3. Ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն և հանրային հեռուստատեսությունը պարտավոր են թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական պայմաններ:

Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումներում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական քարոզարշավի վերաբերյալ ներկայացվում է անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն:

Թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից միջոցառումներ չկազմակերպելը կամ այդ միջոցառումների մասին տեղեկատվության բացակայությունը հիմք չէ զանգվածային լրատվության միջոցի համար թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզարշավի մասին տեղեկություններ չհրապարակելու համար:

Գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների կնքած` նախընտրական քարոզչության նպատակով եթեր տրամադրելու պայմանագրերը համարվում են ուժը կորցրած, և դադարեցվում է նախընտրական քարոզչության նպատակով եթերի տրամադրումը:

4. Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակում է հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին 6 ամսվա համար առևտրային գովազդի ձևավորված շուկայական արժեքը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները հավասարապես տարածվում են նաև թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների վրա` անկախ սեփականության ձևից:

Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունները և հեռուստաընկերությունները ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո իրենց եթերով հրապարակում են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

6. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումներն ընդմիջել առևտրային գովազդով:

7. Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն արբանյակային հեռարձակում իրականացնելիս պարտավոր են պահպանել սույն հոդվածի պահանջները:

8. Նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումները վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելիս ձայնագրվում և տեսագրվում են: Դրանք պահպանվում են մինչև ընտրվող մարմնի լիազորությունների ստանձնման օրը:

9. Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը:

10. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացնում է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկում (մոնիտորինգ): Այդ նպատակով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մշակում և Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո հրապարակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը:

11. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ ոչ ուշ, քան նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետի 10-րդ և 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից 2 օր առաջ, հրապարակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում սույն հոդվածի պահանջների կատարման մշտադիտարկման արդյունքները և հանձնաժողովի եզրակացությունը` վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում սույն մասով նշված եզրակացությունը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում ընտրության երկրորդ փուլի արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից 2 օր առաջ:

12. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած թերթերը և ամսագրերը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պարտավոր են թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ:

 

Հոդված 21.

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործման կարգը

 

1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրավունք ունեն անարգել տարածելու քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր:

2. Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն`

1) հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա.

2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա:

Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ` այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը միջոցառման ավարտից հետո հանվում են համապատասխան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից:

Նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք առանց սահմանափակման կարող են կրել քարոզչական նյութեր:

3. Նախընտրական քարոզչությունն սկսելուց 10 օր առաջ համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնել (բացառությամբ հանրակրթական դպրոցների)` սահմանելով այնպիսի պայմաններ, որոնք համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար կապահովեն հավասար հնարավորություններ (հավասար մակերես): Սույն լիազորությունը համայնքի ղեկավարի համար պարտադիր լիազորություն է:

4. Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին որոշումը 10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարը ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում:

5. Արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի տեղադրման դեպքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովում են ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ:

6. Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակներն ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրելու համար ընտրությունները նշանակվելուց հետո` 21-օրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են տեղեկատվություն՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրվող վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ: Տեղեկությունները տրամադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Այն վահանակները, որոնք բացակայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցանկում, հետագայում չեն կարող տրամադրվել ընտրություններին մասնակցող կուսակցություններին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս տեղեկությունները տեղադրում է հանձնաժողովի համացանցային կայքում: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում ընտրություններին մասնակցող կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են հայտեր՝ այդ գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով: Այս տեղեկությունների հիման վրա արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև բաշխվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա ընտրություններին մասնակցող կուսակցությունն արտաքին գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության հետ կնքում է պայմանագիր` քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութ փակցնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից պայմանագիր չկնքվելու դեպքում գովազդային վահանակը տնօրինողն ազատ է կնքելու այլ պայմանագիր՝ այդ վահանակն այլ նպատակներով օգտագործելու: Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:

Փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը քվեարկության օրը և դրա նախորդ օրը կարող են մնալ իրենց տեղերում:

7. Արգելվում են քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ որևէ այլ եղանակով վնասելը:

8. Ընտրական հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո համայնքի ղեկավարը, արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների ղեկավարներն ապահովում են, որ գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութերը հանվեն:

Գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից եռօրյա ժամկետում քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը չհանելու դեպքում դրանք հանում է համայնքի ղեկավարը: Համայնքի ղեկավարը գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուներից, ընտրություններին մասնակցող կուսակցություններից կարող է պահանջել իր կատարած ծախսերի փոխհատուցում:

9. Սույն հոդվածի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը հանում է համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ: Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար պատվիրակված լիազորություն է:

Նախընտրական քարոզչության անցկացման ժամանակահատվածում վերացման են ենթակա նաև կենտրոնական կամ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով պաստառները, տպագիր և այլ նյութերը այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, և որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները: Մինչև 5 քառակուսի մետր մակերեսով՝ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները, տպագիր և այլ նյութերը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող՝ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող համարված պաստառները, տպագիր և այլ նյութերը ենթակա են վերացման, եթե նշված պաստառների, տպագիր և այլ նյութերի ծախսերը սահմանված կարգով չեն ներառվում նախընտրական հիմնադրամում:

10. Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:

11. Արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը: Անանուն կամ համապատասխան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից չպատրաստված քարոզչական տպագիր նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ ընտրական հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ` ոչ իրավաչափ գործողությունները դադարեցնելու համար:

 

Հոդված 22.

Ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը

 

1. Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների՝ որպես թեկնածու գրանցված աշխատակիցներին, ինչպես նաև աշխատանքային կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր ունեցող անձանց արգելվում են ընտրությունների լուսաբանումը, ռադիոհաղորդումների կամ հեռուստահաղորդումների վարումը, բացառությամբ սույն օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված դեպքերի:

2. Թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին:

Արգելվում է քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ տպագիր մամուլով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը:

3. Արգելվում են քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Սույն մասի դրույթների կատարումը, ինչպես նաև այդ տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից:

 

Հոդված 23.

Հանրային ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները

(վերնագիրը փոփ. 30.06.16 ՀՕ-119-Ն)

 

1. Հանրային ծառայող հանդիսացող թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են հետևյալ սահմանափակումների հաշվառմամբ.

1) արգելվում են թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը, կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.

2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։

2. Եթե իրականացվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակում ընդգրկված՝ սույն հոդվածում նշված թեկնածուի այլ գործունեության լուսաբանում, ապա վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող զանգվածային լրատվության միջոցն այն հաշվի է առնում մյուս թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների գործունեությունը լուսաբանելիս` սույն օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված լուսաբանման հավասարության ոչ խտրական սկզբունքը պահպանելու համար:

(23-րդ հոդվածը փոփ. 30.06.16 ՀՕ-119-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 24.

Ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորումը

1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման (ներառյալ՝ ընտրողների ցուցակները կազմելը, ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները կազմակերպելը), ինչպես նաև ընտրական հանձնաժողովների գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ ծախսերը նախատեսվում են պետական բյուջեում առանձին հոդվածով և պետության կարիքների համար գնումների պլանում ներառվում մեկ տողով:

Ընտրությունների կազմակերպման և անցկացման համար հատկացված ֆինանսական միջոցների հաշվին գնումներ կատարելիս գնման ընթացակարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Արտահերթ, նոր հերթական, նոր ընտրությունների, վերաքվեարկությունների, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի անցկացման դեպքում ընտրությունները ֆինանսավորվում են պետական բյուջեի պահուստային ֆոնդից, իսկ դրա անհնարինության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգտագործում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները: Եթե ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները բավարար չեն, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մրցութային հիմունքներով կարող է վարկ ստանալ մասնավոր բանկերից: Այդ դեպքում օրենքի ուժով համարվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ գումարի չափով, ներառյալ՝ վարկի սպասարկման գումարը, բանկերին տրամադրել է 3 տարի ժամկետով բյուջետային երաշխիք` առանց ապահովման միջոցի: Ընտրական գրավների հատուկ հաշվեհամարից օգտագործված միջոցները և վարկը կառավարությունը եռամյա ժամկետում փոխհատուցում է:

3. Ընտրությունների կազմակերպման և անցկացման համար նախատեսված ֆինանսական միջոցները (այդ թվում` հանձնաժողովների պահպանման համար նախատեսված միջոցները) հատկացվում են «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ֆինանսական միջոցները և պատասխանատու է այդ միջոցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նախահաշիվներին համապատասխան օգտագործելու համար:

 

Հոդված 25.

Ընտրական գրավը

 

1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ:

2. Ընտրական գրավի գումարը դիմումն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, վերադարձվում է`

1) ընտրվելու կամ մանդատների բաշխմանը մասնակցելու,

2) բոլոր թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 5 կամ ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու, իսկ կուսակցության դեպքում` ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 4 կամ ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու,

3) մինչև թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումն ինքնաբացարկ ներկայացնելու,

4) ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվելու և նոր հերթական կամ նոր ընտրություն նշանակվելու դեպքերում կամ

5) ժառանգներին` թեկնածուի մահվան դեպքում:

3. Մյուս բոլոր դեպքերում ընտրական գրավի գումարը չի վերադարձվում:

 

Հոդված 26.

Նախընտրական հիմնադրամի ձևավորումը

 

1. Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), 10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուները, ինչպես նաև սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ 7 օրվա ընթացքում: Նախընտրական հիմնադրամ չբացելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում նախընտրական հիմնադրամ չբացելու դեպքում իրավասու ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները և ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուներն առանձին նախընտրական հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն: Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ մյուս ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների նախընտրական հիմնադրամի միջոցները՝ Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում: Այս բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) դիմումների հիման վրա, բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:

2. Թեկնածուի նախընտրական հիմնադրամը ձևավորվում է`

1) իր անձնական միջոցներից.

2) իրեն առաջադրած կուսակցության տրամադրած միջոցներից.

3) ընտրելու իրավունք ունեցող անձանց կամավոր մուծումներից:

3. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձևավորվում է`

1) այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) միջոցներից.

2) ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի անձնական միջոցներից.

3) ընտրելու իրավունք ունեցող անձանց կամավոր մուծումներից:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում չնշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են պետական բյուջե: Պետական բյուջե են փոխանցվում նաև նախընտրական հիմնադրամների հաշվին կատարված անանուն մուծումները:

5. Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

6. Նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների առավելագույն չափերը սահմանվում են սույն օրենսգրքով: Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափերը գերազանցող մասերը փոխանցվում են պետական բյուջե:

7. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 3 աշխատանքային օրը մեկ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

8. Նախընտրական հիմնադրամի միջոցների նկատմամբ չի կարող կիրառվել արգելանք, այդ միջոցները չեն կարող հանդիսանալ բռնագանձման առարկա՝ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական քարոզչության հետ չկապված անձնական բնույթի պարտավորություններով:

 

Հոդված 27.

Նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործումը

 

1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու, նախընտրական ժողովներ և ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ՝ տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները: Այդ նպատակով նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի առավելագույն չափը սահմանվում է սույն օրենսգրքով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նկարագրված ապրանքներն ու ծառայությունները, եթե մատուցվել են անհատույց կամ շուկայական արժեքից պակաս գնով կամ ձեռք են բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ապա իրենց շուկայական արժեքով ներառվում են նախընտրական հիմնադրամի ծախսերում:

3. Եթե վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշվում է, որ նախընտրական քարոզչության համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուղղություններով մատուցված ապրանքը կամ ծառայությունը շուկայական արժեքով չի ներառվել նախընտրական հիմնադրամի ծախսերում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարուցում է վարչական վարույթ: Եթե հարուցված վարույթի արդյունքում հիմնավորվում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշված տեղեկությունը, ապա թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության նկատմամբ կիրառվում է վարչական տույժ՝ հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով:

4. Եթե հիմնավորվում է, որ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության նախընտրական քարոզչության համար կատարված ծախսերը գերազանցել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուղղություններով կատարված ծախսերի՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարուցում է վարչական վարույթ, և եթե վարույթի արդյունքում հիմնավորվում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշված տեղեկությունը, ապա թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության նկատմամբ կիրառվում է վարչական տույժ՝ հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի եռապատիկի չափով:

5. Եթե նախընտրական քարոզչության համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուղղություններով ծախսված գումարի և սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված՝ պետական բյուջե վճարվող տուգանքի գումարի չափի և նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափի տարբերությունը գերազանցում է նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափի 20 տոկոսը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանն ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը:

6. Սույն հոդվածով սահմանված գումարները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո` հնգօրյա ժամկետում, պետական բյուջե չփոխանցելու կամ նույն ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով չբողոքարկելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված գումարը գանձում է դատական կարգով:

7. Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:

8. Թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո, բայց մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար:

9. Ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` եռամսյա ժամկետում, թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության հայեցողությամբ օգտագործվում են բարեգործական նպատակներով: Եռամսյա ժամկետը լրանալուց հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

10. Ընտրությունները չկայացած ճանաչվելու կամ ընտրություններն անվավեր ճանաչվելու և նոր հերթական կամ նոր ընտրություններ նշանակվելու դեպքերում նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր հերթական կամ նոր ընտրությունների համար թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը: Նոր հերթական կամ նոր ընտրությունների դեպքում թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները կարող են օգտագործել իրենց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները:

11. Նոր հերթական կամ նոր ընտրություններին չմասնակցող թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները եռամսյա ժամկետում թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության հայեցողությամբ օգտագործվում են բարեգործական նպատակներով: Եռամսյա ժամկետը լրանալուց հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

12. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաև Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի ընթացքում:

 

Հոդված 28.

Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը

 

1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ, Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների հերթական ընտրությունների ժամանակ՝ նաև 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Հայտարարագրին կցվում են թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու, նախընտրական ժողովներ և ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ՝ տպագիր նյութերի) պատրաստման համար կնքված պայմանագրերը, ինչպես նաև կատարված վճարումները հավաստող փաստաթղթերը:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունը նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն՝ ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

2. Հայտարարագրի էլեկտրոնային ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձևը ներառում է նաև ուղեցույց հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների մասին:

3. Հայտարարագրում նշվում են`

1) նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների ժամանակագրությունը, մուծված գումարի չափը.

2) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր ծառայության, գույքի, ապրանքի ձեռքբերման համար կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները.

3) հիմնադրամում մնացած գումարի չափը:

4. Հայտարարագրերը ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

 

Հոդված 29.

Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը

 

1. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման, ինչպես նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը գործում է ընտրական հանձնաժողովներից անկախ և հաշվետու չէ նրանց:

2. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնը քաղաքացիական պաշտոն է, ծառայության մյուս երկու աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ են: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշանակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ 7 տարի ժամկետով: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Ծառայության ղեկավարը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

3. Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով Ազգային ժողովի ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում կարող է նշանակել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում ստացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի։ Ազգային ժողովի խմբակցությունների` վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակած աուդիտորները վարձատրվում են երկու ամսվա համար, յուրաքանչյուր ամսվա համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի եռապատիկի չափով։ Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 5-րդ օրը:

4. Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների և տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ժամանակ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում մինչև մեկ ամիս ժամկետով պայմանագրային հիմունքներով կարող են ընդգրկվել մինչև 5 մասնագետ:

5. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը ստանալուց հետո` 7 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ընտրության արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից մեկ օր առաջ ստուգում, ստուգման արդյունքներով կազմում է եզրակացություն և ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է այն անհապաղ հրապարակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Եզրակացության մեջ խախտումներ արձանագրված լինելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է քննարկել այն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ նիստին հրավիրվում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ներկայացուցիչը:

6. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության լիազորություններն են՝

1) ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ՝ թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ այն բանկերից, որտեղ նախընտրական հիմնադրամներ ձևավորելու համար բացվել են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ.

2) բանկերից, կուսակցություններից և ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող այլ կազմակերպություններից ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ՝ կուսակցությանը վճարված անդամակցության վճարների, կուսակցությանը կատարված նվիրատվությունների, բյուջետային ֆինանսավորման, քաղաքացիական իրավական գործարքներից ստացված դրամական միջոցների և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերի և ծախսերի վերաբերյալ.

3) իր գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ նախապատրաստել որոշումների նախագծեր և դրանք ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը։

7. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` սույն օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ, ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ, ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

 

Հոդված 30.

Դիտորդական առաքելության իրավունքը

 

1. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`

1) միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր.

2) Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող:

Սույն մասում նշված կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն`

1) Հանրապետության նախագահը.

2) Ազգային ժողովի նախագահը.

3) վարչապետը.

4) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված կազմակերպությունների դիտորդական առաքելությունների` ընտրությունների վերաբերյալ ներկայացված զեկույցները տեղադրվում են հանձնաժողովի համացանցային կայքում:

4. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով իրականացնել ընտրական գործընթացի դիտարկում: Հրավերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

5. Այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով իրականացնել ընտրական գործընթացի դիտարկում: Հրավերն ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

 

Հոդված 31.

Դիտորդների և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրումը, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների և այցելուների վկայականների տրամադրումը

 

1. Սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:

2. Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ:

Մինչև հավատարմագրվելու համար դիմում ներկայացնելը Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները պարտավոր են ընդունել իրենց դիտորդների վարքագծի կանոններ, որոնք պետք է համապատասխանեն ընտրությունների դիտարկման միջազգային սկզբունքներին և սույն օրենսգրքի կանոնակարգումներին:

Սույն մասում նշված հասարակական կազմակերպություններն իրենց դիտորդների համար կազմակերպում և անցկացնում են ընտրական օրենսդրության ու կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ուսուցում:

Հավատարմագրվելու դիմումը պետք է նշում պարունակի կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման և ուսուցման մասին: 

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդներին տրվող վկայականներն այդ կազմակերպություններին հանձնում է դիմումն ստանալուց հետո՝ 12 օրվա ընթացքում:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե կազմակերպության կանոնադրական նպատակները չեն բավարարում սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները, կամ դիմումը ներկայացվել է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետների խախտմամբ, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին, կամ դիմումը չի պարունակում նշում կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման կամ ուսուցման մասին:

5. Դիտորդի կողմից որևէ թեկնածուի, ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության աջակցելու, ինչպես նաև սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից՝ ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

6. Դիտորդների լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում դիտորդների լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե ընտրության երկրորդ փուլ կամ վերաքվեարկություն չի նշանակվել: Ընտրության երկրորդ փուլի և վերաքվեարկության դեպքում դիտորդների կրկին հավատարմագրում չի պահանջվում:

7. Այցելուներին վկայականներ տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա:

8. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի ներկայացուցիչները (այսուհետ` զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներ) քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվության միջոց: Մեկ տարվա սահմանափակումը կիրառելի չէ, եթե լրատվական գործունեություն իրականացնողը լրատվության միջոց է տարածում վերգետնյա եթերային հեռարձակմամբ:

Հավատարմագրվելու դիմումը և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ: Յուրաքանչյուր լրատվական գործունեություն իրականացնող կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել իր անունից տարածվող միայն մեկ զանգվածային լրատվության միջոց և այդ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներին տրվող վկայականներն այդ զանգվածային լրատվության միջոցին է հանձնում դիմումն ստանալուց հետո՝ 12 օրվա ընթացքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրման մասին դիմումը, եթե այն չի բավարարում սույն հոդվածի պահանջները, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին:

Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի կողմից սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ տվյալ ներկայացուցիչը կարող է հեռացվել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից:

9. Դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, հավատարմագրման համար ներկայացվող փաստաթղթերի էլեկտրոնային ձևերը և ներկայացման կարգը, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այցելուների վկայականների ձևերը և դրանց լրացման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ներմուծեք նկարագրությունը_21507 (31-րդ հոդվածը լրաց. 30.06.16 ՀՕ-119-Ն, 20.10.16 ՀՕ-158-Ն)

Ներմուծեք նկարագրությունը_21506 (31-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերության երկրորդ նախադասության մեջ ամրագրված «միայն մեկ զանգվածային լրատվության միջոց և այդ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների» դրույթը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի, 51-րդ հոդվածի 2-րդ մասի, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ հոդվածների և 81-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր 26.12.2017 ՍԴՈ-1396 որոշմամբ)

Հոդված 32.

Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, այցելուի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

 

1. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, այցելուն իրավունք ունեն`

1) ներկա գտնվելու ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև քվեարկության սենյակում.

(պարբերությունը հանվել է 30.06.16 ՀՕ-119-Ն)

2) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետևելու քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին.

3) ծանոթանալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին և ինքնուրույն կատարելու քաղվածքներ, ստանալու պատճեններ այն փաստաթղթերից, որոնք տեղադրված չեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում.

4) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը ծանոթանալու տեղամասային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին (բացառությամբ քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների), դատարանի համապատասխան վճիռներին, ընտրողին տրամադրած լիազոր մարմնի համապատասխան տեղեկանքին: Չմիջամտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և չխաթարելով քվեարկության ընթացքը՝ ինքնուրույն կատարելու քաղվածքներ և նշումներ ընտրական փաստաթղթերից (բացառությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների, քվեարկության կտրոնների): Քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից և քվեարկության կտրոններից քաղվածքներ և նշումներ կատարելն արգելվում է.

5) ազատ տեղաշարժվելու քվեարկության սենյակում՝ քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, ընտրողների ցուցակների ու քվեատուփի դիտարկման համար.

6) հրապարակայնորեն, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով հայտնելու կարծիք, անելու հայտարարություն՝ ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ.

7) օգտվելու սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներից:

2. Դիտորդը, այցելուն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել իշխանության կամ ընդդիմության, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որևէ հարցի նկատմամբ: Դիտորդներն իրենց անձնական դիտարկումները կարող են ներկայացնել ընտրական հանձնաժողովներին դիտորդական առաքելության զեկույցի միջոցով: Դիտորդների բոլոր եզրահանգումների համար պետք է հիմք հանդիսանան իրենց անձնական դիտարկումները:

3. Դիտորդը, այցելուն, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք չունեն միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և քվեարկության ընթացքին, իրականացնելու քարոզչություն, ընտրական հանձնաժողովի անդամներին տալու ցուցումներ, ներկայացնելու պահանջներ:

4. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, այցելուն պարտավոր են գրանցվել ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում ընտրական հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև քվեարկության ընթացքում՝ քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար: Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, այցելուն պարտավոր են ընտրական հանձնաժողովում, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար պարտադիր կարգով տեսանելի ձևով կրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրված սահմանված նմուշի վկայականը: (նախադասությունը հանվել է 30.06.16 ՀՕ-119-Ն)

5. Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, այցելուի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի (իրավունք չունեն) դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, այցելուին դուրս հանելու տեղամասային կենտրոնից կամ որևէ այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբ սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով, 8-րդ մասով և 65-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի:

Դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, այցելուին տեղամասային կենտրոնից կամ ընտրական հանձնաժողովի նիստերից դուրս հրավիրելու դեպքում ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում` նշելով պատճառները:

(32-րդ հոդվածը փոփ., լրաց. 30.06.16 ՀՕ-119-Ն, փոփ., խմբ.  20.10.16 ՀՕ-158-Ն )

(32-րդ հոդվածի փոփոխությունները կիրառվում են 20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` Ազգային ժողովի առաջին ընտրություններից սկսած)

 

Հոդված 33.

Վստահված անձի կարգավիճակը

 

1. Ընտրություններին մասնակցող կուսակցություններն ընտրական ցուցակները գրանցելուց, իսկ թեկնածուները՝ գրանցվելուց հետո ընտրական հանձնաժողովներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում իրենց շահերը պաշտպանելու նպատակով կարող են ունենալ վստահված անձինք: Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող անձինք:

2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի (բացառությամբ Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամների) թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելուց հետո` հնգօրյա ժամկետում, գրանցում իրականացրած ընտրական հանձնաժողովը թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցչին տալիս է կազմավորված ընտրական տեղամասերի թվի եռապատիկին հավասար թվով վստահված անձանց վկայականներ: Համապատասխան հանձնաժողովը վկայականում նշում է ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, համայնքի ղեկավարի, ավագանու անդամի թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը: Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը կամ ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը վկայականները լրացնում և տրամադրում է վստահված անձանց:

3. Վստահված անձ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, թեկնածուները, ընտրական հանձնաժողովների անդամները:

 

Հոդված 34.

Վստահված անձի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

 

1. Վստահված անձն իրավունք ունի՝

1) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քվեարկության ընթացքում ներկա գտնվելու քվեարկության սենյակում.

2) ծանոթանալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին և ինքնուրույն կատարելու քաղվածքներ, ստանալու պատճեններ այն փաստաթղթերից, որոնք տեղադրված չեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում.

3) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, ծանոթանալու տեղամասային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին (բացառությամբ քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների), դատարանի համապատասխան վճիռներին, ընտրողին տրամադրած լիազոր մարմնի համապատասխան տեղեկանքին, ինչպես նաև քվեարկված քվեաթերթիկներին և դրանցում կատարված նշումներին: Չմիջամտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և չխաթարելով քվեարկության ընթացքը՝ ինքնուրույն կատարելու քաղվածքներ և նշումներ ընտրական փաստաթղթերից (բացառությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների, քվեարկության կտրոնների), քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից: Քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից և քվեարկության կտրոններից քաղվածքներ և նշումներ կատարելն արգելվում է.

4) սույն օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում բողոքարկելու ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները, անգործությունը.

5) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետևելու քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին.

6) չմիջամտելով հանձնաժողովի անդամի և տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (այսուհետ` մասնագետ) աշխատանքներին` ներկա գտնվելու հանձնաժողովի՝ ընտրողների նույնականացումն իրականացնող, քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող անդամների և մասնագետի, քվեատուփը հսկող անդամի կողքին և հետևելու նրանց աշխատանքներին.

7) ընտրական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացնելու դիտարկումներ և առաջարկություններ.

8) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:

2. Վստահված անձն իր իրավունքներն իրականացնում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Վստահված անձինք իրավունք չունեն միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, ընտրական հանձնաժողովի անդամներին տալու ցուցումներ, միջամտելու քվեարկության ընթացքին:

3. Ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող են ներկա գտնվել համայնքի ղեկավարի և ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ և ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկ վստահված անձ: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող է ներկա գտնվել ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մինչև երկու վստահված անձ:

Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները չեն կարող ունենալ վստահված անձ:

Վստահված անձինք պարտավոր են գրանցվել ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում՝ ընտրական հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար:

4. Վստահված անձի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում։ Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի (իրավունք չունեն) վստահված անձին դուրս հանելու քվեարկության սենյակից կամ այլ կերպ նրան մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբ նրա կողմից սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքերի, որոնք էապես խաթարում են ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը: Ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է վստահված անձին հեռացնել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից՝ ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: Հանձնաժողովի նախագահի կողմից վստահված անձին տեղամասային կենտրոնից կամ հանձնաժողովի նիստերից դուրս հրավիրվելու դեպքում ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում` նշելով պատճառները:

(34-րդ հոդվածը փոփ., խմբ. 20.10.16 ՀՕ-158-Ն)

(34-րդ հոդվածի փոփոխությունները կիրառվում են 20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` Ազգային ժողովի առաջին ընտրություններից սկսած)

 

Հոդված 35.

Ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչների կարգավիճակը

 

1. Ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրավունք ունեն կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովում նշանակելու մինչև 3 լիազոր ներկայացուցիչ:

2. Լիազոր ներկայացուցիչ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող անձինք:

3. Լիազոր ներկայացուցչին տրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված նմուշի վկայական:

4. Լիազոր ներկայացուցիչն իրավունք ունի՝

1) ծանոթանալու համապատասխան ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին.

2) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու համապատասխան ընտրական հանձնաժողովի նիստերին:

5. Լիազոր ներկայացուցչի լիազորությունները կարող է ցանկացած պահի դադարեցնել նրան նշանակողը:

6. Լիազոր ներկայացուցչի լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքներով վերջնական որոշման հրապարակման պահից 7 օր հետո:

7. Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում լիազոր ներկայացուցչի լիազորությունները դադարում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը:

8. Սույն հոդվածով սահմանված դրույթները կիրառվում են նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցչի համար:

(35-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-158-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ:

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 36.

Ընտրական հանձնաժողովների համակարգը, կարգավիճակը և գործունեության կարգը

 

1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով կազմավորվում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով, տարածքային ընտրական հանձնաժողովներ և տեղամասային ընտրական հանձնաժողովներ:

2. Յուրաքանչյուր ընտրական տարածքի համար կազմավորվում է մեկ կամ մի քանի տարածքային ընտրական հանձնաժողով: Տարածքային ընտրական հանձնաժողովների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 41-ը: Ընտրական տարածքում մեկից ավելի տարածքային ընտրական հանձնաժողովներ կազմավորվում, համարակալվում, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների սահմանները և նստավայրերը սահմանվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

3. Եթե համայնքը ներառված է մեկից ավելի տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 65 օր առաջ որոշում է տարածքային ընտրական հանձնաժողովին, որին լիազորություն է վերապահվում տվյալ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպումը և անցկացումը:

4. Ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են: Նրանց գործունեությանը որևէ միջամտություն արգելվում է:

5. Ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնում են օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները տարածքային ընտրական հանձնաժողովներին անհատույց ապահովում են անհրաժեշտ աշխատանքային տարածքներով և գույքով, աջակցում հանձնաժողովներին՝ նրանց բնականոն աշխատանքային գործունեությունն ապահովելու համար:

 

Հոդված 37.

Ընտրական հանձնաժողովների գործառույթները

 

1. Ընտրական հանձնաժողովներն ապահովում են ընտրողների ընտրական իրավունքի իրականացումը և պաշտպանությունը:

 

Հոդված 38.

Ընտրական հանձնաժողովների ակտերը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր և անհատական իրավական ակտեր, իսկ տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները` անհատական իրավական ակտեր:

Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները կարող են ընդունել անհատական իրավական ակտեր:

2. Ընտրական հանձնաժողովների իրավական ակտերը ենթակա են պարտադիր կատարման:

 

Հոդված 39.

Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը

 

1. Ընտրական հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին:

2. Ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են վարժական հավաքից և զինվորական վարժանքից: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակահատվածում ընտրական հանձնաժողովների անդամները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ընտրության ավարտից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն ազատվում են նաև զորահավաքից:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ հանձնաժողովի անդամը չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, եթե նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն աշխատում է մշտական հիմունքներով: Նա չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:

5. Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամն իր պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:

6. Ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն նախապես ծանոթանալու հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին, ելույթներ ունենալու հանձնաժողովի նիստերում, ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ հարցով անցկացվի քվեարկություն, նիստի մասնակիցներին տալու հարցեր և ստանալու պատասխաններ:

7. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են կատարել հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տված հանձնարարությունները:

8. Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամներն այդ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ համապատասխանաբար պարտավոր են կամ կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության օրը՝ ներկա գտնվել քվեարկության սենյակում:

9. Տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց լիազորությունների իրականացման նպատակով սեփական նախաձեռնությամբ ազատվում են ծառայողական (աշխատանքային) պարտականությունները կատարելուց:

10. Ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները, ինչպես նաև մասնակցել ընտրական հանձնաժողովի անդամների համար կազմակերպվող մասնագիտական դասընթացներին, որը չի համարվում աշխատանքից անհարգելի բացակայություն:

11. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի առաջին նիստում ստորագրում են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի իրավունքների և պարտականությունների ծանոթացման տեքստը:

 

Հոդված 40.

Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը, ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը

 

1. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը և ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն հոդվածով սահմանված կարգով: Ընտրական վարչարարության բարձրացմանն ու ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինմանն ուղղված ծրագրերի իրականացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ունենալ նաև արտաբյուջետային հաշիվ:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, հանձնաժողովի քարտուղարին կամ անդամին վարձատրություն չի տրվում, եթե նա չի ստորագրել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունը, կամ եթե նրա լիազորությունները վաղաժամկետ դադարել են:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցների մինչև 30 տոկոսը` յուրաքանչյուր տարվա համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված նախահաշվին համապատասխան, կարող է օգտագործվել ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրման, ընտրական վարչարարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրատարակման համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում մնացած մյուս միջոցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ կարող են օգտագործվել ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրատարակման համար:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 41.

Ընտրական հանձնաժողովներ կազմավորելու հիմունքները

 

1. Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել սույն օրենսգրքի՝ համապատասխանաբար 42-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին համապատասխանող ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:

2. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154.6-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների, ինչպես նաև դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք: Տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարները, մարզպետները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատական ակտերի հարկադիր կատարման, քրեակատարողական ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, ընտրություններին մասնակցող կուսակցության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները: Տարածքային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել նաև ավագանու անդամները:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ընտրական իրավունք ունեցող և ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական ունեցող անձինք: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի համար կարող է սահմանել որակավորման ավելի բարձր չափանիշներ, քան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների համար:

4. Տարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում է այդ հանձնաժողովների անդամների ուսուցումը:

5. Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար կազմակերպում և անցկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` իր սահմանած կարգին համապատասխան: Դասընթացները կազմակերպվում են Երևանում և մարզերում տարին առնվազն մեկ անգամ՝ քաղաքացիների դիմումների, կուսակցությունների ներկայացրած ցուցակների հիման վրա: Ներկայացված ցուցակներում ընդգրկված, ինչպես նաև դիմում ներկայացրած անձինք մասնակցում են մասնագիտական դասընթացներին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես հրապարակված գրաֆիկին (օր, ժամ, վայր) համապատասխան: Նշված անձինք կարող են մասնակցել ստուգարքին՝ անկախ դասընթացին մասնակցելու հանգամանքից` հրապարակված գրաֆիկին համապատասխան: Որակավորման վկայականները տրվում են ստուգարքի հիման վրա: Ստուգարքն անցկացվում է համակարգչային կամ թեստային ստանդարտ եղանակով: Դասընթացների, ստուգարքի ընթացքին կարող են հետևել զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

6. Քաղաքացին միաժամանակ կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում, բացառությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի համար սույն մասով սահմանված դեպքի:

Քաղաքացին կարող է լինել միաժամանակ մեկից ավելի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ, եթե սահմանված են ընտրությունների քվեարկության անցկացման տարբեր օրեր:

7. Ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

(41-րդ հոդվածը փոփ. 30.06.16 ՀՕ-119-Ն, փոփ., խմբ. 20.10.16 ՀՕ-158-Ն)

 

Հոդված 42.

Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով՝ 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ՝ հանձնաժողովի նախագահը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երկուսից:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ունի՝

1) բարձրագույն իրավաբանական կրթություն և վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ.

2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 5 տարում առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ.

3) բարձրագույն կրթություն և վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5 տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ կամ

4) բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտի ժամկետի մասին Ազգային ժողովի նախագահին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 60 օր առաջ:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և անդամներն ընտրվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Ընտրությունն անցկացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունների՝

1) ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ օր առաջ: Այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահը կամ անդամն իր պաշտոնը ստանձնում է համապատասխանաբար՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունների ավարտման օրը.

2) դադարման կամ դադարեցման դեպքում՝ համապատասխան պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում Ազգային ժողովի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կամ անդամ չընտրվելու դեպքում Հանրապետության նախագահը, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ, հնգօրյա ժամկետում նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի ժամանակավոր պաշտոնակատար: Պաշտոնակատարը պաշտոնավարում է մինչև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կամ անդամ ընտրելը:

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի հրաժարականի դիմում ներկայացնելու դեպքում թափուր տեղը համալրվում է ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում հանձնաժողովի նոր անդամն ընտրվում է 6 տարի ժամկետով:

8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դադարեցնում է անհամատեղելիության պահանջները խախտելու, որևէ կուսակցության անդամագրվելու, որևէ այլ կերպ քաղաքական գործունեությամբ զբաղվելու, հրապարակային ելույթներում քաղաքական զսպվածություն չցուցաբերելու դեպքում:

9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:

10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը և քարտուղարն ընտրվում են բաց քվեարկությամբ:

Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկից ավելի թեկնածու, ապա ընտրվում է առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն:

 

Հոդված 43.

Տարածքային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

 

1. Տարածքային ընտրական հանձնաժողովը կազմված է 7 անդամից: Տարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում է 6 տարի ժամկետով: Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև տարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտը:

2. Տարածքային ընտրական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երկուսից:

3. Տարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային քաղաքական գործունեություն չի ծավալում և ունի`

1) բարձրագույն իրավաբանական կրթություն և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժ.

2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 4 տարում առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժ.

3) բարձրագույն կրթություն և վերջին 6 տարում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ պետական ոչ առևտրային կազմակերպություններում համապատասխանաբար պետական ծառայության կամ համայնքային ծառայության կամ ղեկավար պաշտոնում աշխատանքի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ կամ

4) բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 2 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուներին ընտրելու համար զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն է տարածում քաղաքացիների դիմումների ներկայացման ժամկետների և տարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջների մասին: Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

5. Տարածքային ընտրական հանձնաժողովների անդամ կարող են նշանակվել այն քաղաքացիները, որոնք սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են դիմում` տարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար, և որոնք համապատասխանում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին:

6. Եթե դա չի խախտի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տարբեր սեռերի հավասարության չափանիշը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն լինելու դեպքում կարող է`

1) նշանակել տարածքային ընտրական հանձնաժողովի կազմն ամբողջությամբ.

2) նշանակել տարածքային ընտրական հանձնաժողովի կազմը մասնակի կամ

3) կրճատել քննարկման ենթակա թեկնածուների ցանկը:

7. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում տարածքային ընտրական հանձնաժողովի կազմի չձևավորված մասն ընտրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` սույն օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանված նախապատվության քվեակարգով:

8. Եթե տարածքային ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած քաղաքացիների թիվը բավարար չէ հանձնաժողովի կազմավորման, այդ թվում` տարբեր սեռերի հավասարության չափանիշի պահպանման համար, ապա հանձնաժողովի անդամների թափուր տեղերը լրացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ անցած և որակավորման վկայականներ ստացած անձանցից:

9. Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սույն հոդվածով սահմանված կարգով` 21-օրյա ժամկետում:

10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին ընդունվում է տարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտման օրվանից ոչ ուշ, քան 14 օր առաջ:

11. Տարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստի օրը և ժամը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Տարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը մինչև հանձնաժողովի նախագահի ընտրվելը վարում է հանձնաժողովի` տարիքով ավագ անդամը: Կազմավորված տարածքային ընտրական հանձնաժողովն իր լիազորություններն ստանձնում է գործող տարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտման օրը` ժամը 12.00-ին:

12. Տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին, հանձնաժողովների նախագահների տեղակալներին և հանձնաժողովների քարտուղարներին ընտրում են համապատասխան հանձնաժողովներն իրենց կազմերից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով:

 

Հոդված 44.

Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովն ունի առնվազն 7 անդամ:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակում են`

1) Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները)` մեկական անդամ, եթե խմբակցությունների թիվը մեծ է 4-ից, և երկուական անդամ, եթե խմբակցությունների թիվը փոքր է 5-ից.

2) համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովը` 2 անդամ:

Յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու համար տարածքային ընտրական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ (բացառությամբ հանձնաժողովի նախագահի) կարող է ներկայացնել մեկ թեկնածու: Եթե առաջադրված թեկնածուների թիվը 2-ից ավելի է, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի 2 անդամին տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրում է վիճակահանության միջոցով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

3. Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի ձևավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով կամ ժամկետում որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) հանձնաժողովի անդամ չի նշանակում, կամ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների առաջարկած թեկնածուների թիվը պակաս է 2-ից, ապա հանձնաժողովի թափուր տեղերը նրանց փոխարեն լրացնում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի թափուր տեղերը սույն մասով սահմանված կարգով լրացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների` ըստ տեղամասերի բաշխման մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չի փոփոխվում անգամ այն դեպքում, երբ թափուր տեղի լրացման արդյունքում որոշմամբ սահմանված համամասնությունը խախտվել է:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ և քարտուղար նշանակվում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ` սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված բաշխմանը համապատասխան, հանձնաժողովում կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) նշանակած անդամներից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի: Եթե կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում նշանակել է 2 անդամ, ապա նշանակելիս նշում է, թե նրանցից ով է զբաղեցնելու հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոնը:

5. Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվում են Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև: Յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների թիվը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

 ՆՔԹ = 

ԿՄԹ

 x ՏԹ, վերցրած ամբողջ թվերը,

ՊԹ

 

որտեղ`

ՆՔԹ-ն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) հասանելիք համապատասխանաբար հանձնաժողովի նախագահների և քարտուղարների թիվն է,

ԿՄԹ-ն Ազգային ժողովի կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվն է,

ՏԹ-ն կազմավորված ընտրական տեղամասերի թիվն է,

ՊԹ-ն Ազգային ժողովի պատգամավորների մանդատների թիվն է: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մնացած պաշտոնները բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության: Ազգային ժողովի խմբակցությունների քանակը 4-ից մեծ լինելու դեպքում, եթե ՆՔԹ-ն որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համար ստացվում է մեծ ՏԹ-ի կեսից, ապա ՏԹ-ի կեսը գերազանցող մասը բաշխվում է մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) միջև սույն հոդվածով սահմանված համամասնության սկզբունքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Մնացորդների հավասարության դեպքում մնացած պաշտոնների բաշխումը կատարվում է վիճակահանությամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, եթե կազմավորված ընտրական տեղամասերի թիվը փոքր է 3-ից, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը կատարվում է վիճակահանությամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով` հաշվի առնելով, որ նույն հանձնաժողովում այդ երկու պաշտոնները միաժամանակ չեն կարող զբաղեցնել կառավարության կազմավորմանը մասնակից կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ներկայացուցիչները:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների բաշխումը` ըստ ընտրական տեղամասերի, կատարվում է մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը ներկայացնելու համար ժամկետի սկիզբը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, արտահերթ ընտրությունների դեպքում` քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20, և ոչ ուշ, քան 18 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտն ստորագրում է կուսակցության ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ կուսակցության ղեկավարի տեղակալը (քարտուղարը), կուսակցությունների դաշինքի դեպքում` խմբակցության ղեկավարը, նրա բացակայության դեպքում՝ խմբակցության քարտուղարը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու կարգը, հայտի ձևը, անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

7. Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրվում է հանձնաժողովի կազմավորման օրվանից հետո` 3-րդ օրը՝ ժամը 12.00-ին:

8. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով` յոթնօրյա ժամկետում, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

9. Եթե սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում և կարգով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ չի նշանակվել, ապա հանձնաժողովի անդամների թափուր տեղերը լրացնում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանցից: Այս դեպքում, եթե սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում և կարգով տեղամասային ընտրական հանձնաժողովի նշանակվող անդամը պետք է զբաղեցներ հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոնը, ապա ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամն է նշանակվում այդ պաշտոնում:

10. Եթե քվեարկության օրը` ժամը 8.00-ին, մինչև 1 000 ընտրող ունեցող ընտրական տեղամասի դեպքում 5-ից պակաս թվով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ է ներկայացել, ապա չներկայացած անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարում են, և անդամների թիվը համապատասխանաբար մինչև 5 անդամ լրացնում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից: Եթե քվեարկության օրը` ժամը 8.00-ին, 1 000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասի դեպքում 7-ից պակաս թվով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ է ներկայացել, ապա չներկայացած անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարում են, և անդամների թիվը համապատասխանաբար մինչև 7 անդամ լրացնում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից: Եթե քվեարկության օրը` ժամը 9.00-ի դրությամբ, տեղամասային ընտրական հանձնաժողովում ներկա անդամների թիվը նվազ է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 2/3-ից, ապա հանձնաժողովի կազմը համալրվում է սույն մասով սահմանված կարգով, այնպես, որ ապահովվի հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 2/3-ը:

11. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են ընտրության ավարտից հետո՝ համապատասխան ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքները ամփոփվելուց 7 օր հետո, բացառությամբ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքի:

12. Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը:

13. Առանձին ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու կամ այդ ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակվելու դեպքում այդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած, և նրանք չեն կարող ընդգրկվել վերաքվեարկություն անցկացնող տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում:

Ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակվելու կամ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոնների՝ նախկինում կատարված բաշխումը պահպանվում է, և տեղամասային ընտրական հանձնաժողովների նոր նշանակումներ կատարելու համար հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են վերաքվեարկություն նշանակելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ 3 օրվա ընթացքում՝ մինչև ժամը 18.00-ն: Այդ դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը տեղի են ունենում կազմավորման ժամկետի ավարտի հաջորդ օրը` ժամը 12.00-ին:

 

Հոդված 45.

Ընտրական հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին, հանձնաժողովի քարտուղարին պաշտոնանկ անելու և հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կարգը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները համարվում են դադարած, եթե նա ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ինքնաբացարկի դեպքում դադարեցվում է նրա անդամությունը հանձնաժողովին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի, կամ հանձնաժողովի քարտուղարի պաշտոններից ինքնաբացարկի դեպքում նախագահի տեղակալի կամ քարտուղարի անդամությունը հանձնաժողովին չի դադարեցվում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ինքնաբացարկի մասին դիմումը ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի պաշտոններից ինքնաբացարկի մասին դիմումը ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստն արձանագրում է Ազգային ժողովի նախագահը դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում. այդ մասին հայտարարվում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված՝ Ազգային ժողովի նախագահի կողմից փաստն արձանագրվելու պահից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի պաշտոններից դուրս գալու փաստն արձանագրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

Սույն մասում նշված դեպքերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի անդամությունը հանձնաժողովին չի դադարեցվում:

4. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները համարվում են դադարած, եթե նա ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում:

Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

Սույն մասում նշված դեպքերում տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի անդամությունը հանձնաժողովին չի դադարեցվում:

5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ կարող են պաշտոնանկ արվել միայն, եթե քվեարկության նախորդ օրը կամ քվեարկության օրը ցուցաբերում են ակնհայտ անգործություն, որի հետևանքով կարող է վտանգվել քվեարկության նախապատրաստումը կամ քվեարկության բնականոն ընթացքը կամ քվեարկության արդյունքների ամփոփումը: Այդ դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար նշանակում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմից:

6. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`

1) եթե նա չունի ընտրական հանձնաժողովում նշանակվելու իրավունք.

2) եթե կենտրոնական կամ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամը ներկայացրել է հանձնաժողովի անդամի պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում.

3) եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, քարտուղարը կամ հանձնաժողովի անդամը ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում: Նման դիմում կարող է ներկայացվել մինչև քվեարկության օրվան նախորդող հինգերորդ օրվա ժամը 18.00-ն` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին.

4) եթե զորակոչվել է.

5) եթե դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154.6-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների կամ դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը կամ որպես պատիժ կիրառվել է կալանք կամ ազատազրկում:

Սույն մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստը տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների դեպքում արձանագրում է վերադաս ընտրական հանձնաժողովի նախագահը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստն արձանագրում է Ազգային ժողովի նախագահը` դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում. այդ մասին հայտարարվում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված՝ Ազգային ժողովի նախագահի կողմից փաստն արձանագրվելու պահից:

7. Եթե տարածքային ընտրական հանձնաժողովի անդամը կոպտորեն խախտել է սույն օրենսգրքի դրույթները կամ 3 օրացուցային ամսվա ընթացքում տարածքային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերից երեք կամ ավելի անգամ անհարգելի բացակայել է, ապա նրա լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

8. Տարածքային ընտրական հանձնաժողովը կարող է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ վաղաժամկետ դադարեցնել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները, եթե հանձնաժողովի անդամը կոպտորեն խախտել է սույն օրենսգրքի դրույթները (բացառությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերից անհարգելի բացակայության դեպքի): Նման պահանջով տարածքային ընտրական հանձնաժողով կարող են դիմել տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղամասային ընտրական հանձնաժողովում նրան նշանակած կուսակցությունը կամ նրան առաջարկած տարածքային ընտրական հանձնաժողովի անդամը:

 

Հոդված 46.

Ընտրական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը

 

1. Ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` նախագահի տեղակալը, տեղամասային ընտրական հանձնաժողովի դեպքում` հանձնաժողովի քարտուղարը:

2. Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները սահմանում են հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը: Տեղամասային ընտրական հանձնաժողովները հերթական նիստեր գումարում են սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:

3. Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի գրավոր պահանջով նրանց նշած ժամկետում՝ այդ մասին կապի հնարավոր միջոցներով տեղեկացնելով հանձնաժողովի անդամներին: Տեղամասային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով:

4. Ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել քվեարկությանը: Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի օրակարգում, հանձնաժողովի անդամներից բացի, հարցեր կարող են ներկայացնել վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը` ծառայությանը վերապահված իրավասության շրջանակներում, և հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը` ֆինանսատնտեսական հարցերի վերաբերյալ:

5. Ընտրության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելիս ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

6. Ընտրական հանձնաժողովներն ստանում են վերադաս հանձնաժողովի կնքած գրանցամատյան՝ համարակալված էջերով:

Գրանցամատյանին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այն լրացնելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

7. Գրանցամատյանում նշվում են նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցության, ինչպես նաև նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայության մասին: Այդ գրառման տակ ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:

8. Ընտրական հանձնաժողովների անդամներն ընտրական հանձնաժողովների նիստերին, քվեարկության օրը քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք, մասնագետը (բացառությամբ քվեարկողների և տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների) վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով կրում են ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայական: Հանձնաժողովի նախագահն արգելում է ընտրական հանձնաժողովներում, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև վերնազգեստի վրա առանց համապատասխան վկայականի անձանց ներկայությունն ընտրական հանձնաժողովում (քվեարկության սենյակում):

9. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել հանձնաժողովի նիստերին:

10. Ընտրական հանձնաժողովների որոշումների, արձանագրությունների, գրանցամատյանների գրառումների պատճենները և քաղվածքները (բացառությամբ վերահաշվարկի ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից քաղվածքների) կնքում և ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Տեղամասային ընտրական հանձնաժողովից ստացված փաստաթղթերը կնքվում են միայն քվեարկության օրը կամ քվեարկության հաջորդ օրը` մինչև կնիքը տարածքային ընտրական հանձնաժողովին հանձնելը:

(46-րդ հոդվածը լրաց. 30.06.16 ՀՕ-119-Ն, փոփ. 20.10.16 ՀՕ-158-Ն)

(46-րդ հոդվածի փոփոխությունները կիրառվում են 20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` Ազգային ժողովի առաջին ընտրություններից սկսած)

 

Հոդված 47.

Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովում վարչական վարույթի առանձնահատկությունները

 

1. Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովում վարչական վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկություններով և ժամկետներում:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում դիմումի կամ բողոքի (այսուհետ` դիմում) քննարկման մասին դիմումատուն կամ բողոք ներկայացնողը (այսուհետ` դիմումատու) ծանուցվում է դիմումի քննարկման օրվա և ժամի մասին հանձնաժողովի համացանցային կայքում տեղեկություն տեղադրելու միջոցով: Եթե դիմումում նշված է էլեկտրոնային կապի որևէ միջոց` հեռախոսահամար, էլեկտրոնային փոստային հասցե (այսուհետ` էլեկտրոնային կապի միջոց), ապա դիմումատուն տեղեկացվում է նաև այդ միջոցով, ըստ հնարավորության` նաև կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

Տարածքային ընտրական հանձնաժողովում դիմումի քննարկման մասին դիմումատուն համարվում է ծանուցված դիմումի քննարկման օրվա և ժամի մասին հանձնաժողովում բոլորի համար տեսանելի տեղում ծանուցում փակցնելու միջոցով, իսկ եթե դիմումում նշված է հեռախոսահամար, ապա դիմումատուն տեղեկացվում է նաև այդ միջոցով, ըստ հնարավորության` նաև կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

3. Վարչական վարույթն իրականացնող ընտրական հանձնաժողովի կազմին կամ հանձնաժողովի անդամին վարույթի մասնակիցները չեն կարող բացարկ հայտնել, իսկ վարչական վարույթն իրականացնող ընտրական հանձնաժողովի անդամն ինքնաբացարկ հայտնելու իրավունք չունի:

4. Ընտրությունների ժամանակահատվածում, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, վարչական վարույթի մասնակիցները վարչական վարույթի նյութերին ծանոթանում են վարույթն իրականացնող ընտրական հանձնաժողովում` այդ վարույթով հրավիրված նիստից առաջ: Հանձնաժողովի նիստը համառոտ արձանագրվում է:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտը տեղադրվում է հանձնաժողովի համացանցային կայքում սույն օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում:

6. Տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից: Տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտը փակցվում է տարածքային ընտրական հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում, ակտն ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

7. Ընտրական հանձնաժողովի վարչական ակտն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում է վարչական վարույթի մասնակիցներին` առաքման անդորրագիրը կցելով գործին, եթե այդ ակտը վարույթի մասնակիցները հանձնաժողովում չեն ստացել: Եթե դիմումը ներկայացվել է մեկից ավելի դիմումատուների կողմից համատեղ, ապա ընդունված վարչական ակտն ուղարկվում է դիմումում առաջինը նշված դիմումատուին:

8. Ընտրությունների ժամանակահատվածում վարչական վարույթը չի կասեցվում:

 

Հոդված 48.

Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելը

 

1. Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Եթե ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը (անգործությունը) բողոքարկվել է և վարչական, և դատական կարգով, ապա վարչական վարույթը կարճվում է:

2. Դատական կարգով ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը (անգործությունը) կարող է բողոքարկել`

1) յուրաքանչյուր ոք, ով գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր՝ սույն օրենսգրքով սահմանված սուբյեկտիվ ընտրական իրավունքը.

2) վստահված անձը, եթե գտնում է, որ խախտվել է իր կամ իր վստահորդի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքը.

3) դիտորդը կամ այցելուն, եթե գտնում է, որ խախտվել է իր` սույն օրենսգրքով սահմանված իրավունքը.

4) զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, եթե գտնում է, որ խախտվել է իր` սույն օրենսգրքով սահմանված իրավունքը.

5) ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, եթե գտնում է, որ խախտվել է իր կամ իր վստահորդ կուսակցության կամ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքը։

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքները, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի, ներկայացվում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով` 2 օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ խախտման մասին: Սույն պարբերությամբ նշված բողոքները համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել աշխատանքային օրերին` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, իսկ քվեարկության նախորդ օրը` ժամը 9.00-ից մինչև 19.00-ն:

Քվեարկության օրվա ընթացքում կամ քվեարկության հաջորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքները ներկայացվում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով` քվեարկության օրը ժամը 8.00-ից մինչև ժամը 22.00-ն, կամ քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն:

5. Ընտրությունների արդյունքներով տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան: Տարածքային ընտրական հանձնաժողովի այլ որոշումները, ինչպես նաև գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով օրացուցային 3 օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ խախտման մասին: Սույն մասում նշված բողոքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել աշխատանքային օրերին` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, իսկ քվեարկության նախորդ օրը` ժամը 9.00-ից մինչև 19.00-ն, քվեարկության օրը՝ ժամը 8.00-ից մինչև ժամը 22.00-ն, քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ը: Եթե օրացուցային 3-րդ օրը լրանում է ոչ աշխատանքային օրը, բացառությամբ քվեարկության նախորդ, քվեարկության կամ քվեարկության հաջորդ օրերի, ապա բողոքը կարող է ներկայացվել հաջորդ աշխատանքային օրը` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները կարող են բողոքարկվել սահմանադրական դատարան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այլ որոշումները, ինչպես նաև գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական դատարան:

7. Տարածքային և Կենտրոնական ընտրական հանձնաժողովներն ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը, ստացված դիմումներին պատասխանում, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ ընդունում են հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև քվեարկության սկիզբը: Քվեարկության օրվանից սկսած՝ մինչև արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից 2 օր առաջ՝ ժամը 18.00-ն, ստացված դիմումներին տարածքային և Կենտրոնական ընտրական հանձնաժողովները պատասխանում, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ ընդունում են մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, իսկ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ տարածքային ընտրական հանձնաժողովը` մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից մեկ օր առաջ:

8. Սույն հոդվածի 9-18-րդ մասերով սահմանված են բացառություններ սույն հոդվածի 1-7-րդ մասերով սահմանված նորմերից:

9. Ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի և կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունը:

10. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել համապատասխանաբար միայն համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն:

11. Ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում կարող է ներկայացվել միայն գրանցումն իրականացրած ընտրական հանձնաժողով: Դիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 2 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն: Գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմումը ընտրական հանձնաժողովը քննարկում և դրա վերաբերյալ որոշում է ընդունում դիմումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը՝ մինչև ժամը 12-00-ն։

Սույն մասի առաջին պարբերությամբ նշված որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան 3 օրացուցային օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ խախտման մասին, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն: Վարչական դատարանը որոշում է կայացնում 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը։

12. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն միայն`

1) ընտրություններին մասնակցող կուսակցությունը, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն.

2) վստահված անձը, եթե քվեարկության օրը ներկա է գտնվել քվեարկության սենյակում կամ ներկա է գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի արդյունքների ամփոփման նիստին.

3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, եթե արձանագրությունում կատարել է գրառում հատուկ կարծիք ունենալու մասին:

13. Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում իրավունք ունեն ներկայացնելու կուսակցությունը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն:

14. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով իրավասու անձի կողմից` քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն:

Եթե դիմումի քննարկման արդյունքով տարածքային ընտրական հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին էապես ազդել քվեարկության արդյունքների վրա, և եթե հնարավոր չէ պարզել քվեարկության իրական արդյունքները, ապա տարածքային ընտրական հանձնաժողովն այդ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր է ճանաչում: Այդ դեպքում նյութերն ուղարկվում են դատախազություն:

15. Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ընտրությունների արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել ընտրության արդյունքներն ամփոփելու համար սույն օրենսգրքով սահմանված համապատասխան ժամկետից առնվազն 2 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումների քննարկումը կատարվում է ընտրությունների արդյունքների ամփոփման շրջանակում, և դրանց վերաբերյալ առանձին որոշում չի կայացվում:

16. Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն`

1) ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն.

2) վստահված անձը.

3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը.

4) քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց, ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումն իրավասու անձը ներկայացնում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը ժամը 12.00-ից մինչև քվեարկության օրվանից հետո երրորդ օրը` ժամը 11.00-ն:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները պետք է ներկայացվեն առանձնացված՝ ըստ Հայաստանի Հանրապետությունից բացակայող և քվեարկությանը չմասնակցած և ըստ Հայաստանի Հանրապետությունում գտնվող և քվեարկությանը չմասնակցած անձանց:

Ընտրական հանձնաժողովը մերժում է այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումով վարչական վարույթի հարուցումը և դիմումն ըստ էության չի քննում, եթե դիմումը ներկայացվել է սույն մասի դրույթների խախտումով:

17. Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը քննվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ վարչարարության հիմնարար սկզբունքների պահպանմամբ:

Հայաստանի Հանրապետությունից բացակայող անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները քննելիս տարածքային ընտրական հանձնաժողովը՝

1) ստուգում է դիմումում նշված անձի՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու փաստի վերաբերյալ տեղեկությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (այսուհետ՝ ՍԷԿՏ) համակարգի միջոցով:

Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ անձը, որի վերաբերյալ դիմում է ներկայացվել, Հայաստանի Հանրապետության սահմանը դեպի դուրս հատել է քվեարկությունը սկսվելուց հետո, ապա դիմումն այդ անձի մասով համարվում է առարկայազուրկ, և վարչական վարույթն այդ մասով կարճվում է:

Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ անձը, որի վերաբերյալ դիմում է ներկայացվել, Հայաստանի Հանրապետության սահմանը չի հատել կամ վերջին անգամ հատել է Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս, ապա դիմումը այդ անձի մասով համարվում է առարկայազուրկ, և վարչական վարույթն այդ մասով կարճվում է.

2) պարզում է, թե անձը, որի վերաբերյալ դիմում է ներկայացվել, արդյոք գրանցվել է տեխնիկական սարքավորման միջոցով.

3) տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված և նույնականացման քարտ ունեցող ընտրողի դեպքում ստուգում է նաև, թե գրանցման ժամանակ հանձնած մատնահետքն արդյոք համընկնում է ոստիկանության կողմից վարվող նույնականացման քարտերի էլեկտրոնային շտեմարանում առկա այդ ընտրողի մատնահետքին:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումների ստուգումների կազմակերպման գործում տարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով կարող են ներգրավվել ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և, ըստ անհրաժեշտության, այլ մարմիններ:

Եթե չկան տվյալ անձի կողմից քվեարկությանը մասնակցությունը հաստատող բավարար ապացույցներ, ապա հավաստիության կանխավարկածի սկզբունքի կիրառմամբ, բացառապես ընտրությունների արդյունքներով որոշում կայացնելու համար համարվում է, որ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկություն:

Անկախ տարածքային ընտրական հանձնաժողովում դիմումի քննության ընթացքից՝ բոլոր դիմումներն ուղարկվում են նաև համապատասխան իրավապահ մարմին:

18. Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումին պետք է կցված լինի որևէ անձի աներկբա հայտարարությունն այն մասին, որ ընտրողը քվեարկությանը չի մասնակցել, և այդ ընտրողի փոխարեն քվեարկել է այլ անձ:

Հայտարարություն տվողը պետք է նաև գրավոր հավաստի և ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

Հայտարարությունը պետք է պարունակի հայտարարություն տվողի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում՝ սերիան և համարը), հաշվառման վայրի հասցեն, բնակության վայրի հասցեն, եթե տարբերվում է հաշվառման վայրի հասցեից, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն, հայտարարության տրման ամսաթիվը: Հայտարարության մեջ պետք է նաև նշված լինեն քվեարկությանը չմասնակցած ընտրողի անունը, հայրանունը, ազգանունը, ընտրական տեղամասի համարը, որ ցուցակի ընտրող է, ընտրողի համարը համապատասխան ցուցակում: Հայտարարությունը ներկայացվում է բնօրինակով` ստորագրված բացառապես հայտարարություն տվող անձի կողմից:

Դիմում ներկայացնողը պետք է գրավոր հավաստի և ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումին կից կեղծ ստորագրությամբ հայտարարություն ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Հայտարարությունը համարվում է կեղծ ստորագրությամբ հայտարարություն, եթե այն ստորագրվել է ոչ այն անձի կողմից, որի անունից տրվում է հայտարարությունը, կամ ստորագրվել է մտացածին անձի անունից: Սույն պարբերությամբ սահմանված պահանջը չի տարածվում այն դեպքի վրա, երբ դիմումը ներկայացնողը և հայտարարություն տվողը նույն անձն են:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը ներկայացվում է բնօրինակով` ստորագրված բացառապես դիմումատուի կողմից: Դիմումը պետք է պարունակի դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, հաշվառման վայրի հասցեն, բնակության վայրի հասցեն, եթե տարբերվում է հաշվառման վայրի հասցեից, ապա հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն, կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի տրման ամսաթիվը: Սույն հոդվածի 16-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված սուբյեկտների ներկայացրած դիմումներին կից պետք է ներկայացվի նաև դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումի, հայտարարության ձևերը, ինչպես նաև այլ անձի փոխարեն քվեարկելու մասին սուտ հայտարարություն տալու և այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումին կից կեղծ ստորագրությամբ հայտարարություն ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին տեղեկացված լինելու ձևաթղթերը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ներբեռնելու հնարավորությամբ տեղադրում հանձնաժողովի համացանցային կայքում:

Դիմումին կից պահանջվող փաստաթղթերի բացակայության դեպքում կամ դիմումի կամ հայտարարության համար սույն մասով սահմանված վավերապայմաններին չհամապատասխանելու դեպքում դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժվում է: Եթե նույն անձը ներկայացրել է այլ անձի փոխարեն քվեարկելու մասին մեկից ավելի դիմումներ, կամ մեկ դիմումում նշված են այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ մեկից ավելի անձանց տվյալներ, և ստուգման ընթացքում պարզվում է, որ դիմումին կցված է այլ անձի փոխարեն քվեարկելու մասին առնվազն մեկ սուտ հայտարարություն կամ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին առնվազն մեկ կեղծ ստորագրությամբ հայտարարություն, ապա այդ անձի ներկայացրած դիմումների հետագա քննարկումը դադարեցվում է, վարչական վարույթը կարճվում է, և բոլոր նյութերը ներկայացվում են համապատասխան իրավապահ մարմին: Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ մինչ այդ ստուգված և ճշտված տեղեկությունները հաշվի են առնվում ընտրությունների արդյունքներով որոշում կայացնելու համար:

(48-րդ հոդվածը փոփ. 30.06.16 ՀՕ-119-Ն, փոփ., լրաց. 20.10.16 ՀՕ-158-Ն)

(48-րդ հոդվածի փոփոխությունները կիրառվում են 20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` Ազգային ժողովի առաջին ընտրություններից սկսած)

 

Հոդված 49.

Դիմումներին ներկայացվող պահանջները: Ընտրական հանձնաժողովներում դիմումների քննարկման կարգը: Ապացուցման բեռը

 

1. Ընտրական հանձնաժողովներ ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի դիմողի կողմից, ներառի նրա անունը, ազգանունը, դիմողի հասցեն, տրման ամսաթիվը: Դիմումը կարող է ներառել նաև դիմումատուի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն: Դիմումում պետք է սահմանված լինի դիմումատուի պահանջը, բերված լինեն դիմումատուի հիմնավորումները: Հնարավոր ապացույցները պետք է կցված լինեն դիմումին:

Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:

Թեկնածուի, վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, ընտրական հանձնաժողովի անդամի, լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումներին կից պետք է ներկայացվի դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի (սահմանված նմուշի վկայականի) պատճենը:

Դիմումատուի վերաբերյալ տվյալներ չներառող կամ կեղծ տվյալներ ներառող դիմումները, իրավունքի չարաշահմամբ ներկայացված դիմումները, ոչ իրավասու անձի կողմից ներկայացված դիմումները, ինչպես նաև սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված դիմումները չեն քննարկվում, դրանցով վարչական վարույթներ չեն հարուցվում, և ընտրական հանձնաժողովները որոշում են կայացնում վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին: Այդ դեպքում ընտրական հանձնաժողովն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ իրականացնելու վարչական վարույթ:

2. Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա ընտրական հանձնաժողովը կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին, կամ դիմողին հնարավորություն է ընձեռում շտկելու այդ սխալները` սահմանելով ողջամիտ ժամկետ: Եթե դիմումին կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա ընտրական հանձնաժողովը համալրման համար սահմանում է ողջամիտ ժամկետ: Նշված ժամկետում սխալները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում դիմումները չեն քննարկվում, դրանցով վարչական վարույթներ չեն հարուցվում, և ընտրական հանձնաժողովները որոշում են կայացնում վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին: Այդ դեպքում ընտրական հանձնաժողովն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ իրականացնելու վարչական վարույթ:

3. Դիմողը դիմումը հասցեագրում է այն ընտրական հանձնաժողովին, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը: Եթե դիմում տալու համար սույն օրենսգրքով նախատեսված է վերջնաժամկետ, ապա դիմումը համարվում է պատշաճ ժամկետում ներկայացված, եթե այն մինչև վերջնաժամկետը մուտքագրվել է համապատասխան ընտրական հանձնաժողով: Ոչ իրավասու ընտրական հանձնաժողով ներկայացված դիմումները կամ վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն քննարկվում և գրությամբ վերադարձվում են դիմումատուին` նշելով պատճառը:

4. Հանձնաժողովի նախագահը պատշաճ ժամկետում ներկայացված դիմումը հասցեագրում է հանձնաժողովի անդամին, իսկ դիմումի պատճենը տրամադրվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Դիմումում բարձրացված հարցերն ուսումնասիրում են հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի դիմումի վերաբերյալ որոշման նախագիծ ներկայացնելու` հարցը հանձնաժողովի նիստում քննարկելու համար: Եթե հանձնաժողովի որևէ անդամ վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին որոշման նախագիծ չի ներկայացնում, ապա վարչական վարույթը համարվում է հարուցված: Վարչական վարույթի հարուցումը մերժելու դեպքում դիմումի պատասխանը դիմումատուին ուղարկվում է հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:

5. Վարչական վարույթի հարուցման դեպքում դիմումատուն իրավունք ունի մասնակցելու հանձնաժողովի նիստում իր դիմումի քննարկմանը, ներկայացնելու հիմնավորումներ, ունենալու ելույթ:

6. Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները (անգործությունը) վերադաս ընտրական հանձնաժողով բողոքարկելու դեպքում բողոք ներկայացնող կողմը կրում է իր ներկայացրած փաստական հանգամանքների ապացուցման բեռը, իսկ ընտրական հանձնաժողովը` իր կայացրած որոշման հիմքում ընկած փաստական հանգամանքների ապացուցման բեռը: Բողոքը քննող ընտրական հանձնաժողովն ի պաշտոնե կարող է ապացույցներ հայթայթել: Սույն մասով սահմանված կանոնները վերաբերում են նաև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներին:

7. Տեղեկատվություն ստանալու մասին դիմումի պատասխանը դիմումատուին ուղարկվում է հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ: Եթե պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթի օրինակը տեղադրված է հանձնաժողովի համացանցային կայքում, ապա այդ մասին տեղեկացվում է դիմողը, և նրան դրանցից պատճեններ կամ քաղվածքներ չեն տրամադրվում:

8. Օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ընտրական հանձնաժողովները ձեռնարկում են համապատասխան միջոցներ: Նման դեպքերում առանձին ակտի տեսքով որոշումների ընդունումը պարտադիր չէ:

 

Հոդված 50.

