Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-93-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի ապրիլի 18-ին

 

«ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» 2012 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը տասներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«կայուն պահակետով պահպանություն՝ անմիջականորեն պահնորդի կողմից ոչ ահազանգման համակարգի միջոցով իրականացվող պահպանություն:»:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սեփականության կամ օրինական տիրապետման ներքո գտնվող օբյեկտների, անշարժ և շարժական գույքի, տարածքի՝ կայուն պահակետով կամ տեսահսկման և ահազանգման համակարգերի միջոցով պահպանությունը և արագ արձագանքումը.»․

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Պաշտպանվող յուրաքանչյուր անձի` տրանսպորտային միջոցով փոխադրումը կարող է իրականացվել միայն մեկ տրանսպորտային միջոցով, որի մեջ կարող է գտնվել երեքից ոչ ավելի թիկնապահ (այդ թվում` վարորդ-թիկնապահը): Արգելվում է պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցի ուղեկցումը մեկ այլ տրանսպորտային միջոցով:»․

3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջները դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, երկու կամ ավելի անգամ չկատարելը հանգեցնում է տվյալ կազմակերպության լիցենզիայի գործողության դադարեցման ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ նաև` Լիազոր մարմին) կողմից: Սույն հոդվածով սահմանված մյուս պահանջները չկատարելը հիմք է տվյալ կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման համար։»։

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Թիկնապահական և պահնորդական գործունեության լիցենզիայի տրման պարտադիր պայման է լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու պահի դրությամբ համապատասխան որակավորում ունեցող առնվազն 10 աշխատողի (պահնորդի կամ թիկնապահի) հետ կնքված աշխատանքային պայմանագրերի առկայությունը:».

2) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին)» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով․

3) 5-րդ մասից հանել «լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման,» բառերը:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.

 

«Հոդված 8.1. Լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանը

 

1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները հաշվառելու, ոլորտի վիճակի և միտումների վերաբերյալ տեղեկությունները հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև ոլորտի քաղաքականությունը մշակելու նպատակով Լիազոր մարմինը վարում է մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ նշվում են`

1) լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը և գտնվելու (գործունեություն ծավալելու) վայրը.

2) լիցենզիայի համարը.

3) լիցենզիան տալու տարին, ամիսը, ամսաթիվը և գրանցման համարը.

4) գործունեության կոնկրետ տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա.

5) տրված լիցենզիայի վերաձևակերպման, գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկություններ.

6) կազմակերպությունում իրականացված ստուգումների վերաբերյալ տեղեկություններ.

7) սույն օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հաշվետվությամբ նախատեսված այլ տեղեկություններ:»:

 

Հոդված 5 Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «օգտագործելու» բառից հետո լրացնել «զրահաբաճկոն, սաղավարտ, արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակներ,» բառերով։

 

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պահնորդի (թիկնապահի) առողջությունն ապահովագրվում է գործատուի հաշվին:»:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.

 

«Հոդված 28.1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության գույքային պատասխանատվությունը

 

1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից թույլ տրված խախտման հետևանքով պատճառված իրական վնասի համար:

2. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը։

3․ Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության կողմից իր պատասխանատվության ռիսկի ապահովագրության չափը և ապահովագրության կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

 

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ոստիկանությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով.

2) 2-րդ մասի «Ոստիկանությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով, իսկ «իրավական ակտերով» բառերը՝ «օրենքներով» բառով.

3) 3-րդ մասի «ոստիկանությունն» բառը փոխարինել «Լիազոր մարմինն» բառերով, իսկ «(պատվիրատուների համաձայնությամբ)» բառերը՝ «, բացառությամբ բնակարանների և բնակարանի հավասարեցված վայրերի,» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Մասնավոր պահնորդական կազմակերպությունները յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը, Լիազոր մարմին են ներկայացնում կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որի ձևը և դրանում ներառվող տեղեկությունների ցանկը սահմանում է Լիազոր մարմինը:

5. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից օբյեկտները պահպանելու կարգը և պայմանները սահմանում է Լիազոր մարմինը:»:

 

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության սահմանված» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի սահմանած» բառերով:

 

Հոդված 10.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի և 8-րդ հոդվածի 4-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, և սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող Օրենքի 28.1-ին հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող Օրենքի 28․1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջի մասով մինչև 2026 թվականի օգոստոսի 1-ը, իսկ սույն օրենքով նախատեսված մյուս պահանջների մասով մինչև 2026 թվականի հունվարի 1-ը լիցենզիաները համապատասխանեցնում են սույն օրենքով նախատեսված պահանջներին: Սույն մասի պահանջները չապահովվելու դեպքում Լիազոր մարմինը դադարեցնում է լիցենզիաների գործողությունը։

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող Օրենքի 28.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, իսկ սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. մայիսի 13
Երևան

ՀՕ-93-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2025 թվական: