ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
(օրենսգիրքն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-241-Ն ՀՀ օրենքով, բացառությամբ նույն օրենքի 259-րդ հոդվածով սահմանված դրույթների)
(Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին)
բ ա ժ ի ն 5
մաքսային վճարներ
գ լ ու խ 16
ընդհանուր դրույթներ մաքսային վճարների մասին
Հոդված 105. | Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների այլ արտոնությունները |
1. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-241-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-241-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-241-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-241-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-241-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-241-Ն)
6.1. Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիները ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:
Սույն կետով սահմանված գույքի բնաիրային չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(6.1-ին մասը 17.12.14 ՀՕ-241-Ն ՀՀ օրենքի 259-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն շարունակում է գործել` օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդներին վերաբերող մասով մինչև ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների և շարժիչով այլ տրանսպորտային միջոցների համար Միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերի՝ Պայմանագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կողմից կիրառությունը սկսվելու ժամկետը)
7. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-241-Ն)
8. (մասն ուժը կորցրել է 20.05.14 ՀՕ-46-Ն)
(105-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-127, փոփ. 11.12.02 ՀՕ-481-Ն, փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, լրաց. 22.03.06 ՀՕ-43-Ն, փոփ. 29.11.06 ՀՕ-214-Ն, լրաց. 26.02.07 ՀՕ-125-Ն, 21.08.08 ՀՕ-155-Ն, փոփ., լրաց. 08.06.09 ՀՕ-139-Ն, փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-25-Ն, 20.05.14 ՀՕ-46-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-94-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-241-Ն)
բ ա ժ ի ն 13
մաքսային կանոնների խախտումները եվ պատասխանատվությունը դրանց համար: մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը
(13-րդ բաժինը 17.12.14 ՀՕ-241-Ն ՀՀ օրենքի 259-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն շարունակում է գործել մինչև մաքսային կանոնների խախտումների համար պատասխանատվության և մաքսային կանոնների խախտման համար գործերի վարույթի վերաբերյալ դրույթները սահմանող՝ ՀՀ համապատասխան օրենքներն ուժի մեջ մտնելը)
գ լ ու խ 37
մաքսային կանոնների խախտումները եվ պատասխանատվությունը դրանց համար
Հոդված 189. | Մաքսային կանոնների խախտումը |
1. Մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ, և որի համար սույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:
2. Ֆիզիկական և պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության:
Հոդված 190. | Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կարգադրությանը կամ պահանջին չենթարկվելը, նրան վիրավորանք հասցնելը, սպառնալը, նրա նկատմամբ բռնություն գործադրելը |
1. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի օրինական պահանջը դիտավորյալ չկատարելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 10,000 դրամի չափով:
2. Պաշտոնական պարտականությունները կատարելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձին վիրավորանք հասցնելը, նրա նկատմամբ բռնություն գործադրելը կամ սպառնալիքը, եթե իրավախախտողի գործողությունները չեն առաջացնում քրեական պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում` 20,000 դրամի չափով:
Հոդված 191. | Տրանսպորտային միջոցը չկանգնեցնելը |
Մաքսային մարմնի սահմանած վայրում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող տրանսպորտային միջոցը չկանգնեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:
Հոդված 192. | Տրանսպորտային միջոցների մեկնումն առանց թույլտվության |
Մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցի (այդ թվում` սույն օրենսգրքին համապատասխան ապրանք հանդիսացող) մեկնումն առանց մաքսային մարմնի թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:
Հոդված 193. | Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներին մաքսային մարմնի պաշտոնատար անձի մոտենալուն խոչընդոտելը |
Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներին մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձի մոտենալուն խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 50,000 դրամի չափով:
Հոդված 194. | Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային մարմին չներկայացնելը |
Սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը, ինչպես նաև մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելը` անկախ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց`
առաջացնում է տուգանքի նշանակում` 50,000 դրամի չափով:
(194-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-25-Ն)
Հոդված 195. | Մաքսային մարմին ապրանքները, տրանսպորտային միջոցները և ուղեկցող փաստաթղթերը չհասցնելը |
Հայաստանի Հանրապետության մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները և ուղեկցող փաստաթղթերը սահմանված ժամկետում չհասցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:
(195-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-25-Ն)
Հոդված 196. | Մաքսային ապահովության միջոցները վնասելը կամ կորցնելը |
Մաքսային մարմնի կողմից դրված կապարակնիքները կամ ապահովության այլ միջոցները վնասելը կամ կորցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 200,000 դրամի չափով:
Հոդված 197. | Առանց մաքսային մարմնի թույլտվության կատարվող բեռնային և այլ գործառնությունները |
1. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը կամ այդ ապրանքների կամ դրանց ուղեկցող փաթեթների վրա դրված մաքսային ապահովման միջոցների փոխումն առանց մաքսային մարմնի թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:
2. Նույն արարքը, որը կատարվել է նման խախտում թույլ տված անձի կողմից վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքի մաքսային արժեքի չափով:
Հոդված 198.
