ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 21-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Մ Ա Ս 1
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Դատական իշխանությունը |
Դատական իշխանությունն իրականացնում են դատարանները` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ` Սահմանադրություն) և օրենքներին համապատասխան:
Հոդված 2. | Սույն օրենսգրքի կարգավորման առարկան |
Սույն օրենսգիրքը կարգավորում է դատական իշխանության կազմակերպման և գործունեության հետ կապված հարաբերություններն այնքանով, որքանով դրանք չեն վերաբերում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին:
Հոդված 3. | Դատարանները |
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն է (այսուհետ` վճռաբեկ դատարան), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:
2. Հայաստանի Հանրապետությունում գործում են նաև առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները:
3. Առաջին ատյանի դատարաններն են`
1) ընդհանուր իրավասության դատարանները.
2) վարչական դատարանը:
4. Վերաքննիչ դատարաններն են`
1) քրեական վերաքննիչ դատարանը.
2) քաղաքացիական վերաքննիչ դատարանը.
3) վարչական վերաքննիչ դատարանը:
5. Վարչական դատարանը և վարչական վերաքննիչ դատարանը մասնագիտացված դատարաններ են։
(3-րդ հոդվածը փոփ., խմբ. 05.02.09 ՀՕ-46-Ն, խմբ. 28.10.10 ՀՕ-136-Ն)
Հոդված 4. | Դատավորը |
1. Դատավոր է վճռաբեկ դատարանի նախագահի, պալատների նախագահների և դատավորների, ինչպես նաև առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորի կամ դատարանի նախագահի պաշտոնում օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:
2. Յուրաքանչյուր դատավոր օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ:
Հոդված 5. | Դատարանի իրավասության սահմանները |
Ցանկացած հարցի` դատարանի իրավասությանը ենթակա լինելը որոշում է դատարանը` օրենքի հիման վրա:
Հոդված 6. | Դատարանը հարգելու պարտականությունը |
1. Բոլորը պարտավոր են դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորել:
2. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելն առաջացնում է դատական սանկցիայի կիրառում, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պատասխանատվություն:
3. Դատախազը պարտավոր է հարգել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը և մասնավորապես չպետք է իր գործողություններով կասկածի տակ դնի դատական ակտի օրինականությունը կամ խոչընդոտի դրա կատարմանը, բացառությամբ դատական ակտի բողոքարկման իր իրավունքն իրագործելիս:
Հոդված 7. | Դատական պաշտպանության իրավունքը |
1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:
3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու ինչպես իր ներկայացուցչի կամ պաշտպանի միջոցով, այնպես էլ անձամբ:
Գ Լ ՈՒ Խ 2
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 8. | Արդարադատության իրականացումը` օրենքին համապատասխան |
Դատարաններն արդարադատությունն իրականացնում են Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին և օրենքներին համապատասխան:
Հոդված 9. | Դատական իշխանության ինքնավարությունը |
1. Դատական իշխանությունն ինքնավար է:
2. Դատական իշխանության ինքնակառավարումն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ինքնակառավարման մարմինների միջոցով:
Հոդված 10. | Դատավորի ապաքաղաքականացվածությունը |
1. Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատավորը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատավորը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատավորը չի կարող մասնակցել նախընտրական քարոզչությանը:
3. Դատավորների կամ դատավորների մասնագիտական միավորումների կամ դատավորների ինքնակառավարման մարմինների կողմից դատական իշխանության գործունեությունը կարգավորող կամ դրանց առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական քննարկումները կամ եզրակացությունները, դատական իշխանության բնականոն գործունեության վերաբերյալ քննարկումները և հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն:
Հոդված 11. | Դատավորի անկախությունը և դատարանի ինքնուրույնությունը |
1. Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորն անկախ է:
2. Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորը հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է: Նման արարքը քրեորեն հետապնդելի է: Պետական ծառայողների համար այն առաջացնում է նաև կարգապահական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև զբաղեցրած պաշտոնից կամ ծառայությունից ազատում` պետական ծառայությունը կարգավորող համապատասխան օրենքներով սահմանված կարգով:
4. Արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտության մասին դատավորը պարտավոր է անմիջապես հայտնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Եթե էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը համարի, որ տեղի է ունեցել օրենքով չնախատեսված միջամտություն դատավորի գործունեությանը, ապա նա պարտավոր է դիմել համապատասխան մարմիններին մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ:
5. Պաշտոնավարման ընթացքում և լիազորությունները դադարեցվելուց հետո դատավորը չի կարող հարցաքննվել որպես վկա իր քննած գործի վերաբերյալ:
(11-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 11.1. | Գործերի պատահական բաշխման սկզբունքը |
1. Դատավորների միջև գործերը բաշխվում են պատահական ընտրության սկզբունքի հիման վրա` սույն օրենսգրքի 2.1-ին գլխով սահմանված կարգով:
(11.1-ին հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 12. | Դատավորի՝ գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու սահմանափակումը |
Դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։
Հոդված 13. | Դատավորի անձեռնմխելիությունը |
1. Դատավորն անձեռնմխելի է:
2. Դատավորը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Դատավորի ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և վճռաբեկ դատարանի նախագահը: Ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Հանրապետության Նախագահին և վճռաբեկ դատարանի նախագահին: Ձերբակալումը կատարած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել վճռաբեկ դատարանի նախագահի անարգել մուտքը այն վայր, որտեղ պահվում է ձերբակալված դատավորը, և ապահովել նրա տեսակցությունը դատավորի հետ:
3. Դատավորին չի կարելի կալանավորել, նրան որպես մեղադրյալ ներգրավել, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկել՝ առանց Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի (այսուհետ` Արդարադատության խորհուրդ) առաջարկի հիման վրա Հանրապետության Նախագահի տված համաձայնության:
4. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ` գլխավոր դատախազ):
5. Դատավորին չի կարելի բերման ենթարկել: Առանց փաստաթղթերի բերման ենթարկված դատավորի ինքնությունը պարզելուց հետո իրավասու պետական մարմինը պետք է անմիջապես ազատ արձակի նրան:
6. Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ:
7. Խուզարկություն, զննում, փաստաթղթերի կամ իրերի առգրավում կատարելու համար դատարանի շենք մուտք գործելն իրականացվում է դատարանի նախագահի իրազեկմամբ:
8. Դատավորը չի կարող ենթարկվել քաղաքացիաիրավական պատասխանատվության իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասի համար, բացառությամբ, երբ վնասը պատճառվել է դիտավորությամբ կատարված գործողության հետևանքով:
9. Ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը չի վերացնում սույն հոդվածում ամրագրված անձեռնմխելիության երաշխիքները:
Հոդված 14. | Դատավորի անփոփոխելիությունը |
1. Դատավորն անփոփոխելի է:
2. Դատավորը պաշտոնավարում է մինչև իր 65 տարին լրանալը: Դատավորի լիազորությունները, որի պաշտոնավարման տարիքը լրացել է, դադարում են իր 65 տարին լրանալու հաջորդ օրը:
3. Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատարանում դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ դատավորը կարող է մինչև 6 ամիս ժամկետով գործուղվել նույն ատյանի դատարան: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մինչև դատավորի վարույթում գտնվող գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:
4. Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատարանում դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված նույն ատյանի դատավորը կարող է գործուղվել այդ դատարան:
5. (մասն ուժը կորցրել է 07.04.09 ՀՕ-76-Ն)
6. Դատարանում դատավորների թվի կրճատման դեպքում տվյալ դատարանում իրենց պաշտոնավարումը շարունակելու նախապատվությունը նախ տրվում է դատարանի նախագահին և այնուհետև տարիքով ավագ դատավորներին: Կրճատված դատավորների լիազորությունները չեն դադարեցվում, և նրանք շարունակում են իրենց պաշտոնավարումը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Այդ դատավորների կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձ և հավելավճարներ ստանալու իրավունքը, ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչև Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
7. Եթե օրենքով նախատեսվում է դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի վերացում, ապա համապատասխան դատավորները համարվում են ռեզերվային, իսկ նրանց կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձը և հավելավճարներ ստանալու իրավունքը, ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչև Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
8. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-169-Ն)
(14-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-281-Ն, խմբ., փոփ. 07.04.09 ՀՕ-76-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-169-Ն)
Հոդված 15. | Հավասարությունը օրենքի և դատարանի առջև |
1. Բոլորը հավասար են օրենքի և դատարանի առջև:
2. Իրավունքների, ազատությունների և պարտականությունների խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
3. Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում՝ օրենքի մեկնաբանությունները):
4. Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Հոդված 16. | Արդարադատության արդյունավետ իրականացման սկզբունքները |
1. Դատարանում գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով կողմերի մասնակցությամբ, որպես կանոն, իրականացվում է գործի դատական քննության նախապատրաստական փուլ:
2. Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննությունը, որպես կանոն, իրականացվում է դատավարական օրենքով սահմանված պարզեցված ընթացակարգերով:
3. Դատական քննությունը, որպես կանոն, պետք է ավարտվի մեկ դատական նիստով:
4. Գործի դատաքննության նախապատրաստությունը և բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում:
Հոդված 17. | Դատական քննության մրցակցության սկզբունքը |
Դատական քննությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, մրցակցային է:
Հոդված 18. | Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-235-Ն)
Հոդված 19. | Դատավարության լեզուն |
1. Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:
2. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:
3. Քրեական գործով գործին մասնակցող և հայերենին չտիրապետող անձանց դատարանը Հայաստանի Հանրապետության հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով:
4. Վարչական գործերով և օրենքով սահմանված քաղաքացիական գործերով գործին մասնակցող ֆիզիկական անձանց դատարանը Հայաստանի Հանրապետության հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նրանք չեն տիրապետում հայերենին և ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար:
5. Հայաստանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում դատարանի որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) սահմանած կարգով նշանակվում է թարգմանիչ: Թարգմանիչների վարձատրության չափը և կարգը սահմանում է կառավարությունը:
Հոդված 20. | Գործերի քննության հրապարակայնությունը |
1. Հայաստանի Հանրապետության դատարաններում գործերի քննությունը դռնբաց է:
2. Դատական քննությունը կամ դրա մի մասն անցկացվում է դռնփակ` միայն դատարանի որոշմամբ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով: Որդեգրման գործերով որդեգրողի պահանջով դատական քննությունն անցկացվում է դռնփակ:
3. Գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակվում է դատարանի դռնբաց նիստում: Որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը կարող է հրապարակվել միայն որդեգրողի համաձայնությամբ:
4. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու դատական գործին, որով գործն ըստ էության լուծող դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Գործի` դռնփակ նիստում քննված մասին և որդեգրման գործին անձը կարող է ծանոթանալ միայն դատական ակտը կայացրած դատարանի որոշմամբ:
Հոդված 21. | Դատարանի լրացուցիչ որոշումը |
1. Քրեական և վարչական գործերով դատարանը դատավճռի, վճռի կամ որոշման հետ միաժամանակ համապատասխան հիմքերի առկայության դեպքում պարտավոր է կայացնել լրացուցիչ որոշում, որով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունն է հրավիրում դատական քննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել վարչական կամ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում:
2. Դատարանի լրացուցիչ որոշումը պետք է լինի պատճառաբանված: Լրացուցիչ որոշումը դատարանի հայեցողությամբ կարող է հրապարակվել դատական նիստում:
3. Լրացուցիչ որոշումն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, իսկ այդպիսինը չլինելու դեպքում՝ խախտում թույլ տված պաշտոնատար անձին, որը պարտավոր է որոշումը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, քննարկել այն:
Հոդված 21.1. | Դատական վիճակագրության վարումը և հրապարակայնության ապահովումը |
1. Դատարանների գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունը և հանրության առջև հաշվետվողականությունն ապահովելու նպատակով դատարանները վարում են դատական վիճակագրություն:
2. Դատական վիճակագրությանը ներկայացվող պահանջներն են`
1) վիճակագրության օբյեկտիվությունը, հիմնավորվածությունը, անաչառությունը.
2) վիճակագրական տվյալների արժանահավատությունը, ճշտությունը, համադրելիությունը ժամանակի և տարածության մեջ.
3) վիճակագրական տեղեկատվության արդիականությունը, կայունությունը և ամբողջականությունը.
4) վիճակագրական ամփոփ տվյալների պարբերական հրապարակումը.
5) վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը, հրապարակայնությունը:
3. Կառավարությունը սահմանում է ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը: Պարտադիր հրապարակվող վիճակագրական տվյալները (տեղեկությունները) պետք է ներառեն առնվազն սույն հոդվածի 9-12-րդ մասերով նախատեսված տվյալները (տեղեկությունները):
4. Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը, դատական վիճակագրության վարման կարգը, ինչպես նաև, դատական իշխանության գործառույթների արդյունավետ իրականացման կարիքներից ելնելով, կարող է սահմանել դատական վիճակագրության վարման լրացուցիչ վիճակագրական դասակարգիչներ:
5. Վիճակագրական դասակարգիչներում փոփոխություններ կատարվելու դեպքում դրանք կիրառում են միայն փոփոխություններ կատարելուն հաջորդող տարվանից:
6. Դատական վիճակագրության հավաքումն ու վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը (այսուհետ` Դատական դեպարտամենտ):
7. Դատական դեպարտամենտը Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում Դատարանների նախագահների խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատարանների գործունեության կիսամյակային և տարեկան վիճակագրական տվյալների վերաբերյալ հաշվետվությունները:
8. Դատական դեպարտամենտն ապահովում է դատական գործի վիճակագրական քարտի հիման վրա հավաքված վիճակագրական տվյալների մատչելիությունը հանրության համար, բացառությամբ օրենքով նախատեսված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության: Վիճակագրական տվյալները Դատական դեպարտամենտը հրապարակում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ վիճակագրական տվյալների հրապարակման համար առանձնացված հատուկ բաժնում:
9. Առաջին ատյանի յուրաքանչյուր դատարանի և դատավորի վերաբերյալ՝ ըստ քրեական, քաղաքացիական և վարչական գործերի, հրապարակվում են մասնավորապես հետևյալ տվյալները (տեղեկությունները)՝
1) դատավորների քանակը.
2) հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր քանակը.
3) հաշվետու ժամանակահատվածում ստացված գործերի ընդհանուր քանակը.
4) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի ընդհանուր քանակը (այդ թվում՝ գործն ըստ էության լուծելու, գործի վարույթը կարճելու և այլ հիմքերով ավարտված).
5) հաշվետու ժամանակահատվածում կասեցված վարույթներով գործերի ընդհանուր քանակը.
6) գործի քննության միջին տևողությունը՝ ըստ նիստերի քանակի.
7) գործի քննության միջին տևողությունը՝ ըստ ժամանակի (հաշվարկի միավոր` ժամ) (այդ թվում՝ ըստ դատաքննության նախապատրաստության, դատաքննության և դատական ակտի կայացման փուլերի միջին տևողության).
8) մինչդատական վարույթի գործերը՝ ըստ տեսակների.
9) հաշվետու ժամանակահատվածում անավարտ գործերի ընդհանուր քանակը.
10) բողոքարկված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների.
11) բեկանված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների:
10. Վերաքննիչ յուրաքանչյուր դատարանի, դատական կազմի և դատավորի վերաբերյալ հրապարակվում են մասնավորապես հետևյալ տվյալները (տեղեկությունները)՝
1) սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-7-րդ, 9-11-րդ կետերով նախատեսված տվյալները (տեղեկությունները).
2) հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր քանակը.
3) հաշվետու ժամանակահատվածում վերադարձված բողոքների ընդհանուր քանակը.
4) միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը՝ ըստ ակտերի տեսակների և ըստ բողոքարկվող ակտը կայացրած դատարանների:
11. Վճռաբեկ դատարանի վերաբերյալ՝ յուրաքանչյուր պալատի մասով, հրապարակվում են սույն հոդվածի 9-րդ մասով, բացառությամբ 9-րդ մասի 4-6-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված տեղեկությունների, ինչպես նաև սույն հոդվածի 10-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված տեղեկությունները: Սույն հոդվածի 9-րդ մասի 7-րդ կետով նախատեսված տեղեկությունները հաշվարկվում են ըստ օրերի:
12. Դատական դեպարտամենտի կողմից տարեկան՝ ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը, հրապարակվում են նաև հետևյալ տվյալները (տեղեկությունները)՝
1) դատարանների բյուջեն, այդ թվում՝ ֆինանսական ծախսերի համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ՝ ըստ դատարանների, դատավորների միջին աշխատավարձը և դրա համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ.
2) վճարված պետական տուրքի ընդհանուր չափը.
3) դատավորների կարգապահական պատասխանատվության մասով՝ հարուցված կարգապահական վարույթների քանակը՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների և վարույթի հարուցման հիմքերի, Արդարադատության խորհրդի կողմից կարճված վարույթներով գործերի քանակը՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների, նշանակված կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխանատվության կրկնակիության դեպքերի ընդհանուր քանակը.
4) սույն հոդվածի 9-12-րդ մասերով նախատեսված տվյալների համեմատականը նախորդ տարվա տվյալների հետ:
(21.1-ին հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-47-Ն)
ԳԼՈՒԽ 2.1.
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(գլուխը լրաց. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 21.2. | Առաջին ատյանի դատարանում գործերի բաշխման կարգը |
1. Դատարան մուտքագրված քրեական, քաղաքացիական և վարչական գործերն անհապաղ մուտք են արվում համակարգչային ծրագիր և նույն օրը` ժամը 20:00-ին, հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջև՝ պատահական ընտրությամբ, և հաշվի չառնելով գործերի մուտքագրման հերթականությունը:
2. Եթե գործերը հավասարաչափ բաշխել հնարավոր չէ, ապա գործերը բաշխվում են այն հաշվով, որ համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորներից յուրաքանչյուրին հանձնված գործերի միջև տարբերությունը չգերազանցի մեկը: Տվյալ դեպքում հաջորդ օրը գործեր բաշխելիս առաջին հերթին մեկական գործ պատահական ընտրությամբ հանձնվում է այն դատավորներին, որոնք նախորդ օրվա բաշխման արդյունքում ստացել են ավելի պակաս թվով գործեր, իսկ մնացած գործերը բաշխվում են ընդհանուր կարգով՝ բոլոր դատավորների միջև:
3. Գործերի հանձնումը դատարանների նախագահներին, Արդարադատության խորհրդի կամ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի կամ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորներին կատարվում է ընդհանուր կարգով, սակայն յուրաքանչյուր ամիս նրանց հանձնված գործերի քանակը պետք է մինչև քսանհինգ տոկոսով պակաս լինի տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացումն ունեցող մեկ դատավորին նախորդ 6 ամսվա ընթացքում հանձնված գործերի ամսական միջին քանակից:
4. Դատարանների նախագահների խորհուրդը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տոկոսային միջակայքի շրջանակներում որոշում է դատարանների նախագահներին՝ ըստ դատարանների, Արդարադատության խորհրդի կամ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի կամ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափերը:
5. Դատարանների նախագահների խորհուրդը բացառիկ դեպքերում, հաշվի առնելով որևէ դատարանում դատարանի նախագահի, Արդարադատության խորհրդի կամ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի կամ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորի ծանրաբեռնվածությունը, կարող է սահմանել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված առավելագույն տոկոսաչափը (քսանհինգ տոկոսը) գերազանցող տոկոսաչափեր:
6. Դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի (գործերի) առկայության դեպքում դատավորը կարող է դիմել Դատարանների նախագահների խորհրդին՝ առաջարկելով իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ: Այդ դեպքում Դատարանների նախագահների խորհուրդը կարող է որոշում կայացնել դատավորի անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ նախատեսել նրան բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ՝ դրա համար սահմանելով որոշակի ժամանակահատված, որը չի կարող գերազանցել 6 ամիսը, իսկ բացառիկ դեպքերում` 1 տարին:
7. Եթե դատավորը արձակուրդի մեջ է (ներառյալ՝ արձակուրդին նախորդող 20-օրյա ժամանակահատվածը) կամ գործուղվել է (ներառյալ՝ գործուղմանը նախորդող 20-օրյա ժամանակահատվածը և գործուղման ժամկետի ավարտին նախորդող 30-օրյա ժամանակահատվածը) կամ բացակայում է ժամանակավոր անաշխատունակության հետևանքով, կամ նրա լիազորությունները կասեցվել են, կամ նրա պաշտոնավարման տարիքի ավարտին մնացել է 3 ամիս, ապա այդ դատավորի անուն-ազգանունը համապատասխան ժամկետով պետք է հանվի բաշխման ցանկից` նշելով իրավական հիմքը և ժամկետը:
8. Նոր դատավոր նշանակվելու դեպքում այդ դատավորին գործերի բաշխումը կատարվում է ընդհանուր կարգով:
9. Եթե ընդհանուր իրավասության դատարանն ունի նստավայրեր, որոնցում գործում է նույն մասնագիտացումն ունեցող առնվազն երկու դատավոր, ապա այդ դատարանի նախագահը, համաձայն օրենքով սահմանված ընդդատության կանոնների, որոշում է այն նստավայրը, որտեղ պետք է քննվի տվյալ գործը, իսկ գործերի բաշխումը այդ նստավայրում գործող դատավորների միջև կատարվում է սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:
10. Եթե դատարանի նստավայրում առկա է միայն մեկ դատավոր, և օրենքով սահմանված ընդդատության կանոնների համաձայն` դատարանի նախագահը որոշել է, որ գործը պետք է քննվի տվյալ նստավայրում, ապա սույն հոդվածով նախատեսված գործերի բաշխման կարգը տվյալ նստավայրում չի կիրառվում, իսկ գործը հանձնվում է այդ դատավորին:
11. Այն դեպքում, երբ մուտքագրված գործը, համաձայն օրենքի, ենթակա է քննության դատավորների կոլեգիալ կազմով, ապա տվյալ գործը սույն հոդվածով սահմանված կարգով հանձնվում է դատական կազմը նախագահող դատավորին, իսկ դատական կազմի մյուս դատավորները որոշվում են սույն հոդվածով սահմանված կարգով:
12. Առանձին տեսակի գործերի բաշխման առանձնահատկությունները սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը` հիմք ընդունելով սույն հոդվածով ամրագրված պատահական բաշխման սկզբունքը՝ այնքանով, որքանով այն իր էությամբ (mutatis mutandis) կիրառելի է այդ առանձնահատկությունների սահմանման նկատմամբ:
13. Գործն ըստ էության լուծող որոշումներ չպահանջող գործերի բաշխման կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:
(21.2-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 21.3. | Վերաքննիչ դատարանում գործերի բաշխման կարգը |
1. Վերաքննիչ դատարան մուտքագրված գործերը դատավորներին (գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների դեպքում՝ նախագահող դատավորներին) հանձնվում են սույն օրենսգրքի 21.2-րդ հոդվածի 1-8-րդ և 12-րդ մասերով սահմանված կարգով:
2. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը համակարգչային ծրագիր են մուտքագրվում և բաշխվում միմյանցից առանձին:
3. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը կոլեգիալ կազմով քննելու համար վերաքննիչ դատարանում ձևավորվում են երեքական դատավորից բաղկացած դատական կազմեր:
4. Վերաքննիչ դատարանների նախագահները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ձևավորվող դատական կազմերի մեջ չեն ընդգրկվում, նրանց հանձնվում են միայն գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործեր` սույն օրենսգրքի 21.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով, իսկ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների դեպքում նրանք փոխարինում են դատական կազմի բացակայող դատավորներին՝ Դատարանների նախագահների խորհրդի սահմանած դեպքերում և կարգով:
5. Դատական կազմը նախագահում է տվյալ կազմի այն անդամը, որին սույն հոդվածով սահմանված կարգով հանձնվել է կոնկրետ գործը:
6. Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ձևավորված դատական կազմերից մեկական անդամ հաջորդաբար՝ պատահական ընտրությամբ, մեկ դատական կազմից տեղափոխվում է մեկ այլ դատական կազմ:
(21.3-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 21.4. | Վճռաբեկ դատարանում գործերի բաշխման կարգը |
1. Վճռաբեկ դատարանի պալատի կողմից բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում այդ գործը նույն օրը մուտքագրվում է համակարգիչ և տվյալ պալատի դատավորների միջև բաշխվում սույն օրենսգրքի 21.2-րդ հոդվածի 1-8-րդ և 12-րդ մասերով սահմանված կարգով: Բաշխման արդյունքում որոշվում է տվյալ գործով զեկուցող դատավորը:
2. Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատների նախագահներին գործ չի հանձնվում, և նրանց անուն-ազգանունը չի ներառվում բաշխման ցանկում, բացառությամբ այն դեպքերի, երբ վճռաբեկ դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահն այդ մասին գրավոր դիմում է Դատարանների նախագահների խորհրդին: Այդ դեպքում Դատարանների նախագահների խորհուրդը որոշում է կայացնում վճռաբեկ դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի անուն-ազգանունը բաշխման ցանկում ներառելու մասին` սահմանելով նաև սույն օրենսգրքի 21.2-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասով նախատեսված տոկոսաչափը:
(21.4-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 21.5. | Գործերի վերաբաշխման կարգը |
1. Եթե դատավորը գործուղվել է, կամ նրա գործուղման ժամկետն ավարտվել է, կամ եթե նա տեղափոխվել է այլ դատարան կամ տվյալ գործով հայտնել է ինքնաբացարկ կամ նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանը, կամ նրա լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են, ապա տվյալ դատավորին հանձնված գործերը համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև:
2. Դատավորի ժամանակավոր անաշխատունակության հետևանքով բացակայելու դեպքում նրան հանձնված գործերի վերաբաշխման կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:
(21.5-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 21.6. | Դատարաններում գործերի բաշխման համակարգչային ապահովումը |
1. Դատավորների միջև գործերի բաշխումը և սույն օրենսգրքի 21.3-րդ հոդվածով սահմանված դեպքերում կոլեգիալ դատական կազմերի ձևավորումը կատարվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով:
2. Համակարգչային ծրագիրը գործարկելիս ապահովվում է տվյալների գաղտնիությունը` բացառելով հնարավոր արտաքին միջամտությունը:
3. Եթե անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել համակարգչային եղանակով, ապա գործերը՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, դատավորների միջև հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը՝ դրանք մուտքագրվելուց հետո՝ անհապաղ: Այդ դեպքում դատարանի նախագահն անհապաղ այդ մասին գրավոր տեղեկացնում է վճռաբեկ դատարանի նախագահին և Դատարանների նախագահների խորհրդին:
4. Դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:
(21.6-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
Հոդված 22. | Ընդհանուր իրավասության դատարանի իրավասությունը |
1. Ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:
2. Ընդհանուր իրավասության դատարանը քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում քրեական վարույթի մինչդատական փուլի նկատմամբ:
3. Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:
(22-րդ հոդվածը փոփ. 05.02.09 ՀՕ-46-Ն)
Հոդված 23. | Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը |
1. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Օրենքով կարող է նախատեսվել այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ:
2. Եթե գումարը բռնագանձելու պահանջի մասին կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
3. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե դատավարական օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բացառիկ դեպքերում կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելը անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման նույն դատարանի` օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սահմանված կարգով:
5. Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերով ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
(23-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 28.11.07 ՀՕ-281-Ն)
Հոդված 24. | Ընդհանուր իրավասության դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը |
1. Երևան քաղաքում գործում են ընդհանուր իրավասության հետևյալ դատարանները.
1) Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.
2) Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 13 դատավորի կազմով.
3) Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
4) Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
5) Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
6) Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով.
7) Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով:
2. Մարզերում գործում են ընդհանուր իրավասության հետևյալ դատարանները.
1) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
2) Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 10 դատավորի կազմով.
3) Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.
4) Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
5) Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով.
6) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով.
7) Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
8) Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 8 դատավորի կազմով.
9) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 8 դատավորի կազմով:
3. Վարչական շրջանի (վարչական շրջանների) ընդհանուր իրավասության դատարանի նստավայրը գտնվում է համապատասխան վարչական շրջանի (վարչական շրջաններից մեկի) տարածքում:
4. Մարզի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է մարզկենտրոնի վարչական տարածքում: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է այդ մարզերից որևէ մեկի մարզկենտրոնի վարչական տարածքում: Ընդհանուր իրավասության մարզային դատարանը կարող է ունենալ այլ նստավայրեր մարզի վարչական տարածքում:
(24-րդ հոդվածը խմբ. 05.02.09 ՀՕ-46-Ն, 16.09.09 ՀՕ-175-Ն)
Հոդված 25. | Ընդհանուր իրավասության դատարանի նախագահը |
1. Ընդհանուր իրավասության դատարանի նախագահը՝
1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը.
2) (կետն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-86-Ն)
3) հետևում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով.
4) դատավորի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով.
5) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.
6) (կետն ուժը կորցրել է 10.06.14 ՀՕ-47-Ն)
7) դատարանի նախագահի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում նշանակում է փոխարինող.
8) վերահսկում է դատարանի աշխատակազմի գործունեությունը.
9) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
(25-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն, 21.06.14 ՀՕ-86-Ն)
Հոդված 26. | Դատական ակտերի վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով |
(հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-235-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-46-Ն)
Հոդված 27. | Քաղաքացիական դատարանների իրավասությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-46-Ն)
Հոդված 28. | Քաղաքացիական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը |
(հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-46-Ն)
Հոդված 29. | Քաղաքացիական դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը |
(հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-46-Ն)
Հոդված 30. | Քաղաքացիական դատարանի նախագահը |
(հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-46-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-46-Ն)
Հոդված 31. | Քրեական դատարանների իրավասությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-46-Ն
Հոդված 32. | Քրեական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը |
(հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-46-Ն)
Հոդված 33. | Քրեական դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը |
(հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-46-Ն)
Հոդված 34. | Քրեական դատարանի նախագահը |
(հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-46-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
Հոդված 35. | Վարչական դատարանի իրավասությունը |
1. Վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:
2. Վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով։ Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում վարչական դատարանը կայացնում է դատական ակտեր, որոնք վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:
3. Վարչական դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
(35-րդ հոդվածը խմբ. 28.10.10 ՀՕ-136-Ն)
Հոդված 36. | Վարչական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը |
1. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Օրենքով կարող է նախատեսվել այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ:
2. Վարչական դատարանի միջանկյալ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետները սահմանվում են դատավարական օրենսդրությամբ:
3. (մասն ուժը կորցրել է 05.12.13 ՀՕ-148-Ն)
(36-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-281-Ն, լրաց. 05.02.09 ՀՕ-46-Ն, փոփ. 28.10.10 ՀՕ-136-Ն, 05.12.13 ՀՕ-148-Ն)
Հոդված 37. | Վարչական դատարանի թվակազմը և նստավայրերը |
1. Վարչական դատարանը գործում է դատարանի նախագահի և 26 դատավորի կազմով:
2. Վարչական դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:
3. Վարչական դատարանն ունի այլ նստավայրեր մարզերում:
(37-րդ հոդվածը փոփ. 05.02.09 ՀՕ-46-Ն, 28.10.10 ՀՕ-136-Ն, 19.12.12 ՀՕ-246-Ն)
Հոդված 38. | Վարչական դատարանի նախագահը |
Վարչական դատարանի նախագահն օժտված է ընդհանուր իրավասության դատարանի նախագահի լիազորություններով:
Գ Լ ՈՒ Խ 7
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ
Հոդված 39. | Վերաքննիչ դատարանի իրավասությունը |
1. Վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է ընդհանուր իրավասության, դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը:
1.1. Վարչական վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմաններում վերանայում է վարչական դատարանի կայացրած դատական ակտերը։
1.2. Վարչական վերաքննիչ դատարանի վրա տարածվում են սույն օրենսգրքով վերաքննիչ դատարանների համար նախատեսված բոլոր նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
1.3. Վարչական վերաքննիչ դատարանում վարչական դատարանի ակտերի դեմ բերված բողոքներով գործերի քննության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով։
2. Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերը վերանայում է օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:
3. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
4. Վերաքննիչ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն է:
(39-րդ հոդվածը փոփ. 05.02.09 ՀՕ-46-Ն, լրաց. 28.10.10 ՀՕ-136-Ն)
Հոդված 40. | Վերաքննիչ դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը |
(հոդվածն ուժը կորցրել է 28.10.10 ՀՕ-136-Ն)
Հոդված 41. | Վերաքննիչ դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրը |
1. Հայաստանի Հանրապետությունում գործում է երեք վերաքննիչ դատարան՝
1) վերաքննիչ քաղաքացիական դատարանը.
2) վերաքննիչ քրեական դատարանը.
3) վարչական վերաքննիչ դատարանը:
2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործում է դատարանի նախագահի և 15 դատավորի կազմով:
3. Վերաքննիչ քրեական դատարանը գործում է դատարանի նախագահի և 15 դատավորի կազմով:
3.1. Վարչական վերաքննիչ դատարանը գործում է դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով։
4. Վերաքննիչ դատարանի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:
(41-րդ հոդվածը փոփ., լրաց. 28.10.10 ՀՕ-136-Ն)
Հոդված 42. | Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:
2. Դատարանի՝ սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:
3. Այն բացառիկ դեպքերում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակման պահից դատավորի կողմից հայտարարվել են օրինական ուժի մեջ մտած, այդ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
4. Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:
5. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը կարող է ընդունվել քննության այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը կամ առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ:
6. Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին: Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, չեն կարող համապատասխան բողոք ներկայացնել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Սույն նորմը չի տարածվում քրեական գործերի վրա:
(42-րդ հոդվածը փոփ., լրաց. 28.11.07 ՀՕ-281-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-235-Ն)
Հոդված 43. | Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը |
1. Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝
1) գործին մասնակցող անձինք.
2) դատախազը՝ օրենքով նախատեսված դեպքերում.
3) գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
(43-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-281-Ն)
Հոդված 44. | Վերաքննիչ բողոք բերելու հիմքերը |
Վերաքննիչ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, ինչպես նաև նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:
(44-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-235-Ն)
Հոդված 45. | Քաղաքացիական գործերով վերաքննիչ բողոք բերելու սահմանափակումները |
1. Եթե կողմերը առաջին ատյանի դատարանում կնքել են վերաքննության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն, ապա նման համաձայնություն կնքած կողմի (կողմերի) ներկայացրած վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանի կողմից ենթակա է քննության միայն նման համաձայնություն կնքած մյուս կողմի համաձայնության դեպքում:
2. Գույքային պահանջով քաղաքացիական գործերով վերաքննությունը թույլատրելի է միայն, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը:
3. (մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-281-Ն)
4. Դատավարական օրենքով կարող են սահմանվել բողոք բերելու լրացուցիչ սահմանափակումներ:
Հոդված 46. | Վերաքննիչ բողոքի պատասխանը |
Գործին մասնակցող անձն իրավունք ունի վերաքննիչ դատարան ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան՝ դատավարական օրենքով նախատեսված ժամկետներում և կարգով:
Հոդված 47. | Քաղաքացիական գործերով վերաքննության սահմանները փաստի հարցում |
(վերնագիրը խմբ. 28.11.07 ՀՕ-281-Ն)
1. Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցը էական նշանակություն ունի գործի լուծման համար:
2. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստը, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:
3. Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որևէ փաստի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:
4. Վերաքննիչ դատարանն իրավունք չունի քննության առարկա դարձնելու վերաքննիչ բողոքում որևէ հարցի վերաբերյալ արտահայտված այն դիրքորոշումը, որը չի հայտնվել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
(47-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-281-Ն)
Հոդված 48. | Վերաքննիչ դատարանի լիազորությունները |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`
1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է oրինական ուժի մեջ.
3) քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.
4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները, իսկ քրեական գործերով նաև քրեական վերաքննիչ դատարանին նոր ներկայացված ապացույցների հիման վրա նրա հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:
2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որը օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
(48-րդ հոդվածը լրաց., խմբ. 28.11.07 ՀՕ-281-Ն, փոփ. 08.02.11 ՀՕ-39-Ն)
Հոդված 49. | Վերաքննիչ դատարանի նախագահը |
1. Վերաքննիչ դատարանի նախագահը դատավոր է:
2. Վերաքննիչ դատարանի նախագահն օժտված է ընդհանուր իրավասության դատարանի նախագահի լիազորություններով:
Գ Լ ՈՒ Խ 8
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ
Հոդված 50. | Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակը և իրավասությունը |
1. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը։ Իր այդ առաքելությունն իրականացնելիս վճռաբեկ դատարանը պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը։
2. Վճռաբեկ դատարանն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վճռաբեկ բողոքի հիման վրա վերանայում է վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` օրենքով նախատեսված դեպքերում բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը։
3. Վճռաբեկ դատարանը դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։
4. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
(50-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-235-Ն, փոփ., լրաց. 28.10.10 ՀՕ-136-Ն, խմբ. 04.10.10 ՀՕ-140-Ն,10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 50.1. |
Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը |
1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ
2) առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ
3) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք։
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե`
1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.
3) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
4) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
5) վճռաբեկ դատարանը համարում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով դատական սխալը յուրաքանչյուր դատավարության համար սահմանվում է համապատասխան դատավարական օրենսգրքով։
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։
5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունվելու դեպքում վճռաբեկ դատարանի վերջնական դատական ակտի պատճառաբանական մասը պետք է պարունակի տվյալ գործով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը։
(50.1-ին հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 51. | Վճռաբեկ դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը և հրապարակելը |
1. Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
2. Վճռաբեկ դատարանի ակտերը ենթակա են պաշտոնական հրապարակման «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:
Հոդված 52. | Վճռաբեկ դատարանի կառուցվածքը, դատավորների թվակազմը և նստավայրը |
1. Վճռաբեկ դատարանը կազմված է վճռաբեկ դատարանի նախագահից, պալատների նախագահներից և տասնչորս դատավորից:
2. Վճռաբեկ դատարանն ունի երկու պալատ՝
1) քրեական պալատ.
2) քաղաքացիական և վարչական պալատ:
3. Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից: Քաղաքացիական և վարչական պալատը կազմված է պալատի նախագահից և ինը դատավորից:
4. Վճռաբեկ դատարանի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:
(52-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.12.08 ՀՕ-235-Ն)
Հոդված 53. | Վճռաբեկ դատարանի պալատները |
Հոդված 54. | Վճռաբեկ դատարանի նիստերը և որոշումներ ընդունելու կարգը |
(հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-235-Ն)
Հոդված 55. | Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները |
(հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-46-Ն)
Հոդված 56. | Վճռաբեկ բողոք բերելու իրավունքը |
(հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-235-Ն)
Հոդված 57. | Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը |
Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք են դատական սխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, ինչպես նաև նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:
(57-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.08 ՀՕ-235-Ն)
Հոդված 58. | Վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումները |
1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերը անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում: Բացառություն են կազմում այն ակտերը, որոնք վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չեն:
2. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:
Հոդված 59. | Վճռաբեկ բողոքի պատասխանը |
Գործին մասնակցող անձն իրավունք ունի վճռաբեկ դատարան ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան՝ դատավարական օրենքով նախատեսված ժամկետներում և կարգով:
Հոդված 60. | Վճռաբեկ դատարանի լիազորությունները |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`
1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է oրինական ուժի մեջ.
3) քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.
4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը.
6) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:
7) (կետն ուժը կորցրել է 28.10.10 ՀՕ-136-Ն)
2. Միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
(60-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-281-Ն, փոփ. 28.10.10 ՀՕ-136-Ն, 08.02.11 ՀՕ-39-Ն)
Հոդված 61. | Վճռաբեկ դատարանի նախագահը |
1. Վճռաբեկ դատարանը գլխավորում է վճռաբեկ դատարանի նախագահը:
2. Վճռաբեկ դատարանի նախագահն իրականացնում է վճռաբեկ դատարանի պալատի նախագահին և դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները:
3. Վճռաբեկ դատարանի նախագահը՝
1) ապահովում է վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.
2) հրավիրում և վարում է վճռաբեկ դատարանի նիստերը.
3) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակման է ուղարկում վճռաբեկ դատարանի որոշումները.
4) վճռաբեկ դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.
5) վերահսկում է վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.
6) ներկայացնում է վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
7) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարգապահական վարույթ է հարուցում վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ պալատի դատավորի նկատմամբ.
8) վարում է Արդարադատության խորհրդի նիստերը.
9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ, որոնք չպետք է հակասեն սույն հոդվածի 3-րդ մասով վճռաբեկ դատարանի նախագահին վերապահված մյուս լիազորություններին:
(61-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-76-Ն)
Հոդված 62. | Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը |
1. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը դատավոր է:
2. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը՝
1) կազմակերպում է պալատի աշխատանքները.
2) վճռաբեկ դատարանի նախագահի բացակայության ժամանակ, վերջինիս հանձնարարությամբ, ժամանակավորապես իրականացնում է նրա լիազորությունները: Նման հանձնարարության անհնարինության դեպքում վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես իրականացնում է պալատի` տարիքով ավագ նախագահը:
Գ Լ ՈՒ Խ 9
ԴԱՏԱՐԱՆԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 63. | Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները |
1. Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի դատավարությանը մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.
1) նախազգուշացում.
2) նիստերի դահլիճից հեռացնել.
3) դատական տուգանք.
4) դատախազին կամ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմել:
2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:
Դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:
Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Հայցվորի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է սանկցիայի կիրառման ժամկետով:
Դատավարությանը մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:
3. Նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:
4. Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով դատական կարգադրիչների միջոցով:
5. Դատական տուգանքը կիրառվում է դատավարությանը մասնակցող անձանց և փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչև 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, սակայն, բացի արարքի ծանրությունից, պետք է հաշվի առնվի նաև արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Քրեական գործի քննության ժամանակ ամբաստանյալի կողմից դատական նիստի կարգը խախտելու և նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու դեպքում դատարանը կիրառում է նախազգուշացում: Միաժամանակ, նախագահող դատավորն ամբաստանյալին բացատրում է, որ դատական նիստի կարգը կրկին խախտելու և նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու դեպքում նա կարող է հեռացվել նիստերի դահլիճից: Նույն դատական նիստում ամբաստանյալի կողմից դատական նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելը կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելը հիմք է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան կիրառելու համար, որի դեպքում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:
Եթե դատարանը գտնում է, որ ամբաստանյալը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա դատավորը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան ամբաստանյալի նկատմամբ կիրառում է առանց նախազգուշացման, և գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:
(պարբերությունն ուժը կորցրել է 08.02.11 ՀՕ-42-Ն)
7. Գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները: Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելն իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դատական սանկցիան պարտադիր հիմք է դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
8. Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումը հրապարակման պահից ուժի մեջ է: Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո` եռօրյա ժամկետում:
9. Եթե դատարանը գտնում է, որ դատավարությանը մասնակցող անձը, ներկայացուցիչը կամ դատական նիստին ներկա գտնվող այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա դատավորը կարող է սույն հոդվածով սահմանված կարգով կարգազանց անձի նկատմամբ կիրառել դատական սանկցիա և պարտավոր է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին:
(63-րդ հոդվածը խմբ. 05.02.09 ՀՕ-46-Ն, խմբ., լրաց., փոփ. 08.02.11 ՀՕ-42-Ն)
Հոդված 64. | Դատարանների ֆինանսավորումը |
1. Դատարանների ֆինանսավորումն իրականացվում է Դատական դեպարտամենտի միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում առանձին տողով` որպես Հայաստանի Հանրապետության դատարաններ:
2. Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է համապատասխան առանձնացված ստորաբաժանումը, իսկ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի բյուջետային հայտի նախագիծը՝ կենտրոնական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:
3. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների կողմից ներկայացված հայտերի հիման վրա նախապատրաստվում են Դատարանների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջետային հայտը, այնուհետև Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից ներկայացվում է Դատարանների նախագահների խորհրդի հաստատմանը: Դատարանների նախագահների խորհուրդը կարող է անհրաժեշտ փոփոխություններ կատարել բյուջետային հայտում: Հաստատված բյուջետային հայտը և միջնաժամկետ ծախսերի ծրագիրը` առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշմամբ, սահմանված ժամկետներում ներկայացվում են կառավարություն` պետական բյուջեի նախագծում ներառելու համար:
4. Դատարանների բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվում և ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկությունների դեպքում այն պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով և Դատարանների նախագահների խորհրդին է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկությունների մանրամասն հիմնավորումները:
5. Բյուջետային հայտը պետք է պարունակի դատարանների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
6. Դատարանների նախագահների խորհրդի դիրքորոշումը բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ Ազգային ժողովում ներկայացնում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:
7. Դատարանների բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է դատարանների պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին oրենքով դատարանների համար նախատեսված ծախսերի երկու տոկոսին: Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ:
8. Դատարանների բնականոն գործունեության ապահովման համար դատարանների պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում կառավարությունը պակասը լրացնում է կառավարության պահուստային ֆոնդից:
(64-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 65. | Դատավորի և դատարանի կնիքը |
1. Յուրաքանչյուր դատավոր ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, դատարանի անվանմամբ և դատավորի անվամբ կնիք, Դատարանների նախագահների խորհրդի կողմից սահմանված դրոշմակնիքներ: Յուրաքանչյուր դատավոր իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կիրառելու էլեկտրոնային թվային ստորագրություն:
2. Վճռաբեկ դատարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:
Հոդված 66. | Պետական խորհրդանիշների օգտագործումը դատարանում |
1. Դատարանների բոլոր նստավայրերի շենքերի վրա կամ շքամուտքի մոտ բարձրացվում է Հայաստանի Հանրապետության դրոշը:
2. Դատարանի նիստերի դահլիճում և դատավորի աշխատասենյակում առկա է Հայաստանի Հանրապետության զինանշանը, և տեղադրված է Հայաստանի Հանրապետության դրոշը:
Հոդված 67. | Դատական իշխանության պաշտոնական կայքը |
Դատական իշխանությունն ունի պաշտոնական ինտերնետային կայք, որը կառավարում է Դատական դեպարտամենտը: Սույն օրենսգրքով նախատեսված տեղեկատվությունը կայքում զետեղվում է հանրության համար հասանելի ձևով: Կայքի կառուցվածքը, վարման կարգը, ինչպես նաև կայքում զետեղվող այլ տեղեկատվությունը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:
Հոդված 68. | Դատական ակտերի հրապարակումը |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերը պարտադիր հրապարակվում են Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
1.1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում վճռաբեկ բողոքը (գրավոր ներկայացված տարբերակը) պարտադիր հրապարակվում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ այն դեպքերի, երբ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել գործի քննությունը դռնփակ անցկացնելու մասին:
2. Վճռաբեկ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման նաև «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:
3. Դատական ակտերի` Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման կարգը սահմանում է դատարանների նախագահների խորհուրդը:
(68-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-320-Ն, լրաց. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 69. | Դատարանների գործունեության նյութատեխնիկական ապահովումը |
Դատարանների գործունեության նյութատեխնիկական ապահովումը իրականացնում է Դատական դեպարտամենտը:
Գ Լ ՈՒ Խ 10
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 70. | Դատական իշխանության ինքնակառավարման մարմինները |
1. Դատական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում գործում է ինքնակառավարման սկզբունքի հիման վրա:
2. Դատական իշխանության ինքնակառավարման մարմիններն են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը (այսուհետ` Դատարանների ընդհանուր ժողով) և Դատարանների նախագահների խորհուրդը:
3. Դատական իշխանության ինքնակառավարման մարմինների գործունեությունը չի կարող սահմանափակել դատավորի անկախությունը:
Հոդված 71. | Դատավորների ընդհանուր ժողովը |
1. Դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է: Նրա որոշումները գերակա են Դատարանների նախագահների խորհրդի որոշումների նկատմամբ: Ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից:
2. Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին առնվազն մեկ անգամ` վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել դատավորների առնվազն 1/3-ի, Դատարանների նախագահների խորհրդի կամ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից:
3. Դատավորների ընդհանուր ժողովը`
1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց, այդ թվում` Դատարանների նախագահների խորհրդի իրավասությանը վերապահված.
2) ընտրում է Արդարադատության խորհրդի դատավոր անդամներին:
4. Դատավորների ընդհանուր ժողովը գործում է իր հաստատած կանոնակարգին համապատասխան:
5. Դատարանների ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի 1/2-ից ավելին: Ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Ժողովի կանոնակարգով նախատեսված դեպքերում, ինչպես նաև ժողովի որոշմամբ կարող է իրականացվել փակ քվեարկություն: Ընտրությունները իրականացվում են քվեաթերթիկներով` փակ քվեարկությամբ:
6. Դատավորների ընդհանուր ժողովը նախագահում է վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ վճռաբեկ դատարանի նախագահին փոխարինող անձը:
Հոդված 72. | Դատարանների նախագահների խորհուրդը |
1. Դատարանների նախագահների խորհուրդը դատական իշխանության մշտապես գործող ինքնակառավարման մարմին է:
2. Դատարանների նախագահների խորհրդի անդամներն են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահները, վճռաբեկ դատարանի և նրա պալատների նախագահները: Խորհրդի անդամի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է նրան դատարանի կամ պալատի նախագահի պաշտոնում փոխարինող անձը:
3. Դատարանների նախագահների խորհուրդը՝
1) մշակում է դատարանների գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումներ և առաջարկություններ, նման առաջարկություններ է ներկայացնում իրավասու պետական մարմիններին.
2) քննարկում է դատարանների և դատավորի անկախության հետ կապված կամ այն վտանգող յուրաքանչյուր հարց և առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններին դրանց լուծման վերաբերյալ.
3) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.
4) հաստատում է դատարանների գործավարության կանոնները.
5) կայացնում է Դատական դեպարտամենտի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.
6) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը, դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման ցանկը.
7) հաստատում է դատավորների վերապատրաստման կարգը.
8) մշակում և հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ դատարանների համագործակցության կանոնները.
9) սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը և հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխման կարգը.
10) մշակում և հաստատում է դատավորների և դատարանների նախագահների գործուղման, արձակուրդի կամ հիվանդության դեպքերում նրանց փոխարինելու կարգը.
11) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ որևէ դատավորի դիմումի հիման վրա կարող է տալ դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ.
12) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անձնագրերը.
13) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը` ըստ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների.
14) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև բաց մրցույթում թեստավորման, հարցազրույցի անցկացման և թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և դրանց աշխատակարգը.
15) սահմանում է դատական ծառայողի գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը.
16) հաստատում է դատական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը.
17) հաստատում է Դատական դեպարտամենտի նախապատրաստած բյուջետային հայտը.
18) դատարանների ներկայացրած հայտերի հիման վրա մշակում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը.
19) բաշխում է դատարանների պահուստային ֆոնդի միջոցները.
20) վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ նշանակում և հետ է կանչում Դատական դեպարտամենտի ղեկավարին.
21) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում և փոփոխում է դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը և առանձնացված ստորաբաժանումների ցանկը.
22) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ՝ պետական բյուջեի հատկացումների սահմաններում հաստատում է դատական կարգադրիչների հաստիքների թիվը` ըստ առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը.
23) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին որպես խրախուսանք շնորհվող կրծքանշանների տեսակները և ձևերը.
24) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու և կրելու կարգը.
25) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
4. Դատարանների նախագահների խորհրդի հերթական նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ: Դատարանների նախագահների խորհրդի արտահերթ նիստ գումարվում է խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով` նրանց սահմանած օրակարգով:
5. Դատարանների նախագահների խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալու որևէ հարցի վերաբերյալ քվեարկելուց:
6. Դատարանների նախագահների խորհրդի նիստերին կարող են հրավիրվել խորհրդի անդամ չհանդիսացող դատավորներ, ինչպես նաև այլ անձինք:
7. Դատարանների նախագահների խորհուրդն ապահովում է նիստերի ողջ ընթացքի տեսաձայնագրությունը, իսկ ըստ անհրաժեշտության՝ նաև ուղիղ հեռարձակումը նիստերի դահլիճից դուրս` հանրության համար մատչելի տարածքում:
8. Դատարանների նախագահների խորհուրդը գործում է իր հաստատած կանոնակարգին համապատասխան:
9. Դատարանների նախագահների խորհուրդն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և «Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդ» գրառմամբ կնիք:
(72-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-281-Ն, լրաց. 07.04.09 ՀՕ-76-Ն, 07.04.09 ՀՕ-91-Ն, 07.12.10 ՀՕ-201-Ն, խմբ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 73. | Դատարանների նախագահների խորհրդի նախագահը |
1. Դատարանների նախագահների խորհրդի նախագահն ի պաշտոնե վճռաբեկ դատարանի նախագահն է: Վճռաբեկ դատարանի նախագահի բացակայության դեպքում Դատարանների նախագահների խորհուրդը նախագահում է վճռաբեկ դատարանի նախագահին փոխարինող անձը:
2. Դատարանների նախագահների խորհրդի նախագահը`
1) նախագահում է Դատարանների նախագահների խորհուրդը.
2) վճռաբեկ դատարանի դատավորների կազմից նշանակում է մեկ դատավոր` Փաստաբանական պալատի որակավորման հանձնաժողովում ընդգրկվելու համար.
3) Դատարանների նախագահների խորհրդին է ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարի թեկնածությունը և նրան աշխատանքից ազատելու մասին առաջարկությունը.
4) իրականացնում է Դատական դեպարտամենտի գործունեության ընդհանուր ղեկավարումը.
5) առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար.
6) դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս այդ մասին հաղորդում է ներկայացնում համապատասխանաբար Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին կամ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին.
7) ներկայացնում է դատական իշխանությունը այլ մարմինների հետ հարաբերություններում.
8) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
(73-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 74. | Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովները |
(վերնագիրը խմբ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
1. Դատավորների ընդհանուր ժողովը ձևավորում է էթիկայի և կարգապահական հարցերի, ուսումնական հարցերի, ինչպես նաև դատավորների գնահատման հանձնաժողովները:
2. Հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենսգրքով իրենց վերապահված լիազորությունները:
3. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 7 անդամ, որոնցից երկուսը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներից, երկուսը՝ Հայաստանի Հանրապետության մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներից, իսկ երեքը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից: Դատարանների նախագահները և Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող ընդգրկվել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:
4. Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 5 անդամ, որոնցից մեկը՝ վճռաբեկ դատարանից, մեկը՝ վերաքննիչ դատարաններից, երեքը՝ առաջին ատյանի դատարաններից:
4.1. Դատավորների գնահատման հանձնաժողովի (այսուհետ՝ գնահատման հանձնաժողով) կազմում ընդգրկվում է 5 անդամ` մեկը՝ իրավաբան գիտնական, մեկը՝ նախկին դատավոր, որի պաշտոնավարումը դատավորի պաշտոնում դադարել է պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով, մեկը՝ առաջին ատյանի դատարանների դատավորներից, մեկը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը՝ վճռաբեկ դատարանի դատավորներից:
4.2. Գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածուն պետք է ունենա դատավորի պաշտոնում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ և գործունեության գնահատման վերջին արդյունքներով՝ բարձր կամ լավ գնահատական:
4.3. Դատարանների նախագահները և Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող ընդգրկվել գնահատման հանձնաժողովի կազմում:
4.4. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ ընդգրկվել Դատավորների ընդհանուր ժողովի մեկ այլ հանձնաժողովի կազմում:
5. Դատավորների ընդհանուր ժողովի անդամը կարող է առաջադրվել որպես հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ Դատավորների ընդհանուր ժողովի որևէ այլ անդամի կողմից առաջադրվելու եղանակով: Նախկին դատավորը կամ իրավաբան գիտնականը կարող է առաջադրվել որպես գնահատման հանձնաժողովի անդամ Դատավորների ընդհանուր ժողովի որևէ մասնակցի կողմից: Գնահատման հանձնաժողովի իրավաբան գիտնական անդամ կարող է առաջադրվել այն անձը, որն ունի գիտաուսումնական կազմակերպություններում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքի փորձ:
6. Հանձնաժողովների անդամներն ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի անդամների կողմից` գաղտնի քվեարկությամբ` 4 տարի ժամկետով:
7. Քվեարկությունն անցկացվում է առանձին քվեաթերթիկներով՝ ըստ սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 4.1-ին մասերով նախատեսված՝ դատարանների (գնահատման հանձնաժողովի դեպքում՝ նաև ըստ նախկին դատավորների և իրավաբան գիտնականների) բաժանման: Քվեաթերթիկում ներառվում են համապատասխան դատարանի (դատարանների) բոլոր այն դատավորների (գնահատման հանձնաժողովի դեպքում՝ նաև նախկին դատավորների և իրավաբան գիտնականների) անունները, որոնք առաջադրվել են սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով: Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում: Քվեարկելիս դատավորն ունի մեկ ձայնի իրավունք: Ընտրված են համարվում առավել շատ ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ունի դատավորի պաշտոնում պաշտոնավարման ավելի երկար ստաժ, իսկ ստաժի հավասարության դեպքում` այն թեկնածուն, որն ունի ավելի երկար մասնագիտական աշխատանքային ստաժ: Մեկ թեկնածու առաջադրվելու դեպքում նա համարվում է ընտրված ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:
8. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների թեկնածուներին գրանցելու, ինչպես նաև քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու և քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Դատավորների ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով՝ կազմված 5 անդամից, որոնց ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը՝ բաց քվեարկությամբ: Դատավորները կարող են առաջադրվել որպես հաշվիչ հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ Դատավորների ընդհանուր ժողովի որևէ այլ մասնակցի կողմից առաջադրվելու եղանակով: Հաշվիչ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է Դատավորների ընդհանուր ժողովի կանոնակարգով:
9. Յուրաքանչյուր հանձնաժողով իր կազմից` հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:
(74-րդ հոդվածը խմբ. 10.06.14 ՀՕ-47-Ն, խմբ., լրաց., փոփ. 21.06.14 ՀՕ-86-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 2
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Գ Լ ՈՒ Խ 11
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 75. | Դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանվող հավելավճարները |
1. Դատավորի վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-169-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-169-Ն)
(75-րդ հոդվածը փոփ. 05.02.09 ՀՕ-46-Ն, խմբ. 13.11.12 ՀՕ-188-Ն, խմբ., փոփ.12.12.13 ՀՕ-169-Ն)
Հոդված 75.1. |
Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակային ապահովությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-196-Ն)
Հոդված 76. | Դատավորի արձակուրդը |
1. Դատավորներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային oր տևողությամբ:
2. Դատավորին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատարանի բնականոն գործունեության իրականացումը: Դատավորներին ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:
3. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, դատարանի նախագահի կողմից դատավորին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ տարեկան հանրագումարային մինչև 30 օր տևողությամբ:
4. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատավորն ունի մինչև 30 աշխատանքային օր տևողությամբ չվճարվող արձակուրդի իրավունք:
5. Արձակուրդի տրամադրման հետ կապված վեճերը կարող են լուծվել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից:
(76-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 77. | Դատավորի` կրթական ծրագրերին մասնակցելու իրավունքը |
1. Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի, դատավորն իրավունք ունի մասնակցելու այլ կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների:
2. Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչև հինգ օր տևողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է դատարանի նախագահը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն ստանալու համար դատավորը դիմում է Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովին:
3. Այն դեպքում, երբ դատավորը ստացել է դատարանի նախագահի կամ Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի համաձայնությունը, այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ դատավորի բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ:
(77-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 78. | Դատավորի անձնական գործը |
1. Յուրաքանչյուր դատավորի վերաբերյալ կազմվում և վարվում է անձնական գործ: Դատավորի անձնական գործը վարում է Դատական դեպարտամենտը: Դատավորի անձնական գործը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) տեղեկություններ` դատավորի անվան, ազգանվան, ծննդյան տարեթվի, մշտական բնակության վայրի, կրթության և օտար լեզուների իմացության մասին.
2) դատավորի նշանակման մասին ակտի պատճենը.
3) տեղեկություններ` Արդարադատության ակադեմիայում ուսանելու ընթացքում դատավորի առաջադիմության և դատարաններում փորձաշրջանի ընթացքի վերաբերյալ.
4) տեղեկություններ` դատավորի պաշտոնում աշխատելու ժամանակ դատավորի անցած վերապատրաստման դասընթացների և ժամաքանակի վերաբերյալ.
5) էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ընդունած որոշումներ` դատավորի կողմից գործի քննությունը ձգձգելու դեպքերի վերաբերյալ.
6) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ կարգապահական գործը կարճելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումների պատճենները.
7) դատավորի կողմից աշխատանքային կարգապահության խախտման վերաբերյալ տեղեկություններ.
8) դատավորի և իր հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը.
9) աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ.
10) Դատարանների նախագահների խորհրդի կողմից սահմանված այլ տեղեկություններ:
2. Դատավորի անձնական գործում եղած տեղեկությունները հրապարակման ենթակա չեն: Դատավորից բացի, նրա անձնական գործին իրավունք ունեն ծանոթանալու Հանրապետության Նախագահը, վճռաբեկ դատարանի նախագահը, համապատասխան դատարանի նախագահը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող անձը, Արդարադատության խորհրդի անդամները, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամները:
(78-րդ հոդվածը փոփ. 02.05.13 ՀՕ-51-Ն, 10.06.14 ՀՕ-47-Ն)
(78-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը 21.06.14 ՀՕ-86-Ն օրենքի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.18 թ.)
Հոդված 79. | Դատավորի աշխատակազմը |
1. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի մեկ օգնական և մեկ գործավար:
2. Վճռաբեկ դատարանի նախագահը, պալատի դատավորները և պալատների նախագահներն ունեն երկուական օգնական:
3. Դատավորի օգնականը և գործավարը համարվում են դատավորին կցվող դատական ծառայողներ:
Հոդված 80. | Դատավորի հանդերձանքը դատական նիստի ընթացքում |
1. Դատական նիստին դատավորը մասնակցում է սահմանված ձևի պատմուճանով, որը նրան տրամադրվում է անվճար:
2. Պատմուճանի նկարագրությունը հաստատում է Դատարանների նախագահների խորհուրդը:
Հոդված 81. | Դատավորի աշխատասենյակը |
1. Դատավորին հատկացվում է առանձին ծառայողական աշխատասենյակ:
2. Դատավորի աշխատասենյակում պետք է լինի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, իսկ աշխատասեղանի մոտ տեղադրվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
Հոդված 82. | Դատավորի զինվորական ամրագրումը |
Դատավորն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայության զորակոչից, զորահավաքներից և վարժական հավաքներից:
Հոդված 83. | Դատավորի ծառայողական վկայականը |
Դատավորին իր գործունեության ողջ ժամանակահատվածի համար Հանրապետության Նախագահի կողմից տրվում է ծառայողական վկայական:
Հոդված 84. | Դատավորի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները |
1. Դատավորներն ունեն հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է կառավարության լիազորած մարմինը:
2. Դատավորը և նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատավորի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում դատավորի կամ դատարանի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դատավորի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Հոդված 85. | Դատավորի գործուղման ծախսերը |
Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս դատավորին, օրենսդրությամբ սահմանած չափերով և կարգով, վճարվում են գործուղման ծախսեր:
Հոդված 86. | Դատավորի անհապաղ ընդունելության իրավունքը |
Դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` արդարադատության նախարար) և վճռաբեկ դատարանի նախագահի մոտ:
Գ Լ ՈՒ Խ 12
ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 87. | Դատավորի վարքագծի կանոնները |
1. Սույն գլխով սահմանված դատավորի վարքագծի կանոնները սպառիչ չեն: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է սահմանել վարքագծի լրացուցիչ կանոններ:
2. Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատավորների համար:
3. Սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-6-րդ և 9-10-րդ մասերով, 92-րդ հոդվածով, 93-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 95-րդ հոդվածով, 96-րդ հոդվածով սահմանված դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են դատավորների թեկնածությունների ցուցակում գտնվող բոլոր անձանց համար այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:
Հոդված 88. | Վարքագծի կանոնների նպատակը և դրանց պահպանմանը հետևելու պարտականությունը |
1. Դատավորը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչպես նաև նպաստել դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն այդ նպատակի իրականացմանը:
2. Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով իր գործընկերների կողմից դրանց պահպանմանը:
Հոդված 89. | Դատավորի պաշտոն զբաղեցնող անձի վարքագիծը |
1. Սույն հոդվածի պահանջները վերաբերում են դատավորի ամենօրյա վարքագծին ինչպես դատարանում ի պաշտոնե գործելիս, այնպես էլ դատարանից դուրս:
2. Դատավորը պարտավոր է հարգել օրենքը և ենթարկվել օրենքին:
3. Դատավորն ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս պարտավոր է խուսափել դատական իշխանության հեղինակությունը վարկաբեկող կամ ոչ վայել վարքագիծ դրսևորելուց, ինչպես նաև նման տպավորություն ստեղծելուց:
4. Դատավորը պարտավոր է թույլ չտալ, որ իր ընտանեկան, սոցիալական կամ այլ բնույթի հարաբերությունները որևէ կերպ ներազդեն դատարանում իր լիազորությունների իրականացման վրա:
5. Դատավորը պարտավոր է թույլ չտալ, որ ստեղծվի այնպիսի տպավորություն, կարծես այլ անձը, իր ընտանեկան, սոցիալական, պաշտոնական կամ այլ դիրքից ելնելով, կարող է ազդել դատավորի վրա:
6. Դատավորը պարտավոր է չօգտագործել դատավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի:
7. Դատավորն իրավունք չունի Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անձնական երաշխավորություն տալու հօգուտ որևէ անձի:
8. Դատավորն իրավունք չունի քաղաքացիական, վարչական կամ քրեական վարույթի շրջանակներում բնութագիր տալու որևէ անձի հատկանիշներին այլ կերպ, քան դատական ակտով:
9. Դատավորը չպետք է անդամակցի այնպիսի կազմակերպությունների, որոնք սերմանում են թշնամանք և խտրականություն` կախված ռասայից, սեռից, ազգային պատկանելությունից, դավանանքից կամ այլ հատկանիշներից, ինչպես նաև այն կազմակերպություններին, որոնք իրականացնում են oրենքով արգելված գործունեություն: Անդամությունը կրոնական կազմակերպություններին կամ հայրենակցական միություններին ինքնին չի համարվում սույն դրույթի խախտում:
10. Դատավորն իրավունք չունի որևէ կերպ մասնակցելու սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրoգուտ նպատակներ հետապնդող ծրագրերի համար միջոցների ներգրավման գործընթացին, ինչպես նաև թույլ տալու, որ այդ նպատակով օգտագործվի իր պաշտոնի հեղինակությունը: Այս դրույթը չի սահմանափակում դատավորի կողմից այդ ծրագրերի համար նվիրատվություն կամ նվիրաբերություն տալը:
11. Դատավորն իրավունք ունի առաջարկներ ներկայացնելու դրամաշնորհներ տվող կազմակերպություններին՝ իրավունքին, օրենսդրությանը, ինչպես նաև արդարադատության իրականացմանը վերաբերող ծրագրերի հետ կապված միջոցներ հատկացնելու վերաբերյալ, եթե այդ դատարանում չի քննվում կամ ողջամտորեն չի ակնկալվում գործ, որը կապված է այդ կազմակերպության շահերի հետ:
Հոդված 90. | Դատավորի պատշաճ վարքագիծը ի պաշտոնե գործելիս |
1. Սույն հոդվածի պահանջները վերաբերում են դատավորի վարքագծին, երբ նա գործում է ի պաշտոնե:
2. Դատական իշխանությունն իրականացնելու հետ կապված դատավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ:
3. Դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է՝
1) քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր.
2) գործը քննելիս և լուծելիս ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն.
3) թույլ չտալ, որ իր վրա ներազդեն թաքնված շահերը, հասարակական դժգոհությունը կամ քննադատված լինելու վախը.
4) դատական նիստի բոլոր ներկաներից պահանջել կարգուկանոնի և էթիկայի կանոնների պահպանում.
5) համբերատար, արժանապատիվ և կիրթ վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե: Դատավորը պարտավոր է նմանատիպ վերաբերմունք պահանջել դատարանի աշխատակազմից և այլ անձանցից, որոնք գտնվում են դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո.
6) իր պարտականություններն իրականացնել անկողմնակալ: Դատավորն ի պաշտոնե գործելիս պարտավոր է զերծ մնալ խոսքով կամ վարքով կողմնակալություն ցուցաբերելուց, ինչպես նաև նման տպավորություն ստեղծելուց: Նման կողմնակալությունն ընդգրկում է ինչպես որոշակի անձանց նկատմամբ կողմնակալությունը, այդպես էլ կողմնակալությունը` հիմնված ռասայի, սեռի, դավանանքի, ազգային պատկանելության, ֆիզիկական արատների, տարիքի, սոցիալական դրության և այլ նմանատիպ հատկանիշների վրա: Սույն կետը չի խոչընդոտում դատարանին անդրադառնալ ռասայի, սեռի, դավանանքի, ազգային պատկանելության, ֆիզիկական արատների, տարիքի, սոցիալական դրության, ինչպես նաև այլ նմանատիպ հատկանիշներին, եթե վերջիններս հանդիսանում են դատական քննության առարկա.
7) վերահսկել և թույլ չտալ դատարանի աշխատակազմին և այլ անձանց, որոնք գտնվում են դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո, դրսևորել կողմնակալություն.
8) քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետներում` խուսափելով անհարկի ձգձգումներից.
9) դատարանի միջոցները տնօրինել արդյունավետ՝ խուսափելով անհարկի ծախսերից.
10) չհաստատել այն դատական ծախսերը, որոնց չափը չի համապատասխանում դրանց ողջամիտ արժեքին.
11) զերծ մնալ որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց: Դատավորը պարտավոր է զերծ մնալ նաև իր կարծիքը ոչ հրապարակային հայտնելուց, եթե դա կարող է միջամտել գործի քննությանը: Դատավորը պարտավոր է նմանատիպ վարքագիծ պահանջել նաև դատարանի աշխատակազմից և այլ անձանցից, որոնք գտնվում են դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո: Սույն կետը չի արգելում դատավորի կողմից իր պաշտոնեական պարտականությունների հետ կապված հրապարակային հայտարարություններ անելը կամ հասարակությանը դատարանում գործերի քննության ընթացակարգին իրազեկելը: Սույն կետը չի կիրառվում այն դեպքում, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ.
12) դատական իշխանությունն իրականացնելուց դուրս չհրապարակել և չօգտագործել իր պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Դատավորը պարտավոր է գործի ելքով շահագրգռված յուրաքանչյուր անձի կամ նրա փաստաբանին հնարավորություն տալ իրականացնելու դատարանի կողմից լսվելու` օրենքով նախատեսված իրավունքը:
5. Դատավորն իրավունք չունի դատաքննությունից դուրս ինքնուրույն որոնելու ապացույցներ կամ հետախուզելու փաստեր` իր վարույթում գտնվող գործով:
6. Դատավորը պարտավոր է չնախաձեռնել, թույլ չտալ և հաշվի չառնել առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա փաստաբանի մասնակցության ("ex parte", այսուհետ՝ ընդդիմազերծ) դատավարության մյուս կողմի կամ նրա փաստաբանի հետ շփումները, ինչպես նաև պարտավոր է հաշվի չառնել առանց դատավարության կողմերի մասնակցության որևէ այլ անձի հետ իր շփումները, որոնք վերաբերում են դատավորի կողմից քննվող գործին: Սույն կանոնից բացառությունները թույլատրելի են միայն հետևյալ դեպքերում.
1) երբ հանգամանքների բերումով ընդդիմազերծ շփումներն անհրաժեշտ են կազմակերպական նպատակներով, ինչպես օրինակ նիստի ամսաթիվը և ժամը համաձայնեցնելու կամ նմանատիպ այլ անհետաձգելի դեպքերում, և այն պայմանով, որ շփումները չեն վերաբերում գործի էությանը, դրանց արդյունքում դատավարության կողմերից մեկը չի ստանում դատավարական կամ այլ առավելություն մյուս կողմի նկատմամբ, և դատավորը անհապաղ հայտնում է այդ շփումների բովանդակությունը մյուս կողմին՝ նրան հնարավորություն տալով արձագանքելու.
2) երբ դատավորը կիրառման ենթակա իրավունքի վերաբերյալ հարցերով դիմում է գործի ելքում չշահագրգռված մասնագետի, պայմանով, որ կողմերը կտեղեկացվեն մասնագետի ինքնության և նրա տեսակետի վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն կունենան այդ տեսակետի վերաբերյալ իրենց կարծիքը ներկայացնելու.
3) երբ դատավորը խորհրդակցում է այլ դատավորների կամ դատարանի աշխատակազմի այն աշխատակիցների հետ, որոնց գործառույթը դատավորին դատական իշխանություն իրականացնելիս օժանդակելն է: Եթե շփումը իրականացվում է գործը լսող տարբեր դատական ատյանների դատավորների միջև, ապա դրա բովանդակությունը հայտնվում է կողմերին.
4) երբ դատավորի կողմից ընդդիմազերծ շփումներ իրականացնելն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:
7. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումները տարածվում են և' բանավոր, և' գրավոր շփումների վրա:
8. Եթե դատավորի կամքից անկախ տեղի են ունեցել սույն հոդվածի 5-րդ մասով անթույլատրելի ընդդիմազերծ շփումներ, ապա դատավորը պարտավոր է անհապաղ հայտնել դրանց բովանդակությունը այն կողմին, որը մասնակից չի եղել այդ շփումներին:
9. Դատավորը պետք է վերահսկի, որպեսզի սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումները պահպանվեն նաև դատարանի աշխատակազմի և այլ անձանց կողմից, որոնք գտնվում են դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո:
10. Կազմակերպական լիազորություններ իրականացնելիս դատարանի նախագահը և յուրաքանչյուր դատավոր պարտավոր են առանց կողմնակալության իրականացնել իրենց կազմակերպական պարտականությունները՝ ապահովելով կազմակերպական ունակությունների պատշաճ մակարդակ: Նրանք պարտավոր են անհրաժեշտության դեպքում համագործակցել այլ դատավորների և դատարանի աշխատակազմի հետ: Դատարանի նախագահը և դատավորը պետք է նմանատիպ վերաբերմունք պահանջեն դատարանի աշխատակազմից և այլ անձանց կողմից, որոնք գտնվում են նրանց ղեկավարության կամ վերահսկողության ներքո:
Հոդված 91. | Դատավորի ինքնաբացարկը |
1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլոց այն դեպքերը, երբ`
1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.
2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է այն փաստերին, որոնք վիճարկվում են դատաքննության ընթացքում.
3) դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: Սույն օրենքի իմաստով անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները: Անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Անձի հետ արյունակցական կապի մինչև 3-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք.
4) դատավորը գիտի, որ նա անձամբ կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձինք տնտեսական շահ ունեն` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ:
2. Սույն հոդվածի իմաստով տնտեսական շահ հասկացությունը չի ընդգրկում`
1) բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր անուղղակի ունենալը, եթե դա իրականացվում է ներդրումային կամ կենսաթոշակային ֆոնդի կամ այլ անվանական սեփականատիրոջ միջոցով, և դատավորը չգիտի, որ հանդիսանում է տվյալ ընկերության բաժնետեր.
2) բանկում ավանդ ունենալը, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը, վարկային կամ խնայողական միության ավանդատու կամ անդամ հանդիսանալը, եթե գործի ելքի արդյունքում այդ կազմակերպության վճարունակությանը էական վտանգ չի սպառնա.
3) Հայաստանի Հանրապետության, համայնքի կամ Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը:
3. Դատավորը, որը ինքնաբացարկ է հայտնել, պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, ինչը ենթակա է բառացի արձանագրման: Ինքնաբացարկ հայտնած դատավորը, եթե համարում է, որ ինքը կարող է տվյալ գործով լինել անկողմնակալ, կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկը անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի դատաքննությունը:
4. Ինքնաբացարկի մասին որոշումը կարող է բողոքարկվել:
(91-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-281-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-274-Ն)
Հոդված 92. | Դատավորի ոչ դատական գործունեությունը |
1. Դատավորը չի կարող զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
2. Դատավորի ոչ դատական գործունեության իրականացումը չպետք է`
1) ողջամիտ կասկածներ առաջացնի որպես դատավոր անկողմնակալ գործելու նրա ունակության վերաբերյալ.
2) նսեմացնի դատավորի պաշտոնի հեղինակությունը, կամ
3) խոչընդոտի դատական պարտականությունների պատշաճ իրականացմանը:
3. Դատավորը չպետք է զբաղվի փաստաբանական գործունեությամբ, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա իր ընտանիքի անդամներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց առանց հատուցման իրավաբանական խորհրդատվություն է մատուցում:
4. Դատավորը չի կարող գործել որպես գույքի հավատարմագրային կառավարիչ կամ կտակակատար, բացառությամբ, երբ նա առանց հատուցման գործում է իր ընտանիքի անդամի կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի գույքի կապակցությամբ:
5. Դատավորը կարող է զբաղեցնել ոչ առևտրային կազմակերպությունում պաշտոն, եթե՝
1) իր գործունեությունը այդ պաշտոնում իրականացվում է անհատույց.
2) եթե համապատասխան դատարանում կամ ստորադաս դատարանում չի քննվում կամ ողջամտորեն չի ակնկալվում գործ, որը կապված է այդ կազմակերպության շահերի հետ.
3) եթե այդ պաշտոնը չի ենթադրում ֆինանսական միջոցների տնօրինում, կազմակերպության անունից քաղաքացիաիրավական գործարքների կնքում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպության գույքային շահերի ներկայացուցչության իրականացում:
6. Դատավորը պարտավոր է իր կողմից իրականացվող ոչ դատական գործունեության մասին հնարավոր սեղմ ժամկետում հայտնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ նշելով վերաբերելի մանրամասներ:
(92-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 93. | Դատավորի ոչ դատական գործունեությունից ստացվող հատուցումները |
1. Դատավորին գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց դատավոր չհանդիսացող անձը կարող էր հավակնել:
2. Սույն հոդվածի 1-ին մասի կանոններին համապատասխան իրականացվող ոչ դատական գործունեության համար դատավորը կարող է ստանալ ծախսերի հատուցում, եթե նման հատուցումների աղբյուրը ողջամտորեն չի կարող ընկալվել որպես դատական պարտականությունների կատարման հարցում դատավորի վրա ներգործություն, և ծախսերի հատուցումը սահմանափակվում է դատավորի (իրադարձությանը համապատասխան դեպքերում՝ նաև նրա ամուսնու) ճանապարհածախսի, սննդի և բնակության ողջամիտ ծախսերի իրական արժեքով:
Հոդված 94. | Դատավորի` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը |
1. Դատավորն իրավունք չունի լինելու անհատ ձեռնարկատեր:
2. Դատավորն իրավունք չունի լինելու տնտեսական ընկերությունների մասնակից կամ վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու, եթե`
1) դա ողջամտորեն ենթադրում է դատավորի պաշտոնեական դիրքի օգտագործում, կամ
2) բացի ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելուց, դատավորը ներգրավվում է նաև այդ կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը, կամ
3) ողջամտորեն ենթադրվում է, որ առևտրային կազմակերպությունը համապատասխան դատարանում հաճախ հանդես է գալու որպես գործին մասնակցող անձ:
3. Դատավորը պետք է ձգտի կառավարել իր ներդրումներն այնպես, որ նվազագույնի հասցնի այն գործերի քանակը, որոնցով նա պետք է ինքնաբացարկ հայտնի:
Հոդված 95. | Դատավորի կողմից նվերներ ընդունելու արգելքը |
1. Դատավորը չպետք է որևէ մեկից նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա: Դատավորը պետք է ձգտի զերծ պահել իր հետ բնակվող ընտանիքի անդամներին այդպիսի գործողություններից: Սույն օրենքի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Սույն օրենքի իմաստով «նվեր» հասկացությունն ընդգրկում է նաև ներված պահանջը, անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը կամ մատուցված ծառայությունը, փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը և այլն:
2. Սույն մասով սահմանված սահմանափակումները չեն տարածվում՝
1) հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների և պարգևների վրա.
2) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի և նմանատիպ այլ նյութերի վրա.
3) պաշտոնական արարողության ժամանակ կազմակերպվող հյուրասիրության վրա.
4) դատավորի հետ բնակվող ընտանիքի այլ անդամի կողմից իր ձեռնարկատիրական, մասնագիտական կամ այլ բնույթի գործունեության հետ կապված նվերի վրա, այդ թվում` այն նվերի, որը կարող է համատեղ օգտագործվել ընտանիքի այլ անդամների, այդ թվում` դատավորի կողմից, սակայն պայմանով, որ նման նվերը չի կարող ողջամտորեն ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված.
5) կենցաղային հյուրընկալության դեպքում տրվող նվերների վրա.
6) հատուկ իրադարձությունների, մասնավորապես՝ ամուսնության, հոբելյանի կամ ծննդյան կապակցությամբ ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերի վրա, եթե նվերն էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է իրադարձությանը և միմյանց միջև հարաբերությունների բնույթին.
7) ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերի վրա, եթե նվերը էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին.
8) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի վրա, որը տրվել է հրապարակային մրցույթի արդյունքում` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում.
9) ֆինանսական ինստիտուտներից սովորական կամ ընդհանուր պայմաններով ստացած փոխառության վրա:
3. Եթե սույն հոդվածով թույլատրելի համարվող նվերները, որոնք օրացուցային տարվա ընթացքում ստացվել են նույն անձից, իրենց արժեքով գերազանցում են 250. 000 Հայաստանի Հանրապետության դրամը, կամ օրացուցային տարում ստացված թույլատրելի համարվող նվերները բոլոր նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, ապա դատավորը պարտավոր է դրա մասին հնարավոր սեղմ ժամկետում հայտնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:
4. Եթե դատավորին հայտնի է դառնում, որ իր հետ համատեղ չբնակվող արյունակցական կապի մինչև 3-րդ աստիճանի մեջ գտնվող անձին տրվել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված, ապա նա պարտավոր է դրա մասին տեղեկություն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայտնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:
5. Եթե դատավորին տրվել է սույն հոդվածով թույլատրելի չհամարվող նվեր, որը վերադարձնելը ողջամիտ ջանքերով հնարավոր չէ, ապա նա պարտավոր է այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը:
(95-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 96. | Դատավորի կողմից ֆինանսական հայտարարագիր ներկայացնելը |
1. Դատավորը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ներկայացվող հայտարարագրի պատճենը ուղարկել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:
(96-րդ հոդվածը խմբ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Գ Լ ՈՒ Խ 12.1
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
(գլուխը լրաց. 21.06.14 ՀՕ-86-Ն)
Հոդված 96.1. |
Դատավորների գործունեության գնահատումը |
1. Դատավորների գործունեությունը պաշտոնում նշանակման օրվան հաջորդող երկրորդ տարվանից հետո ենթակա է պարբերաբար գնահատման:
2. Դատավորների գործունեության գնահատման նպատակն է՝
1) բացահայտել և դատավորներին մատնանշել իրենց աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները.
2) նպաստել դատավորների կողմից իրենց գործունեության վերլուծությանը.
3) դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը:
3. Դատավորների գործունեության գնահատումն իրականացնում է գնահատման հանձնաժողովը:
4. Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է դատավորների գործունեության գնահատման կարգը, ժամանակացույցը, մեթոդաբանությունը և ինքնագնահատման թերթիկի ձևը:
5. Դատական դեպարտամենտը յուրաքանչյուր տարի քանակական չափանիշներին վերաբերող անհրաժեշտ տվյալները ուղարկում է դատավորին և գնահատման հանձնաժողովին:
(96.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-86-Ն)
Հոդված 96.2. |
Դատավորների գործունեության գնահատման չափանիշները |
1. Դատավորների գործունեության գնահատումն իրականացվում է քանակական և որակական չափանիշների հիման վրա:
2. Քանակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ գործերի կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով, որը վարում է դատական դեպարտամենտը:
3. Որակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է գնահատման ժամանակահատվածում ընդգրկված չորս տարիների տվյալների հիման վրա:
4. Գնահատումն անցկացվում է՝ սկսած գնահատման ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվանից:
5. Ըստ քաղաքացիական, քրեական և վարչական գործերի՝ դատավորների գործունեության գնահատման քանակական չափանիշներն են՝
1) դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և քանակական կատարողականությունը.
2) ըստ գործերի առանձին տեսակների՝ գործերի քննության միջին տևողությունը (հաշվարկի միավոր` օր).
3) դատավորի կողմից դատավարական առանձին գործողությունների կատարման համար օրենքով սահմանված ժամկետների պահպանումը:
6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և քանակական կատարողականությունը գնահատվում են դատավորի անհատական աշխատանքային ծանրաբեռնվածության գործակցով: Այդ գործակիցը որոշվում է տարվա ընթացքում դատավորի անհատական քանակական կատարողականի գործակիցը բաժանելով տարվա համար դատարանի միջին քանակական կատարողականի գործակցին՝ ըստ դատավորների մասնագիտացման, իսկ վճռաբեկ դատարանում՝ ըստ պալատների:
7. Տարվա ընթացքում դատավորի անհատական քանակական կատարողականի գործակիցը որոշվում է տարվա ընթացքում դատավորի ավարտած բոլոր գործերի քանակը բաժանելով չավարտված գործերի քանակին: Չավարտված գործերի քանակը որոշվում է նախորդ տարվանից փոխանցված գործերի քանակը գումարելով տարվա ընթացքում դատավորին հանձնված բոլոր նոր գործերի քանակին: Փոխանցված և հանձնված գործերի թվում չեն հաշվարկվում տարվա ընթացքում կասեցված գործերը:
8. Տարվա համար դատարանի միջին քանակական կատարողականության գործակիցը որոշվում է տարվա ընթացքում դատարանի դատավորների ավարտած գործերի քանակը բաժանելով չավարտված գործերի քանակին: Չավարտված գործերի քանակը որոշվում է նախորդ տարվանից փոխանցված (բոլոր դատավորների մոտ առկա) գործերի քանակը գումարելով տարվա ընթացքում դատարան ներկայացված գործերի քանակին: Փոխանցված և հանձնված գործերի թվում չեն հաշվարկվում տարվա ընթացքում կասեցված գործերը:
9. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ գործի քննության միջին տևողությունը գնահատելու համար Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ՝ ըստ քաղաքացիական, քրեական և վարչական գործերի առանձին տեսակների և բարդության, իսկ սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված չափանիշի հաշվարկման կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:
10. Դատավորների գործունեության գնահատման որակական չափանիշներն են՝
1) դատական ակտերի պատճառաբանման կարողությունը, մասնավորապես՝
ա) դատական ակտերի կառուցվածքին ներկայացվող պահանջները պահպանելը,
բ) դատական ակտի հստակությունը,
գ) գրավոր խոսքի մատչելիությունը,
դ) վերլուծական հմտությունները,
ե) դատական ակտի եզրափակիչ մասի որոշակիությունը.
2) մասնագիտական կարողությունները՝
ա) դատավարության մասնակիցների նկատմամբ անկողմնակալ վերաբերմունքը,
բ) ինքնատիրապետումը պահպանելու կարողությունը,
գ) դատական նիստը վարելու հմտությունները.
3) կազմակերպչական հմտությունները՝
ա) արդարադատության արդյունավետությանն ուղղված նպատակներ սահմանելու և դրանց հասնելու համար մարդկային ու նյութական ռեսուրսները կազմակերպելու ունակությունը,
բ) գործընկեր դատավորների և դատական ծառայողների հետ հարաբերությունների պատշաճ մակարդակն ապահովելու ունակությունը:
11. Վերաքննիչ և վճռաբեկ դատարանի դատավորի գործունեությունը գնահատելիս հաշվի են առնվում կոլեգիալ կազմով քննվող այն գործերը, որոնցում նա հանդես է եկել որպես զեկուցող: Եթե կոլեգիալ կազմով քննվող գործով դատավորը ներկայացրել է հատուկ կարծիք, ապա նրա գործունեությունը սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված չափանիշներով չի գնահատվում:
12. Կոլեգիալ կազմով գործերի քննության դեպքում սույն հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված չափանիշով գնահատվում է բացառապես կոլեգիալ կազմով քննված գործերով դատական նիստը նախագահողը:
13. Յուրաքանչյուր դատավոր քանակական և որակական չափանիշների հիման վրա իրականացնում է ինքնագնահատում գնահատման ժամանակահատվածում ընդգրկված չորս տարվա տվյալների հիման վրա:
14. Որակական չափանիշներով գնահատման համար հանձնաժողովը պետք է հաշվի առնի դատավորի քննած գործերի առնվազն 10 դատական նիստի ձայնային արձանագրություններ (բացակայության դեպքում՝ պարզ թղթային արձանագրություններ) և առնվազն 10 գործն ըստ էության լուծող դատական ակտեր (պատահական ընտրությամբ):
15. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեության գնահատման որակական չափանիշները պետք է առնվազն 20 տոկոսով գերակայեն քանակական չափանիշների նկատմամբ:
(96.2-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-86-Ն)
Հոդված 96.3. |
Դատավորների գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը |
1. Ինքնագնահատման թերթիկը ստանալու օրվան հաջորդող երեք շաբաթվա ընթացքում դատավորը գնահատման հանձնաժողով է ներկայացնում լրացված ինքնագնահատման թերթիկ:
2. Դատավորի ինքնագնահատման թերթիկի և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տրամադրած՝ սույն օրենսգրքի 96.1-ին հոդվածի 5-րդ մասով և 96.2-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված տվյալների հիման վրա գնահատման հանձնաժողովը իրականացնում է դատավորների գործունեության գնահատում:
3. Դատավորների գործունեության գնահատման ընդհանուր արդյունքները հաշվարկվում են սույն օրենսգրքի 96.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գնահատման 4 տարվա և 96.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գնահատման արդյունքների հիման վրա:
4. Գնահատման հանձնաժողովը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գնահատման ընդհանուր արդյունքների հիման վրա, ըստ յուրաքանչյուր չափանիշի և ըստ գնահատումների հանրագումարի, դատավորների գործունեությունը գնահատում է՝
1) բարձր.
2) լավ.
3) միջին.
4) ցածր:
5. Դատավորների գործունեության գնահատման արդյունքներով բացահայտված խնդիրները, ինչպես նաև առանձին դատավորների գործունեության ցածր արդյունքները քննարկվում են գնահատման հանձնաժողովում:
6. Գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատավորի եռօրյա ժամկետում ուղարկում է նրա` սույն հոդվածի 4-րդ մասում նշված գնահատականը: Գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են նաև այն դատարանի նախագահին, որտեղ աշխատում է դատավորը:
7. Գնահատման արդյունքների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան:
8. Գնահատման հանձնաժողովի որոշումը դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է տվյալ դատավորի գործունեության նոր գնահատում՝ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:
9. Դատավորը կարող է գնահատման արդյունքների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումների դեմ ներկայացնել առարկություն, որը կցվում է այդ որոշումներին:
(96.3-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-86-Ն)
Հոդված 96.4. |
Դատավորների գործունեության գնահատման հետևանքները |
1. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատելու դեպքում գնահատման հանձնաժողովը որոշում է կայացնում դատավորին լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու մասին՝ սահմանելով այն չափանիշները, որոնցով նրա հմտությունները կատարելագործվելու անհրաժեշտություն ունեն:
Գնահատման հանձնաժողովի որոշումները տրամադրվում են ուսումնական հարցերի հանձնաժողովին` վերապատրաստման ուղղությունները որոշելու նպատակով:
2. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը միջին գնահատվելու դեպքում գնահատման հանձնաժողովը դատավորին առաջարկում է անցնել լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ, եթե գնահատմամբ բացահայտվում է որոշակի չափանիշով նրա հմտությունները կատարելագործելու անհրաժեշտություն: Դատավորի՝ վերապատրաստում անցնելու համաձայնության դեպքում գնահատման հանձնաժողովի որոշումը տրամադրվում է ուսումնական հարցերի հանձնաժողովին` վերապատրաստման ուղղությունները որոշելու նպատակով:
3. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատվելու դեպքում դատավորը չի կարող դիմել ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու կամ դատարանի նախագահի թափուր պաշտոնը համալրելու համար՝ մինչև գնահատման արդյունքների հաջորդ ամփոփումը:
4. Այն դատավորները, որոնց գործունեությունը գնահատման ընդհանուր արդյունքներով երկու անգամ անընդմեջ գնահատվել է բարձր, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմելիս ունեն ցուցակում ընդգրկվելու նախապատվության իրավունք:
5. Այն դատավորները, որոնց գործունեությունը գնահատման ընդհանուր արդյունքներով երկու անգամ անընդմեջ գնահատվել է համապատասխանաբար բարձր և լավ, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմելիս սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձանցից հետո ունեն ցուցակում ընդգրկվելու նախապատվության իրավունք՝ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով, իսկ նրանցից հետո նախապատվության իրավունք ունեն այն դատավորները, որոնց գործունեությունը գնահատման ընդհանուր արդյունքներով երկու անգամ անընդմեջ գնահատվել է լավ:
6. Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու նպատակով դիմել է ցուցակի համապատասխան բաժինը լրացնելու համար նախապատվության իրավունք ունեցող անհրաժեշտ քանակից ավելի թեկնածու, ապա Արդարադատության խորհուրդը նրանց վերաբերյալ անցկացնում է քվեարկություն՝ սույն օրենսգրքի 137-րդ և 138-րդ հոդվածներով նախատեսված կարգով, հաշվի առնելով՝
1) ինքնագնահատման թերթիկը.
2) գնահատման հանձնաժողովի որոշումը.
3) գնահատման հանձնաժողովի որոշման վերաբերյալ դատավորի առարկությունը (առկայության դեպքում):
(96.4-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-86-Ն)
Հոդված 96.5. |
Գնահատման հանձնաժողովի անդամ գործող դատավորների գործունեության գնահատումը |
1. Գնահատման հանձնաժողովի անդամ գործող դատավորների գնահատումն իրականացվում է սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով:
Հանձնաժողովի գնահատվող անդամը չի մասնակցում իր գործունեության գնահատմանը և արդյունքների ամփոփմանը:
2. Հանձնաժողովի անդամի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելիս ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված՝ հօգուտ գնահատման հանձնաժողովի անդամի:
(96.5-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-86-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 3
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Գ Լ ՈՒ Խ 13
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 97. | Արդարադատության խորհուրդը և դրա լիազորությունները |
Արդարադատության խորհուրդն անկախ մարմին է, որը Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորություններն իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով:
Հոդված 98. | Արդարադատության խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները |
1. Արդարադատության խորհրդի դատավոր անդամ կարող է ընտրվել դատավորի պաշտոնում առնվազն 5 տարի աշխատած այն դատավորը, որը վերջին հինգ տարիների ընթացքում չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության: Դատարանի նախագահը, վճռաբեկ դատարանի պալատի նախագահը չեն կարող լինել Արդարադատության խորհրդի անդամ:
1.1. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել կամ նշանակվել Արդարադատության խորհրդի անդամ:
2. Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամի պաշտոնը պետական պաշտոն է: Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամ կարող է նշանակվել այն անձը, որն ունի գիտաուսումնական կազմակերպություններում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքի փորձ:
3. Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին Դատական դեպարտամենտը վճարում է ամսական հատուցում` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
(98-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 99. | Արդարադատության խորհրդի դատավոր անդամների ընտրության կարգը |
1. Արդարադատության խորհրդի դատավոր անդամներն ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովում` ըստ հետևյալ խմբերի.
1) Երևանի ընդհանուր իրավասության դատարաններից` մեկ անդամ.
2) մարզերի ընդհանուր իրավասության դատարաններից` երկու անդամ՝ համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորներից.
3) (կետն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-46-Ն)
4) (կետն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-46-Ն)
5) վերաքննիչ քաղաքացիական դատարանից` մեկ անդամ.
6) վերաքննիչ քրեական դատարանից` մեկ անդամ.
6.1) վերաքննիչ վարչական դատարանից` մեկ անդամ.
7) վարչական դատարանից` մեկ անդամ.
8) վճռաբեկ դատարանից` երկու անդամ:
2. Արդարադատության խորհրդի դատավոր անդամի տեղը թափուր մնալու դեպքում նոր անդամի ընտրությունը կատարվում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով՝ եռամսյա ժամկետում, իսկ եթե Արդարադատության խորհրդում դատավոր անդամների թիվը պակաս է յոթից, ապա մեկշաբաթյա ժամկետում:
3. Այն դեպքում, եթե Արդարադատության խորհրդի դատավոր անդամը տեղափոխվում է այլ դատարան կամ չի իրականացնում դատավորի իր լիազորությունները դատարանի վերացման հետևանքով, նա շարունակում է պաշտոնավարել Արդարադատության խորհրդի անդամի պաշտոնում, սակայն հետագայում թափուր տեղ առաջանալու դեպքում Դատավորների ընդհանուր ժողովը հնարավորության դեպքում թափուր տեղը լրացնում է այն հաշվով, որ վերականգնվի Արդարադատության խորհրդում դատավորների` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համամասնությունը:
(99-րդ հոդվածը փոփ. 05.02.09 ՀՕ-46-Ն, փոփ., լրաց. 28.10.10 ՀՕ-136-Ն, լրաց. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 100. | Արդարադատության խորհրդի դատավոր անդամների ընտրության ժամանակ քվեարկության կարգը |
1. Քվեարկությունը գաղտնի է, տեղի է ունենում քվեաթերթիկներով: Քվեաթերթիկները պատրաստվում են ըստ սույն օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խմբերի: Քվեաթերթիկներում ներառվում են բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները:
2. Յուրաքանչյուր քվեաթերթիկով քվեարկելիս դատավորն ունի մեկ ձայնի իրավունք: Յուրաքանչյուր տեղի համար ընտրված է համարվում առավել շատ ձայներ ստացած դատավորը: Եթե սույն օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խմբերից որևիցե մեկից պետք է միաժամանակ ընտրվի երկու անդամ, ապա ընտրված է համարվում առավել շատ ձայներ ստացած երկու դատավորը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն:
Հոդված 101. | Արդարադատության խորհրդի դատավոր անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը |
Արդարադատության խորհրդի դատավոր անդամի լիազորությունները համարվում են օրենքի ուժով վաղաժամկետ դադարեցված, եթե սույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված հիմքերով վաղաժամկետ դադարեցվել կամ դադարել են նրա՝ որպես դատավորի լիազորությունները:
Հոդված 102. | Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը |
1. Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամի լիազորությունները համարվում են օրենքի ուժով վաղաժամկետ դադարեցված, եթե՝
1) նրա նկատմամբ կա դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, կամ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել մահացած, կամ
3) նա նշանակվել է դատավոր:
2. Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել նրան նշանակող մարմնի կողմից, եթե նա պարբերաբար անհարգելի պատճառով չի մասնակցում Արդարադատության խորհրդի աշխատանքներին: Այս հիմքով իրավաբան գիտնական անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը նշանակող մարմնին ներկայացնում է վճռաբեկ դատարանի նախագահը:
3. Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամի լիազորությունները դադարելու դեպքերում վճռաբեկ դատարանի նախագահը մեկշաբաթյա ժամկետում դիմում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Ազգային ժողով՝ Արդարադատության խորհրդի նոր անդամ նշանակելու համար:
(102-րդ հոդվածը լրաց. 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 103. | Արդարադատության խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը |
1. Արդարադատության խորհրդի դատավոր անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 100-րդ հոդվածին համապատասխան ընդունված որոշումը ուժի մեջ մտնելուց հետո` հինգերորդ տարին լրանալու հաջորդ օրը:
2. Արդարադատության խորհրդի` Հանրապետության Նախագահի կողմից նշանակված իրավաբան գիտնականների լիազորությունները դադարում են Հայաստանի Հանրապետության Նախագահի լիազորությունները դադարելու դեպքում նոր անդամի նշանակմամբ:
3. Արդարադատության խորհրդի` Ազգային ժողովի կողմից նշանակված իրավաբան գիտնականների լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու կամ Ազգային ժողովի արձակման դեպքում նոր անդամի նշանակմամբ:
4. Վճռաբեկ դատարանի նախագահը, համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվան կամ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկշաբաթյա ժամկետում դիմում է նշանակող մարմնին` Արդարադատության խորհրդի նոր անդամ նշանակելու համար։
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամը նշանակվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող հնգամսյա ժամկետում։
6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետում։
7. Մինչև համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամների նշանակումը նախկին անդամները շարունակում են պաշտոնավարել:
(103-րդ հոդվածը լրաց. 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 104. | Արդարադատության խորհրդի անդամի մասնակցությունը որոշումներ կայացնելուն |
1. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի մեկ ձայն:
2. Արդարադատության խորհրդի դատավոր անդամը չի մասնակցում այն որոշումների կայացմանը, որոնք վերաբերում են`
1) Արդարադատության խորհրդի կողմից նրա կամ նրա մերձավոր ազգականի` որպես դատավորի լիազորությունները դադարեցնելուն, նրան կամ նրա մերձավոր ազգական հանդիսացող դատավորին կալանավորելուն, որպես մեղադրյալ ներգրավելու կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելուն.
2) նրան կամ նրա մերձավոր ազգական հանդիսացող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն.
3) որպես դատարանի նախագահ, վճռաբեկ դատարանի դատավոր առաջարկելու նպատակով իր կամ նրա մերձավոր ազգականի թեկնածության քննարկմանը, իր կամ նրա մերձավոր ազգականի՝ որպես այլ դատարանի դատավորի թեկնածության, ինչպես նաև այլ դատավորի հետ պաշտոնների փոխանակման վերաբերյալ եզրակացություն կամ առաջարկություն տալուն.
4) իր ամուսնուն կամ իր հետ արյունակցական՝ մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց դատավորի թեկնածությունների կամ առաջխաղացման ցուցակում ներառելուն:
3. (մասն ուժը կորցրել է 10.06.14 ՀՕ-47-Ն)
4. Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամը չի մասնակցում այն որոշումների կայացմանը, որոնք վերաբերում են իրեն կամ իր մերձավոր ազգականին, իր ամուսնուն կամ իր հետ արյունակցական՝ մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց դատավորի թեկնածությունների կամ առաջխաղացման ցուցակում ներառելուն, ինչպես նաև իրեն կամ իր մերձավոր ազգականին դատավոր նշանակելու վերաբերյալ եզրակացություն կամ առաջարկություն տալուն: Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամը չի մասնակցում նաև իր մերձավոր ազգական հանդիսացող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կայացմանը:
(104-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-320-Ն, 20.06.13 ՀՕ-90-Ն, փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 105. | Արդարադատության խորհրդի անդամի իրավունքներն ու պարտականությունները |
1. Արդարադատության խորհրդի անդամն իրավունք ունի՝
1) ծանոթանալու նիստում քննարկվող հարցերին առնչվող նյութերին.
2) ելույթ ունենալու խորհրդում քննարկվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ.
3) հարցեր տալու.
4) առաջարկություններ անելու:
2. Արդարադատության խորհրդի անդամը պարտավոր է՝
1) մասնակցել Արդարադատության խորհրդի նիստերին և կողմ կամ դեմ քվեարկել քննարկման դրվող յուրաքանչյուր հարցի շուրջ, բացառությամբ սույն օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված դեպքերի.
2) մասնակցել քվեաթերթիկներով քվեարկություններին.
3) կատարել Արդարադատության խորհրդի որոշմամբ իրեն տրված հանձնարարությունները:
Գ Լ ՈՒ Խ 14
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 106. | Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը |
(հոդվածն ուժը կորցրել է 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 107. | Արդարադատության խորհրդի նիստերը |
1. Արդարադատության խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը հրավիրում է վճռաբեկ դատարանի նախագահը: Վճռաբեկ դատարանի նախագահը Արդարադատության խորհրդի նիստ գումարում է երկշաբաթյա ժամկետում` սկսած այն պահից, երբ ծագել է խորհրդի որոշում պահանջող հարց: Սույն օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված դեպքերում նիստերը գումարվում են հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան խորհրդին դիմելու հաջորդ օրը: Հեռակա քվեարկություն թույլատրվում է միայն սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:
2. Արդարադատության խորհրդի նիստերին մասնակցելու կապակցությամբ Արդարադատության խորհրդի անդամները այդ ընթացքում ազատվում են իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելուց` աշխատավարձի և այլ հավելավճարների պահպանմամբ: Մարզերում աշխատող Արդարադատության խորհրդի անդամներին հատուցվում են խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գործուղման ծախսերը:
3. Դատական դեպարտամենտը Արդարադատության խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի և վայրի մասին ողջամիտ ժամկետում ծանուցում է Արդարադատության խորհրդի անդամներին, գործին մասնակցող այլ անձանց, արդարադատության նախարարին: Երբ Արդարադատության խորհուրդը գործում է որպես դատարան, գործին մասնակցող անձանց օրենքով նախատեսված կարգով ուղարկվում է ծանուցում:
4. Արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը։
4.1. Արդարադատության խորհրդի նիստերի ժամանակ նիստը վարողը իրավունք չունի կարգապահական վարույթին ըստ էության վերաբերող հարցեր տալու զեկուցողներին:
5. Արդարադատության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:
(107-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-320-Ն, խմբ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 108. | Արդարադատության խորհրդի նիստերի արձանագրությունը |
1. Արդարադատության խորհրդի նիստերն արձանագրվում են պարզ թղթային արձանագրման կամ համակարգչային եղանակով` ձայնային արձանագրման և միաժամանակ համառոտագրման միջոցով:
2. Որպես դատարան գործելիս Արդարադատության խորհրդի նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`
1) նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) նիստը սկսելու և ավարտելու ժամը.
3) նիստին ներկա Արդարադատության խորհրդի անդամների և դատական նիստի քարտուղարի անունը.
4) տեղեկություններ Արդարադատության խորհրդի կողմից քննվող հարցի վերաբերյալ.
5) տեղեկություններ` Արդարադատության խորհրդի նիստին մասնակցող անձանց ներկայանալու մասին.
6) Արդարադատության խորհրդի` առանց նիստերի դահլիճից հեռանալու կայացրած որոշումները և նիստը նախագահողի կարգադրությունները.
7) նիստին մասնակցող անձանց հայտարարությունները, միջնորդությունները և բացատրությունները.
8) վկաների ցուցմունքները, փորձագետների բանավոր պարզաբանումներն իրենց եզրակացությունների վերաբերյալ.
9) տեղեկություններ` ապացույցների հրապարակման, զննման և հետազոտման վերաբերյալ.
10) Արդարադատության խորհրդի աշխատակարգային որոշումների տեսքով ձևակերպվող որոշումների բովանդակությունը.
11) Արդարադատության խորհրդի որոշումների և եզրակացությունների եզրափակիչ մասը:
3. Արդարադատության խորհրդի նիստի մասնակցի պահանջով կամ նիստը նախագահողի ցուցումով արձանագրությունում ներառվում է նիստի ընթացքում արված կարևոր համարվող արտահայտության բառացի վերարտադրությունը:
4. Արձանագրությունը ստորագրում են նիստը նախագահողը և արձանագրողը:
5. Համակարգչային եղանակով ձայնային արձանագրման ժամանակ համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը պահպանվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը պահպանվում է թղթային կրիչի վրա` հավաստված արձանագրողի ստորագրությամբ:
6. Արդարադատության խորհրդի նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի oրինակը` դրա համառոտագրման հետ, խորհրդի նիստին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է խորհրդի նիստից անմիջապես հետո: Արդարադատության խորհրդի նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը նիստի գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ oրը: Արձանագրությունը հրապարակել կարող է միայն այն դատավորը, որի նկատմամբ հարուցված է կարգապահական վարույթ:
Հոդված 109. | Հարցերի քննության կարգը Արդարադատության խորհրդում |
1. Նիստը վարողը բացում է Արդարադատության խորհրդի նիստը` հայտարարելով, թե ինչ հարց է ենթակա քննության, ինչպես նաև խորհրդի անդամների համաձայնությամբ սահմանում է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննության կարգը, ղեկավարում է նիստի ընթացքը:
2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Արդարադատության խորհրդի որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով:
(109-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-86-Ն)
Հոդված 110. | Տեղեկատվություն ստանալու իրավունքը |
Արդարադատության խորհուրդը Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների իրականացման համար պաշտոնատար անձանցից և պետական մարմիններից, այդ թվում` դատարաններից, դատախազությունից, հետաքննության և նախաքննության մարմիններից վարչական, քրեական, քաղաքացիական գործեր, անհրաժեշտ, այդ թվում` նախաքննության գաղտնիք պարունակող տեղեկություններ, նյութեր, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր ստանալու իրավունք ունի: Բացառություն են կազմում միայն պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները:
Հոդված 111. | Արդարադատության խորհրդի ակտերը և դրանց ընդունման կարգը |
1. Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված լիազորությունն իրականացնելիս Արդարադատության խորհուրդն ընդունում է եզրակացություններ, իսկ 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս` որոշումներ:
2. Արդարադատության խորհուրդը իր քննարկման ենթակա հարցերի նախապատրաստման նպատակով, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ: Աշխատակարգային որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:
3. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե դրան մասնակցել է Արդարադատության խորհրդի առնվազն յոթ անդամ:
4. Բաց քվեարկությամբ ընդունվող որոշումները և եզրակացություններն ընդունվում են քվեարկությանը մասնակցած Արդարադատության խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Քվեաթերթիկներով գաղտնի քվեարկությամբ որոշումներ և եզրակացություններ ընդունելու կարգը սահմանված է սույն օրենսգրքով:
5. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու վերաբերյալ, ինչպես նաև դատավորների թեկնածությունների և դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելու հետ կապված Արդարադատության խորհրդի որոշումները կայացվում են խորհրդակցական սենյակում և ստորագրվում որոշման կայացմանը մասնակցած բոլոր անդամների կողմից: Արդարադատության խորհրդի այլ որոշումները ստորագրում է նիստը վարողը: Արդարադատության խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Արդարադատության խորհրդում ընդունված ցանկացած որոշման վերաբերյալ: Եթե Արդարադատության խորհրդի անդամը որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նշում է արվում Արդարադատության խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը կցվում է որոշմանը:
6. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշումները, ինչպես նաև դատավորին կալանավորելու, նրա լիազորությունները դադարեցնելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումները վերջնական են, ուժի մեջ են մտնում Արդարադատության խորհրդի նիստում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չեն: Այդ որոշումները ենթակա են հրապարակման «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:
7. Արդարադատության խորհրդի` սույն հոդվածի 6-րդ մասում չներառված որոշումները և եզրակացություններն ուժի մեջ են մտնում դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակման պահից: Շահագրգիռ անձինք կարող են այդ ակտերը դատական կարգով բողոքարկել վարչական դատարան` ակտն ընդունվելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում: Վարչական դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
(111-րդ հոդվածը խմբ. 08.04.08 ՀՕ-21-Ն, լրաց. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 112. | Արդարադատության խորհրդի աշխատակազմը |
1. Արդարադատության խորհրդի աշխատակազմի գործառույթներն իրականացնում է Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումը:
2. Դատական դեպարտամենտին հանձնարարություններ տալու իրավունք ունեն Արդարադատության խորհուրդը՝ աշխատակարգային որոշումներ ընդունելու միջոցով, խորհրդի այն անդամը, որին խորհրդի որոշմամբ տրվել են հանձնարարություններ, Դատարանների նախագահների խորհրդի կանոնակարգով սահմանված կարգով` Դատարանների նախագահների խորհուրդը, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի կանոնակարգով սահմանված կարգով՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովը, Դատավորների ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովը:
3. Դատական դեպարտամենտը նախապատրաստում է Արդարադատության խորհրդի նիստերը, սույն օրենսգրքով նախատեսված ժամկետներում Արդարադատության խորհրդի անդամներին, գործին մասնակցող այլ անձանց, արդարադատության նախարարին է ուղարկում Արդարադատության խորհրդում քննվող հարցերի վերաբերյալ նյութերը, արձանագրում է Արդարադատության խորհրդի նիստերը, առաքում և հրապարակում է Արդարադատության խորհրդի ընդունած ակտերը:
(112-րդ հոդվածը խմբ. 10.06.14 ՀՕ-47-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-86-Ն)
Հոդված 113. | Արդարադատության խորհրդի ֆինանսավորումը |
Արդարադատության խորհրդի ֆինանսավորումը նախատեսվում է Դատական դեպարտամենտի համապատասխան առանձնացված ստորաբաժանմանը հատկացված բյուջեով:
Հոդված 114. | Դատավորների թեկնածությունների ցուցակը |
Արդարադատության խորհուրդը սույն օրենսգրքով սահմանված կարգով որակավորման ստուգման հիման վրա կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակը: Դատավորների թեկնածությունների ցուցակում լրացումներ և փոփոխություններ կատարվում են նույն կարգով:
Գ Լ ՈՒ Խ 15
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 115. | Որակավորման ստուգումը |
1. Դատարանների նախագահների խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ քանակը և դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածությունների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը 4-ով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 2-ով:
1.1. Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը 2 թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1 թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:
1.2. Արդարադատության խորհրդի աշխատակազմը ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 10-ը առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում, հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետ կայքում և դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակում է հայտարարություն` դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ դատավորների թեկնածությունների ցուցակի մասնագիտացման բաժինների:
1.3. Եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը ակնհայտ է դառնում, որ դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ կամ դրան հաջորդող տարվա համար համապատասխան մասնագիտացմամբ դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից կամ հավասար է այդ քանակին, ապա Դատարանների նախագահների խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության մասին՝ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված քանակով: Եթե դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ տարվա համար համապատասխան մասնագիտացմամբ դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից, ապա թափուր մնացող համապատասխան տեղերի քանակը նույնպես ներառվում է սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան կատարվող հաշվարկում: Արտահերթ համալրում չի կարող իրականացվել, եթե մինչև հերթական համալրման համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը մնացել է ոչ ավելի, քան 6 ամիս:
1.4. Դատավորների թեկնածությունների ցուցակը սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կարգով համալրելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը կատարվում է արտահերթ համալրմանը հաջորդող տարվանից:
1.5. Դատավորների թեկնածությունների ցուցակի արտահերթ կարգով համալրումը կատարվում է հերթական համալրման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ արտահերթ համալրման մասին որոշումը կայացնելուն հաջորդող գործողություններում պահպանելով սույն օրենսգրքով հերթական համալրման համար նախատեսված ժամկետների համամասնությունը:
2. Որակավորման ստուգումը կատարվում է մրցութային կարգով` գրավոր քննության արդյունքներով:
3. Արդարադատության խորհուրդը ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 15-ը սահմանում և հրապարակում է որակավորման ստուգման գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, քննության և Արդարադատության խորհրդում հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքների ստուգման և միավորների հաշվարկման կարգը, որակավորման ստուգման գնահատման չափորոշիչները, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը, ինչպես նաև Արդարադատության խորհուրդ ներկայացված հավակնորդների վերաբերյալ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ հարցումների իրականացման կարգը, հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը և հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձևը:
3.1. Քննական հարցերի, ինչպես նաև սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված հոգեբանական թեստի մշակման համար Արդարադատության խորհուրդը ընտրում է համապատասխան մասնագետ (մասնագետներ) կամ մասնագիտացված կազմակերպություն: Քննական հարցերը մշակողը պատասխանատվություն է կրում մինչև որակավորման ստուգման անցկացումը հարցերի գաղտնիության պահպանման համար: Որակավորման ստուգման քննական հարցերի մշակումը չի կարող հանձնարարվել Արդարադատության խորհրդի անդամներին: Համապատասխան որակավորման ստուգման քննական հարցերը մշակած անձինք չեն կարող ընդգրկվել այդ հարցերի հիման վրա որակավորման ստուգման գնահատման հանձնաժողովներում:
3.2. Որակավորման ստուգման անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Արդարադատության խորհրդի աշխատակազմը:
4. Որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 28-ից 60 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետությունում ստացել են բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, տիրապետում են հայերենին, օրենքով սահմանված կարգով զրկված չեն Դատական դպրոց դիմելու իրավունքից, ունեն առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ, և որոնք համապատասխանում են սույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:
5. Հայտերը ներկայացվում են Արդարադատության խորհրդի աշխատակազմ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից մեկամսյա ժամկետում:
6. Հայտերի հետ նշված անձինք ներկայացնում են համաձայնություն` իրենց մասին պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում` բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ:
7. Հավակնորդը պարտավոր է ներկայացնել նաև`
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ.
3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).
4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդներ են).
5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:
8. Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաև Արդարադատության խորհրդի սահմանած ձևի երաշխավորագիր-նամակներ:
9. Արդարադատության խորհրդի աշխատակազմը կարող է ստուգել ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը: Արդարադատության խորհրդի աշխատակազմը համապատասխան հարցումների միջոցով ճշտում է հայտատուի դատվածության առկայությունը կամ բացակայությունը:
10. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք Արդարադատության խորհրդի աշխատակազմի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: Արդարադատության խորհրդի աշխատակազմը կարող է հարգելի համարել դիմումը ներկայացնելու ժամկետի բացթողումը, եթե ուշացումը պայմանավորված է եղել անձի կամքից անկախ հանգամանքներով, և եթե դիմումը ներկայացնելու պահից մինչև որակավորման քննության սկիզբը մնացել է ոչ պակաս, քան մեկ շաբաթ: Արդարադատության խորհրդի աշխատակազմի կողմից հայտի ընդունումը մերժվելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել վարչական դատարան մերժումը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարչական դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
11. Արդարադատության խորհրդի աշխատակազմի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և որակավորման ստուգումների` սույն օրենսգրքով նախատեսված ընթացակարգը:
12. Արդարադատության խորհրդի աշխատակազմի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչելու դեպքում հայտատուն իրավունք ունի անցնելու որակավորման ստուգումը, իսկ եթե որակավորման ստուգման անցկացումն սկսվել է, ապա հայտատուն իրավունք ունի առանց նոր հայտ ներկայացնելու մասնակցելու հաջորդ որակավորման ստուգմանը:
13. (մասն ուժը կորցրել է 20.06.13 ՀՕ-90-Ն)
14. Որակավորման քննությանը մասնակցելու համար հայտատուից գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով:
(115-րդ հոդվածը խմբ. 26.05.11 ՀՕ-211-Ն, խմբ., լրաց., փոփ. 02.05.13 ՀՕ-51-Ն, խմբ., լրաց., փոփ. 20.06.13 ՀՕ-90-Ն, փոփ., լրաց. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 115.1. | Որակավորման քննության թափանցիկության ապահովումը |
(վերնագիրը փոփ.10.06.14 ՀՕ-47-Ն)
1. Որակավորման քննությունն անցկացվում է հայերենով:
2. Արդարադատության խորհրդի աշխատակազմը ապահովում է որակավորման գրավոր քննության ողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը քննասենյակից դուրս գտնվող տարածքում:
3. Գրավոր քննության, ինչպես նաև Արդարադատության խորհրդում հարցազրույցի ողջ ընթացքը, բացառությամբ Խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման, տեսաձայնագրվում է Արդարադատության խորհրդի աշխատակազմի կողմից:
4. Հավակնորդն իրավունք ունի ստանալու գրավոր քննության ողջ ընթացքի, Արդարադատության խորհրդում հարցազրույցի իրեն վերաբերող մասի տեսաձայնագրության կրկնօրինակը, ինչպես նաև սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածով նախատեսված գրավոր քննության ստուգված ցանկացած աշխատանքի պատճենները՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը և արդարադատության նախարարը կարող են ցանկացած ժամանակ դիմել և եռօրյա ժամկետում ստանալ գրավոր քննության ընթացքի, Արդարադատության խորհրդում հարցազրույցի տեսաձայնագրության կրկնօրինակը կամ գրավոր քննության ստուգված աշխատանքների պատճենները:
6. Որակավորման գրավոր քննությանը և Արդարադատության խորհրդում հարցազրույցին (բացառությամբ խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման) ներկա կարող են լինել և դրանց ընթացքին հետևել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի 1 ներկայացուցիչ, արդարադատության նախարարի նշանակած 1 ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նշանակած մինչև 3 փաստաբան և որակավորման ստուգման անցկացումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ Արդարադատության խորհուրդ համապատասխան հայտ ներկայացրած` իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչև հինգ ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման առաջնահերթության: Արդարադատության խորհրդի աշխատակազմը նշված անձանց պարտավոր է ապահովել քննության և հարցազրույցի ընթացքին հետևելու համար անհրաժեշտ պայմաններով՝ այնպես, որ չխաթարվի դրանց բնականոն ընթացքը:
7. Որակավորման գրավոր քննության յուրաքանչյուր փուլի արդյունքներով հավակնորդների ստացած միավորներն արդյունքների ամփոփումից հետո անհապաղ հրապարակվում են հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:
8. Որակավորման գրավոր քննության և Արդարադատության խորհրդում հարցազրույցի անցկացման ժամի և վայրի մասին հայտարարությունը հրապարակվում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ որակավորման գրավոր քննության կամ հարցազրույցի օրվանից առնվազն 10 օր առաջ:
(115.1-ին հոդվածը լրաց. 20.06.13 ՀՕ-90-Ն, փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 115.2. | Որակավորման գրավոր քննությունը |
(վերնագիրը խմբ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
1. Որակավորման գրավոր քննությունն անցկացվում է համապատասխանաբար քրեական, քաղաքացիական կամ վարչական մասնագիտացման ոլորտում թեստերի միջոցով, որոնք պարունակում են իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու և կիրառելու պահանջով:
2. Իրավական խնդրում ներկայացված յուրաքանչյուր հանգամանք վեր հանելու, վերլուծելու և իրավական որակում տալու համար տրվում է համապատասխան միավոր՝ կախված հանգամանքների բարդությունից:
3. Սույն հոդվածով նախատեսված գրավոր քննության ժամանակ հավակնորդին կարող են տրամադրվել հանձնարարվող խնդիրների փաստական հանգամանքների վերաբերյալ նյութեր, ինչպես նաև խնդրի լուծման համար անհրաժեշտ տեսական գրականություն և իրավական ակտեր, որոնց շրջանակը որոշում է (են) սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված կարգով ընտրված համապատասխան մասնագետը (մասնագետները) կամ մասնագիտացված կազմակերպությունը:
4. Թեստերը կարող են պարունակել նաև բազմակի ընտրության հարցեր:
5. Սույն հոդվածով նախատեսված թեստն ուղղված է, բացի ակադեմիական գիտելիքներից, նաև հավակնորդի վերլուծական կարողությունների, բարդ տեքստերի համակարգված, արագ ըմբռնման կարողությունների ստուգմանը:
6. Թեստի ժամանակ հարցերն ընտրվում են պատահականության սկզբունքով: Թեստի անցկացման համար նախատեսված հարցերի ընդհանուր քանակը, որից կատարվում է հարցերի ընտրությունը, պետք է առնվազն կրկնակի գերազանցի մեկ թեստի համար նախատեսված հարցերի քանակը:
7. Արդարադատության խորհուրդը սահմանում է սույն հոդվածով նախատեսված թեստի անցկացման համար մշակման ենթակա տարբերակների նվազագույն քանակը:
8. Որակավորման գրավոր քննության օրվանից առնվազն 10 օր առաջ Արդարադատության խորհրդի աշխատակազմը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է սույն հոդվածով նախատեսված որակավորման գրավոր քննության առաջադրանքների առնվազն մեկ նմուշօրինակ:
9. Սույն հոդվածով նախատեսված որակավորման գրավոր քննության արդյունքներով անցողիկ միավորներ հավաքած հավակնորդները անցնում են հոգեբանական թեստ` ուղղված պատասխանատվության զգացման, ունկնդրելու կարողության, ինքնատիրապետման, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառման և դատավորի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշների ստուգմանը:
10. Հոգեբանական թեստի արդյունքներն ունեն միայն խորհրդատվական նշանակություն, ենթակա չեն հրապարակման և տրամադրվում են միայն Արդարադատության խորհրդի անդամներին՝ խորհրդում հարցազրույցի անցկացումից հետո մինչև ամփոփիչ քննարկումը: Հոգեբանական թեստի արդյունքները, դատավորների թեկնածությունների ցուցակը Հանրապետության Նախագահի կողմից հաստատվելուց հետո, ենթակա են ոչնչացման:
(115.2-րդ հոդվածը լրաց. 20.06.13 ՀՕ-90-Ն, խմբ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 115.3. | Որակավորման գրավոր քննության արդյունքների ամփոփումը |
1. Սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածով նախատեսված որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորվում է համապատասխան գնահատման հանձնաժողով, իսկ քննության արդյունքների բողոքարկման հետ կապված հարցեր լուծելու նպատակով՝ բողոքարկման հանձնաժողով:
2. Գնահատման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում հինգ դատավոր և իրավունքի համապատասխան բնագավառի երկու իրավաբան գիտնական:
3. Բողոքարկման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում 2 դատավոր և իրավունքի համապատասխան բնագավառի մեկ իրավաբան գիտնական:
4. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար որակավորման գրավոր քննության համապատասխան փուլի անցկացումից ոչ շուտ, քան 4 օր առաջ Դատարանների նախագահների խորհուրդը առաջարկում է 10 դատավորի թեկնածություն՝ վերջիններիս համաձայնությամբ, իսկ արդարադատության նախարարը՝ իրավունքի համապատասխան բնագավառի առնվազն 4 իրավաբան գիտնականի թեկնածություն՝ վերջիններիս համաձայնությամբ: Որակավորման գրավոր քննության անցկացման օրը` քննության ավարտից անմիջապես հետո, նշված դատավորներից և իրավաբան գիտնականներից վիճակահանությամբ ընտրվում են գնահատման հանձնաժողովի անդամներ: Նույն անձը չի կարող միաժամանակ լինել և բողոքարկման, և գնահատման հանձնաժողովի անդամ:
5. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների աշխատանքն իրականացվում է գաղտնի և դռնփակ ընթացակարգով: Գնահատման և բողոքարկման հանձնաժողովի անդամների անունները ենթակա չեն հրապարակման համապատասխանաբար մինչև քննության կամ բողոքարկման արդյունքների հրապարակումը:
6. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների կազմում չեն կարող ընդգրկվել Արդարադատության խորհրդի անդամները և դատարանների նախագահները:
6.1. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին Դատական դեպարտամենտը վճարում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:
7. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են համապատասխանաբար իր թեկնածությունն առաջադրած Դատարանների նախագահների խորհրդի կամ արդարադատության նախարարի կողմից`
1) դատավորի պաշտոնում իր լիազորությունները դադարելու դեպքում.
2) եթե որակավորման ստուգմանը մասնակցում է իր ամուսինը կամ իր հետ արյունակցական՝ մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը.
3) եթե համապատասխանաբար Դատարանների նախագահների խորհուրդը կամ արդարադատության նախարարը, քննարկելով սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան ներկայացված փաստերը կամ հանգամանքները, կարծում է, որ դրանք կարող են ողջամիտ կասկած հարուցել որակավորման ստուգմանը անձի մասնակցության անկողմնակալության մեջ:
8. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամը պարտավոր է համապատասխանաբար իր թեկնածությունը առաջադրած Դատարանների նախագահների խորհրդին կամ արդարադատության նախարարին, ինչպես նաև Արդարադատության խորհրդին անհապաղ գրավոր հայտնել, եթե տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել որակավորման ստուգմանը նրա մասնակցության անկողմնակալության մեջ:
9. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նոր անդամը նշանակվում է հանձնաժողովի համապատասխան անդամի նշանակման համար սույն հոդվածով սահմանված կարգով:
10. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովները ղեկավարում են հանձնաժողովների կազմից անդամների ձայների ընդհանուր մեծամասնությամբ ընտրված անձինք:
11. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովները լուծարվում են որակավորման գրավոր քննության արդյունքների ամփոփման և բողոքարկման ժամկետը լրանալուց հետո:
12. Սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածով նախատեսված գրավոր աշխատանքների ստուգումն իրականացնում են գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված երկու ստուգողներ, որոնցից մեկը պետք է լինի դատավոր, իսկ մյուսը՝ իրավաբան գիտնական:
13. Եթե սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան` ստուգման արդյունքներով ստուգողների նշանակած միավորներում առկա է քսան տոկոսից ավելի շեղում, նշանակվում է լրացուցիչ ստուգում, որին մասնակցում են գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված համապատասխանաբար մեկ այլ դատավոր և մյուս իրավաբան գիտնականը:
14. Որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգումը և գնահատումը գնահատման հանձնաժողովն իրականացնում է անանուն:
15. Գրավոր աշխատանքների ստուգման և գնահատման համար գնահատման հանձնաժողովը պետք է ապահովված լինի աշխատանքների ստուգումն ուղղորդող տիպային պատասխաններով:
16. Արդարադատության խորհուրդը սահմանում է սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածով նախատեսված գրավոր աշխատանքները գնահատելու չափորոշիչները և դրանց հիման վրա՝ գրավոր քննության արդյունքների ստուգաթերթի ձևը: Գրավոր աշխատանքի ստուգումն իրականացրած գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման ենթակա չափորոշիչներից յուրաքանչյուրի վերաբերյալ կատարում է վերջնական գնահատականը հիմնավորող նշումներ գրավոր քննության արդյունքների ստուգաթերթում:
17. Ստուգված գրավոր աշխատանքը պետք է պարունակի դրանցում առկա թերությունների վերաբերյալ ստուգողների կատարած համապատասխան նշումներ, որոնք հնարավորություն կտան եզրահանգումներ անելու գնահատման հիմքում ընկած հանգամանքների մասին:
18. Գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալու ստուգված գրավոր աշխատանքին և ներկայացնելու իր նկատառումները:
19. Որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման արդյունքներով վերջնական գնահատականը որոշում է գնահատման հանձնաժողովը՝ առնվազն 4 ձայնով ընդունված որոշմամբ: Գնահատման հանձնաժողովի որոշման մեջ նշվում են նաև սույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով նախատեսված ստուգողների գնահատականները:
20. Եթե գնահատման հանձնաժողովը անհրաժեշտ ձայներով որոշում չի կայացնում վերջնական գնահատականի վերաբերյալ, ապա այն որոշվում է համապատասխանաբար երկու, իսկ լրացուցիչ ստուգում նշանակված լինելու դեպքում՝ չորս ստուգողների նշանակած գնահատականների միջինով:
21. Արդյունքների հրապարակումից հետո հավակնորդի պահանջով անհապաղ, բայց ոչ ուշ, քան մինչև դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, տրամադրվում է իր գնահատված գրավոր աշխատանքի պատճենը՝ սույն հոդվածի 17-րդ մասով նախատեսված նշումներով:
22. Հավակնորդն իրավունք ունի դիմելու և գնահատման հանձնաժողովի անդամներից ստանալու իր գնահատականի վերաբերյալ լրացուցիչ բանավոր պարզաբանումներ:
23. Յուրաքանչյուր հավակնորդ գնահատման հանձնաժողովի որոշման հրապարակման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով, եթե համարում է, որ խախտվել է քննության անցկացման ընթացակարգը, կամ վիճարկում է քննության գնահատականը:
24. Քննության ընթացակարգը կամ գնահատականը բողոքարկելիս հավակնորդը հստակ նշում է բողոքի հիմքում ընկած հանգամանքները և իր հիմնավորումները:
25. Գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված Դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության նախարարի առաջարկած թեկնածուներից վիճակահանությամբ ընտրվում է 2 դատավոր և 1 իրավաբան գիտնական անդամներից կազմված բողոքարկման հանձնաժողով:
26. Հավակնորդի գրավոր աշխատանքը և բողոքը բողոքարկման հանձնաժողովին տրամադրվում են անանուն:
27. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված հարցեր քննարկելիս բողոքարկման հանձնաժողովի անդամները, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրել և լսել գնահատման հանձնաժողովի անդամներին, իրավունքի համապատասխան բնագավառի այլ իրավաբան գիտնականների կամ հավակնորդին:
28. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են հավակնորդի բողոքը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
29. Բողոքարկման հանձնաժողովը բողոքները քննում է բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Բողոքարկման արդյունքներով կայացված որոշումները պատճառաբանվում են: Դրանք անհապաղ հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով սկզբնական և բողոքարկման արդյունքում ստացված միավորները:
30. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան միայն գրավոր քննության անցկացման ընթացակարգի, գրավոր աշխատանքների ստուգման, գնահատման և բողոքարկման ընթացակարգային նորմերի խախտման հիմքով:
31. Որակավորման ստուգումը և արդյունքների ամփոփումը, այդ թվում` որակավորման արդյունքների բողոքարկումը, պետք է իրականացվեն սույն օրենսգրքի 115-րդ հոդվածին համապատասխան հայտերի ընդունման ժամկետի ավարտին հաջորդող մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև նոյեմբերի 15-ը:
32. Որակավորման ստուգումը պետք է կազմակերպվի այն հաշվով, որ սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածով նախատեսված գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո երաշխավորվի առնվազն 8 աշխատանքային օր ժամանակ բողոքարկման համար:
33. Մինչև բողոքարկման հանձնաժողովի կողմից որոշման կայացումը հավակնորդն իրավունք ունի մասնակցելու որակավորման ստուգման հաջորդ փուլին, եթե այն արդեն սկսվել է:
(115.3-րդ հոդվածը լրաց. 20.06.13 ՀՕ-90-Ն, փոփ., լրաց., խմբ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 116. | Արդարադատության խորհրդում հարցազրույցի համար նյութերի նախապատրաստումը |
(վերնագիրը խմբ. 20.06.13 ՀՕ-90-Ն)
1. Սույն օրենսգրքի 115.3-րդ հոդվածի 23-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Արդարադատության խորհրդի աշխատակազմը սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածով նախատեսված որակավորման գրավոր քննության հանրագումարային արդյունքներով դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան 5-ով գերազանցող թվաքանակի (բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան թվաքանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները) ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակը ներկայացնում է Արդարադատության խորհուրդ` հարցազրույց անցնելու նպատակով։ Հավասար անցողիկ միավոր ունեցող հավակնորդների առկայության դեպքում բոլոր այդ հավակնորդներն ընդգրկվում են ցուցակում:
2. Արդարադատության խորհրդի աշխատակազմը Արդարադատության խորհուրդ ներկայացված հավակնորդների ցուցակը միաժամանակ հրապարակում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում: Հավակնորդների ցուցակի հետ հրապարակվում են նաև յուրաքանչյուր հավակնորդի կրթության, հետբուհական աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ:
3. Պետական մարմինները և պաշտոնատար անձինք, որոնք տիրապետում են տվյալ դատավորի թեկնածուի վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը կասկած է հարուցում տվյալ անձի հեղինակության և նրա` դատավորի լիազորությունները պատշաճ իրականացնելու վերաբերյալ, պարտավոր են հավակնորդների ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում այդ մասին հայտնել Արդարադատության խորհրդին: Պետական մարմինները և պաշտոնատար անձինք նշված տեղեկությունները պարտավոր են տրամադրել նաև Արդարադատության խորհրդի պահանջով:
4. Հավակնորդները ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրավունք ունեն Արդարադատության խորհուրդ ներկայացնելու ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող է հավաստել իրենց մասնագիտական փորձառությունը և նպաստել դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների և արժանիքների գնահատմանը Արդարադատության խորհրդում հարցազրույցի ժամանակ:
5. Արդարադատության խորհրդի աշխատակազմը Արդարադատության խորհրդի սահմանած կարգով գրավոր և բանավոր հարցումներ է կատարում հավակնորդի աշխատավայր, բարձրագույն ուսումնական հաստատություններ և հավակնորդի հետ առնչվող այլ հաստատություններ՝ հավակնորդի մասնագիտական որակների և անձնական հատկանիշների վերաբերյալ, ինչպես նաև հարկային և Արդարադատության խորհրդի սահմանած այլ վարչական մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանում է հավակնորդին վերաբերող անհատական տվյալներ։ Արդարադատության խորհրդի աշխատակազմը Արդարադատության խորհրդի սահմանած կարգով իրականացնում է նաև հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի հավաստիության ստուգում:
6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակը Արդարադատության խորհուրդ ուղարկելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Արդարադատության խորհրդի աշխատակազմը Արդարադատության խորհուրդ է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործը, որում պետք է ներառվեն սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, որակավորման գրավոր քննության արդյունքում ստացած միավորները և սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով ստացված տեղեկությունները:
7. Արդարադատության խորհրդի աշխատակազմը ապահովում է, որ հավակնորդների անձնական գործին ծանոթանան Արդարադատության խորհրդի բոլոր անդամները:
8. Արդարադատության խորհրդում հարցազրույցին մասնակցող անձինք իրավունք ունեն դիմելու և դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան Արդարադատության խորհրդում հարցազրույցին նախորդող օրը ծանոթանալու սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրենց անձնական գործին:
(116-րդ հոդվածը փոփ. 26.05.11 ՀՕ-211-Ն, 02.05.13 ՀՕ-51-Ն, խմբ. 20.06.13 ՀՕ-90-Ն, փոփ., լրաց., խմբ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 116.1. | Արդարադատության խորհրդում հարցազրույցի անցկացումը |
1. Արդարադատության խորհրդում հարցազրույցի նպատակը դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների և արժանիքների վերհանումն է՝ հավակնորդի մասնագիտական փորձառության, դատավոր դառնալու մոտիվացիայի, դատավորի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածության, նրա անձնական հատկանիշների (մասնավորապես ինքնատիրապետում, վարվեցողություն, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառում, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, արդարամտություն, վերլուծական կարողություններ և այլն) գնահատման միջոցով:
2. Արդարադատության խորհրդում հարցազրույցը կազմված է երեք մասից.
1) յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործի և անցած մասնագիտական ուղու ուսումնասիրություն, որը ներկայացնելու համար Արդարադատության խորհրդի անդամներից մեկը խորհրդում հանդես է գալիս որպես զեկուցող: Հավակնորդն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր անձնական գործում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ: Խորհրդի անդամները կարող են հարցեր տալ հավակնորդին՝ նրա մասնագիտական փորձառությունը, գիտական հետաքրքրությունները, դատավորի պաշտոնում նրա ակնկալիքները և մոտիվացիան, դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական որակները և արժանիքները գնահատելու համար.
2) դատավորի վարքագծի կանոններին վերաբերող հիպոթետիկ խնդրի վերաբերյալ հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ դատավորի վարքագծի հիմնարար կանոնների, դատավորին ներկայացվող պահանջների և որպես դատավոր գործելու համար կարևոր այլ անձնական հատկանիշները գնահատելու համար.
3) համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի, այդ թվում՝ հիպոթետիկ իրավական նորմ, դատական ակտում արտահայտված դիրքորոշում, տեսության մեջ արտահայտված իրավական կարծիքներ և այլն) հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները և դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակները և արժանիքները գնահատելու համար: Թեկնածուին տրվող հարցերը չպետք է ունենան նրա նեղ մասնագիտական իրավաբանական գիտելիքները ստուգելու նպատակ:
3. Արդարադատության խորհրդում հարցազրույցի ժամանակ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հարցերի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ, որից հետո ելույթին պատրաստվելու համար հավակնորդին տրամադրվում է մինչև քսան րոպե ժամանակ:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հարցերի շուրջ հավակնորդի բանավոր ելույթը յուրաքանչյուրի հարցի վերաբերյալ տևում է առավելագույնը 10 րոպե: Հավակնորդի ելույթին հետևում է Արդարադատության խորհրդի անդամների հետ քննարկումը` յուրաքանչյուր հարցի շուրջ ոչ ավելի, քան քսան րոպե տևողությամբ:
5. Արդարադատության խորհրդում յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը մեկուկես ժամ է:
6. Արդարադատության խորհրդում հարցազրույցի ժամանակ խորհրդի անդամներին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են Արդարադատության խորհրդի որոշմամբ սահմանված գնահատման ենթակա այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են և կարևոր դատավոր դառնալու համար: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ գնահատում է յուրաքանչյուր հավակնորդի՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ:
7. Բոլոր հավակնորդների հարցազրույցների ավարտից հետո Արդարադատության խորհրդի անդամների միջև տեղի է ունենում հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում:
(116.1-ին հոդվածը լրաց. 20.06.13 ՀՕ-90-Ն)
Հոդված 117. | Դատավորների թեկնածությունների ցուցակի կազմումը և հաստատումը |
1. Արդարադատության խորհրդում հարցազրույցի և արդյունքների վերաբերյալ ամփոփիչ քննարկման ավարտից հետո յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ անցկացվում է բաց քվեարկություն, որի ժամանակ Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ «կողմ» կամ «դեմ» է քվեարկում յուրաքանչյուր հավակնորդի:
2. Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքներով կազմվում է թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի թափուր տեղերի թվաքանակին հավասար թվաքանակի առավելագույն ձայներ ստացած թեկնածությունների ցուցակ: Ձայների հավասարության դեպքում նախապատվություն է տրվում այն հավակնորդին, որը որակավորման գրավոր քննության արդյունքներով ունի առավել բարձր հանրագումարային միավորներ: Եթե արդյունքում առկա են հավասար միավորներ ունեցող անձինք, ապա բոլոր նշված անձինք ընդգրկվում են ցուցակում:
3. Ցուցակը կազմելու ընթացքում հաշվի է առնվում սեռային (գենդերային) հավասարակշռությունը: Եթե որևէ սեռի դատավորների թիվը պակասի դատավորների ընդհանուր թվի քսանհինգ տոկոսից, ապա այդ սեռի թեկնածուներին ցուցակում կերաշխավորվի առնվազն հինգ տեղ:
4. Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հարցազրույցին մասնակցած յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհուրդը կազմում է զեկույց, որում խորհրդի անդամների կողմից լրացված հարցաթերթերի, ամփոփիչ քննարկման ժամանակ արտահայտված կարծիքների և Արդարադատության խորհրդի անդամների կողմից ներկայացված հատուկ կարծիքների հիման վրա՝ ընտրված հավակնորդների պարագայում մանրամասն ներկայացվում են այն հանգամանքները, որոնք պայմանավորել են հավակնորդի ընտրությունը, իսկ հարցազրույցի արդյունքում չընտրված հավակնորդների մասով՝ ներկայացվում են նրանց ընտրությունը մերժելու պատճառները:
5. Արդարադատության խորհրդում հարցազրույցին մասնակցած անձինք իրավունք ունեն դիմելու և Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ստանալու սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան իրենց վերաբերյալ կազմված զեկույցը:
6. Արդարադատության խորհուրդը դատավորների թեկնածությունների ցուցակը Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված փաստաթղթերը Արդարադատության խորհրդի կողմից ստանալու օրվանից քսանհինգօրյա ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան մինչև հունվարի 20-ը:
7. Դատավորների թեկնածությունների ցուցակի հետ Հանրապետության Նախագահին են ուղարկվում հարցազրույցին մասնակցած բոլոր հավակնորդների անձնական գործերը և նրանց վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան կազմված զեկույցները` Արդարադատության խորհրդի անդամների ներկայացրած հատուկ կարծիքների հետ:
8. Հանրապետության Նախագահը ցուցակը ստանալու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում, հաստատում է Արդարադատության խորհրդի կազմած ցուցակը կամ այն վերադարձնում է Արդարադատության խորհուրդ՝ պահանջելով նոր քննարկում:
9. Արդարադատության խորհուրդը Հանրապետության Նախագահի վերադարձրած թեկնածությունների ցուցակը ստանալու օրվան հաջորդող տասնհինգօրյա ժամկետում Հանրապետության Նախագահին է ուղարկում փոփոխված ցուցակ կամ կարող է Հանրապետության Նախագահին ներկայացնել անփոփոխ ցուցակ, եթե դրա օգտին է քվեարկում խորհրդի անդամների երկու երրորդը:
10. Հանրապետության Նախագահի կողմից թեկնածությունների ցուցակը վերադարձվելու դեպքում Արդարադատության խորհուրդն իրավունք ունի ըստ անհրաժեշտության կրկին հրավիրելու և լսելու սույն օրենսգրքի 116.1-ին հոդվածով սահմանված կարգով խորհրդում հարցազրույցի ներկայացած հավակնորդներին:
11. Հանրապետության Նախագահի կողմից թեկնածությունների ցուցակը վերադարձվելու դեպքում Արդարադատության խորհրդում հարցազրույցի, թեկնածությունների ցուցակը կազմելու ու հաստատելու վրա տարածվում են սույն օրենսգրքի 116-րդ և 117-րդ հոդվածների դրույթները:
(117-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 26.05.11 ՀՕ-211-Ն, խմբ. 20.06.13 ՀՕ-90-Ն, փոփ., լրաց. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 118. | Դատավորների թեկնածությունների և առաջխաղացման ցուցակներում նախկին դատավորների ընդգրկման կարգը |
(վերնագիրը փոփ. 26.05.11 ՀՕ-211-Ն)
1. Դատավոր աշխատած այն անձինք, որոնց լիազորությունները վաղակետ դադարացվել են սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ կետերով սահմանված հիմքով, կամ որոնց լիազորությունները դադարել են սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով (այսուհետ` նախկին դատավորներ), և որոնք վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 2 տարի աշխատել են որպես դատավոր, կարող են ընդգրկվել դատավորների թեկնածությունների և առաջխաղացման ցուցակներում սույն հոդվածով սահմանված կարգով: Այն դատավորները, որոնց լիազորությունները վաղակետ դադարեցվել են սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով, կարող են դատավորների թեկնածությունների և առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու նպատակով դիմել այն դեպքում, եթե վերացել են լիազորությունները վաղակետ դադարեցնելու հիմք ծառայած հանգամանքները:
2. (մասն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-211-Ն)
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք տարին մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչև հուլիսի 1-ը, կարող են դիմում ներկայացնել Արդարադատության խորհրդին` կցելով սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:
4. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածությունը, անհրաժեշտության դեպքում թեկնածուին հրավիրում զրույցի։
5. Դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան բաժնի լրացման նպատակով Արդարադատության խորհուրդը անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյուններով: Քվեարկության մասնակիցը թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ», իսկ դեմ քվեարկելիս` «դեմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Եթե թեկնածուն ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա նա ներկայացվում է Հանրապետության Նախագահին: Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի լրացնում դատավորների թեկնածությունների ցուցակը, ապա այդ թեկնածությունը համարվում է մերժված:
6. Արդարադատության խորհրդի կողմից թեկնածությունը չառաջարկելու կամ Հանրապետության Նախագահի կողմից թեկնածությունը մերժելու դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք զրկվում են մերժման պահից երեք տարվա ընթացքում սույն հոդվածով սահմանված կարգով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար կրկին դիմելու հնարավորությունից:
7. Եթե անձը նախկինում դատավոր է աշխատել վերաքննիչ դատարանում կամ վճռաբեկ դատարանում կամ ընդգրկված է եղել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում կամ աշխատել է որպես դատավոր և բավարարում է սույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կամ 138-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված պահանջները, ապա իր ցանկության դեպքում թեկնածությունների ցուցակում ընդգրկելու հետ մեկտեղ առանձին քվեաթերթիկով նույն կարգով քվեարկության է դրվում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում նաև համապատասխան ծառայողական առաջխաղացման ցուցակում նրա ընդգրկվելու հարցը: Այդ անձը Արդարադատության խորհրդին պարտավոր է հայտնել առաջխաղացման ցուցակի այն բաժինը, որում ցանկանում է ընդգրկվել:
8. (մասն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-211-Ն)
(118-րդ հոդվածը փոփ. 05.02.09 ՀՕ-46-Ն, փոփ., լրաց. 26.05.11 ՀՕ-211-Ն, փոփ. 02.05.13 ՀՕ-51-Ն, փոփ., լրաց. 20.06.13 ՀՕ-90-Ն, լրաց. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 119. | Դատավոր նշանակվելու սահմանափակումները |
1. Դատավոր չի կարող նշանակվել այն անձը`
1) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
2) որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով.
3) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.
4) որն ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.
5) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից կամ ունեն տարկետում` օրենքով նախատեսված կարգով ու հիմքով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանում է կառավարությունը:
Հոդված 120. | Դատավորների թեկնածությունների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը |
1. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝
1) նա նշանակվել է դատավորի պաշտոնում.
2) նա դիմում է այդ մասին.
3) լրացել է նրա 65 տարին.
4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ.
5) նա առանց հարգելի պատճառի չի անցել տարեկան վերապատրաստման ծրագիրը.
6) սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերում չի համաձայնվում նշանակվել իրեն առաջարկված դատավորի պաշտոնում.
7) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.
8) նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
9) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
10) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
11) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.
12) արդարադատության ակադեմիայում ուսումն ավարտելուց հետո ավելի քան 4 ամիս անընդմեջ չի զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով և չի դիմել Դատական դեպարտամենտում աշխատանքի անցնելու համար.
13) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից.
14) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության հետևանքով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից, բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.
15) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդիուղղ. սահմանած նվազագույն միավորից, կամ նա չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-12-րդ կետերով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո` եռօրյա ժամկետում, վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 13-15-րդ կետերով նախատեսված դեպքերում` արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատավորների թեկնածությունների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ դիմում են Արդարադատության խորհուրդ:
3. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է վճռաբեկ դատարանի նախագահի կամ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի միջնորդությունը: Եթե բաց քվեարկության արդյունքներով Արդարադատության խորհուրդը համարում է, որ միջնորդությունը համապատասխանում է սույն հոդվածի պահանջներին, ապա դիմում է Հանրապետության Նախագահին անձին ցուցակից հանելու առաջարկությամբ:
4. Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում համապատասխան անձին հանում է դատավորների թեկնածությունների ցուցակից:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով անձին դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությունը ներկայացվում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգին համապատասխան:
(120-րդ հոդվածը փոփ. 26.05.11 ՀՕ-211-Ն, խմբ. 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 121. | Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում թափուր տեղ առաջանալու հիմքերը |
(վերնագիրը փոփ. 26.05.11 ՀՕ-211-Ն)
1. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝
1) ստեղծվում է նոր առաջին ատյանի դատարան.
2) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները.
3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե համապատասխան դատարանում կա կրճատված դատավոր, որը չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Այդ դեպքում դատավորը դադարում է համարվել կրճատված: Մի քանի կրճատված դատավորի առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագին:
(121-րդ հոդվածը փոփ. 26.05.11 ՀՕ-211-Ն)
Հոդված 122. | Առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջարկելու կարգը |
(վերնագիրը փոփ. 26.05.11 ՀՕ-211-Ն)
1. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Հանրապետության Նախագահին թեկնածություն առաջարկելու նպատակով վճռաբեկ դատարանի նախագահը Արդարադատության խորհրդի անունից թեկնածուներին գրավոր առաջարկում է ստորև բերված հերթականությամբ (ընդ որում` այն թեկնածուները, որոնց նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, չեն դիտարկվում).
1) առաջին հերթին առաջարկում է առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի այն նախագահին կամ համապատասխան մասնագիտացման դատավորին կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահին կամ դատավորին, ով մինչ այդ գրավոր դիմել է վճռաբեկ դատարանի նախագահին` խնդրելով իրեն տեղափոխել առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում առաջնահերթությունը տրվում է նախ այն դատարանի նախագահին, որտեղ առաջացել է թափուր տեղ, ապա տարիքով ավագին.
2) երկրորդ հերթին առաջարկում է սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` տարիքով ավագ ռեզերվային դատավորին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում (բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված անձանց) և ունի թափուր տեղին համապատասխան մասնագիտացում.
3) երրորդ հերթին առաջարկում է սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կրճատված դատավորին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում և ունի թափուր տեղին համապատասխան մասնագիտացում: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում է նախ առաջին ատյանի այլ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա վերաքննիչ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա վճռաբեկ դատարանի տարիքով ավագ դատավորին (բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված անձանց).
4) չորրորդ հերթին առաջարկում է սույն օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված կարգով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված նախկին դատավորներին: Նշված անձանց առաջարկությունը արվում է, անգամ եթե նրանք ընդգրկված են ծառայողական առաջխաղացման ցուցակում: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագ նախկին դատավորին, ապա տարիքով ավագ անձին.
5) հինգերորդ հերթին առաջարկում է թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի՝ Արդարադատության ակադեմիան ավարտած թեկնածուներին, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ կրող անձանց` ըստ Արդարադատության ակադեմիայի ավարտման հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ թեկնածուին: Տվյալ տարվա ավարտածներին առաջարկ կարող է արվել, եթե դատավորների թեկնածությունների ցուցակում չկան Արդարադատության ակադեմիան նախորդ տարիներին ավարտած և թափուր տեղին համապատասխան մասնագիտացման թեկնածուներ, կամ դատավորների թեկնածությունների ցուցակում առկա նախորդ տարիներին ավարտած և թափուր տեղին համապատասխան մասնագիտացման բոլոր թեկնածուները այդ պահին կրում են պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ:
2. Ռեզերվային դատավորներին, նախկին դատավորներին և սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված անձանց վճռաբեկ դատարանի նախագահը գրավոր առաջարկությունը ներկայացնում է համապատասխան թեկնածուի բնակության վայրի հասցեով: Մյուս դեպքերում վճռաբեկ դատարանի նախագահը գրավոր առաջարկությունը ներկայացնում է համապատասխան թեկնածուի աշխատանքի վայր:
(122-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.05.11 ՀՕ-211-Ն, փոփ. 02.05.13 ՀՕ-90-Ն, 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 123. | Առաջին ատյանի դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկված թեկնածուների կողմից առաջարկն ընդունելու կարգը և չընդունելու հետևանքները |
(վերնագիրը փոփ. 26.05.11 ՀՕ-211-Ն)
1. Թեկնածուն ծանուցումը ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է վճռաբեկ դատարանի նախագահի նստավայր ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնությունը նշանակման վերաբերյալ: Սահմանված ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն:
2. Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի համաձայնության դեպքում նա սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ, իսկ կրճատված կամ ռեզերվային կարգավիճակ ունենալու դեպքում այն դադարում է:
3. Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում անձի անհամաձայնությունը նրա համար որևէ բացասական հետևանք չի առաջացնում:
4. Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում առաջին ատյանի մասնագիտացված կամ վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի դատավորի համաձայնությունը չի վերացնում նրա` համապատասխանաբար ռեզերվային կամ կրճատված դատավորի կարգավիճակը, իսկ առաջին ատյանի դատարանի դատավորների համար վերացնում է:
5. Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում դատավորի անհամաձայնությունը հանգեցնում է նրա լիազորությունների դադարեցման:
6. Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դեպքում թեկնածուի անհամաձայնությունը, բացառությամբ այն դեպքի, երբ նա ընդգրկված է դատավորների առաջխաղացման ցուցակում ևս, հանգեցնում է նրան դատավորների թեկնածությունների ցուցակից հանելուն: Այս հիմքով դատավորների թեկնածությունների ցուցակից հանվելու դեպքում թեկնածուն այլևս չի կարող սույն օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել այդ ցուցակում ընդգրկվելու խնդրանքով:
7. Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում թեկնածուի անհամաձայնությունը հանգեցնում է նրան դատավորների թեկնածությունների ցուցակից հանելուն, բացառությամբ այն դեպքի, երբ ցուցակում առկա են Արդարադատության ակադեմիայի նույն տարվա և թափուր տեղին համապատասխան մասնագիտացման շրջանավարտներ, որոնք այդ պահին չեն կրում պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ և ունեն իրենից նվազ հանրագումարային միավորներ:
8. Եթե սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում ցուցակում գտնվող տվյալ տարվա նվազագույն հանրագումարային միավոր ունեցող թեկնածուն անհամաձայնության հետևանքով սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն պետք է հանվի ցուցակից, ապա վճռաբեկ դատարանի նախագահը իր առաջարկությունը կրկնում է նախորդ` նվազագույն հանրագումարային միավոր ունեցող թեկնածուին: Եթե վերջինս անհամաձայնության հետևանքով ևս պետք է հանվի ցուցակից, ապա սույն մասով սահմանված կարգով առաջարկությունները կրկնվում են այնքան ժամանակ, քանի դեռ որևէ մեկը չի ընդունել առաջարկը, կամ տվյալ տարվա դպրոցի շրջանավարտների թափուր տեղին համապատասխան մասնագիտացման ցուցակը չի սպառվել, բացառությամբ այն շրջանավարտների, որոնք այդ պահին կրում են պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ:
9. Թեկնածուի համաձայնության դեպքում վճռաբեկ դատարանի նախագահը նրա թեկնածությունը ներկայացնում է Արդարադատության խորհրդին: Արդարադատության խորհուրդը ներկայացրած թեկնածության վերաբերյալ բաց քվեարկությամբ տալիս է դրական եզրակացություն, եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը: Թեկնածությունը խորհրդի դրական եզրակացության դեպքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին:
10. Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում, եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի նշանակում դատավորին, ապա այդ թեկնածությունը համարվում է մերժված, թեկնածությունների ցուցակում գտնվելու դեպքում անձը հանվում է դատավորների թեկնածությունների ցուցակից, իսկ թափուր տեղի համար առաջադրումը սկսվում է նորից:
11. Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում, եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում դատավոր է նշանակում ներկայացված թեկնածուին:
(123-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.05.11 ՀՕ-211-Ն, փոփ. 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 124. | Դատավորի երդումը |
1. Դատավորի պաշտոնում նշանակված անձը նշանակման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում իր պաշտոնն ստանձնում է Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության Նախագահի ներկայությամբ տրված հետևյալ երդմամբ.
«Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ դատավորի պարտականություններս կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ և սկզբունքային, արդարացի և մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով օրենքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:»:
2. Երդումը տրվում է հանդիսավոր պայմաններում, անհատական կարգով՝ յուրաքանչյուր դատավորի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով, որից հետո դատավորը ստորագրում է ընթերցված տեքստը:
Հոդված 125. | Առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման կարգը |
(վերնագիրը փոփ. 26.05.11 ՀՕ-211-Ն)
1. Առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում թափուր տեղ առաջանալու դեպքում վճռաբեկ դատարանի նախագահը Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով հայտարարում է այդ տեղի համար առաջադրումներ սկսվելու մասին: Հայտարարության մեջ նշվում են թափուր պաշտոնին հավակնողների կողմից դիմումների և փաստաթղթերի ներկայացման ժամկետները և վայրը:
2. Հայտարարությունից հետո` երկշաբաթյա ժամկետում, համապատասխան պաշտոնին հավակնող դատավորները, դատարանի նախագահները և վճռաբեկ դատարանի պալատի նախագահները, իսկ սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում միայն նույն դատարանի դատավորները կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին:
3. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնողների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։
4. Արդարադատության խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են հայտ ներկայացրած բոլոր անձինք: Յուրաքանչյուր հավակնողի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
5. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Մեկ ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր: Քվեարկության արդյունքներով Հանրապետության Նախագահին է առաջարկվում առավել «կողմ» ձայներ ստացած անձը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
6. Եթե առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղի համար դիմել է մեկ թեկնածու, ապա նա համարվում է քվեարկությունն անցած, եթե ստացել է Արդարադատության խորհրդի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին: Սահմանված քանակի ձայներ չստանալու դեպքում սույն հոդվածով սահմանված կարգով վճռաբեկ դատարանի նախագահի հայտարարության հիման վրա սկսվում են նոր առաջադրումներ:
7. Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի նշանակում համապատասխան անձին դատարանի նախագահ, ապա սույն հոդվածով սահմանված կարգով վճռաբեկ դատարանի նախագահի հայտարարության հիման վրա սկսվում են նոր առաջադրումներ:
(125-րդ հոդվածը փոփ. 26.05.11 ՀՕ-211-Ն)
Հոդված 126. | Առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու կարգը |
(վերնագիրը փոփ. 26.05.11 ՀՕ-211-Ն)
Բացառիկ դեպքերում վճռաբեկ դատարանի նախագահն իրավունք ունի առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր տեղի համար սույն օրենսգրքի 122-րդ հոդվածով սահմանված հերթից դուրս առաջարկելու մեկ այլ առաջին ատյանի դատարանի դատավորի՝ պատճառաբանելով իր առաջարկությունը: Այս դեպքում Արդարադատության խորհրդին է ներկայացվում նաև համապատասխան դատավորի դիմումը, որում պետք է շարադրված լինեն տեղափոխման հիմնավոր պատճառները: Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկությունը, անհրաժեշտության դեպքում հրավիրում դատավորին զրույցի։ Եզրակացություն տալու համար Արդարադատության խորհուրդը անցկացնում է քվեաթերթիկով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում նշվում են «տեղափոխմանը կողմ եմ» և «տեղափոխմանը դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյուններով: Քվեարկության մասնակիցը նշում է կատարում համապատասխան քառանկյան մեջ: Եթե տեղափոխմանը կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա համապատասխան եզրակացությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին: Հանրապետության Նախագահին է ներկայացվում նաև վճռաբեկ դատարանի նախագահի պատճառաբանված առաջարկը: Եթե Հանրապետության Նախագահը եզրակացությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի նշանակում դատավորին, ապա այդ թեկնածությունը համարվում է մերժված, և դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել իր պաշտոնում:
(126-րդ հոդվածը փոփ. 26.05.11 ՀՕ-211-Ն)
Հոդված 127. | Առաջին ատյանի տարբեր դատարանների դատավորների պաշտոնների փոխանակման կարգը |
(վերնագիրը փոփ. 26.05.11 ՀՕ-211-Ն)
1. Բացառիկ դեպքերում վճռաբեկ դատարանի նախագահն իրավունք ունի առաջարկելու Արդարադատության խորհրդին առաջին ատյանի տարբեր դատարանների դատավորների պաշտոնների փոխանակում՝ պատճառաբանելով իր առաջարկությունը: Նման առաջարկ չի կարող արվել, եթե այդ դատարաններում կան կրճատված դատավորներ:
2. Արդարադատության խորհրդին ներկայացվում է նաև համապատասխան դատավորների դիմումը, որում պետք է շարադրված լինեն տեղափոխման հիմնավոր պատճառները: Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ներկայացված դիմումը, անհրաժեշտության դեպքում հրավիրում դատավորներին զրույցի։
3. Եզրակացություն տալու համար Արդարադատության խորհուրդն անցկացնում է քվեաթերթիկով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում նշվում են «փոխանակմանը կողմ եմ» և «փոխանակմանը դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյուններով: Քվեարկության մասնակիցը նշում է կատարում համապատասխան քառանկյան մեջ: Եթե փոխանակմանը կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, ապա համապատասխան եզրակացությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին: Հանրապետության Նախագահին է ներկայացվում նաև վճռաբեկ դատարանի նախագահի պատճառաբանված առաջարկը: Եթե Հանրապետության Նախագահը եզրակացությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի նշանակում դատավորներին, ապա դատավորների փոխանակման հարցը համարվում է մերժված, և դատավորները շարունակում են պաշտոնավարել իրենց պաշտոնում:
(127-րդ հոդվածը փոփ. 26.05.11 ՀՕ-211-Ն)
Հոդված 128. | Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի թափուր տեղ առաջանալու հիմքերը |
(հոդվածն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-211-Ն)
Հոդված 129. | Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջարկելու կարգը |
(հոդվածն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-211-Ն)
Հոդված 130. | Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկված թեկնածուների կողմից առաջարկն ընդունելու կարգը, չընդունելու հետևանքները: Արդարադատության խորհրդի եզրակացությունը և նշանակումը |
(հոդվածն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-211-Ն)
Հոդված 131. | Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջին ատյանի, առաջին ատյանի այլ մասնագիտացում ունեցող դատարանների դատավորների, փաստաբանների, դատախազների, քննիչների և նախկին դատավորների վերաբերյալ եզրակացություն տալու կարգը և նշանակումը |
Հոդված 132. | Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի նախագահի նշանակման կարգը |
(հոդվածն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-211-Ն)
Հոդված 133. | Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի մասնագիտացված դատարանի այլ դատավորին նշանակելու կարգը |
(հոդվածն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-211-Ն)
Հոդված 134. | Առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների պաշտոնների փոխանակման կարգը |
(հոդվածն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-211-Ն)
Հոդված 135. | Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման, դատարանի նախագահի, առաջին ատյանի մասնագիտացված, վերաքննիչ դատարանի դատավորի, վճռաբեկ դատարանի պալատի դատավորի և նախագահի նշանակման հետ կապված` քվեաթերթիկներով քվեարկության ժամանակ հաշվի առնվող հատկանիշները |
Արդարադատության խորհրդի անդամը, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման, դատարանի նախագահի, առաջին ատյանի մասնագիտացված, վերաքննիչ դատարանի դատավորի, վճռաբեկ դատարանի պալատի դատավորի և նախագահի նշանակման հետ կապված, քվեաթերթիկներով քվեարկելիս հաշվի է առնում հետևյալ հատկանիշները.
1) դատավորի մասնագիտական գիտելիքները` հաշվի առնելով դատավորի մասնագիտական գործունեությունը, դատավորի մասնագիտական և հետբուհական կրթությունը.
2) դատավորի մասնագիտական հեղինակությունը.
3) աշխատանքային ունակությունները.
4) դատավորի կայացրած ակտերի որակը.
5) դատավորի կողմից դատարանի և դատավորի հեղինակության պաշտպանությունը և դատավորի վարքագծի կանոնների պահպանումը.
6) գրավոր և բանավոր հաղորդակցության ունակությունները` ելնելով դատական նիստերի արձանագրություններից, կայացրած դատական ակտերից.
7) դատավորի մասնակցությունը սույն օրենսգրքով նախատեսված կրթական և մասնագիտական վերապատրաստման ծրագրերին.
8) դատավորի մասնակցությունը դատական իշխանության ինքնակառավարմանը.
9) դատավորի մասնակցությունը իրավունքի և օրենսդրության զարգացման ծրագրերին.
10) դատավորի պարտականությունները կատարելիս իր գործընկերների նկատմամբ դրսևորված վերաբերմունքը.
11) դատավորի կազմակերպչական ունակությունները, կառավարչական բնույթի աշխատանք իրականացնելու դեպքում այդ աշխատանքում դատավորի ցուցաբերած որակները:
(135-րդ հոդվածը 21.06.14 ՀՕ-86-Ն օրենքի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.18 թ.)
Գ Լ ՈՒ Խ 16
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 136. | Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները |
1. Արդարադատության խորհուրդը կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները: Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում լրացումներ և փոփոխություններ կատարվում են նույն կարգով:
2. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներն են`
1) վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը` քրեական, քաղաքացիական, վարչական մասնագիտացման բաժիններով.
2) վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը` քրեական մասնագիտացման ու քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններով:
3. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում կարող են ընդգրկվել այն անձինք, ովքեր աշխատում են դատավորի պաշտոնում (այդ թվում` կրճատված և ռեզերվային դատավորները, անգամ եթե նշանակվել են ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում), ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ անձինք:
(136-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.10.10 ՀՕ-136-Ն, լրաց. 26.05.11 ՀՕ-211-Ն)
Հոդված 137. | Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմումը և հաստատումը |
(վերնագիրը փոփ. 28.10.10 ՀՕ-136-Ն)
1. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող են ընդգրկվել`
1) առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն 3 տարի աշխատած անձը, ով չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.
2) (կետն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-211-Ն)
3) վերջին 8 տարվա ընթացքում առնվազն 5 տարի դատավոր աշխատած նախկին դատավորը.
4) վերջին 8 տարվա ընթացքում առնվազն 3 տարի դատարանի նախագահ, վերաքննիչ դատարանի դատավոր, վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կամ վճռաբեկ դատարանի դատավոր աշխատած նախկին դատավորը:
2. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը բաղկացած է երեք բաժնից.
1) քրեական մասնագիտացում.
2) քաղաքացիական մասնագիտացում.
3) վարչական մասնագիտացում:
3. Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակի որևէ մասնագիտացման բաժնի ցուցակը սպառվել է, կամ եթե ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ որևէ մասնագիտացման գծով ծառայողական առաջխաղացման ցուցակի բաժնում առկա է ոչ ավելի, քան չորս դատավոր, ապա վճռաբեկ դատարանի նախագահը Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով հրապարակում է դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի` համապատասխան մասնագիտացման գծով ցուցակի կազմման մասին հայտարարություն: Հայտարարության մեջ նշվում են թեկնածուների կողմից դիմումների և փաստաթղթերի ներկայացման ժամկետները և վայրը:
4. Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար կարող են Արդարադատության խորհրդին ներկայացնել դիմում` դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակին համապատասխան` բաժնում ընդգրկվելու ցանկությամբ։ Անձը կարող է դիմել միայն մեկ մասնագիտացմամբ բաժնում ընդգրկվելու համար։
5. Դիմումներ ընդունելու սահմանված ժամկետի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնողների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։
6. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման նպատակով Արդարադատության խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն: Յուրաքանչյուր բաժնի համար կազմվում են առանձին քվեաթերթիկներ` ընդգրկվելով այդ բաժնում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած բոլոր թեկնածուներին: Յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
7. Եթե դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվելու համար դիմել է ցուցակը լրացնելու համար անհրաժեշտ թվաքանակից ավելի շատ թեկնածու, ապա այդ բաժնի համար քվեարկելիս Արդարադատության խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է 5 թվի և առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում քվեարկության օրվա դրությամբ առկա անձանց թվի տարբերությանը: Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Եթե քվեարկության մասնակիցը ավելի ձայն է տվել, քան սահմանված է սույն մասով, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր: Քվեարկության արդյունքներով առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկելու համար Հանրապետության Նախագահին են առաջարկվում առավել «կողմ» ձայներ ստացած այնքան դատավորներ, որքան ձայն ուներ քվեարկության մասնակիցը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած դատավորներին: Լրացուցիչ քվեարկության ժամանակ Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
8. Եթե դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվելու համար դիմել է անհրաժեշտ թվաքանակից ավելի քիչ կամ դրան հավասար թեկնածու, ապա այդ բաժնի համար քվեարկելիս Արդարադատության խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է թեկնածուների թվին: Քվեարկության արդյունքներով անցած են համարվում այն թեկնածուները, որոնց օգտին է քվեարկել քվեարկությանը մասնակցած Արդարադատության խորհրդի անդամների կեսից ավելին:
9. Հանրապետության Նախագահը Արդարադատության խորհրդի ներկայացրած ցուցակից թողնում է իր համար ընդունելի թեկնածությունները և ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում հրամանագրով լրացնում է դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակը: Նշված ժամկետում ցուցակը չլրացնելու դեպքում այն համարվում է մերժված:
(137-րդ հոդվածը փոփ., լրաց. 28.10.10 ՀՕ-136-Ն, փոփ. 26.05.11 ՀՕ-211-Ն, լրաց. 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 138. | Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմումը և հաստատումը |
(վերնագիրը փոփ. 28.10.10 ՀՕ-136-Ն)
1. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում կարող են ընդգրկվել`
1) համապատասխան մասնագիտացման վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում առնվազն 5 տարի աշխատած անձը, ով չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.
2) (կետն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-211-Ն)
3) վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարի դատավոր աշխատած նախկին դատավորը.
4) վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարի դատարանի նախագահ, վերաքննիչ դատարանի դատավոր կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահ աշխատած նախկին դատավորը:
2. Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը սպառվել է, կամ եթե ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա է ոչ ավելի, քան չորս դատավոր, ապա վճռաբեկ դատարանի նախագահը Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով հրապարակում է դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման մասին հայտարարություն: Հայտարարության մեջ նշվում են թեկնածուների կողմից դիմումների և փաստաթղթերի ներկայացման ժամկետները և վայրը:
3. Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար կարող են Արդարադատության խորհրդին ներկայացնել դիմում` դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու ցանկությամբ։
4. Դիմումներ ընդունելու սահմանված ժամկետի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնորդների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։
5. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման նպատակով Արդարադատության խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն: Քվեաթերթիկներում ընդգրկվում են այդ բաժնում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած բոլոր թեկնածուները: Յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
6. Եթե դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմել է ցուցակը լրացնելու համար անհրաժեշտ թվաքանակից ավելի շատ թեկնածու, ապա քվեարկելիս Արդարադատության խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է 5 թվի և առաջխաղացման ցուցակում քվեարկության օրվա դրությամբ առկա անձանց թվի տարբերությանը: Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Եթե քվեարկության մասնակիցը ավելի ձայն է տվել, քան սահմանված է սույն մասով, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր: Քվեարկության արդյունքներով առաջխաղացման ցուցակում ընդգրկելու համար Հանրապետության Նախագահին են առաջարկվում առավել «կողմ» ձայներ ստացած այնքան դատավորներ, որքան ձայն ուներ քվեարկության մասնակիցը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած դատավորներին: Լրացուցիչ քվեարկության ժամանակ Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
7. Եթե դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմել է անհրաժեշտ թվաքանակից ավելի քիչ կամ դրան հավասար թեկնածու, ապա քվեարկելիս Արդարադատության խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է թեկնածուների թվին: Քվեարկության արդյունքներով անցած են համարվում այն թեկնածուները, որոնց օգտին է քվեարկել քվեարկությանը մասնակցած Արդարադատության խորհրդի անդամների կեսից ավելին:
8. Հանրապետության Նախագահը Արդարադատության խորհրդի ներկայացրած ցուցակից թողնում է իր համար ընդունելի թեկնածությունները և ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում հրամանագրով լրացնում է դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակը: Նշված ժամկետում ցուցակը չլրացնելու դեպքում այն համարվում է մերժված:
(138-րդ հոդվածը փոփ. 28.10.10 ՀՕ-136-Ն, 26.05.11 ՀՕ-211-Ն, լրաց. 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 139. | Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում իրավաբան գիտնականների ընդգրկման կարգը |
1. Իրավագիտության բնագավառում գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող և վերջին հինգ տարիների ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատություններում մշտապես իրավունք դասավանդող կամ գիտական հաստատությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (ստորև՝ գիտնականներ), կարող են ընդգրկվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում` սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Գիտնականները տարին մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչև նոյեմբերի 20-ը, կարող են դիմում ներկայացնել Արդարադատության խորհրդին` կցելով հետևյալ փաստաթղթերը.
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) գիտնականի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական և դասախոսական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ.
3) գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.
4) աշխատանքային գրքույկի բնօրինակը կամ հավակնորդի աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթեր.
5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:
3. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածությունը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրան զրույցի։
4. Գիտնականի թեկնածությունը կարող է ներառվել միայն վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում: Այդ նպատակով Արդարադատության խորհուրդը անցկացնում է քվեաթերթիկով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյուններով: Քվեարկության մասնակիցը թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ», իսկ դեմ քվեարկելիս` «դեմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Եթե թեկնածուն ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա նրա թեկնածությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին` վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկելու առաջարկությամբ: Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի լրացնում դատավորների առաջխաղացման ցուցակը, ապա թեկնածությունը համարվում է մերժված:
(139-րդ հոդվածը փոփ. 28.10.10 ՀՕ-136-Ն)
Հոդված 140. | Դատավորների ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակներից դուրս թողնելու հիմքերը |
1. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկված անձը դուրս է թողնվում ցուցակից՝
1) եթե նա առաջխաղացման կարգով նշանակվել է համապատասխանաբար դատավորի պաշտոնում.
2) եթե նա դիմում է այդ մասին.
3) եթե դադարեցվել են նրա` որպես դատավորի լիազորությունները.
4) եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ծառայողական առաջխաղացման ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ.
5) եթե նա վերջին հինգ տարում ընդգրկված է եղել դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում.
6) եթե Արդարադատության խորհուրդը նրա նկատմամբ որպես կարգապահական պատասխանատվության միջոց կիրառել է նկատողություն կամ խիստ նկատողություն.
7) սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դեպքերում.
8) եթե նա հանվել է դատավորների թեկնածությունների ցուցակից:
2. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակից անձը դուրս է թողնվում այն ժամանակ, երբ ի հայտ են գալիս սույն հոդվածով սահմանված հիմքերը։ Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերում Արդարադատության խորհրդին այդ մասին առաջարկով դիմում է վճռաբեկ դատարանի նախագահը։
3. Անձին ցուցակից դուրս թողնելը արգելք չէ ցուցակում ընդգրկվելու նպատակով կրկին դիմելու համար:
Հոդված 141. | Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղ առաջանալու հիմքերը |
1. Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝
1) ստեղծվում է նոր վերաքննիչ դատարան.
2) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները.
3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե համապատասխան դատարանում կա կրճատված դատավոր, որը չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Այդ դեպքում դատավորը դադարում է համարվել կրճատված: Մի քանի դատավորի առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագին:
Հոդված 142. | Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջարկելու կարգը |
1. Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Հանրապետության Նախագահին թեկնածություն առաջարկելու նպատակով Արդարադատության խորհրդի անունից վճռաբեկ դատարանի նախագահը գրավոր առաջարկում է դատավորներին ստորև բերված հերթականությամբ.
1) առաջին հերթին առաջարկում է այն վերաքննիչ դատարանի նախագահին կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահին կամ դատավորին (բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված անձանց), ով մինչ այդ գրավոր դիմել է վճռաբեկ դատարանի նախագահին` խնդրելով իրեն տեղափոխել վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում առաջնահերթությունը տրվում է նախ այն դատարանի նախագահին, որտեղ առաջացել է թափուր տեղ, ապա տարիքով ավագին.
2) երկրորդ հերթին առաջարկում է սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` տարիքով ավագ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի ռեզերվային դատավորին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում (բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված անձանց).
3) երրորդ հերթին առաջարկում է սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված այլ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կրճատված դատավորին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում նախ վերաքննիչ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա վճռաբեկ դատարանի տարիքով ավագ դատավորին (բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված անձանց).
4) չորրորդ հերթին առաջարկում է վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կրճատված կամ ռեզերվային` տարիքով ավագ այն դատավորին, որը զբաղեցնում է առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը:
2. Վճռաբեկ դատարանի նախագահը գործող դատավորներին գրավոր առաջարկությունը ներկայացնում է աշխատանքի վայր, իսկ ռեզերվային դատավորներին` բնակության վայրի հասցեով:
3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձինք չկան կամ առաջարկությունը չեն ընդունում, ապա համարվում է, որ առաջարկված են վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկված բոլոր անձանց թեկնածությունները: Այդ դեպքում Արդարադատության խորհուրդը վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածությունների վերաբերյալ եզրակացություն է տալիս սույն օրենսգրքի 144-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում թափուր տեղի համար կարող են ինքնառաջադրման մասին դիմել նաև վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում գտնվող նախկին դատավորները: Թափուր պաշտոնում նշանակվելու դեպքում նրանք մնում են վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում, իսկ թափուր պաշտոնը զբաղեցնելուց հրաժարվելու դեպքում հանվում են վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակից:
(142-րդ հոդվածը լրաց., փոփ. 28.10.10 ՀՕ-136-Ն, փոփ. 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 143. | Վերաքննիչ դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկված թեկնածուների կողմից առաջարկն ընդունելու կարգը, չընդունելու հետևանքները: Արդարադատության խորհրդի եզրակացությունը և նշանակումը |
1. Թեկնածուն ծանուցումը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է վճռաբեկ դատարանի նախագահի նստավայր ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնությունը նշանակման վերաբերյալ: Սահմանված ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն:
2. Սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի համաձայնության դեպքում նա սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ, իսկ կրճատված կամ ռեզերվային կարգավիճակ ունենալու դեպքում այն դադարում է:
3. Սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի անհամաձայնությունը նրա համար որևէ բացասական հետևանք չի առաջացնում:
4. Սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքում վճռաբեկ դատարանի դատավորի համաձայնությունը չի վերացնում նրա` համապատասխանաբար ռեզերվային կամ կրճատված դատավորի կարգավիճակը, իսկ վերաքննիչ դատարանի դատավորների համար այն վերացնում է:
5. Սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում դատավորի անհամաձայնությունը հանգեցնում է նրա լիազորությունների դադարեցման:
6. Սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դատավորի անհամաձայնության դեպքում նա սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ:
7. Թեկնածուի համաձայնության դեպքում վճռաբեկ դատարանի նախագահը նրա թեկնածությունը ներկայացնում է Արդարադատության խորհրդին: Արդարադատության խորհուրդը ներկայացրած թեկնածության վերաբերյալ բաց քվեարկությամբ տալիս է դրական եզրակացություն, եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը: Թեկնածությունը Արդարադատության խորհրդի դրական եզրակացության դեպքում ներկայացվում է Հանրապետության Նախագահին: Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում դատավոր է նշանակում ներկայացված թեկնածուին։ Բացասական եզրակացության դեպքում թեկնածուն ցուցակից չի հանվում, իսկ թափուր տեղի համար առաջադրումը սկսվում է նորից:
Հոդված 144. | Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղի համար ծառայողական առաջխաղացման ցուցակում գտնվող անձանց վերաբերյալ եզրակացություն տալու կարգը և նշանակումը |
1. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկված անձանց և սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասով ինքնառաջադրված անձանց անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։
2. Արդարադատության խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկված և սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասով ինքնառաջադրված բոլոր անձինք: Յուրաքանչյուրի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
3. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Մեկ ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր: Քվեարկության արդյունքներով դրական եզրակացություն է տրվում առավել «կողմ» ձայներ ստացած անձին: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
4. Եթե քվեարկվում է մեկ թեկնածու, ապա նա համարվում է դրական եզրակացություն ստացած, եթե ստացել է Արդարադատության խորհրդի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին: Սահմանված քանակի ձայներ չստանալու դեպքում Արդարադատության խորհուրդը Հանրապետության Նախագահին առաջարկում է այդ անձին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակից: Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, անձին հանում է ծառայողական առաջխաղացման ցուցակից, բացառությամբ սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձանց: Վճռաբեկ դատարանի նախագահը սույն օրենսգրքի 137-րդ հոդվածով սահմանված կարգով հայտարարություն է անում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվելու համար նոր առաջադրումներ սկսելու մասին:
5. Հանրապետության Նախագահը անձի վերաբերյալ դրական եզրակացությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, հանում է նրան վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակից՝ կա'մ նշանակելով պաշտոնում, կա'մ մերժելով նրա նշանակումը, իսկ սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձանց կա'մ նշանակում է պաշտոնում, կա'մ մերժում է նշանակումը` առանց հանելու վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակից: Եթե վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում կան ընդգրկված այլ անձինք, ապա սույն հոդվածով սահմանված կարգով Արդարադատության խորհուրդը ձեռնամուխ է լինում նոր եզրակացություն կազմելուն: Եթե վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում այլ անձինք չկան, ապա վճռաբեկ դատարանի նախագահը սույն օրենսգրքի 137-րդ հոդվածով սահմանված կարգով տրված հայտարարության հիման վրա սկսում է նոր առաջադրումներ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվելու համար:
(144-րդ հոդվածը լրաց. 28.10.10 ՀՕ-136-Ն)
Հոդված 145. | Վերաքննիչ դատարանի նախագահի նշանակման կարգը |
Վերաքննիչ դատարանի նախագահ կարող են նշանակվել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում գտնվող անձը, վերաքննիչ դատարանի դատավորը, այլ վերաքննիչ դատարանի նախագահը, վճռաբեկ դատարանի պալատի դատավորը կամ պալատի նախագահը, իսկ սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` միայն նույն դատարանի դատավորները՝ առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:
(145-րդ հոդվածը փոփ. 28.10.10 ՀՕ-136-Ն, 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 146. | Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղ առաջանալու հիմքերը |
1. Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝
1) ստեղծվում է վճռաբեկ դատարանի նոր պալատ.
2) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները.
3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե վճռաբեկ դատարանի նախագահը ցանկություն է հայտնում պաշտոնավարել վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում: Այդ դեպքում Արդարադատության խորհուրդը բաց քվեարկությամբ նրա թեկնածությունը ներկայացնում է Հանրապետության Նախագահին: Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում վճռաբեկ դատարանի նախագահին նշանակում է վճռաբեկ դատարանի պալատի դատավոր: Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո կատարում է նշանակումը, ապա վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարված անձը սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե համապատասխան դատարանում կա կրճատված դատավոր, որը չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Այդ դեպքում դատավորը դադարում է համարվել կրճատված: Մի քանի դատավորի առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագին:
Հոդված 147. | Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջարկելու կարգը |
1. Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Հանրապետության Նախագահին թեկնածություն առաջարկելու նպատակով Արդարադատության խորհրդի անունից վճռաբեկ դատարանի նախագահը գրավոր առաջարկում է դատավորներին ստորև բերված հերթականությամբ.
1) առաջին հերթին առաջարկում է վճռաբեկ դատարանի պալատի նախագահին, ով մինչ այդ գրավոր դիմել է Արդարադատության խորհրդին` խնդրելով իրեն տեղափոխել վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում առաջնահերթությունը տրվում է տարիքով ավագին.
2) երկրորդ հերթին առաջարկում է սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված տարիքով ավագ վճռաբեկ դատարանի ռեզերվային դատավորին կամ պալատի նախագահին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում.
3) երրորդ հերթին առաջարկում է սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված վճռաբեկ դատարանի կրճատված կամ ռեզերվային` տարիքով ավագ այն դատավորին կամ պալատի նախագահին, որը զբաղեցնում է այլ դատարանի դատավորի պաշտոնը:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձինք չկան կամ առաջարկությունը չեն ընդունում, ապա Արդարադատության խորհուրդը ձեռնամուխ է լինում սույն օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված կարգով ծառայողական առաջխաղացման ցուցակից թեկնածու ընտրելուն:
Հոդված 148. | Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկված թեկնածուների կողմից առաջարկն ընդունելու կարգը, չընդունելու հետևանքները: Արդարադատության խորհրդի եզրակացությունը և նշանակումը |
1. Թեկնածուն ծանուցումը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է վճռաբեկ դատարանի նախագահի նստավայր ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնությունը նշանակման վերաբերյալ: Սահմանված ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն:
2. Սույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի համաձայնության դեպքում նա սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ:
3. Սույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի անհամաձայնությունը նրա համար որևէ բացասական հետևանք չի առաջացնում:
4. Սույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված անձի անհամաձայնության դեպքում նրա ռեզերվային կարգավիճակը դադարում է:
5. Սույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված անձի անհամաձայնության դեպքում նա սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ, իսկ կրճատված կամ ռեզերվային կարգավիճակը դադարում է:
6. Թեկնածուի համաձայնության դեպքում Արդարադատության խորհուրդը բաց քվեարկությամբ նրան ներկայացնում է Հանրապետության Նախագահին: Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում դատավոր է նշանակում ներկայացված թեկնածուին։ Բացասական եզրակացության դեպքում թեկնածուն ցուցակից չի հանվում, իսկ թափուր տեղի համար առաջադրումը սկսվում է նորից:
Հոդված 149. | Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար ծառայողական առաջխաղացման ցուցակում գտնվող անձանց վերաբերյալ եզրակացություն տալու կարգը և նշանակումը |
1. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։
2. Արդարադատության խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված բոլոր անձինք: Յուրաքանչյուրի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
3. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Մեկ ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր: Քվեարկության արդյունքներով առաջարկվում է առավել «կողմ» ձայներ ստացած անձը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
4. Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված է մեկ թեկնածու, ապա նա համարվում է առաջարկված, եթե ստացել է Արդարադատության խորհրդի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին: Սահմանված քանակի ձայներ չստանալու դեպքում Արդարադատության խորհուրդը Հանրապետության Նախագահին առաջարկում է այդ անձին հանել ծառայողական առաջխաղացման ցուցակից: Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, անձին հանում է ծառայողական առաջխաղացման ցուցակից: Վճռաբեկ դատարանի նախագահը սույն օրենսգրքի 138-րդ հոդվածով սահմանված կարգով հայտարարություն է անում ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվելու համար նոր առաջադրումներ սկսելու մասին:
5. Հանրապետության Նախագահը անձի վերաբերյալ դրական եզրակացությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, հանում է նրան ծառայողական առաջխաղացման ցուցակից՝ կա'մ նշանակելով պաշտոնում, կա'մ մերժելով նրա նշանակումը: Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակում կան ընդգրկված այլ անձինք, ապա սույն հոդվածով սահմանված կարգով Արդարադատության խորհուրդը ձեռնամուխ է լինում նոր եզրակացություն կազմելուն: Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակում այլ անձինք չկան, ապա վճռաբեկ դատարանի նախագահի կողմից սույն օրենսգրքի 138-րդ հոդվածով սահմանված կարգով տրված հայտարարության հիման վրա սկսվում են նոր առաջադրումներ` ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար:
Հոդված 150. | Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման կարգը |
1. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնը թափուր լինելու դեպքում, եթե վճռաբեկ դատարանի նախագահը ցանկություն է հայտնում պաշտոնավարել վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում, ապա Արդարադատության խորհուրդը բաց քվեարկությամբ նրա թեկնածությունը ներկայացնում է Հանրապետության Նախագահին: Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում վճռաբեկ դատարանի նախագահին նշանակում է վճռաբեկ դատարանի պալատի նախագահ: Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո կատարում է նշանակումը, ապա վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարված անձը սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ:
2. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կարող է նշանակվել վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում գտնվող անձը կամ վճռաբեկ դատարանի պալատի դատավորը, իսկ սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում կարող են նշանակվել միայն նույն պալատի դատավորները:
3. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի թեկնածություն առաջարկելու համար հայտեր չեն ընդունվում, և քվեաթերթիկ մտցվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր անձինք:
4. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը նշանակվում է առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթների հաշվառմամբ:
(150-րդ հոդվածը փոփ. 20.06.13 ՀՕ-90-Ն)
Հոդված 151. | Վճռաբեկ դատարանի նախագահի նշանակման կարգը |
1. Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածություն առաջարկելու համար հայտեր չեն ընդունվում: Քվեաթերթիկ մտցվում են վերաքննիչ դատարանի նախագահը, վճռաբեկ դատարանի պալատի նախագահները, պալատի դատավորները, վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում գտնվող անձինք, եթե նրանք չեն դիմել Արդարադատության խորհրդին` իրենց թեկնածությունը քվեաթերթիկ չներառելու մասին:
2. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի քվեաթերթիկում ներառելու համար առաջարկելու նաև այլ անձի թեկնածություն: Առաջարկված թեկնածությունը ներառվում է քվեաթերթիկում, եթե առկա է իր գրավոր համաձայնությունը:
3. Վճռաբեկ դատարանի նախագահը նշանակվում է առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթների հաշվառմամբ: Արդարադատության խորհրդի այդ նիստը վարում է վճռաբեկ դատարանի նախագահի լիազորություններն իրականացնող անձը:
(151-րդ հոդվածը փոփ. 20.06.13 ՀՕ-90-Ն)
Հոդված 152. | Առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի, վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատվելը՝ դատավորի պաշտոնում պաշտոնավարելու մտադրությամբ |
1. Առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի, վճռաբեկ դատարանի պալատի նախագահը կարող է դիմում ներկայացնել Արդարադատության խորհրդին` համապատասխան դատարանի (վճռաբեկ դատարանի պալատի) նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին՝ դատավորի պաշտոնում պաշտոնավարելու մտադրությամբ:
2. Դիմումը ստանալու պահից դատարանի (վճռաբեկ դատարանի պալատի) նախագահի պաշտոնը համարվում է թափուր, և սույն օրենսգրքով սահմանված կարգով սկսվում են առաջադրումները:
3. Մինչև դատարանի նոր նախագահի նշանակումը պաշտոնից հրաժարված դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել:
4. Սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացված քվեարկության արդյունքում Արդարադատության խորհրդի կողմից դատարանի (վճռաբեկ դատարանի պալատի) նախագահի թեկնածությունը Հանրապետության Նախագահին ներկայացնելիս ներկայացվում է նաև դրական եզրակացություն կամ առաջարկություն` դատարանի (վճռաբեկ դատարանի պալատի) նախագահի պաշտոնից հրաժարված անձին իր պաշտոնում նշանակվող անձի պաշտոնում նշանակվելու մասին:
5. Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո կատարում է նշանակումները, ապա նախագահի պաշտոնից հրաժարված անձը սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ:
6. Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, նշանակումները չի կատարում, ապա սույն օրենսգրքով սահմանված կարգով սկսվում են նոր առաջադրումներ: Նախագահի պաշտոնից հրաժարված անձն իրավունք ունի իր դիմումը հետ վերցնելու միայն մինչև առաջադրումների համար սահմանված վերջնաժամկետը:
Գ Լ ՈՒ Խ 17
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 153. | Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը |
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Արդարադատության խորհուրդը:
2. Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են՝
1) արդարադատություն իրականացնելիս նյութական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ.
2) արդարադատություն իրականացնելիս դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ.
3) դատավորի կողմից վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը.
4) դատավորի կողմից սույն օրենսգրքի 12-րդ հոդվածով, 105-րդ հոդվածի 2-րդ մասով, 156-րդ հոդվածի 3-րդ մասով, 159-րդ հոդվածի 3-րդ մասով, 167-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու և փորձաշրջանի ղեկավարի իր համար սահմանված պարտականությունները չկատարելը.
5) սույն օրենսգրքով սահմանված կարգով էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ օրենքով չնախատեսված այլ ներգործության մասին չհայտնելը:
3. Դատական ակտը բեկանելը կամ փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ ակտը կայացրած դատավորի պատասխանատվություն:
4. Դատավորին քրեական, վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը և հակառակը:
5. Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից կայացված դատական ակտով հաստատվել է, որ տվյալ գործը քննելիս Հայաստանի Հանրապետության դատարանը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում, սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ժամկետները հաշվարկվում են տվյալ դատական ակտը կայացնելու պահից:
(153-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-12-Ն, փոփ. 02.05.13 ՀՕ-51-Ն, 10.06.14 ՀՕ-47-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-86-Ն)
Հոդված 153.1. |
Կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետները |
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել`
1) սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով՝ տվյալ գործով կամ հարցով համապատասխան դատական ակտը կայացնելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում.
2) սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց վեց ամիս հետո.
3) սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո.
4) սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո:
(153.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-86-Ն)
Հոդված 153.2. |
Նյութական և դատավարական նորմն ակնհայտ և կոպիտ խախտելը չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ |
1. Սույն գլխի իմաստով ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:
2. Կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որը հեղինակազրկում է արդարադատությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ:
3. Կոպիտ է նաև պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է արդարադատությունը կամ դատավորի բարձր կոչումը:
4. Սույն գլխի իմաստով նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը կատարված է չարամտությամբ, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:
5. Սույն գլխի իմաստով նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը կատարված է կոպիտ անփութությամբ, եթե դատավորը չի կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:
6. Արդարադատություն իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:
(153.2-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-86-Ն)
Հոդված 154. | Դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելու մասին հաղորդումը Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում քննարկելը |
(վերնագիրը փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով կամ նման փաստի հանդիպելով` իր իրավասության շրջանակում որևէ այլ հարց քննելիս կազմակերպում է քննարկում՝ մասնակից դարձնելով դատավորին: Եթե քննարկման արդյունքում հանձնաժողովը գտնում է, որ այդ խախտումները կոպիտ չեն և չեն կրում պարբերական բնույթ, ապա նա կարող է սահմանափակվել հարցի քննարկմամբ: Հակառակ դեպքում հանձնաժողովը հարուցում է կարգապահական վարույթ սույն օրենսգրքի 155-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, ստանալով սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված տեղեկատվությունը, եթե գտնում է, որ տեղեկությունները ամբողջական չեն կամ կասկածելի են, ապա կարող է սեփական նախաձեռնությամբ կազմակերպել հարցի քննարկում՝ մասնակից դարձնելով դատավորին: Քննարկման հետևանքները որոշվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:
(154-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն, 21.06.14 ՀՕ-86-Ն)
Հոդված 155. | Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը |
1. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորի և դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն`
1) արդարադատության նախարարը.
2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:
2. Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի և պալատի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն՝
1) վճռաբեկ դատարանի նախագահը` էթիկայի և կարգապահական կանոնների խախտման հիմքերով.
2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ միայն էթիկայի կանոնների խախտման հիմքով:
3. Վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունի Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:
4. Եթե Արդարադատության նախարարը կամ վճռաբեկ դատարանի նախագահը հարուցել է կարգապահական վարույթ, ապա այդ մասին, նշելով ենթադրյալ խախտումը, տեղեկացնում են Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորի կամ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, նշելով ենթադրյալ խախտումը, այդ մասին տեղեկացնում է արդարադատության նախարարին, իսկ էթիկայի կանոնների խախտման հիմքով՝ վճռաբեկ դատարանի պալատի դատավորի կամ պալատի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում` վճռաբեկ դատարանի նախագահին: Նույն խախտման կապակցությամբ անձի նկատմամբ միաժամանակ երկու վարույթ չի հարուցվում:
5. Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝
1) (կետն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-86-Ն)
2) անձի դիմումը.
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը.
4) (կետն ուժը կորցրել է 10.06.14 ՀՕ-47-Ն)
5) դատական պրակտիկայի ամփոփման կամ ուսումնասիրման արդյունքներով կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի հայտնաբերումը.
6) վարույթ հարուցող անձանց կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:
7) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով հաստատվել է, որ տվյալ գործը քննելիս Հայաստանի Հանրապետության դատարանը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում:
6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դիմումը, հաղորդումը կամ միջնորդությունը, որ չի պարունակում դատավորի կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի կատարման մասին առերևույթ հիմքեր, առանց քննության վերադարձվում է դրանք ներկայացնող անձին:
7. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դիմումի, հաղորդման կամ միջնորդության հիման վրա վարույթ չհարուցելու դեպքում վարույթ հարուցողը պարտավոր չէ իր պատասխանում հիմնավորել վարույթ չհարուցելու պատճառները:
(155-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-281-Ն, լրաց. 08.04.08 ՀՕ-12-Ն, փոփ., խմբ., լրաց. 10.06.14 ՀՕ-47-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-86-Ն)
Հոդված 156. | Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքը |
1. Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող 6 շաբաթից ավելի լինել, բացառությամբ դատավորի բացակայության դեպքերի: Կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել դատավորի բացակայության ժամանակահատվածով:
2. Կարգապահական վարույթի շրջանակներում վարույթ հարուցող անձն իրավունք ունի՝
1) դատարանից պահանջելու և ուսումնասիրելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութեր.
2) դատարանում ծանոթանալու քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութերի, որոնց վերաբերյալ դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ.
3) դատավորից պահանջելու գրավոր բացատրություններ.
4) կանչելու և լսելու վկաների.
5) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու նյութեր.
6) դիմելու կարգապահական վարույթ հարուցելու առիթ հանդիսացած դիմում ներկայացրած անձին` լրացուցիչ պարզաբանումներ տալու առաջարկությամբ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք պարտավոր են տալ պարզաբանումներ:
3. Դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, պարտավոր է վարույթ հարուցած անձին ներկայացնել գրավոր բացատրություններ:
4. Կատարված ուսումնասիրությունների արդյունքում վարույթ հարուցող անձը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) կարգապահական վարույթը կարճելու մասին.
2) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության խորհրդին դիմելու մասին:
5. Եթե արդարադատության նախարարը կամ վճռաբեկ դատարանի նախագահը կարճել են կարգապահական վարույթը, ապա այդ մասին տեղեկացնում են Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորի կամ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթը կարճելու դեպքում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը այդ մասին տեղեկացնում է արդարադատության նախարարին, իսկ վճռաբեկ դատարանի պալատի դատավորի կամ պալատի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթը կարճելու դեպքում` վճռաբեկ դատարանի նախագահին: Վարույթ հարուցողը իր կողմից կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում կայացնելուց հետո չի կարող նույն հիմքով կրկին վարույթ հարուցել:
6. Եթե վարույթ հարուցող անձը որոշում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ դիմել Արդարադատության խորհրդին, ապա նա պետք է կազմի կարգապահական խախտման մասին եզրակացություն, որը պետք է նկարագրի դատավորի կողմից կատարված կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարք, ներկայացնի այդ արարքի կատարված լինելը հիմնավորող ապացույցներ, արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները, այդ թվում` կատարված արարքում դատավորի մեղքի առկայությունը և դրա տեսակը:
7. Մինչև կարգապահական վարույթի նյութերն Արդարադատության խորհուրդ ուղարկելը դրանց հետ իրավունք ունի ծանոթանալու այն դատավորը, որի նկատմամբ վարույթ է հարուցվել: Դատավորին նյութերը հանձնվում են ոչ ուշ, քան սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վերջնաժամկետից երկու շաբաթ առաջ: Նյութերը ստանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում դատավորն իրավունք ունի ներկայացնելու լրացուցիչ բացատրություններ կամ միջնորդություն հարուցելու լրացուցիչ ստուգումներ կատարելու մասին: Վարույթ հարուցած անձը դատավորի լրացուցիչ բացատրությունների կամ լրացուցիչ ստուգումների հիման վրա իրավունք ունի փոխելու իր եզրակացությունը, եթե դա չի վատթարացնում դատավորի վիճակը:
8. Վարույթ հարուցած անձը կարգապահական վարույթի նյութերն ուղարկում է Արդարադատության խորհրդին և այն դատավորին, որի նկատմամբ վարույթ է հարուցվել` հանձնման մասին ծանուցմամբ: Կարգապահական վարույթի նյութերն Արդարադատության խորհրդին ուղարկելու պահից վարույթ հարուցած անձը չի կարող հետ կանչել վարույթի նյութերը, և դրանք ենթակա են Արդարադատության խորհրդում ըստ էության քննության:
9. Կարգապահական վարույթի նյութերը ստանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում դատավորն իրավունք ունի Արդարադատության խորհրդին ուղարկելու պատասխան: Դատավորի կողմից պատասխան չուղարկելը չի խոչընդոտում Արդարադատության խորհրդում նրա նկատմամբ կարգապահական գործի քննությանը: Դատավորի միջնորդությամբ խորհուրդը կարող է երկարաձգել դատավորին տրամադրված ժամկետը:
10. Վարույթ հարուցող անձը, վարույթին մասնակցած վկաները և այլ անձինք պարտավոր են պահպանել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Կարգապահական վարույթի շրջանակներում առաքվող բոլոր փաստաթղթերը պետք է առաքվեն փակ ծրարներով` «գաղտնի» դրոշմագրով:
(156-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 157. | Դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
1. Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով.
3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով.
4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:
2. Նախազգուշացումը դատավորին տրվող պաշտոնական նախատինք է, որը կիրառվում է Արդարադատության խորհրդի կողմից նվազ ծանրության ճանաչված կարգապահական խախտման համար, եթե դատավորը չունի տույժ:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի տեսակը ենթակա է կիրառման այն դեպքում, եթե դատավորի կողմից թույլ տրված կարգապահական կոպիտ կամ պարբերական խախտման հետևանքով նա այլևս անհամատեղելի է դատավորի պաշտոնի համար:
4. Դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Արդարադատության խորհուրդը հաշվի է առնում նաև խախտման հետևանքները, դատավորի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը, դատավորին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
5. Եթե նկատողություն կամ խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:
6. Եթե դատավորը հաջորդաբար ենթարկվել է կարգապահական տույժերի, որոնք առաջացնում են աշխատավարձի իջեցում, ապա աշխատավարձի ընդհանուր իջեցումը յուրաքանչյուր ամիս չի կարող գերազանցել աշխատավարձի 50 տոկոսը:
Հոդված 158. | Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկի քննությունը |
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս Արդարադատության խորհուրդը գործում է որպես դատարան: Որպես դատարան գործելիս Արդարադատության խորհրդում գործերի քննության կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարական օրենսգրքի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Արդարադատության խորհրդում գործի քննության նկատմամբ և չեն հակասում սույն օրենսգրքի նորմերին:
2. Արդարադատության խորհրդի անդամը չի կարող ինքնաբացարկ հայտնել:
3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության ապացուցման պարտականությունը կրում է վարույթը հարուցած անձը: Արդարադատության խորհրդի նիստում դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը Արդարադատության խորհուրդը քննում է ողջամիտ ժամկետում:
5. Արդարադատության խորհրդի կողմից ուսումնասիրված փաստաթղթերը կցվում են քննված նյութերին` բնօրինակով կամ պատշաճ կերպով հաստատված պատճենով:
Հոդված 159. | Արդարադատության խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքը |
1. Արդարադատության խորհրդում հարցի քննությունը սկսվում է հարցի էության և կարգապահական խախտման մասին եզրակացության վերաբերյալ վարույթ հարուցած անձի զեկուցմամբ: Եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է արդարադատության նախարարը, ապա վերջինս պարտավոր է ներկա գտնվել Արդարադատության խորհրդի նիստին և իրավունք ունի հանդես գալու անձամբ կամ նախարարության պետական ծառայողի միջոցով: Եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է վճռաբեկ դատարանի նախագահը, ապա հարցը զեկուցում է անձամբ: Եթե կարգապահական վարույթը հարուցվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից, ապա Արդարադատության խորհրդի նիստին կարգապահական խախտման մասին եզրակացության վերաբերյալ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի հանձնարարությամբ զեկուցում է դրա անդամներից մեկը:
2. Այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Արդարադատության խորհրդին ուղարկելուց հետո կարգապահական վարույթ հարուցած անձին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք մեղմացնում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած անձը պարտավոր է դրա մասին հայտնել Արդարադատության խորհրդին:
3. Արդարադատության խորհրդում վարույթ հարուցած անձի զեկուցումից հետո խորհուրդը լսում է այն դատավորի բացատրությունները, որի նկատմամբ վարույթ է հարուցվել: Դատավորը Արդարադատության խորհրդում բացատրություն է տալիս կարգապահական խախտման մասին եզրակացության մեջ արտացոլված յուրաքանչյուր խախտման վերաբերյալ: Նա կարող է ժխտել իր կողմից կարգապահական խախտում համարվող արարքի կատարման փաստը, վիճարկել արարքի որակումը` որպես կարգապահական խախտում, կամ վերոհիշյալ երկուսը միաժամանակ: Եթե դատավորը չի վիճարկում կարգապահական խախտման փաստի առկայությունը և համաձայնվում է տվյալ արարքի որակմանը՝ որպես կարգապահական խախտում, ապա Արդարադատության խորհուրդն անմիջապես անցնում է դատավորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հարցի քննարկմանը:
4. Եթե դատավորը վիճարկում է իր կողմից կարգապահական խախտում կատարելու փաստը, ապա նրա բացատրությունները լսելուց հետո Արդարադատության խորհուրդն անցնում է վարույթի նյութերի և ապացույցների հետազոտմանը:
5. Արդարադատության խորհուրդն իրավունք ունի նաև իր նախաձեռնությամբ նիստին հրավիրելու ու հարցաքննելու վկաների: Վկաների չներկայանալու դեպքում Արդարադատության խորհուրդն իրավունք ունի վկային բերման ենթարկելու մասին որոշում կայացնելու:
6. Արդարադատության խորհուրդը գործով հրավիրված վկաներին նախազգուշացնում է վկայություն տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ վկայություն տալու, իսկ փորձագետին` եզրակացություն տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին:
7. Գործի նյութերի ուսումնասիրությունից հետո Արդարադատության խորհուրդը լսում է նիստին մասնակցող անձանց եզրափակիչ ելույթները, որից հետո անցնում է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու համար:
8. Խորհրդակցական սենյակում նախ քվեարկության է դրվում արարքի կատարման մեջ դատավորի մեղավորության հարցը, ապա կարգապահական տույժի տեսակի վերաբերյալ հարցը:
(159-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 160. | Դատավորի իրավունքները և պարտականությունները Արդարադատության խորհրդում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս |
1. Դատավորն իրավունք ունի`
1) ծանոթանալու Արդարադատության խորհրդում հարցի քննության համար հիմք հանդիսացող նյութերին, քաղվածքներ անելու, ստանալու դրանց պատճենները.
2) հարցեր տալու ելույթ ունեցողին, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ անելու.
3) ապացույցներ ներկայացնելու և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) մասնակցելու նիստին՝ հանդես գալով անձամբ կամ փաստաբանի միջոցով:
2. Դատավորի փաստաբանը բոլոր դեպքերում իրավունք ունի մասնակցելու Արդարադատության խորհրդում տվյալ դատավորի վերաբերյալ հարցի քննարկմանը և օգտվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից:
3. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում Արդարադատության խորհրդին բացատրություններ տալը նրա պարտականությունն է:
4. Արդարադատության խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս դատավորն օգտվում է Սահմանադրության 19-րդ հոդվածով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված երաշխիքներից:
5. Արդարադատության խորհրդի կանչին դատավորի անհարգելի չներկայանալու դեպքում Արդարադատության խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցն իրավունք ունի քննելու դատավորի բացակայությամբ:
Հոդված 161. | Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումը |
1. Մեկ կարգապահական վարույթի քննության շրջանակներում, անգամ եթե նույն դատավորը կատարել է մի քանի կարգապահական խախտում, Արդարադատության խորհուրդը կայացնում է մեկ որոշում:
2. Որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում: Արդարադատության խորհրդում քննված հարցով որոշումը կայացնելու համար խորհրդակցական սենյակում գտնվելու իրավունք ունեն միայն Արդարադատության խորհրդի անդամները: (նախադասությունը հանվել է 10.06.14 ՀՕ-47-Ն) Որոշումն ընդունվում է Արդարադատության խորհրդի անդամների բաց քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ավելի բարենպաստ է դատավորի համար:
3. Արդարադատության խորհրդի խորհրդակցական սենյակում քննարկված հարցերը, խորհրդի անդամների կողմից արտահայտված դիրքորոշումը և քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո, բացառությամբ խորհրդի անդամի կողմից արտահայտված դիրքորոշման շրջանակներում սույն օրենսգրքի 163-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` խորհրդի անդամի կողմից ներկայացված հատուկ կարծիքի դեպքի:
4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.
1) դատավորին սույն օրենսգրքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.
2) գործը կարճելու մասին:
(161-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-320-Ն, փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 162. | Արդարադատության խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու հիմքերը |
1. Արդարադատության խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը այն դեպքում, երբ՝
1) հիմնավորված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը.
2) վարույթը հարուցած անձը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, եթե դատավորը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով.
3) դադարեցվել են նրա լիազորությունները, կամ նա ազատվել է իր պաշտոնից:
2. Եթե Արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ՝ որոշմամբ ամրագրելով կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը և կարճելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը: Սույն մասը նույն դատավորի նկատմամբ կարող է կիրառվել միայն մեկ անգամ:
(162-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-86-Ն)
Հոդված 163. | Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշմանը ներկայացվող պահանջները և որոշման հրապարակումը |
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Արդարադատության խորհրդի որոշումը պետք է պարունակի`
1) Արդարադատության խորհրդի անվանումը և կազմը.
2) Արդարադատության խորհրդում հարցի քննության վայրը և ժամանակը.
3) այն դատավորի անունը, ազգանունը և պաշտոնը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ.
4) վարույթը հարուցած անձի անունը, ազգանունը և պաշտոնը.
5) գործի հանգամանքները.
6) վարույթը հարուցած անձի կամ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում նրա ներկայացուցչի դիրքորոշումը.
7) այն դատավորի բացատրությունները, որի նկատմամբ վարույթ է հարուցվել.
8) այն անձանց բացատրությունները, որոնք հրավիրվել են Արդարադատության խորհրդի նիստին.
9) դատավորի անձը բնութագրող հանգամանքները.
10) Արդարադատության խորհրդի պատճառաբանված եզրակացությունը` առկա ապացույցների վկայակոչմամբ.
11) սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշումը:
2. Գործի քննությունը ավարտված հայտարարելուց հետո Արդարադատության խորհուրդն անցնում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար: Սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշումը հրապարակվում է գործի քննության ավարտման օրը: Սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման հետ մեկտեղ Արդարադատության խորհուրդը հայտարարում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին սույն օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման հրապարակման վայրը և ժամանակը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը հրապարակվում է սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման օրվանից հետո` 15 օրվա ընթացքում:
2.1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնելիս Արդարադատության խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը Արդարադատության խորհրդի որոշման հետ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում և «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:
3. Որոշումը հրապարակվելուց հետո` հնգօրյա ժամկետում, ուղարկվում է վարույթ հարուցած անձին, դատավորին և Դատական դեպարտամենտ, իսկ Հանրապետության Նախագահին դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ դիմելու մասին որոշումը՝ նաև Հանրապետության Նախագահին:
4. Արդարադատության խորհրդի որոշումները հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:
(163-րդ հոդվածը խմբ., լրաց. 08.12.11 ՀՕ-320-Ն)
Հոդված 164. | Արդարադատության խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների վերանայումը նոր երևան եկած հանգամանքներով |
1. Արդարադատության խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին իր որոշումը նոր երևան եկած հանգամանքներով:
2. Արդարադատության խորհրդի որոշումը վերանայելու միջնորդությունը կարող է ներկայացվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած անձի կամ այն դատավորի կողմից, որին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել:
3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշումը վերանայելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է միջնորդությունը ներկայացրած անձը:
4. Եթե Արդարադատության խորհուրդը գտնում է, որ բացակայում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու հիմքերը, ապա որոշում է ընդունում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ:
5. Արդարադատության խորհրդի որոշումը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում Արդարադատության խորհուրդը ուժը կորցրած է ճանաչում իր որոշումը և կայացնում է նոր որոշում:
6. Եթե Արդարադատության խորհուրդը որպես կարգապահական տույժ կիրառել է դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը, և Հանրապետության Նախագահը այդ միջնորդության հիման վրա դադարեցրել է դատավորի լիազորությունները, ապա Արդարադատության խորհրդի որոշումը նոր երևան եկած հանգամանքներով ուժը կորցրած ճանաչելու դեպքում խորհուրդը որոշում է կայացնում կարգապահական տույժի ենթարկված դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելու վերաբերյալ:
7. Հանրապետության Նախագահը միջնորդությունը ստանալու պահից տասնօրյա ժամկետում վերականգնում է դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում: Կարգապահական տույժի ենթարկված դատավորի պաշտոնում մինչև դատավորի վերականգնումը կատարված նշանակումը արգելք չէ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու համար: Այդ դեպքում վերականգնված դատավորը ձեռք է բերում սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` կրճատված դատավորի կարգավիճակ:
Հոդված 165. | Դատարանի (վճռաբեկ դատարանի պալատի) նախագահի կարգապահական պատասխանատվությունը |
1. Դատարանի (վճռաբեկ դատարանի պալատի) նախագահի կողմից նախագահի իր պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելը նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է: Կարգապահական վարույթի և գործի քննության նկատմամբ կիրառելի են սույն գլխի դրույթներն այնքանով, որքանով չեն հակասում սույն հոդվածի դրույթներին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով կարգապահական վարույթը կարող է հարուցվել խախտումը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումից մեկ տարի հետո:
3. Եթե վարույթը հարուցելու համար հիմք են հանդիսացել միայն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները, ապա Արդարադատության խորհուրդը կարող է դատարանի (վճռաբեկ դատարանի պալատի) նախագահի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել՝
1) նախազգուշացում.
2) նկատողություն, որը զուգորդվում է` դատարանի նախագահի հավելավճարից 6 ամիս ժամկետով զրկելով.
3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է` դատարանի նախագահի հավելավճարից 12 ամիս ժամկետով զրկելով.
4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:
4. Եթե Արդարադատության խորհուրդը կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է, որ դատարանի (վճռաբեկ դատարանի պալատի) նախագահը խախտել է իր պարտականությունները թե' որպես դատավոր, թե' որպես նախագահ, ապա կիրառում է հետևյալ կարգապահական տույժերից մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն, որը զուգորդվում է` 6 ամիս ժամկետով դատավորի աշխատավարձի 25 տոկոսից և դատարանի նախագահի հավելավճարից զրկելով.
3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է` 12 ամիս ժամկետով դատավորի աշխատավարձի 25 տոկոսից և դատարանի նախագահի հավելավճարից զրկելով.
4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:
Հոդված 166. | Արդարադատության խորհրդի՝ դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությունը Հանրապետության Նախագահի կողմից մերժելու հետևանքները |
Եթե Հանրապետության Նախագահը Արդարադատության խորհրդի՝ դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի դադարեցնում դատավորի լիազորությունները, ապա միջնորդությունը համարվում է մերժված: Այդ դեպքում օրենքի ուժով դատավորը համարվում է համապատասխանաբար սույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 165-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի ենթարկված:
Հոդված 166.1. | Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվությունը |
1. էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի կողմից սույն օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով կամ նման փաստի հանդիպելով` իր իրավասության շրջանակում որևէ այլ հարց քննելիս կազմակերպում է քննարկում՝ մասնակից դարձնելով խախտում կատարած անձին:
2. Եթե քննարկումից հետո էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը գտնում է, որ այդ խախտումները կոպիտ չեն և չեն կրում պարբերական բնույթ, ապա նա կարող է սահմանափակվել հարցի քննարկմամբ: Հակառակ դեպքում հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:
3. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո Արդարադատության խորհուրդը նրանց նկատմամբ կարող է կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) դատավորների թեկնածությունների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:
4. Եթե Հանրապետության Նախագահը Արդարադատության խորհրդի՝ անձին դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու վերաբերյալ միջնորդությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, անձին չի հանում ցուցակից, ապա միջնորդությունը համարվում է մերժված: Այդ դեպքում օրենքի ուժով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված համապատասխան կարգապահական տույժի ենթարկված:
5. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության ընթացակարգի վրա տարածվում են սույն գլխի նորմերը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ:
(166.1-ին հոդվածը լրաց. 02.05.13 ՀՕ-51-Ն, փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 167. | Կարգապահական պատասխանատվության հետ չկապված հիմքով դատավորի լիազորությունների դադարեցումը և պաշտոնավարման դադարումը |
1. Դատավորի լիազորություններն Արդարադատության խորհրդի առաջարկությամբ դադարեցվում են Հանրապետության Նախագահի կողմից, եթե`
1) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ ավելի քան 6 ամիս oրացուցային տարվա ընթացքում ի վիճակի չի եղել կատարելու իր պաշտոնեական պարտականությունները.
2) դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռով ապացուցված է, որ նա նշանակվել է դատավորի պաշտոնում` oրենքի պահանջների խախտմամբ.
3) oրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
4) նա երկու տարի անընդմեջ չի անցել տարեկան վերապատրաստման ծրագրերը.
5) նշանակումից հետո նա ձեռք է բերել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Արդարադատության խորհրդին դատավորի լիազորությունների դադարեցման մասին միջնորդությամբ պարտավոր է դիմել վճռաբեկ դատարանի նախագահը:
3. Եթե առերևույթ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը, ապա արդարադատության նախարարը և վճռաբեկ դատարանի նախագահը համատեղ դիմում են իրավասու պետական մարմին` դատավորի բժշկական զննությունը կազմակերպելու համար: Դատավորը պարտավոր է անցնել բժշկական զննությունը: Եթե զննության արդյունքում հիմնավորվում է, որ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը, ապա վճռաբեկ դատարանի նախագահը համապատասխան միջնորդություն է ներկայացնում Արդարադատության խորհրդին:
4. Դատավորի պաշտոնավարումը դադարում է, եթե`
1) նա դիմում է այդ մասին (հրաժարական է տալիս).
2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).
3) դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.