Քվեարկության արդյունքների վերահաշվարկը

 

1. Ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կամ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն կամ վստահված անձը, եթե նրանք ներկա են եղել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը` ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու մասին գրառում կատարելու դեպքում, իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու տվյալ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները` տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին (այսուհետ` վերահաշվարկ) դիմում:

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն:

2. Վերահաշվարկի դիմումը պետք է ներառի դիմողի անունը, ազգանունը, դիմողի հասցեն և այն ընտրական տեղամասի համարը, որում պահանջվում է կատարել վերահաշվարկ, ինչպես նաև այն քվեարկության արդյունքները (եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն), որոնց վերաբերյալ պահանջվում է վերահաշվարկ անցկացնել: Դիմումին կարող են կցվել քվեարկության արդյունքների սխալ ամփոփման ապացույցներ: Վերահաշվարկի դիմումը պետք է ստորագրված լինի դիմումատուի կողմից:

3. Եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը վերահաշվարկի դիմում կարող է ներկայացնել միայն այն քվեարկության արդյունքի վերաբերյալ, որի արձանագրությունում կատարել է հատուկ կարծիք ունենալու մասին գրառում:

4. Միաժամանակ մեկից ավելի քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար ներկայացվում է առանձին դիմում:

5. Տարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի դիմումները գրառում է գրանցամատյանում` նշելով ստացման ժամանակը:

6. Վերահաշվարկի աշխատանքներն սկսվում են վերահաշվարկի դիմումների ընդունման համար սահմանված վերջնաժամկետի օրը` ժամը 14.00-ից, և դադարեցվում են քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը՝ ժամը 14.00-ին (այսուհետ` վերահաշվարկի վերջնաժամկետ): Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի` ժամը 9.00-ից (բացառությամբ սույն մասով սահմանված դեպքի) մինչև 18.00-ն: Ընտրական հանձնաժողովը շարունակում է վերահաշվարկը ժամը 18.00-ից հետո, եթե չի ավարտել ընտրական տեղամասի՝ արդեն սկսած վերահաշվարկը, ինչպես նաև այն դեպքերում, եթե մինչև ժամը 18.00-ն աշխատելու պայմաններում մինչև վերահաշվարկի վերջնաժամկետը հնարավոր չէ ավարտել սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ առաջին հերթին իրականացվող ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկը:

7. Տարածքային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովի կարծիքով ներկայացված են քվեարկության արդյունքների սխալ ամփոփման հիմնավոր ապացույցներ, ինչպես նաև վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց արձանագրությունների ուսումնասիրմամբ (այդ թվում` անճշտությունների ուսումնասիրմամբ) տարածքային ընտրական հանձնաժողովում ծագել են արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ կասկածներ: Տարածքային ընտրական հանձնաժողովը երկրորդ հերթին վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում, և այդ տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում առկա է գրառում սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկանքը տպելու անհնարինության մասին: Յուրաքանչյուր հերթի համար տարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում է, թե ինչ հերթականությամբ է վերահաշվարկելու ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները:

8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված քվեարկության արդյունքների վերահաշվարկն ավարտվել է մինչև վերահաշվարկի վերջնաժամկետը, կամ այդպիսիք չեն եղել, ապա տարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի առկա դիմումների հիման վրա վիճակահանությամբ որոշում է, թե ինչ հերթականությամբ է վերահաշվարկելու ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները:

9. Դիմողի՝ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկից հրաժարվելը հիմք չէ վերահաշվարկ չիրականացնելու համար:

10. Վերահաշվարկն իրականացվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման համար՝ սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան, բացառությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի և համարակալված կտրոնների թվերի, և կազմվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին արձանագրություն, «տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը» և «տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների թիվը» տողերում լրացվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրած թվերը, եթե ակնհայտ մեխանիկական սխալներ դրանցում առկա չեն:

Վերահաշվարկ կատարելիս քվեաթերթիկի վավերականությունը որոշվում է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան:

Հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրամադրվում են ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի արձանագրությունների պատճենները:

11. Կախված ծանրաբեռնվածությունից` տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ կարող է իրականացնել հանձնաժողովի առնվազն 3 անդամի կազմով, զուգահեռ: Հանձնաժողովի առնվազն 3 անդամի կազմով վերահաշվարկ իրականացնելիս քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի համար սահմանված պարտականություններն իրականացնում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը կամ հանձնաժողովի քարտուղարը, իսկ եթե նրանք ընդգրկված չեն այդ կազմում, ապա տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամը:

12. Մեկ ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի տևողությունը չի կարող գերազանցել 4 ժամը:

13. Ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները, ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք, թեկնածուն:

14. Ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ թեկնածուն, վստահված անձը և վերահաշվարկի դիմում ներկայացրած անձը այլ փաստաթղթերի հետ իրավունք ունեն ծանոթանալու քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներին, ինքնուրույն կատարելու քաղվածքներ: Վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարել, տեսանկարահանել վերահաշվարկի աշխատանքները:

15. Քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում ներկայացնողի բացակայությունը հիմք չէ վերահաշվարկ չանցկացնելու կամ այն դադարեցնելու համար:

16. Տարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումը և վերահաշվարկ չի իրականացնում, եթե պահանջվել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի իրականացում սույն հոդվածի դրույթների խախտումով:

(50-րդ հոդվածը փոփ. 30.06.16 ՀՕ-119-Ն, 20.10.16 ՀՕ-158-Ն)

(50-րդ հոդվածի փոփոխությունները կիրառվում են 20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` Ազգային ժողովի առաջին ընտրություններից սկսած)

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 51.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ.

2) ընդունում է իր և ստորադաս ընտրական հանձնաժողովների կանոնակարգերը.

3) կազմակերպում և անցկացնում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները, սահմանում դասընթացներ կազմակերպելու և որակավորում շնորհելու կարգը.

4) վերահսկողություն է իրականացնում սույն օրենսգրքի միատեսակ կիրառման նկատմամբ.

5) սահմանում է քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, արձանագրությունների և ընտրական այլ փաստաթղթերի ձևերը, նմուշները, դրանց լրացման և պահպանման կարգը, ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ ընտրական փաստաթղթերով.

6) սահմանում է թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը.

7) իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են կատարման հանրապետության ողջ տարածքում.

8) վերացնում, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ է ճանաչում ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքին հակասող որոշումները, բացառությամբ Գյումրու և Վանաձորի ավագանու անդամներ ընտրվելու, համայնքի ղեկավար կամ ավագանու անդամներ ընտրվելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումների.

9) լսում է ընտրական հանձնաժողովների և պետական մարմինների հաղորդումները ընտրությունների նախապատրաստման ու անցկացման մասին.

10) հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին.

11) գրանցում է Ազգային ժողովի ընտրված պատգամավորներին, Երևանի ավագանու ընտրված անդամներին, տալիս է համապատասխան վկայական.

12) նշանակում է Երևանի ավագանու նոր ընտրություններ.

13) ընդունում է սույն օրենսգրքով նախատեսված որոշումներ, օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է ընտրական գործընթացների հետ կապված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ պարզաբանումներ այն դեպքերում, երբ համապատասխան գործառույթը վերապահված չէ պատասխանատու այլ մարմինների, ինչպես նաև ընտրական գործընթացները կանոնակարգելու նպատակով ընդունում է սույն օրենսգրքին չհակասող որոշումներ.

14) մշակում և հրապարակում է ուսումնական նյութեր՝ ընտրական հանձնաժողովների անդամների, մասնագետների, թեկնածուների, վստահված անձանց, դիտորդների և ընտրողների համար.

15) սահմանում է ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը.

16) հաստատում է քվեատուփի նմուշը և տեխնիկական բնութագիրը.

17) իրականացնում է վերահսկողություն կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ.

18) գրանցում է Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները, ցուցակներում ընդգրկված թեկնածուներին տալիս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նմուշի վկայական.

19) օրենքով սահմանված կարգով կարող է ստեղծել հիմնարկներ.

20) տալիս է սույն օրենսգրքի կատարումն ապահովող պարտադիր կատարման ենթակա հրահանգներ.

21) ուժը կորցրած է ճանաչում ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականը, եթե համապատասխան որակավորման վկայական ստացած անձի կողմից խախտվել են սույն օրենսգրքի պահանջները.

22) սահմանում է տեխնիկական սարքավորումների սպասարկման և գործարկման, ինչպես նաև այդ սարքավորումների հիշողության կրիչների օգտագործման և պահպանման կարգը.

23) սահմանում է քաղաքացիություն չունեցող ընտրողների անձը հաստատող այն փաստաթղթերի տեսակները, որոնք կարող են օգտագործվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ.

24) սահմանում է քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի տեսակները.

25) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից որևէ մեկն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության մասին:

Այս հաղորդումը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Ազգային ժողովին՝ ընտրական գործընթացի կազմակերպման բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկություններով:

(51-րդ հոդվածը փոփ. 30.06.16 ՀՕ-119-Ն)

 

Հոդված 52.

Տարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

1. Տարածքային ընտրական հանձնաժողովը մշտական հիմունքներով գործող պետական մարմին է: Տարածքային ընտրական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում իր կողմից սպասարկվող տարածքում սույն օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ.

2) հաստատում է Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները.

3) սահմանում է ընտրական տեղամասերի հերթական համարները` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, և այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով.

4) իր և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում Կենտրոնական ընտրական հանձնաժողով.

5) քննարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության վերաբերյալ ստացված դիմումները, վերանայում կամ վերացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքին հակասող որոշումները.

6) ըստ ընտրական տեղամասերի` տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալների հիման վրա սույն օրենսգրքով սահմանված դեպքերում հրապարակում է քվեարկության նախնական արդյունքները.

7) կազմակերպում և անցկացնում է Գյումրու, Վանաձորի ավագանիների, ինչպես նաև իր կողմից սպասարկվող տարածքում ընդգրկված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և ամփոփում դրանց արդյունքները.

8) հետևում է ընտրողների ցուցակները համընդհանուր ծանոթացման համար դրանք ընտրական տեղամասերում փակցնելուն.

9) վերահսկում է քվեարկության սենյակների` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան կահավորումը.

10) գրանցում է Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին: Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին տալիս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նմուշի վկայական.

11) գրանցում է Գյումրու, Վանաձորի ընտրված ավագանու անդամներին և տալիս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նմուշի վկայական.

12) անվավեր է ճանաչում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները.

13) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 53.

Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը`

1) կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում քվեարկության արդյունքներն ընտրական տեղամասում.

2) կազմում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն.

3) հանձնաժողովի կնիքը, գրանցամատյանը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության 2 օրինակը, տեխնիկական սարքավորումները, ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը (այսուհետ` պարկ) և քվեատուփը ներկայացնում է տարածքային ընտրական հանձնաժողով:

 

Հոդված 54.

Ընտրական փաստաթղթեր և այլ պարագաներ հանձնելը և ընդունելն ընտրական հանձնաժողովներում

 

1. Ընտրական փաստաթղթերը և այլ պարագաները ընտրական հանձնաժողովներում հանձնվում են հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրվելու և ստացական տալու միջոցով:

2. Ընտրական հանձնաժողովներին հատկացված ընտրական փաստաթղթերի, տեխնիկական սարքավորումների, գրենական պիտույքների և այլ պարագաների պահպանման համար պատասխանատու են ընտրական հանձնաժողովների նախագահները:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո պահպանության են հանձնվում Հայաստանի Հանրապետության պետական արխիվ` սահմանված կարգով պահպանվելու համար:

 

Հոդված 55.

Ընտրական հանձնաժողովների և ոստիկանության գործակցությունը

 

1. Ոստիկանության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը: Ոստիկանությունը ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովում է պատշաճ կարգ ու կանոն, ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով աջակցում հանձնաժողովներին, ապահովում է ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 56.

Քվեարկության տեղը և ժամանակը

 

1. Քվեարկությունն անցկացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում ժամը 8.00-ից մինչև 20.00-ն, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Ժամը 20.00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռևս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն:

2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների և ռազմաբժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայող ընտրողների համար քվեարկությունը կազմակերպվում է ստացիոնար բժշկական և ռազմաբժշկական հաստատությունում` շրջիկ արկղի միջոցով:

Ստացիոնար բժշկական հաստատությունում և ռազմաբժշկական հաստատությունում քվեարկությունն անցկացվում է քվեարկության գաղտնիության պահպանմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում և ռազմաբժշկական հաստատությունում քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա գտնվել նաև վստահված անձինք, դիտորդներ, այցելուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում և ռազմաբժշկական հաստատությունում քվեարկությունը կազմակերպվում է այն հաշվարկով, որ ավարտվի մինչև ժամը 18.00-ն:

 

Հոդված 57.

Քվեարկության սենյակը

 

1. Քվեարկությունն անցկացվում է այդ նպատակով կահավորված սենյակում` յուրաքանչյուր ընտրական տեղամասում մեկ սենյակ հաշվարկով:

2. Քվեարկության սենյակը պետք է լինի հնարավորինս ընդարձակ և բավարարի հետևյալ պահանջները.

1) հնարավորություն ընձեռի քվեարկության ողջ ընթացքում ապահովելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների, մասնագետի և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց կանոնավոր աշխատանքը.

2) հնարավորություն ընձեռի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց իրենց տեսադաշտում պահելու տեխնիկական սարքավորումը, քվեատուփը, քվեարկության խցիկները (պայմանով, որ չխախտվի քվեարկության գաղտնիությունը), քվեարկության խցիկներից մինչև քվեատուփն ընկած հատվածը:

3. Քվեարկության սենյակի կահավորումը պետք է ավարտվի քվեարկության նախորդ օրը` մինչև ժամը 24.00-ն:

 

Հոդված 58.

Քվեարկության խցիկները

 

1. Քվեարկության համար հատկացվում են խցիկներ` յուրաքանչյուր 750 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ խցիկ:

2. Քվեարկության խցիկը պատրաստվում է այնպես, որ ընտրողը կարողանա քվեարկության սենյակում գտնվող անձանցից գաղտնի քվեարկել, ունենա բավարար լուսավորվածություն, տեղադրված լինի գրիչ, չօգտագործված քվեաթերթիկների արկղ:

3. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով և թիկունքով դեպի պատը:

 

Հոդված 59.

Քվեաթերթիկը, քվեարկության ծրարը, ինքնասոսնձվող դրոշմանիշը

 

1. Համապատասխան ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկի նմուշը սահմանում է այնպես, որ հնարավոր լինի ապահովել քվեարկության գաղտնիությունը: Քվեաթերթիկը պետք է ներառի ծանուցում քվեաթերթիկի լրացման կարգի մասին:

2. Քվեարկության ծրարը պատրաստվում է անթափանց թղթից: Քվեարկության ծրարի ձևը և չափերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այնպես, որ հնարավորություն ընձեռվի ծրարում գտնվող քվեաթերթիկի վրա փակցնելու ինքնասոսնձվող դրոշմանիշ:

3. Ինքնասոսնձվող դրոշմանիշը պաշտպանիչ շերտերով տպարանային եղանակով պատրաստված դրոշմանիշ է, որի վրա նշված են ընտրության անվանման հապավումը, քվեարկության ամսաթիվը և ընտրական տեղամասի համարը: Ինքնասոսնձվող դրոշմանիշը ենթակա է հատուկ հաշվառման:

4. Քվեաթերթիկների, քվեարկության ծրարների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն ապահովում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

5. Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10, և ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի՝ ընտրողների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրած տեղեկանքի հիման վրա:

Ինքնասոսնձվող դրոշմանիշերը տպագրվում են յուրաքանչյուր տեղամասի համար ընտրական տեղամասում ընտրողների թիվը կլորացված դեպի վեր՝ մինչև մոտակա հարյուրյակը:

6. Ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեաթերթիկները, քվեարկության ծրարները հատկացվում են քվեարկության նախորդ օրը` ընտրական տեղամասում ընտրողների թվի մինչև 5 տոկոս ավելի քանակով, բայց ոչ պակաս, քան ընտրողների թվից 10-ով ավելին: Տվյալ ընտրական տեղամասի համար տպագրված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ամբողջ տպաքանակը քվեարկության նախորդ օրը հատկացվում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովին:

7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ կուսակցության քվեաթերթիկները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են քվեարկությունից և մարվում են, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

8. Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, իսկ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ կուսակցության անվանումը կամ թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով։

 

Հոդված 60.

Կնիքը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը, քվեատուփը, տեխնիկական սարքավորումները

 

1. Ընտրական հանձնաժողովների կնիքների և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքների նմուշները հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Դրանք պատրաստվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը պետք է ունենա քառանիշ համար:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվում են ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումներ:

Տեխնիկական սարքավորումը պետք է պարունակի ընտրողների էլեկտրոնային ցուցակը: Տեխնիկական սարքավորումը պետք է ունենա քվեարկության մասնակիցներին հաշվառելու, կրկնակի գրանցումը բացառելու և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած այլ ծրագրային հագեցվածություն: Տեխնիկական սարքավորման ծրագրային ապահովումը Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունից առնվազն 30 օր առաջ պետք է հասանելի լինի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչներին` տեխնիկական վերստուգում իրականացնելու համար: Ընտրողների էլեկտրոնային ցուցակի նախապատրաստումը տեխնիկական սարքավորման մեջ տեղադրելու համար ենթակա է վերահսկման Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների կողմից: Տեխնիկական վերստուգումը և էլեկտրոնային ցուցակի նախապատրաստման վերահսկողությունը կազմակերպվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովներում տեխնիկական սարքավորումների սպասարկումն ապահովելու նպատակով պայմանագրային հիմունքներով ընդգրկում է յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի հաշվարկով մինչև 4 մասնագետ:

Տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետ կարող է լինել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված մասնագիտական գիտելիքներին ու աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող 18 տարին լրացած անձը: Որպես մասնագետ կարող են ներգրավվել նաև հանրային ծառայողները: Տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ընտրության, ուսուցման և մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների ստուգման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Մասնագետի վարձատրությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսի չափով: Վարձատրությունը կատարվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 5, և ոչ ուշ, քան 3 օր առաջ հանձնում է տարածքային ընտրական հանձնաժողովին՝ յուրաքանչյուր ընտրական տեղամասին մեկ կնիք հաշվարկով` կատարելով հանձնվող կնիքների բացառապես քանակական հաշվառում:

5. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության նախորդ օրը կնիքը հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին՝ յուրաքանչյուրին մեկ կնիք: Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության նախորդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած քանակով տեխնիկական սարքավորումներ (ներբեռնված ընտրողների էլեկտրոնային ցուցակներով) հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին: Տեղամասային ընտրական հանձնաժողովում մեկից ավելի տեխնիկական սարքավորումների օգտագործման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

Ընտրության երկրորդ փուլ, վերաքվեարկություն, նոր հերթական կամ նոր ընտրություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվում են նոր կնիքներ։

7. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին քվեարկության նախորդ օրը վիճակահանությամբ տրամադրվում են իրարից տարբերվող անհատական կնիքներ: Անհատական կնիքները քվեարկության ավարտից հետո փաթեթավորվում և տեղադրվում են պարկում:

8. Յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի հատկացվում է առնվազն մեկ քվեատուփ: Տեղամասային ընտրական հանձնաժողովում կարող են օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

 

Հոդված 61.

Քվեարկության նախապատրաստումը

 

1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային ընտրական հանձնաժողովները։

2. Քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, կնիքը պահվում են քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանում: Տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ընտրական փաստաթղթերի, տեխնիկական սարքավորումների և այլ պարագաների պահպանման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեարկության ընթացքում ապահովել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների կատարումը և անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատել տեղամասային կենտրոնում։

4. Քվեատուփը, տեխնիկական սարքավորումները, հանձնաժողովի անդամների աշխատասեղանները տեղադրվում են քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:

5. Քվեարկության սենյակում կամ դրա մուտքի մոտ փակցվում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ փակցվում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների համապետական և տվյալ տարածքի տարածքային ընտրական ցուցակները:

 

Հոդված 62.

Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը

1. Քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով և ժամկետներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է սահմանել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն էլեկտրոնային եղանակով քվեարկողների կամքի ազատ արտահայտման հնարավորությունը և քվեարկության գաղտնիությունը: Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողներն իրենց ձայնը տալիս են միայն ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

2. Էլեկտրոնային եղանակով քվեարկություն կարող է իրականացվել Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:

3. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից)՝ արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների վրա:

 

Հոդված 63.

Ձերբակալված անձանց պահելու վայրերում և քրեակատարողական հիմնարկներում քվեարկության կազմակերպումը

 

1. Ձերբակալված ընտրողները քվեարկությանը մասնակցում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով` շրջիկ արկղի միջոցով: Ձերբակալված ընտրողների քվեարկությունը կազմակերպվում է այն հաշվարկով, որ ավարտվի մինչև ժամը 18.00-ն:

2. Քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը սույն օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով նախապատրաստում, կազմակերպում է քրեակատարողական հիմնարկի պետը: Քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը անցկացվում է ժամը 9.00-ից հետո` կախված ընտրելու իրավունք ունեցող անձանց թվից: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի համար քվեարկության սկիզբը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտված լինի ժամը 20.00-ին:

3. Քրեակատարողական հիմնարկներում գործող տեղամասային ընտրական հանձնաժողովներին տեխնիկական սարքավորումներ չեն տրամադրվում: Այդ հիմնարկներում քվեարկությունն անցկացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 64.

Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունները քվեարկությունից առաջ

 

1. Քվեարկության օրը` ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը տեղամասային կենտրոնում կայացած նիստում վիճակահանությամբ որոշում է՝

1) ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամներին՝ մինչև 1 000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամի.

2) քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող հանձնաժողովի անդամներին՝ մինչև 1 000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամի․

3) ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու առնվազն մեկ անդամի.

4) շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող առնվազն մեկ անդամի, եթե տվյալ տեղամասային ընտրական հանձնաժողովը պետք է կազմակերպի շրջիկ արկղով քվեարկություն.

5) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը:

Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների և քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ մասնագետը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ստուգում է տեխնիկական սարքավորումների աշխատանքը, մուտքագրում է ընտրական տեղամասի նույնականացման տվյալները և տպում է տվյալ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանք: Տեղեկանքը սոսնձվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է չհրկիզվող պահարանը, հանում է հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, ըստ անցկացված վիճակահանության՝ տրամադրում նրանց, հանում է քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, կնիքը և գրանցամատյանում կնիք դնելով՝ հայտարարում է կնիքի համարը, ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը: Քվեաթերթիկները և քվեարկության ծրարները հարյուրական փաթեթով հատկացնում է քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին։ Հարյուր ինքնասոսնձվող դրոշմանիշ հատկացվում է ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին: Եթե միաժամանակ անցկացվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի քվեարկություններ, ապա յուրաքանչյուր ընտրության համար հատկացվում է հարյուրական ինքնասոսնձվող դրոշմանիշ: Կատարված գործողությունների մասին համապատասխան գրառումներ են կատարվում տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

 

Հոդված 65.

Քվեարկության սկիզբը և կարգը

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը` ժամը 8.00-ին, հայտարարում է քվեարկության սկիզբը և թույլատրում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ:

2. Հանձնաժողովի նախագահը կազմակերպում և վերահսկում է քվեարկության անցկացումը, անհրաժեշտության դեպքում օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց և մասնագետին ժամանակավոր բացակայության դեպքում: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի քարտուղարը գրառումներ է կատարում գրանցամատյանում, օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց և մասնագետին ժամանակավոր բացակայության դեպքում: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ այդ պահին գործառույթ չիրականացնող հանձնաժողովի անդամը փոխարինում է մասնագետին ժամանակավոր բացակայության դեպքում:

3. Արգելվում է տեղամասային կենտրոն զենք, զինամթերքով մուտք գործելը:

4. Զինծառայողները, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով, առանց զենքի, զինամթերքի: Քվեարկության բնականոն ընթացքի վտանգման դեպքում տեղամասային կենտրոն զենքով մուտք գործել կարող են միայն ոստիկանության ծառայողները` տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:

5. Եթե քվեարկության սենյակում գտնվող ընտրողների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարվում է քվեարկության բնականոն ընթացքը, ապա ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք ունի սահմանափակելու քվեարկության սենյակում միաժամանակ գտնվող ընտրողների թիվը, բայց ոչ պակաս, քան 15 ընտրող՝ ընտրողներին քվեարկության սենյակ թողնելով հերթով` մեկ-մեկ: Ընտրական հանձնաժողովի կողմից սույն մասի կատարումն ապահովելու անհնարինության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ:

6. Քվեարկության սենյակում իրավունք ունի միաժամանակ ներկա գտնվել յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր: Ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում) կարող են ներկա գտնվել յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև երկու դիտորդ՝ թարգմանչի ուղեկցությամբ, իսկ տեղական դիտորդների դեպքում՝ յուրաքանչյուր կազմակերպությունից մեկ դիտորդ:

7. Եթե քվեարկության սենյակում գտնվող դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովն իրավասու է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ սահմանելու քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների առավելագույն թիվը: Որոշումը պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին, և ամեն դեպքում այդ որոշմամբ սահմանված թիվը չի կարող նվազ լինել 15-ից: Այդ սահմանափակումը չի տարածվում այցելուների, միջազգային դիտորդների և վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների վրա: Ընտրական հանձնաժողովի կողմից սույն մասի կատարումն ապահովելու անհնարինության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ:

8. Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է սահմանել լրացուցիչ հնարավորություններ` ապահովելով քվեարկողի կամքի ազատ արտահայտման հնարավորությունը և քվեարկության գաղտնիությունը:

 

Հոդված 66.

Ընտրողի ինքնությունն ստուգելը, ընտրողների գրանցումը

 

1. Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զորամասի կազմված ընտրողների ցուցակում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քաղաքացիություն չունեցող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ է համարվում սույն օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանված փաստաթղթերից որևէ մեկը:

2. Ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ. լիազորված քվեարկությունն արգելվում է:

Յուրաքանչյուր ընտրող մոտենում է մասնագետին և ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը:

Եթե ընտրողը ներկայացրել է անձնագիր կամ նույնականացման քարտ, ապա մասնագետը ստուգում է ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով, և ներկայացված փաստաթուղթը ներմուծում է տեխնիկական սարքավորման մեջ:

Եթե ընտրողը ներկայացրել է անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը, կամ ներկայացված անձը հաստատող փաստաթուղթը տեխնիկական սարքավորման կողմից չի ընթերցվում, կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողը ներկայացրել է քաղաքացիություն չունեցող ընտրողի համար սահմանված անձը հաստատող փաստաթուղթ, ապա մասնագետը ստեղնաշարով ներմուծում է ներկայացված փաստաթղթում ամրագրված անձնագրի կամ նույնականացման քարտի կամ քաղաքացիություն չունեցող ընտրողի անձը հաստատող փաստաթղթի համարը տեխնիկական սարքավորման մեջ:

Եթե ընտրողը ներկայացրել է այլ անձի անձը հաստատող փաստաթուղթ, ապա մասնագետն այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ:

Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական սարքավորումում առկա տեղեկություններից պարզվում է, որ ընտրողն ունի այլ՝ վավերականության ժամկետը չլրացած, անձը հաստատող փաստաթուղթ:

3. Եթե ընտրողը գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը կամ 2008 թվականի հունվարի 1-ից հետո տրված ոչ կենսաչափական անձնագիրը և առ այդ պահն անձը հաստատող որևէ փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում են տվյալ ընտրողի լուսանկարը, ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը և կանաչ նշան:

4. Եթե ընտրողը գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է մինչև 2008 թվականի հունվարի 1-ը տրված ոչ կենսաչափական անձնագիրը և առ այդ պահն անձը հաստատող որևէ փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում են ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը և կանաչ նշան՝ առանց ընտրողի լուսանկարի: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ եթե ընտրողը գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է քաղաքացիություն չունեցող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ և առ այդ պահն անձը հաստատող փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում են ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը և կանաչ նշան՝ առանց ընտրողի լուսանկարի:

 5. Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան, իսկ եթե տեխնիկական սարքավորման մեջ առկա է համապատասխան տեղեկատվություն, ապա նաև այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում է ընդգրկված այդ ընտրողը:

Սույն մասում նշված դեպքում ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից:

6. Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան, ապա մասնագետը տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ:

7. Այն դեպքում, երբ էկրանին հայտնվում է կանաչ նշան, ընտրողը ներմուծում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը: Դրա անհնարինության դեպքում մատնահետքը ներմուծվում է հետևյալ առաջնայնությամբ` ձախ ձեռքի ցուցամատը, աջ ձեռքի միջնամատը, ձախ ձեռքի միջնամատը, աջ ձեռքի մատնեմատը, ձախ ձեռքի մատնեմատը, աջ ձեռքի ճկույթը, ձախ ձեռքի ճկույթը, աջ ձեռքի բթամատը, ձախ ձեռքի բթամատը: Մատնահետքը ներմուծելու անհնարինության դեպքում մատնահետք ներմուծման քայլը բաց է թողնվում: Դրանից հետո տեխնիկական սարքավորումը տպում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, քվեարկության կտրոնի հերթական համարը, իսկ թվային շտեմարանում առկա լինելու դեպքում` նաև ընտրողի լուսանկարը պարունակող քվեարկության կտրոն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է սահմանել էկրանի վրա լրացուցիչ տվյալներ հայտնվելու և քվեարկության կտրոնի վրա լրացուցիչ տվյալներ տպելու պահանջներ:

8. Մասնագետը տպված քվեարկության կտրոնը ընտրողի անձը հաստատող փաստաթղթի հետ վերադարձնում է ընտրողին, որից հետո ընտրողը մոտենում է ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի համապատասխան անդամին: Ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամն ընտրողից վերցնում է քվեարկության կտրոնը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տողը, ընտրողը ստորագրում է իր տվյալների դիմաց` ընտրողի ստորագրության համար նախատեսված սյունակում և իր անհատական կնիքն է դնում համապատասխան սյունակում, որից հետո անհատական կնիքով կնքում քվեարկության կտրոնը և այն փոխանցում ընտրողին:

9. Ընտրողների գրանցումն առանց տեխնիկական սարքավորման կիրառման իրականացվում է հետևյալ դեպքերում.

1) զորամասում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկություն.

2) քրեակատարողական հիմնարկում քվեարկություն.

3) շրջիկ արկղով քվեարկություն.

4) քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկություն.

5) տեխնիկական սարքավորման խափանման կամ չլինելու պարագայում՝ քվեարկություն:

10. Ընտրողներին առանց տեխնիկական սարքավորման կիրառման գրանցելու դեպքում հանձնաժողովի համապատասխան անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տվյալները (քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկելու դեպքում լրացնում է ընտրողի անունը, հայրանունը, ազգանունը), լրացնում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի համարը, որից հետո ընտրողն ստորագրում է իր անվան դիմաց, հանձնաժողովի անդամը դնում է իր անհատական կնիքը ստորագրության դիմաց: Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա նա իրավունք ունի դիմելու այլ քաղաքացու օգնության, բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների:

Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով գրանցվելուց հետո մասնագետի կողմից տեխնիկական սարքավորման մեջ ներմուծվում է, թե որ ցուցակի ընտրող է, ընտրողի համարը համապատասխան ցուցակում, որից հետո ընտրողը ներմուծում է իր մատնահետքը: Այդ գործողություններից հետո տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոն, որը պարունակում է, թե որ ցուցակի ընտրող է, ընտրողի համարը համապատասխան ցուցակում և քվեարկության կտրոնի հերթական համարը: Մասնագետը կտրոնը փոխանցում է ընտրողին:

Սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում հանձնաժողովի համապատասխան անդամը լրացնում է համարակալված կտրոն՝ վրան նշելով, թե որ ցուցակի ընտրող է, ցուցակում ընտրողի հերթական համարը, անհատական կնիքով կնքում է քվեարկության կտրոնը և այն փոխանցում ընտրողին:

11. Համարակալված կտրոնի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

(66-րդ հոդվածը լրաց., փոփ. 30.06.16 ՀՕ-119-Ն, լրաց.  20.10.16 ՀՕ-158-Ն)

(66-րդ հոդվածի փոփոխությունները կիրառվում են 20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` Ազգային ժողովի առաջին ընտրություններից սկսած)

 

Հոդված 67.

Քվեարկությունը

 

1. Քվեարկության կտրոնն ստանալուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին և ներկայացնում քվեարկության կտրոնը:

2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու հանձնաժողովի անդամն ընտրողին տրամադրում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար: Ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկներն ստանալուց:

Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու հանձնաժողովի անդամն ընտրողին է տրամադրում մեկ քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար (միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում` քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ):

Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու:

3. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Տարածքային ընտրական ցուցակի թեկնածուներից որևէ մեկին ընտրելու դեպքում ընտրողն իր ընտրած կուսակցության քվեաթերթիկի երկրորդ էջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ:

4. Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ ընտրողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ նշում է կատարում այն կուսակցության անվան դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում, և քվեաթերթիկը տեղավորում է քվեարկության ծրարում:

5. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրության ժամանակ ընտրողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում ընտրողը, եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «կողմ եմ» բառերի, եթե դեմ` «դեմ եմ» բառերի դիմաց: Միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում ընտրողը յուրաքանչյուր քվեաթերթիկ տեղավորում է համապատասխան ծրարում:

6. Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում:

7. Քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեատուփի մոտ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին և նրան է հանձնում քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամն ստուգում է կտրոնը, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի այլ անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է ստուգել նաև ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը: Հանձնաժողովի անդամն առանց քվեարկության ծրարն ընտրողից վերցնելու քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը գցելու քվեատուփի մեջ:

Եթե ընտրողը չի ներկայացնում քվեարկության կտրոն, ապա ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամը տեղեկացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որն ընտրողից վերցնում է քվեարկության ծրարը, անհապաղ մարում է՝ առանց ծրարի պարունակությունն ստուգելու:

 8. Եթե քվեարկության ընթացքում ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերը սպառվել են, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը նրան նոր ինքնասոսնձվող դրոշմանիշերի հերթական խմբաքանակն է հանձնում նրանից քվեարկության կտրոնները ստանալուց հետո: Քվեարկության կտրոնները հաշվվում են, և թիվը արձանագրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամը իր հերթափոխի ավարտին, ինչպես նաև քվեարկության ավարտին հանձնաժողովի նախագահին է հանձնում չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը և ընտրողներից ստացած քվեարկության կտրոնները: Քվեարկության կտրոնները և չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը հաշվվում են, և թվերը արձանագրվում տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

9. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, այցելու: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

10. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել կամ վնասել է, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին` նոր քվեաթերթիկ ստանալու համար: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ընտրողին հատկացվում է նոր քվեաթերթիկ (Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` ընտրությունների մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ): Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկը (քվեաթերթիկները) անհապաղ մարվում են:

11. Ընտրողն իրավունք չունի տեղամասային կենտրոնում հայտարարելու, թե ինչպես է քվեարկել:

12. Քվեարկելուց հետո ընտրողն անհապաղ պետք է դուրս գա քվեարկության սենյակից:

13. Քվեարկության ընթացքում թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուին արգելվում է գտնվել տեղամասային կենտրոնում կամ տեղամասային կենտրոնին հարող` մինչև 50 մետր շառավղով տարածքում, բացառությամբ քվեարկությանը մասնակցելու դեպքի:

14. Եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ դիտորդը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունեն պահանջելու, որ իրենց գնահատականն արձանագրվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՂՅՈՒՍԱԿԱՎՈՐԵԼՈՒ, ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 68.

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը՝ ժամը 20.00-ին, հայտարարում է քվեարկության ավարտի մասին և արգելում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ: Հանձնաժողովը քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո հանձնաժողովի նախագահը փակում է քվեատուփի ճեղքը:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովն սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նիստին, բացի ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանցից, իրավունք ունի ներկա գտնվելու նաև թեկնածուն:

Տեղամասային ընտրական հանձնաժողովը՝

1) փաթեթավորում է հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, փաթեթը կնքվում և տեղադրվում է պարկում.

2) ընտրողների ցուցակում ընտրողների ստորագրությունների հիման վրա հաշվում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը:

Առկայության դեպքում առանձին հաշվում է նաև`

ա. քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակում առկա ստորագրությունների թիվը,

բ. շրջիկ արկղով քվեարկությանը մասնակցած ընտրողների լրացուցիչ ցուցակներում առկա ստորագրությունների թիվը:

Այդ թվերը հրապարակվում և արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում արձանագրված` ընտրական տեղամասում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը կապի հնարավոր միջոցներով անհապաղ հայտնում է տարածքային ընտրական հանձնաժողով.

3) եթե տեխնիկական սարքավորումն անխափան աշխատել է քվեարկության ընթացքում, ապա Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքավորման միջոցով տպում է տեղեկանք, որում նշվում են տարածքային ընտրական հանձնաժողովի և ընտրական տեղամասի համարները, տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Տեղեկանքը պետք է պարունակի նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումն իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի տվյալները ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու միջոցով:

Տեղեկանքը տպելու անհնարինության դեպքում այդ մասին համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանում:

Տեղեկանքի մեկ օրինակը, ստորագրված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից և կնքված հանձնաժողովի կնիքով, տեղադրվում է պարկում:

Տեղեկանքի մեկական օրինակ, ստորագրված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից և կնքված հանձնաժողովի կնիքով, ըստ պահանջի տրամադրվում է ամփոփման նիստին ներկա գտնվող թեկնածուներին, դիտորդներին և ընտրություններին մասնակցող կուսակցության մեկական վստահված անձի:

Ընտրողների ցուցակները (բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակների) փաթեթավորվում են, փաթեթը կնքվում է և ստորագրվում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից և տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվում սույն օրենսգրքի 71-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով: Զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակները փաթեթավորվում են առանձին, փաթեթը կնքվում է և տեղադրվում պարկում.

4) առանձին-առանձին հաշվում է ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման միջոցով տպված և համարակալված քվեարկության կտրոնները, փաթեթավորում, փաթեթները կնքում և տեղադրում է պարկում.

5) հաշվում է չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը, փաթեթավորում, փաթեթը կնքում և տեղադրում է պարկում.

6) հաշվում է չօգտագործված համարակալված քվեարկության կտրոնները, փաթեթավորում, փաթեթը կնքում և տեղադրում է պարկում: Համարակալված քվեարկության կտրոնները չօգտագործվելու դեպքում դրանք չեն հաշվվում, և նշվում է տարածքային ընտրական հանձնաժողովի հատկացրած կտրոնների թիվը.

7) առանց հաշվելու փաթեթավորում է չօգտագործված քվեաթերթիկները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացնում տարածքային ընտրական հանձնաժողով:

Այդ գործողությունների արդյունքները հրապարակվում են և արձանագրվում տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

3. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում քվեարկության մեկ ծրար, ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար, և քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը:

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հանձնաժողովի նախագահը հայտարարում է քվեաթերթիկի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին, վավեր կամ անվավեր լինելու մասին (այս փուլում տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի մասով քվեաթերթիկի վավերականության գնահատում չի իրականացվում), վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում է ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, որի օգտին է քվեաթերթիկը: Այն ցուցադրվում է այնպես, որ տեսանելի լինի ներկաների համար: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի հայտարարությանը համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, և առարկության ընդունման մասին որոշմանը համապատասխան, իսկ առարկությունը չընդունվելու կամ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարության համաձայն, քվեաթերթիկը դրվում է համապատասխան կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար:

Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության օգտին քվեարկված քվեաթերթիկները և անվավեր քվեաթերթիկները տեսակավորվում են առանձին-առանձին:

Քվեաթերթիկներն ըստ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության օգտին քվեարկված քվեաթերթիկների տեսակավորելուց և հաշվարկելուց հետո ստացված թվերը բարձրաձայն հայտարարվում և գրանցվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության վավեր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովը (ըստ առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունների) հաշվարկում է ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը: Այդ նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, քվեաթերթիկի երկրորդ էջում կատարված նշումի համաձայն, հայտարարում է, թե ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակի որ թեկնածուի օգտին է քվեարկված: Եթե քվեաթերթիկը երկրորդ էջում ներառում է մեկից ավելի թեկնածուների օգտին նշումներ կամ որևէ նշում չի ներառում, կամ ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը, ապա քվեաթերթիկը մնում է միայն ընտրություններին մասնակցող կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթում: Այն ցուցադրվում է այնպես, որ տեսանելի լինի ներկաների համար: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի հայտարարությանը համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, և առարկության ընդունման մասին որոշմանը համապատասխան, իսկ առարկությունը չընդունվելու կամ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարության համաձայն, քվեաթերթիկը դրվում է համապատասխան պատգամավորի թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ:

Այս գործողությունը կրկնվում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության օգտին քվեարկած բոլոր քվեաթերթիկների համար: Նշված կարգով ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հաշվարկվում է այդ կուսակցության տարածքային ընտրական ցուցակի յուրաքանչյուր թեկնածուի օգտին քվեարկված քվեաթերթիկների թիվը, բարձրաձայն հայտարարվում և գրանցվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները տեսակավորելուց հետո ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության կողմ քվեարկած քվեաթերթիկները փաթեթավորվում են միասին:

4. Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ հանձնաժողովի նախագահը քվեատուփից հանում է քվեարկության մեկ ծրար, ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար, քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը և հայտարարում քվեաթերթիկի վավեր, անվավեր կամ չսահմանված նմուշի լինելու մասին:

Վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում է նաև, թե որ թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության օգտին է քվեարկված:

Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի հայտարարությանը համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, և առարկության ընդունման մասին որոշմանը համապատասխան, իսկ առարկությունը չընդունվելու կամ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարության համաձայն, քվեաթերթիկը դրվում է ընտրություններին մասնակցող կուսակցության կամ թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ ծրարը: Այդ գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, թեկնածուների օգտին քվեարկված քվեաթերթիկները և անվավեր քվեաթերթիկները տեսակավորվում են առանձին-առանձին:

Քվեարկված քվեաթերթիկները տեսակավորելուց և հաշվարկելուց հետո ստացված թվերը բարձրաձայն հայտարարվում և գրանցվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

5. Քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:

6. Քվեարկության ծրարի մեջ մեկից ավելի քվեաթերթիկներ գտնվելու դեպքում հաշվարկում ընդգրկվում է միայն սահմանված նմուշի քվեաթերթիկը:

Ավելորդ գրառում պարունակող քվեարկության ծրարի դեպքում քվեաթերթիկը ծրարից չի հանվում, քվեարկության ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ անհապաղ մարվում է:

7. Արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում և չեն հաշվարկվում։

8. Հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով փաթեթավորվում են, իսկ փաթեթները կնքվում և տեղադրվում են պարկում:

Փաթեթների վրա պետք է առկա լինի հանձնաժողովի նախագահի ստորագրությունը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա: Գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անուն-ազգանունները, դրվում ստորագրության նմուշները:

9. Միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում առաջին հերթին ամփոփվում են համայնքի ավագանու ընտրության քվեարկության արդյունքները:

(68-րդ հոդվածը լրաց., փոփ. 30.06.16 ՀՕ-119-Ն, խմբ. 20.10.16 ՀՕ-158-Ն)

(68-րդ հոդվածի փոփոխությունները կիրառվում են 20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` Ազգային ժողովի առաջին ընտրություններից սկսած)

 

Հոդված 69.  Անվավեր և վավեր քվեաթերթիկները

 

1. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է ավելորդ գրառում:

2. Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե՝

1) մեկից ավելի թեկնածուի, կուսակցության օգտին նշումներ է ներառում.

2) մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում միաժամանակ «կողմ եմ» և «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ է ներառում.

3) բացի քվեարկության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է ավելորդ գրառում.

4) որևէ նշում չի ներառում.

5) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը:

3. Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա:

4. Սահմանված նմուշի քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ:

 

Հոդված 70.

Սահմանված նմուշի քվեաթերթիկները

 

1. Սահմանված նմուշի քվեաթերթիկ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշի այն քվեաթերթիկը, որը հանվել է ծրարից, և որի վրա փակցված է այդ ընտրական տեղամասի ինքնասոսնձվող դրոշմանիշը:

 

Հոդված 71.

Տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների արձանագրությունը

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով սույն օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված հաշվարկները, կազմում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով`

1) ընտրական տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը, որը հավասար է ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների թվի և լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերի գումարին: Ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը լրացնում է տարածքային ընտրական հանձնաժողովը.

2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.

3) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը (լրացնում է տարածքային ընտրական հանձնաժողովը).

4) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների թիվը (լրացնում է տարածքային ընտրական հանձնաժողովը).

5) ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների թիվը.

6) ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների թիվը.

7) ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը (սույն մասի 5-րդ և 6-րդ կետերում նշված թվերի գումարը).

8) չօգտագործված համարակալված կտրոնների թիվը.

9) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը.

10) անվավեր քվեաթերթիկների թիվը.

11) յուրաքանչյուր թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կուսակցության տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

12) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում):

2. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները, կնքում է հանձնաժողովի նախագահը:

3. Հանձնաժողովի անդամը պարտավոր է ստորագրել արձանագրությունը: Եթե նա արձանագրության տվյալների վերաբերյալ ունի առարկություն (հատուկ կարծիք), ապա այդ մասին գրառում է կատարում արձանագրությունում` դրա համար նախատեսված հատուկ տեղում:

4. Քվեարկության ավարտից հետո՝ մինչև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

5. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 12 ժամ հետո, հանձնաժողովն ավարտում է արձանագրության կազմումը, իսկ հանձնաժողովի նախագահը հրապարակում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը:

6. Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից. մեկ օրինակը փակցվում է տեղամասային կենտրոնում` ընտրողների ցուցակների կողքին, մեկ օրինակը տեղադրվում է պարկում:

7. Պարկի վրա պետք է առկա լինի հանձնաժողովի նախագահի ստորագրությունը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու պարկի վրա: Գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անուն-ազգանունները, դրվում ստորագրության նմուշները:

Ընտրական փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում պետք է փակվի: Տեղամասային ընտրական հանձնաժողովում այդ պարկը սահմանված կարգով փակելու համար պատասխանատու է հանձնաժողովի նախագահը:

8. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են լուսանկարել կամ տեսանկարահանել ընտրական տեղամասում կազմված քվեարկության արդյունքների արձանագրությունը:

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք (առանց տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների տվյալների)՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով:

 Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով:

9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը պարկը, ընտրողների ցուցակների փաթեթը, չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը, չօգտագործված քվեաթերթիկները, քվեարկության արդյունքների արձանագրության երկու օրինակը, գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, տեխնիկական սարքավորումը քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում ներկայացնում են տարածքային ընտրական հանձնաժողով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

(71-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-158-Ն)

(71-րդ հոդվածի փոփոխությունները կիրառվում են 20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` Ազգային ժողովի առաջին ընտրություններից սկսած)

 

Հոդված 72.

Անճշտությունները որոշելու կարգը

 

1. Առաջին անճշտությունը հաշվարկվում է ընտրողներից ստացված քվեարկության կտրոնների թվի և չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թվի գումարի և տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թվի համադրմամբ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես առաջին անճշտության չափ:

2. Երկրորդ անճշտությունը հաշվարկվում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թվի և քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի համադրմամբ:

Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը մեծ է քվեարկության մասնակիցների ընդհանուր թվից, ապա տարբերությունը նշվում է որպես երկրորդ անճշտության չափ: Հակառակ դեպքում երկրորդ անճշտության չափը նշվում է 0:

3. Ընտրական տեղամասում անճշտությունների չափը հավասար է առաջին և երկրորդ անճշտությունների գումարին:

4. Ընտրական տեղամասում անճշտությունների չափը հաշվարկում և արձանագրում է ընտրության արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողովը` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով:

5. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվն արձանագրվում է որպես տեղամասում անճշտությունների գումարային չափ:

6. Քվեարկության արդյունքների արձանագրությունը կազմելիս մնացած տեղամասերի քվեարկության արդյունքներին համապատասխանաբար գումարվում է քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված տեղամասի քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը: Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները (թվերը), բացառությամբ անճշտությունների չափի, արձանագրվում են 0:

 

Հոդված 73.

Տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններն ստանալուց հետո

 

1. Տարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները կազմելու վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում։ Ելակետային են տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից հատ-հատ հաշվելու միջոցով ստացված տվյալները:

2. Տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մուտքագրում է համակարգիչ` հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Համակարգչային ծրագիրը ներառում է տվյալների սխալ մուտքագրումից պաշտպանող ողջամիտ երաշխիքներ: Տարածքային ընտրական հանձնաժողովը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ տպում է քվեարկության արդյունքների աղյուսակավորումը: Աղյուսակավորումը, վավերացված տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ տարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 20 ժամվա ընթացքում: Տարածքային ընտրական հանձնաժողովն աղյուսակավորում է քվեարկության արդյունքները` ըստ ընտրական տեղամասերի, ինչպես նաև գումարային արդյունքների:

3. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների աղյուսակավորման վերջնական օրինակը, վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցնում է հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման մեկ օրինակ՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը քվեարկության ավարտից 24 ժամ հետո ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

3.1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից սկսած, իրականացնում է ընտրողների ցուցակների սկանավորում, որին կարող են հետևել ընտրական հանձնաժողովների անդամները, թեկնածուները, վստահված անձինք, դիտորդները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Ընտրողների ցուցակները սկանավորվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով և չափորոշիչներին համապատասխան այնպես, որ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի հասցեն, ինչպես նաև ընտրողի ստորագրության, ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամի անհատական կնիքի համար նախատեսված սյունակները լինեն տեսանելի:

Ընտրողների սկանավորված ցուցակները ոչ ուշ, քան սկանավորման աշխատանքներն սկսվելուց 24 ժամ հետո պաշտոնապես հրապարակվում և ներբեռնելու և, ըստ ընտրական տեղամասերի, որոնման հնարավորությամբ տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

4. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով կազմակերպվում է տեխնիկական սարքավորումներից ընտրությունների մասնակցության և ընտրողների մատնահետքերը պարունակող տեղեկատվությունը և դուրս բերելը և համակարգիչ ներմուծելը` հատուկ համակարգչային ծրագրի միջոցով:

5. Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում ուսումնասիրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումները, ուսումնասիրության արդյունքներն ամփոփում է հանձնաժողովի նիստում և այդ մասին ընդունած որոշումը ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

(73-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-158-Ն)

(73-րդ հոդվածի փոփոխությունները կիրառվում են 20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` Ազգային ժողովի առաջին ընտրություններից սկսած)

 

Հոդված 74.

Տարածքային ընտրական հանձնաժողովում Գյումրու, Վանաձորի ավագանիների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների արդյունքներն ամփոփելու կարգը

 

1. Տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասերում, քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա, քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է Գյումրու, Վանաձորի ավագանիների, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք:

2. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը, իսկ Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների դեպքում` 7-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն՝ համայնքում քվեարկության արդյունքների վերաբերյալ:

3. Համայնքում քվեարկության արդյունքների արձանագրությունում նշվում են`

1) համայնքում ընտրողների ընդհանուր թիվը, որը հավասար է ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների թվի և քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակի թվերի գումարին.

2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.

3) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը.

4) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը.

5) ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը.

6) ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը.

7) ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը (սույն մասի 5-րդ և 6-րդ կետերում նշված թվերի գումարը).

8) չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը.

9) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը.

10) անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

11) Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների դեպքում` ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

12) համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում` յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

13) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).

14) անճշտությունների գումարային չափը:

Համայնքում անճշտությունների գումարային չափը հավասար է համայնքում ընդգրկված ընտրական տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին:

4. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները, կնքում է հանձնաժողովի նախագահը:

5. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հրապարակում է կազմված արձանագրությունը:

6. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը, իսկ Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների դեպքում` 7-րդ օրը, հիմք ընդունելով համայնքում քվեարկության արդյունքների արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընդունած որոշումը, ամփոփում է համայնքում քվեարկության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Եթե տեղամասում քվեարկության կտրոնների թիվը պակաս է ինքնասոսնձվող դրոշմանիշը փակցնող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամին հանձնված և օգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թվից, ապա հանձնաժողովի պակաս ինքնասոսնձվող դրոշմանիշ հանձնած անդամի (հանձնաժողովի նախագահի) տվյալները և գրանցամատյանի համապատասխան էջի պատճենը տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը որպես հնարավոր իրավախախտման մասին հաղորդում ներկայացնում է իրավապահ մարմիններին:

7. Արձանագրության մեկ օրինակը փակցվում է հանձնաժողովում՝ տեսանելի տեղում, սույն հոդվածով նախատեսված գործողություններն ավարտվելուց անմիջապես հետո։

8. Ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրությունների քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

9. Տարածքային ընտրական հանձնաժողովն արձանագրության և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման օրինակները հնգօրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

(74-րդ հոդվածը փոփ. 20.10.16 ՀՕ-158-Ն)

 

Հոդված 75.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրության քվեարկության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում դրանք:

Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները պաշտոնապես հրապարակվում են հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով: Նախնական արդյունքներն ուղիղ եթերով հրապարակելիս ընտրություններին մասնակցող կուսակցությունների՝ ըստ ընտրական տարածքների կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը և տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ստացած ձայները չեն հրապարակվում:

Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրության քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը ստորագրվելուց հետո հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

2. Ազգային ժողովի ընտրության ժամանակ նախնական արդյունքները հրապարակելուց ոչ ուշ, քան 72 ժամ հետո հատուկ համակարգչային ծրագրի միջոցով ամփոփվում են տեխնիկական սարքավորումներից դուրս բերված տվյալները, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվում են՝

1) տեխնիկական սարքավորման միջոցով տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը.

2) անձը հաստատող փաստաթուղթը տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու արդյունքում տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը.

3) մասնագետի կողմից անձը հաստատող փաստաթղթի տվյալները ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու արդյունքում տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը.

4) տեխնիկական սարքավորման կողմից զորամասում հաշվառված ընտրողների համար տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը.

5) տեխնիկական սարքավորման կողմից քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների համար տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ:

4. Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են`

1) ընտրողների ընդհանուր թիվը, որը հավասար է ցուցակում ընդգրկված ընտրողների թվի և լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերի գումարին.

2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.

3) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը.

4) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը.

5) ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը.

6) ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը.

7) ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը.

8) չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը.

9) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը.

10) անվավեր քվեաթերթիկների թիվը.

11) ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, Ազգային ժողովի ընտրությունների դեպքում` նաև ըստ ընտրական տարածքների.

12) ըստ ընտրական տարածքների ընտրություններին մասնակցող կուսակցությունների տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը` Ազգային ժողովի ընտրությունների դեպքում.

13) անճշտությունների գումարային չափը:

Անճշտությունների գումարային չափը հավասար է կազմավորված բոլոր ընտրական տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին:

5. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները, կնքում է հանձնաժողովի նախագահը:

6. Ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

 

Ե Ր Կ Ր Ո Ր Դ  Մ Ա Ս

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 76.

Ազգային ժողովի կազմը

 

1. Ազգային ժողովի պատգամավորների նվազագույն թիվը 101 է:

 

Հոդված 77.

Ընտրական համակարգը

 

1. Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների համապետական և տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից:

 

Հոդված 78.

Ընտրական տարածքները

 

1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունում կազմվում է 13 ընտրական տարածք՝ 4-ը՝ Երևանում, 9-ը՝ մարզերում:

2. Երևանի տարածքում կազմավորվում է 4 ընտրական տարածք. առաջին ընտրական տարածքում ընդգրկվում են Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, երկրորդում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, երրորդում՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները, չորրորդում՝ Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները:

3. Մարզերում կազմավորվում է 9 ընտրական տարածք՝ Արարատի մարզի, Արմավիրի մարզի, Արագածոտնի մարզի, Գեղարքունիքի մարզի, Լոռու մարզի, Կոտայքի մարզի, Շիրակի մարզի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի, Տավուշի մարզի:

 

Հոդված 79.

Ընտրելու իրավունքը

 

1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայն:

 

Հոդված 80.

Ընտրվելու իրավունքը

 

1. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

2. Քաղաքացին վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքը ստանալու նպատակով լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1 461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով գործուղվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:

3. Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաև գործընթացի վերահսկողության ընթացակարգեր: Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան:

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 81.

Պատգամավորի թեկնածու առաջադրելու իրավունքը

 

1. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

Պատգամավորի թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության ընտրական ցուցակով:

2. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության կողմից: Կուսակցությունը կարող է ընդգրկվել միայն մեկ դաշինքի կազմում:

3. Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունը չի կարող ինքնուրույն մասնակցել ընտրություններին:

4. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ:

 

Հոդված 82.

Առաջադրման սահմանափակումները

 

1. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական ծառայությունում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովների անդամները:

 

Հոդված 83.

Կուսակցության (կուսակցությունների դաշինքների) համապետական և տարածքային ընտրական ցուցակները

 

1. Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) առաջադրում է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ, որը կարող է բաղկացած լինել երկու մասից, և մեկական տարածքային ընտրական ցուցակ՝ յուրաքանչյուր ընտրական տարածքի համար:

2. Կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակը կազմվում է դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած համապետական ընտրական ցուցակից:

3. Կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) իր համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուներից կազմում է տարածքային ընտրական ցուցակներ: Քաղաքացին կարող է ընդգրկվել միայն մեկ տարածքային ընտրական ցուցակում:

4. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկվում է ոչ պակաս, քան 80, և ոչ ավելի, քան 300 թեկնածու: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի առաջին մասում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որևէ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

5. Համապետական ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որում, սույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան, կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև համապետական ընտրական ցուցակի առաջին մասում:

6. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին: Յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ: Որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում:

Համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասի 1-ին բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են ամենամեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, 2-րդ բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են թվով երկրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, 3-րդ բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են թվով երրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, 4-րդ բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են թվով չորրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները:

7. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերում համարակալմամբ նշվում են պատգամավորի թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, սեռը, կուսակցական պատկանելությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):

8. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական և տարածքային ընտրական ցուցակները հաստատվում և առաջադրվում են կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ (դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումներով): Համապետական և տարածքային ընտրական ցուցակների բոլոր էջերը կնքում և ստորագրում է կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) իրավասու անձը:

9. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տարածքային ընտրական ցուցակում կարող է ընդգրկվել առավելագույնը մեկ թեկնածու՝ ըստ ընտրողների ռեգիստրի այդ ընտրական տարածքում ընդգրկված յուրաքանչյուր 15 000 քաղաքացու հաշվարկով, բայց ոչ պակաս, քան 5 թեկնածու: Յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը, սույն մասով սահմանված կանոնի հիման վրա, սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունները նշանակելուց հետո՝ 10 օրվա ընթացքում: Նշված թիվը յուրաքանչյուր ընտրական տարածքի համար հաշվարկվում է՝ հիմք ընդունելով ընտրողների ռեգիստրի թիվը:

10. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:

11. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տարածքային ընտրական ցուցակում նշվում են պատգամավորի թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները՝ ըստ ազգանունների, իսկ դրանք համընկնելու դեպքում՝ ըստ անունների և հայրանունների, այբբենական հերթականությամբ: Ազգանունները, անունները և հայրանունները համընկնելու դեպքում նշվում է ծննդյան ամսաթիվը:

12. Կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի համապետական և տարածքային ընտրական ցուցակներից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակով ներկայացրած պատգամավորի թեկնածուները:

(83-րդ հոդվածը փոփ., լրաց. 30.06.16 ՀՕ-119-Ն)

 

Հոդված 84.

Պատգամավորի թեկնածու առաջադրելը

 

1. Կուսակցություններն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին դիմումը ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտական գործող ղեկավար մարմնի որոշման հիման վրա, իսկ դիմումը ստորագրում է կուսակցության ղեկավարը: Կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումը ստորագրում են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները:

2. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կից ներկայացվում են`

1) կուսակցության կանոնադրությունը (դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունները).

2) կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշումը (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումները)՝ համապետական և տարածքային ընտրական ցուցակները հաստատելու և առաջադրելու վերաբերյալ.

3) համապետական և տարածքային ընտրական ցուցակները.

4) ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների գրավոր հայտարարությունները՝ պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

5) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած համապետական ցուցակը.

6) նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

7) տեղեկանք՝ ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

8) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը.

9) ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների՝ անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված տեղեկանքի ձևը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքը տրամադրում է լիազոր մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան ընտրությունների նշանակումը:

Լիազոր մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի պահանջները:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանված տեղեկանքը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրվում է դիմելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

5. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին դիմումում նշվում են նաև մինչև երեք լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):

6. Ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակները գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են միայն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցչի միջոցով` առձեռն, սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:

7. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակները գրանցելու համար ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքն օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին:

Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժվում է, իսկ նրա անունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակից:

 

Հոդված 85.

Կուսակցության ընտրական ցուցակը գրանցելը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցության ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում ընտրական ցուցակը գրանցվում է առանց քվեարկության:

Կուսակցության ընտրական ցուցակը գրանցելու դեպքում գրանցված են համարվում նաև տարածքային ընտրական ցուցակները:

2. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումից հետո նույն նիստում ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրվում են հերթական համարներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` վիճակահանությամբ: Նշված համարները փոփոխման ենթակա չեն: Ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում քվեաթերթիկներում ընտրություններին մասնակցող կուսակցության և նոր ձևավորված դաշինքի համարներ չեն նշվում:

3. Գրանցման համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր համացանցային կայքում հրապարակում է կուսակցությունների համապետական և տարածքային ընտրական ցուցակները:

4. Կուսակցության ընտրական ցուցակների գրանցման հարցը քննարկելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվելու կուսակցության լիազոր ներկայացուցիչը:

 

Հոդված 86.

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելը

 

1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի կամ որևէ տարածքային ընտրական ցուցակի գրանցումը մերժելու հիմքերի առկայության դեպքում մերժվում է տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը, եթե`

1) չեն ներկայացվել բոլոր փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված.

2) սահմանված կարգով չեն ներկայացվել տարածքային ընտրական ցուցակներ բոլոր ընտրական տարածքների համար.

 3) համապետական ընտրական ցուցակը կամ որևէ տարածքային ընտրական ցուցակ չի համապատասխանում սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմքով ընտրական ցուցակի գրանցումը չի մերժվում, եթե անհամապատասխանությունը պայմանավորված է այնպիսի հանգամանքով, որը ծագել է առաջադրումից հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ներկայացրած առնվազն հինգ տարածքային ընտրական ցուցակներից յուրաքանչյուրում թեկնածուների թիվը նվազում է երկուսից.

4) կուսակցությունը լուծարվել է.

5) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից.

6) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է:

3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումը, եթե`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ չեն ներկայացվել բոլոր փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

Թեկնածուի գրանցումը մերժելու դեպքում թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է համապետական և տարածքային ընտրական ցուցակներից:

 5. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Թեկնածուի գրանցումը մերժվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

 

Հոդված 87.

Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որ կուսակցության վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

2. Կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու հետևանքով կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր չի ճանաչվում, եթե անգամ խախտվում են սույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ և 10-րդ մասերով սահմանված պահանջները:

3. Կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչվելու դեպքում թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է համապետական և տարածքային ընտրական ցուցակներից:

4. Կուսակցության ընտրական ցուցակների կամ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

 

Հոդված 88.

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

1) ներկայացվել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) կուսակցությունը լուծարվել է.

3) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է.

4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից.

5) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ներկայացրած առնվազն 5 տարածքային ընտրական ցուցակներից յուրաքանչյուրում թեկնածուների թիվը նվազում է 2-ից:

2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով կամ 26-րդ հոդվածի 1-ին մասով կամ 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում:

3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին:

4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում:

Ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է համապետական և տարածքային ընտրական ցուցակներից:

 

Հոդված 89.

Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

 

1. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան:

2. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատական ակտով կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը, կամ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուն համարվում է գրանցված կամ վերագրանցված:

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 90.

Պատգամավորի թեկնածուների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

 

1. Պատգամավորի թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

2. Պատգամավորի թեկնածու գրանցված անձը պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունենալու ժամանակահատվածում, ինչպես նաև մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորը ենթակա չէ կանչվելու վարժական հավաքի կամ զինվորական վարժանքի կամ զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության:

3. Պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

Պատգամավորի թեկնածուի կողմից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացվելու դեպքում թեկնածուն հանվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և համապետական, և տարածքային ընտրական ցուցակներից:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի անունը, ազգանունն ընտրական ցուցակներից հանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

4. Կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կամ դաշինքի անդամ կուսակցությունները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, իրավունք ունեն դիմում ներկայացնելու ինքնաբացարկի մասին՝ կցելով համապատասխանաբար կուսակցության (դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների) մշտական գործող ղեկավար մարմնի որոշումը:

5. Պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:

 

Հոդված 91.

Պատգամավորի թեկնածուների կարգավիճակը

 

1. Պատգամավորի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցման պահից:

Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Պատգամավորի թեկնածուն կորցնում է թեկնածուի կարգավիճակի հետ կապված իր իրավունքները և ազատվում է պարտականություններից նաև սույն օրենսգրքի 87-րդ կամ 88-րդ հոդվածով սահմանված դեպքերում` կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումը համապատասխանաբար անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու պահից: Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում թեկնածուն կորցնում է պատգամավորի թեկնածուի կարգավիճակի հետ կապված իր իրավունքները և ազատվում է պարտականություններից դատական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

2. Հանրային ծառայող հանդիսացող պատգամավորի թեկնածուներն իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական կամ ծառայողական դիրքի առավելությունները:

Հանրային ծառայողներ հանդիսացող պատգամավորի թեկնածուները (բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների) սույն օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Այդ ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունն աշխատանքից համարվում է հարգելի` առանց վարձատրության պահպանման:

3. Պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը չի կարող հիմք հանդիսանալ թեկնածուի՝ իր ընտրվելու իրավունքի իրացումն արգելելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

 

Հոդված 92.

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը

 

1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) բացում է նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից:

2. Ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) իրավունք ունեն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամում մուծումներ կատարելու նվազագույն աշխատավարձի մինչև 100 000-ապատիկի չափով գումար, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն` նվազագույն աշխատավարձի մինչև 5 000-ապատիկի չափով գումար:

3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամում մուծում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով գումար:

4. Նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու, նախընտրական ժողովներ և ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ՝ տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 500 000-ապատիկը չգերազանցող գումար: Ընտրության երկրորդ փուլ անցկացնելու դեպքում կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը, նոր դաշինքը) իրավունք ունի ծախսելու իր (նոր դաշինքի անդամ կուսակցությունների) նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները, ինչպես նաև սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով ներգրավելու նոր միջոցներ:

5. Ընտրության երկրորդ փուլ անցկացնելու դեպքում սույն մասով սահմանված ուղղություններով կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը, նոր դաշինքը) իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 200 000-ապատիկը չգերազանցող գումար:

 

Հոդված 93.

Նախընտրական քարոզչությունը

 

1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից ընտրություններին մասնակցող կուսակցության անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով եթերային ժամանակ տրամադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

2. Ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 120 րոպե:

3. Ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի իր նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե:

4. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն անցկացնելու ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի հանրային հեռուստատեսության եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 30 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 90 րոպե:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի հանրային հեռուստատեսության եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 20 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 40 րոպե, իսկ նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 40 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 60 րոպե:

Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլն անցկացնելու, ինչպես նաև ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում է եթերաժամանակի բաշխումը:

 

Գ Լ ՈՒ Խ  17

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

Հոդված 94.

Քվեաթերթիկները

 

1. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվում են միևնույն չափերի առանձին քվեաթերթիկներ: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկն իր ձախ և աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ այդ կուսակցության համարին համապատասխան սիմետրիկ նշում` սև գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում այլ կուսակցության քվեաթերթիկի առկայությունը:

Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկի առաջին էջում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաև համապետական ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները: Քվեաթերթիկի երկրորդ էջում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության համապատասխան տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները` ազգանունների այբբենական հերթականությամբ: Թեկնածուների ազգանունները համընկնելու դեպքում քվեաթերթիկում նրանց անունները նշվում են անունների և հայրանունների այբբենական հերթականությամբ: Ազգանունները, անունները և հայրանունները համընկնելու դեպքում նշվում է թեկնածուի ծննդյան ամսաթիվը: Այս դեպքում սկզբում նշվում են տարիքով ավագ թեկնածուի տվյալները: Թեկնածուների անունների աջ կողմում նախատեսվում են դատարկ քառանկյուններ` ընտրողի կողմից նշում կատարելու համար:

2. Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկում նշվում է ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների նոր դաշինքի անվանումը:

 

Հոդված 95.

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.

2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.

3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին: Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված որոշումները կենտրոնական հանձնաժողովն ընդունում է 101-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

3. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված որոշումներից որևէ մեկը, ապա`

1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին որոշում ընդունվում է, եթե ընտրության արդյունքում ընտրություններին մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկը սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքում ստացել է սույն հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը.

2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին որոշում ընդունվում է, եթե ընտրություններին մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) ոչ մեկը սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքում չի ստացել սույն հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը: Սույն օրենսգրքի 96-98-րդ հոդվածներին համապատասխան՝ որոշ կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) լրացուցիչ մանդատներ բաշխելու դեպքում մյուս կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) պահպանում են նախնական բաշխման արդյունքում իրենց հասանելիք մանդատները:

4. Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

5. Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:

6. Մինչև 101 մանդատ մնացած մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ:

7. Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվը զույգ է, ապա մանդատների թվի 50 տոկոսին հավասար թվով մանդատներ տրվում են կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին: Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվը կենտ է, ապա մանդատների թվի 50 տոկոսի ամբողջ մասին հավասար թվով մանդատները բաշխվում են ընտրական տարածքների միջև: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների մնացած մասը տրվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին:

8. Յուրաքանչյուր ընտրական տարածքին հասանելիք մանդատների թիվը որոշվում է ըստ յուրաքանչյուր ընտրական տարածքի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Գտ =

Կտ_____

Մտ +1

 

որտեղ`

Գտ -ն ընտրական տարածքի գործակիցն է,

Կտ -ն տվյալ ընտրական տարածքում կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը,

Մտ -ն հերթական մանդատի համար ընտրական տարածքի գործակիցը հաշվելիս այդ ընտրական տարածքին արդեն բաժին հասած մանդատների ընդհանուր թիվն է:

Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող տարածքը ստանում է մեկ մանդատ: Հաջորդ թափուր մանդատն ստանում է մյուս տարածքների համեմատ առավել մեծ գործակից ունեցող տարածքը: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչև բոլոր մանդատները բաշխվեն: Հավասար` ամենամեծ գործակիցների դեպքում մանդատը բաշխվում է վիճակահանությամբ:

9. Պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով: Այդ նպատակով մանդատները բաշխվում են արգելապատնեշը հաղթահարած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև՝ ըստ յուրաքանչյուր մանդատի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Գկ =

Ամ___

Մփ + 1

 

որտեղ`

Գկ -ն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) գործակիցն է,

Ամ -ն կուսակցության (կուսակցությունների դաշինքին) ցուցակի առաջին մասից հասած մանդատների թիվն է,

Մփ -ն հերթական մանդատի համար կուսակցության (կուսակցությունների դաշինքի) գործակիցը հաշվելիս ազգային փոքրամասնության ներկայացուցիչների չորս մանդատներից կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) արդեն բաժին հասած ընդհանուր թիվն է:

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչների մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ գործակիցների նվազման հերթականության: Հավասար գործակիցների դեպքում մանդատը բաշխվում է վիճակահանությամբ:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մանդատները բաշխելիս կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) մանդատը տրամադրում է իր ցուցակի դեռևս մանդատ չունեցող առավել փոքր հերթական համար ունեցող ազգային փոքրամասնությանը: Եթե այդպիսին չկա կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի երկրորդ մասում, ապա բաշխման հերթը փոխանցվում է մեծությամբ հաջորդ գործակից ունեցող կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին): Եթե նման գործընթացում այլևս հնարավոր չէ բաշխել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մանդատ, ապա համապատասխան մանդատը մնում է թափուր:

 

Հոդված 96.

Փոքրամասնության և մեծամասնության լրացուցիչ մանդատները

 

1. Եթե որևէ կուսակցություն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքում ստացել է 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 54 տոկոսից պակաս, ապա այդ կուսակցությունն ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 54 տոկոսը:

2. Եթե որևէ կուսակցություն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքում ստացել է 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին, ապա մյուս կուսակցություններն ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ (ԼՄ), որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի 1/3-ից ոչ պակաս: Յուրաքանչյուր կուսակցությանը հասանելիք լրացուցիչ մանդատների թիվը որոշվում է հետևյալ կերպ. այդ կուսակցության ստացած մանդատների թիվը բազմապատկվում է ԼՄ թվով, ստացված թիվը բաժանվում է լրացուցիչ մանդատներ ստացող կուսակցությունների՝ մինչև լրացուցիչ մանդատներ տալը ստացված մանդատների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք տվյալ կուսակցությանը հասանելիք լրացուցիչ մանդատների թվերն են: Մնացած մանդատները կուսակցության միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն կուսակցությանը, որի մանդատների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ:

3. Սույն հոդվածով սահմանված լրացուցիչ մանդատների բաշխումը հանրապետական և տարածքային ընտրական ցուցակների, ինչպես նաև ընտրական տարածքների միջև կատարվում է այնպես, որ կուսակցության հասանելիք մանդատների բաշխման համար պահպանվեն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 7-րդ մասի կանոնները:

 

Հոդված 97.

Քաղաքական կոալիցիաների կազմումը

 

1. Սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո՝ 6 օրվա ընթացքում, ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ՝ առավելագույնը երկու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունն ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ:

2. Մինչև կոալիցիա ձևավորելու վերջնաժամկետի օրվա ժամը 18.00-ն կոալիցիայի անդամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն կոալիցիա կազմելու մասին կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների անդամ բոլոր կուսակցությունների) մշտական գործող ղեկավար մարմինների որոշումները: Կոալիցիա կազմելու մասին որոշումը պետք է պարունակի վարչապետի թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը: Սահմանված ժամկետում նշված որոշումները չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում կոալիցիան համարվում է չձևավորված:

3. Եթե ձևավորված կոալիցիան ստացել է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 54 տոկոսից պակաս, ապա կոալիցիան ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում կոալիցիայի մանդատների ընդհանուր քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 54 տոկոսը:

Լրացուցիչ մանդատները բաշխվում են կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է լրացուցիչ մանդատների թվով, արդյունքը բաժանվում է կոալիցիայի անդամ կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք լրացուցիչ մանդատների թվերն են: Մնացած մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ: Կոալիցիայի անդամ կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) հասանելիք լրացուցիչ մանդատների բաշխումը համապետական և տարածքային ընտրական ցուցակների, ինչպես նաև ընտրական տարածքների միջև կատարվում է այնպես, որ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) հասանելիք մանդատների բաշխման համար պահպանվեն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 7-րդ մասի կանոնները: Սույն մասով նախատեսված դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև որոշում է կայացնում լրացուցիչ մանդատներ հատկացնելու մասին:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերջնաժամկետի ավարտի հաջորդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին կամ Ազգային ժողով ընտրվելու մասին:

 

Հոդված 98.

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլը

 

1. Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին մասնակցում են այն երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:

2. Ընտրության երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) շուրջ կարող են ձևավորվել նոր դաշինքներ` կազմված արգելապատնեշները հաղթահարած կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), եթե նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ:

Նոր դաշինք կազմելու մասին դիմումը, ստորագրված նոր դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների) ղեկավարների կողմից, ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշման ընդունումից հետո՝ մինչև 5-րդ օրը՝ ժամը 18.00-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Նշված դիմումը պետք է պարունակի վարչապետի թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը: Սահմանված ժամկետում նոր դաշինք կազմելու մասին դիմում չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում նոր դաշինքը համարվում է չձևավորված:

3. Եթե առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) միասին նոր դաշինք են կազմում, ապա ընտրության երկրորդ փուլին մասնակցում է առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած, նոր դաշինքի կազմի մեջ չմտնող հաջորդ առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը), որի շուրջ ևս կարող է ձևավորվել նոր դաշինք: Այդ նոր դաշինքը կազմելու մասին դիմումը, ստորագրված դաշինքի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների անդամ բոլոր կուսակցությունների) ղեկավարների կողմից, ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո՝ մինչև 7-րդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

4. Եթե ընտրության երկրորդ փուլում հաղթում է նոր դաշինքը, որի անդամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) միասնաբար առաջին փուլի արդյունքներով ստացել են սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը կամ ավելին, ապա նրանք պահպանում են ստացված մանդատները:

5. Եթե ընտրության երկրորդ փուլում հաղթում է նոր դաշինքը, որի անդամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) միասնաբար առաջին փուլի արդյունքներով ստացել են սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների 2/3-ից ավելին, ապա մյուս կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ստանում են լրացուցիչ մանդատներ՝ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

6. Ընտրության երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կամ նոր դաշինքը, որը (որի անդամ կուսակցությունները միասնաբար) առաջին փուլի արդյունքներով ստացել է 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների 54 տոկոսից պակաս մանդատ, ստանում է լրացուցիչ մանդատներ՝ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված կարգով:

 

Հոդված 99.

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի արդյունքներն ամփոփելը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ընտրության երկրորդ փուլի քվեարկության օրվանից հետո՝ 7-րդ օրը, ամփոփում է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) Ազգային ժողով ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին: Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն:

2. Սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև որոշում է ընդունում լրացուցիչ մանդատների բաշխման մասին:

 

Հոդված 100.

Մանդատների տրամադրումը պատգամավորներին

 

1. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ` գրանցելով համապետական ընտրական ցուցակից և տարածքային ընտրական ցուցակից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին:

Համապետական ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերից մանդատ ստացած թեկնածուն հանվում է տարածքային ընտրական ցուցակից, իսկ տարածքային ընտրական ցուցակից մանդատ ստացած թեկնածուն հանվում է համապետական ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

2. Առաջին հերթին մանդատները տրամադրվում են տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավորներին: Ընտրական տարածքում կուսակցությանը հասանելիք մանդատներն ստանում են տվյալ ընտրական տարածքին հասանելիք մանդատների թվին հավասար թվով այն թեկնածուները, որոնք ստացել են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Կողմ քվեարկված քվեաթերթիկների հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ: Եթե կուսակցության տվյալ ընտրական տարածքի ցուցակում չկան բավարար թվով թեկնածուներ, ապա թափուր մանդատները փոխանցվում են համապետական ընտրական ցուցակի առաջին մասին:

Երկրորդ հերթին մանդատները սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով տրամադրվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Երրորդ հերթին մանդատները տրամադրվում են կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի թեկնածուներին` ըստ հերթականության: Եթե դրա արդյունքում կուսակցության բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա վերջին թեկնածուն իր մանդատը զիջում է համապետական ընտրական ցուցակի առաջին մասի՝ չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա: Եթե կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր:

3. Տարածքային ընտրական ցուցակից մանդատից հրաժարված կամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության տվյալ տարածքային ընտրական ցուցակից առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին: Ձայների հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ: Եթե տվյալ տարածքային ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը փոխանցվում է համապետական ընտրական ցուցակի առաջին մասին: Եթե համապետական ընտրական ցուցակի առաջին մասում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

Համապետական ընտրական ցուցակի առաջին մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 25 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:

Եթե համապետական ընտրական ցուցակի առաջին մասում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

Համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասի նույն ազգային փոքրամասնության ցուցակում նվազագույն համար ունեցող թեկնածուին, իսկ այդպիսին չլինելու դեպքում մանդատը մնում է թափուր:

4. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմումները վավերացվում են նոտարական կարգով, կամ համապատասխան դիմումը անձը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

Ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացու անունը, ազգանունը հանվում են համապետական ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերից, ինչպես նաև տարածքային ընտրական ցուցակից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

 

Հոդված 101. Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն նշանակելը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը

 

1. Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն:

2. Եթե Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկության ընթացքում կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն:

3. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը: Այս դեպքում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:

4. Ազգային ժողովի ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15, և ոչ ուշ, քան 30 օր հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն:

5. Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 70 օր հետո անցկացվում է նոր հերթական ընտրություն: Նոր հերթական ընտրության դեպքում Հանրապետության նախագահը քվեարկության օրը նշանակելու մասին հրամանագիրն ընդունում է Ազգային ժողովի ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը:

6. Նոր հերթական ընտրությունն անցկացվում է նոր առաջադրմամբ և արտահերթ ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 102.

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները բողոքարկելը

 

1. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասով, 97-րդ հոդվածի 4-րդ մասով, 99-րդ հոդվածով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներ սահմանադրական դատարան կարող են ներկայացվել համապատասխան որոշման հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:

 

Գ Լ ՈՒ Խ  18

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

 

Հոդված 103.

Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու և պատգամավորի թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները

 

1. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60, և ոչ ուշ, քան 50 օր առաջ:

2. Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահը հրապարակում է հրամանագիր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 90 օր առաջ:

3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

4. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև 18.00-ն:

 

Հոդված 104.

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը

 

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո:

2. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ:

3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

4. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

5. Ընտրական տեղամասերը կազմավորվում, և տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ: Լիազոր մարմինն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, որն այն փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  19

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 105.

Ընտրական համակարգը

 

1. Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է միամանդատ մեծամասնական ընտրատարածք:

2. Համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք:

3. Համայնքի ավագանին բաղկացած է`

1) հինգ անդամից` մինչև 1 000 ընտրող ունեցող համայնքում.

2) յոթ անդամից` 1 000-ից մինչև 2 000 ընտրող ունեցող համայնքում.

3) ինն անդամից` 2 000-ից մինչև 4 000 ընտրող ունեցող համայնքում.

4) տասնմեկ անդամից` 4 000-ից մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքում.

5) տասնհինգ անդամից` 10 000-ից մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքում.

6) երեսուներեք անդամից` 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում:

Սույն մասում նշված ընտրողների թիվը յուրաքանչյուր համայնքի համար հաշվարկվում է՝ հիմք ընդունելով ընտրողների ռեգիստրի թիվը:

(105-րդ հոդվածը լրաց. 30.06.16 ՀՕ-119-Ն)

 

Հոդված 106. Ընտրելու իրավունքը

 

1. Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայն`

1) համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ.

2) ավագանու անդամի ընտրության ժամանակ:

 

Հոդված 107.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները

 

1. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ կարող են ընտրվել սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական ծառայությունում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովների անդամները:

 

Գ Լ ՈՒ Խ  20

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ

 

Հոդված 108.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը

 

1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ կարող են առաջադրել կուսակցություններն իրենց համապատասխան տարածքային (սկզբնական, տեղական) ստորաբաժանումների որոշմամբ, ինչպես նաև ընտրվելու իրավունք ունեցող անձինք` ինքնաառաջադրման կարգով այդ մասին ներկայացնելով դիմում:

Կուսակցությունը կարող է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրել նաև իր կուսակցության անդամ չհանդիսացող անձին:

2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության համապատասխան տարածքային (սկզբնական, տեղական) ստորաբաժանման որոշումը, ինքնաառաջադրման դեպքում՝ դիմումը, ներառում են համայնքի անվանումը և թեկնածուի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան ամսաթիվը.

3) հաշվառման վայրը.

4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

5) կուսակցական պատկանելությունը, ինչպես նաև կարող են ներառել թեկնածուի՝ մինչև երկու լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալներ (նրանց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):

3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները կուսակցության համապատասխան տարածքային (սկզբնական, տեղական) ստորաբաժանման որոշմանը կամ ինքնաառաջադրման մասին դիմումին կից տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում են`

1) ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը:

Մինչև 500 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն և ավագանու անդամն ընտրական գրավ չեն վճարում: 500-ից մինչև 1 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1 000-ից մինչև 2 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի, 2 000-ից մինչև 4 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն` 150-ապատիկի, ավագանու անդամը` 20-ապատիկի, 4 000-ից մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն` 300-ապատիկի, ավագանու անդամը` 30-ապատիկի, 10 000-ից մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն` 500-ապատիկի, ավագանու անդամը` 70-ապատիկի, իսկ 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն` 1 000-ապատիկի, ավագանու անդամը` 100-ապատիկի չափով ընտրական գրավ:

Սույն կետում նշված ընտրողների թիվը յուրաքանչյուր համայնքի համար հաշվարկվում է՝ հիմք ընդունելով ընտրողների ռեգիստրի թիվը.

2) տեղեկանք` տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետով հաշվառված լինելու մասին.

3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքը տրամադրում է լիազոր մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև ընտրությունների նշանակումը:

Լիազոր մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները:

5. Գրանցման փաստաթղթերը ներկայացվում են միայն թեկնածուի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով` առձեռն, սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:

6. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու գրանցվելու համար ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին:

Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում թեկնածուի գրանցումը մերժվում է:

(108-րդ հոդվածը լրաց. 30.06.16 ՀՕ-119-Ն)

 

Հոդված 109.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին գրանցելը

 

1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները գրանցվում են տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում թեկնածուն գրանցվում է առանց քվեարկության:

2. Թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս տարածքային ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունեն ներկա գտնվելու թեկնածուն և նրա լիազոր ներկայացուցիչը:

 

Հոդված 110.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելը

 

1. Տարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժում է, եթե`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ չեն ներկայացվել բոլոր փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցման վերաբերյալ հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

 

Հոդված 111. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

 

1. Տարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Թեկնածուի գրանցումը ճանաչվում է անվավեր տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

 

Հոդված 112.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

 

1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան:

2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատական ակտով թեկնածուն համարվում է գրանցված կամ վերագրանցված:

 

Հոդված 113. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում`

1) տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ, եթե նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) դատական ակտի հիման վրա՝ սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով կամ 26-րդ հոդվածի 1-ին մասով կամ 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում:

 

Գ Լ ՈՒ Խ  21

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 114.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կարգավիճակը, իրավահավասարությունը

 

1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներն իրենց կարգավիճակը ձեռք են բերում գրանցման պահից: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների վրա տարածվում են մինչև համայնքի ղեկավար և ավագանու անդամներ ընտրվելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշման բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման բողոքարկման դեպքում` մինչև վարչական դատարանի որոշում ընդունելը:

Թեկնածուներն ունեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ:

2. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն ինքնաբացարկի մասին դիմում կարող է ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է տարածքային ընտրական հանձնաժողովի նիստում:

 

Գ Լ ՈՒ Խ  22

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 115.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամը

 

1. Մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն բացում է նախընտրական հիմնադրամ, եթե զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ՝ տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար օգտագործելու է կամ արդեն օգտագործել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը գերազանցող գումար:

2. Նախընտրական հիմնադրամը ձևավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից:

Մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու նվազագույն աշխատավարձի մինչև 150-ապատիկի չափով, իսկ նրան առաջադրած կուսակցությունը` մինչև 200-ապատիկի չափով գումար:

10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ նրան առաջադրած կուսակցությունը` մինչև 1 000-ապատիկի չափով գումար:

3. Թեկնածուի նախընտրական հիմնադրամում յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կատարել կամավոր մուծում նվազագույն աշխատավարձի՝ համապատասխանաբար մինչև`

1) 50-ապատիկի չափով` մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

2) 100-ապատիկի չափով` 10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում:

4. Նախընտրական քարոզչության ընթացքում համայնքի ղեկավարի թեկնածուն զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ՝ տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի մինչև`

1) 3 000-ապատիկի չափով գումար` մինչև 4 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

2) 7 000-ապատիկի չափով գումար` 4 000-ից մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

3) 15 000-ապատիկի չափով գումար` 10 000-ից մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

4) 25 000-ապատիկի չափով գումար` 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում,

իսկ ավագանու անդամի թեկնածուն՝ նվազագույն աշխատավարձի մինչև`

5) 500-ապատիկի չափով գումար` մինչև 4 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

6) 1 000-ապատիկի չափով գումար` 4 000-ից մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

7) 3 000-ապատիկի չափով գումար` 10 000-ից մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

8) 5 000-ապատիկի չափով գումար` 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում:

5. Սույն հոդվածում նշված ընտրողների թիվը յուրաքանչյուր համայնքի համար հաշվարկվում է՝ հիմք ընդունելով ընտրողների ռեգիստրի թիվը:

(115-րդ հոդվածը լրաց. 30.06.16 ՀՕ-119-Ն)

 

Հոդված 116.

Նախընտրական քարոզչությունը

 

1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններում նախընտրական քարոզչությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Գ Լ ՈՒ Խ  23

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

Հոդված 117.

Քվեաթերթիկները

 

1. Քվեաթերթիկի ձախ կողմում նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը` այբբենական հերթականությամբ, առաջադրող կուսակցության անվանումը, ինքնաառաջադրման դեպքում` «ինքնաառաջադրում» բառը, իսկ աջ կողմում նախատեսվում են դատարկ քառանկյուններ` ընտրողի կողմից նշում կատարելու համար:

Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում թեկնածուի ազգանվան տողի ներքևում նշվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

Թեկնածուների ազգանունները համընկնելու դեպքում քվեաթերթիկում նրանց անունները նշվում են անունների և հայրանունների այբբենական հերթականությամբ: Ազգանունները, անունները և հայրանունները համընկնելու դեպքում նշվում է թեկնածուի ծննդյան ամսաթիվը: Այս դեպքում սկզբում նշվում են տարիքով ավագ թեկնածուի տվյալները:

Միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար պատրաստվում են առանձին քվեաթերթիկներ, որոնք գույներով ակնհայտորեն տարբերվում են միմյանցից: Ծրարները պետք է համապատասխանեն քվեաթերթիկների գույներին:

 

Հոդված 118.

Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն ամփոփելը

 

1. Տարածքային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) համայնքի ղեկավար ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

4) համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

2. Համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուն: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երկու և ավելի թեկնածուներ, ապա ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն:

3. Եթե ընտրության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է վերաքվեարկություն:

4. Եթե ընտրությունների վերաքվեարկության կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է վերաքվեարկություն:

5. Եթե տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` 9-րդ օրը: Այս դեպքում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:

6. Համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած`

1) եթե քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.

2) եթե սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից.

3) մինչև քվեարկության ավարտը թեկնածուներից մեկի մահվան դեպքում.

4) առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուի` մինչև ընտրության արդյունքներն ամփոփելը մահվան դեպքում.

5) ընտրությունից հետո` մինչև լիազորությունների ստանձնումը, ընտրված համայնքի ղեկավարի մահվան կամ լիազորություններն ստանձնելուց հրաժարվելու դեպքերում.

6) եթե վերաքվեարկության արդյունքների հիման վրա ընտրություններն անվավեր են ճանաչվել:

7. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, ներկայացնում է մարզպետին:

8. Համայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում քվեարկության օրվանից 21 օր հետո թեկնածուների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն: Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:

9. Համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքով տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան:

(118-րդ հոդվածը փոփ. 20.10.16 ՀՕ-158-Ն)

 

Հոդված 119.

Ավագանու անդամների ընտրության արդյունքներն ամփոփելը

 

1. Տարածքային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) համայնքի ավագանու անդամներ ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) համայնքի ավագանու ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

4) համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

2. Համայնքում ընտրվում են առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած, սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասում նշված համապատասխան թվով ավագանու անդամի թեկնածուները: Կողմ քվեարկված քվեաթերթիկների հավասարության դեպքում ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն:

3. Եթե ընտրության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել խախտումները, ապա ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է վերաքվեարկություն:

4. Եթե ընտրությունների վերաքվեարկության կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է վերաքվեարկություն:

5. Եթե տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` 9-րդ օրը: Այս դեպքում համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:

6. Համայնքի ավագանու անդամների ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում քվեարկության օրվանից 21 օր հետո թեկնածուների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն:

Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:

7. Համայնքի ավագանու անդամների ընտրությունը համարվում է չկայացած, եթե սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով գրանցված թեկնածուների թիվը պակաս կամ հավասար է սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` համայնքի ավագանու անդամների թվին, կամ գրանցումից հետո թեկնածուների թիվը նվազում է սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` համայնքի ավագանու անդամների թվի կեսից, կամ վերաքվեարկության արդյունքների հիման վրա համայնքի ավագանու ընտրությունն անվավեր է ճանաչվել:

8. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, ներկայացնում է մարզպետին:

9. Համայնքի ավագանու անդամների ընտրությունների արդյունքով տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան:

(119-րդ հոդվածը փոփ. 20.10.16 ՀՕ-158-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  24

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 120.

Հերթական ընտրություն նշանակելու, անցկացնելու և թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները

 

1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

3. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

5. Եթե համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրության քվեարկության օրը համընկնում է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրվա հետ, ապա համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրության օրը հետաձգվում է մեկ շաբաթով:

 

Հոդված 121.

Նոր ընտրություն նշանակելը և անցկացնելը

 

1. Համայնքի ղեկավարի նոր ընտրություն նշանակվում է սույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու դեպքում:

2. Համայնքի ավագանու նոր ընտրություն նշանակվում է սույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` համայնքի ավագանու անդամի ընտրությունը չկայացած ճանաչելու դեպքում:

3. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունները չկայացած ճանաչելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունելուց կամ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրն անցկացվում է նոր ընտրություն:

Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով: Նոր ընտրություն նշանակում է մարզպետը:

 

Հոդված 122.

Արտահերթ ընտրություն նշանակելը և անցկացնելը

 

1. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները:

2. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Համայնքի ավագանու անդամների ընդհանուր թիվը կիսով չափ նվազելու դեպքում արտահերթ ընտրությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում:

4. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 21 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

5. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 21, և ոչ ուշ, քան 19 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

6. Ընտրական տեղամասերը կազմավորվում, և տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ, ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 17 օր առաջ փակցվում են տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

 

Բ Ա Ժ Ի Ն  6

 

ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ  25

 

ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 123.

Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների կազմը

 

1. Երևանի ավագանին կազմված է 65 անդամից։

2. Գյումրու ավագանին կազմված է 33 անդամից:

3. Վանաձորի ավագանին կազմված է 33 անդամից:

 

Հոդված 124.

Ընտրական համակարգը

 

1. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։

2. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրության ժամանակ համապատասխանաբար Երևանի, Գյումրու, Վանաձորի ողջ տարածքը մեկ բազմամանդատ ընտրատարածք է:

 

Հոդված 125. Ընտրելու իրավունքը

 

1. Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրության ժամանակ յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայն:

 

Հոդված 126.

Ընտրվելու իրավունքը

 

1. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամ կարող են ընտրվել սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

2. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական ծառայությունում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովի անդամները:

 

Գ Լ ՈՒ Խ  26

 

ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

 

Հոդված 127.

Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակն առաջադրելու և գրանցելու ժամկետները

 

1. Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 20 օր առաջ:

2. Երևանի ավագանու հերթական ընտրությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 60 օր առաջ: Գյումրու, Վանաձորի ավագանիների հերթական ընտրությունը նշանակվում է համապատասխան մարզպետի որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից որևէ մեկը այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին մարզպետի որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 60 օր առաջ:

Եթե Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրության քվեարկության օրը համընկնում է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրվա հետ, ապա ավագանու ընտրության օրը հետաձգվում է մեկ շաբաթով:

3. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

4. Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

5. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ:

 

Հոդված 128. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը

 

1. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է կառավարությունը` համապատասխանաբար Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու արձակվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

2. Արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը: Եթե Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրության քվեարկության օրը համընկնում է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրվա հետ, ապա ավագանու ընտրության օրը հետաձգվում է մեկ շաբաթով:

3. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ Գյումրու և Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրությունների անցկացման օրը հրապարակում է տարածքային ընտրական հանձնաժողովը` համապատասխանաբար Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:

4. Արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն։

5. Արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

6. Արտահերթ ընտրությունների դեպքում ընտրական տեղամասերը կազմավորվում, և տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ: Լիազոր մարմինն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, որն այն փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

 

Գ Լ ՈՒ Խ  27

 

ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 129.

Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունքը

 

1. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

Թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության ընտրական ցուցակով:

2. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության կողմից: Կուսակցությունը կարող է ընդգրկվել միայն մեկ կուսակցությունների դաշինքի կազմում:

3. Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունը չի կարող ինքնուրույն մասնակցել ընտրություններին:

4. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ:

5. Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը կազմվում է դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած առանձին ցուցակից:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակները հաստատվում և առաջադրվում են կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ (դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումներով): Ընտրական ցուցակների բոլոր էջերը կնքվում և ստորագրվում են կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) իրավասու անձի կողմից:

6. Կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են այդ կուսակցության ավագանու անդամի թեկնածուները:

 

Հոդված 130.

Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը

 

1. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դիմումը կուսակցությունները ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտական գործող ղեկավար մարմնի որոշման հիման վրա: Դիմումն ստորագրում է կուսակցության ղեկավարը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դիմումը կուսակցությունների դաշինքները ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումն ստորագրում են դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների ղեկավարները:

Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցելու դիմումը կուսակցությունները ներկայացնում են տարածքային ընտրական հանձնաժողով` իրենց մշտական գործող ղեկավար մարմնի որոշման հիման վրա: Դիմումն ստորագրում է կուսակցության ղեկավարը: Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցելու դիմումը կուսակցությունների դաշինքները ներկայացնում են տարածքային ընտրական հանձնաժողով` դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումը ստորագրում են դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների ղեկավարները:

2. Յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) իրավունք ունի առաջադրելու միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրելու: Երևանի ավագանու ընտրության դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու, իսկ Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների դեպքում` առնվազն 15 թեկնածու: Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել համապատասխանաբար Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների անդամի մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել այդ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

3. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կից ներկայացվում են՝

1) կուսակցության կանոնադրությունը (դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունները).

2) կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշումը (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումները)՝ համապատասխանաբար Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններին ընտրական ցուցակները հաստատելու և առաջադրելու վերաբերյալ.

3) ընտրական ցուցակը, որում համարակալմամբ նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, սեռը, կուսակցական պատկանելությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

4) տեղեկանք՝ թեկնածուի՝ համապատասխանաբար Երևանի, Գյումրու, Վանաձորի բնակչության ռեգիստրում սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետով հաշվառված լինելու մասին: Սույն կետում նշված տեղեկանքը տրամադրում է լիազոր մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև ընտրությունների նշանակումը: Տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Լիազոր մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները.

5) թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ համապատասխանաբար Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու անդամի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

6) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած առանձին ընտրական ցուցակը.

7) Երևանի ավագանու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 3 000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը, Գյումրու և Վանաձորի ավագանիների դեպքում՝ 2 000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը.

8) թեկնածուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

4. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրություններին մասնակցելու մասին դիմումում նշվում են մինչև երեք լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը, պաշտոնը):

Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրական հանձնաժողով ներկայացվում են միայն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցչի միջոցով` առձեռն, սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:

5. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման համար ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

Ընտրական հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքն օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին:

Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար:

Այդ ժամանակահատվածում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է, իսկ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի դեպքում նրա անունը հանվում է ընտրական ցուցակից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

 

Հոդված 131. Կուսակցության ընտրական ցուցակները գրանցելը

 

1. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակները գրանցում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակները գրանցում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովը:

2. Ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցության ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում ընտրական ցուցակը գրանցվում է առանց քվեարկության:

Ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետը ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրական ցուցակները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

3. Ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվելու կուսակցության լիազոր ներկայացուցիչը:

 

Հոդված 132.

Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելը

 

1. Ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը, եթե`

1) չեն ներկայացվել բոլոր փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված.

2) ընտրական ցուցակը չի համապատասխանում սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին (բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունը պայմանավորված է այնպիսի հանգամանքով, որը ծագել է առաջադրումից հետո).

3) կուսակցությունը լուծարվել է.

4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից.

5) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է:

2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

3. Ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը, եթե`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ չեն ներկայացվել բոլոր փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցման վերաբերյալ ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

5. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու դեպքում թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է ցուցակից:

 

Հոդված 133.

Կուսակցության ընտրական ցուցակի կամ ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

 

1. Ընտրական հանձնաժողովը կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու հետևանքով ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը նվազել է սույն օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված թվից.

2) ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

2. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչվելու դեպքում թեկնածուի անունը հանվում է ցուցակից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

3. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

 

Հոդված 134. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

 

1. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան:

2. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատական ակտով ընտրական ցուցակը կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն համարվում է գրանցված կամ վերագրանցված:

 

Հոդված 135.

Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

1) ներկայացվել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) կուսակցությունը լուծարվել է.

3) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է.

4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից:

2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով կամ 26-րդ հոդվածի 1-ին մասով կամ 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում:

3. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին:

Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուի անունը հանվում է ցուցակից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

4. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ  28

 

ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 136.

Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուների կարգավիճակը, իրավասությունները

 

1. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցման պահից: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուի վրա տարածվում են մինչև Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամներ ընտրվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև դատական ակտի ընդունումը:

Գրանցված ավագանու անդամի թեկնածուն կորցնում է թեկնածուի կարգավիճակի հետ կապված իր իրավունքները և ազատվում է պարտականություններից նաև սույն օրենսգրքի 133-րդ կամ 135-րդ հոդվածով սահմանված դեպքերում` կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը համապատասխանաբար անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու պահից: Իսկ կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում թեկնածուն կորցնում է թեկնածուի կարգավիճակի հետ կապված իր իրավունքները և ազատվում է պարտականություններից դատական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

Ավագանու անդամի թափուր մանդատ առաջանալու դեպքում կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված անձանց ինքնաբացարկի դիմումները վավերացվում են նոտարական կարգով, կամ ինքնաբացարկի մասին դիմումը անձը հաստատում է ընտրական հանձնաժողովի նիստում:

2. Թեկնածուներն ունեն Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ:

 

Հոդված 137.

Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուների իրավունքները, պարտականությունները, գործունեության երաշխիքները

 

1. Թեկնածու հանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք, բացառությամբ քաղաքական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների, սույն օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Այդ ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունն աշխատանքից համարվում է հարգելի` առանց վարձատրության պահպանման:

2. Կուսակցությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, իրավունք ունի ներկայացնելու ինքնաբացարկի մասին դիմում:

Թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո իրավունք ունի հանելու իր թեկնածությունը: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված քաղաքացու անունը, ազգանունը ցուցակից հանվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Թեկնածուի ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է ընտրական հանձնաժողովի նիստում:

 

Գ Լ ՈՒ Խ  29

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

 

Հոդված 138.

Նախընտրական քարոզչությունը

 

1. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 30 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` համապատասխանաբար 15 և 25 րոպե:

2. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 80 րոպե, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` համապատասխանաբար 25 և 40 րոպե:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված՝ հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով եթերային ժամանակ տրամադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

 

Հոդված 139.

Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններին կուսակցության նախընտրական հիմնադրամը

 

1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) բացում է նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից:

2. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամում կարող է (են) կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկի չափով մուծում, իսկ Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններում` մինչև նվազագույն աշխատավարձի 3 000-ապատիկի չափով մուծում:

3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով կամավոր մուծում։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կարող է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 1 000-ապատիկի չափով կամավոր մուծում, իսկ Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններում` մինչև նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով մուծում:

4. Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու, նախընտրական ժողովներ և ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ՝ տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունեն ծախսելու նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը չգերազանցող գումար, իսկ Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 30 000-ապատիկը չգերազանցող գումար:

 

Գ Լ ՈՒ Խ  30

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

Հոդված 140.

Քվեաթերթիկները

 

1. Քվեաթերթիկի ձախ կողմում նշվում են կուսակցությունների անվանումները` ըստ այբբենական հերթականության, և ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները, իսկ աջ կողմում նախատեսվում են դատարկ քառանկյուններ` ընտրողի կողմից նշում կատարելու համար:

 

Հոդված 141.

Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների արդյունքների ամփոփումը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) Երևանի ավագանի ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու և ավագանու ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու և նոր ընտրություն նշանակելու մասին:

2. Տարածքային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով քվեարկության օրվանից հետո՝ 7-րդ օրը, ամփոփում է Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը՝

1) Գյումրու և Վանաձորի ավագանիներ ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններն անվավեր ճանաչելու և ավագանու ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններն անվավեր ճանաչելու և նոր ընտրություն նշանակելու մասին:

3. Ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 6, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 6 (8) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

4. Ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:

Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին): Եթե տեղերի 40 տոկոսից ավելին ստանում է երկու կուսակցություն (կուսակցությունների դաշինք), սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որն ստացել է առավել թվով մանդատներ: Մնացած մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև:

6. Ընտրական ցուցակից ընտրվում է այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին:

Եթե դրա արդյունքում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա ցուցակի հերթականությամբ վերջին ընտրվածի մանդատը տրվում է ընտրական ցուցակի չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա:

Երևանի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմում է արձանագրություն, իսկ Գյումրու և Վանաձորի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրություն է կազմում համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովը:

Երևանի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրությունը՝ հնգօրյա ժամկետում, ուղարկվում է վարչապետին, իսկ Գյումրու և Վանաձորի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրությունը՝ համապատասխան մարզպետին:

7. Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է մանդատների բաշխմամբ հասանելիք մանդատների թվից, ապա այդ մանդատները մնում են թափուր:

8. Մանդատից հրաժարված կամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը համապատասխան ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 25 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:

Եթե ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

9. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմումները վավերացվում են նոտարական կարգով, կամ համապատասխան դիմումը անձը հաստատում է ընտրական հանձնաժողովի նիստում:

Ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացու անունը, ազգանունը հանվում են ընտրական ցուցակից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

(141-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-158-Ն)

 

Հոդված 142. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների վերաքվեարկություն նշանակելը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը

 

1. Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա ավագանու ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է ավագանու ընտրությունների վերաքվեարկություն:

2. Եթե ավագանու ընտրությունների վերաքվեարկության կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է ավագանու ընտրությունների վերաքվեարկություն:

3. Եթե ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը: Այդ դեպքում ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:

4. Ավագանու ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան:

5. Ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 14, և ոչ ուշ, քան 21 օր հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն։

6. Վերաքվեարկությունն անցկացվում է մեկ անգամ: Վերաքվեարկությունից հետո ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը 21-օրյա ժամկետում նշանակում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Ե Ր Ր Ո Ր Դ  Մ Ա Ս

 

Գ Լ ՈՒ Խ  31

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 143.

Նախապատվության քվեակարգը

 

1. Նախապատվության քվեակարգով քվեարկության ժամանակ քվեաթերթիկի ձախ կողմում նշվում են բոլոր թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, իսկ աջ կողմում յուրաքանչյուր թեկնածուի համար նախատեսվում են դատարկ քառանկյուններ՝ քվեարկողի կողմից նշում կատարելու համար: Թեկնածուների անունների հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ: Քվեաթերթիկը կարող է փոխարինվել նախապատվություն արտահայտող տվյալների էլեկտրոնային ֆայլով:

2. Քվեաթերթիկում այն թեկնածուի անվան դիմացի քառանկյան մեջ, որին ընտրողը տալիս է իր առաջին նախապատվությունը, նշում է «1» թիվը: Համապատասխանաբար մյուս թեկնածուների անվան դիմաց, ըստ նրանց տրվող նախապատվության հերթականության, նշվում են հաջորդական ամբողջ թվեր` 2-ից սկսած: Այն թեկնածուների դիմաց, որոնց ընտրողը նախապատվություն չի տալիս, որևէ թիվ չի նշում, սակայն ամեն դեպքում առնվազն թափուր տեղերի թվով թեկնածուների համար պետք է արտահայտված լինի նախապատվությունը: Քվեաթերթիկը արդյունքների ամփոփման որոշակի փուլում համարվում է տրված այն շարունակող թեկնածուի օգտին, որն ունի այդ քվեաթերթիկում նախապատվության ամենաբարձր աստիճանը:

3. Սույն հոդվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) շարունակող թեկնածու` թեկնածու, որը քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլում չի հեռացվել հաշվարկից կամ չի հայտարարվել ընտրված.

2) քվեաթերթիկի արժեք` քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլում այդ քվեաթերթիկին սույն հոդվածով սահմանված կարգով տրվող թվային արժեքը.

3) քվեաթերթիկների ընդհանուր արժեք` քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլում հաշվարկից չհեռացրած բոլոր քվեաթերթիկների արժեքների հանրագումարը.

4) թեկնածուի ձայների արժեք` հաշվարկից չհեռացրած այն քվեաթերթիկների արժեքների հանրագումարը, որոնք տրված են այդ թեկնածուի օգտին.

5) անցողիկ քվոտա` քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլում ընտրված համարվելու համար անհրաժեշտ ձայների նվազագույն թիվը.

6) թեկնածուի ձայների ավելցուկի արժեք` քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլի արդյունքով ընտրված համարվող թեկնածուի ձայների արժեքի և անցողիկ քվոտայի տարբերությունը.

7) տարբեր սեռերի հավասարության չափանիշ` ընտրված թեկնածուների միջև տարբեր սեռերի հավասարություն ապահովող որևէ քանակական չափանիշ (օրինակ` ընտրված թեկնածուների կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 6-ը):

4. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են էլեկտրոնային եղանակով: Քվեարկության արդյունքներն ամփոփելու համար հերթականությամբ կատարվում են ստորև նշված քայլերը, մինչև քվեարկության արդյունքների ամփոփումն ավարտվի: Բոլոր թվաբանական գործողությունները կատարվում են ստորակետից հետո երկու նիշ ճշգրտությամբ:

Քայլ 1. Անվավեր քվեաթերթիկները հեռացվում են հաշվարկից: Քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե դրանում բացակայում է առնվազն թափուր տեղերի թվով թեկնածուներին տրված նախապատվություն, կամ մեկից ավելի թեկնածու ստացել է նախապատվության նույն աստիճանը: Բոլոր վավեր քվեաթերթիկները համարվում են հաշվարկից չհեռացրած, իսկ այդ քվեաթերթիկների արժեքը համարվում է 1:

Քայլ 2. Հաշվարկից չհեռացված թեկնածուների օգտին տրված քվեաթերթիկները տեսակավորվում են ըստ թեկնածուների: Բոլոր թեկնածուները համարվում են շարունակող թեկնածուներ:

Քայլ 3. Եթե որևէ սեռի ներկայացուցչի ընտրությունը կխախտի տարբեր սեռերի հավասարության չափանիշը, ապա`

ա. այդ սեռի բոլոր թեկնածուները հաշվարկից հեռացվում են,

բ. նրանց քվեաթերթիկները բաշխվում են հետևյալ կարգով` քվեաթերթիկը նույն արժեքով ավելացվում է այն շարունակող թեկնածուի քվեաթերթիկներին, որի օգտին է այն տրված:

Քայլ 4. Եթե ընտրված բոլոր թեկնածուների թիվը հավասարվում է թափուր տեղերի թվին, ապա քվեարկության արդյունքների ամփոփումն ավարտվում է:

Եթե ընտրված բոլոր թեկնածուների թիվը փոքր է թափուր տեղերի թվից, սակայն տարբեր սեռերի հավասարության չափանիշի պահպանումը միանշանակ կանխորոշում է, թե ովքեր պետք է զբաղեցնեն թափուր տեղերը, ապա համապատասխան թեկնածուները ևս հայտարարվում են ընտրված, և քվեարկության արդյունքների ամփոփումն ավարտվում է:

Քայլ 5. Յուրաքանչյուր շարունակող թեկնածուի համար հաշվարկվում է թեկնածուի ձայների արժեքը: Դրա հիման վրա հաշվարկվում է քվեաթերթիկների ընդհանուր արժեքը, որը բոլոր շարունակող թեկնածուների ձայների հանրագումարն է:

Հաշվարկվում է անցողիկ քվոտան հետևյալ բանաձևով.

 

Անցողիկ քվոտա =

Քվեաթերթիկների ընդհանուր արժեք/(թափուր տեղերի թիվ + 1) + 0.01

 

Քայլ 6. Եթե չկա ոչ մի շարունակող թեկնածու, որի ձայների ընդհանուր արժեքը մեծ է կամ հավասար անցողիկ քվոտային, ապա քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը շարունակվում է 10 քայլից:

Քայլ 7. Այն շարունակող թեկնածուն, որի ձայների ընդհանուր արժեքն ամենամեծն է, համարվում է ընտրված:

Քայլ 8. Ընտրված թեկնածուի համար հաշվարկվում է թեկնածուի ավելցուկ ձայների արժեքը, որը հավասար է թեկնածուի ձայների արժեքի և անցողիկ քվոտայի տարբերությանը: Այդ թեկնածուի օգտին տրված յուրաքանչյուր քվեաթերթիկին տրվում է ձայնի նոր արժեք: Այն հաշվարկելու համար քվեաթերթիկի ձայնի արժեքը բազմապատկվում է թեկնածուի ավելցուկ ձայների արժեքով և բաժանվում թեկնածուի ձայների արժեքի վրա:

Քայլ 9. Ընտրված թեկնածուի բոլոր քվեաթերթիկները վերաբաշխվում են հետևյալ կարգով. քվեաթերթիկն ավելացվում է այն թեկնածուի քվեաթերթիկներին, որի օգտին է այն տրված: Եթե այդպիսի շարունակող թեկնածու չկա, ապա այդ քվեաթերթիկը հեռացվում է հաշվարկից և այլևս չի օգտագործվում ամփոփման հաջորդ քայլերի ժամանակ: Քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակվում է 3-րդ քայլից:

Քայլ 10. Ձայների ամենափոքր արժեք ունեցող շարունակող թեկնածուն հեռացվում է հաշվարկից, եթե դա չի խախտի տարբեր սեռերի հավասարության չափանիշը: Եթե դա խախտում է տարբեր սեռերի հավասարության չափանիշը, ապա հաշվարկից հեռացվում է նվազագույն ձայներ ստացած այն թեկնածուն, որի հեռացումը չի խախտի տարբեր սեռերի հավասարության չափանիշը: Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել նվազագույն ձայներ ստացած թեկնածուին, ապա հեռացվող թեկնածուն որոշվում է վիճակահանությամբ:

Հաշվարկից հեռացված թեկնածուի քվեաթերթիկները բաշխվում են հետևյալ կարգով. քվեաթերթիկը նույն արժեքով ավելացվում է այն շարունակող թեկնածուի քվեաթերթիկներին, որի օգտին է այն տրված: Քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակվում է 3-րդ քայլից:

 

Հոդված 144.

Անցումային և եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունիսի 1-ից:

2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

3. Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը նշանակվող՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կազմակերպվում և անցկացվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան, բացառությամբ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը սահմանող դրույթների, որը կարգավորվում է սույն օրենսգրքով սահմանված դրույթներին համապատասխան:

Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Գյումրի և Վանաձոր համայնքներում անցկացվում են ավագանու ընտրություններ՝ սույն օրենսգրքով նախատեսված համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ չեն անցկացվում: Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Գյումրի և Վանաձոր համայնքներում նշանակվող ավագանու ընտրությունների քվեարկությունը կազմակերպվում և անցկացվում, իսկ ընտրությունների արդյունքներն ամփոփվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի՝ Երևանի ավագանու ընտրության համար սահմանված կանոնակարգումներին համապատասխան՝ ընտրատարածքային (տարածքային) ընտրական հանձնաժողովների կողմից:

Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Գյումրու, Վանաձորի ավագանիների, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակները կազմվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան, որոնցում ընդգրկվում են սույն օրենսգրքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

Գյումրու, Վանաձորի ավագանիների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հավատարմագրումն իրականացվում է 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի դրույթներին համապատասխան: Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների դիտորդներից որակավորման վկայականներ չեն պահանջվում, իսկ սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը գործում է 2017 թվականի հունվարի 1-ից:

Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է որոշում կայացնել առանձին համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը սույն օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան կազմակերպելու և անցկացնելու մասին` որպես փորձարարական ծրագիր: Փորձարարական ծրագրի իրականացմամբ պայմանավորված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է փոխելու տեղական ինքնակառավարման մարմնի քվեարկության օրը՝ նշանակելով նոր օր:

4. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնում են մինչև համապատասխանաբար կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքով նախատեսված կարգով կազմավորումից հետո առաջին նիստի գումարման օրը:

Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ անդամի լիազորությունների ժամկետն ավարտվում է սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորումը, ապա այդ անդամները շարունակում են պաշտոնավարելը մինչև նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումը:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կազմավորվի մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը կայանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումից հետո՝ երրորդ աշխատանքային օրը` ժամը 12.00-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարվում է կազմավորված՝ հանձնաժողովի կազմի 2/3-ի ընտրվելուց հետո:

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը սահմանում է տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքները, տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը և համարները: Տարածքային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքները և տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը սահմանելուց հետո՝ 21-օրյա ժամկետում: Տարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

7. Սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 6-րդ մասն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի լիազորությունների ստանձնման պահից:

8. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունը սույն օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասում որպես Ազգային ժողովի պատգամավորների մանդատների թիվ ընդունվում է 90-ը, իսկ որպես Ազգային ժողովի կուսակցության ստացած մանդատների թիվ ընդունվում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության ստացած մանդատների թիվը:

9. Սույն օրենսգրքի 97-րդ և 98-րդ հոդվածներով սահմանված պահանջը՝ վարչապետի թեկնածուի վերաբերյալ համաձայնության գալու և ներկայացնելու վերաբերյալ, ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման պահից:

10. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Եթե ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

11. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը մնում է թափուր:

12. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումները գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենսգրքին:

13. 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին համապատասխան՝ ստուգարքի հիման վրա տրված ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման և դիտորդական առաքելություն իրականացնելու վկայականները համարվում են անվավեր 2016 թվականի դեկտեմբերի 31-ից:

14. Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը:

15. Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համապետական ընտրական ցուցակի առաջին մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 20 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:

16. Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ մանդատից հրաժարված կամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը համապատասխան ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 20 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:

17. Սույն օրենսգրքով դատավորի համար սահմանված նորմերը տարածվում են նաև սահմանադրական դատարանի անդամների վրա:

(144-րդ հոդվածը լրաց., փոփ. 30.06.16 ՀՕ-119-Ն)

 

Հոդված 145.

Լրացուցիչ դրույթներ

 

1. Սույն օրենսգրքում կուսակցությանը վերաբերող բոլոր նորմերը, բացառությամբ 8-րդ, 26-րդ, 44-րդ, 81-րդ, 83-րդ, 84-րդ, 86-րդ, 88-րդ, 90-րդ, 92-րդ, 95-րդ, 97-րդ, 98-րդ, 129-րդ, 130-րդ, 132-րդ, 135-րդ, 139-րդ և 141-րդ հոդվածներում առկա նորմերի, վերաբերում են նաև կուսակցությունների դաշինքին:

2. Սույն օրենսգրքում թեկնածուին վերաբերող բոլոր նորմերը, բացառությամբ 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 33-րդ, 34-րդ, 107-րդ, 108-րդ, 109-րդ, 110-րդ, 111-րդ, 112-րդ, 113-րդ, 114-րդ, 115-րդ, 116-րդ, 117-րդ, 118-րդ, 119-րդ, 120-րդ, 121-րդ, 122-րդ հոդվածներում առկա նորմերի, վերաբերում են նաև ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուին:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. մայիսի 28

Երևան

ՀՕ-54-Ն