Առանց մաքսային մարմնի թույլտվության ապրանքներ հանձնելը, ինչպես նաև կորցնելը
Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:
(198-րդ հոդվածը խմբ. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Հոդված 199. | Հետագա արտահանման կամ հետագա ներմուծման պարտավորությունների խախտումը |
(վերնագիրը փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն)
1. Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը կամ հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չներմուծելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ:
2. Նույն խախտումը, որը զուգորդվել է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների օտարմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
(199-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն, խմբ. 05.12.12 ՀՕ-224-Ն)
Հոդված 1991. | Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների նկատմամբ օրենքով արգելված գործողություններ կիրառելը |
1. Սույն օրենսգրքով արգելված դեպքերում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ժամկետի երկարաձգման դեպքերի) ենթարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ:
2. «Ներմուծում մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմներով բաց թողնված ապրանքների նկատմամբ այնպիսի գործողություններ իրականացնելը, որոնք հանգեցրել են այդ ապրանքների հատկանիշների և (կամ) նպատակային նշանակության փոփոխությանը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ ապրանքների մաքսային արժեքի տասը տոկոսի չափով:
(1991 -րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, խմբ. 05.12.12 ՀՕ-224-Ն)
Հոդված 200. | Մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային հսկողությունը շրջանցելով |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` շրջանցելով մաքսային հսկողությունը, այսինքն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով դրանց տեղափոխումը մաքսային մարմնի գտնվելու վայրից դուրս, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
Հոդված 201. | Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով, այսինքն` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի չափով:
Հոդված 202. | Մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային և այլ փաստաթղթերը կամ մաքսային ապահովման միջոցները խաբեությամբ օգտագործելով |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային մարմին մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման համար կեղծ, անօրինական ճանապարհով ստացված, անվավեր համարված, ինչպես նաև կեղծ մաքսային ապահովման միջոցներ օգտագործելով` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
(202-րդ հոդվածը փոփ. 05.12.12 ՀՕ-224-Ն)
Հոդված 202.1. | Մաքսային սահմանով ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված կամ հանցավոր ճանապարհով ստացված արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխումը |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխումը հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ արժույթի չափով կամ ըստ ներկայացնողի արժեթղթի անվանական արժեքի կամ դրանով տրվող հանձնարարության գումարի չափով:
(202.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-117-Ն)
Հոդված 203. | Ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվանմամբ |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը`
- որի արդյունքում չի առաջանում մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) պակաս հաշվարկում կամ չհաշվարկում, ինչպես նաև ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով,
- որի արդյունքում առաջանում է մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների գանձում օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև տուգանք` այդ մաքսային վճարների 50 տոկոսի չափով,
- որն առաջացնում է ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով,
- որի արդյունքում չեն առաջանում մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի), սակայն կատարված խախտման արդյունքում մաքսային հայտարարագրում արտացոլվել են ապրանքների արտահանման երկրում կամ Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված և մաքսային սահմանով տեղափոխված կամ տեղափոխվող ապրանքների ձեռքբերման արժեքներից կամ քանակներից բարձր կամ ցածր արժեքներ կամ քանակներ` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի 10 տոկոսի չափով:
(203-րդ հոդվածը խմբ. 05.12.12 ՀՕ-224-Ն)
Հոդված 204. | Առանց մաքսային մարմինների թույլտվության` մաքսային վճարումների գծով արտոնություններ ունեցող ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումը, տնօրինումը և այլ անձանց հանձնելն այլ նպատակներով |
(վերնագիրը փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)
Առանց մաքսային մարմինների թույլտվության` մաքսային վճարումների գծով արտոնություններ ունեցող ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումը, տնօրինումը և այլ անձանց հանձնելն այլ նպատակներով, որոնց համար տրվել էին այդ արտոնությունները`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
(204-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)
գ լ ու խ 38
մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը
Հոդված 205. | Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորող օրենսդրությունը |
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է սույն գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի սույն գլխին չհակասող մասով:
Հոդված 206. | Ենթակայությունը |
1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթն իրականացնում են մաքսային մարմինների ղեկավարների կողմից որոշված պաշտոնատար անձինք:
2. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննում և որոշում կայացնում են մաքսային մարմինները: Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Հոդված 207.
