ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ կետով.
«3.2) պետական գրանցման օբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17.1-ին գլխի իմաստով առանձին խումբ անշարժ գույք հանդիսանալու մասին տեղեկություն, որն արտացոլվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում և միասնական տեղեկանքում.»:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17.1-ին գլխի իմաստով առանձին խումբ անշարժ գույք հանդիսացող գույքի վերաբերյալ գործարքը նոտարական վավերացում է ստացել առանց միասնական տեղեկանքի առկայության.»:
Հոդված 3. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված տեղեկություններն անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում ներառելու նպատակով արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, անշարժ գույքի պետական ռեգիստր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17.1-ին գլխի 288.2-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձանց ցանկ:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված տեղեկություններն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համապատասխան վկայականներում արտացոլելու վերաբերյալ պահանջը տարածվում է գրանցման մատյանում տեղեկությունները գրառելուց հետո կազմված վկայականների վրա:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 26 Երևան ՀՕ-54-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2025 թվական: