Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-61-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 28.03.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«տարածական հաշվառում՝ «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարածական օբյեկտի արտացոլումը կադաստրային քարտեզում:»:

 

 Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում 2-րդ մասի 3-րդ կետի «պատմամշակութային» բառը փոխարինել «պատմության և մշակույթի անշարժ» բառերով:

 

 Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում՝

 1) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22) իրականացնում է պետական սեփականություն համարվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական գրանցումը, ինչպես նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածական հաշվառումը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ կետով.

«23) սույն օրենքով նախատեսված տարածական հաշվառման առանձնահատկությունների հաշվառմամբ իրականացնում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց զբաղեցրած և պատմականորեն ու գործառնական առումով դրանց հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքի և պահպանական գոտիների տարածական հաշվառում:»:

 

 Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 47.2.

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց զբաղեցրած և պատմականորեն ու գործառնական առումով դրանց հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքի և պահպանական գոտիների տարածական հաշվառման առանձնահատկությունները

 

1. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց զբաղեցրած և պատմականորեն ու գործառնական առումով դրանց հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքը (այսուհետ՝ հուշարձանի տարածք) և պահպանական գոտին տարածական հաշվառման են ենթարկվում հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` հուշարձանների պահպանության լիազորված մարմին) նախաձեռնությամբ` վերջինիս կողմից կազմված հուշարձանի տարածքի, դրա պահպանական գոտիների հատակագծի, ինչպես նաև հուշարձանի անվան և պետական ցուցիչի հիման վրա:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի պահպանական գոտին կամ հուշարձանի տարածքն ընդգրկում է համայնքին կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամաս կամ դրա մի մասը, ապա այդ պահպանական գոտու կամ հուշարձանի տարածքի տարածական հաշվառումն իրականացնում է հուշարձանների պահպանության լիազորված մարմինը նախապես տվյալ հողամասի սեփականատիրոջ (սեփականատերերի) գրավոր համաձայնությունը ձեռք բերելու դեպքում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և հուշարձանների տարածքների և դրանց պահպանական գոտիների հատակագծերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում է հուշարձանների պահպանության լիազորված մարմինը՝ «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ազգային գեոպորտալի «Օ Ջի Սի Վի Էմ Էս» (OGC WMS) առցանց քարտեզագրական ծառայության միջոցով հասանելի բազային տարածական տվյալների հիման վրա:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարածական հաշվառումը անշարժ գույքի պետական ռեգիստրն իրականացնում է հուշարձանի տարածքի և դրա պահպանական գոտիների հատակագիծը, հուշարձանի անվան և պետական ցուցիչի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ նաև սեփականատիրոջ (սեփականատերերի) գրավոր համաձայնությունը հուշարձանների պահպանության լիազորված մարմնի ներկայացնելուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ ևս տասն աշխատանքային օրով՝ ներկայացված փաստաթղթերի մեծածավալությամբ պայմանավորված։

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հատակագծերի օրինակելի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները, հատակագծերի կազմման և ներկայացման ու տարածական հաշվառման իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հուշարձանի, հուշարձանի տարածքի և պահպանական գոտու տարածական հաշվառման դեպքում պարտադիր նշում է կատարվում համապատասխան հուշարձանի անվան և հուշարձանների պահպանության լիազորված մարմնի տրամադրած պետական ցուցիչի վերաբերյալ:

7․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարածական հաշվառում իրականացնելուց հետո հուշարձանի, հուշարձանի տարածքի կամ պահպանական գոտու հաշվառման վերաբերյալ անհամաձայնությունների դեպքում համապատասխան անշարժ գույքի սեփականատերը կարող է տարածական հաշվառման փոփոխություն կատարելու դիմում ներկայացնել հուշարձանների պահպանության լիազորված մարմին, որը քննվում է եռօրյա ժամկետում:

8. Դիմումի բավարարման դեպքում հուշարձանների պահպանության լիազորված մարմինը եռօրյա ժամկետում հուշարձանի տարածքի և դրա պահպանական գոտիների փոփոխված հատակագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնում է անշարժ գույքի պետական ռեգիստր սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետներում տարածական հաշվառման տվյալներում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով։

9. Դիմումի մերժման դեպքում հուշարձանների պահպանության լիազորված մարմինը դիմում ներկայացնող անձին հիմնավորում է տարածական հաշվառման տվյալներն անփոփոխ թողնելու պատճառները։»:

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 4-րդ հոդվածի:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ութ ամսվա ընթացքում, Կառավարությունն ընդունում է հուշարձանի տարածքի և դրա պահպանական գոտիների հատակագծերի օրինակելի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները, հատակագծերի կազմման և հատակագծերի ներկայացման և տարածական հաշվառման իրականացման կարգը սահմանելու մասին որոշում:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը և 4-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. մարտի 27

Երևան

ՀՕ-61-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 մարտի 2025 թվական: