Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-211-Ն
Տիպ
Օրենսգիրք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.04.2018-21.06.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.07/75(447) Հոդ.1432
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2005

Բովանդակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 24-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենսգրքի կարգավորման առարկան

Սույն օրենսգիրքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության անտառների և անտառային հողերի կայուն կառավարման` պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև անտառների հաշվառման, մոնիթորինգի, վերահսկողության և անտառային հողերի հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Անտառային օրենսդրությունը

 

Հայաստանի Հանրապետությունում անտառային բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով  և այլ իրավական ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները
 

Սույն օրենսգրքում օգտագործվող հասկացություններն են`

անտառ` անտառային կամ անտառապատման նպատակով հատկացված այլ հողերում ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ու բնական միջավայրի բաղադրիչների փոխադարձորեն կապված և միմյանց վրա փոխազդող ամբողջություն, որի նվազագույն մակերեսը կազմում է 0,1 հեկտար, նվազագույն լայնությունը` 10 մետր, և որտեղ ծառերի սաղարթը ծածկում է տվյալ տարածքի  առնվազն  30 տոկոսը, ինչպես նաև նախկինում անտառածածկ անտառային հողերի ոչ անտառածածկ տարածքները.

անտառային արդյունք` մթերված անտառային պաշար.

անտառային պաշարներ` անտառային ռեսուրսների օգտագործման ենթակա թույլատրելի մասը (ըստ ծավալի, քանակի, որակի, ձևի ու տարածքային տեղադիրքի).

անտառների պետական հաշվառում` անտառային տնտեսության վարման ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների գրանցում` հինգ տարին մեկ անգամ.

անտառային հողեր` անտառապատ, կենդանական և բուսական աշխարհի պահպանման, բնության պահպանության, ինչպես նաև անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար տրամադրված կամ նախատեսված հողեր.

անտառային տնտեսություն` արտադրական միավոր, որի գործունեության նպատակը անտառների կայուն կառավարումն է.

անտառային տնտեսության վարում` անտառաշինական նախագծերով նախատեսված համալիր միջոցառումների իրականացում.

անտառային տնտեսություն վարող անձ` անտառային տնտեսություն վարող իրավաբանական անձինք և քաղաքացիները.

անտառային ռեսուրս` բնափայտի, բույսերի, անտառներում վերարտադրվող այլ անտառանյութի, կենդանական աշխարհի ամբողջականություն.

անտառային պետական կադաստր` անտառների և անտառային հողերի քանակական և որակական տվյալների գրանցման, տնտեսական գնահատման, ինչպես նաև անտառների դասակարգման պարբերաբար նորացվող համակարգ.

անտառի մոնիթորինգ (դիտանց)` անտառների և անտառային հողերի վիճակի կանխատեսման նպատակով իրականացվող դիտարկումների, հետազոտությունների և գնահատման գործընթաց.

անտառների կայուն կառավարում` անտառների պահպանություն, պաշտպանություն, վերականգնում, անտառապատում և արդյունավետ օգտագործում՝ պահպանելով անտառների կենսաբազմազանության ինքնավերականգնման կարողությունը, ինչպես նաև ապահովելով անտառների բնապահպանական, սոցիալական, տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը ներկա և ապագա սերունդների համար.

անտառների պահպանություն` հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացում.

անտառների պաշտպանություն` վնասակար օրգանիզմների (վնասատուների և հիվանդությունների) կողմից անտառների ոչնչացման, չորացման, օգտակար հատկությունների կորստի կանխարգելմանը և սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում.

անտառաշինություն` անտառների կայուն կառավարման պլանավորմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում` 10 տարին մեկ անգամ.

անտառաշինական նախագիծ (անտառակառավարման պլան)` անտառաշինության արդյունքում մշակված և անտառային տնտեսության վարման նպատակով հաստատված տեխնիկական փաստաթուղթ.

անտառավերականգնում` նախկինում անտառածածկ տարածքների վերականգնում և բնական վերաճի ապահովում.

անտառօգտագործում` անտառների, անտառային պաշարների և անտառային հողերի օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու հնարավորության օգտագործում.

անտառահատման տոմս` բնափայտի և երկրորդական անտառանյութի մթերման ու անտառից դուրսբերման իրավունքը հաստատող փաստաթուղթ.

անտառային տոմս`  կողմնակի անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ.

անտառօգտագործման վճարներ` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով  կենսառեսուրսների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարներ.

անտառային ճանապարհներ` անտառների կայուն կառավարումն ապահովելու համար անհրաժեշտ փոխադրման ուղիներ.

անտառապատում` արհեստական անտառային մշակույթների հիմնադրում ու աճեցում տնկման և ցանքի միջոցով` ոչ անտառածածկ հողերի, ինչպես նաև այլ նպատակային նշանակության հողերի վրա.

անտառօգտագործող` ֆիզիկական և իրավաբանական անձ, որն օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք է ձեռք բերել օգտվելու անտառի և անտառային հողերի օգտակար հատկություններից.

բնափայտի մթերում` արմատից հատված, ինչպես նաև քամատապալ, ձյունակոտոր ծառերի անտառից դուրսբերում.

երկրորդական անտառանյութ` մթերված կոճղ, կեղև, չորացած ճյուղ, շիվ, խեժ.

թափուկ` անտառային հողի վրա ընկած, մահացած ծառերի մասեր կամ բներ.

ծառուտ` հիմնական արտաքին նշաններով միանման ծառերի ամբողջականություն.

կենսատոպ`  հատուկ պահպանության ենթակա բուսական ու կենդանական օրգանիզմների կենսամիջավայր.

կենսաբանական բազմազանություն` ցամաքային, օդային և ջրային կենդանի օրգանիզմների տարատեսակություն, որը ներառում է ներտեսակային, միջտեսակային և էկոհամակարգերի բազմազանություն.

հաշվարկային հատատեղ` անտառաշինական նախագծով սահմանված բնափայտի մթերման տարեկան չափաքանակ.

հատման տարիք` ծառերի հասունության գիտականորեն հիմնավորված ցուցանիշ.

հատումներ`

անտառավերականգնման հատումներ` հասուն և գերհասուն անտառներում բնական միջավայրի բարելավման և անտառավերականգնման նպատակով իրականացվող հատումներ.

այլ հատումներ՝ անտառային տարածքների մաքրման, անտառային ճանապարհների կառուցման, անտառային տնտեսության վարման հետ չկապված՝ օրենքով սահմանված աշխատանքների կատարման նպատակով ծառերի հատումներ.

խնամքի (միջանկյալ) հատումներ՝ ծառուտում գլխավոր անտառատեսակ կազմող ծառատեսակի աճին խոչընդոտող դանդաղաճ ծառերի պարբերաբար հեռացում.

սանիտարական հատումներ` անտառների սանիտարական վիճակի բարելավման նպատակով վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր և չորացած ծառերի հատումներ.

ոչ անտառածածկ տարածք` անտառային հողերի անտառազուրկ տարածքներ.

ոչ բնափայտային անտառանյութի մթերում` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում և անտառից դուրսբերում:


Գ Լ ՈՒ Խ  2

 

 ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 4. Անտառների և անտառային հողերի նկատմամբ սեփականության իրավունքը

 

1. Անտառները և անտառային հողերը լինում են պետական, համայնքային և մասնավոր:

2. Պետական անտառները և անտառային հողերը ենթակա չեն օտարման համայնքներին, իրավաբանական անձանց և քաղաքացիներին:

3. Համայնքների, իրավաբանական անձանց և քաղաքացիների սեփական հողերի վրա դրանց սեփականատերերի կողմից հիմնված անտառները համարվում են նրանց սեփականությունը:

4. Անտառների նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 5. Անտառի սեփականատիրոջ իրավունքներն ու պարտականությունները

 

1. Անտառի սեփականատիրոջ իրավունքներն են՝

ա) անտառների տիրապետումը, օգտագործումը, տնօրինումը և անտառային տնտեսության վարումը սույն օրենսգրքի համաձայն` չվնասելով շրջակա միջավայրը.

բ) անտառներում անտառօգտագործման կարգի սահմանումը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

գ) անտառօգտագործման սակագների սահմանումը.

դ) վարձակալության պայմանագրի ժամկետների և վարձավճարի սահմանումը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անտառային հողերի վարձակալության տրամադրման կազմակերպումը.

զ) անտառաշինական նախագծերով նախատեսված անտառային ճանապարհների համար տարածք տրամադրելիս վնասի հատուցման իրավունքը:

2. Անտառի սեփականատիրոջ պարտականություններն են՝

ա) անտառների պահպանության և պաշտպանության ապահովումը.

բ) անտառաշինական նախագծերի պատվիրումը և իրականացումը.

գ) անտառային ռեսուրսների և հողերի արդյունավետ օգտագործման կազմակերպումը՝ ըստ անտառաշինական նախագծերի.

դ) անտառային հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.

ե) անտառների վերականգնումը և անտառապատումը, դրանց արտադրողականության բարձրացումն ու խնամքը.

զ) անտառային հողերում հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելումը.

է) պետական անտառային հողերի տարածքում անտառի օգտագործման հետ չկապված աշխատանքների, ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների և անտառամշակույթների վնասման և ոչնչացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով, կոմունալ-կենցաղային թափոններով անտառների աղտոտման և անտառային օրենսդրության այլ խախտումների ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը.

ը) անտառաշինական նախագծերով նախատեսված պետական անտառային ճանապարհների համար տարածքի տրամադրումը:

3. Ոչ պետական անտառների և անտառային հողերի սեփականատերերը պարտավոր են անտառների կայուն կառավարման ոլորտի պետական կառավարման մարմնին տրամադրել տվյալներ` Հայաստանի Հանրապետության պետական անտառային կադաստրի վարման և  անտառային հողերի պետական հաշվառման նպատակով:
 

Գ Լ ՈՒ Խ  3

 

 ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված 6. Անտառների կայուն կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

 

Անտառների կայուն կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

ա) պետական անտառների տնօրինումը՝ սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի համաձայն.

բ) պետական քաղաքականության իրականացման ապահովումը.

գ) վերահսկողության իրականացումը պետական և ոչ պետական անտառներում.

դ) պետական ծրագրերի հաստատումը.

ե) անտառների կայուն կառավարման ոլորտի պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.

զ) պետական անտառներում բնափայտի մթերման տարեկան հաշվարկային հատատեղի հաստատումը.

է) անտառների դասակարգումը՝ ըստ հիմնական նպատակային նշանակության.

ը) անտառային ոլորտը կարգավորող իրավական ակտերի ընդունումը.

թ) սույն օրենսգրքով և օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(6-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-304-Ն)

 

Հոդված 7. Անտառների կայուն կառավարման և վերահսկողության ոլորտում պետական լիազորված մարմինների իրավասությունները

 

1. Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական կառավարման լիազորված մարմին) իրավասություններն են`

ա) պետական անտառների տիրապետումը և օգտագործումը՝ սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի համաձայն.

բ) պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.

գ) անտառների դասակարգումը՝  ըստ գործառնական նշանակության.

դ) Հայաստանի Հանրապետության պետական անտառային տնտեսությունների վարման կազմակերպումը.

ե) պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատումը.

զ) Հայաստանի Հանրապետության պետական անտառային կադաստրի վարումը, անտառային հողերի պետական հաշվառումը.

է) անտառների արտադրողականության բարձրացմանը, անտառավերականգնմանը, անտառապատմանը և խնամքին ուղղված նպատակային ծրագրերի մշակումը.

ը) անտառային հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.

թ) հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացման, անտառային հրդեհների հայտնաբերման ու կանխման, անտառների վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման կազմակերպումը.

ժ) անտառների մոնիթորինգի իրականացումը.

ժա) անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների` ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների և անտառային մշակույթների վնասման և ոչնչացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով, կոմունալ-կենցաղային թափոններով անտառների աղտոտման և անտառային օրենսդրության այլ խախտումների հայտնաբերման ու կանխարգելման կազմակերպումը և այդ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավապահ մարմիններին տեղեկությունների անհապաղ տրամադրումը.

ժբ) անտառների կայուն կառավարման բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը.

ժգ) համայնքային անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական, պայթեցման, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքների կատարման նպատակով հողերի նպատակային նշանակության փոփոխման, ինժեներաերկրաբանական հետազոտությունների իրականացման համար թույլտվության տրամադրումը.

ժդ) անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողությունը.

ժե) սույն օրենսգրքով և  օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Բնապահպանական վերահսկողությունն իրականացնում է տվյալ բնագավառում լիազորված պետական մարմինը:

(7-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-304-Ն)

Հոդված 7.1.

Անտառային կոմիտեն

  

1. Անտառային կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:

2. Կոմիտեն՝

1) իրականացնում է անտառային պետական ծառայությանն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները.

2) կազմակերպում է անտառների և անտառային հողերի պետական հաշվառումը և վարում է անտառային պետական կադաստրը.

3) մշակում է անտառային պաշարների արդյունավետ օգտագործման ծրագրեր՝ համագործակցելով նաև միջազգային համապատասխան կառույցների հետ.

4) կազմակերպում և հսկողություն է իրականացնում պետական անտառների անտառաշինության աշխատանքների նկատմամբ.

5) անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտի մթերումն իրականացնելու համար փաստացի ուսումնասիրություններ կատարելու և եզրակացություններ տրամադրելու նպատակով ստեղծում է մասնագիտական հանձնաժողովներ և եզրակացությունների համաձայն տրամադրում է թույլտվություն.

6) իրականացնում է անտառային մոնիթորինգ.

7) մասնակցում է անտառային բնագավառի ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ֆինանսական ռազմավարության մշակմանը, հատկացված ֆինանսական միջոցների կառավարմանը, ինչպես նաև դրանից բխող ներդրումային ծրագրերի նախապատրաստմանը և իրականացմանը, պայմանագրերի կնքմանը.

8) մշակում և կազմակերպում է անտառային հողերում հրդեհային անվտանգության, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերը.

9) կազմակերպում է պետական անտառային տնտեսությունների վարումը.

10) կազմակերպում է անտառների վերականգնման և անտառապատման, ինչպես նաև սելեկցիոն-սերմնային տնտեսության վարման, ագրոանտառաբուծության, տնկարանային տնտեսության ընդլայնման, անտառամելիորատիվ միջոցառումներ.

11) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա տրամադրում է համաձայնություն անտառավերականգնման, անտառապատման, անտառային ճանապարհների կառուցման և վերանորոգման նախագծերի, անտառային ոլորտին առնչվող այլ փաստաթղթերի վերաբերյալ .

12) իրականացնում է պետական անտառների տիրապետումը և օգտագործումը.

13) իրականացնում է սահմանված կարգով անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու հետ կապված գործառույթներ.

14) ներկայացնում է առաջարկություններ անտառային հողերի և անտառների՝ ըստ նպատակային նշանակության դասակարգելու վերաբերյալ.

15) օրենքով սահմանված դեպքերում տրամադրում է եզրակացություն արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին.

16) կազմակերպում է անտառների արտադրողականության բարձրացման, անտառավերականգնման, անտառապատման և խնամքին ուղղված պետական նպատակային ծրագրերի իրականացումը.

17) կազմակերպում է անտառային օրենսդրության խախտումների կանխարգելման և հայտնաբերման աշխատանքները.

18) տրամադրում է համաձայնություն անտառներում և անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման համար.

19) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով անտառների կամ անտառային հողերի նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի ձեռքբերման հայտերի ընդունումը և մրցույթների կազմակերպումը, համաձայնության տրամադրումը.

20) հրդեհավտանգ ժամանակահատվածում, անհրաժեշտության դեպքում, անտառի առանձին հատվածներում ապահովում է քաղաքացիների և տրանսպորտային միջոցների օրենքով նախատեսված դեպքերում մուտքի արգելումը կամ սահմանափակումը, ինչպես նաև այդ հատվածներում որոշակի աշխատանքների իրականացումը.

21) մասնակցում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովմանը և անտառային ոլորտում նախատեսվող միջազգային ծրագրերի մշակմանը.

22) կազմակերպում է անտառային օրենսդրության խախտումների հայտնաբերումն ու կանխարգելումը և այդ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական պետական վերահսկողություն իրականացնող մարմնին և իրավապահ մարմիններին անհապաղ տրամադրում է տեղեկություններ, ինչպես նաև կազմակերպում և իրականացնում է համատեղ միջոցառումներ.

23) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իր լիազորությունների սահմաններում իրականացնում է վարչական վարույթ, ընդունում է համապատասխան որոշումներ.

24) իրականացնում է ծառայողների և անտառային ոլորտի մասնագետների ուսուցման և վերապատրաստման կազմակերպումը.

25) իրականացնում է գիտահետազոտական աշխատանքների, անտառային արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր փորձի ներդնման կազմակերպումը.

26) իրականացնում է անտառային ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման, այդ թվում՝ էկոլոգիական կրթության, աշխատանքների կազմակերպումը.

27) իրականացնում է իր ենթակայության անտառային հողերում գտնվող հատուկ պահպանվող անտառային տարածքների կառավարումը.

28) մշակում և իրականացնում է ներդրումային ծրագրեր պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում .

29) աջակցում է համայնքային անտառների ստեղծմանը և զարգացմանը.

30) ստեղծում է անտառային արդյունքի արտադրության և վերամշակման հզորություններ.

31) մշակում և իրականացնում է հանգստի, զբոսաշրջության, այդ թվում` Էկոտուրիզմի զարգացման ծրագրեր.

32) աջակցում է ագրոանտառաբուծության զարգացմանը:

(7.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-304-Ն)

 

Հոդված 8. Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները

 

Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման տարածքային մարմինների  իրավասություններն են`

ա) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանը և դրանց իրականացման ապահովումը մարզի վարչական տարածքներում.

բ) մարզի վարչական տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների և բնակչության ներգրավումը.

գ) պետական ծրագրերի իրականացումը անտառների և անտառային հողերի պահպանության և օգտագործման նպատակով.

դ) օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(8-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-304-Ն)

 

Հոդված 9. Անտառների կայուն կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

 

Անտառների կայուն կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են`

ա) համայնքային անտառների տիրապետումը, օգտագործումը, տնօրինումը և անտառային տնտեսության վարումը՝  սույն օրենսգրքի համաձայն.

բ) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանը և դրանց իրականացման ապահովումն իրենց վարչական տարածքներում` օրենքով սահմանված կարգով.

գ) անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների և բնակչության ներգրավումը.

դ) համայնքի կառավարմանը հանձնված պետական անտառների կառավարումը.

ե) համայնքային անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական, պայթեցման, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքների կատարման նպատակով հողերի նպատակային նշանակության փոփոխման, ինժեներաերկրաբանական հետազոտությունների իրականացման համար համաձայնության տրամադրումը:

Գ Լ ՈՒ Խ  4

 

 ԱՆՏԱՌՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Հոդված 10. Անտառների դասակարգումը՝ ըստ հիմնական նպատակային նշանակության

 

1. Հայաստանի Հանրապետությունում անտառները, անկախ սեփականության ձևից, ըստ իրենց հիմնական նպատակային նշանակության՝ դասակարգվում են`

ա) պաշտպանական նշանակության.

բ) հատուկ նշանակության.

գ) արտադրական նշանակության:

Ըստ հիմնական նպատակային նշանակության՝ անտառների դասակարգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ոչ պետական անտառների նպատակային նշանակության փոփոխման դեպքում  պետության կամ համայնքի կարիքների համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով սեփականատիրոջը փոխհատուցվում են պատճառված վնասները և կորուստները, եթե անտառների նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ չի փոփոխվում:

 

Հոդված 11.

Պաշտպանական նշանակության անտառները

 

1. Պաշտպանական նշանակության անտառներ են`

ա) ջրային օբյեկտների ջրապահպան գոտիների անտառները.

բ) բարձր թեքության (30 աստիճանից ավել) վրա գտնվող անտառները.

գ) անտառների վերին և ստորին սահմանների 200 մետր լայնությամբ տարածքը.

դ) կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում աճող անտառները.

ե) բուսաբանական, կենդանաբանական այգիների, դենդրոպարկերի շրջակա անտառները` 100 մետր շառավղով:

2. Պաշտպանական նշանակության անտառներում արգելվում է անտառավերականգնման հատումների իրականացումը:

3. Պաշտպանական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 12. Հատուկ նշանակության անտառները

 

1. Հատուկ նշանակության անտառներ են`

ա) բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված անտառները.

բ) քաղաքային և քաղաքամերձ անտառները.

գ) ռեկրեացիոն և առողջարարական անտառները.

դ)  սահմանային, ռազմական նշանակության  անտառները.

ե) պատմական և գիտական արժեք ներկայացնող անտառները.

զ) սանիտարական գոտիները պահպանող անտառները:

2. Հատուկ նշանակության անտառներում սահմանափակվում և արգելվում են անտառօգտագործման այն ձևերը, որոնք չեն համապատասխանում այդ տարածքների պահպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռեժիմին:

3. Հատուկ նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 13. Արտադրական նշանակության անտառները

 

1. Արտադրական նշանակության անտառներն են բնափայտի շարունակական արտադրությունն ապահովող անտառները, որոնք չեն դասվում հատուկ և պաշտպանական նշանակության անտառների շարքին:

2. Արտադրական նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է անտառաշինական նախագծերի հիման վրա` միջանկյալ (խնամքի), սանիտարական և անտառավերականգնման հատումների միջոցով,  հատման տարիքի հիման վրա՝ անտառի կենսաբանական առանձնահատկությունների բարելավման նպատակով` ապահովելով շրջակա միջավայրի վրա բացասական ներգործությունների կանխարգելումը, իսկ դրա անհնարինության դեպքում` բացասական ներգործությունների  հետևանքների վերացումը:

3. Արտադրական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՆՏԱՌԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ


Հոդված 14. Անտառաշինության սկզբունքները

 

1. Անտառաշինությունը անտառների կայուն կառավարման հիմքն է:

2. Անտառաշինությունն ընդգրկում է`

ա) անտառային տնտեսության սահմանների որոշումը.

բ) տեղագրական աշխատանքների կատարումը և անտառների քարտեզագրումը.

գ) անտառային հողերի գույքագրումը, ներառյալ՝ բնական պայմանների նկարագրությունը, անտառների տեսակային և տարիքային կազմի, վիճակի, անտառային ռեսուրսների որակական և քանակական բնութագրերը.

դ) անտառավերականգնման, խնամքի, սանիտարական և այլ հատումների, անտառավերականգնման և անտառապատման, անտառի պահպանության և պաշտպանության, ինչպես նաև այլ տնտեսական միջոցառումների կատարման տեղի, կարգի և եղանակների սահմանումը՝ հաշվի առնելով անտառների տեսակային կազմը և  անտառային ճանապարհների առկայությունը.

ե) անտառներն ըստ նշանակության դասակարգելու հիմնավորումը.

զ) հաշվարկային հատատեղերի` անտառավերականգնման, խնամքի, սանիտարական և այլ հատումների ծավալների հաշվարկումը.

է) անտառավերականգնման, անտառապատման, անտառների պաշտպանության, պահպանության և այլ անտառատնտեսական աշխատանքների ծավալների որոշումը.

ը) կենսաբանական բազմազանության նկարագիրը, կողմնակի և երկրորդական անտառանյութերի, անտառային հողերի օգտագործման հնարավորությունների որոշումը մշակութային, առողջարարական և ռեկրեացիոն կարիքների նպատակով:

3. Անտառաշինությունն իրավական ուժ է ստանում միայն անտառաշինական նախագծերի՝  սահմանված կարգով հաստատվելուց հետո:

Հոդված 15. Անտառաշինական նախագիծը

 

1. Անտառաշինության ընթացքում անտառային տնտեսության վարման նպատակով կազմվում են համապատասխան նախագծեր, որոնք տալիս են անցած ժամանակաշրջանի համար անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման ամբողջական գնահատականը, ինչպես նաև անտառային տնտեսության վարման առաջիկա 10 տարիներին իրականացվելիք միջոցառումները:

2. Անտառաշինական նախագծերի մշակման հրահանգը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Անտառաշինական նախագծերը պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատվելուց հետո համարվում են անտառային տնտեսության վարման ընթացիկ և հեռանկարային պլանավորման պարտադիր տեխնիկական փաստաթղթեր:


Գ Լ ՈՒ Խ  6

 

 ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 16. Անտառների պետական հաշվառումը և անտառային պետական կադաստրի վարումը

 

1. Անտառների և անտառային հողերի պետական հաշվառումը և անտառային պետական կադաստրի վարումը իրականացվում են անտառների կայուն կառավարման, անտառների քանակական և որակական փոփոխությունների պարբերական գրանցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, շահագրգիռ իրավաբանական անձանց և քաղաքացիներին անտառային հողերի մասին տեղեկություններով ապահովելու նպատակով:

2. Անտառների պետական հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման տվյալները կարող են օգտագործվել անտառային հողերի վրա աշխատանքների կազմակերպման և կատարման, անտառների նպատակային, ինչպես նաև գործառնական նշանակությունը փոխելու, անտառօգտագործողների տնտեսական գործունեության գնահատման նպատակով:

3. Անտառների պետական հաշվառումն իրականացվում է հինգ տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Անտառային պետական կադաստրի և անտառների պետական հաշվառման տվյալները մատչելի են բոլորի համար:

5. Անտառային պետական կադաստրի վարման և անտառների պետական հաշվառման ու տվյալների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 17. Անտառների պետական մոնիթորինգը

 

1. Անտառների պետական մոնիթորինգը կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը` անկախ անտառների սեփականության ձևից:

2. Անտառների պետական մոնիթորինգն իրականացվում է անտառների և անտառային հողերի քանակական և որակական փոփոխությունների ընթացքի, մարդածին և բնական գործոնների բացասական ազդեցության գնահատման, կանխատեսման և բացասական երևույթների կանխարգելման կամ վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:

3. Անտառների պետական մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալներն օգտագործվում են անտառների կայուն կառավարման նպատակով:

Գ Լ ՈՒ Խ  7

 

 ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 18. Անտառային տնտեսության վարման սկզբունքները

 

1. Հայաստանի Հանրապետությունում անտառային տնտեսություն վարում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգում գործող կազմակերպությունները, իրավաբանական անձինք և քաղաքացիները:

2. Անտառային տնտեսության վարման նպատակներն են`

ա) անտառաշինական նախագծերով նախատեսված համալիր միջոցառումների իրականացման միջոցով անտառների կայուն կառավարման ապահովումը.

բ) անտառների արտադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը.

գ) կենսաբանական բազմազանության պահպանությունը.

դ) բնական և պատմական հուշարձանների պահպանությունը:

 

Հոդված 19. Անտառային տնտեսություն վարող անձանց իրավունքները և պարտականությունները

 

Անտառային տնտեսություն վարող անձինք օգտվում են սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված իրավունքներից:

Անտառային տնտեսություն վարող անձինք պարտավոր են`

ա) ապահովել անտառային հողերի նպատակային օգտագործումն ու պահպանումը.

բ) ապահովել անտառների վերականգնումը և անտառազուրկ տարածքների անտառապատումը, դրանց արտադրողականության բարձրացմանն ու անտառային պաշարների արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

գ) իրականացնել անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, հակահրդեհային անվտանգության միջոցառումները, անտառների վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելումը.

դ) ապահովել անտառների ջրապաշտպան, հակաէրոզիոն, սանիտարահիգիենիկ, առողջարարական և այլ օգտակար հատկությունների պահպանումը.

ե) նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ու վերարտադրությանը:

 

Հոդված 20. Անտառային տնտեսության վարման հետ չկապված աշխատանքներ կատարելու կարգը

 

1. Պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ կոմունիկացիաների  անցկացման, հորատման և այլ աշխատանքներն իրականացվում են  պետական կառավարման լիազորված մարմնի  տված համաձայնության հիման վրա: Համաձայնությունը տրվում է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա:

2. Սույն հոդվածով սահմանված աշխատանքների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 21. Անտառների պահպանությունը

 

1. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք և անտառօգտագործողներն իրավունք ունեն անտառները պահպանելու ինքնակամ զավթումներից, ապօրինի հատումներից, ապօրինի արածեցումներից, աղտոտումներից, աղբոտումներից և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողություններից և անտառային օրենսդրության խախտումներից:

2. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք և անտառօգտագործողները պարտավոր են`

ա) պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.

բ) մշակել և իրականացնել համապատասխան միջոցառումների համալիր ծրագրեր հրդեհների հայտնաբերման և մարման ուղղությամբ, այդ թվում՝ կառուցել և վերանորոգել հակահրդեհային նշանակության ճանապարհները.

գ) հրդեհների հայտնաբերման դեպքում ահազանգել և ներգրավել մասնագիտացված հրշեջ ծառայություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին:

3. Անտառային հողերի հարակից տարածքներում օբյեկտների նախագծումը, տեղաբաշխումը, շինարարությունը և գործարկումը պետք է ապահովեն անտառների վիճակի վրա բացասական ազդեցությունների կանխարգելումը: Տարածքների անտառային հողերին հարակից լինելը որոշվում է տվյալ գործունեության բնապահպանական փորձաքննության հիման վրա:

Հոդված 22. Անտառների պաշտպանությունը

 

1. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք և անտառօգտագործողները պարտավոր են անտառները պաշտպանել վնասակար օրգանիզմների զանգվածային բազմացումներից, ինչպես նաև բնական այլ վնասակար ազդեցություններից:

2. Անտառների պաշտպանությունը վնասակար օրգանիզմներից և հիվանդություններից ներառում է հետևյալ միջոցառումների իրականացումը.

ա) անտառապաթոլոգիական ուսումնասիրություններ.

բ) անտառի վնասատուների ու հիվանդությունների կանխարգելում.

գ) սանիտարական հատումներ:

Հոդված 23. Անտառապաթոլոգիական ուսումնասիրությունները

 

1. Անտառապաթոլոգիական ուսումնասիրություններն իրականացվում են վնասատուների ու հիվանդությունների զարգացման, տարածման օրինաչափությունները պարզաբանելու, վնասակարության կանխարգելման արդյունավետ միջոցառումների նախագծերի մշակման ու իրականացման նպատակով:

2. Անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների միջոցով գնահատվում է անտառների սանիտարական վիճակը, որոշվում են հիվանդ, չորացող և չորացած ծառերի քանակը, սանիտարական հատումների անհրաժեշտությունը և դրանց ծավալները:

3. Անտառային տնտեսություն վարող անտառօգտագործողներն իրենց տիրապետման տակ գտնվող անտառներում պարտավոր են իրականացնել անտառապաթոլոգիական ուսումնասիրություններ անտառների սանիտարական վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ ստանալու նպատակով:

Հոդված 24.

Անտառի վնասատուների և հիվանդությունների կանխարգելումը
       

1. Անտառի վնասատուների և հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը պետական անտառներում կենտրոնացված կարգով կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը:

2. Աշխատանքներն իրականացվում են անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա:

3. Անտառի վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներում կիրառվում են անտառային էկոհամակարգերի և շրջակա միջավայրի  նկատմամբ նվազագույն բացասական ազդեցություն ունեցող եղանակները և մեթոդները: Նախապատվությունը տրվում է վնասատուների ու հիվանդությունների վնասակարության կանխարգելման կենսաբանական եղանակներին:

4. Անտառի վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներն իրականացվում են սույն օրենսգրքի և անտառների սանիտարական հատումների կանոնների համաձայն:

Անտառների սանիտարական հատումների կանոնները հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 25.

Սանիտարական հատումները

 

1. Սանիտարական հատումները կատարվում են անտառների սանիտարական վիճակի բարելավման, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր և չորացած ծառերի ոչնչացման նպատակով:

2. Սանիտարական հատումների անհրաժեշտությունը և ծավալները պետք է հիմնավորվեն անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա:

3. Անտառներում կիրառվում է սանիտարական հատումների երկու տեսակ` համատարած և ընտրովի:

4. Համատարած սանիտարական հատումներն իրականացվում են չորացած, հրդեհների, վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած տնկարկներում և ծառուտներում:

5. Համատարած սանիտարական հատումների ենթարկված անտառային հողերում պարտադիր իրականացվում են անտառավերականգնման միջոցառումներ:

6. Ընտրովի սանիտարական հատումներն իրականացնելիս հատվում են ցցաչոր, չորացած, վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած առանձին ծառեր:

7. Սանիտարական հատումներն իրականացվում են պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ:

Հոդված 26. Անտառային պետական ծառայությունը

 

1. Անտառային պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ:

2. Անտառների պահպանությունը և պաշտպանությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող անտառային պետական ծառայությունը:

3. Անտառային պետական ծառայության պաշտոնատար անձինք  պարտավոր են`

ա) իրենց իրավասության սահմաններում կանխել անտառային օրենսդրության խախտումները.

բ) սահմանված կարգով վարել անտառային օրենսդրության խախտումների վերաբերյալ գործերը.

գ) անտառային օրենսդրության խախտումների համար համապատասխան պետական մարմնին միջնորդություն ներկայացնել անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև իրենց իրավասության սահմաններում դատարան հայց ներկայացնել անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման պահանջով.

դ) վերցնել անտառային օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերը.

ե) քաղաքացիներին, պաշտոնատար և իրավաբանական անձանց իրենց իրավասության շրջանակներում պարտադիր ցուցումներ տալ Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության խախտումների և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ.

զ) իրենց իրավասության շրջանակներում ընդունել անտառօգտագործման կասեցման վերաբերյալ որոշումներ.

է) իրականացնել օրենքով սահմանված  այլ պարտականություններ:

4. Անտառային պետական ծառայության պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

ա) իրենց իրավասության սահմաններում կազմելու արձանագրություններ անտառային օրենսդրության խախտումների մասին.

բ) ծառայողական պարտականությունները կատարելիս կրելու և օգտագործելու հրազեն, հատուկ միջոցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) ապահովվելու ծառայության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական այլ միջոցներով.

դ) կրելու սահմանված կարգի համազգեստ, որը տրվում է անվճար:

5. Անտառային պետական ծառայության գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 27. Անտառային պետական ծառայության պաշտոնատար անձանց սոցիալական և այլ երաշխիքները

 

1. Պետությունը անտառային պետական ծառայության պաշտոնատար անձանց  համար երաշխավորում է`

ա) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

բ) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իրենց առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցում.

գ) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով անտառային պետական ծառայության պաշտոնատար անձի  դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից:

2. Անտառային պետական ծառայության աշխատողները ենթակա են պետական պաշտպանության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  9

 

 ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՈՒՄ

 

Հոդված 28. Անտառավերականգնման և անտառապատման նպատակները

 

 Անտառավերականգնման և անտառապատման նպատակներն են՝ բացասական գործոնների ազդեցությունից վնասված  անտառային էկոհամակարգերի  դեգրադացիայի կանխարգելումը, անտառի այրված, հատված և այլ պատճառներով ծառազրկված, նախկինում անտառածածկ տարածքներում անտառային ռեսուրսների վերականգնումը, անտառների արտադրողականության բարձրացման, ինչպես նաև անտառային կենսաբազմազանության պահպանման, բնական վերաճի և անտառածածկ տարածքների ընդլայնման ապահովումը:

Հոդված 29. Անտառավերականգնումը

 

1. Անտառավերականգնման աշխատանքներն իրականացվում են անտառային հողերի այրված, հատված և այլ բացասական գործոնների ազդեցությունից անտառազուրկ՝ նախկինում անտառածածկ տարածքների վերականգնման և բնական վերաճի ապահովման նպատակով:

2. Անտառավերականգնման աշխատանքների ծավալների և ձևերի ընտրությունը, ինչպես նաև այդ աշխատանքների համար տնտեսապես արժեքավոր ծառատեսակների ընտրությունը կատարում են անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող  իրավաբանական և ֆիզիկական անձինք` անտառաշինական նախագծերի, անտառավերականգնման հրահանգի և անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու  կարգի համաձայն:

3. Անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 30. Անտառապատումը
 

1. Անտառապատումը, ոչ անտառածածկ անտառային հողերի, ինչպես նաև այլ  նպատակային նշանակության հողերի վրա տնկման և ցանքի միջոցով արհեստական անտառային մշակույթների հիմնադրումն ու աճեցումն է:

2. Ոչ անտառածածկ անտառային հողերի անտառապատումն իրականացվում է անտառաշինական նախագծերի, անտառապատման հրահանգին և անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու  կարգի համաձայն:

3. Անտառապատման և անտառավերականգնման հրահանգները հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 31. Անտառային սերմերի մթերումը և տնկանյութի աճեցումը

 

1. Անտառավերականգնման, անտառապատման նպատակներով անտառային սերմերի մթերումը և տնկանյութի աճեցումն իրականացվում են անտառասերմնային և տնկարանային տնտեսության վարման կանոնների համաձայն:

2. Անտառասերմնային և տնկարանային տնտեսության վարման կանոնները հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Գ Լ ՈՒ Խ  10

 

 ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 

Հոդված 32. Անտառները կամ անտառային հողերն օգտագործման տրամադրելը

 

1. Անտառների և անտառային հողերի սեփականատերերն անտառները կամ անտառային հողերն օգտագործման են տրամադրում անհատույց կամ վարձակալության իրավունքով, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ նպատակներով:

2. Պետական անտառները կամ անտառային հողերն անհատույց օգտագործման են տրամադրվում օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:

3. Վարձակալության և օգտագործման իրավունքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական, Հողային և սույն օրենսգրքերով:

4. Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 33. Անտառապատման նպատակով պետական անտառային հողերն անհատույց օգտագործման տրամադրելը

 

1. Պետական անտառային հողերը ոչ անտառածածկ և բնական վերաճ չունեցող տարածքներում կարող են տրամադրվել անհատույց օգտագործման անտառի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պայմանով, եթե օգտագործողներն իրենց սեփական միջոցներով, անտառապատման կանոններին համապատասխան, իրականացնում են անտառապատում, և դրանք փոխադրվում են անտառի շարք: Անտառի շարք փոխադրելու փաստը հաստատվում է սույն օրենսգրքի և կողմերի միջև կնքված պայմանագրի հիման վրա կազմած ակտով, որը անտառի սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքն է:

2. Անտառային հողերի անհատույց օգտագործման պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 34. Անտառօգտագործողները
 

1. Անտառօգտագործողները պարտավոր են`

ա) անտառները և անտառային հողերն օգտագործել դրանց նպատակային նշանակությանը համապատասխան.

բ) ապահովել անտառների սանիտարական վիճակի պահպանությունը.

գ) կանխարգելել հողատարման առաջացումը և այլ բացասական ազդեցություններն անտառների վիճակի վրա.

դ) թույլ չտալ գերհատումներ և թերհատումներ, մթերված բնափայտը չթողնել հատատեղերում և անտառներում.

ե) մաքրել հատատեղերը հատումների մնացորդներից.

զ) պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և իրականացնել հակահրդեհային միջոցառումներ.

է) հատուցել կամ վերականգնել անտառօգտագործման հետևանքով անտառներին և անտառային հողերին պատճառված վնասը.

ը) չվնասել հարակից անտառային հողերն օգտագործվող տարածքում հատումներ կատարելիս.

թ) ապահովել բուսական և կենդանական աշխարհի՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող տեսակների պահպանությունը.

ժ) կատարել սույն օրենսգրքով սահմանված այլ պահանջներ:

2. Անտառօգտագործողներն իրավունք ունեն`

ա) իրականացնելու միայն անտառօգտագործման այն տեսակները և միայն այն ծավալներով, որպիսիք նշված են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերում.

բ) ինքնուրույն ընտրելու անտառօգտագործման իրականացման տնտեսական գործունեության ձևերը.

գ) սահմանված կարգով բացելու անտառատնտեսական նշանակության ճանապարհներ, սարքավորելու անտառային արտադրանքի պահեստավորման համար հարթակներ, կառուցելու ժամանակավոր արտադրական և տնտեսական շինություններ, կազմակերպելու ավտոտրանսպորտի կանգառման տեղեր` անտառաշինական նախագծերին համապատասխան:

Անտառօգտագործողների գործունեությանը միջամտելն արգելվում է, բացառությամբ անտառային և բնապահպան այլ օրենսդրության խախտման դեպքերի:

Անտառօգտագործողների խախտված իրավունքները ենթակա են վերականգնման:

3. Անտառային հողերում անտառային տնտեսության կարիքների համար շինարարական աշխատանքները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 35. Անտառօգտագործման տեսակները անտառներում

 

Առանց անտառային էկոհամակարգին վնաս հասցնելու՝ անտառներում կարող են իրականացվել անտառօգտագործման հետևյալ տեսակները.

ա) բնափայտի մթերում.

բ) երկրորդական անտառանյութի մթերում.

գ) կողմնակի անտառօգտագործում.

դ) կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակներով անտառօգտագործում.

ե) գիտահետազոտական նպատակներով անտառօգտագործում.

զ) մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործում:

Հոդված 36.

Բնափայտի մթերումը

 

1. Արտադրական նշանակության պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումների, իսկ հասուն և գերհասուն ծառուտներում` անտառավերականգնման հատումների արդյունքում:

2. Պաշտպանական և հատուկ նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումների արդյունքում, բացառությամբ պետական արգելոցների:

3. Բնափայտի մթերումն իրականացվում և տարեկան հաշվարկային հատատեղերը որոշվում են անտառաշինական նախագծերի հիման վրա: Անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտի մթերումն իրականացվում է պետական կառավարման լիազորված մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովների փաստացի ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա:

4. Բնափայտի մթերման կարգը պետական և համայնքային անտառներում հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 37. Երկրորդական անտառանյութի մթերումը

 

1. Երկրորդական անտառանյութի մթերումն իրականացվում է առանց անտառին վնաս պատճառելու:

Երկրորդական անտառանյութի մթերումը պետական անտառներում իրականացվում է անտառահատման տոմսի հիման վրա:

2. Կոճղերի մթերումն  արգելվում է 12 և ավել աստիճան թեքություն ունեցող լանջերում, ինչպես նաև այն անտառներում, որտեղ այն կարող է հողատարման երևույթներ առաջացնել կամ տնկարկներին վնաս պատճառել:

3. Երկրորդական անտառանյութի մթերում թույլատրվում է պաշտպանական և արտադրական նշանակության անտառներում, եթե այլ բան սահմանված չէ սեփականատիրոջ կողմից:

4. Երկրորդական անտառանյութի մթերման կարգը պետական և համայնքային անտառներում սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 38. Կողմնակի անտառօգտագործումը

 

1. Անտառային հողերում առանց անտառին վնաս պատճառելու կարող են իրականացվել ոչ բնափայտային անտառանյութի` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում, ինչպես նաև մեղվանոցների, փեթակների տեղադրում, խոտհունձ և արածեցում` անտառօգտագործման պայմանագրի և անտառային տոմսի հիման վրա:

Անտառային հողերում առանց անտառին վնաս պատճառելու կարող է իրականացվել գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման և պտղահատապտղային, ընկույզների և դեղաբույսերի տնկադաշտերի ստեղծման, ինչպես նաև խոտհնձի և արածեցման նպատակով անտառային հողերի օգտագործում` վարձակալության պայմանագրի հիման վրա:

2. Կողմնակի անտառօգտագործման համար հատկացված տարածքներում արգելվում են ծառերի հատումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի հավաքումը:

Անտառներում խոշոր և մանր եղջերավոր անասունների արածեցումն արգելվում է:

3. Կողմնակի անտառօգտագործման կարգը պետական և համայնքային անտառային հողերում սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Հոդված 39. Անտառօգտագործումը կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով

 

1. Անտառները կամ անտառային հողերը կարող են օգտագործվել կենդանական աշխարհի տեսակների՝ օրենքով սահմանված կարգով վերարտադրության և օգտագործման կազմակերպման նպատակով:

2. Անտառօգտագործողների կողմից կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով պաշտպանական, արտադրական և հատուկ նշանակության պետական  և համայնքային անտառներում անտառային հողերից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 40. Անտառօգտագործումը գիտահետազոտական և ուսուցման նպատակներով

 

1. Գիտահետազոտական և ուսուցման նպատակներով անտառների օգտագործումը գիտահետազոտական, փորձարարական, գիտաարտադրական աշխատանքների իրականացումն է այդ նպատակով հատկացված անտառային հողերում:

2. Գիտահետազոտական և ուսուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով հատկացված պետական և համայնքային անտառներում պետք է սահմանափակել կամ արգելել այլ նպատակներով իրականացվող անտառօգտագործումը, եթե այն անհամատեղելի է գիտահետազոտական աշխատանքների նպատակների ու խնդիրների հետ:

 

Հոդված 41. Անտառօգտագործումը մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով

 

1. Մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործումը մասնավորապես ներառում է`

ա) անտառների կանաչ գոտիներում և բնակչության հանգստի համար օգտագործվող այլ տարածքներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունների կազմակերպումը.

բ) բնակչության սպասարկման կազմակերպումը՝ պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները և սանիտարական պահանջները.

գ) զբոսաշրջության, մարզական և մանկապատանեկան ճամբարների կազմակերպումը դրանց համար սահմանված կարգով առանձնացված անտառային հողերում.

դ) զբոսաշրջության երթուղիների կազմակերպումը.

ե) որսորդությունը և ձկնորսությունը:

2. Մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով օգտագործվող տարածքներում պետք է պահպանվեն բնական լանդշաֆտները, կենդանական և բուսական աշխարհը, ջրային օբյեկտները:

3. Պաշտպանական և արտադրական նշանակության անտառներում մշակութային, առողջարարական, սպորտի և զբոսաշրջության նպատակներով պետական և համայնքային անտառներից օգտվելու կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Հոդված 42. Անտառօգտագործման առանձնահատկությունները հատուկ նշանակության անտառներում

 

1. Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում ընդգրկված անտառներում անտառօգտագործման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությամբ:

2. Քաղաքային և քաղաքամերձ, ռեկրեացիոն և առողջարարական, պատմական և գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաև սանիտարական գոտիները պահպանող անտառներն առաջնահերթ օգտագործվում են մշակութային-առողջարարական նպատակներով, ինչպես նաև բնակչության հանգստի համար:

3. Քաղաքային և քաղաքամերձ, ռեկրեացիոն և առողջարարական, պատմական և գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաև սանիտարական գոտիները պահպանող անտառներում արգելվում են անտառավերականգնման հատումները:

4. Ռեկրեացիոն և առողջարարական, պատմական և գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաև սանիտարական գոտիները պահպանող պետական և համայնքային անտառներում անտառօգտագործման կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Հոդված 43. Անտառօգտագործման առանձնահատկությունները սահմանային և ռազմական նշանակության անտառներում

 

Սահմանային և ռազմական նշանակության  անտառների և անտառային հողերի օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 44. Քաղաքացիների կողմից անտառի ընդհանուր օգտագործումը

 

1. Քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն` առանց որևէ թույլտվության, գտնվելու պետության կամ համայնքի սեփականության ներքո գտնվող անտառներում` հանգստի, անձնական օգտագործման նպատակով վայրի պտուղ, հատապտուղ, ընկույզ, սունկ և բույսեր հավաքելու համար, բացառությամբ  օրենքով կամ  այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:

2. Քաղաքացիներն իրավունք չունեն առանց սեփականատիրոջ թույլտվության մուտք գործելու քաղաքացու կամ իրավաբանական անձի սեփականության ներքո գտնվող անտառը:

3. Քաղաքացիները պարտավոր են անտառներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, թույլ չտալ ծառերի և թփերի կոտրատում և հատումներ, անտառների աղտոտում, մրջնանոցների, թռչունների և կենդանիների բնատեղերի ոչնչացում և անտառային օրենսդրության այլ խախտումներ:

 

Հոդված 45. Անտառների կամ անտառային հողերի օգտագործումը

 

Սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով նախատեսված դեպքերում անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի և անտառահատման տոմսի կամ անտառային տոմսի հիման վրա:

Անտառահատման և անտառային տոմսերն անտառօգտագործողին տալիս են անտառային պաշարների կամ անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունք պետական և համայնքային անտառներում:

Անտառահատման տոմսը ներառում է մթերվող բնափայտի և երկրորդական անտառանյութի քանակական և որակական բնութագրերը, դրանց արժեքը, աշխատանքների կատարման ժամկետները, անտառավերականգնման և հատատեղերի մաքրման աշխատանքների պայմանները:

Անտառային տոմսը ներառում է կողմնակի  անտառօգտագործման տեսակը, տարածքը, ծավալները, ժամկետը, արժեքը և պայմանները:

Անտառահատման  կամ անտառային տոմսերը տալիս է անտառային տնտեսություն վարող կազմակերպությունը:

Պետական անտառների անտառօգտագործման, անտառահատման կամ անտառային տոմսերը հատուկ հաշվառման ենթակա փաստաթղթեր են, որոնց ձևերը և տրամադրման կարգը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Հոդված 46. Անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքների սահմանափակումները

 

1. Պետության և համայնքների սեփականություն համարվող անտառների կամ անտառային հողերից տրամադրված կամ այլ հիմքերով ձեռք բերված անտառների կամ անտառային հողերի նկատմամբ օգտագործողների իրավունքները կարող են սահմանափակվել՝

1) վարձակալության կամ ենթավարձակալության հանձնելու արգելքով.

2) անտառներում և անտառային հողերում գտնվող պետական գեոդեզիական ցանցի կետերը պահպանելու պահանջով.

3) անտառօգտագործման առանձին տեսակների արգելքով.

4) անտառային հողերի նպատակային օգտագործման փոփոխման արգելքով.

5) բնապահպանական պահանջների պահպանման կամ որոշակի աշխատանքներ կատարելու, ներառյալ՝ կենդանական աշխարհը, հողաշերտը, հազվագյուտ բույսերը, բնության, պատմության և մշակույթի հուշարձանները, հնէաբանական օբյեկտները պահպանելու պայմանով.

6) սահմանված ժամկետում և սահմանված կարգով որսորդության, ձկնորսության, վայրի բույսեր հավաքելու իրավունք տրամադրելու պայմանով.

7) վայրի կենդանիների գոյության, բնական միջավայրի և միգրացիայի ուղիների պահպանման պայմանով.

8) անտառաշինական նախագծերին չհամապատասխանելու դեպքերում.

9) այլ պարտավորություններով, սահմանափակումներով կամ պայմաններով:

2. Անտառների կամ անտառային հողերի նկատմամբ իրավունքների սահմանափակումները սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ դատական կարգով:

 

Հոդված 47. Անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքի դադարման հիմքերը

 

1. Սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով նախատեսված դեպքերում անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքը դադարում է, երբ`

ա) լրացել է անտառօգտագործման ժամկետը.

բ) անտառօգտագործողը հրաժարվում է անտառօգտագործման իրավունքից.

գ) առաջանում են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված այն պայմանները, որոնց առկայության դեպքում անտառօգտագործման հետագա իրականացումն անհնար է դառնում:

2. Անտառների և անտառային հողերի օգտագործման իրավունքը ժամկետից շուտ կարող է դադարեցնել սեփականատերը, երբ`

ա) անտառօգտագործման գոտում բնակվող մարդկանց կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ է սպառնում.

բ) անտառօգտագործողները խախտում են անտառօգտագործման սահմանված կանոնները.

գ) անտառօգտագործողը սահմանված ժամկետներում ձեռնամուխ չի եղել անտառների կամ անտառային հողերի օգտագործմանը նախատեսված ծավալների սահմաններում.

դ) անտառօգտագործողը պայմանագրով սահմանված ժամկետներում չի մուծել անտառօգտագործման վճարը:


Գ Լ ՈՒ Խ  11


ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 48. Անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունքը

 

1. Անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունքը վարձակալության պայմանագրի պայմաններով վճարի դիմաց անտառների կամ անտառային հողերի ժամկետային օգտագործման իրավունքն է:

2. Պետական անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունքը տրամադրվում է հրապարակային սակարկությունների միջոցով:

Առանց հրապարակային սակարկությունների պետական անտառների կամ անտառային հողերի վարձակալության տրամադրման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Անտառները կամ անտառային հողերը վարձակալության տրամադրելու հրապարակային սակարկությունները կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը:

4. Վարձատուի փոփոխման դեպքում վարձակալության պայմանագիրը կարող է դադարել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով։

 

Հոդված 49.

Անտառների կամ անտառային հողերի վարձակալության պայմանագիրը

 

1. Անտառային տնտեսություն վարելու նպատակով վարձակալության հանձնված անտառներում կամ անտառային հողերում վարձակալն իրավունք ունի իրականացնելու անտառօգտագործման բոլոր տեսակները՝ պարտադիր պահպանելով անտառաշինական նախագծերի պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ պայմանագրով:

2. Վարձակալն իրականացնում է անտառօգտագործում անտառային հողի հատակագծի, անտառաշինական նախագծի և վարձակալության պայմանագրի հիման վրա:

 

Հոդված 50.

Պետական և համայնքային անտառների կամ անտառային հողերի վարձակալության ժամկետը և վարձավճարը

 

1. Անտառների կամ անտառային հողերի վարձակալության պայմանագիրը կնքվում է  մինչև 60 տարի ժամկետով: Անտառային հողերի գյուղատնտեսական նպատակների համար նախատեսված հողատեսքերի վարձակալության պայմանագիրը կնքվում է  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված ժամկետներով։

2. Պետական սեփականություն համարվող անտառների  վարձավճարի նվազագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 51.

Պետական անտառներում կամ անտառային հողերում անտառային տնտեսության վարումը

 

1. Մինչև մեկ տարի ժամկետով պետական անտառները կամ անտառային հողերը օգտագործման տրամադրելու դեպքում անտառային տնտեսության վարումն իրականացնում է սեփականատերը:

Մեկ տարուց ավել ժամկետով վարձակալության պայմանագրի կնքման դեպքում վարձակալը պարտավոր է վարել անտառային տնտեսությունը և կրել այն վարելու ծախսերը:

2. Անտառային տնտեսություն վարող վարձակալն իրավունք ունի կառուցելու ժամանակավոր շինություններ, իրականացնելու անտառօգտագործման այն տեսակները, որոնք նախատեսված են պայմանագրով:

3. Վարձակալի կողմից ժամանակավոր շինությունների կառուցումը թույլատրվում է վարձակալության պայմանագրով նախատեսված դեպքերում: Վարձակալի կառուցած ժամանակավոր շինությունները վարձակալության պայմանագրի ավարտից հետո վարձակալի միջոցներով ենթակա են քանդման, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Դրանց արժեքը փոխհատուցման ենթակա չէ:

Վարձակալի կառուցած շինությունները փոխադարձ համաձայնությամբ կարող են հանձնվել անտառային հողերի սեփականատիրոջը:

Հոդված 52.

Վարձակալության պայմանագրի փոփոխումը և լուծումը

 

1. Վարձակալության պայմանագրի պայմանների փոփոխում կողմերի անհամաձայնության դեպքերում կատարվում է  դատական կարգով հետևյալ հիմքերով.

ա) հրդեհների, քամիներից հողմահարման, վնասատուների և հիվանդությունների, երաշտի և սակավաջրության  հետևանքով և այլ պատճառներով անտառային հողերի վիճակի վատթարացման ժամանակ.

բ) անտառօգտագործման կարգի և ռեժիմի սահմանված կարգի փոփոխության դեպքում:

2. Պետական սեփականություն համարվող անտառների և անտառային հողերի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է, եթե փոփոխվել է անտառի նպատակային նշանակությունը: Դրա հետևանքով տուժած անձինք վնասի հատուցման իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

3. Վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:


Գ Լ ՈՒ Խ  12


ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐ


 

Հոդված 53.

Արմատի վրա ծառուտի առուվաճառքի պայմանագիրը

 

1. Համայնքները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրավունք ունեն ձեռք բերելու արմատի վրա հատման ենթակա ծառուտ` սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Առուվաճառքի առարկա համարվող ծառուտը գնորդի կողմից պետք է հատվի պայմանագրով կամ անտառահատման տոմսով սահմանված ժամկետներում:

3. Պետական անտառներում արմատի վրա ծառուտի վաճառքի չափաքանակների հաշվարկման մեթոդիկան սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

4. Պետական սեփականություն համարվող անտառային տարածքներում հատման տեղամասերը և օբյեկտները որոշում է պետական կառավարման լիազորված մարմինը` ելնելով անտառաշինական նախագծերից:

 

Հոդված 54.

Անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը

 

1. Անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրով սեփականատերը կարող է մինչև 10 տարի ժամկետով հավատարմագրային կառավարչին անտառը հանձնել հավատարմագրային կառավարման: Անտառի հավատարմագրային կառավարման պայմանագիրը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի իրականացնելու միայն հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված անտառօգտագործման տեսակները:

3. Պետական անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվում է մրցույթի արդյունքում,  որի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրով անտառները համայնքային կազմակերպություններին են հանձնում առանց մրցույթի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 55.

Անտառատնտեսական աշխատանքների կատարման պայմանագիրը

 

1. Անտառատնտեսական աշխատանքների կատարման պայմանագրով կարող են իրականացվել անտառների պահպանություն, անտառաշինական, անտառապատման, անտառավերականգնման, վնասատուների և հիվանդությունների կանխարգելման անտառապաշտպանական աշխատանքներ, անտառավերականգնման, միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումներ:

2. Պետական անտառներում անտառատնտեսական աշխատանքների կատարման պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Պետական անտառներում անտառատնտեսական աշխատանքների կատարման պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  13


ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐՆ ՈՒ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ


Հոդված 56.

Անտառօգտագործման դիմաց վճարները

 

1. Անտառօգտագործումը պետական անտառներում վճարովի է, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

2. Անտառօգտագործման վճարների դրույքաչափերը սահմանում է սեփականատերը:

3. Պետական անտառներում անտառօգտագործման վճարների դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 57.

Պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման միջոցառումների ֆինանսավորումը

 

Պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումների ֆինանսավորումը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում` կատարվող աշխատանքների ծախսերի նորմատիվներին համապատասխան` բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով: Պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:


Գ Լ ՈՒ Խ  14


ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 58.

Անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողությունը

 

1. Անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության խնդիրն է ապահովել անտառային տնտեսության վարման, անտառօգտագործողների կողմից անտառային հողերի օգտագործման սահմանված կարգի, անտառօգտագործման նորմերի, անտառների պահպանության կանոնների, ինչպես նաև անտառային օրենսդրությամբ սահմանված այլ նորմերի պահպանումը:

2. Անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է անտառային պետական ծառայությունը` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 59.

Համայնքային անտառային հսկողությունը

 

1. Անտառների կայուն կառավարման նկատմամբ համայնքային անտառային հսկողությունը համայնքների վարչական տարածքներում իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինը:

2. Անտառների կայուն կառավարման նկատմամբ համայնքային անտառային հսկողությունը համայնքների վարչական տարածքներում իրականացվում է օրենքով  սահմանված կարգով:


Գ Լ ՈՒ Խ  15


ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 60.

Անտառային օրենսդրության խախտման դեպքերը

 

1. Անտառային օրենսդրության խախտման դեպքերն են`

ա) անտառների սեփականության իրավունքը խախտելը.

բ) անտառային հողերում ծառերն ու թփերը հատելը և արմատախիլ անելը.

գ) հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառը վնասելը կամ ոչնչացնելը, ինչպես նաև անտառներում հրդեհային անվտանգության կանոնների պահանջները խախտելը.

դ) բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը.

ե) անտառները քիմիական և ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով, կենցաղային մնացուկներով և արտադրական թափոններով աղտոտելը.

զ) անտառները ոչնչացնելը կամ վնասելը.

է) անտառավերականգնման կարգը և ժամկետները խախտելը.

ը) անտառային հողերն առանց թույլտվության օգտագործելը, այդ հողերում ծառերն ու թփերն արմատախիլ անելը, ճանապարհների, խողովակաշարերի, շենքերի և շինությունների կառուցումը, հանքերի շահագործումը, բնափայտի մթերումը և այլ նպատակներով օգտագործումը, անտառային տարածքներն ինքնակամ զավթելը.

թ) անտառային հողերում ինքնակամ խոտհունձը և արածեցումը.

ժ) անտառային հողերի բերրի շերտը վնասելը կամ ոչնչացնելը, անտառներում սանիտարական կանոնները խախտելը.

ժա) անտառօգտագործման, անտառավերականգնման և անտառապատման կարգը խախտելը.

ժբ) ոռոգման համակարգը վնասելը.

ժգ) անտառային հողերում ճահճակալած տարածքները, դրենաժային չորացման առուների համակարգերը, ինչպես նաև ճանապարհները վնասելը կամ ոչնչացնելը.

ժդ) ինքնակամ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելն անտառային այն տարածքներում, որտեղ դա արգելվում է.

ժե) վայրի պտուղներ, ընկույզ, հատապտուղ և այլն հավաքելու ժամկետները և եղանակները խախտելը.

ժզ) անտառի կենդանական աշխարհի օբյեկտներին վնաս հասցնելը.

ժէ) անտառային հողերում սահմանափակող անտառաշինական և այլ նշանները ոչնչացնելը կամ վնասելը.

ժը) առանց անտառի վրա վնասակար ազդեցությունը կանխող կայանքների արտադրական օբյեկտները շահագործման հանձնելը.

ժթ) ջրերն աղտոտելու հետևանքով անտառային տնտեսությանն էական վնաս պատճառելը.

ի) քամատապալ, ձյունակոտոր, արմատից հատված ծառերը յուրացնելը և այլ խախտումներ:

2. Անտառային օրենսդրության խախտման համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Անտառային օրենսդրության խախտման համար կիրառված պատասխանատվությունը չի ազատում օրենքով սահմանված կարգով  խախտումները վերացնելու և հասցված վնասը հատուցելու պարտավորությունից:

 

Հոդված 61. Անտառային օրենսդրության խախտմամբ պատճառված վնասի հատուցումը

 

1. Անտառային օրենսդրության խախտման, անտառային հողերը վնասելու, ինքնակամ զավթելու հետևանքով քաղաքացիների կամ իրավաբանական անձանց  պատճառած վնասը ենթակա է հատուցման՝  օրենքով սահմանված կարգով:

2. Անտառային հողերի ինքնակամ զավթված տարածքները վերադարձվում են ըստ պատկանելության, առանց կատարված ծախսերի հատուցման:


Գ Լ ՈՒ Խ  16


ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 62.

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը գործողության մեջ դնելու կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենսգրքի 5-րդ հոդվածի երկրորդ մասի «բ», «գ» և «ե» կետերը, 36-րդ հոդվածի երրորդ և 38-րդ հոդվածի երկրորդ մասերի պահանջներն իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփական անտառների նկատմամբ գործողության մեջ են դրվում անտառի շարք անցնելուց 10 տարի հետո:

3. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը (11 հոկտեմբերի  1994 թվականի) և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի` «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը կիրարկելու մասին» որոշումը (8 հունիսի 1994 թվականի):

4. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը կիրառվում է այն գործողության մեջ դնելուց հետո ծագած անտառային հարաբերությունների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2005 թ. նոյեմբերի 26

Երևան

ՀՕ-211-Ն