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքերը
1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքերն են`
ա) իրենց լիազորություններն իրականացնելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերումը.
բ) մաքսային կանոնների խախտումների մասին անձանց հաղորդումները.
գ) մաքսային կանոնների խախտումների մասին լրատվության միջոցների հաղորդումները.
դ) իրավապահ մարմիններից և օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված հաղորդումները:
2. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ կարող է սկսվել նման խախտման հատկանիշներ մատնանշող բավարար տվյալների առկայության դեպքում:
Հոդված 208.
Մաքսային կանոնների խախտման մասին հաղորդմանն ընթացք տալը
1. Մաքսային կանոնների խախտման մասին հաղորդումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, մաքսային մարմնի կողմից իրականացվում է հետևյալ գործողություններից որևէ մեկը`
ա) կազմվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն.
բ) կայացվում է գործի վարույթ սկսելը մերժելու մասին որոշում` վարույթը բացառող հանգամանքների առկայության դեպքում.
գ) ստացված հաղորդումը հանձնվում է ըստ ենթակայության:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված գործողությունների մասին գրավոր հայտնվում է հաղորդումն ուղարկողին:
Հոդված 209.
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը
1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթն սկսվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելով:
2. Արձանագրության մեջ նշվում են դա կազմելու վայրը, ժամը, օրը, ամիսը, տարին, կազմող անձի պաշտոնը և ազգանունը, վկաների (եթե այդպիսիք կան) անունները, ազգանունները, հասցեները, մաքսային կանոնները խախտած անձի ինքնությունը հաստատող տվյալները, մաքսային կանոնների խախտման մանրամասն նկարագիրը և արարքի վերաբերյալ նախնական որոշումը` ըստ սույն օրենսգրքի համապատասխան հոդվածի, տեղեկություններ` վերցված առարկաների և փաստաթղթերի մասին, ինչպես նաև գործի համար կարևոր նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
3. Արձանագրությունն ընթերցվում է կազմողի կողմից, ընթերցում են գործողության բոլոր մասնակիցները, անհրաժեշտության դեպքում ապահովվում է թարգմանչի մասնակցությունը, պարզաբանվում են նրանց իրավունքները:
4. Արձանագրությունն ստորագրում են դա կազմող պաշտոնատար անձը, մաքսային կանոնների խախտում կատարողը, եթե նա ներկա է, վկաները:
5. Եթե խախտում կատարած անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նրա պատճառաբանությունների մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ: Արձանագրությանը կցվում է իրավախախտողի բացատրությունը:
6. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է երկու օրինակից: Երկրորդ օրինակն ստորագրությամբ հանձնվում է մաքսային կանոնների խախտում կատարած անձին կամ ուղարկվում է նրան` ուղեկցական գրությամբ:
Հոդված 210. | Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով առանձին հանձնարարությունները |
1. Մաքսային մարմնի այն պաշտոնատար անձը, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթը, կամ նույն մարմնի պետը կամ տեղակալն իրավունք ունեն վարույթի առանձին գործողությունների կատարումը հանձնարարել այլ մաքսային մարմնի պաշտոնատար անձի` տարածքային կարգով կատարելու համար:
2. Հանձնարարությունը պարտադիր է կատարման դա ստանալու պահից հնգօրյա ժամկետում:
Հոդված 211. | Վարչական ձերբակալումը |
1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու, խախտման վերաբերյալ որոշումը կայացնելու նպատակով, եթե սպառված են այլ միջոցները խախտում կատարած անձի ինքնությունը պարզելու համար, թույլատրվում է մաքսային կանոնների խախտում կատարած անձի վարչական ձերբակալում` մինչև երեք ժամ տևողությամբ:
2. Եթե կան բավարար տվյալներ անձի կողմից մաքսային սահմանով իր մարմնում թաքցրած ապրանք տեղափոխելու մասին, եթե անձը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց դիմադրություն է ցույց տալիս անձնական զննության ժամանակ, փորձում է փախչել դեպքի վայրից, ապա նա կարող է ձերբակալվել 3 օր ժամկետով` ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնելով դատախազին:
3. Վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է խախտում կատարած անձին մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շենք բերելու պահից, որտեղ հնարավոր է կատարել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված գործողությունները, հարբած վիճակում գտնվող անձի համար` նրա սթափվելու պահից:
4. Վարչական ձերբակալման մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է դա կազմող անձի պաշտոնը և ազգանունը, ձերբակալվածի տվյալները, ձերբակալման հիմքերը, ժամը, օրը, ամիսը, տարին:
Հոդված 212.
Ապրանքներ, տրանսպորտային միջոցներ և փաստաթղթեր վերցնելը
1. Մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները, մաքսային սահմանով դրանց տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման նպատակով պատրաստված գաղտնարանները, ինչպես նաև մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթի քննության համար անհրաժեշտ փաստաթղթերը ենթակա են վերցման: Վերցնելը կատարվում է ընթերակաների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև թարգմանչի և մասնագետի մասնակցությամբ:
2. Վերցնելն ի կատար ածելու համար մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն պահանջել բացել փակված շինություններն ու պահեստարանները, իսկ պահանջի չկատարման դեպքում` ինքնուրույն բացել և մուտք գործել այնտեղ: Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ֆիզիկական անձանց բնակարաններ մուտք գործելու կարգը սահմանվում է օրենքով: Վերցված բոլոր ապրանքները, տրանսպորտային միջոցները և փաստաթղթերը ներկայացվում են վերցման մասնակիցներին, մանրամասն նկարագրվում արձանագրության մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` կնքվում:
3. Վերցնելն ավարտելուց հետո կազմվում է համապատասխան արձանագրություն, որտեղ նշվում են դա կազմող անձի պաշտոնը և ազգանունը, վերցնելու վայրը, ժամանակը, հանգամանքները, վերցնելու մասնակիցների ինքնությունը հաստատող տվյալները, վերցված առարկաների քանակը, չափը, քաշը, բնորոշիչ հատկանիշները և այլ առանձնահատկություններ:
4. Արձանագրություն կազմող պաշտոնատար անձը պարտավոր է արձանագրությանը ծանոթացնել գործողության բոլոր մասնակիցներին, որոնք ծանոթանալուց հետո ստորագրում են և իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնել իրենց դիտողությունները:
5. Արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է այն անձին, ում մոտ կատարվել է վերցնելու գործողությունը:
Հոդված 213. | Ապրանքները և տրանսպորտային միջոցները ճանաչման ներկայացնելու կարգը |
1. Որևէ ապրանք կամ տրանսպորտային միջոց ճանաչման ներկայացնելու անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի այն պաշտոնատար անձը, որի վարույթում է գտնվում մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը, ճանաչողից նախապես վերցնում է բացատրություն այդ առարկայի նշանների և այն հանգամանքների մասին, որոնցում նա տեսել է այդ ապրանքը կամ տրանսպորտային միջոցը: Բացատրությունը վերցնելուց հետո ճանաչման ենթակա ապրանքը կամ առարկան հնարավորության սահմաններում միատեսակ այլ ապրանքների կամ առարկաների հետ ներկայացվում է ճանաչողին և առաջարկվում մատնացույց անել դրանցից մեկը և բացատրել, թե ինչ նշաններով ու առանձնահատկություններով ճանաչեց այդ առարկան: Ճանաչումը կատարվում է ընթերակաների ներկայությամբ:
2. Ճանաչման արդյունքների վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, որում նշվում են արձանագրությունը կազմող անձի պաշտոնը և ազգանունը, ճանաչման ներկայացնելու վայրը, օրը, ամիսը, տարին, ճանաչման ներկայացված ապրանքի կամ տրանսպորտային միջոցի նկարագրությունը` մանրամասն շարադրելով այն հատկանիշները, որոնցով կատարվել է դրանց ճանաչումը, մասնակիցների տվյալները: Արձանագրությունն ստորագրում են գործողության բոլոր մասնակիցները: Եթե գործողության ժամանակ կատարվել են լուսանկարում, ձայնագրում և այլ տեսակի ամրագրում, ապա դրանց մասին նշվում է արձանագրության մեջ:
3. Ճանաչմանը մասնակցած անձինք իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնելու իրենց դիտողությունները:
Հոդված 214. | Մաքսային զննումներ կատարելը |
1. Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձանց պատկանող տարածքներում, շինություններում կամ տրանսպորտային միջոցներում պահվում են մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքներ կամ հատուկ պատրաստված գաղտնարաններ, որոնք օգտագործվում են գաղտնի ճանապարհով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելու նպատակով, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձինք իրավունք ունեն կատարել տարածքների, շինությունների, տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների մաքսային զննում, որին պարտադիր կարգով մասնակից են դարձվում տվյալ օբյեկտների ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում հրավիրվում են նաև մասնագետներ:
2. Մաքսային զննման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որում նշվում են արձանագրությունը կազմող անձի պաշտոնը և ազգանունը, զննում անցկացնելու վայրը, օրը, ամիսը, տարին, զննման արդյունքների մանրամասն նկարագրությունը, մասնակիցների տվյալները: Արձանագրությունն ստորագրում են գործողության բոլոր մասնակիցները: Եթե գործողության ժամանակ կատարվել են լուսանկարում, ձայնագրում և այլ տեսակի ամրագրում, ապա դրանց մասին նշվում է արձանագրության մեջ:
Հոդված 215.
Հետազոտման համար նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելը
1. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերի քննության ընթացքում մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն վերցնել պատրաստի արտադրանքի, հումքի, նյութերի, ձեռագրերի և ապրանքների հատկությունները բնութագրող նմուշներ կամ փորձանմուշներ, եթե դրանց հետազոտումն անհրաժեշտ է գործի քննության համար:
2. Նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու մասին կայացվում է պատճառաբանված որոշում, որտեղ նշվում է որոշումը կայացնողի պաշտոնը և ազգանունը, որտեղից, ինչ չափով, ինչ նմուշներ կամ փորձանմուշներ պետք է վերցվեն և այլ հանգամանքներ:
3. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը, մասնակիցների և ընթերակաների ներկայությամբ, կատարում է բոլոր անհրաժեշտ գործողությունները և վերցնում նմուշներ կամ փորձանմուշներ: Բացի փաստաթղթերից, նմուշները (փորձանմուշները) փաթեթավորվում և կնքվում են:
4. Սույն օրենսգրքի 122 հոդվածի պահանջների պահպանմամբ նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որում նշվում են կատարված բոլոր գործողությունները, կիրառված մեթոդներն ու միջոցները, ինչպես նաև վերցված նմուշների կամ փորձանմուշների տեսակները:
Հոդված 216. | Փորձաքննության կատարումը |
1. Եթե մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքներ, ապա մաքսային կանոնների խախտման գործը վարող պաշտոնատար անձը նշանակում է փորձաքննություն:
2. Փորձաքննություն կատարելու մասին կայացվում է որոշում, որտեղ նշվում են փորձաքննության նշանակման հիմքերը, փորձաքննության ուղարկվող իրեղեն ապացույցները և այլ առարկաներ, միաժամանակ նշելով, թե դրանք ինչ հանգամանքներում են հայտնաբերվել կամ ձեռք բերվել, հիմնարկի անվանումը, որին հանձնարարվում է փորձաքննությունը և փորձագետին առաջադրվող հարցերը:
3. Փորձաքննություն նշանակող պաշտոնատար անձը փորձագետին բացատրում է օրենքով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները:
4. Փորձագետը պարտավոր է իրեն առաջադրած հարցերի վերաբերյալ տալ հիմնավորված և օբյեկտիվ եզրակացություն, իսկ անհրաժեշտության դեպքում փորձաքննության կատարման ընթացքում ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ` մաքսային մարմինների կանչով ներկայանալ և պարզաբանումներ տալ եզրակացության բովանդակության մասին:
Հոդված 217.
