Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-252-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.29/69(524) Հոդ.1441
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրհներգի հետ կապված հարաբերությունները և օգտագործման կարգը:

Հոդված 2.

Հայաստանի Հանրապետության օրհներգը

 

1. Հայաստանի Հանրապետության օրհներգը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:

2. Հայաստանի Հանրապետության օրհներգը հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է, որը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով:

 3. Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է վոկալ, գործիքային, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային տարբերակներով:

4. Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է կատարվի սույն օրենքի 1-6-րդ հավելվածներով հաստատված երաժշտական և տեքստի խմբագրությամբ՝ մշակույթի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնապես հրապարակած տարբերակին համապատասխան` սույն հոդվածի 3-րդ մասում նշված կատարման տարբերակներից յուրաքանչյուրի համար առանձին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրհներգը սույն օրենքով նախատեսված որոշ դեպքերում կարող է օգտագործվել նաև սույն օրենքի 2-րդ, 4-րդ և 6-րդ հավելվածներով հաստատված երաժշտական և տեքստի կարճ խմբագրությամբ՝ մշակույթի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնապես հրապարակած տարբերակին համապատասխան` սույն հոդվածի 3-րդ մասում նշված կատարման տարբերակներից յուրաքանչյուրի համար առանձին:

(2-րդ հոդվածը խմբ., լրաց. 05.03.25 ՀՕ-42-Ն)

(05.03.25 ՀՕ-42-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Հոդված 3.

Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարումը

1. Հայաստանի Հանրապետության օրհներգը պարտադիր կատարվում է`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի երդման արարողության ժամանակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելիս.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ պաշտոնական և հանդիսավոր արարողությունների ժամանակ.

գ) Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին, ինչպես նաև հերթական նստաշրջանների բացման և փակման ժամանակ.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող պաշտոնական արարողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելիս.

ե) օտարերկրյա պետությունների նախագահների, օրենսդիր մարմինների ղեկավարների, վարչապետների, պաշտոնական ներկայացուցիչների, միջպետական և միջկառավարական կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետություն պետական և պաշտոնական այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան.

զ) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող զորահանդեսների ժամանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում առավոտյան` Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, և երեկոյան` Հայաստանի Հանրապետության դրոշի իջեցման ժամանակ, ինչպես նաև զինվորական կանոնագրքերով և կանոնադրություններով նախատեսված այլ դեպքերում.

է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բարձրագույն կրթական հաստատություններում՝ անկախ սեփականության ձևից, ուսումնական տարվա սկիզբն ու ավարտը ազդարարելիս.

ը) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի դասերը սկսելուց առաջ:

2. Հայաստանի Հանրապետության օրհներգը կարող է կատարվել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների և միջոցառումների ժամանակ.

բ) պետական տոների, պատմական իրողություններին նվիրված հանդիսավոր նիստերի, ժողովների ժամանակ.

գ) հուշարձանների, հուշաքանդակների և հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունների ժամանակ:

3. Սույն հոդվածով սահմանված դեպքերում օրհներգի կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(3-րդ հոդվածը լրաց. 05.03.25 ՀՕ-42-Ն)

(05.03.25 ՀՕ-42-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Հոդված 4.

Հայաստանի Հանրապետության օրհներգի օգտագործումը հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից

1. Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձևից, ամեն օր`

ա) հեռարձակման սկզբին և ավարտին.

բ) ժամը 6.00-ին և 24.00-ին` շուրջօրյա հեռարձակման դեպքում.

գ) Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո:

2. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարումները կարող են օգտագործվել ձայնագրությամբ, տեսագրությամբ հեռուստառադիոհեռարձակման միջոցով:

Հոդված 5.

Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրհներգի օգտագործումը մարզական միջոցառումների ժամանակ

Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշարերի, համապետական մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման, ինչպես նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:

(5-րդ հոդվածը լրաց. 05.03.25 ՀՕ-42-Ն)

(05.03.25 ՀՕ-42-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Հոդված 6.

Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտության օգտագործումը

Սույն օրենքով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտության օգտագործման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 7.

Հայաստանի Հանրապետության օրհներգի օգտագործումը օտարերկրյա պետությունների տարածքում անցկացվող միջոցառումների ժամանակ

Հայաստանի Հանրապետության պետական կամ այլ պաշտոնական պատվիրակության մասնակցությամբ օտարերկրյա պետությունների տարածքում անցկացվող պաշտոնական ու հանդիսավոր արարողությունների և միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրապետության օրհներգը հնչում է Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին և տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 8.

Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պահանջները

1. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ բոլորը հոտնկայս են (դրոշի առկայության դեպքում՝ դեմքով շրջված դեպի դրոշը, իսկ պաշտոնական արարողությունների ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան), տղամարդիկ՝ առանց գլխարկի:

2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինվորական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պահանջները սահմանվում են զինվորական կանոնագրքերով ու կանոնադրություններով:

3. Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ խորին հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է:

Հոդված 9.

Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 10.

Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստը և երաժշտությունը

(վերնագիրը խմբ. 05.03.25 ՀՕ-42-Ն)

 

Հայաստանի Հանրապետության օրհներգը «Մեր հայրենիքն» է՝ սահմանված սույն օրենքի 1-6-րդ հավելվածներով (տեքստը՝ Միքայել Նալբանդյանի խոսքերի հիման վրա, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի):

(11-րդ հոդվածը խմբ. 05.03.25 ՀՕ-42-Ն)

(05.03.25 ՀՕ-42-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 27
Երևան
ՀՕ-252-Ն

 

Հավելված 1

(հավելվածը խմբ. 05.03.25 ՀՕ-42-Ն)

(05.03.25 ՀՕ-42-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հավելված 2-6

(հավելվածը լրաց. 05.03.25 ՀՕ-42-Ն)

(05.03.25 ՀՕ-42-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)