4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է Հանրապետության Նախագահի հրամանագրում նշված օրվանից:
Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա 65 տարին լրանալու հաջորդ oրվանից:
Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից:
Սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու հաջորդ oրվանից:
(167-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-281-Ն)
Գ Լ ՈՒ Խ 18
ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ, ՆՐԱՆ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԵՎ ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Հոդված 168. | Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին առաջարկը |
1. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու հարցով Արդարադատության խորհուրդ է դիմում գլխավոր դատախազը, իսկ տվյալ դատավորի նկատմամբ գործը դատական քննության փուլում գտնվելու դեպքում նրան կալանավորելու համաձայնություն տալու մասին առաջարկ ներկայացնելու հարցով` գործը քննող դատարանը:
2. Գլխավոր դատախազը կամ գործը քննող դատարանը Արդարադատության խորհրդին են ներկայացնում դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող նյութերը:
3. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին ներկայացված Արդարադատության խորհրդի առաջարկը Հանրապետության Նախագահը քննում և որոշում է կայացնում երկօրյա ժամկետում: Նշված ժամկետում համաձայնություն չտալու դեպքում դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի առաջարկը համարվում է մերժված:
4. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին ներկայացված Արդարադատության խորհրդի առաջարկը և դրա հիման վրա տրված Հանրապետության Նախագահի համաձայնությունը չեն նշանակում դատավորին կալանավորելու, նրան դատական կարգով քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության հաստատում և չեն կաշկանդում իրավասու դատարանին համապատասխան հարցը օրենքով սահմանված կարգով լուծելիս:
5. Երկրորդ անգամ նույն հիմքով դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առաջարկություն չի կարող արվել:
6. Եթե դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու մասին Արդարադատության խորհրդի կողմից համաձայնությունը ստանալուց հետո մեղադրանքի ծավալի այնպիսի փոփոխման անհրաժեշտություն է առաջացել, որը վատթարացնում է կամ կարող է վատթարացնել դատավորի վիճակը, ապա դա կարող է իրականացվել միայն սույն հոդվածով նախատեսված ընթացակարգի պահպանմամբ:
7. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու հարցերով Արդարադատության խորհուրդը որոշում է կայացնում՝ ողջամտորեն խուսափելով նիստն ընդմիջելուց կամ հետաձգելուց:
Հոդված 169. | Արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու դեպքում դատավորի լիազորությունների կասեցումը |
1. Արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա Հանրապետության Նախագահի կողմից դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու դեպքում դատավորի լիազորությունները համարվում են կասեցված` նախաքննության և դատաքննության ժամկետով: (նախադասությունները հանվել են. 10.06.14 ՀՕ-47-Ն) Դատավորի նկատմամբ հարուցված քրեական գործի կասեցման դեպքում դատավորը շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչև քրեական գործի վերսկսման մասին որոշման կայացումը:
2. Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը ստանում է հատուցում` որպես ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվող:
(169-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
Հոդված 170. | Դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին առաջարկի քննության և Արդարադատության խորհրդի կողմից որոշման կայացման կարգը |
1. Դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին առաջարկի քննության ժամանակ կիրառվում են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով, 161-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 163-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կանոնները:
2. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին առաջարկի վերաբերյալ հարցերի քննության ժամանակ գլխավոր դատախազը պարտավոր է ներկա գտնվել Արդարադատության խորհրդի նիստին և անձամբ ներկայացնել իր դիրքորոշումը:
3. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է Հանրապետության Նախագահին և գլխավոր դատախազին:
Հոդված 171. | Ներման հարցերի կապակցությամբ կարծիք հայտնելը |
1. Հանրապետության Նախագահի հարցմամբ Արդարադատության խորհուրդը կարծիք է հայտնում ներման հարցերի վերաբերյալ:
2. Արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը հրավիրվում են ներման հարցերի վերաբերյալ Արդարադատության խորհրդի նիստին և մինչև խորհրդի որոշման կայացումը իրավունք ունեն կարծիք հայտնելու ներման հարցերի կապակցությամբ:
Մ Ա Ս 2
ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
(2-րդ մասն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 4
ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Գ Լ ՈՒ Խ 19
ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 172. | Դպրոցի նպատակը և իրավական կարգավիճակը |
Հոդված 173. | Դատական դպրոցի գույքը և ֆինանսավորումը |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 174. | Դատական դպրոցի կանոնադրությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 175. | Դատական դպրոցի գործառույթները |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Գ Լ ՈՒ Խ 20
ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հոդված 176. | Դատական դպրոցի մարմինները |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 177. | Դատական դպրոցի կառավարման խորհուրդը |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 178. | Դատական դպրոցի կառավարման խորհրդի լիազորությունները |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 179. | Դատական դպրոցի կառավարման խորհրդի նիստերը և որոշումներ կայացնելու կարգը |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 180. | Դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահը |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 181. | Դատական դպրոցի գործադիր տնօրենը |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 5
ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Գ Լ ՈՒ Խ 21
ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴՐԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 182. | Դատական դպրոցի ունկնդրի կարգավիճակը |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 183. | Դատական դպրոցն ավարտածների աշխատանքի կազմակերպումը |
(հոդվածն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-211-Ն)
Հոդված 184. | Դատական դպրոցի ունկնդրի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 185. | Ունկնդրի հեռացումը կամ ազատումը Դատական դպրոցից |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Գ Լ ՈՒ Խ 22
ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ: ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԱՎԱՐՏԸ
Հոդված 186. | Ունկնդիրների ուսուցումը Դատական դպրոցում |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 187. | Կրթության փուլերը |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 188. | Դատական դպրոցի դասախոսները |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 189. | Ուսուցման ընթացքում հանձնվող քննությունները |
Հոդված 190. | Ունկնդիրների փորձաշրջանը |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 191. | Փորձաշրջանի ղեկավարը |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 192. | Ուսման ավարտը |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Գ Լ ՈՒ Խ 23
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 193. | Վերապատրաստման կազմակերպումը և իրականացման ձևերը |
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
Մ Ա Ս 3
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸ
Բ Ա Ժ Ի Ն 6
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Գ Լ ՈՒ Խ 24
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ
Հոդված 194. | Դատական ծառայությունը |
1. Դատական ծառայությունը օրենքով դատարաններին, ինչպես նաև դատական իշխանության մարմիններին վերապահված լիազորությունների ու գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեությունն է: Դատական ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության մասն է։
2. Դատական ծառայությունն իրականացվում է Դատական դեպարտամենտի՝
1) կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում.
2) առանձնացված ստորաբաժանումներում:
3. Դատական ծառայություն չեն համարվում պաշտոնավարումը դատավորի պաշտոնում, ինչպես նաև դատարանի նշանակած փորձագետների, մասնագետների, անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների, ինչպես նաև տեխնիկական սպասարկման և պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձանց գործունեությունը։
4. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համարվում են Դատական դեպարտամենտի աշխատողներ, և նրանց հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ իրավական ակտերով:
Հոդված 195. | Դատական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը |
1. Դատական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Դատական ծառայության հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն։
3. Դատական ծառայողների միջև ծառայողական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով և Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ։
Բ Ա Ժ Ի Ն 7
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 25
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 196. | Դատական կարգադրիչների ծառայությունը |
1. Դատական կարգադրիչների ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որը ստեղծվում և գործում է Դատական դեպարտամենտի կազմում:
2. Դատական կարգադրիչների ծառայության առանձնահատկությունները, կազմակերպման կարգն ու պայմանները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով:
(196-րդ հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 197. | Դատական կարգադրիչների մասին օրենսդրությունը |
1. Դատական կարգադրիչի իրավունքներն ու պարտականությունները, ատեստավորման, փորձաշրջանի նշանակման, ծառայության և հանգստի ժամանակի, արձակուրդի, դատական կարգադրիչներին հրամաններ տալու սահմանափակումների, նրա գործունեության նկատմամբ հսկողության, դատական կարգադրիչի պատասխանատվության, պաշտոնեական երաշխիքների և սահմանափակումների, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատական կարգադրիչների ծառայության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատական կարգադրիչների ծառայության նկատմամբ և չեն հակասում սույն օրենսգրքին: Դատական կարգադրիչների ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման դեպքում օրենքով արդարադատության նախարարին վերապահված լիազորություններն իրականացվում են Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից, իսկ գլխավոր հարկադիր կատարողին վերապահված լիազորությունները` դատական կարգադրիչների ծառայության պետի կողմից, եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքի դրույթներից:
2. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատական կարգադրիչների ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատական կարգադրիչների նկատմամբ և չեն հակասում սույն օրենսգրքին:
(197-րդ հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 198. | Դատական կարգադրիչների ծառայության խնդիրները |
1. Դատական կարգադրիչների ծառայության խնդիրներն են սույն օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան ապահովել՝
1) դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.
2) տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը.
3) Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը, գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը:
2. Դատական կարգադրիչների ծառայությունը իր խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և պետական այլ մարմինների հետ՝ տեղեկատվություն փոխանակելով, համատեղ գործողություններ կազմակերպելով և իրականացնելով, ինչպես նաև ծառայությունն իրականացնելիս միմյանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով:
(198-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 199. | Դատական կարգադրիչների գործունեության սկզբունքները |
1. Դատական կարգադրիչների գործունեությունն իրականացվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և թափանցիկության սկզբունքների խստիվ պահպանմամբ:
2. Դատական կարգադրիչի կողմից մարդուն խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը կամ նրա նկատմամբ բռնություն կիրառելն արգելվում է և առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
3. Դատական կարգադրիչները մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում պարտավոր են նրան անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերը և բացատրել նրա իրավունքները և պարտականությունները, իսկ արգելանքի վերցնելու դեպքում անհապաղ ապահովել նրա հանձնումը ոստիկանություն:
Գ Լ ՈՒ Խ 26
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 200.
Դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը
1. Դատական կարգադրիչների ծառայությունը կազմված է դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնից և առանձնացված ստորաբաժանումներից (բաժանմունքներից): Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմինը կազմված է բաժիններից:
2. Դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը և առանձնացված ստորաբաժանումների ցանկը հաստատում և փոփոխում է Դատարանների նախագահների խորհուրդը:
3. Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը հաստատում է Դատարանների նախագահների խորհուրդը: Բյուջետային տարվա ընթացքում դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակի փոփոխությունները կատարվում են տվյալ տարվա բյուջետային միջոցների շրջանակում:
(200-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 201.
Դատական կարգադրիչների ծառայության ղեկավարումը
1. Դատական կարգադրիչների ծառայության գործունեությունը համակարգում է Դատական դեպարտամենտի ղեկավարը: Դատական դեպարտամենտի ղեկավարը՝
1) համակարգում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում դատական կարգադրիչների ծառայության գործունեության նկատմամբ.
2) ընդունում է դատական կարգադրիչների ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է կարգադրություններ.
3) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննություններ, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.
4) կարող է ժամանակավորապես կասեցնել իր կողմից պաշտոնի նշանակված ծառայողի լիազորությունները ծառայողական քննության ժամանակահատվածում.
5) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում դատական կարգադրիչների ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին.
6) իրականացնում է սույն oրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:
2. Դատական կարգադրիչների ծառայության ղեկավարումն իրականացնում է դատական կարգադրիչների ծառայության պետը, որն ի պաշտոնե Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալն է: Դատական կարգադրիչների ծառայության պետը՝
1) ղեկավարում և հսկողություն է իրականացնում դատական կարգադրիչների ծառայության գործունեության նկատմամբ.
2) ապահովում է սույն oրենսգրքի, այլ oրենքների ու իրավական ակտերի պահանջների, Դատարանների նախագահների խորհրդի որոշումների, ինչպես նաև Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանների և կարգադրությունների կատարումը.
3) ընդունում է դատական կարգադրիչների ծառայության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս ցուցումներ.
4) առաջարկություն է ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարին` ծառայության կառուցվածքի և հաստիքների քանակի վերաբերյալ.
5) քննում է դատական կարգադրիչների նկատմամբ բերված բողոքները.
6) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննություններ, փոխում է ծառայողական քննություն կատարողին.
7) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես կասեցնել իր կողմից պաշտոնի նշանակված ծառայողի լիազորությունները.
8) սահմանում է առանձնացված ստորաբաժանումների պետերի կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.
9) ներկայացնում է ծառայողների մասնագիտական և հատուկ ուսուցման հայտը.
10) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում դատական կարգադրիչների ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին.
11) իրականացնում է սույն oրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:
3. Դատական կարգադրիչների ծառայության պետը պատասխանատվություն է կրում ծառայության առջև դրված խնդիրների իրականացման համար:
(201-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 201.1.
Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի գործառույթները
1. Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմինը`
1) իրականացնում է դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումների ընդհանուր ղեկավարումը.
2) Դատարանների նախագահների խորհրդի, Դատական դեպարտամենտի ղեկավարի և դատական կարգադրիչների ծառայության պետի` դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող որոշումների և կարգադրությունների կատարումը կազմակերպելու նպատակով ցուցումներ և հանձնարարություններ է տալիս դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումների պետերին.
3) կատարում է դատական կարգադրիչների ծառայության պետի հանձնարարությունները.
4) վարում է դատական կարգադրիչների ծառայության գործունեության վիճակագրությունը.
5) վարում է դատական կարգադրիչների անձնական գործերը.
6) վարում է դատական կարգադրիչների զենքի և հատուկ միջոցների հաշվառումը.
7) ներկայացնում է առաջարկներ դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական ապահովության վերաբերյալ.
8) ապահովում է դատական կարգադրիչների ծառայության խնդիրների իրականացումը:
(201.1-ին հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 201.2.
Դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանման պետի գործառույթները
1. Դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանման պետը`
1) ապահովում է դատական կարգադրիչների ծառայության խնդիրների իրականացումը համապատասխան առանձնացված ստորաբաժանումում.
2) կազմակերպում և վերահսկում է առանձնացված ստորաբաժանումում ծառայությունը.
3) առաջարկություն է ներկայացնում դատական կարգադրիչների ծառայության պետին համապատասխան ստորաբաժանման դատական կարգադրիչներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու մասին.
4) քննում է համապատասխան ստորաբաժանման դատական կարգադրիչների ծառայության իրականացման վերաբերյալ բերված բողոքները.
5) իր իրավասության սահմաններում համապատասխան ստորաբաժանման դատական կարգադրիչներին տալիս է պարտադիր կատարման ենթակա հրամաններ և կարգադրություններ:
2. Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետը պատասխանատվություն է կրում դատական կարգադրիչների ծառայության տվյալ ստորաբաժանման խնդիրների իրականացման համար:
(201.2-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 202. |
Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնները |
1. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնները դասակարգվում են ըստ հետևյալ խմբերի և ենթախմբերի.
1) դատական կարգադրիչների ծառայության գլխավոր պաշտոններ՝
ա) դատական կարգադրիչների ծառայության պետ,
բ) դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ,
գ) դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ.
2) դատական կարգադրիչների ծառայության առաջատար պաշտոններ՝
ա) դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետ,
բ) դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի ավագ մասնագետ,
գ) դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանման պետ.
3) դատական կարգադրիչների ծառայության կրտսեր պաշտոններ՝
ա) դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի մասնագետ,
բ) ավագ դատական կարգադրիչ,
գ) դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի կրտսեր մասնագետ,
դ) դատական կարգադրիչ:
2. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:
3. Դատական կարգադրիչների ծառայության՝ սույն օրենսգրքով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձը համարվում է դատական կարգադրիչ:
(202-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 203. | Դատական կարգադրիչների պաշտոնների համապատասխանությունը քրեակատարողական ծառայության պաշտոններին |
1. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնները համապատասխանում են քրեակատարողական ծառայության պաշտոններին հետևյալ կերպ`
1) դատական կարգադրիչների ծառայության պետի պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնին.
2) դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական վարչության բաժնի պետի պաշտոնին.
3) դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալի պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի պաշտոնին.
4) դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետի պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի պաշտոնին.
5) դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի ավագ մասնագետի պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալի պաշտոնին.
6) դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանման պետի պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետի պաշտոնին.
7) դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի մասնագետի պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական վարչության առաջատար մասնագետի պաշտոնին.
8) ավագ դատական կարգադրիչների պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետի պաշտոնին.
9) դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի կրտսեր մասնագետի պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մասնագետի պաշտոնին.
10) դատական կարգադրիչների պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետի պաշտոնին:
(203-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 204.
Դատական կարգադրիչների ծառայության կոչումները
1. Դատական կարգադրիչներին շնորհվում են հետևյալ կոչումները`
1) արդարադատության գնդապետ.
2) արդարադատության փոխգնդապետ.
3) արդարադատության մայոր.
4) արդարադատության կապիտան.
5) արդարադատության ավագ լեյտենանտ.
6) արդարադատության լեյտենանտ.
7) արդարադատության ավագ ենթասպա.
8) արդարադատության ենթասպա.
9) արդարադատության ավագ.
10) արդարադատության ավագ սերժանտ.
11) արդարադատության սերժանտ.
12) արդարադատության կրտսեր սերժանտ:
Կոչումները դասակարգվում են աստիճանական կարգով` բարձրից ցածր:
2. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների համար սահմանվում են հետևյալ առավելագույն կոչումները`
1) դատական կարգադրիչների ծառայության գլխավոր պաշտոններ՝ արդարադատության գնդապետ.
2) դատական կարգադրիչների ծառայության առաջատար պաշտոններ՝ արդարադատության մայոր.
3) դատական կարգադրիչների ծառայության կրտսեր պաշտոններ՝ արդարադատության ավագ ենթասպա:
3. Կոչումները շնորհում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:
4. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ դատական կարգադրիչին շնորհվում է դատական կարգադրիչների ծառայության համապատասխան կոչում, եթե նա չունի դատական կարգադրիչի կամ պետական ծառայության ավելի բարձր կոչում: Տվյալ դեպքում անձը պահպանում է իր ավելի բարձր կոչումը:
5. Դատական կարգադրիչների կոչումները պահպանվում են աշխատանքից ազատվելիս, պետական ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելիս:
6. Դատական կարգադրիչների կոչումը կարող է իջեցվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:
7. Կոչումների շնորհումը, ժամկետները և դրանց հաշվարկման կարգը, ինչպես նաև կոչումից զրկելը սահմանվում են «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով:
(204-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 205.
Դատական կարգադրիչների ծառայությունում ընդգրկվելու համար ներկայացվող հիմնական պահանջները
1. Դատական կարգադրիչների ծառայությունում ընդգրկվելու համար ներկայացվում են «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներկայացվող պահանջները՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 203-րդ հոդվածը:
(205-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 206. | Դատական կարգադրիչի երդումը |
1. Դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող քաղաքացիները Դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.
«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայությունում` երդվում եմ իմ լիազորությունները կատարելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն և բարեխիղճ կատարել դատական կարգադրիչի ծառայողական պարտականություններս, բարձր պահել դատարանի հեղինակությունը:»:
(206-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 207.
Դատական կարգադրիչներին պաշտոնում նշանակելը և ազատելը
1. Դատական կարգադրիչների ծառայության գլխավոր պաշտոններում նշանակում և ազատում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:
2. Դատական կարգադրիչների ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններում նշանակում և ազատում է դատական կարգադրիչների ծառայության պետը:
(207-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
(գլուխը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Գ Լ ՈՒ Խ 27
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 208. | Դատական կարգադրիչների ատեստավորումը |
1. Դատական կարգադրիչների ատեստավորման հանձնաժողովը կազմավորում, ինչպես նաև ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը` դատական կարգադրիչների ծառայության պետի ներկայացմամբ:
2. Ատեստավորման հանձնաժողովը Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սահմանված կարգով և ժամկետներում ատեստավորման արդյունքները, այդ թվում` բողոքարկումները և դրանց քննարկման արդյունքներն ու կայացված որոշումները, ներկայացնում է դատական կարգադրիչների ծառայության պետին:
(208-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 209. | Դատական կարգադրիչների վերապատրաստումը և հատուկ ուսուցումը |
1. Դատական կարգադրիչներն անցնում են վերապատրաստում և հատուկ ուսուցում: (նախադասությունն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-51-Ն)
2. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը և ժամաքանակը սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը` դատական կարգադրիչների ծառայության պետի ներկայացմամբ: Վերապատրաստումն իրականացվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(209-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.04.09 ՀՕ-91-Ն, փոփ., խմբ. 02.05.13 ՀՕ-51-Ն)
Հոդված 210. | Դատական կարգադրիչին այլ պաշտոնի փոխադրելը |
Դատական կարգադրիչին այլ պաշտոնի է փոխադրում նրան պաշտոնի նշանակած անձը՝ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 28
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(վերնագիրը լրաց. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 211. | Դատարանի աշխատակազմի ղեկավարի` որպես դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման ընդհանուր ղեկավարումն իրականացնող անձի լիազորությունները |
(հոդվածն ուժը կորցրել է 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 212. | Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի լիազորությունները |
(հոդվածն ուժը կորցրել է 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 213. | Դատական կարգադրիչի գործառույթները |
1. Դատական կարգադրիչը դատարանի գործունեության սահմանված կարգի պահպանման համար սույն օրենսգրքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝
1) ապահովում է դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և դատարանի տարածքի պահպանումը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.
2) ապահովում է դատական նիստի ժամանակ նիստը նախագահողի կամ դատավորի` դատական նիստի բնականոն ընթացքի և հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված կարգադրությունների կատարումը.
3) ապահովում է Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը, գույքի, ինչպես նաև շենքի և սպասարկման տարածքի պահպանությունը.
4) ստուգում է դատական նիստերի դահլիճի պատրաստությունը դատական նիստին, ապահովում է դատավորի հանձնարարությամբ քրեական գործը և իրեղեն ապացույցները դատական քննության վայր հասցնելը և դրանց պահպանումը.
5) խափանում է հանցագործությունների և իրավախախտումների կատարումը դատարանում, ի հայտ եկած իրավախախտներին անհրաժեշտության դեպքում վերցնում է արգելանքի` ապահովելով նրանց անհապաղ հանձնումը ոստիկանություն:
2. Իր լիազորություններն իրականացնելիս դատական կարգադրիչը անհրաժեշտության դեպքում համագործակցում է իրավասու այլ պետական մարմինների հետ:
(213-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 214. | Դատական կարգադրիչի իրավունքները և պարտականությունները իր գործառույթների կատարման ընթացքում |
1. Դատական կարգադրիչն իր գործառույթներն իրականացնելու նպատակով իրավունք ունի՝
1) պարզելու դատարան մուտք գործող, դատական նիստերի դահլիճում գտնվող, ինչպես նաև դատական սանկցիայի ենթարկված անձի ինքնությունը.
2) դատարանի որոշման հիման վրա դատական նիստերի դահլիճից հեռացնելու անձին կամ սահմանափակելու այդ որոշման մեջ մատնանշված անձի մուտքը.
3) զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը.
4) սույն օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններում կիրառելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք:
2. Դատական կարգադրիչը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն իրականացնել օրենքին համապատասխան և իր գործունեության մեջ թույլ չտալ անձանց իրավունքների և օրինական շահերի խախտում:
3. Դատական կարգադրիչը պարտավոր է պահպանել Դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված «Դատական կարգադրիչների վարքագծի կանոնները»:
(214-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 215. | Դատական կարգադրիչի պահանջների պարտադիր լինելը |
1. Դատական կարգադրիչի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են կատարման համար:
2. Սույն օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներն իրականացնելիս դատական կարգադրիչի պահանջներին չենթարկվելու դեպքում դատական կարգադրիչը կարող է համապատասխանաբար արգելել անձի մուտքը դատարանի շենք, դատական նիստերի դահլիճում գտնվող անձի կողմից իր ինքնությունը ներկայացնելուց հրաժարվելու կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում նրան հեռացնել դատական նիստերի դահլիճից, իսկ դատական սանկցիայի ենթարկված անձի դեպքում այդ անձին հանձնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, ինչպես նաև անձի կողմից ցուցաբերվող դիմադրությունը կամ ոտնձգությունը կանխելու նպատակով նրան վերցնել արգելանքի տակ` անհապաղ ապահովելով նրա հանձնումը ոստիկանություն:
3. Դատական կարգադրիչի պահանջները չկատարելը և (կամ) նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 216. | Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրումը |
1. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ու կարգով դատական կարգադրիչը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելու իրավունք ունի, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:
2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելիս դատական կարգադրիչը պարտավոր է՝
1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին՝ անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.
2) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:
3. Դատական կարգադրիչները պարտավոր են անցնել հատուկ ուսուցում, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու և առաջին օգնություն ցույց տալու հմտությունը որոշող ստուգումներ:
4. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման ընտրությունը կատարելիս դատական կարգադրիչն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:
5. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման դեպքում դատական կարգադրիչն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի գործադրման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին:
6. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին դատական կարգադրիչների ծառայության պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:
7. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության դեպքում դատական կարգադրիչն իրավունք ունի օգտագործելու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:
8. Լիազորությունների վերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցի կամ զենքի գործադրումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
9. Դատական կարգադրիչներին հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(216-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 217. | Ֆիզիկական ուժի գործադրումը |
Դատական կարգադրիչի օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով դատական կարգադրիչն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրելու ֆիզիկական հարկադրանք:
Հոդված 218. | Հատուկ միջոցների գործադրման դեպքերն ու կարգը |
1. Դատական կարգադրիչներն իրավունք ունեն իրենց տրամադրության տակ գտնվող հատուկ միջոցներ գործադրելու`
1) դատավորի, դատական ծառայողների, դատական նիստին ներկա անձանց և դատական կարգադրիչի վրա կատարվող հարձակումը խափանելիս.
2) դատական կարգադրիչի նկատմամբ ցուցաբերվող անհնազանդությունը հաղթահարելիս կամ դիմադրությունը խափանելիս.
3) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.
4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված հարձակում կամ դիմադրություն ցույց տալ.
5) իրավախախտում թույլ տալու համար բռնված կամ իր անձը ներկայացնելուց հրաժարվող կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնող անձանց արգելանքի վերցնելիս և Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հանձնելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, անհնազանդություն ցուցաբերել կամ դիմադրություն ցույց տալ դատական կարգադրիչին:
2. Դատական կարգադրիչները որպես հատուկ միջոցներ կարող են գործադրել ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, ոտնաշղթաներ կամ այլ հատուկ միջոցներ:
3. Հատուկ միջոցներ հատկացնելու և դրանք պահելու կարգը սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:
(218-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 218.1.
Զենքի գործադրման դեպքերն ու կարգը
1. Դատական կարգադրիչի կողմից զենք կարող է գործադրվել հետևյալ դեպքերում.
1) Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների վրա խմբակային կամ զինված հարձակումը հետ մղելիս.
2) Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների տարածքում գտնվող անձանց կյանքին և առողջությանը սպառնացող զինված հարձակումը հետ մղելիս, ինչպես նաև զենքին տիրելու փորձերը խափանելիս, ոտնձգություն կատարող անձին վնասազերծելիս:
2. Զենք գործադրելիս դատական կարգադրիչները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ այլ անձանց անվտանգությունն ապահովելու և տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
3. Դատական կարգադրիչներն իրավունք ունեն բացելու և մարտական վիճակի բերելու զենքը, եթե գտնում են, որ ստեղծված իրավիճակում կարող են ծագել զենք գործադրելու՝ սույն հոդվածով նախատեսված հիմքեր:
4. Մինչև զենքի գործադրումն այն պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար:
5. Դատական կարգադրիչներին զենք հատկացնելը, այն պահելը, կրելն ու հաշվառելը իրականացվում են «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Արգելվում են զենքի կրումը և գործադրումը դատական նիստերի դահլիճում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի:
7. Արգելվում է զենքի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում կամ զինված դիմադրություն ցույց տալու և անձանց կյանքին իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:
(218.1-ին հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Գ Լ ՈՒ Խ 29
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 219. | Դատական կարգադրիչի արձակուրդը |
Դատական կարգադրիչին արձակուրդ տրամադրում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:
(219-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 220. | Դատական կարգադրիչի նյութական ապահովությունը |
1.Յուրաքանչյուր դատական կարգադրիչ ունի ծառայության համար համարժեք վարձատրության, ինչպես նաև հանդերձանք ստանալու իրավունք:
2. Դատական կարգադրիչների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(220-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն, 12.12.13 ՀՕ-169-Ն)
Հոդված 221. | Դատական կարգադրիչի համազգեստը և վկայականը |
1. Դատական կարգադրիչը ծառայողական պարտականություններ կատարելիս կրում է համազգեստ, որն ունի տարբերանշաններ և խորհրդանշան, որոնց նկարագրերը սահմանում է կառավարությունը: Համազգեստը հատկացնելու և կրելու կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ:
2. Դատական կարգադրիչներին տրվում են Դատական դեպարտամենտի կողմից հաստատված միասնական նմուշի վկայականներ:
Հոդված 222. | Դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական ապահովումը |
Դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Դատական դեպարտամենտը:
Գ Լ ՈՒ Խ 30
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ
Հոդված 223. | Դատական կարգադրիչների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները |
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար դատական կարգադրիչի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգևատրում.
3) հուշանվերով պարգևատրում.
4) արտահերթ կոչման շնորհում.
5) կրծքանշանով պարգևատրում:
2. Դատական կարգադրիչի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը` տույժը կիրառած ղեկավարի կամ նրա վերադասի կողմից:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը դատական կարգադրիչի նկատմամբ կիրառվում է բացառիկ դեպքերում և կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:
4. Միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:
5. Դատական կարգադրիչի նկատմամբ խրախուսանք կարող է կիրառել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:
6. Արտահերթ կոչում շնորհելու ձևով խրախուսանքի տեսակը կարող է կիրառել միայն Դատական դեպարտամենտի ղեկավարը:
7. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կրծքանշանի տեսակները և ձևերը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:
8. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:
(223-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 224. | Դատական կարգադրիչների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, oրենքների կամ իրավական այլ ակտերի պահանջները, ինչպես նաև «Դատական կարգադրիչի վարքագծի կանոնները» խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով, դատական կարգադրիչի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) պաշտոնի իջեցում.
4) կոչման իջեցում` մեկ աստիճանով.
5) ծառայությունից ազատում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը դատական կարգադրիչների նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:
3. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը որոշվում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(224-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Գ Լ ՈՒ Խ 31
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 225. | Դատական կարգադրիչների ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը |
Դատական կարգադրիչին դատական կարգադրիչների ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու դեպքում կիրառվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:
Հոդված 226. | Դատական կարգադրիչների ծառայությունում տարիքային սահմանափակումները |
1. Դատական կարգադրիչների գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնելու համար սահմանային տարիք է համարվում 65 տարեկանը, առաջատար խմբի պաշտոն զբաղեցնելու համար` 60 տարեկանը, կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար` 55 տարեկանը:
2. Դատական կարգադրիչի` պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում դատական կարգադրիչի ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 տարի ժամկետով` նրան պաշտոնի նշանակած անձի կողմից:
3. Դատական կարգադրիչի ազատումը սահմանային տարիքը լրանալու հիմքով կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամսվա 1-ին:
(226-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)
Հոդված 227. | Դատական կարգադրիչին ծառայության պաշտոնում վերականգնելը |
Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնում վերականգնելու, ինչպես նաև պաշտոնում վերականգնելուց հետո կոչման շնորհման և ծառայության ժամկետի հետ կապված հարցերը կարգավորվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Բ Ա Ժ Ի Ն 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 228. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|