Վերցված ապրանքների և առարկաների գնահատումը
1. Մաքսային մարմինը սույն օրենսգրքի 212 հոդվածին համապատասխան վերցված ապրանքները գնահատում է Հայաստանի Հանրապետության գործող գների, իսկ վերջիններիս վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում` փորձագետների եզրակացության հիման վրա:
2. Սույն օրենսգրքի 212 հոդվածին համապատասխան առգրավված օտարերկրյա արժույթի վերահաշվարկը հայկական դրամի` մաքսային մարմինը կատարում է մաքսային կանոնների խախտման հայտնաբերման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
(217-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-154-Ն)
Հոդված 218. | Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության վայրը |
1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը քննվում է այն տարածքի մաքսային մարմնի կողմից, որտեղ կատարվել է խախտումը:
2. Առանձին դեպքերում քննությունը կարող է կատարվել նաև մաքսային կանոնների խախտման բացահայտման կամ խախտում կատարած անձի գտնվելու վայրում, եթե նման պայմանները նպաստում են քննությունն առավել արագ և լրիվ վարելուն:
3. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարը, գործի հանգամանքներից ելնելով, իրավունք ունի գործի քննությունը տարածքային մեկ մաքսային մարմնից վերցնել և հանձնարարել մեկ այլ տարածքի մաքսային մարմնի:
Հոդված 219. | Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությանը պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությունը |
1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությամբ:
2. Գործը կարող է քննվել նաև տվյալ անձի բացակայության դեպքում, եթե քննության տեղի ու ժամանակի մասին սահմանված կարգով նրան տեղյակ է պահվել, սակայն վերջինիս կողմից որևէ միջնորդություն չի հարուցվել, կամ եթե անձը բացակայում է, և հայտնի չէ նրա գտնվելու վայրը, կամ եթե նա գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձն անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարում և գործը քննում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 220. | Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի նյութերի հրապարակման անթույլատրելիությունը |
1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի տվյալները կարող են հրապարակվել ամբողջությամբ կամ մասամբ միայն այն պաշտոնատար անձի թույլտվությամբ, որը քննում է տվյալ գործը:
2. Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը գործի հետ առնչվող անձանց նախազգուշացնում է գործի տվյալներն առանց իր համաձայնության հրապարակելու անթույլատրելիության և օրենքով դրա համար նախատեսված պատասխանատվության մասին:
Հոդված 221. | Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով մաքսային մարմնի որոշումները |
1. Քննելով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը` մաքսային մարմնի պաշտոնատար անձը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) վարչական տույժ նշանակելու մասին.
բ) գործի վարույթը կարճելու մասին:
2. Նշված որոշումը պետք է բովանդակի այն կայացնող անձի պաշտոնը, ազգանունը, որոշում կայացնելու օրը, ամիսը, տարին, տեղեկություններ այն անձի մասին, որի առնչությամբ քննվել է գործը, եթե այդ անձը բացահայտված է, այն հանգամանքների շարադրումը, որոնք բացահայտվել են գործը քննելիս, սույն օրենսգրքի այն հոդվածի նշումը, որը պատասխանատվություն է նախատեսում մաքսային կանոնների խախտման համար, գործի առթիվ կայացված որոշումը, որոշման բողոքարկման ժամկետը և կարգը: Որոշումն ուժի մեջ է մտնում այն կայացնելու պահից:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, դրա պատճենը հանձնվում կամ ուղարկվում է այն անձին, որի առնչությամբ այն կայացվել է: Որոշումը համարվում է հանձնված նաև, եթե անձը, որին ուղարկվել է դա, չի եղել իր նշած բնակության, գտնվելու կամ ժամանակավորապես բնակվելու վայրում կամ ճիշտ չի նշել հասցեն:
(221-րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)
Հոդված 222. | Վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումների բողոքարկումը |
1. Վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումը կարող է բողոքարկվել վերադաս մաքսային մարմին (պաշտոնատար անձին) կամ դատարան:
2. Վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումը վերադաս մաքսային մարմին (պաշտոնատար անձին) կարող է բողոքարկվել դա կայացնելուց հետո` 10 օրվա ընթացքում:
3. Եթե սույն հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց է թողնվել, ապա այդ ժամկետը, ըստ այն անձի դիմումի, որի նկատմամբ որոշում է կայացվել, կարող է վերականգնվել բողոքը քննող վերադաս մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից:
4. Սույն հոդվածով նախատեսված որոշման վերաբերյալ վերադասության կարգով ընդունված որոշումը կարող է բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով:
(222-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-260-Ն)
Հոդված 223. | Բողոքի կապակցությամբ, ինչպես նաև վերահսկողության կարգով վարչական տույժ նշանակելու մասին որոշման քննումը |
1. Բողոքը քննող պաշտոնատար անձն այդ կապակցությամբ, ինչպես նաև մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերի վարույթի օրինականությունը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից պահպանելու նկատմամբ հսկողության կարգով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը քննելիս կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը`
ա) թողնել որոշումն անփոփոխ, իսկ բողոքը` առանց բավարարման.
բ) չեղյալ համարել որոշումը և գործն ուղարկել նոր քննության.
գ) չեղյալ համարել որոշումը և կարճել գործը.
դ) փոփոխել տուգանքի չափը` սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում, բայց ոչ ավելի` նշանակված տուգանքի չափից:
2. Վարչական տույժ նշանակելու մասին որոշման վերաբերյալ բողոքը քննվում է դրա ստացվելու օրվանից հետո` մեկ ամսվա, իսկ լրացուցիչ ուսումնասիրում և ստուգում չպահանջող գործերով` տասնհինգ օրվա ընթացքում:
Հոդված 224. | Վերցված ապրանքները վերադարձնելու ժամկետը |
Անձը, որից սույն օրենսգրքի 212-րդ հոդվածով սահմանված կարգով կամ տուգանքի, մաքսային վճարների գանձումն ապահովելու նպատակով վերցվել են ապրանքներ` անկախ սեփականության պատկանելությունից, կարող է դրանք ստանալ տուգանքի վճարումից, մաքսային վճարների և պարտավորությունների կատարումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
(224-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-25-Ն, փոփ. 11.12.13 ՀՕ-125-Ն)
(224-րդ հոդվածի` «անկախ սեփականության պատկանելությունից» դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներին հակասող և անվավեր 03.06.2014 ՍԴՈ-1153 որոշմամբ)
Հոդված 225. | Վարչական տուգանքի վճարումը և բռնագանձումը |
1. Որոշումն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, պատասխանատվության ենթարկված անձը կամավոր վճարում է վարչական տուգանքն այն մաքսային մարմնին, որը կայացրել է որոշումը:
2. Վարչական տուգանք նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո ենթակա է հարկադիր կատարման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:
3. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-251-Ն)
(225-րդ հոդվածը խմբ., փոփ. 17.12.14 ՀՕ-251-Ն)
Հոդված 226. | Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքները և պարտականությունները |
1. Վարչական պատասխանատվության ենթարկվող անձն իր նկատմամբ վարույթ սկսվելու պահից իրավունք ունի`
ա) տալ բացատրություններ.
բ) հարուցել միջնորդություններ.
գ) օգտվել փաստաբանի կամ մասնագետի ծառայությունից.
դ) ելույթ ունենալ մայրենի լեզվով և օգտվել թարգմանչի ծառայություններից, եթե չի տիրապետում հայերենին.
ե) ծանոթանալ գործի նյութերին.
զ) բողոքարկել վարչական տույժ նշանակելու մասին որոշումը.
է) իմանալ, թե ինչի համար է իր նկատմամբ վարույթ հարուցվել.
ը) վարույթն իրականացնող մարմնից ստանալ վարույթի ընթացքում իր իրավունքների մասին պարզաբանումներ.
թ) առարկել վարույթն իրականացնող մարմնի գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել արձանագրության մեջ.
ժ) հայտնել բացարկներ.
ժա) ծանոթանալ արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել, դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, պահանջել արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք իր կարծիքով պետք է նշվեն:
2. Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը պարտավոր է կատարել վարույթն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները, չխոչընդոտել վարույթի իրականացմանը:
|
Ռ. Քոչարյան |
|